Սեղմել Esc փակելու համար:
ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍԵՐՈՒՄ ԱՅԳԵՀԻՄՆՄԱՆ ԵՎ Ո...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍԵՐՈՒՄ ԱՅԳԵՀԻՄՆՄԱՆ ԵՎ ՈՌՈԳՄԱՆ ԱՐԴԻԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՓՈՐՁՆԱ ...

 

 

ԻՐՏԵԿ Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտը ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը:    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 հունիսի 2025 թվականի N 780-Լ

 

ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍԵՐՈՒՄ ԱՅԳԵՀԻՄՆՄԱՆ ԵՎ ՈՌՈԳՄԱՆ ԱՐԴԻԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը, «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 21-րդ մասը և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման փորձնական երկրորդ ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                  Մ. Գրիգորյան

 

2025 թ. հունիսի

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2025 թվականի հունիսի 12-ի

N 780-Լ որոշման

 

ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍԵՐՈՒՄ ԱՅԳԵՀԻՄՆՄԱՆ ԵՎ ՈՌՈԳՄԱՆ ԱՐԴԻԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԾՐԱԳԻՐ

 

ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

1. Տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման փորձնական երկրորդ ծրագրի (այսուհետ` ծրագիր) նպատակն է բնակավայրերի տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման արդյունքում խթանել բարձր բերքատվությամբ, հավաստագրված (բացառությամբ տեղական արտադրության տնկիների, որոնք պետք է ունենան բուսասանիտարական անձնագիր) տնկիներով այգիների հիմնումն ու ջրային ռեսուրսների արդյունավետ ու խնայողաբար օգտագործումը` Իջևան համայնքը մեկ ամբողջական կլաստեր դարձնելու տրամաբանությամբ:

2. Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2025-2026 թվականներին` Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնքի Ծաղկավան, Կիրանց, Բերքաբեր և Խաշթառակ բնակավայրերում:

3. Ծրագրի մասնակիցներն են`

1) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ` նախարարություն).

2) Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի աշխատակազմը (այսուհետ` մարզպետի աշխատակազմ).

3) Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնքը (այսուհետ` համայնք).

4) Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնքի Ծաղկավան, Կիրանց, Բերքաբեր և Խաշթառակ բնակավայրերը (այսուհետ` բնակավայր).

5) համաձայն գնումների մասին օրենսդրության պահանջների` ընտրված և ծրագրի 10-րդ կետում նշված գործողություններն իրականացնող անձինք (այսուհետ` գնահատող).

6) համաձայն գնումների մասին օրենսդրության պահանջների` մրցութային եղանակով ընտրված, ծրագրի 16-րդ կետում նշված գործողություններն իրականացնող անձինք (այսուհետ` կապալառու).

7) սույն կետի 4-րդ ենթակետում նշված բնակավայրերում տնամերձ հողամաս ունեցող և ծրագրին մասնակցող ֆիզիկական անձինք (այսուհետ` շահառու).

8) նախարարության «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` ՊՈԱԿ):

4. Ծրագրի շահառուներ կարող են հանդիսանալ առնվազն 100 քառ. մետր և ավելի մեկ ամբողջական, ծառերից և այլ գույքից ազատ կամ ազատման ենթակա տնամերձ հողամաս ունեցող ֆիզիկական անձինք: Ընդ որում, Տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման փորձնական ծրագրի շահառու հանդիսացած Խաշթառակ և Բերքաբեր բնակավայրերի ֆիզիկական անձինք նույն հողամասի համար (բացառությամբ Տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման փորձնական ծրագրի շրջանակում արդեն այգեհիմնված տարածքի) կարող են մասնակցել ծրագրին` նույն պտղատեսակով (Տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման փորձնական ծրագրի շրջանակում այգեհիմնում կատարված պտղատեսակով) այգեհիմնում կատարելու պայմանով:

5. Շահառուները ծրագրին մասնակցելու նպատակով մինչև 2025 թվականի հուլիսի 15-ը (ներառյալ) համայնքի ղեկավարին են ներկայացնում N 1 աղյուսակում նշված պտղատեսակներից նախընտրելի մեկ պտղատեսակի (բացառությամբ Խաշթառակ և Բերքաբեր բնակավայրերի տնտեսավարողների, որոնք կարող են ընտրել միայն հոնենի կամ նռենի), ծառերից և այլ գույքից ազատ կամ ազատման ենթակա մեկ ամբողջական տնամերձ հողամասի մակերեսի և կադաստրային ծածկագրի, ծանուցումներ ստանալու նախընտրելի եղանակի վերաբերյալ տեղեկությունը, շահառուի գրավոր պարտավորագիրը` ծրագրի 15-րդ կետի 2-րդ ենթակետում նշված համամասնության չափով (առկայության դեպքում) գումար տրամադրելու վերաբերյալ, անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը (նպատակային նշանակությունը` բնակավայրեր, գործառնական նշանակությունը կամ հողատեսքը` բնակելի կառուցապատման), գրանցված իրավունքն ընդհանուր համատեղ սեփականություն լինելու դեպքում` նոտարական կարգով վավերացված` համասեփականատիրոջ (համասեփականատերերի) համաձայնությունը ծրագրին մասնակցելու վերաբերյալ: Անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականի առկայության պայմաններում սեփականատիրոջ բացակայության դեպքում կարող է ներկայացվել և ծրագրին մասնակցելու հիմք հանդիսանալ սեփականատիրոջ կողմից տրված, նոտարական կարգով վավերացված լիազորագիրը, սեփականատիրոջ մահվան դեպքում` առաջին հերթի ժառանգ հանդիսանալու (համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 1216-րդ հոդվածի) փաստը հիմնավորող փաստաթղթերը, իսկ առաջին հերթի ժառանգների բացակայության դեպքում` բնակավայրի վարչական ղեկավարի կողմից տրված տեղեկանք հիմնավորում առ այն, որ շահառուն բնակավայրի մշտական բնակիչ է, փաստացի տնօրինում է տնամերձ հողամասը և պարտավորվում է պահպանել ծրագրով սահմանված պահանջները (նշելով շահառուի կողմից տնամերձ հողամասի փաստացի օգտագործման պատճառները):

6. Համայնքի ղեկավարը ծրագրի 5-րդ կետի փաստաթղթերը ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում պարզում է շահառուների մոտ անհրաժեշտ ջրի հասանելիությունը (որին կարող է մասնակից դարձնել նաև տարածաշրջանը սպասարկող ջրօգտագործողների ընկերության ներկայացուցիչներին), ջրի հասանելիության դեպքում շահառուի հետ կնքում է մեկ պտղատեսակով տնամերձ հողամասում այգեհիմնում և ոռոգման արդիական համակարգի ներդրում իրականացնելու վերաբերյալ պայմանագիր, որում ամրագրվում է`

1) դրույթ այգեհիմնման աշխատանքների ավարտից հետո (ծրագրի 25-րդ կետում նշված հանձնման-ընդունման ակտի ստորագրման օրվանից հաշված) 5 տարի անընդմեջ տնամերձ հողամասի այգեհիմնված տարածքը որպես այգի օգտագործելու վերաբերյալ (սույն դրույթի կատարման վերահսկողությունը իրականացնում է համայնքի ղեկավարը).

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված ժամկետով պայմանավորված` պայմանագրի գործողության ժամկետը.

3) դրույթ, որով շահառուն կպարտավորվի սույն կետի 1-ին ենթակետում նշված ժամկետում որակյալ և ժամանակին խնամք իրականացնել այգու և կաթիլային ոռոգման համակարգի նկատմամբ և զերծ կմնա այնպիսի գործողությունների իրականացումից կամ անգործությունից, որը կարող է հանգեցնել այգու պտղաբերության, կենսունակության դադարեցմանը կամ ոռոգման կաթիլային համակարգի խաթարմանը.

4) այգեհիմնված տարածքը (տնամերձ հողամասը) օտարելու համար շահառուն պետք է մինչև օտարումը համայնքին վերադարձնի ծրագրի շրջանակում իր տնամերձ հողամասում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման և գնահատման համար կատարված ծախսերի չափով գումար` կիրառելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2010 թվականի նոյեմբերի 9-ի N 283-Ն որոշումը` 29-րդ կետում նշված գումարի փոխանցման օրվանից մինչև գումարի վերադարձման օրը, որից հետո համայնքի կողմից կթույլատրվի այգեհիմնված տարածքի (տնամերձ հողամասի, ներառյալ ոռոգման արդիական համակարգի) օտարումը (սույն դրույթի վերահսկողությունը իրականացնում է համայնքի ղեկավարը և գնահատման համար կատարված ծախսերի ու ծրագրի 15-րդ կետի 1-ին ենթակետում նշված համամասնությամբ գումարի վերադարձը նախարարությանը իրականացնում է համայնքի ղեկավարը):

7. Համայնքի ղեկավարը, ծրագրի 6-րդ կետում նշված պայմանագիրը կնքելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում, ամփոփում է ստացված տեղեկությունները, լրացնում ձևաչափը (ձևաչափը մշակում է համայնքի համապատասխան ստորաբաժանումը և հաստատում է համայնքի ղեկավարը) և ներկայացնում նախարարություն ու մարզպետի աշխատակազմ: Ներկայացվող տեղեկություններին կցվում է նաև համայնքի ավագանու որոշումը` ծրագրի 15-րդ կետի 2-րդ ենթակետում նշված համամասնության չափով գումար տրամադրելու վերաբերյալ (ընդ որում` համայնքի կողմից ֆինանսավորումը պետք է դիտարկվի որպես համայնքի կամավոր խնդիր` համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 10-րդ մասի), որում պետք է ներառվի տեղեկություն համայնքի և շահառուների կողմից տրամադրվող գումարի համամասնության չափի վերաբերյալ: Ընդ որում` մարզպետի աշխատակազմ են ներկայացվում նաև 5-րդ կետում նշված փաստաթղթերի կրկնօրինակները:

8. Մարզպետի աշխատակազմը ծրագրի 7-րդ կետով սահմանված փաստաթղթերն ստանալու պահից 5 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում և համայնքի ղեկավարին է հայտնում ներկայացված փաստաթղթերի վերաբերյալ իր կարծիքը:

9. Համայնքի ղեկավարը ծրագրի 8-րդ կետով ստացված կարծիքի հիման վրա մարզպետի աշխատակազմի հետ համատեղ քննարկում, անհրաժեշտության դեպքում լրամշակում և ամփոփում է ձևաչափը և գնումների մասին օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով (համաձայն «Գնումների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի) ընտրում է գնահատող: Գնահատող չընտրվելու դեպքում իրականացվում է գնման նոր գործընթաց` գնումների մասին օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով:

10. Գնահատողը պետք է իրականացնի`

1) յուրաքանչյուր շահառուի տնամերձ հողամասում հողի ագրոքիմիական բաղադրության լաբորատոր փորձաքննության ապահովում.

2) յուրաքանչյուր բնակավայրի յուրաքանչյուր շահառուի տնամերձ հողամասում այգեհիմնում և ոռոգման արդիական համակարգի ներդրում իրականացնելու համար 16-րդ կետի 2-8-րդ ենթակետերում նշված աշխատանքների գնահատում և նախահաշվի կազմում.

3) սույն կետի 2-րդ ենթակետում նշված գնահատման աշխատանքների արդյունքների ամփոփում և յուրաքանչյուր բնակավայրի համար ամփոփ նախահաշվի կազմում:

11. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգի դրույթների համաձայն համայնքի կողմից գնահատողի հետ կնքվում է պայմանագիր (պայմանագրի նախագիծը համաձայնեցվում է մարզպետի աշխատակազմի հետ), և պայմանագրի պատճենը ներկայացվում է նախարարություն և մարզպետի աշխատակազմ: Ընդ որում, համայնքի հետ պայմանագիր կնքած գնահատողը չի կարող մասնակցել ծրագրի 15-րդ կետում նշված կապալառուի գնման մրցութային գործընթացին և ծրագրի շրջանակում հանդես գալ որպես կապալառու:

12. Նախարարությունը ծրագրի 11-րդ կետում նշված պայմանագրի պատճենը ստանալուց հետո, տվյալ տարվա պետական բյուջեում ծրագրի 10-րդ կետում նշված աշխատանքների ֆինանսավորման համար գումար նախատեսված չլինելու դեպքում (հաշվի առնելով պայմանագրով սահմանված աշխատանքների կատարման համար սահմանված ժամկետը), մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ է ներկայացնում առաջարկություն` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում վերաբաշխում կատարելու վերաբերյալ` ծրագրի 11-րդ կետում նշված պայմանագրի ֆինանսավորումն ապահովելու նպատակով:

13. Ծրագրի շրջանակում գնահատողի կողմից 10-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում գնահատողի և համայնքի ղեկավարի կողմից կազմվում են իրականացված աշխատանքների կատարողական փաստաթղթերը (եզրակացություն, հանձնման-ընդունման ակտ, հարկային հաշիվ) ու 3-օրյա ժամկետում ներկայացվում նախարարություն և մարզպետի աշխատակազմ: Նախարարություն և մարզպետի աշխատակազմ են ներկայացվում նաև 10-րդ կետի վերաբերյալ կազմված փաստաթղթերը: Նախարարությունը սույն կետում ներկայացված կատարողական փաստաթղթերի հիման վրա համայնքի հետ կնքում է պայմանագիր և ֆինանսավորման գումարը փոխանցում համայնքին:

14. Գնման պայմանագրով սահմանված ժամկետում համայնքը ֆինանսավորման գումարներն անկանխիկ եղանակով փոխանցում է գնահատողի հաշվեհամարին և այդ մասին տեղեկացնում նախարարությանը:

15. Տնամերձ հողամասերում այգեհիմնում և ոռոգման արդիական համակարգերի ներդրումն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գնման մրցութային գործընթացում (համաձայն «Գնումների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի) հաղթող ճանաչված կապալառուի հետ կնքված գնման պայմանագրի արժեքի ամբողջական ֆինանսավորմամբ` հետևյալ համամասնությամբ`

1) նախարարություն` պայմանագրային արժեքի 95 տոկոսը.

2) համայնք կամ շահառու` պայմանագրային արժեքի 5 տոկոսը:

16. Ծրագրի շրջանակում կապալառուն պետք է իրականացնի հետևյալ աշխատանքները`

1) յուրաքանչյուր շահառուի տնամերձ հողամասում իրականացվելիք աշխատանքների ֆինանսական գնահատում.

2) կախված յուրաքանչյուր շահառուի տնամերձ հողամասի հողի ագրոքիմիական բաղադրության լաբորատոր փորձաքննության արդյունքներից` հողաբարելավում.

3) հողամասի տեղաձևում.

4) հողատարածքի ազատում հին ծառերից ու կոճղերից (այգեհիմնման ենթակա տարածքը ազատ չլինելու պայմաններում).

5) տնկման փոսերի հորատում.

6) հավաստագրված (բացառությամբ տեղական արտադրության տնկիների, որոնք պետք է ունենան բուսասանիտարական անձնագիր) տնկիների մատակարարում, հողախառնուրդի (հագեցած օրգանական և հանքային պարարտանյութերով) և տնկանյութի նախապատրաստում.

7) յուրաքանչյուր շահառուի տնամերձ հողամասում ոռոգման կաթիլային համակարգի ներդրում (ներառյալ մոնտաժը), ընդ որում` ոռոգման համակարգը կարող է ներդրվել առանձին ոռոգման բաքեր տեղադրելու կամ գլխամասային հանգույցի և ջրավազանի կամ այլ միջոցներով, միաժամանակ ոռոգման համակարգը պետք է ունենա 2 ֆիլտրացիոն համակարգ (ոռոգման բաքերի տեղադրման դեպքում` մեկը մինչև բաքը, մյուսը` բաքից հետո) և յուրաքանչյուր տնկու համար պետք է տեղադրվի 2 կաթոցիկ (տնկու աջ և ձախ կողմերում).

8) յուրաքանչյուր շահառուի տնամերձ հողամասում մեկ պտղատեսակով այգետնկում (ըստ անհրաժեշտության` ագրոսպանի օգտագործում) և լարասյունային համակարգի (ըստ անհրաժեշտության` կախված պտղատեսակից և պատվաստակալից) ներդրում.

9) այգեգործության և ոռոգման կաթիլային համակարգերի շահագործման վերաբերյալ անվճար խորհրդատվության տրամադրում` այգեհիմնումից հետո առնվազն երկու տարի.

10) տեխնիկական բնութագրով սահմանված աշխատանքների իրականացման ընթացքում ի հայտ եկած թերությունների վերացում:

17. Ծրագրի շրջանակում կապալառուն 16-րդ կետի 2-8-րդ ենթակետերում նշված աշխատանքները պետք է ավարտի մինչև 2026 թվականի դեկտեմբերի 10-ը:

18. Ծրագրի շրջանակում տնկիների, այգեհիմնման և ոռոգման կաթիլային համակարգի ներդրման որակի համար պատասխանատվություն կրում է կապալառուն:

19. Տնամերձ հողամասերի ընդհանուր մակերեսում տնկված տնկիների առնվազն 90 տոկոս կպչունությունը այգետնկումից հետո 6 ամսվա ընթացքում չարձանագրվելու դեպքում կապալառուն պարտավոր է իր միջոցների հաշվին կպչունություն չապահոված տնկիները փոխարինել նոր տնկիներով` ապահովելով առնվազն նշված ցուցանիշը (90 տոկոսը): Նշված ցուցանիշի ապահովման վերահսկողությունն իրականացվում է համայնքի ղեկավարի կողմից:

20. Համայնքի ղեկավարը 14-րդ կետում նշված գործընթացի ավարտից հետո մեկամսյա ժամկետում մշակում է տեխնիկական բնութագրեր, որում պարտադիր ամրագրվում են ծրագրի 16-րդ, 18-րդ և 19-րդ կետերում նշված դրույթները, և «Գնումների մասին» օրենքով սահմանված կարգով կապալառուի ընտրության համար կազմվում է մրցույթի հրավեր (ներառելով 35-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթը), որի տեքստը և հայտարարությունը համաձայնեցվում է մարզպետի աշխատակազմի և նախարարության հետ: Ընդ որում` կապալառուի ընտրության համար պարտադիր պայման է համարվում կապալառուի գնային առաջարկի չգերազանցումը 10-րդ կետի 2-րդ ենթակետում նշված նախահաշվային արժեքի չափը:

21. Համայնքի կողմից գնումների արդյունքներն ամփոփող նիստերի արձանագրությունը ներկայացվում է մարզպետի աշխատակազմ: Եթե գնման մրցութային գործընթացում հաղթող չի ճանաչվում, ապա հայտարարվում է մրցութային նոր գործընթաց:

22. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգի դրույթների համաձայն համայնքի կողմից կապալառուի հետ կնքվում է պայմանագիր և պայմանագրի պատճենը ներկայացվում նախարարություն և մարզպետի աշխատակազմ:

23. Մարզպետի աշխատակազմն իրականացնում է կապալառուի հետ կնքված պայմանագրերի կատարման մոնիթորինգ և հավաքագրված տվյալների հիման վրա ստեղծում է տեղեկատվական բազա` կապալառուի տվյալների, պայմանագրի կնքման ամսաթվի և պայմանագրով սահմանված աշխատանքների կատարման ժամկետների վերաբերյալ:

24. Մարզպետի հանձնարարականով մարզպետի աշխատակազմում ստեղծվում է մոնիթորինգի աշխատանքային խումբ, որում ընդգրկվում են նաև համայնքի և բնակավայրերի ներկայացուցիչները: Աշխատանքային խմբի կողմից իրականացվում են կապալառուի կողմից կատարվող աշխատանքների ընթացքի և որակի համապատասխանության ուսումնասիրության այցելություններ` ամիսը 2 անգամ` յուրաքանչյուր շահառուի տնտեսությունում: Նախարարության կողմից աշխատանքների ընթացքի ուսումնասիրությունների մասով իրականացվում են այցելություններ, որոնց ընթացքում թերությունների բացահայտման դեպքում տեղեկատվություն է ներկայացվում մարզպետի աշխատակազմ: Մարզպետի աշխատակազմն առաջարկում է համայնքի ղեկավարին, որպեսզի կապալառուն ուղղի թերությունները:

25. Յուրաքանչյուր շահառուի տնամերձ հողամասում կապալառուի կողմից կատարված աշխատանքների ավարտն ամրագրվում է կապալառուի, շահառուի և համայնքի ղեկավարի միջև կնքվող եռակողմ հանձնման-ընդունման ակտով (որը պետք է ներառի ամբողջական տեղեկություն տնամերձ հողամասում փաստացի կատարված աշխատանքների և օգտագործված ապրանքների վերաբերյալ` ըստ քանակի և արժեքի), որի պատճենը և 15-րդ կետի 2-րդ ենթակետի համամասնության չափով (առկայության դեպքում) համայնքի հաշվին փոխանցված գումարի անդորրագիրը շահառուի կողմից 5 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում են համայնքի ղեկավարին:

26. Կապալառուի կողմից աշխատանքների ավարտից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում համայնքը իրականացնում է ավարտական մոնիթորինգ, որում պարտադիր ներգրավվում են մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչներ: Կապալառուի կողմից կատարված աշխատանքներում թերությունների առկայության դեպքում կապալառուին առաջարկվում է թերությունների շտկման ողջամիտ ժամկետ (մինչև 30 օր)` մոնիթորինգի դրական եզրակացություն տալու համար:

27. Ծրագրի շրջանակում կապալառուի կողմից իրականացված աշխատանքների կատարողական փաստաթղթերը (եզրակացություն, հանձնման-ընդունման ակտ, հարկային հաշիվ) կազմվում են կապալառուի և համայնքի ղեկավարի կողմից ու 25-րդ կետում նշված հանձնման-ընդունման ակտերի և 26-րդ կետում նշված մոնիթորինգի դրական եզրակացության հետ միասին համայնքի ղեկավարի կողմից ներկայացվում են նախարարություն և մարզպետի աշխատակազմ: Սույն կետում նշված փաստաթղթերը համայնքի ղեկավարի կողմից կարող են ներկայացվել փուլերով` ըստ բնակավայրերի, և 28-րդ կետում նշված ֆինանսավորումը նույնպես կարող է կատարվել փուլերով` ըստ բնակավայրերի:

28. Նախարարությունը 27-րդ կետում նշված կատարողական փաստաթղթերի (եզրակացություն, հանձնման-ընդունման ակտ, հարկային հաշիվ) և մոնիթորինգի դրական եզրակացության հիման վրա համայնքի հետ կնքում է պայմանագիր և իր համամասնության չափով ֆինանսավորման գումարը փոխանցում համայնքին:

29. Գնման պայմանագրով սահմանված ժամկետում համայնքը` նախարարության, իր կամ շահառուների համամասնության չափով ֆինանսավորման գումարներն անկանխիկ եղանակով փոխանցում է կապալառուի հաշվեհամարին և այդ մասին տեղեկացնում նախարարությանը և մարզպետի աշխատակազմին:

30. Համայնքի ղեկավարն այգեհիմնումից հետո 5 տարի անընդմեջ տարեկան պարբերականությամբ իրականացնում է մոնիթորինգ շահառուների տնամերձ հողամասերում: Այգու խնամքի և ոռոգման կաթիլային համակարգի շահագործման մասով թերությունների առկայության դեպքում (այնպիսի գործողությունների իրականացումը կամ անգործությունը, որը հանգեցրել է այգու պտղաբերության, կենսունակության դադարեցմանը կամ ոռոգման կաթիլային համակարգի խաթարմանը) համայնքի ղեկավարի կողմից շահառուին առաջարկվում է թերությունների շտկման ողջամիտ ժամկետ (մինչև 30 օր), որի ավարտից հետո, թերությունների առկայության դեպքում, տնամերձ հողամասում ծախսված ֆինանսական միջոցները շահառուի կողմից եռամսյա ժամկետում ենթակա են վերադարձման համայնքին ամբողջությամբ` կիրառելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2010 թվականի նոյեմբերի 9-ի N 283-Ն որոշումը` 29-րդ կետում նշված գումարի փոխանցման օրվանից մինչև գումարի վերադարձման օրը (գնահատման համար կատարված ծախսերի ու ծրագրի 15-րդ կետի 1-ին ենթակետում նշված համամասնությամբ գումարի վերադարձը նախարարությանը իրականացնում է համայնքի ղեկավարը):

31. Այգեհիմնումից հետո մարզպետի աշխատակազմի կողմից ՊՈԱԿ-ի ներկայացուցչի ներգրավմամբ (կարող են ներգրավվել նաև համայնքի և բնակավայրի ներկայացուցիչներ) իրականացվում է մոնիթորինգ` ծրագրի ավարտից հետո առաջին և հինգերորդ տարվա ընթացքում մեկ անգամ, ինչպես նաև` ըստ անհրաժեշտության: Մոնիթորինգի արդյունքներով այգու խնամքի և ոռոգման կաթիլային համակարգի շահագործման մասով բացահայտվող թերությունների առկայության մասին եռօրյա ժամկետում տեղեկություն է ներկայացվում համայնքի ղեկավարին` նշելով թերությունների շտկման ողջամիտ ժամկետ (մինչև 30 օր), որի ավարտից հետո, թերությունների առկայության դեպքում (այնպիսի գործողությունների իրականացումը կամ անգործությունը, որը հանգեցրել է այգու պտղաբերության, կենսունակության դադարեցմանը կամ ոռոգման կաթիլային համակարգի խաթարմանը), տնամերձ հողամասում ծախսված ֆինանսական միջոցները շահառուի կողմից ենթակա են վերադարձման ամբողջությամբ` կիրառելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2010 թվականի նոյեմբերի 9-ի N 283-Ն որոշումը` 29-րդ կետում նշված գումարի փոխանցման օրվանից մինչև գումարի վերադարձման օրը (գնահատման համար կատարված ծախսերի ու ծրագրի 15-րդ կետի 1-ին ենթակետում նշված համամասնությամբ գումարի վերադարձը նախարարությանը իրականացնում է համայնքի ղեկավարը):

32. Մոնիթորինգ իրականացնող առանձին կառույցների (համայնք, մարզպետի աշխատակազմ) կողմից մոնիթորինգի իրականացման կարգը մինչև 2025 թվականի օգոստոսի 15-ը սահմանում է համապատասխան կառույցը:

33. Նախարարության կամ ՊՈԱԿ-ի կողմից ծրագրի գործողության ընթացքում ուսումնասիրությունների մասով կարող են իրականացվել այցելություններ: Այցելությունների ընթացքում թերությունների բացահայտման դեպքում տեղեկություն է ներկայացվում մարզպետի աշխատակազմ: Մարզպետի աշխատակազմն առաջարկում է համայնքի ղեկավարին, որպեսզի ուղղվեն թերությունները:

34. Կապալառուի կողմից տրամադրված խորհրդատվության վերաբերյալ վարվում է գրանցամատյան: Գրանցամատյանում կատարված գրառումները ստորագրվում են շահառուի և կապալառուի կողմից: Գրանցամատյանի վարման հսկողությունն իրականացնում է համայնքի ղեկավարը:

35. Ծրագրի հնարավոր ռիսկերն են`

1) շահառուների գիտելիքի և փորձի պակասի պատճառով այգեգործության անարդյունավետ կազմակերպումը.

2) ծրագրի նկատմամբ անբավարար պահանջարկը.

3) տնկիների ներկրումների ուշացումները.

4) եղանակային անբարենպաստ պայմանների ազդեցությունը և տնկիների կպչունության չապահովումը.

5) գնման ընթացակարգի չկայացումը.

6) արդյունավետ վերահսկողական մեխանիզմների ներդրման համար անհրաժեշտ ռեսուրսների անբավարարությունը:

36. Ծրագրի ռիսկերի մեղմմանն են ուղղված հավաստագրված (բացառությամբ տեղական արտադրության տնկիների, որոնք պետք է ունենան բուսասանիտարական անձնագիր) տնկիներով այգեհիմնման կատարման պահանջը, կապալառուի կողմից անվճար խորհրդատվության տրամադրման նախապայմանը, մոնիթորինգի իրականացումը:

37. Ծրագրի իրականացման համար պետական բյուջեի ծախսը կկազմի գնահատողի կողմից իրականացված աշխատանքների ամբողջական ֆինանսավորման գումարի և կապալառուի կողմից իրականացված աշխատանքների ընդհանուր ֆինանսավորման գումարի 95 տոկոսը:

 

Աղյուսակ N 1

 

Տնամերձ հողամասերում այգետնկման համար առաջարկվող պտղատեսակները

 

._____________________________________.

|Պտղատեսակ                            |

|_____________________________________|

|Տանձենի                              |

|_____________________________________|

|Հոնենի                               |

|_____________________________________|

|Նռնենի                               |

|_____________________________________|

|Ազնվամորի                            |

|_____________________________________|

|Մոշ                                  |

._____________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.06.2025
N 780-Լ
Որոշում