Սեղմել Esc փակելու համար:
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ ԴԱՏԱՎՈՐ ՆԱԻՐԱ ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

ԲԴԽ-22-Ո-Կ-5

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ ԴԱՏԱՎՈՐ ՆԱԻՐԱ ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ` ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ`

 

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ա. Աթաբեկյանի

    մասնակցությամբ` անդամներ             Ա. Աբրահամյանի

                                         Ա. Դանիելյանի

                                         Կ. Թումանյանի

                                         Ե. Թումանյանցի

                                         Մ. Համբարձումյանի

                                         Ա. Հայրապետյանի

                                         Ա. Հարությունյանի

                                         Էդ. Հովհաննիսյանի

                                         Ք. Մկոյանի

 

    Արդարադատության նախարարի տեղակալ     Կ. Դադունցի

 

Արդարադատության նախարարի

    ներկայացուցիչ                        Ն. Զեյնալյանի

                              

Վճռաբեկ դատարանի քաղաքացիական

    պալատի դատավոր                       Ն. Հովսեփյանի

 

    քարտուղարությամբ`                    Շ. Մեսրոպյանի

                                         Թ. Ղուկասյանի

 

    2 հունիսի 2025 թվական                      ք. Երևան

դռնբաց նիստում, քննության առնելով Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի` «Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Նաիրա Հովսեփյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին» 2025 թվականի մարտի 21-ի թիվ 21-Ա որոշումը և կից ներկայացված փաստաթղթերը.

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի նախապատմությունը

Կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել փաստաբան Գոռ Մարգարյանի (այսուհետ նաև` Հաղորդում ներկայացրած անձ) կողմից 25.11.2024 թվականին Արդարադատության նախարարությունում ստացված հաղորդումը` Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Նաիրա Հովսեփյանի (այսուհետ նաև` Դատավոր կամ Դատարան) նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ:

Արդարադատության նախարարի 21.01.2025 թվականի թիվ 5-Ա որոշմամբ Դատավորի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ:

Արդարադատության նախարարի 21.03.2025 թվականի թիվ 21-Ա որոշմամբ միջնորդություն է ներկայացվել Բարձրագույն դատական խորհուրդ (այսուհետ նաև` Խորհուրդ)` Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:

Խորհրդի 31.03.2025 թվականի որոշմամբ նշանակվել է դատական նիստ:

17.04.2025 թվականին նշանակված դատական նիստը հետաձգվել է և նշանակվել 12.05.2025 թվականին:

12.05.2025 թվականին կայացած նիստում գործի քննությունն ավարտվել է, իսկ 02.06.2025 թվականին նշանակվել է դատական ակտի հրապարակման օր:

 

2. Վարույթ հարուցած մարմնի դիրքորոշումը

Վարույթ հարուցած մարմինը, վկայակոչելով Քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ նաև` ՔԴՕ) 179-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, Վճռաբեկ դատարանի թիվ ԿԴ/0412/02/18 քաղաքացիական գործով 30.05.2019 թվականին և թիվ ԵԴ/2029/02/19 քաղաքացիական գործով 23.02.2022 թվականին կայացրած որոշումները, Խորհրդի 24.11.2022 թվականի թիվ ԲԴԽ-105-Ո-Կ-25 որոշմամբ արտահայտած դիրքորոշումները` նշել է, որ դատարանը կրում է եզրափակիչ դատական ակտը հրապարակելու պարտականություն, որը կատարվում է դատական իշխանության պաշտոնական կայքում զետեղելու եղանակով, և եզրափակիչ դատական ակտի օրինակը գործին մասնակցող անձանց տրամադրելու պարտականություն, որը կատարվում է առձեռն հանձնելու կամ ուղարկելու եղանակով:

Ընդ որում, օրենսդիրը նշված պարտականությունների կատարման համար սահմանել է հստակ ժամկետներ: Մասնավորապես` վճռի հրապարակումը պետք է կատարվի գործի քննությունն ավարտելուց հետո 15-օրյա ժամկետում, իսկ կայացված վճռի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրը պետք է ուղարկվի գործին մասնակցող անձանց, եթե մինչ այդ առձեռն նրանց չի հանձնվել: Թե՛ դատական ակտը հրապարակելու, թե՛ դատական ակտը գործին մասնակցող անձանց տրամադրելու համար սահմանված դատավարական ժամկետներն ունեն իմպերատիվ բնույթ և այդ ժամկետների հաղթահարման համար որևէ բացառություն կամ կառուցակարգ օրենսգրքով նախատեսված չէ:

Քննարկվող դեպքում Դատարանը`

1. Թիվ ԵԴ/48232/02/21 քաղաքացիական գործով (այսուհետ նաև` Գործ) վճռի հրապարակման օր է նշանակել 31.05.2023 թվականը, մինչդեռ վճիռը «Datalex.am» դատական տեղեկատվական համակարգում (այսուհետ նաև` Համակարգ) հրապարակվել է 14.12.2024 թվականին (Ստեղծման ամսաթիվ 2024-12-14 16:55:34): Փաստորեն եզրափակիչ դատական ակտը հրապարակվել է ոչ թե գործի քննության ավարտից հետո 15 օրվա ընթացքում` այլ մոտ 1 տարի 6 ամիս անց:

2. Գործով Դատարանի 31.05.2023 թվականի վճիռը գործին մասնակցող անձանց ուղարկվել է 16.12.2024 թվականին: Փաստորեն 31.05.2023 թվականի եզրափակիչ դատական ակտը դատավարության կողմերին տրամադրվել է ոչ թե դրա կայացման օրը կամ առնվազն դրան հաջորդ օրը, այլ հրապարակման նշանակման օրվանից մոտ 1 տարի 6 ամիս անց:

Վկայակոչելով դատավարական ժամկետների խախտումներն արդարացնող հանգամանքներին վերաբերող Խորհրդի 24.11.2022 թվականի թիվ ԲԴԽ-105-Ո-Կ-25 որոշմամբ (ինչպես նաև` 06.06.2022 թվականի թիվ ԲԴԽ-49-Ո-Կ-10, 26.12.2022 թվականի թիվ ԲԴԽ-116-Ո-Կ-27, 09.07.2024 թվականի թիվ ԲԴԽ-61-Ո-Կ-8 որոշումներում) արտահայտած դիրքորոշումը` վարույթ հարուցած մարմինը նշել է, որ Խորհրդի իրավական դիրքորոշումը վերաբերում է ոչ թե առհասարակ դատավարական ժամկետի խախտման յուրաքանչյուր դեպքի, այլ դատավարական ժամկետների ողջամիտ խախտումներին:

Քննարկվող դեպքում վարույթ հարուցող մարմինը անհրաժեշտ է գտել արձանագրել, որ այն դեպքում, երբ եզրափակիչ դատական ակտի հրապարակման համար օրենքով սահմանված է տասնհինգօրյա ժամկետ, ապա նման ժամկետի մոտ 1 տարի 6 ամիսը գերազանցող տևողությամբ խախտումը չի կարող դիտարկվել դատավարական ժամկետի ողջամիտ խախտում: Նույն կերպ և այն դեպքում, երբ վճիռը գործին մասնակցող անձին պետք է ուղարկվի դրա հրապարակման հաջորդ օրը, եթե մինչև այդ առձեռն չի հանձնվել, ապա նման ժամկետների մոտ 1 տարի 6 ամիսը գերազանցող տևողությամբ խախտումը չի կարող դիտարկվել դատավարական ժամկետի ողջամիտ խախտում: Բացի այդ, կարգապահական վարույթի նյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ դատական ակտերի հրապարակման և դատավարության կողմին տրամադրման օրենսդրական ժամկետների խախտումը պայմանավորված չի եղել առավել կարևոր շահի պաշտպանության անհրաժեշտությամբ, ուստի Դատավորն իր վրա դրված պարտականությունները պետք է կատարեր օրենքով սահմանված ժամկետների շրջանակներում:

Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ քննարկվող դատական ակտն արդեն տրամադրվել է Հաղորդում ներկայացրած անձին, ապա վարույթ հարուցած մարմինը նշել է, որ անկախ այդ հանգամանքից և անկախ նրանից, թե վերջինս այլևս չունի դժգոհություն տվյալ խախտումից` դատավորը ենթակա է կարգապահական պատասխանատվության: Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ հաղորդումները դիտարկվում են հանրային գանգատի տրամաբանության շրջանակներում, որի պայմաններում ցանկացած դեպքում պատշաճ աղբյուրից ստացված տեղեկությունները վարույթ հարուցող մարմինը պարտավոր է դիտարկել և գնահատել, ինչպես նաև առերևույթ կարգապահական խախտման հատկանիշներ հայտնաբերելու դեպքում պարտավոր է նախաձեռնել համապատասխան իրավական գործընթաց` անկախ այն հանգամանքից, թե հաղորդում ներկայացրած անձն այլևս դժգոհություն ունի դատավորի գործողություններից, թե ոչ: Այս առումով Բարձրագույն դատական խորհուրդը նույնպես ձևավորել է կայուն դատական պրակտիկա, որը վերոնշյալ փաստական հանգամանքների առկայության պարագայում չի բացառում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելը:

Հաշվի առնելով վերոգրյալը` վարույթ հարուցող մարմինը գտել է, որ Գործով Դատավորի կողմից խախտվել է ՔԴՕ 179-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի պահանջը:

Վկայակոչելով Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասը, 63-րդ հոդվածի 1-ին մասը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ նաև` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին մասը, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև` Օրենսգիրք) 8-րդ հոդվածի 1-ին մասը, 9-րդ հոդվածի 1-ին մասը, 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետը` վարույթ հարուցած մարմինը նշել է, որ դատավորի վարքագծի կանոններին վերաբերող վերոնշյալ իրավանորմերից հետևում է, որ ցանկացած դեպքում դատավորը պարտավոր է իր գործունեությունն իրականացնել այնպես, որ բարձր պահի դատական իշխանության հեղինակությունը` թե՛ որպես անհատ, և թե՛ որպես արդարադատություն իրականացնող անձ` թույլ չտալով այնպիսի գործողություններ, որոնք կարող են որևէ կերպ վարկաբեկել դատական իշխանությունը կամ հանրության ցանկացած անդամի մոտ ստեղծել այնպիսի տպավորություն, որը կարող է թյուր պատրանք ստեղծել կամ այլ կերպ բացասական ազդեցություն ունենալ դատական իշխանության անկախության և անաչառության վրա: Դատավորի կողմից գործի ողջամիտ ժամկետում քննության իրականացման պահանջն իր ամրագրումն է ստացել ոչ միայն դատավարական օրենսգրքերում, այլ նաև` դատավորին ներկայացվող վարքագծի կանոններում` իրենից ներկայացնելով առանձնակի կարևորություն, քանի որ, որոշ դեպքերում և պայմաններում, դրա խախտումը կարող է իր ազդեցությունն ունենալ դատական իշխանության հեղինակազրկման հարցում` հանգեցնելով դատական իշխանության նկատմամբ դատավարության մասնակիցների անվստահության ձևավորմանը, ինչպես նաև կարծիք ստեղծել` իրեն վերաբերող վեճի լուծման շուրջ արդարադատություն իրականացնող մարմնի կողմից դրսևորվող անտարբերության տեսանկյունից:

Օրենսդրի կողմից սահմանվել են անհրաժեշտ ու բավարար կարգավորումներ` ուղղված դատական ակտը գործին մասնակցող անձանց կողմից ամբողջությամբ ու ողջամիտ ժամկետում ստանալուն, ինչը հանդիսանում է երաշխիք նրանց կողմից դատական մատչելիության ու արդար դատաքննության իրենց իրավունքներն արդյունավետ իրացնելու համար, իսկ դրանց ինչպես յուրաքանչյուրի, այնպես էլ` բոլորի համատեղ չպահպանումը կարող է հանգեցնել ուշացած արդարադատության:

Դատարանի կողմից դատավարական ժամկետները պահպանելու պարտականությունն անհրաժեշտ է դիտարկել անձի` իր իրավունքների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի և արդար դատաքննության իրավունքի, դրա տարր համարվող` իր գործի ողջամիտ ժամկետում քննության իրավունքի իրականացումն ապահովելու համատեքստում:

Իր իրավունքների արդյունավետ դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի իրականացումը ենթադրում է, որ անձն իր իրավունքների պաշտպանության դատական կարգն ընտրում է` վստահելով իր մասնակցությամբ վեճի լուծումը դատարանին և ունենալով այն լեգիտիմ ակնկալիքը, որ դատարանը հնարավորինս սեղմ ժամկետներում կքննի և կլուծի իր գործը: Այս իմաստով արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի հետ տրամաբանորեն կապված է արդար դատաքննության իրավունքի տարր համարվող` իր գործի ողջամիտ ժամկետում քննության իրավունքը: Հիմնարար այս իրավունքի բովանդակությունը բացահայտել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ նաև` Եվրոպական դատարան) Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի վերաբերյալ արտահայտված իրավական դիրքորոշումներով (տե՛ս Stogmuller v. Austri (1602/62) գործով Եվրոպական դատարանի 10.11.1969 թվականի վճիռը, H. v. France (10073/82) գործով Եվրոպական դատարանի 24.10.1989 թվականի վճիռը):

Վկայակոչելով նաև Սահմանադրական դատարանի 16.03.2021 թվականի թիվ ՍԴՈ-1585 որոշմամբ, Խորհրդի 26.12.2022 թվականի թիվ ԲԴԽ-116-Ո-Կ-27 որոշմամբ արտահայտած դիրքորոշումները` վարույթ հարուցած մարմինը նշել է, որ ողջամիտ ժամկետում գործի քննության իրականացումը համարվում է ապահովված այն ժամանակ, երբ գործի քննության արդյունքում կայացվող դատական ակտն օրենքով նախատեսված կարգով և եղանակներով համապատասխան ժամկետում հասանելի է դառնում դատավարության մասնակիցներին:

Քննարկվող դեպքում Դատարանի կողմից դատավարական ժամկետները չպահպանելու հետևանքով սահմանափակվել է Գործով դատավարության կողմերի` իրենց իրավունքների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը, ինչպես նաև արդար դատաքննության իրավունքի տարր կազմող գործի ողջամիտ ժամկետում քննության իրավունքը:

Այսպիսով` Դատարանը, խախտելով ՔԴՕ 179-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, դրանով իսկ սահմանափակել է դատավարության կողմերի` Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածներով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված` դատական պաշտպանության իրավունքը, որոնք հանգեցրել են Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով ամրագրված` դատավորի վարքագծի կանոնների խախտման:

Վկայակոչելով Օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին, 4-րդ և 5-րդ մասերը` Գործի փաստական հանգամանքների ուսումնասիրության և կատարված իրավական վերլուծության համադրման արդյունքում վարույթ հարուցած մարմինը գտել է, որ Դատավորի կողմից վարքագծի կանոնների խախտման հանգեցրած դատավարական իրավունքի նորմերի խախտումները դատավորի կողմից կատարվել են մեղավորությամբ: Վարքագծի կանոնի խախտման հանգեցրած դատավարական իրավունքի նորմերի խախտումները դրսևորվել են կոպիտ անփութությամբ: Նման եզրահանգման համար հաշվի է առնվել նաև այն, որ վարույթ հարուցած մարմնի կողմից խախտումները դիտավորությամբ կատարելու մասով ապացույցներ առկա չեն: Այսպիսով, վարույթ հարուցող մարմինը եզրակացրել է, որ Դատավորը չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը վերագրվող վարքագծի կանոնների խախտումների առնչությամբ, թեև տվյալ իրադրությունում ակնհայտորեն կարող էր և պարտավոր էր դա անել:

Դատավորը բացատրությամբ անդրադառնալով վճիռը կողմերին ուշ ուղարկելու և Համակարգում ուշ տեղագրելու հանգամանքներին` նշել է, որ Խորհրդի 13.06.2024 թվականի թիվ ԲԴԽ-51-Ո-Կ-5 որոշմամբ մերժվել է իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ներկայացված միջնորդությունը, որի հիմքում դրված է եղել Դատավորի կյանքում տեղի ունեցած անձնական բացառիկ հանգամանքների անհերքելի գոյությունը, այն է` 2020 թվականին տեղի ունեցած 44-օրյա պատերազմի ընթացքում Դատավորի որդու անմահանալու, ինչպես նաև 11.01.2021 թվականին Դատավորի հոր մահվան փաստերը, իր երկարատև հիվանդությունից հետո վերականգնման տևականությունը, և իր հիվանդությունների չափազանց մեծ ազդեցությունն իր ներաշխարհի վրա, որպիսի պայմաններում Խորհուրդն արձանագրել է, որ Դատավորի աշխատանքային գործընթացը կազմակերպվել է որոշակի թերացումներով և գործով թույլ տրված դատավարական իրավունքի նորմի խախտումը պայմանավորված է եղել Դատավորից անկախ հանգամանքների ուժով, ինչն էլ բացառել է վերագրվող արարքում Դատավորի մեղավորությունը:

Նշվածի կապակցությամբ վարույթ հարուցած մարմինը գտել է, որ Դատավորի կողմից ներկայացված Խորհրդի որոշումն ընդունվել է 13.06.2024 թվականին, իսկ սույն միջնորդության հիմքում դրված խախտումը շարունակվել է մինչև 16.12.2024 թվականը, այսինքն` ժամանակագրորեն հաջորդել է Խորհրդի որոշմանը: Միաժամանակ այս առումով հատկանշական է, որ Խորհրդի որոշման հիմքում ընկած քաղաքացիական գործով Դատավորը պարտավոր էր վճիռը հրապարակել 01.03.2022 թվականին, իսկ սույն դեպքում` 31.05.2023 թվականին: Ընդ որում, Դատավորի կողմից թույլ տրված նման խախտումն ինքնին վկայում է այն մասին, որ վերջինիս պատասխանատվությունից ազատելը չի կանխել Դատավորի կողմից նույն խախտումը կրկին կատարելը, հետևաբար` վարույթ հարուցած մարմնի գնահատմամբ, նման վարքագիծը չի կարող մշտապես արդարացվել և որոշ ժամանակահատվածից հետո դատավորի կողմից թույլ տրված անգործության դրսևորումը պետք է արժանանա նոր գնահատականի:

Բացի այդ, նման պայմաններում պետք է հաշվի առնել, որ հակառակ կողմից տուժում է արդարադատության շահը, ինչպես նաև դատավարության մասնակիցների` ողջամիտ ժամկետում քննության իրավունքը, իսկ դատավարության մասնակիցների կողմից կայացված դատական ակտն ընկալվում է որպես` Հայաստանի Հանրապետության դատարանի կողմից և Հայաստանի Հանրապետության անունից ընդունված, այլ ոչ թե կոնկրետ անձի կողմից, որպիսի պայմաններում դատավարության մասնակիցների համար չի կարող էական լինել, թե այն կոնկրետ ում կողմից տևական ժամանակով չի տրամադրվում և ինչ պատճառաբանությամբ: Ուստի, վերոգրյալի հաշվառմամբ, ակնկալվում է Խորհրդի կողմից արդեն իսկ սույն փաստական հանգամանքների պայմաններում նոր` նախորդից տարբերվող դատական ակտ կայացվելու անհրաժեշտությունը: Արդյունքում, ներկայիս պայմաններում, կարող է ստեղծվել անհավասար իրավիճակ, երբ մի դատավոր նույն արարքի համար ենթարկվի կարգապահական պատասխանատվության, սակայն Դատավորը` ոչ:

Նշանակված դատական նիստում վարույթ հարուցած մարմնի ներկայացուցիչները պնդել են ներկայացված միջնորդությունը:

 

3. Դատավորի դիրքորոշումը հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ

Դատավորը վարույթ հարուցած մարմնին ներկայացրած բացատրությամբ հայտնել է հետևյալը.

«Ձեր կողմից 21.01.2025 թվականի թիվ 5-Ա կարգապահական վարույթ հարուցելու մասին որոշման կապակցությամբ հայտնում եմ, որ ՀՀ բարձրագույն դատական խորհուրդը 13.06.2024 թվականին քննարկման առարկա դարձնելով իմ մեղավորության հարցը, թիվ ԲԴԽ-51-Ո-Կ-5 որոշմամբ արձանագրել է, որ իմ կյանքում տեղի ունեցած անձնական բացառիկ հանգամանքների անհերքելի գոյության հաշվառմամբ` 2020 թվականին տեղի ունեցած 44-օրյա պատերազմի ընթացքում որդուս, Գևորգ Արշակյանի 07.11.2020 թվականին սխրագործությամբ անմահանալը, 11.01.2021 թվականին հորս անդառնալի կորուստը, իմ երկարատև հիվանդությունից հետո վերականգնման տևականությունն, ինչպես նաև տարածս հիվանդությունների չափազանց մեծ ազդեցությունն իմ ներաշխարհի վրա, անկախ իմ կամքից ստեղծել են հոգեբանական այնպիսի իրավիճակ, որի պարագայում ես հոգեբանորեն ծանրաբեռնված լինելով, որոշման կայացման օրվա` 13.06.2024 թվ. դրությամբ, օբյեկտիվորեն զրկված եմ եղել կարգապահական խախտման զանցակազմը ամբողջացնող, մեղավորության ենթադրյալ գոյությունը գնահատելու և գործողությանս /անգործությանս/ վտանգավոր հետևանքների առաջացումը կանխելուն ուղղված անհրաժեշտ գործողություններ կատարելու հնարավորությունից: Խորհուրդը նաև արձանագրել է, որ վերոնշյալ իրադարձությունների հետ կապված հոգեբանական ապրումներս ձևավորել են ստրեսածին ծանր հոգեվիճակ, որով էլ պայմանավորված աշխատանքային գործընթացը կազմակերպվել է որոշակի թերացումներով և գործով թույլ տրված դատավարական իրավունքի նորմի խախտումը պայմանավորված է եղել ինձնից անկախ հանգամանքների ուժով, հոգեբանական ծանր վիճակում գտնվելով, ինչն էլ օբյեկտիվորեն բացառել է վերագրվող արարքում իմ մեղավորությունը: Վերոնշյալի ամփոփման արդյունքում խորհուրդը գտել է, որ դատավարական նորմի խախտման հատկանիշներ պարունակող արարքը` թիվ ԵԴ/0016/02/19 քաղ. գործով վճիռը 01.03.2022 թվականին հրապարակելու փոխարեն օրենքով սահմանված ժամկետից ավելի քան 1 տարի 11 ամիս անց` 26.02.2024 թվականին դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակելը և կողմին հանձնելը, մեղքի բացակայության պարագայում բացառել է իմ նկատմամբ կարգապահական պատասխանատվության միջոցի կիրառումը: Վիճարկվող դեպքում փաստաբան Գոռ Մարգարյանը 25.11.2024 թվականին հաղորդում է ներկայացրել իմ նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ, պատճառաբանելով, որ թիվ ԵԴ/48232/02/21 գործով 31.05.2023 թվ. վճիռը հրապարակված չէ դատական իշխանության պաշտոնական կայքում և չի տրվել կողմին: Ըստ համակարգում եղած տեղեկատվության վճիռը հրապարակվել է 14.12.2024 թվ.: Բողոքաբերը ստացել է դատական ակտը և չի բողոքարկել: Նշված գործը գտնվում է վերաքննության փուլում: Երկու բողոքաբերի կողմից ինձ մեղսագրվել է նույն դատավարական նորմի խախտման հատկանիշներ պարունակող արարք, որը ՀՀ բարձրագույն դատական խորհրդի կողմից քննված վերը հիշատակված գործի շրջանակներում մեղքի բացակայության պարագայում բացառել է իմ նկատմամբ կարգապահական պատասխանատվության միջոցի կիրառումը: Վերոգրյալից ելնելով և ղեկավարվելով ՀՀ դատական օր-ի 147 հոդվածի 5-րդ կետի 1-ին ենթակետով խնդրում եմ կարճել վարույթը»:

 

4. Հարուցված կարգապահական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները

4.1) Դատարանի 15.11.2021 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել թիվ ԵԴ/48232/02/21 քաղաքացիական գործով «Քլասսիս Լայթինգ» ՍՊԸ-ի (այսուհետ նաև` Հայցվոր) հայցն ընդդեմ Մինիոնա Դեմիերր-Պետրոսյանի (այսուհետ նաև` Պատասխանող)` գումարի բռնագանձման պահանջի մասին:

4.2) Դատարանը Գործով վճռի հրապարակման օր է նշանակել 31.05.2023 թվականը: Դատարանի 31.05.2023 թվականի վճռով հայցապահանջը բավարարվել է մասնակի. վճռվել է Պատասխանողից հօգուտ Հայցվորի բռնագանձել 3.815.546,23 ՀՀ դրամ` որպես կահույքի վաճառքի դիմաց ապրանքի համար վճարման ենթակա գումար, ինչպես նաև այդ գումարին հաշվարկել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված կետանցի տոկոսները: Պատասխանողից հօգուտ Հայցվորի բռնագանձել նաև 96.000 ՀՀ դրամ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար, 100.000 ՀՀ դրամ որպես փաստաբանի ողջամիտ վարձատրության գումար:

4.3) Վճիռը Համակարգում հրապարակվել է 14.12.2024 թվականին (Ստեղծման ամսաթիվ: 2024-12-14 16:55:34):

4.4) Վճիռը գործին մասնակցող անձանց ուղարկվել է 16.12.2024 թվականին:

 

5. Հարուցված կարգապահական վարույթի շրջանակներում էական նշանակություն ունեցող իրավական հարցադրումները

Հաշվի առնելով Արդարադատության նախարարի կողմից միջնորդությունում բերված փաստարկներն ու հիմնավորումները և դրանց դեմ Դատավորի կողմից ներկայացված բացատրությունը` Խորհուրդը Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը լուծելու համար էական է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրումներին.

- արդյո՞ք թիվ ԵԴ/48232/02/21 քաղաքացիական գործով Դատավորի կողմից թույլ է տրվել դատավարական իրավունքի նորմի խախտում,

- եթե Դատավորի կողմից թույլ է տրվել դատավարական իրավունքի նորմի խախտում, ապա արդյո՞ք այն կատարվել է դիտավորությամբ, թե` կոպիտ անփութությամբ:

 

6. Խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննարկելով Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, լսելով Լիազոր մարմնի ներկայացուցիչների և Դատավորի դիրքորոշումները, ուսումնասիրելով կարգապահական վարույթի նյութերը` Խորհուրդը գտնում է, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է մերժման` հետևյալ պատճառաբանությամբ.

Խորհուրդն արձանագրում է, որ վարույթ հարուցած մարմնի կողմից կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդության հիման վրա Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննության է առնվում Օրենսգրքի 152-րդ հոդվածում ամրագրված դրույթի պահանջներին համապատասխան, այն է` «Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը Բարձրագույն դատական խորհրդում կատարվում է միայն դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար միջնորդություն ներկայացնելու մասին որոշմամբ նշված կարգապահական խախտման սահմաններում»:

Այդ կապակցությամբ Խորհրդի իրավական հետազոտման առարկան սահմանափակվում է միջնորդությամբ ներկայացված հիմքերի և հիմնավորումների շրջանակներով:

Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Սահմանադրության 173-րդ հոդվածի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդն անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը:

Սահմանադրության 175-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարց քննարկելու, ինչպես նաև Դատական օրենսգրքով սահմանված այլ դեպքերում Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան, իսկ 4-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհրդի այլ լիազորությունները և գործունեության կարգը սահմանվում են Դատական օրենսգրքով:

Օրենսգրքի 90-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատավորին և Բարձրագույն դատական խորհրդի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, դատավորի և Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները դադարեցնելու, ինչպես նաև իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի և Բարձրագույն դատական խորհրդի անդամի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու վերաբերյալ հարցերը քննելիս Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան:

Օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքի առկայության ապացուցման պարտականությունը կրում է կարգապահական վարույթը հարուցած մարմինը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` կարգապահական խախտման համար դատավորը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ սույն օրենսգրքով սահմանված կարգով` Բարձրագույն դատական խորհրդի` կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշմամբ: Դատավորի կողմից կատարված կարգապահական խախտման վերաբերյալ չփարատված կասկածները մեկնաբանվում են դատավորի օգտին:

Վերը նշված հոդվածի մեկնաբանությունից բխում է, որ տվյալ դեպքում վարույթ հարուցող մարմինն է կրում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի առկայությունն ապացուցելու պարտականությունը: Վարույթն իրականացնող մարմնի կողմից պետք է ձեռք բերվեն բավարար ապացույցներ, որոնք իրենց համակցության մեջ բավարար կլինեն դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար և կհաստատեն վերջինիս մեղքը: Այսինքն, գործով ձեռք բերված ապացույցների ոչ բավարար լինելու, դրանց հակասականության կամ բացակայության պայմաններում վարույթ հարուցող մարմինը պետք է կրի այդ պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու բոլոր անբարենպաստ հետևանքները:

Խորհուրդը, անդրադառնալով Դատավորի կողմից դատավարական իրավունքի նորմի խախտման վերաբերյալ հարցադրմանը, հարկ է համարում արձանագրել հետևյալը.

Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` դատարանի` եզրափակիչ, իսկ սույն օրենսգրքով կամ Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ նախատեսված դեպքերում նաև այլ դատական ակտերը հրապարակվում են դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով:

Նույն օրենսգրքի 189-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործն ըստ էության լուծելու դեպքում առաջին ատյանի դատարանը կայացնում է վճիռ:

Նույն օրենսգրքի 179-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վճիռը սույն օրենսգրքով սահմանված կարգով հրապարակվում է գործի քննությունն ավարտելուց հետո` 15 օրվա ընթացքում, եթե օրենքով վճռի հրապարակման համար ավելի կարճ ժամկետ սահմանված չէ: Բացառիկ դեպքերում, երբ առկա են դատավորի կամքից անկախ, օբյեկտիվ հանգամանքներ, որոնք անհնար են դարձնում հայտարարված ժամկետում վճռի հրապարակումը, դատարանը կարող է մինչև 15 օրով երկարաձգել վճռի հրապարակման ժամանակը` այդ մասին ծանուցելով գործին մասնակցող անձանց:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` վճռի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրն ուղարկվում է գործին մասնակցող անձանց, եթե մինչ այդ առձեռն նրանց չի հանձնվել:

Խորհուրդն իր մի շարք որոշումներով արձանագրել է, որ օրենսդրի կողմից դատավարական ժամկետի նախատեսումն ինքնանպատակ չէ, ժամկետ նախատեսելով օրենսդիրը հետապնդում է իրավաչափ նպատակ, այն է` երաշխավորել տվյալ իրավահարաբերության մասնակիցների իրավունքների և ազատությունների պաշտպանությունը, ապահովել իրավահարաբերությունների կայունությունը, որոշակիությունը, ինչպես նաև կանխել և բացառել «կամայականության վտանգ»-ը` տալով համապատասխան սուբյեկտներին իրենց վարքագիծն օրենքի պահանջներին համապատասխանեցնելու գործնական հնարավորություն: Դատավարական ժամկետների գլխավոր առանձնահատկությունն այն է, որ դրանք սահմանում են հենց դատավարական գործողության իրականացման ժամանակահատվածը (պահերը): Միաժամանակ դատավարական ժամկետները նպաստում են դատական քաշքշուկի բացառմանը, դատավարական իրավահարաբերությունների կայունությանը, հստակությանն ու որոշակիությանը, որոնք վերջին հաշվով ապահովում են դատարան դիմող քաղաքացիների և կազմակերպությունների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն ու երաշխավորվածությունը, մի խոսքով` արդարադատության իրականացման արդյունավետությունը:

Այդուհանդերձ Խորհուրդն արձանագրում է, որ դատավարական ժամկետների խախտումները մեղքի հիմնավորման կամ դրանց հետևանքների կարևորության աստիճանը գնահատելու տեսանկյունից կարող են արդարացվել միայն բացառիկ, դատավարության մասնակիցների հիմնարար իրավունքների պաշտպանության կամ երաշխավորման անհրաժեշտությամբ, այսինքն` այնպիսի իրավիճակներում, երբ դատարանները կհիմնավորեն, որ դատավարական ժամկետների խախտման արդյունքում պաշտպանվել է առավել կարևոր շահ կամ պայմանավորված լինեն դատավարության մասնակիցների վարքագծով, հակառակ դեպքում անաչառ դիտորդի կողմից հնարավոր է ծագի ողջամիտ կասկած առ այն, որ Դատարանը վերը նշված վճիռը կայացնելու ժամանակ չի դրսևորել պատշաճ ջանասիրություն առ այն, որ կայացված դատական ակտն օրենքով սահմանված ժամկետում չի հրապարակել և չի ուղարկվել դատավարության մասնակիցներին:

Տվյալ դեպքում Դատարանը, ԵԴ/48232/02/21 քաղաքացիական գործի քննությունը ավարտված հայտարարելով դատական ակտի հրապարակման օր է նշանակել` 31.05.2023 թվականին, մինչդեռ վճիռը «Datalex.am» դատական տեղեկատվական համակարգում հրապարակվել է 14.12.2024 թվականին (Ստեղծման ամսաթիվ 2024-12-14 16:55:34), այսինքն` եզրափակիչ դատական ակտը հրապարակվել է ոչ թե գործի քննության ավարտից հետո 15 օրվա ընթացքում` այլ մոտ 1 տարի 6 ամիս անց, իսկ 31.05.2023 թվականի եզրափակիչ դատական ակտը դատավարության կողմերին ուղարկել է ոչ թե դրա կայացման օրը կամ առնվազն դրան հաջորդ օրը` այլ 16.12.2024 թվականին:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ Դատավորի կողմից թույլ տրված դատավարական նորմի խախտումն ակնհայտ բնույթ է կրում: Խախտված դատավարական նորմը հստակ և որոշակի ամրագրված է Քաղաքացիական դատավարության օրենսգրքում, համապատասխանում է իրավական որոշակիության սկզբունքին: Քննարկվող իրավիճակում դատավարական ժամկետի խախտման փաստի առկայությունը չի կարող կասկածի տակ դրվել որևէ ողջամիտ իրավական ենթադրությամբ կամ փաստարկով, հետևաբար Դատավորի կողմից վճռի հրապարակման հայտարարված օրվանից ավելի քան 1 տարի 6 ամիս հետո հրապարակելը, ինչպես նաև վճռի օրինակը դատավարության կողմերին օրենքով սահմանված ժամկետում չուղարկելն իր մեջ անհերքելիորեն պարունակում է Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 179-րդ հոդվածով նախատեսված իրավանորմերի խախտման հատկանիշներ:

Ինչ վերաբերում է երկրորդ հարցադրմանը, ապա Խորհուրդն իր` 13.06.2024 թվականի թիվ ԲԴԽ-51-Ո-Կ-5 որոշմամբ արձանագրել է, որ. «(...) Դատավորի ունեցած ծանրաբեռնվածության և մինչև սույն կարգապահական վարույթով որոշման կայացման ժամանակահատվածում Դատավորի կյանքում տեղի ունեցած որոշակի իրադարձությունների հաշվառմամբ` ոչ նպատակահարմար համարելով դատավորի վարքագծի կանոնի խախտման փաստի արձանագրումը, հարկ է համարում քննարկման առարկա դարձնել Դատավորի մեղավորության հարցը, որի համատեքստում կարևորում է արձանագրել հետևյալը.

Օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն են` արդարադատություն կամ որպես դատարան` օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտումը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` սույն գլխի իմաստով` արարքը համարվում է դիտավորությամբ կատարված, եթե դատավորը գիտակցել է իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը: Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` սույն գլխի իմաստով` արարքը համարվում է կոպիտ անփութությամբ կատարված, եթե դատավորը չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, թեև տվյալ իրադրությունում ակնհայտորեն կարող էր և պարտավոր էր դա անել:

Նույն հոդվածի 10-րդ մասի համաձայն` դատավորը ենթակա չէ կարգապահական պատասխանատվության մեղքի բացակայության դեպքում: (...):

Խորհուրդն արձանագրում է, որ դատավորի կարգապահական խախտման տեսանկյունից մեղքը դատավորի վերաբերմունքն է իր կողմից կատարված արարքի նկատմամբ և օրենսդրի կողմից արդարադատություն կամ որպես դատարան` օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտման վարքագծի առումով առանձնացվել են մեղքի դրսևորման երկու ձևեր` դիտավորություն և կոպիտ անփութություն: Այսպիսով, օրենսդիրը սահմանելով դատավորի համար կարգապահական պատասխանատվություն առաջացնող հիմքերը, առանձնացրել է կարգապահական խախտման զանցակազմում, ի թիվս այլնի, նաև զանցակազմի սուբյեկտիվ կողմը` մեղքը, իր դրսևորման ձևերով: Հարկ է արձանագրել, որ զանցակազմի տարրերից յուրաքանչյուրն առանձին անհրաժեշտ է, իսկ բոլորը միասին միայն` բավարար, որպեսզի առաջանա դատավորի կարգապահական պատասխանատվության հիմքը: Այսպիսով ակնհայտ է, որ Օրենսգրքի իրավակարգավորումներից ուղղակիորեն հետևում է, որ կարգապահական պատասխանատվություն կարող է առաջանալ միայն Օրենսգրքով նախատեսված արարքում դատավորի մեղքը հաստատված լինելու դեպքում: Հետևաբար մեղքը, որպես կարգապահական խախտման զանցակազմի սուբյեկտիվ կողմի դրսևորում, հանդիսանում է կարգապահական պատասխանատվության ենթարկելու իրավական հնարավորությունն ամբողջացնող և թույլատրող վավերապայման: (...):

Այս համատեքստում կարևոր է քննարկման առարկա դարձնել նաև ծանր հոգեբանական վիճակի առկայությունը, որն առաջացել է մի շարք իրադարձությունների արդյունքում, որոնք չափազանց մեծ բացասական ազդեցություն են ունեցել Դատավորի հոգեբանական վիճակի վրա: Մասնավորապես, հոգեբանական ծանրաբեռնվածությունը կարող է արտահայտվել այնպիսի իրավիճակներում, երբ մարդու օրգանիզմը ստացված լուրերի և/կամ իրադարձությունների հետևանքով առաջացած սթրեսի արդյունքում հայտնվում է ծանր հոգեբանական վիճակում: Նման դեպքերում կարևոր է դիտարկել օբյեկտիվ կողմի առկայությունը` պայմանով, որ կա նաև սուբյեկտիվ կողմ, որը բաղկացած է նման իրավիճակում հայտնված կոնկրետ անձի հոգեֆիզիոլոգիական որոշակի հատկանիշներից: Այս պարագայում մեղքի բացակայությունը հաստատված համարելու համար անհրաժեշտ է անձի հոգեֆիզիոլոգիական որոշակի վիճակի և օբյեկտիվ չափանիշներից առնվազն մեկի, այն է` հոգեբանական ծանրաբեռնվածության առկայությունը:

Խորհուրդը վերոնշյալ անձնական բացառիկ հանգամանքների անհերքելի գոյության հաշվառմամբ անդրադառնալով Դատավորի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի նորմի խախտման մեջ Դատավորի մեղավորության հարցին` հարկ է համարում արձանագրել, որ 2020 թվականին տեղի ունեցած 44-օրյա պատերազմի ընթացքում Դատավորի որդու` «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր Գևորգ Արշակյանի սխրագործությամբ անմահանալը, Դատավորի հոր անդառնալի կորուստը, երկարատև հիվանդությունից հետո վերականգնման տևականությունը, ինչպես նաև տարած վիրահատությունների չափազանց մեծ ազդեցությունը Դատավորի ներաշխարհի վրա, անկախ իր կամքից, ստեղծել են հոգեբանական այնպիսի իրավիճակ, որի պարագայում Դատավորը, հոգեբանորեն ծանրաբեռնված լինելով, օբյեկտիվորեն զրկված է եղել կարգապահական խախտման զանցակազմն ամբողջացնող` մեղավորության ենթադրյալ գոյությունը գնահատելու և իր գործողության (անգործության) վտանգավոր հետևանքների առաջացումը կանխելուն ուղղված անհրաժեշտ գործողություններ կատարելու հնարավորությունից:

Դատավորին վերագրվող դատավարական իրավունքի խախտման մեջ մեղքի առկայության գնահատման համատեքստում անհրաժեշտ է նաև արձանագրել, որ թեև Դատավորի կյանքում տեղի ունեցող վերոնշյալ իրադարձությունների հետ կապված հոգեբանական ապրումները ձևավորել են սթրեսային ծանր հոգեվիճակ, սակայն դա չի խոչընդոտել ծանրաբեռնվածության պայմաններում իր աշխատանքային պարտականությունները կատարելուն ուղղված գործնական քայլեր ձեռնարկելուն` արտահայտված 2018 թվականից 2022 թվականը ներառող ժամանակահատվածում Դատավորի կողմից ավարտված գործերի քանակով, ինչը Դատավորի հոգեբանական ծանր վիճակի հետ համադրության արդյունքում Խորհրդին տալիս է իրավաչափ և բավարար հիմք արձանագրելու, որ վերոնշյալ ժամանակահատվածում աշխատանքային գործընթացը կազմակերպվել է որոշակի թերացումներով և Գործով թույլ տրված դատավարական իրավունքի նորմի խախտումը պայմանավորված է եղել իրենից անկախ հանգամանքների ուժով հոգեբանական ծանր վիճակում գտնվելով, ինչն էլ օբյեկտիվորեն բացառում է վերագրվող արարքում Դատավորի մեղավորությունը:»:

Խորհուրդը հաշվի առնելով վերոնշյալ ժամանակահատվածում Դատավորի կյանքում տեղի ունեցած և ծանր հոգեկան ապրումների հանգեցրած իրադարձությունները` միաժամանակ կարևորելով դրանց բացառիկության հանգամանքը, գտնում է, որ սույն կարգապահական վարույթով քննարկման առարկա հանդիսացող արարքը Դատավորի կողմից թույլ տալու պահի և ԲԴԽ-51-Ո-Կ-5 որոշմամբ մեղքի բացակայության հաստատված լինելու հիմքով կարգապահական պատասխանատվության ենթակա չլինելու ժամանակահատվածների համընկնելը վկայում են միջնորդությամբ Դատավորին մեղսագրվող դատավարական իրավունքի նորմի խախտման մեջ մեղքի, որպես զանցակազմի տարրի, չհաստատվելու մասին:

Վերոգրյալի հաշվառմամբ Խորհուրդը գտնում է, որ դատավոր Նաիրա Հովսեփյանի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի նորմի խախտման հատկանիշներ պարունակող արարքը, մասնավորապես, թիվ ԵԴ/48232/02/21 քաղաքացիական գործով եզրափակիչ դատական ակտը 31.05.2023 թվականին հրապարակելու փոխարեն քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված ժամկետից ավելի քան 1 տարի 6 ամիս անց` 14.12.2024 թվականին հրապարակելու և 16.12.2024 թվականին դատավարության կողմերին ուղարկելու փաստերը` մեղքի բացակայության պարագայում բացառում են Դատավորի նկատմամբ կարգապահական պատասխանատվության միջոցի կիրառումը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասով, 142-րդ հոդվածի 10-րդ մասով, 154-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 155-րդ հոդվածով` Խորհուրդը,

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի միջնորդությունը` Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Նաիրա Հովսեփյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, մերժել:

2. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:

 

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ա. Աթաբեկյան

    Անդամներ`                            Ա. Աբրահամյան

                                         Ա. Դանիելյան

                                         Կ. Թումանյան

                                         Ե. Թումանյանց

                                         Մ. Համբարձումյան

                                         Ա. Հայրապետյան

                                         Ա. Հարությունյան

                                         Էդ. Հովհաննիսյան

                                         Ք. Մկոյան

 

Հրապարակվել է ԲԴԽ կայքէջում (https://court.am/storage/uploads/files/ bdx-disciplinary-proceedings/eFpp7MkHVUnubCrxYZrXIBeMpp8s5Tns3M7J0rrt.pdf)` 13 հունիսի 2025 թվական:

 

 

pin
Բարձրագույն դատական խորհուրդ
02.06.2025
N ԲԴԽ-22-Ո-Կ-5
Որոշում