Սեղմել Esc փակելու համար:
ՆՈՐ ՀԱՆԳԱՄԱՆՔՈՎ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԻ ՎԵՐԱՆԱՅՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՆՈՐ ՀԱՆԳԱՄԱՆՔՈՎ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԻ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վճռաբեկ դատարանի                        Քաղաքացիական գործ

    քաղաքացիական պալատի որոշում                թիվ ԵԴ/16144/02/20

    Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/16144/02/20       2025 թ.

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը

(այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող և զեկուցող Գ. Հակոբյան

Ա. Աթաբեկյան

Ն. Հովսեփյան

Ս. Մեղրյան

Ա. Մկրտչյան

Է. Սեդրակյան

Վ. Քոչարյան

 

2025 թվականի ապրիլի 25-ին

գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 10.06.2024 թվականի որոշումը նոր հանգամանքով վերանայման վերաբերյալ Արթուր Վանեցյանի բողոքը քաղաքացիական գործով ըստ Արթուր Վանեցյանի հայցի ընդդեմ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանի (այսուհետ` Մանե Գևորգյան)` զրպարտություն հանդիսացող տվյալները հրապարակայնորեն հերքելու և պատճառված վնասը փոխհատուցելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Արթուր Վանեցյանը պահանջել է Մանե Գևորգյանին պարտավորեցնել սույն գործով վերջնական դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, www.facebook.com սոցիալական կայքում իր` «Mane Gevorgyan» էջում` հղումը https://www.facebook.com/profile.php?id=100000453356168, հրապարակայնորեն հերքել նույն էջում 29.04.2020 թվականին ժամը 00:00-ին հրապարակված` «Թեման ամբողջացնելու համար արձանագրեմ» նախաբանով սկսվող հայտարարությունում իր պատիվը և արժանապատվությունն արատավորող ու զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները, նույն էջից հեռացնել վերը նշված հայտարարությունը և դրա տեղում հրապարակել հայցադիմումին կից ներկայացված հերքման տեքստն ամբողջությամբ` առանց փոփոխության, ինչպես նաև բռնագանձել 2.000.000 ՀՀ դրամ` որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 29.06.2021 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` վճռվել է «Պարտավորեցնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Մանե Գագիկի Գևորգյանին սույն գործով վերջնական դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում www.facebook.com սոցիալական կայքում իր` «Mane Gevorgyan» էջում, իր օգտահաշվի միջոցով հրապարակայնորեն հերքել նույն էջում 29.04.2020թ., ժամը` 00:00-ին, հրապարակված «Թեման ամբողջացնելու համար արձանագրեմ» նախաբանով սկսվող հայտարարությունը` հրապարակելով Դատարանի կողմից սահմանված հերքման տեքստը հետևյալ բովանդակությամբ.

«29.04.2020թ. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Մանե Գագիկի Գևորգյանի կողմից www.facebook.com սոցիալական կայքում իր էջում հրապարակվել է «Թեման ամբողջացնելու համար արձանագրեմ» նախաբանով հայտարարություն, որում տեղ են գտել Արթուր Վանեցյանի վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող, զրպարտություն հանդիսացող տեղեկություններ:

Սույնով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Մանե Գագիկի Գևորգյանս հերքում եմ Արթուր Վանեցյանի վերաբերյալ ներկայացրած տեղեկությունները և փաստում, որ իրականությանը չեն համապատասխանում այդ օրը հրապարակված այն տեղեկությունները, որ ԶՊՄԿ-ում Մ. Մինասյանի փայաբաժինն, օրինակ, առերևույթ պաշտոնական լիազորությունների չարաշահմամբ և կրկին կեղծ փայատերերի օգնությամբ ձեռք է բերել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:

Վերջինիս հորը պատկանող ընկերությունը դարձել է նաև ԶՊՄԿ-ի բեռների խոշոր փոխադրող»:

Հայցապահանջը մնացած մասով` մերժել:

ՀՀ վարչապետ Նիկոլ Վովայի Փաշինյանի մամուլի քարտուղար Մանե Գագիկի Գևորգյանից հօգուտ հայցվոր Արթուր Գագիկի Վանեցյանի բռնագանձել 404.000 /չորս հարյուր չորս հազար/ ՀՀ դրամ` որպես դատական ծախսերի գումար, որից 4.000 /չորս հազար/ ՀՀ դրամ` որպես նախապես վճարված պետական տուրքի գումար, իսկ 400.000 /չորս հարյուր հազար/ ՀՀ դրամը` որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար, մնացած մասով փաստաբանի վարձատրության գումարի բռնագանձման պահանջները` մերժել»:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 28.12.2021 թվականի որոշմամբ Մանե Գևորգյանի բերած վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 29.06.2021 թվականի վճիռը` հայցը բավարարելու մասով, թողնվել է անփոփոխ:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 10.06.2024 թվականի որոշմամբ Մանե Գևորգյանի վճռաբեկ բողոքը բավարարվել է` Վերաքննիչ դատարանի 28.12.2021 թվականի որոշումը բեկանվել և փոփոխվել է` Արթուր Վանեցյանի հայցը` զրպարտություն հանդիսացող տվյալները հրապարակայնորեն հերքել պարտավորեցնելու պահանջի մասով, մերժվել է:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Ա. Մկրտչյանը հայտնել է հատուկ կարծիք:

Սույն գործով նոր հանգամանքով դատական ակտի վերանայման բողոք է ներկայացրել Արթուր Վանեցյանը (ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյան):

Նոր հանգամանքով դատական ակտի վերանայման բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Նոր հանգամանքով դատական ակտի վերանայման համար հիմք հանդիսացող նոր հանգամանքի շարադրանքը, հիմնավորումը և պահանջը

Նոր հանգամանքով դատական ակտի վերանայման բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում.

Սույն գործով առկա է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված նոր հանգամանք:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

i

Սահմանադրական դատարանի 01.10.2024 թվականի թիվ ՍԴՈ-1752 որոշումը սույն գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 10.06.2024 թվականի որոշման վերանայման հիմք է, քանի որ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից կիրառված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածի 8-րդ մասը Սահմանադրական դատարանի կողմից կայացված վերը նշված որոշմամբ` այնքանով, որքանով լրատվական գործունեություն չիրականացնողի կողմից համացանցում տարածված զրպարտության դեպքում շահագրգիռ անձի համար չի նախատեսում զրպարտությունը հերքելու, դրա պատասխանը ներկայացնելու, այն հեռացնելու կամ վերը նշված կարգավորումներին համարժեք այլ հնարավորություն, ճանաչվել է Սահմանադրության 31-րդ հոդվածին (75-րդ հոդվածի հետ համակցությամբ) հակասող և անվավեր:

Սահմանադրական դատարանը գտել է, որ անձը կարող է դատական կարգով պահանջել լրատվության միջոցով հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները, եթե այդ տվյալները տեղ չեն գտել լրատվական գործունեություն իրականացնողի կողմից լրատվության միջոցով տարածված տեղեկատվության մեջ, հետևաբար պատասխանողի դեմ կարող էր ներկայացվել նման պահանջ, և առկա չի եղել հիմք պատասխանողի կողմից ներկայացված բողոքը բավարարելու` Վերաքննիչ դատարանի կողմից կայացված որոշումը բեկանելու ու փոփոխելու համար:

Մինչդեռ սույն գործով կայացված որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածի 8-րդ մասի 1-ին կետով սահմանված միջոցն անձը կարող է պահանջել բացառապես այն դեպքում, երբ զրպարտությունը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, այսինքն` «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի իմաստով այն իրավաբանական կամ ֆիզիկական անձի, այդ թվում` անհատ ձեռնարկատիրոջ, որն իր անունից լրատվության միջոցով, այդ թվում նաև` սոցիալական ցանցերում, առցանց հարթակներում, տարածել է այդ տեղեկատվությունը, իսկ Մանե Գևորգյանի վերը նշված անձնական էջը չի համապատասխանում «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով լրատվության միջոցին առաջադրվող պահանջներին:

i

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից թիվ ԵԴ/16144/02/20 քաղաքացիական գործով 10.06.2024 թ.-ին կայացված որոշումը, բեկանել այն և փոփոխել` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից թիվ ԵԴ/16144/02/20 քաղաքացիական գործով 28.12.2021 թ.-ին կայացված որոշման դեմ Մանե Գագիկի Գևորգյանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը մերժել` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից թիվ ԵԴ/16144/02/20 քաղաքացիական գործով 28.12.2021 թ.-ին կայացված որոշումը թողնելով անփոփոխ»:

 

3. Նոր հանգամանքով դատական ակտի վերանայման բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Նոր հանգամանքով դատական ակտի վերանայման բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Մանե Գևորգյանն իր ֆեյսբուքյան էջում 29.04.2020 թվականին ժամը 00:00-ին հրապարակել է «Թեման ամբողջացնելու համար արձանագրեմ» նախաբանով սկսվող հայտարարություն, որում ասվում է. «(...) վարչապետի աշխատակազմի տվյալներով Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը կեղծ փայատերերի միջոցով ապօրինի փայաբաժիններ է ունեցել նաև «Սպայկա» ընկերությունում, «Երևան մոլում», «Շանթ» և «Արմենիա» հեռուստաընկերություններում, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, մի շարք այլ ընկերություններում: Այդ փայաբաժինների մեծ մասը 2018 թվականի ժողովրդական հեղափոխությունից հետո հապճեպ վաճառվել է: ԶՊՄԿ-ում Մ. Մինասյանի փայաբաժինն, օրինակ, առերևույթ պաշտոնական լիազորությունների չարաշահմամբ և կրկին կեղծ փայատերերի օգնությամբ ձեռք է բերել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը: Վերջինիս հորը պատկանող ընկերությունը դարձել է նաև ԶՊՄԿ բեռների խոշոր փոխադրող: Տպավորություն է, որ սրա արդյունքում է, որ Միքայել Մինասյանի կոռուպցիոն համակարգի առանցքային անձինք, լինելով պոտենցիալ մեղադրյալներ, լքել են Հայաստանը, ինչն էլ դարձել է Մինասյանի կոռուպցիոն արարքների հետաքննության էական խոչընդոտ: ՀՀ վարչապետը ակնկալում է, որ ՀՀ իրավապահ մարմիններն ի հեճուկս բոլոր դժվարությունների` պատշաճ քննության կենթարկեն վերը նշվածը և Հայաստանի ժողովրդին կտան վստահելի պատասխաններ» (հատոր 1-ին, գ.թ. 32).

2) Արթուր Վանեցյանը հայց է ներկայացրել Դատարան ընդդեմ Մանե Գևորգյանի` պահանջելով Մանե Գևորգյանին պարտավորեցնել սույն գործով վերջնական դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, www.facebook.com սոցիալական կայքում իր` «Mane Gevorgyan» էջում` հղումը https://www.facebook.com/profile.php?id=100000453356168, հրապարակայնորեն հերքել նույն էջում 29.04.2020 թվականին ժամը 00:00-ին հրապարակված` «Թեման ամբողջացնելու համար արձանագրեմ» նախաբանով սկսվող հայտարարությունում իր պատիվը և արժանապատվությունն արատավորող ու զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները, նույն էջից հեռացնել վերը նշված հայտարարությունը և դրա տեղում հրապարակել հայցադիմումին կից ներկայացված հերքման տեքստն ամբողջությամբ` առանց փոփոխության, ինչպես նաև բռնագանձել 2.000.000 ՀՀ դրամ` որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում (հատոր 1-ին, գ.թ. 6-20).

3) Դատարանի 29.06.2021 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` վճռվել է «Պարտավորեցնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Մանե Գագիկի Գևորգյանին սույն գործով վերջնական դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում www.facebook.com սոցիալական կայքում իր` «Mane Gevorgyan» էջում, իր օգտահաշվի միջոցով հրապարակայնորեն հերքել նույն էջում 29.04.2020թ., ժամը` 00:00-ին, հրապարակված «Թեման ամբողջացնելու համար արձանագրեմ» նախաբանով սկսվող հայտարարությունը` հրապարակելով Դատարանի կողմից սահմանված հերքման տեքստը հետևյալ բովանդակությամբ.

(...):

Հայցապահանջը մնացած մասով` մերժել:

(...)» (հատոր 2-րդ, գ.թ. 98-116).

4) Վերաքննիչ դատարանը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածի 8-րդ կետի մեկնաբանության արդյունքում հաստատված համարելով, որ`

- համացանցի Facebook սոցիալական կայքում պատասխանող Մանե Գևորգյանն ունի անձնական էջ,

- իր ֆեյսբուքյան էջում պատասխանողը, հանդիսանալով ՀՀ վարչապետի մամլո խոսնակ, հրապարակել է հայտարարություն,

- հայտարարությունը ի թիվս այլնի, բովանդակել է որոշակի տեղեկատվություն,

- գործով անվիճելի է նաև, որ նշված արտահայտությունն արվել է հրապարակային,

եզրահանգել է, որ բողոք ներկայացրած անձի պնդումն այն մասին, որ պատասխանողի անձնական էջը լրատվության միջոց չէ` անհիմն է` հավելելով, որ բողոք ներկայացրած անձը Մանե Գևորգյանի ֆեյսբուքյան էջը «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքով նախատեսված հատկանիշները չբովանդակելու վերաբերյալ հայտնել է բացառապես պնդում, որը չի ուղեկցվում օրենքով նախատեսված որևէ հատկանիշի, որևէ պայմանի մատնանշմամբ, որի բացակայության հիմքով կարող է հերքվել պատասխանողի ֆեյսբուքյան էջի` լրատվության միջոց հանդիսանալու փաստը, ուստի հերքվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածի 8-րդ մասի 1-ին կետի` սույն գործով կիրառելի չլինելու վերաբերյալ բողոք ներկայացրած անձի պնդումը (հատոր 3-րդ, գ.թ. 65-80).

5) ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը, Մանե Գևորգյանի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու արդյունքում 10.06.2024 թվականին կայացված որոշմամբ անդրադառնալով այն հարցին, թե կարո՞ղ է արդյոք անձը դատական կարգով պահանջել լրատվության միջոցով հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները, եթե այդ տվյալները տեղ չեն գտել լրատվական գործունեություն իրականացնողի կողմից լրատվության միջոցով տարածված տեղեկատվության մեջ, դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու և (կամ) դրանց վերաբերյալ իր պատասխանը հրապարակելու մասին պահանջ անձը կարող է ներկայացնել բացառապես այն դեպքում, երբ զրպարտությունը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, այսինքն` «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի իմաստով այն իրավաբանական կամ ֆիզիկական անձի, այդ թվում` անհատ ձեռնարկատիրոջ, որն իր անունից լրատվության միջոցով, այդ թվում նաև` սոցիալական ցանցերում, առցանց հարթակներում, տարածել է այդ տեղեկատվությունը:

Արդյունքում` ՀՀ վճռաբեկ դատարանը, հաստատված համարելով, որ տվյալ դեպքում պատասխանող Մանե Գևորգյանը վերը նշված հրապարակումը «Facebook» համացանցային կայքում իրականացրել է ոչ թե որպես լրատվական գործունեություն իրականացնող, այլ` որպես այդ կայքի օգտատեր և իր անձնական էջում` «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի իմաստով չհանդիսանալով ինչպես լրատվական գործունեություն իրականացնող ֆիզիկական անձ, այնպես էլ` անհատ ձեռնարկատեր, իսկ այդ հրապարակումն էլ չի տարածվել նույն օրենքի իմաստով լրատվության միջոցով, եզրահանգել է, որ Մանե Գևորգյանի նկատմամբ չէր կարող դատական կարգով պահանջ ներկայացվել հրապարակայնորեն զրպարտություն համարվող փաստացի տվյալները հերքելու մասին (հատոր 4-րդ, գ.թ. 6-18).

i

6) թիվ ԵԴ/9074/02/19 քաղաքացիական գործով հայցվոր Արտակ Զեյնալյանը 11.04.2024 թվականին դիմում է մուտքագրել Սահմանադրական դատարանում, որի հիման վրա Սահմանադրական դատարանը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածի 8-րդ մասի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով 01.10.2024 թվականին կայացրած թիվ ՍԴՈ-1752 որոշման եզրափակիչ մասի 1-ին կետով արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածի 8-րդ մասն այնքանով, որքանով լրատվական գործունեություն չիրականացնողի կողմից համացանցում տարածված զրպարտության դեպքում շահագրգիռ անձի համար չի նախատեսում զրպարտությունը հերքելու, դրա պատասխանը ներկայացնելու, այն հեռացնելու կամ վերը նշված կարգավորումներին համարժեք այլ հնարավորություն, ճանաչել է Սահմանադրության 31-րդ հոդվածին (75-րդ հոդվածի հետ համակցությամբ) հակասող և անվավեր (ներկայացվել է վճռաբեկ բողոքին կից):

 

4. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄԸ

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով ու նույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում` պայմանավորված նոր հանգամանքի առկայությամբ, որը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 415-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով կարող են վերանայվել առաջին ատյանի դատարանի և վերաքննիչ դատարանի` օրինական ուժի մեջ մտած այն դատական ակտերը, որոնք ենթակա են բողոքարկման, վճարման կարգադրությունները, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի` վճռաբեկ բողոքը վերադարձնելու, այն առանց քննության թողնելու, վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին և վճռաբեկ բողոքի քննության արդյունքով կայացված որոշումները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 416-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների` օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը վերանայում է Վճռաբեկ դատարանը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 417-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոք ներկայացնելու իրավունք ունեն գործին մասնակցող անձինք և նրանց իրավահաջորդները, եթե վիճելի կամ դատական ակտով հաստատված իրավահարաբերությունը թույլ է տալիս իրավահաջորդություն:

Մինչև 14.03.2024 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե Սահմանադրական դատարանը տվյալ քաղաքացիական գործով դատարանի կիրառած օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի դրույթը ճանաչել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ այն ճանաչել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող, սակայն որոշման եզրափակիչ մասում, բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը, գտել է, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 420-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոք կարող է բերվել երեք ամսվա ընթացքում, որի հաշվարկը սկսվում է` նույն օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքում` Սահմանադրական դատարանի համապատասխան որոշումը Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում հրապարակվելու օրվանից:

Վերը նշված իրավական նորմերի վերլուծությունից բխում է, որ նոր հանգամանքով կարող են վերանայվել նաև Վճռաբեկ դատարանի որոշումները: Ընդ որում, Վճռաբեկ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը նոր հանգամանքներով վերանայում է Վճռաբեկ դատարանը` ինչպես գործին մասնակցող անձանց, այնպես էլ` նրանց իրավահաջորդների բողոքի հիման վրա, եթե վիճելի կամ դատական ակտով հաստատված իրավահարաբերությունը թույլ է տալիս իրավահաջորդություն:

Օրենսդիրը որպես մինչև 14.03.2024 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված նոր հանգամանքի հիմքով դատական ակտը վերանայելու համար անհրաժեշտ պայման է նախատեսել Սահմանադրական դատարանի կողմից տվյալ քաղաքացիական գործով դատարանի կիրառած օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի դրույթը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելը, կամ այդ դրույթը թեկուզև Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելն այն դեպքում, երբ բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը` որոշման եզրափակիչ մասում Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ:

Միևնույն ժամանակ վերը նշված հիմքով դատական ակտը վերանայելու համար օրենսդիրը նախատեսել է եռամսյա ժամկետ` դրա հաշվարկի սկիզբը համարելով Սահմանադրական դատարանի համապատասխան որոշումը Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում հրապարակելու օրը:

i

Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում (մասնավորապես` 11.05.2007 թվականի թիվ ՍԴՈ-701, 18.09.2013 թվականի թիվ ՍԴՈ-1114) անդրադարձել է նոր հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտի իրավակարգավորումներին առնչվող հիմնախնդիրներին` առաջադրելով այն հայեցակարգային դիրքորոշումը, որ Սահմանադրական դատարան դիմելու` անձի իրավունքի արդյունավետ իրացումը պահանջում է Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա դատական ակտերի վերանայման այնպիսի լիարժեք օրենսդրական կարգավորում, որը հնարավորություն կտա անձին վերականգնելու Սահմանադրական դատարանի կողմից Սահմանադրությանը հակասող ճանաչված նորմատիվ ակտի կիրառման արդյունքում խախտված իր սահմանադրական իրավունքը: Սահմանադրական դատարանը գտել է նաև, որ նոր հանգամանքների հիման վրա դատական ակտի վերանայման հետ կապված իրավահարաբերությունների օրենսդրական կարգավորման նպատակը պետք է լինի ինչպես արդարադատության մատչելիությունը, այնպես էլ անձանց սահմանադրական իրավունքների դատական պաշտպանության արդյունավետության ապահովումը, որոնց օրենսդրորեն հստակեցումը կմեծացնի վստահությունն արդարադատության նկատմամբ, մարդկանց հնարավորություն կտա առավել երաշխավորված ու արդյունավետ իրացնել դատական պաշտպանության իրենց սահմանադրական իրավունքը:

i

Սահմանադրական դատարանը, 31.05.2013 թվականի թիվ ՍԴՈ-1099 և 18.09.2013 թվականի թիվ ՍԴՈ-1114 որոշումներում անդրադառնալով նոր հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ տվյալ ինստիտուտի սահմանադրաիրավական բովանդակությունը հանգում է նրան, որ դրա միջոցով ապահովվում է խախտված սահմանադրական և (կամ) կոնվենցիոն իրավունքների վերականգնումը: Վերջինս, իրավական պետության հիմնարար սկզբունքներից ելնելով, պահանջում է խախտման արդյունքում տուժողի համար առաջացած բացասական հետևանքների վերացում, ինչն իր հերթին պահանջում է հնարավորինս վերականգնել մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակը (restitutio in integrum): Այն դեպքում, երբ անձի սահմանադրական և (կամ) կոնվենցիոն իրավունքը խախտվել է օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, այդ իրավունքի վերականգնման նպատակով մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակի վերականգնումը ենթադրում է տվյալ անձի համար այնպիսի վիճակի ստեղծում, որը գոյություն է ունեցել տվյալ դատական ակտի բացակայության պայմաններում: Այսինքն` խնդրո առարկա դեպքում խախտված իրավունքի վերականգնումը հնարավոր է ապահովել համապատասխան դատական ակտի իրավական ուժը կորցնելու պարագայում: Բացի այդ, Սահմանադրական դատարանը նշել է նաև, որ նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայումն անխուսափելիորեն պետք է ipso facto հանգեցնի հակասահմանադրական նորմ կիրառած դատական ակտի և կոնվենցիոն իրավունքի խախտում թույլ տված դատական ակտի բեկանմանը:

Հիմք ընդունելով վերը նշվածը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի ցանկացած վերանայում դրանց կայունության և անփոփոխելիության, կամ որ այն է` իրավական որոշակիության (res judicata) սկզբունքի խախտում է: Մինչդեռ օրենքով սահմանված բացառիկ դեպքերում, երբ առկա են res judicata սկզբունքի հանդեպ գերակա հանգամանքներ, այդ սկզբունքից շեղվելը և օրինական ուժի մեջ մտած ակտերը վերանայելն արդարացված է` պայմանով, որ այդ վերանայումը հետապնդի դատական էական սխալներն ուղղելու, արդարադատության չարաշահումները վերացնելու նպատակ:

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն` նույն հոդվածում նշված գործերով` նորմատիվ իրավական ակտի` դիմողի նկատմամբ կիրառված դրույթը Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչվելու դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանը, այդ դրույթն իր մեկնաբանությամբ ճանաչելով Սահմանադրությանը համապատասխանող, միաժամանակ գտել է, որ այն նրա նկատմամբ կիրառվել է այլ մեկնաբանությամբ, դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման օրենքով սահմանված կարգով:

Նույն հոդվածի 11-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 10-րդ մասը տարածվում է նաև այն անձանց վրա, որոնք Սահմանադրական դատարանում դիմումը մուտքագրվելու օրվա դրությամբ դեռևս պահպանել էին նույն հարցով Սահմանադրական դատարան դիմելու իրենց իրավունքը, սակայն չէին դիմել Սահմանադրական դատարան:

i

Սահմանադրական դատարանն իր 29.03.2022 թվականի թիվ ՍԴՈ-1645 որոշմամբ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 11-րդ մասն այն մասով, որ չի նախատեսում այն անձանց նկատմամբ կայացված վերջնական դատական ակտերի` նոր հանգամանքի հիմքով վերանայում, որոնք դատական պաշտպանության միջոցներն սպառել են Սահմանադրական դատարանում այլ անձի դիմումը մուտքագրվելուց հետո, սակայն նրանց նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականության հարցի վերաբերյալ այլ անձի դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանում գործի դատաքննություն սկսելու օրվա կամ այդ հարցի վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշման հրապարակման օրվա դրությամբ լրացած չի եղել նրանց կողմից Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու համար սահմանված վեցամսյա ժամկետը, ճանաչել է Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներին հակասող ու անվավեր: Նշված որոշմամբ Սահմանադրական դատարանն ընդգծել է, որ այն ֆիզիկական և իրավաբանական անձինք, որոնց նկատմամբ կայացված վերջնական դատական ակտն ուժի մեջ է մտել (դատական պաշտպանության միջոցներն սպառվել են) Սահմանադրական դատարանում այլ անձի դիմումը մուտքագրվելու ու այդ գործի քննության արդյունքում Սահմանադրական դատարանի որոշման հրապարակման միջև ընկած ժամանակահատվածում, և վերջիններս Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ ու 4-րդ կետերով նախատեսված` Սահմանադրական դատարանի կողմից գործի քննությունը մերժելու հիմքերի առկայության պայմաններում զրկված են եղել Սահմանադրական դատարան դիմելու հնարավորությունից, պետք է ունենան վերջնական դատական ակտի վերանայման հավասար հնարավորություն:

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ

Սույն գործի փաստերի համաձայն` Մանե Գևորգյանն իր ֆեյսբուքյան էջում 29.04.2020 թվականին ժամը 00:00-ին հրապարակել է «Թեման ամբողջացնելու համար արձանագրեմ» նախաբանով սկսվող հայտարարություն, որում ասվում է. «(...) վարչապետի աշխատակազմի տվյալներով Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը կեղծ փայատերերի միջոցով ապօրինի փայաբաժիններ է ունեցել նաև «Սպայկա» ընկերությունում, «Երևան մոլում», «Շանթ» և «Արմենիա» հեռուստաընկերություններում, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, մի շարք այլ ընկերություններում: Այդ փայաբաժինների մեծ մասը 2018 թվականի ժողովրդական հեղափոխությունից հետո հապճեպ վաճառվել է: ԶՊՄԿ-ում Մ. Մինասյանի փայաբաժինն, օրինակ, առերևույթ պաշտոնական լիազորությունների չարաշահմամբ և կրկին կեղծ փայատերերի օգնությամբ ձեռք է բերել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը: Վերջինիս հորը պատկանող ընկերությունը դարձել է նաև ԶՊՄԿ բեռների խոշոր փոխադրող: Տպավորություն է, որ սրա արդյունքում է, որ Միքայել Մինասյանի կոռուպցիոն համակարգի առանցքային անձինք, լինելով պոտենցիալ մեղադրյալներ, լքել են Հայաստանը, ինչն էլ դարձել է Մինասյանի կոռուպցիոն արարքների հետաքննության էական խոչընդոտ: ՀՀ վարչապետը ակնկալում է, որ ՀՀ իրավապահ մարմիններն ի հեճուկս բոլոր դժվարությունների` պատշաճ քննության կենթարկեն վերը նշվածը և Հայաստանի ժողովրդին կտան վստահելի պատասխաններ»:

Սույն գործով Արթուր Վանեցյանը հայց է ներկայացրել Դատարան ընդդեմ Մանե Գևորգյանի` պահանջելով Մանե Գևորգյանին պարտավորեցնել սույն գործով վերջնական դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, www.facebook.com սոցիալական կայքում իր` «Mane Gevorgyan» էջում` հղումը https://www.facebook.com/profile.php?id=100000453356168, հրապարակայնորեն հերքել նույն էջում 29.04.2020 թվականին ժամը 00:00-ին հրապարակված` «Թեման ամբողջացնելու համար արձանագրեմ» նախաբանով սկսվող հայտարարությունում իր պատիվը և արժանապատվությունն արատավորող ու զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները, նույն էջից հեռացնել վերը նշված հայտարարությունը և դրա տեղում հրապարակել հայցադիմումին կից ներկայացված հերքման տեքստն ամբողջությամբ` առանց փոփոխության, ինչպես նաև բռնագանձել 2.000.000 ՀՀ դրամ` որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:

Դատարանի 29.06.2021 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` վճռվել է «Պարտավորեցնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Մանե Գագիկի Գևորգյանին սույն գործով վերջնական դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում www.facebook.com սոցիալական կայքում իր` «Mane Gevorgyan» էջում, իր օգտահաշվի միջոցով հրապարակայնորեն հերքել նույն էջում 29.04.2020թ., ժամը` 00:00-ին, հրապարակված «Թեման ամբողջացնելու համար արձանագրեմ» նախաբանով սկսվող հայտարարությունը` հրապարակելով Դատարանի կողմից սահմանված հերքման տեքստը հետևյալ բովանդակությամբ.

(...):

Հայցապահանջը մնացած մասով` մերժել:

(...)»:

Վերաքննիչ դատարանը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածի 8-րդ կետի մեկնաբանության արդյունքում հաստատված համարելով, որ`

- համացանցի Facebook սոցիալական կայքում պատասխանող Մանե Գևորգյանն ունի անձնական էջ,

- իր ֆեյսբուքյան էջում պատասխանողը, հանդիսանալով ՀՀ վարչապետի մամլո խոսնակ, հրապարակել է հայտարարություն,

- հայտարարությունը ի թիվս այլնի, բովանդակել է որոշակի տեղեկատվություն,

- գործով անվիճելի է նաև, որ նշված արտահայտությունն արվել է հրապարակային,

եզրահանգել է, որ բողոք ներկայացրած անձի պնդումն այն մասին, որ պատասխանողի անձնական էջը լրատվության միջոց չէ` անհիմն է` հավելելով, որ բողոք ներկայացրած անձը Մանե Գևորգյանի ֆեյսբուքյան էջը «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքով նախատեսված հատկանիշները չբովանդակելու վերաբերյալ հայտնել է բացառապես պնդում, որը չի ուղեկցվում օրենքով նախատեսված որևէ հատկանիշի, որևէ պայմանի մատնանշմամբ, որի բացակայության հիմքով կարող է հերքվել պատասխանողի ֆեյսբուքյան էջի` լրատվության միջոց հանդիսանալու փաստը, ուստի հերքվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածի 8-րդ մասի 1-ին կետի` սույն գործով կիրառելի չլինելու վերաբերյալ բողոք ներկայացրած անձի պնդումը:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը, Մանե Գևորգյանի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու արդյունքում 10.06.2024 թվականին կայացված որոշմամբ անդրադառնալով այն հարցին, թե կարո՞ղ է արդյոք անձը դատական կարգով պահանջել լրատվության միջոցով հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները, եթե այդ տվյալները տեղ չեն գտել լրատվական գործունեություն իրականացնողի կողմից լրատվության միջոցով տարածված տեղեկատվության մեջ, դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու և (կամ) դրանց վերաբերյալ իր պատասխանը հրապարակելու մասին պահանջ անձը կարող է ներկայացնել բացառապես այն դեպքում, երբ զրպարտությունը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, այսինքն` «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի իմաստով այն իրավաբանական կամ ֆիզիկական անձի, այդ թվում` անհատ ձեռնարկատիրոջ, որն իր անունից լրատվության միջոցով, այդ թվում նաև` սոցիալական ցանցերում, առցանց հարթակներում, տարածել է այդ տեղեկատվությունը:

Արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանը, հաստատված համարելով, որ տվյալ դեպքում պատասխանող Մանե Գևորգյանը վերը նշված հրապարակումը «Facebook» համացանցային կայքում իրականացրել է ոչ թե որպես լրատվական գործունեություն իրականացնող, այլ` որպես այդ կայքի օգտատեր և իր անձնական էջում` «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի իմաստով չհանդիսանալով ինչպես լրատվական գործունեություն իրականացնող ֆիզիկական անձ, այնպես էլ` անհատ ձեռնարկատեր, իսկ այդ հրապարակումն էլ չի տարածվել նույն օրենքի իմաստով լրատվության միջոցով, եզրահանգել է, որ Մանե Գևորգյանի նկատմամբ չէր կարող դատական կարգով պահանջ ներկայացվել հրապարակայնորեն զրպարտություն համարվող փաստացի տվյալները հերքելու մասին:

Մեկ այլ` թիվ ԵԴ/9074/02/19 քաղաքացիական գործով հայցվոր Արտակ Զեյնալյանը 11.04.2024 թվականին դիմում է մուտքագրել Սահմանադրական դատարանում, որի հիման վրա Սահմանադրական դատարանը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածի 8-րդ մասի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով 01.10.2024 թվականին կայացրած թիվ ՍԴՈ-1752 որոշման եզրափակիչ մասի 1-ին կետով արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածի 8-րդ մասն այնքանով, որքանով լրատվական գործունեություն չիրականացնողի կողմից համացանցում տարածված զրպարտության դեպքում շահագրգիռ անձի համար չի նախատեսում զրպարտությունը հերքելու, դրա պատասխանը ներկայացնելու, այն հեռացնելու կամ վերը նշված կարգավորումներին համարժեք այլ հնարավորություն, ճանաչել է Սահմանադրության 31-րդ հոդվածին (75-րդ հոդվածի հետ համակցությամբ) հակասող և անվավեր:

i

Այսինքն` Սահմանադրական դատարանն իր կողմից 01.10.2024 թվականին կայացված թիվ ՍԴՈ-1752 որոշմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածի 8-րդ կետն այնքանով, որքանով լրատվական գործունեություն չիրականացնողի կողմից համացանցում տարածված զրպարտության դեպքում շահագրգիռ անձի համար չի նախատեսում զրպարտությունը հերքելու, դրա պատասխանը ներկայացնելու, այն հեռացնելու կամ վերը նշված կարգավորումներին համարժեք այլ հնարավորություն, ճանաչել է Սահմանադրության 31-րդ հոդվածին (75-րդ հոդվածի հետ համակցությամբ) հակասող և անվավեր:

Այժմ սույն գործով հայցվոր Արթուր Վանեցյանը, օգտվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ և 11-րդ

(Սահմանադրական դատարանի 29.03.2022 թվականի թիվ ՍԴՈ-1645 որոշմամբ արտահայտված դիրքորոշման համատեքստում) մասերով իրեն վերապահված իրավունքից,

ՀՀ վճռաբեկ դատարան է ներկայացրել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված նոր հանգամանքով դատական ակտի վերանայման բողոք:

Նոր հանգամանքով դատական ակտի վերանայման բողոքում որպես դատական ակտի վերանայման համար հիմք հանդիսացող նոր հանգամանքի շարադրանքը և հիմնավորումը համադրելով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 10.06.2024 թվականի որոշման հետ` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Սահմանադրական դատարանի 01.10.2024 թվականի թիվ ՍԴՈ-1752 որոշումը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի իմաստով նոր հանգամանք է ու ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 10.06.2024 թվականի որոշումը վերանայելու հիմք:

Այսպիսով, բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված նոր հանգամանքի հիմքով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 10.06.2024 թվականի որոշումը վերանայելու համար:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը, քննելով Վերաքննիչ դատարանի 28.12.2021 թվականի որոշման դեմ Մանե Գևորգյանի բերած վճռաբեկ բողոքը, որը ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 07.06.2022 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ, գտնում է, որ այն ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի համաձայն` վճռաբեկ բողոքում պետք է նշվեն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքը և դրա հիմնավորումը:

i

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վճռաբեկ բողոք բերած անձը որպես այն վարույթ ընդունելու հիմք նշել է ինչպես ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքը` պայմանավորված նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով` նշելով, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ բողոքարկվող դատական ակտում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածի 3-րդ կետի մեկնաբանությունը հակասում է վճռաբեկ բողոքում նշված` ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից թիվ ԼԴ/0749/02/10 քաղաքացիական գործով 27.04.2012 թվականին կայացրած որոշման մեջ նույն նորմին տրված մեկնաբանությանը, այնպես էլ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով` նշելով, որ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածի 8-րդ կետի 1-ին ենթակետի ու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի այնպիսի խախտումներ, որոնք խաթարել են արդարադատության բուն էությունը:

Անդրադառնալով վճռաբեկ բողոքում նշված` վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու վերը նշված առաջին հիմքին և դրա վերաբերյալ հիմնավորմանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թիվ ԼԴ/0749/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից 27.04.2012 թվականին կայացված որոշման հետ Վերաքննիչ դատարանի 28.12.2021 թվականի որոշման համեմատական վերլուծության արդյունքում չի հաստատվում Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածի 3-րդ կետին հակասող մեկնաբանություն տալու հանգամանքը:

Անդրադառնալով վճռաբեկ բողոքում նշված` վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու երկրորդ հիմքին և դրա վերաբերյալ հիմնավորմանը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված հիմքի առկայությունը ևս չի հաստատվում` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածի 8-րդ կետի 1-ին ենթակետի մասով հիմք ընդունելով Սահմանադրական դատարանի 01.10.2024 թվականի թիվ ՍԴՈ-1752 որոշմամբ արտահայտված վերը նշված դիրքորոշումները, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասով` Վերաքննիչ դատարանին վերագրող` որպես արդարադատության բուն էությունը խաթարող խախտումներ թույլ տալու մասին բողոքում նշված հիմնավորումները բավարար չլինելը:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար չէ Վերաքննիչ դատարանի 28.12.2021 թվականի որոշումը բեկանելու համար: Հետևաբար` սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված` վճռաբեկ բողոքը մերժելու և ստորադաս դատարանի դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելու լիազորությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական տուրքի գանձման օբյեկտները, պետական տուրքի չափը և վճարման կարգը սահմանվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ) կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 10.06.2024 թվականի որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու արդյունքում Մանե Գևորգյանի բերած վճռաբեկ բողոքը ենթակա է մերժման, իսկ Մանե Գևորգյանը վճռաբեկ բողոք ներկայացնելիս նախապես վճարել է մինչև 30.10.2021 թվականը գործած խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածով սահմանված դրույքաչափերով պետական տուրք, ինչպես նաև այն, որ այլ դատական ծախսերի վերաբերյալ պահանջ չի ներկայացվել, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ծախսերի հարցը պետք է համարել լուծված:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ, 419-րդ, 426-րդ ու 427-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Նոր հանգամանքով դատական ակտի վերանայման բողոքը բավարարել: Նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 10.06.2024 թվականի որոշումը:

2. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.12.2021 թվականի որոշումը թողնել օրինական ուժի մեջ` սույն որոշման պատճառաբանություններով:

3. Դատական ծախսերի հարցը համարել լուծված:

4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող և զեկուցող Գ. Հակոբյան

Ա. Աթաբեկյան

Ն. Հովսեփյան

Ս. Մեղրյան

Ա. Մկրտչյան

Է. Սեդրակյան

Վ. Քոչարյան

 

https://datalex.am:443/?app=AppCaseSearch&case_id=45880421204039790

 

 

pin
Վճռաբեկ դատարան
25.04.2025
N ԵԴ/16144/02/20
Որոշում