ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ
դատարանի որոշում թիվ ԵԴ/25720/02/18
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/25720/02/18 2025 թ.
Նախագահող դատավոր` Ն. Մարգարյան
Դատավորներ` Հ. Ենոքյան
Կ. Համբարձումյան
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող Գ. Հակոբյան
զեկուցող Ա. Մկրտչյան
Ա. Աթաբեկյան
Ս. Մեղրյան
Է. Սեդրակյան
Վ. Քոչարյան
2025 թվականի ապրիլի 25-ին
գրավոր ընթացակարգով քննելով ըստ «Նաիրի հրատարակչություն» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` Ընկերություն) հայցի ընդդեմ Քնարիկ Մարգարյանի, երրորդ անձինք Հրանտ Սահակյանի, Սուսաննա Շահվերդյանի, Օֆելյա Տիտանյանի, Մարինե Ճանճապանյանի և Արմեն Վարդանյանի` վնասը հատուցելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.07.2024 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ Հրանտ Սահակյանի, Սուսաննա Շահվերդյանի, Մարինե Ճանճապանյանի ու Արմեն Վարդանյանի բերած վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Քնարիկ Մարգարյանը պահանջել է Ընկերությունից բռնագանձել 744.120 ՀՀ դրամ` որպես չվճարված աշխատավարձ, դրան հավելագրված տոկոսները, ինչպես նաև չօգտագործված ամենամյա արձակուրդի համար դրամական հատուցում և դրան հավելագրված տոկոսները` կետանցի օրվանից մինչև պարտավորությունների փաստացի կատարումը:
Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է Քնարիկ Մարգարյանից բռնագանձել 1.737.838 ՀՀ դրամ` որպես պատճառված վնասի հատուցում:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 13.05.2021 թվականի որոշմամբ գործի վարույթը կարճվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.11.2021 թվականի որոշմամբ գործին մասնակից չդարձած անձինք Հրանտ Սահակյանի, Սուսաննա Շահվերդյանի, Օֆելյա Տիտանյանի, Մարինե Ճանճապանյանի և Արմեն Վարդանյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 13.05.2021 թվականի որոշումը մասնակիորեն` հակընդդեմ հայցով քաղաքացիական գործի վարույթը կարճելու մասով, վերացվել է, ու այդ մասով գործն ուղարկվել է նոր քննության:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 11.05.2022 թվականի որոշմամբ Քնարիկ Մարգարյանի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ` Դատարան) 22.09.2023 թվականի արձանագրային որոշմամբ Հրանտ Սահակյանը, Սուսաննա Շահվերդյանը, Մարինե Ճանճապանյանը և Արմեն Վարդանյանը գործին ներգրավվել են որպես երրորդ անձինք:
Դատարանի 25.06.2024 թվականի որոշմամբ գործի վարույթը կարճվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 30.07.2024 թվականի որոշմամբ Հրանտ Սահակյանի, Սուսաննա Շահվերդյանի, Մարինե Ճանճապանյանի և Արմեն Վարդանյանի վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել երրորդ անձինք Հրանտ Սահակյանը, Սուսաննա Շահվերդյանը, Մարինե Ճանճապանյանը և Արմեն Վարդանյանը (ներկայացուցիչ Էդիկ Ոսկանյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերությունը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-9-րդ, 360-րդ ու 372-րդ հոդվածները:
Բողոք բերած անձինք նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել են հետևյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Ընկերության տնօրեն չհանդիսացող անձը` Քնարիկ Մարգարյանը, չի կարող հրաժարվել հայցապահանջից` դրանով Ընկերությանը և իրենց` բաժնետերերին պատճառելով նյութական վնաս և Ընկերությանը զրկելով դատական պաշտպանության իրավունքից: Հետևաբար` անհիմն է Վերաքննիչ դատարանի այն մեկնաբանությունը, թե երրորդ անձանց համար անբարենպաստ դատական ակտ առկա չէ: Ավելին` իրենց վերաքննիչ բողոքը վարույթ չընդունելով` Վերաքննիչ դատարանն անհնարին է դարձրել այնպիսի դատական ակտի իրավաչափության քննարկումը, որով Ընկերության տնօրեն չհանդիսացող անձն ինքն իր դեմ ներկայացված հայցից հրաժարվել է:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ իրենք բողոքարկել են գործն ըստ էության լուծող դատական ակտը` կարճման որոշումը, որի շրջանակներում, օգտվելով հետաձգված բողոքարկման իրավունքից, բողոքարկվել է նաև գործի վարույթը կասեցնելը մերժելու մասին որոշումը: Հետևաբար` հետաձգված բողոքարկման ինստիտուտի շրջանակներում Վերաքննիչ դատարանն առնվազն այս մասով պարտավոր էր վարույթ ընդունել վերաքննիչ բողոքը, քանի որ այն շոշափում և խախտում է իրենց իրավունքները:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են վերացնել Վերաքննիչ դատարանի 30.07.2024 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը, հիմնավորումները
Վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ:
Բողոքաբերները չեն մանրամասնել, թե իրենց որ իրավունքն է խախտվել կամ ինչ վնաս են վերջիններս կրել, սույն գործի քննության ընթացքում երրորդ անձանց համար անբարենպաստ դատական ակտ չի կայացվել:
Անդրադառնալով բողոքաբերների փաստարկին այն մասին, որ ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունն իրեն չի գրանցել որպես տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, հայտնել է, որ նույն գործակալության պետի 12.06.2024 թվականի գրությամբ հայտնվել է, որ տնօրենի և ժամանակավոր պաշտոնակատարի տվյալները նույնն են, հետևաբար այդ մասով գործադիր մարմնի ղեկավարի փոփոխություն կատարելն իրատեսական չէ, քանի որ իր մասին տեղեկությունն արդեն իսկ գրառված է պետական միասնական գրանցամատյանում:
3. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄԸ
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ ու 372-րդ հոդվածների այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
1) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե բողոքը ներկայացրել է այն անձը, որը դատական ակտը բողոքարկելու իրավունք չունի:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող անձինք ունեն առաջին ատյանի դատարանի դատական ակտերի վերաքննության կարգով վերանայման իրավունք` նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` առաջին ատյանի դատարանի վճիռների և նույն օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված որոշումների դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն գործին մասնակցող անձինք:
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` անձը կարող է վերաքննիչ բողոք ներկայացնել դատական ակտի` միայն իր համար անբարենպաստ մասի դեմ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` քաղաքացիական դատավարության մասնակիցներն են (...) գործին մասնակցող անձինք (...):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` գործին մասնակցող անձինք են երրորդ անձինք:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձինք ունեն և կրում են միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, նույն օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված դատավարական իրավունքներ և պարտականություններ:
Վերը նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ գործին մասնակցող անձինք են նաև երրորդ անձինք, որոնք ևս ունեն և կրում են նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված դատավարական իրավունքներ ու պարտականություններ: Այդպիսի դատավարական իրավունք է նաև առաջին ատյանի դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք բերելու երրորդ անձանց իրավունքը: Ընդ որում, նշված իրավունքն իրացնելու համար անհրաժեշտ պայման է տվյալ դատական ակտի` վերաքննիչ բողոք ներկայացրած անձի համար անբարենպաստ լինելը: Նշված կանոնից բացառություն են կազմում օրենքով նախատեսված դեպքերը:
i
ՀՀ վճռաբեկ դատարանը բազմիցս արձանագրել է, որ Սահմանադրության և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի համապատասխան հոդվածներով ամրագրված` անձի դատական պաշտպանության իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկը դատական ակտերի բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, ի թիվս այլնի, Սուսաննա Արարատի Միրզոյանն ընդդեմ Սուսաննա Միհրանի Միրզոյանի թիվ ԱՐԱԴ/0170/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը, «Ֆասթ Սփլայ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ3/0347/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.03.2015 թվականի որոշումը, Վարդան Աբրահամյանն ընդդեմ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի թիվ ԵԴ/17609/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.04.2019 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ օրենսդիրը դատական ակտերի (վճիռներ և որոշումներ) բողոքարկումը պայմանավորել է այդ ակտերի` բողոքարկող անձանց համար անբարենպաստ լինելու հանգամանքով: Այլ կերպ ասած` եթե վերադասության կարգով բողոքարկման ենթակա դատական ակտը բարենպաստ է այն բողոքարկող անձի համար, ապա վերջինս այդ ակտը վերադասության կարգով բողոքարկելու իրավունք չունի, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Նշվածն ուղղված է այնպիսի դատական սխալների բացահայտմանը, որոնք շահագրգիռ անձանց համար հանգեցրել են անբարենպաստ իրավական հետևանքների: Այդ իսկ նկատառումով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածը, ի թիվս այլնի, իմպերատիվ ձևով սահմանում է վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու այն հիմքը, որի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը ենթակա է մերժման, եթե բողոքը ներկայացրել է այն անձը, որը դատական ակտը բողոքարկելու իրավունք չունի: Փաստորեն, օրենսդրորեն որդեգրվել է այն մոտեցումը, որ դատական ակտի դեմ անձի կողմից բերված վերաքննիչ բողոքի ընդունումը ենթակա է մերժման նաև այն դեպքում, երբ վերաքննիչ բողոքը ներկայացրել է այն անձը, որը դատական ակտը բողոքարկելու իրավունք չունի` այն վերջինիս համար անբարենպաստ չլինելու հիմքով:
i
Ընդ որում, վերը նշված հիմքով վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելիս անհրաժեշտ է, որ վերաքննիչ դատարանը համապատասխան իրավական և փաստական հանգամանքների վկայակոչմամբ հիմնավորի ու պատճառաբանի բողոքարկված դատական ակտի` բողոք բերած անձի համար բարենպաստ լինելու փաստի առկայությունը: Միայն այս դեպքում կարող է վերաքննիչ դատարանի կողմից կայացված դատական ակտը լինել օրինական, հիմնավորված և պատճառաբանված (տե՛ս «Ինեկոբանկ» ՓԲԸ-ն ընդդեմ «ԲԱՄ-ԱՍ» ՍՊԸ-ի և այլոց թիվ ԵԿԴ/2603/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 15.12.2020 թվականի որոշումը):
2) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե բողոքարկվել է այն դատական ակտը, որը ենթակա չէ բողոքարկման վերաքննության կարգով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածով նախատեսված իրավակարգավորումներից բխում է, որ օրենսդիրը սահմանել է քաղաքացիական գործերով կայացվող դատական ակտերի երկու տեսակ` եզրափակիչ և միջանկյալ դատական ակտեր: Նույն հոդվածի 2-րդ մասում օրենսդիրը, սպառիչ թվարկելով եզրափակիչ դատական ակտերը, միաժամանակ սահմանել է, որ միջանկյալ դատական ակտեր են նույն հոդվածի 2-րդ մասում չնշված որոշումները, որոնք կայացվում են առանձին ակտի ձևով կամ արձանագրային որոշմամբ:
Տվյալ դեպքում գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին որոշումը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 2-րդ մասում նշված չէ, ուստի այն հանդիսանում է միջանկյալ դատական ակտ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող անձինք ունեն առաջին ատյանի դատարանի դատական ակտերի վերաքննության կարգով վերանայման իրավունք` նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի 1-14-րդ կետերում թվարկված են վերաքննության կարգով բողոքարկման ենթակա առաջին ատյանի դատարանի որոշումները: Միևնույն ժամանակ նույն հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով օրենսդիրը նախատեսել է, որ բացի վերը նշված որոշումներից, վերաքննության կարգով բողոքարկման ենթակա են նաև այլ որոշումներ` պայմանով, որ դրանց բողոքարկման հնարավորությունը սահմանված լինի օրենքով:
Տվյալ դեպքում գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին որոշումը ներառված չէ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի 1-14-րդ կետերում. այդ որոշման վերաքննության կարգով բողոքարկումը նախատեսված չէ նաև այլ օրենքով: Այսինքն` գործող իրավակարգավորումների պայմաններում բացակայում է գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին որոշման` անմիջական բողոքարկման շրջանակներում վերանայման հնարավորությունը:
Սահմանադրական դատարանը, վերլուծելով միջանկյալ դատական ակտերի բողոքարկմանն առնչվող իրավանորմերը, բազմիցս արձանագրել է, որ օրենսդիրը տարբերակում է միջանկյալ դատական ակտերի բողոքարկման երկու հիմնական կարգ, այն է` բողոքարկում գործն ըստ էության լուծող դատական ակտի բողոքարկման շրջանակներում` «հետաձգված բողոքարկում», և միջանկյալ դատական ակտի անմիջական բողոքարկում: (...):
i
Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ միջանկյալ դատական ակտերի «հետաձգված բողոքարկման», այն է` գործն ըստ էության լուծող դատական ակտի բողոքարկման շրջանակներում բողոքարկելու կարգի սահմանումը նպատակ է հետապնդում ապահովելու գործի քննությունը ողջամիտ ժամկետում կազմակերպելու, դատաքննությունն անհարկի ձգձգումներից զերծ պահելու պահանջի երաշխավորումը, ինչպես նաև դատավարական գործընթացի արդյունավետության իրավաչափ նպատակ (տե՛ս, օրինակ, Սահմանադրական դատարանի 02.11.2010 թվականի թիվ ՍԴՈ-922 որոշումը):
i
Իր հերթին ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը, կանոնակարգելով միջանկյալ դատական ակտերի բողոքարկումը, ելնելով անձի իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության միջոցների արդյունավետության երաշխիքների սահմանման անհրաժեշտությունից, գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսել է միջանկյալ դատական ակտերի բողոքարկման անմիջական և հետաձգված կարգեր: (...): Օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված միջանկյալ դատական ակտերի համար սահմանել է անմիջական բողոքարկման կարգ, իսկ նշված դրույթով չնախատեսված մնացած բոլոր միջանկյալ դատական ակտերի համար գործում է «հետաձգված բողոքարկման» կարգը` բողոքարկում եզրափակիչ դատական ակտի բողոքարկման շրջանակներում (տե՛ս, օրինակ, Լարիսա Մկրտչյանն ընդդեմ Լարա-Դինարա Մկրտիչյանի, «Նոր Նորք» նոտարական տարածքի նոտար Օսան Հակոբյանի թիվ ԵԴ/20761/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 20.10.2020 թվականի որոշումը):
Դրանից ելնելով` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին որոշումը բողոքարկելու իրավական հնարավորությունը «հետաձգված բողոքարկումն» է, այն է` եզրափակիչ դատական ակտի բողոքարկման շրջանակներում:
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ
1. Սույն գործի փաստերի համաձայն` դիմելով դատարան` Քնարիկ Մարգարյանը պահանջել է Ընկերությունից բռնագանձել 744.120 ՀՀ դրամ` որպես չվճարված աշխատավարձ, դրան հավելագրված տոկոսները, ինչպես նաև չօգտագործված ամենամյա արձակուրդի համար դրամական հատուցում և դրան հավելագրված տոկոսները` կետանցի օրվանից մինչև պարտավորությունների փաստացի կատարումը:
Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է Քնարիկ Մարգարյանից բռնագանձել 1.737.838 ՀՀ դրամ` որպես պատճառված վնասի հատուցում:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 13.05.2021 թվականի որոշմամբ գործի վարույթը կարճվել է հայցից և հակընդդեմ հայցից հրաժարվելու հիմքով:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.11.2021 թվականի որոշմամբ գործին մասնակից չդարձած անձինք Հրանտ Սահակյանի, Սուսաննա Շահվերդյանի, Օֆելյա Տիտանյանի, Մարինե Ճանճապանյանի և Արմեն Վարդանյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 13.05.2021 թվականի որոշումը մասնակիորեն` Ընկերության հակընդդեմ հայցով քաղաքացիական գործի վարույթը կարճելու մասով, վերացվել է, ու այդ մասով գործն ուղարկվել է նոր քննության հետևյալ պատճառաբանությամբ.
«հակընդդեմ հայցի հարուցումը պայմանավորված է եղել Քնարիկ Մարգարյանի` որպես 06.02.2013թ.-31.03.2017թ. ժամանակահատվածում Ընկերության տնօրենի գործունեության արդյունքում Ընկերությանը պատճառված հնարավոր վնասի հատուցման հետ: Այսինքն` հակընդդեմ հայցը հարուցված է եղել Ընկերության նախկին տնօրենի դեմ, ով գործի քննության ընթացքում, մասնավորապես 19.01.2021թ. վերստին զբաղեցրել է Ընկերության գործադիր մարմնի ղեկավարի` տնօրենի պաշտոնը: Այսինքն` ստացվում է, որ նշված փաստով պայմանավորված` արդեն իսկ առաջացել է շահերի բախում, քանի որ հակընդդեմ հայցով պատասխանող հանդիսացող անձը այլևս հանդիսացել է նույն ընկերության տնօրեն, ընդ որում այն ընկերության, որին պատճառված ենթադրյալ վնասի հատուցման պահանջն էլ հենց հանդիսացել է հակընդդեմ հայցի առարկան, հետևաբար Դատարանը, ելնելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 90-րդ հոդվածի 5-րդ մասի իրավակարգավորումից (...) պետք է ընկերության բաժնետերերին մասնակից դարձներ գործի քննությանը: (...) բողոքաբերները սույն գործի քննությանը մասնակից չդարձվելու հետևանքով զրկվել են գործին մասնակցող անձանց վերապահված իրավունքներից օգտվելու և նրանց համար սահմանված պարտականությունները կատարելու հնարավորությունից»:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.11.2021 թվականի որոշումը մտել է օրինական ուժի մեջ:
Ընկերության հակընդդեմ հայցի մասով գործի նոր քննության ընթացքում գործին մասնակից չդարձած անձինք Հրանտ Սահակյանը, Սուսաննա Շահվերդյանը, Օֆելյա Տիտանյանը, Մարինե Ճանճապանյանը և Արմեն Վարդանյանը Դատարանի արձանագրային որոշմամբ ներգրավվել են որպես երրորդ անձինք:
Գործի նոր քննության ընթացքում Ընկերությունը` ի դեմս որպես տնօրեն հանդես եկող Քնարիկ Մարգարյանի, Դատարան է ներկայացրել հայցից հրաժարվելու հիմքով գործի վարույթը կարճելու վերաբերյալ միջնորդություն:
Դատարանի 25.06.2024 թվականի «Քաղաքացիական գործի վարույթը կարճելու մասին» որոշմամբ որպես Ընկերության տնօրեն հանդես եկող Քնարիկ Մարգարյանի կողմից ներկայացված` հայցից հրաժարվելու հիմքով գործի վարույթը կարճելու վերաբերյալ միջնորդությունը բավարարվել է:
Անդրադառնալով գործի վարույթը կարճելու վերաբերյալ միջնորդությանը` Դատարանը, արձանագրելով, որ
«Ընկերությունը` ի դեմս միանձնյա գործադիր մարմնի իրավասություններով օժտված Քնարիկ Մարգարյանի, նախ փաստաբան Արամ Գրիգորյանին վերապահել է իրավունք` ընկերության անունից հայցապահանջներից ամբողջովին կամ մասնակիորեն հրաժարվելուն ուղղված դատավարական գործողություն կատարել, որից հետո ելնելով քաղաքացիական դատավարությունում գործող տնօրինչականության սկզբունքից` (ընկերությունը) փաստաբան Արամ Գրիգորյանի միջոցով հրաժարվել է սույն գործով ներկայացված հայցապահանջից` ըստ էության հրաժարվելով քաղաքացիական դատավարության կանոններով Ընկերության իրավունքների և օրինական շահերի պաշտպանության միջոցից»,
եզրահանգել է, որ «11.06.2021 թվականի լիազորագիրը տալու, ինչպես նաև Ն. Հովսեփյանի նախագահությամբ գործի քննության ժամանակահատվածում հայցից հրաժարվելու վերաբերյալ միջնորդություններ ներկայացնելու դրությամբ Քնարիկ Մարգարյանն օժտված է եղել և նաև այս պահին օժտված է Ընկերության միանձնյա գործադիր մարմնի իրավասություններով` ներառյալ հայցից հրաժարվելու դատավարական իրավունքն իրացնելու հնարավորությամբ»:
Դատարանի 25.06.2024 թվականի որոշումը բողոքարկվել է վերաքննության կարգով:
Անդրադառնալով գործի վարույթը կարճելու մասով վերաքննիչ բողոք ներկայացնելու երրորդ անձանց իրավունքի առկայությանը` Վերաքննիչ դատարանն արձանագրել է հետևյալը.
«տվյալ դեպքում, գործի վարույթը կարճվել է հայցվորի կողմից հայցից հրաժարվելու հիմքով, իսկ բողոքը բերվել է պատասխանող կողմում ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձանց անունից, որոնց հիմնական փաստարկները հանգում են նրան, որ դատարանը պետք է շարունակեր գործի քննությունը և իրենց ներկայացրած միջնորդության հիմքով կասեցներ գործի վարույթը: Այսինքն, հայցվորի պահանջն ուղղված է եղել պատասխանողի դեմ, որից հետագայում հրաժարվել է, հետևաբար` առկա չէ երրորդ անձանց համար անբարենպաստ դատական ակտ: Ուստի, սույն գործով վերաքննիչ բողոքը ներկայացրել են այն անձինք, որոնք դատական ակտը բողոքարկելու իրավունք չունեն»:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` օրինական ուժի մեջ մտած դատական ակտը, ինչպես նաև դատարանի պահանջները կատարման համար պարտադիր են դրանց հասցեատերերի համար և ենթակա են կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:
Իրավական որոշակիության սկզբունքը երաշխավորում է օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կայունությունը, ինչը, ի թիվս այլ հատկանիշների (անհերքելիություն, բացառիկություն, նախադատելություն), ենթադրում է այդպիսի դատական ակտի պարտադիրությունը:
i
ՀՀ վճռաբեկ դատարանն իրավական որոշակիության սկզբունքի շրջանակներում անդրադառնալով օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պարտադիրության հատկանիշին` արձանագրել է, որ արդար դատաքննության իրավունքը պահպանված է այն դեպքում, երբ անձը հնարավորություն ունի ստանալու որոշակի, հաստատուն որոշում` կապված իր իրավունքների և պարտականությունների հետ, ու կարող է համոզված լինել, որ որոշ ժամանակ անց այդ որոշումը չի վերացվի (տե՛ս, օրինակ, Գայանե Վարդանյանն ընդդեմ Վարդան և Միշա Վարդանյանների ու մյուսների թիվ ԱՐԴ/0062/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ.
- սույն գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.11.2021 թվականի օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատվել է Ընկերությանը պատճառված վնասը հատուցելու հակընդդեմ հայցի մասով Հրանտ Սահակյանի, Սուսաննա Շահվերդյանի, Օֆելյա Տիտանյանի, Մարինե Ճանճապանյանի և Արմեն Վարդանյանի իրավունքներին, պարտականություններին ու օրինական շահերին առնչությունը: Նշվածից ելնելով էլ` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 13.05.2021 թվականի որոշումը բեկանել է բացառապես հակընդդեմ հայցապահանջի մասով, գործն ուղարկել նոր քննության` ապահովելով գործին մասնակից չդարձած անձանց իրավունքներին և պարտականություններին առնչվող, դրանք սահմանափակող, համապատասխանաբար դրանց իրացմանն ու կատարմանն օբյեկտիվորեն խոչընդոտող դատական ակտի բողոքարկման իրական հնարավորությունը` որպես իրենց խախտված իրավունքների վերականգնման գործուն երաշխիք: Քնարիկ Մարգարյանի հայցի մասով գործի վարույթը կարճելու որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ: Հետևաբար գործի նոր քննության ընթացքում քննության առարկա է եղել բացառապես Ընկերության հակընդդեմ հայցն ընդդեմ Քնարիկ Մարգարյանի` Ընկերությանը պատճառված վնասը հատուցելու պահանջի մասին,
- Ընկերության հակընդդեմ հայցի մասով գործի նոր քննության ընթացքում գործին մասնակից չդարձած անձինք Հրանտ Սահակյանը, Սուսաննա Շահվերդյանը, Օֆելյա Տիտանյանը, Մարինե Ճանճապանյանը և Արմեն Վարդանյանը Դատարանի արձանագրային որոշմամբ ներգրավվել են որպես երրորդ անձինք, հետևաբար` Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ «տվյալ դեպքում գործի վարույթը կարճվել է հայցվորի կողմից հայցից հրաժարվելու հիմքով, իսկ բողոքը բերվել է պատասխանող կողմում ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձանց անունից», Վճռաբեկ դատարանը գնահատում է գործի փաստական հանգամանքներից չբխող,
- գործի նոր քննության ընթացքում ներգրավված երրորդ անձինք հանդիսանում են Ընկերության բաժնետերեր: Ընդ որում, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 26.11.2021 թվականի որոշմամբ գործին մասնակից չդարձած անձանց իրավունքների և պարտականությունների վրա Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 13.05.2021 թվականի դատական ակտի ազդեցությունը հիմնավորելիս հիմք է ընդունել հենց այդ հանգամանքը:
Այսինքն` գործին մասնակից չդարձած անձանց իրավունքների և պարտականությունների վրա Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 13.05.2021 թվականի որոշման` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.11.2021 թվականի օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատված ազդեցությունը կանխորոշել է գործի վարույթը կարճելու մասով ստորադաս դատարանների ինչպես 13.05.2021 թվականի, այնպես էլ 25.06.2024 թվականի որոշումների բողոքարկման իրավական հնարավորությունն այդ անձանց կողմից` նկատի ունենալով նաև, որ երկու շրջափուլերի արդյունքում էլ Ընկերության հակընդդեմ հայցի մասով գործի վարույթը կարճվել է նույն` Ընկերության անունից հակընդդեմ հայցից հրաժարվելու հիմքով:
i
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել նաև, որ չնայած ինչպես անձի սուբյեկտիվ իրավունքների և օրինական շահերի պաշտպանության նպատակով դատարան հայց ներկայացնելու իրավունքը, այնպես էլ հարուցված հայցից հրաժարվելու իրավունքը տնօրինչականության սկզբունքի ուժով պատկանում են բացառապես հայցվորին (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 12-րդ հոդված) (տե՛ս Սահմանադրական դատարանի 10.03.2020 թվականի թիվ ՍԴՈ-1515 որոշումը), այդուհանդերձ, հատուկ հայցային վարույթի կարգով քննվող գործերով, մասնավորապես` կորպորատիվ վեճերի քննության ընթացքում հայցից հրաժարվելու իրավունքն ունի որոշակի սահմանափակումներ:
Այսպես, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածով նաև նախատեսվել են Կորպորատիվ վեճերի քննության ընթացքում հայցից հրաժարվելուն վերաբերող պահանջները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը կարող է պահանջներից հրաժարվելը ճանաչել ոչ իրավաչափ, եթե այդպիսի հրաժարումը հակասում է օրենքին կամ այլ իրավական ակտերին, խախտում է այլ անձի, ներառյալ` նույն օրենսգրքի 215-րդ հոդվածի 1-ին մասում նշված իրավաբանական անձի իրավունքներն ու օրինական շահերը, (...):
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ վկայակոչված իրավակարգավորումը, ելնելով իրավաբանական անձի շահերի պաշտպանության անհրաժեշտությունից, նախատեսել է այլ անձի, ներառյալ` իրավաբանական անձի հիմնադիրների, մասնակիցների կամ անդամների շահերը տնօրինչականության սկզբունքի կամայական դրսևորումներից ապահովագրելու հնարավորություն նաև այն դեպքում, երբ այդպիսի հրաժարումը խախտում է վերջիններիս իրավունքներն ու օրինական շահերը: Նման իրավակարգավորումը հնարավորություն է ընձեռում իրավաբանական անձի հիմնադիրներին, մասնակիցներին կամ անդամներին պաշտպանելու իրենց իրավունքները և օրինական շահերը` այդ թվում իրավաբանական անձի ղեկավարի կամայականություններից:
Ասվածը հիմնավորվում է նաև նրանով, որ օրենսդիրը հատուկ հայցային վարույթի կարգով քննվող վեճերի թվում սահմանել է նաև կորպորատիվ այն վեճերը, որոնք բխում են իրավաբանական անձի հիմնադիրների, մասնակիցների կամ անդամների` իրավաբանական անձին պատճառված վնասը հատուցելու պահանջների հետ կապված վեճերից (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 215-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետ):
Հետևաբար օրինական ուժի մեջ մտած դատական ակտով արձանագրված շահագրգռվածությունը, երկու շրջափուլերի արդյունքում էլ նույն` Ընկերության անունից հակընդդեմ հայցից հրաժարվելու հիմքով գործի վարույթի կարճվելը, երրորդ անձանց` Ընկերության բաժնետերեր հանդիսանալն ու կորպորատիվ վեճերով հայցից հրաժարվելու առանձնահատկություններն իրենց համակցությամբ բավարար են արձանագրելու Վերաքննիչ դատարանի վիճարկվող որոշման` սույն գործով վճռաբեկ բողոք ներկայացրած անձանց համար անբարենպաստ լինելու փաստը:
Վերոգրյալի հիման վրա` Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ առկա չէ երրորդ անձանց համար անբարենպաստ դատական ակտ, ուստի սույն գործով վերաքննիչ բողոքը ներկայացրել են այն անձինք, որոնք դատական ակտը բողոքարկելու իրավունք չունեն, Վճռաբեկ դատարանը գնահատում է կիրառելի իրավակարգավորումներից և գործի փաստական հանգամանքներից չբխող:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն դեպքում բացակայել է վերաքննիչ բողոքի ընդունումը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիմքով մերժելու իրավական հնարավորությունը:
2) Գործի նոր քննության ընթացքում երրորդ անձինք Դատարան են ներկայացրել գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ միջնորդություն:
Դատարանի 25.06.2024 թվականի «Քաղաքացիական գործի վարույթը կարճելու մասին» որոշմամբ գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ երրորդ անձանց միջնորդությունը մերժվել է:
Անդրադառնալով գործի վարույթը չկասեցնելու մասով վերաքննիչ բողոք ներկայացնելու երրորդ անձանց իրավունքին` Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ կասեցման միջնորդությունը մերժելու վերաբերյալ որոշման բողոքարկման հնարավորություն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված չէ:
Մինչդեռ Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ տվյալ դեպքում բողոք բերած անձինք Դատարանի` գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին որոշման օրինականությունը վիճարկել են «հետաձգված բողոքարկման» կարգով, այն է` Դատարանի` «Քաղաքացիական գործի վարույթը կարճելու մասին» եզրափակիչ դատական ակտի բողոքարկման շրջանակներում, ինչը բխում է վկայակոչված իրավակարգավորումներից և իրավական դիրքորոշումներից:
Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Վերաքննիչ դատարանը, կայացնելով երրորդ անձանց վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին որոշում, սահմանափակել է վերջիններիս բողոքարկման իրավունքի իրացման հնարավորությունը` նրանց զրկելով վերադաս դատարանի մատչելիության իրավունքից: Այսինքն` Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ և 372-րդ հոդվածների խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի և 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 30.07.2024 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացնելու համար: Ընդ որում, նշված որոշումը վերացվելու դեպքում Հրանտ Սահակյանի, Սուսաննա Շահվերդյանի, Մարինե Ճանճապանյանի և Արմեն Վարդանյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն, ենթակա է վարույթ ընդունման, եթե բացակայեն վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու այլ հիմքեր կամ վերաքննիչ բողոքը վերադարձնելու հիմքեր:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.07.2024 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող Գ. Հակոբյան
Զեկուցող Ա. Մկրտչյան
Ա. Աթաբեկյան
Ս. Մեղրյան
Է. Սեդրակյան
Վ. Քոչարյան
https://datalex.am:443/?app=AppCaseSearch&case_id=45880421203899953