ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
26 հունիսի 2025 թվականի N 836-Լ
«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (Պ-1080-20.05.2025-ՊԱ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2025 թ. հունիսի
Երևան
«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ
(Պ-1080-20.05.2025-ՊԱ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է հետևյալը.
1. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) 1-ին հոդվածի առաջին պարբերությունն առաջարկում ենք շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 124-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 40-րդ մասով.»:
Առաջարկը պայմանավորված է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորմամբ` նորմատիվ իրավական ակտում լրացումներ կատարվում են դրանում նոր բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մասեր, կետեր, ենթակետեր, պարբերություններ, նախադասություններ, բառեր, թվեր կամ կետադրական նշաններ լրացնելու միջոցով:
2. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 124-րդ հոդվածում նոր լրացվող մասի ձևակերպումից առաջարկում ենք հանել «Հոդված» բառը, հոդվածի համարակալումը և հոդվածի վերնագիրը:
Միաժամանակ նշենք, որ եթե կարգավորման նպատակն է հանդիսանում հոդվածի վերնագիրը ևս փոփոխելը, ապա դա պետք է կատարվի առանձին իրավական դրույթով` այդ մասին հստակ նշում կատարելով: Բացի այդ, հարկ է նկատել, որ ներկայացված ձևակերպումը նախատեսելիս անհրաժեշտ է հաշվի առնել հոդվածի վերնագրի և դրա բովանդակության համապատասխանության պահանջը: Մասնավորապես, ըստ առաջարկվող տարբերակի, օրենսգրքի 124-րդ հոդվածը վերնագրվում է «Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային նշանների կամ ճանապարհային գծանշումների պահանջները չկատարելը», մինչդեռ օրենսգրքի 124-րդ հոդվածը պարունակում է նաև իրավախախտումներ, որոնք առնչվում են տրանսպորտային միջոցների վարորդների կողմից մարդկանց փոխադրման կանոնները խախտելուն, տրանսպորտային միջոցի վարորդի կողմից տրանսպորտային միջոցը դռները բաց վիճակում վարելուն, ընթացքի ժամանակ տրանսպորտային միջոցի դռները բացելուն կամ կանգնած տրանսպորտային միջոցի դռները բացելուն, եթե դա խոչընդոտում է երթևեկության մյուս մասնակիցներին, տրանսպորտային միջոցը կանգնեցնելու մասին ոստիկանության ծառայողի` օրենքով սահմանված կարգով տրված պահանջը վարորդների կողմից դիտավորյալ չկատարելուն և այլն:
Հիմք ընդունելով նշվածը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասը` օրենսդրական ակտի հոդվածներն ունենում են վերնագրեր, հոդվածների վերնագրերը համապատասխանում են հոդվածների բովանդակությանը` առաջարկում ենք վերանայել նշված ձևակերպումը:
3. Նախագծի 1-ին հոդվածով օրենսգրքի 124-րդ հոդվածում լրացվող 40-րդ մասի` «.... եթե ավտոտրանսպորտային միջոցը պատահարի հետևանքով չունի այնպիսի տեխնիկական անսարքություն, որի առկայության դեպքում արգելվում է դրա շահագործումը» բառերն առաջարկվում է լրացնել նաև «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով գործող օրենքի 24-րդ հոդվածի 4.1-ին մասի 2-րդ կետում լրացվող «գ» ենթակետում` ապահովելով լրացվող իրավադրույթների նույնաբովանդակությունն ու իրավական որոշակիությունը:
4. Նախագծի 1-ին հոդվածով օրենսգրքի 124-րդ հոդվածում լրացվող 40-րդ մասն առաջարկում ենք շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«40. «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերում, երբ լրացվում է համաձայնեցված հայտարարագիր, և «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 24-րդ հոդվածի 4.1-ին մասի 2-րդ կետի «գ» պարբերությամբ նախատեսված դեպքերում, միայն երկու ավտոտրանսպորտային միջոցների մասնակցությամբ պատահարի պահից քսան րոպեների ընթացքում պատահարի վայրը չթողնելը և ավտոտրանսպորտային միջոցն օրենքով չարգելված այլ վայր չտեղափոխելը, եթե ավտոտրանսպորտային միջոցը պատահարի հետևանքով չունի այնպիսի տեխնիկական անսարքություն, որի առկայության դեպքում արգելվում է դրա շահագործումը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:»:
Նման ձևակերպումը հնարավորություն կտա Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացվող կարգավորմամբ սահմանվող վարչական պատասխանատվությունը բլանկետային կարգավորմամբ համապատասխանեցնել իրավական որոշակիության սկզբունքին: Այլ կերպ ասած` այն օրենքը կամ նորմը, որին հղում տալու և որով սահմանվող վարքագծի կանոնը խախտելու համար սահմանվելու է պատասխանատվությունը, պետք է լինի հստակ և որոշակի: Տվյալ դեպքում, նախագծով առաջարկվող լրացմամբ բլանկետային նորմով սահմանվում է վարչական պատասխանատվություն մի արարքի համար, որի վերաբերյալ «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանվում է նաև, որ համաձայնեցված հայտարարագիր կնքելու համար համաձայնություն չտալու դեպքում ապահովագրական ընկերությունը (ընկերությունները) պարտավորվում է (պարտավորվում են) ապահովել պատահարի վայրում իր (իրենց) ներկայացուցչի (ներկայացուցիչների) ժամանումը ոչ ուշ, քան սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված ընթացակարգերով սահմանված ժամկետում:
5. Նախագծերում «պարբերություն» բառերն առաջարկվում է փոխարինել «ենթակետ» բառերով` համապատասխան հոլովաձևերով` համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի, ըստ որի` օրենսդրական ակտերում հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների: Հոդվածների մասերը կարող են բաժանվել միայն համարակալված կետերի, կետերը` միայն համարակալված ենթակետերի:
6. «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրից առաջարկում ենք հանել «ՀՀ» հապավումը` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը` օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենքի վերնագիրը:
7. «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի լրիվ անվանման հիշատակումն առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջին` օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետևյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը և «օրենք» բառը:
8. «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի առաջին պարբերությունն առաջարկում ենք շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-166-Ն օրենքի 24-րդ հոդվածի 4.1-ին մասի 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «գ» ենթակետով.»:
Առաջարկը պայմանավորված է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորմամբ` նորմատիվ իրավական ակտում լրացումներ կատարվում են դրանում նոր բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մասեր, կետեր, ենթակետեր, պարբերություններ, նախադասություններ, բառեր, թվեր կամ կետադրական նշաններ լրացնելու միջոցով:
9. «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում տեղ գտած «Հոդված 24 Տրանսպորտային միջոցների և վարորդների հիմնական իրավունքներն ու պարտականությունները» բառերին, ձևակերպման մասով, վերաբերելի է սույն առաջարկությունների 2-րդ կետով ներկայացված դիտարկումը:
10. «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 24-րդ հոդվածի 4.1-ին մասի 2-րդ կետի համաձայն` եթե ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով պատճառվել է միայն գույքային վնաս, և եթե ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով գույքի վնասման հետ կապված վնասվածքներ հասցնելու հանգամանքները, տրանսպորտային միջոցների տեսանելի վնասների բնույթը և ցանկը ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակիցների միջև չեն առաջացնում տարաձայնություններ, ապա ճանապարհատրանսպորտային պատահարին առնչություն ունեցող վարորդները պարտավոր չեն տեղի ունեցածի մասին հայտնել ոստիկանություն և կարող են...(...)...: Վերոնշյալից բխում է, որ վարորդներին տրվում է հայեցողություն վերոնշյալ մասի 2-րդ կետի ենթակետերով նախատեսված գործողությունների իրականացման համար: Մինչդեռ, սույն դեպքում, «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով օրենքի 24-րդ հոդվածի 4.1-ին մասի 2-րդ կետում լրացվող «գ» ենթակետով սահմանվում է վարորդների պարտավորությունը որոշակի գործողություններ իրականացնելու համար: Վերոնշյալի հաշվառմամբ և իրավական որոշակիության ապահովման անհրաժեշտությունից ելնելով` անհրաժեշտ է լրացվող «գ» ենթակետը խմբագրել կամ լրացնել այլ մասում:
_______________
ԻՐՏԵԿ - Ընդունող մարմնի կայքէջում (www.e-gov.am) պաշտոնական հրապարակման ամսաթիվ տրված չէ («Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք, հոդ. 23, մաս 7):