ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ
քաղ. Երևան 1 հուլիսի 2025 թ.
ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 187-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՎ 397-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԻՐԱՎԱԿԻՐԱՌ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ ՏՐՎԱԾ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼ ՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
(1-ին մաս)
Սահմանադրական դատարանը` կազմով.
նախագահող` Արման Դիլանյանի,
դատավորներ` Արտակ Զեյնալյանի,
Հրայր Թովմասյանի,
Դավիթ Խաչատուրյանի,
Երվանդ Խունդկարյանի,
Հովակիմ Հովակիմյանի,
Էդգար Շաթիրյանի,
Սեդա Սաֆարյանի,
Արթուր Վաղարշյանի,
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակում)`
դիմող` Անդրանիկ Մանուկյանի (այսուհետ` Դիմող)
ներկայացուցիչ` փաստաբան Առնոլդ Վարդանյանի
պատասխանող` Ազգային ժողովի (այսուհետ` Պատասխանող)
ներկայացուցիչ` Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական
վարչության պետ Մարի Ստեփանյանի,
համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետի, 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 22 և 69-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Անդրանիկ Մանուկյանի դիմումի հիման վրա` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի և 397-րդ հոդվածի 1-ին մասի և դրանց իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Ուսումնասիրելով դիմումը և դրան կից ներկայացված, ինչպես նաև գործում առկա այլ փաստաթղթերը, Դիմողի և Պատասխանողի գրավոր բացատրությունները, վերլուծելով վիճարկվող և վերջիններիս հետ փոխկապակցված այլ օրինադրույթները` Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
Վարույթը Սահմանադրական դատարանում
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը (այսուհետ` Օրենսգիրք) Ազգային ժողովի կողմից ընդունվել է 1998 թվականի մայիսի 5-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել` 1998 թվականի հուլիսի 28-ին և ուժի մեջ է մտել 1999 թվականի հունվարի 1-ին:
2. Օրենսգրքի` «Ձեռքբերման վաղեմություն» վերտառությամբ 187-րդ հոդվածը սահմանում է.
«1. Քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատեր չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն):
2. Տիրապետման վաղեմությունը վկայակոչող անձը կարող է իր տիրապետման ժամկետին միացնել այն ժամանակը, որի ընթացքում այդ գույքին տիրապետել է այն անձը, որի իրավահաջորդն է ինքը:
3. Մինչև ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելը գույքը որպես սեփականություն տիրապետող անձն իրավունք ունի պաշտպանել այն երրորդ անձանցից, որոնք գույքի սեփականատերը չեն և օրենքով կամ պայմանագրով նախատեսված այլ հիմքով դրա նկատմամբ չունեն տիրապետման իրավունք:
4. Անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ձեռքբերման վաղեմության ուժով գույքը ձեռք բերած անձի մոտ ծագում է այդ իրավունքի պետական գրանցման պահից»:
3. Օրենսգրքի` «Պարտատիրոջ իրավունքներն այլ անձի անցնելու հիմքերը և կարգը» վերտառությամբ 397-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է.
«1. Պարտատիրոջը պարտավորության հիման վրա պատկանող իրավունքը (պահանջը) կարող է նրա կողմից այլ անձի փոխանցվել գործարքով (պահանջի զիջում) կամ անցնել այլ անձի` օրենքի հիման վրա:
(...)»:
4. Վերը մեջբերված օրենսդրական նորմերը` սույն գործին վերաբերելի դրույթների մասով, որևէ փոփոխության և/կամ լրացման չեն ենթարկվել:
5. Գործի քննության առիթը Դիմողի` 2025 թվականի փետրվարի 17-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:
6. Սահմանադրական դատարանի դատական կազմի 2025 թվականի մարտի 14-ի ՍԴԴԿՈ-10 որոշմամբ գործն ընդունվել է քննության:
7. Դիմողը Սահմանադրական դատարան ներկայացրած դիմումով վիճարկել է նաև Օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, 345-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 34-րդ, 40-րդ հոդվածների, 360-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 361-րդ հոդվածի 1-ին մասի և 394-րդ հոդվածի և դրանց իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության սահմանադրականությունը:
8. Սահմանադրական դատարանի` 2025 թվականի հուլիսի 1-ի ՍԴԱՈ-104 աշխատակարգային որոշմամբ գործի վարույթը մասամբ` սույն որոշման նախորդ կետում հիշատակված նորմերի մասով, կարճվել է:
Սահմանադրական վեճի նախապատմությունը(1)
____________________
1) Սույն գործի դատավարական նախապատմությունը ներկայացվում է` հիմք ընդունելով Դիմողի ներկայացրած տվյալները, սույն գործով ներկայացված դատական ակտերը, ինչպես նաև www.datalex.am դատական տեղեկատվական համակարգում թիվ ԵԴ/6908/02/18 քաղաքացիական գործով առկա տեղեկատվությունը, https://datalex.am:443/?app=AppCaseSearch&case_id=45880421203853924:
9. 2018 թվականի ապրիլի 26-ին Հմայակ Հարությունյանը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է (այսուհետ նաև` Դատարան կամ Առաջին ատյանի դատարան) մուտքագրել հայցադիմում ընդդեմ «Օկտագոն» սպառողական կոոպերատիվի, Արտավազդ Նորիկի Այվազյանի, Արեգ Արմենի Օհանջանյանի, Դիմողի, Մանուշակ Կավիցյանի, երրորդ անձ ՀՀ ԿԱ ԱԳԿ պետ. կոմիտեի` ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին, որը Դատարանի` 2018 թվականի մայիսի 5-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:
10. 2018 թվականի սեպտեմբերի 5-ին Դիմողը հակընդդեմ հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ Հմայակ Հարությունյանի, հակընդդեմ հայցով երրորդ անձինք` Մանուշակ Կավիցյանի, «Օկտագոն» սպառողական կոոպերատիվի` Հմայակ Հարությունյանին ք. Երևան, Թումանյան փողոց, 2-րդ անցուղի, 5 տուն (հողամաս) հասցեում գտնվող անշարժ գույքից վտարելու պահանջի մասին, որը Դատարանի` 2018 թվականի սեպտեմբերի 7-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:
11. 2019 թվականի հունվարի 21-ին «Օկտագոն» սպառողական կոոպերատիվը ևս հակընդդեմ հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ Հմայակ Հարությունյանի` վտարման պահանջի մասին, որը Դատարանի` 2019 թվականի հունվարի 23-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:
12. 2020 թվականի հունիսի 8-ին Դատարան է մուտքագրվել հայցվոր Հմայակ Հարությունյանի իրավահաջորդ Լևոն Օրդուխանյանի միջնորդությունը` 2020 թվականի հունիսի 3-ին կնքված պահանջի զիջման (ցեսիայի) պայմանագրի հիման վրա հայցվորին փոխարինելու վերաբերյալ, որը 2020 թվականի հունիսի 17-ին բավարարվել է, և հայցվոր Հմայակ Հարությունյանը փոխարինվել է Լևոն Օրդուխանյանով:
13. 2023 թվականի ապրիլի 19-ի վճռով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, ընդհանուր վարույթի կարգով քննելով քաղաքացիական գործն ըստ սկզբնական հայցի Հմայակ Հարությունյանի իրավահաջորդ Լևոն Օրդուխանյանի ընդդեմ «Օկտագոն» սպառողական կոոպերատիվի, Արտավազդ Նորիկի Այվազյանի, Արեգ Արմենի Օհանջանյանի, Դիմողի, Մանուշակ Կավիցյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ` ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ-ի` ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին, և ըստ հակընդդեմ հայցի Դիմողի` ընդդեմ Հմայակ Հարությունյանի, հակընդդեմ հայցով երրորդ անձինք` Մանուշակ Կավիցյանի, «Օկտագոն» սպառողական կոոպերատիվի` Հմայակ Հարությունյանին ք. Երևան, Թումանյան փողոց, 2-րդ անցուղի, 5 տուն (հողամաս) հասցեում գտնվող անշարժ գույքից վտարելու պահանջի մասին, վճռել է Հմայակ Հարությունյանի իրավահաջորդ Լևոն Օրդուխանյանի սկզբնական հայցը` անշարժ գույքի նկատմամբ ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին, մերժել, իսկ քաղաքացիական գործի վարույթը` ըստ Դիմողի հակընդդեմ հայցի` Հմայակ Հարությունյանին անշարժ գույքից վտարելու պահանջի մասով, կարճել:
14. Հիշատակված վճռով Առաջին ատյանի դատարանը, մասնավորապես, արձանագրել է`
«Օրենսգրքի 187-րդ հոդվածի կիրառման համար էական են հանդիսանում հետևյալ պայմանների միաժամանակյա առկայությունը`
- առկա է տիրապետման վաղեմություն վկայակոչող անձ` սույն դեպքում Լևոն Օրդուխանյանը, ով մտնելով դատավարական իրավահարաբերության մեջ Հմայակ Հարությունյանի փոխարեն, ստանձնել է ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչման պահանջը.
- վերջինս պետք է հանդես գա ձեռքբերման վաղեմության կիրառման համար փաստացի տիրապետման և դրան ներկայացվող պահանջների (բարեխղճություն, անընդմեջություն և այլն) կրող.
- վերջինիս փաստացի տիրապետման ժամկետը բավարար չէ օրենքով սահմանված 10 տարին ձևավորելու համար և ձեռքբերման վաղեմության իրավունքն իրականացնելու համար իրավունք է ստանում իր տիրապետման ժամկետին միացնել այն ժամանակը, որի ընթացքում վեճի առարկա գույքը տիրապետել է այն անձը` սույն դեպքում Հմայակ Հարությունյանը, ում իրավահաջորդն է ինքը:
(...):
Միակ ապացույցը, որի հիման վրա Լևոն Օրդուխանյանը ցանկանում է իրականացնել վերոհիշյալ իրավունքը, հանդիսանում է Հմայակ Հապետնակի Հարությունյանի և Լևոն Վալերիի Օրդուխանյանի միջև 03.06.2020թ. կնքված պահանջի զիջման (ցեսիայի) պայմանագիրը, որի համաձայն` ««Ցեդենտ-2-ը (Հմայակ Հապետնակի Հարությունյան) Ցեսիոնարին (Լևոն Վալերիի Օրդուխանյան) է զիջում թիվ ԵԴ/6908/02/18 քաղաքացիական գործով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ. Թորոսյանի վարույթում քննվող Հմայակ Հարությունյանի հայցադիմումով ներկայացված հայցապահանջներն ընդդեմ «ՕԿՏԱԳՈՆ» սպառողական կոոպերատիվի, Արտավազդ Նորիկի Այվազյանի, Արեգ Արմենի Օհանջանյանի, Անդրանիկ Քյարամի Մանուկյանի, Մանուշակ Աշոտի Կավիցյանի և Երրորդ անձ ՀՀ ԿԱ ԱՆԳՊ կոմիտեի ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի իրավունքը, այդ թվում պետական տուրքի, ինչպես նաև այլ դատական ծախսերի մասով» (հիմք` պայմանագրի պատճենը):
(...):
Ինքնուրույն որևէ հիմք և ապացույց առ այն, որ Լևոն Օրդուխանյանը հանդիսանում է ք. Երևան, Թումանյան փողոց 2-րդ անցուղի 5 տուն հասցեում գտնվող ընդհանուր 51.62 քմ մակերեսով հողի փաստացի և վաղեմային տիրապետում իրականացնող անձ, Դատարանին չի ներկայացվել, որպիսի հանգամանքը բավարար է արձանագրելու, որ ինքնին իրավահաջորդության և դրանով պայմանավորված իրավանախորդի` Հմայակ Հարությունյանի կողմից վեճի առարկա գույքի նկատմամբ վաղեմային տիրապետման փաստերը դադարում են էական նշանակություն ունենալուց, քանի որ դրանք պիտանի են և կիրառելի միայն այն պարագայում, եթե միացվում են այսպես կոչված իրավահաջորդի տիրապետման ժամկետին, մինչդեռ Դատարանն արձանագրեց, որ Լևոն Օրդուխանյանի` վեճի առարկա գույքի փաստացի և վաղեմային տիրապետող հանդիսանալու վերաբերյալ ապացույցներ Դատարանին չեն ներկայացվել:
(...):
(...) Լևոն Օրդուխանյանը չի հանդիսանում ձեռքբերման վաղեմության տեսանկյունից իրավահաջորդ` ՔՕ 187-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով` հետևյալ հիմնավորմամբ.
Դատարանը գտնում է, որ քաղաքացիական իրավունքի` որպես նյութական իրավունքի տեսանկյունից իրավահաջորդությունը ենթադրում է քաղաքացիական իրավունքների և պարտականությունների անցում մեկ անձից մյուսին, որը կարող է տեղի ունենալ ընդհանուր (համապարփակ) կամ մասնակի:
(...):
Մասնակի իրավահաջորդությունն առկա է այն դեպքում, երբ անձն իրեն պատկանող իրավունքների և պարտականությունների համակցությունից որևէ մեկ իրավունք կամ պարտականություն է փոխանցում այլ անձի` իրավահաջորդին, որը կարող է տեղի ունենալ, օրինակ` պահանջի զիջման (ՔՕ 397-րդ հոդվածի 1-ին) (...) միջոցով, (...):
(...):
Դատարանը (...) արձանագրում է, որ`
(...)
- ՔՕ 187-րդ հոդվածը սահմանում է առանց իրավական հիմքերի (տիտղոսի) անշարժ գույքի փաստացի տիրապետման և դրան առաջադրվող պայմանների ուժով սեփականության իրավունքի ձեռքբերման հնարավորություն, որպիսի պարագայում` անկախ նրանից ով է պահանջում ձեռքբերման վաղեմության կիրառում, ՔՕ 187-րդ հոդվածի 2-րդ մասի տեսանկյունից պարտադիր է, որ վերջինս հանդիսանա նշված գույքի փաստացի տիրապետող, առանց որի չի կարող իրացնել սեփականության իրավունքի ճանաչման դատավարական հնարավորությունը: Նշված հանգամանքը կանխորոշում է նաև մեկ այլ տրամաբանություն, որ ՔՕ 187-րդ հոդվածի կիրառման տեսանկյունից փաստացի տիրապետման իրավահաջորդություն հնարավոր չէ, քանի որ այն իրավունք չէ, այլ փաստ, որը որոշակի պայմանների համակցությամբ ձևավորում է իրավունքի ճանաչման հնարավորություն: Այսինքն` ՔՕ 187-րդ հոդվածի տեսանկյունից առկա չէ պարտավորական կամ այլ իրավունք, որը կարող է զիջվել կամ փոխանցվել մասնակի իրավահաջորդության այլ եղանակով, ինչի արդյունքում ներկայացված ցեսիայի պայմանագիրը ձևական առումով կարող էր գնահատվել միայն դատավարական իմաստով իրավահաջորդության հիմք, սակայն նյութական-իրավական առումով իրավահաջորդություն առկա չէ: Դատարանի նշված եզրահանգումները բխում են նաև ներկայացված պայմանագրի բովանդակությունից, ըստ որի` Հմայակ Հապետնակի Հարությունյանը Լևոն Վալերիի Օրդուխանյանին է զիջում թիվ ԵԴ/6908/02/18 քաղաքացիական գործով (...) Դատարանի վարույթում քննվող Հմայակ Հարությունյանի հայցադիմումով ներկայացված հայցապահանջները, այլ ոչ թե նյութաիրավական իմաստով պահանջի իրավունքը, որը ՔՕ 397-րդ հոդվածի և ամբողջ պարտավորական իրավունքի ընդհանուր կարգավորումների համաձայն` պետք է բխի կողմերի միջև առկա պարտավորությունից և որպիսի իրավահարաբերություն կողմերի միջև առկա չէ:
Նշվածի արդյունքում Դատարանը գտնում է, որ Լևոն Օրդուխանյանը չի կարող գնահատվել որպես Հմայակ Հարությունյանի իրավահաջորդ ՔՕ 187-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառման առնչությամբ, ինչը ևս անհիմն է դարձնում վերջինիս կողմից որպես Հայցվոր վեճի առարկա գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման պահանջը` ձեռքբերման վաղեմության ուժով:
Արդյունքում, հաշվի առնելով, որ դատավարական իրավահաջորդության արդյունքում հայցվոր է հանդիսանում Լևոն Օրդուխանյանը, որի մասով եզրահանգումներն արդեն իսկ բացառում են հայցի բավարարումը նրա նկատմամբ, Դատարանը գտնում է, որ մյուս բոլոր փաստերի քննարկումը` ներառյալ Հմայակ Հարությունյանի կողմից վեճի առարկա գույքի նկատմամբ փաստացի վաղեմային տիրապետման և դրան ներկայացվող պայմանների առկայությունը, հանդիսանում է առարկայազուրկ և ինքնանպատակ»:
15. Դատարանի վերը մեջբերված վճիռը 2023 թվականի հունիսի 26-ին բողոքարկվել է «Օկտագոն» սպառողական կոոպերատիվի նախագահ Լևոն Օրդուխանյանի կողմից:
16. Նախորդ կետում նշված բողոքի առթիվ ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարան ներկայացրած իր պատասխանում Դիմողը, ի թիվս այլնի, նշել է, որ մեկ այլ` դարձյալ Դիմողի դեմ իր գույքի մեկ այլ վարձակալի կողմից ներկայացված հայցի հիման վրա հարուցված` թիվ ԵԴ/8745/02/18 գործով, որտեղ ներկայացված հայցադիմումին կից Լ. Օրդուխանյանն օգտագործել է նույն, ընդ որում` մեկ փաստաթղթի միջոցով կազմված, մեկ այլ անձի` այդ գործով հայցվոր Ալբերտ Հակոբյանի հետ կնքված ցեսիոն պայմանագիրը` կրկին Դիմողին սեփականության իրավունքով պատկանող տարածքի մի մասի նկատմամբ ներկայացված պահանջի շրջանակներում, Առաջին ատյանի դատարանը 2021 թվականի մայիսի 19-ի որոշմամբ ներկայացված հայցը թողել է առանց քննության` իրավահաջորդության անհնարինության պատճառով, իսկ Վերաքննիչ դատարանն այդ գործով հաստատել է այն մեկնաբանությունը, որն ընկած է իր` Դիմողի գործով` Առաջին ատյանի դատարանի կողմից կայացված և Լևոն Օրդուխանյանի կողմից բողոքարկված վճռի հիմքում:
17. 2024 թվականի մարտի 29-ին Վերաքննիչ քաղաքացիական դատարանը, քննելով հայցվոր Հմայակ Հապետնակի Հարությունյանի իրավահաջորդ Լևոն Օրդուխանյանի ներկայացուցչի կողմից բերված վերաքննիչ բողոքը` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի` 19.04.2023 թ. թիվ ԵԴ/6908/02/18 վճռի դեմ, որոշել է` «Վերաքննիչ բողոքը մասնակիորեն բավարարել: Դատարանի վճիռը մասնակիորեն` հայցը մերժելու մասով բեկանել և փոփոխել, այն է` ձեռքբերման վաղեմության հիմքով ճանաչել Հմայակ Հարությունյանի իրավահաջորդ Լևոն Օրդուխանյանի սեփականության իրավունքը քաղաք Երևան, Թումանյան փողոցի 2-րդ անցուղի 5 տուն հասցեում գտնվող 51,62 քմ մակերեսով հողամասի նկատմամբ: Վճիռը մնացած մասով թողնել անփոփոխ»:
18. Վերաքննիչ դատարանը, մասնավորապես, գտել է. «(...) Դատարանի եզրահանգումն իրավաչափ չէ հետևյալ պատճառաբանությամբ.
(...)
Տվյալ դեպքում Հմայակ Հարությունյանը հայց է ներկայացրել Դատարան և խնդրել է իր կողմից տիրապետվող շենք-շինություններով ծանրաբեռնված, սակայն սույն գործով պատասխանողներին սեփականության իրավունքով պատկանող հողամասի նկատմամբ` այն բացահայտ, բարեխիղճ և անընդմեջ տաս տարուց ավելի ժամանակահատվածում որպես սեփական անշարժ գույք իր կողմից տիրապետելու /ձեռքբերման վաղեմություն/ հիմքով ճանաչել իր սեփականության իրավունքը: Ի հիմնավորումն իր վկայակոչած փաստերի վերջինս Դատարան է ներկայացրել ստացական, որի համաձայն դեռևս 1974թ. գնել են Երևանի Թումանյան 2-րդ անցուղի, թիվ 5 հասցեում գտնվող բնակելի տուն, թիվ 21 տեղամասի լիազոր ներկայացուցչի կողմից հաստատված հարևանների` Սուրեն Բեկչյանի, Մանուկ Հովհաննիսյանի, Արթուր Ավետիսյանի և Ալբերտ Հակոբյանի հայտարարությունն այն մասին, որ Հմայակ Հարությունյանը իր ընտանիքի հետ միասին 1974 թվականից սկսած մինչ այժմ բնակվում է ք. Երևան, Թումանյան փողոց, 2-րդ անցուղի, թիվ 5 բնակելի տանը, Երևանի քաղաքապետի 08.07.2010 թվականի թիվ 3027-Ա որոշումը, որի համաձայն` վերը նշված հասցեում գտնվող բնակելի տան և դրա սպասարկման համար անհրաժեշտ 51.62 քմ մակերեսով հողամասի նկատմամբ ճանաչել է նրա սեփականության իրավունքը և տրվել է գլխավոր հատակագիծ, ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ 2010թ. գրությունը, որով մերժել են վերը նշված որոշման հիմքով ծագած Հմայակ Հարությունյանի սեփականության իրավունքը գրանցելու դիմումը` հողամասն այլ անձանց անվամբ որպես սեփականություն գրանցված լինելու պատճառաբանությամբ:
Վերոնշյալ ապացույցների գնահատմամբ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Դատարանը եկել է` հայցը մերժելու վերաբերյալ անհիմն եզրահանգման, քանի որ այդպիսիք օբյեկտիվորեն չգնահատելու արդյունքում հաստատված չի համարել այն փաստը, որ Հմայակ Հարությունյանը չհանդիսանալով վերը նշված հասցեում գտնվող պատասխանողներին պատկանող 51.62 քմ մակերեսով հողամասի սեփականատեր մի քանի տասնյակ տարիներ շարունակ բարեխիղճ, բացահայտ և անընդմեջ տիրապետել է այդ հողամասը` որպես սեփական անշարժ գույք/հողամասի վրա առկա են Հմայակ Հարությունյանի կողմից տիրապետվող շենք շինություններ, որոնց նկատմամբ Երևանի քաղաքապետի 08.07.2010 թվականի թիվ 3027-Ա որոշմամբ ճանաչվել է նրա սեփականության իրավունքը/, ուստի հայցը հիմնավոր է և բավարարման ենթակա, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ գործի դատաքննության ընթացքում վերոնշյալ ապացույցներով հաստատված փաստերը հերքող որևէ ապացույց չի ներկայացվել:
Ինչ վերաբերում է հայցվոր Հմայակ Հարությունյանի իրավահաջորդության հարցին, ապա Վերաքննիչ դատարանը գտնում է, որ այն լուծվել է Դատարանի դեռևս 17.06.2020թ. որոշմամբ` սկզբնական հայցվոր Հմայակ Հապետնակի Հարությունյանին փոխարինելով նրա իրավահաջորդով` Լևոն Վալերիի Օրդուխանյանով, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ պահանջի զիջման պայմանագրով հայցով ներկայացված պահանջի իրավունքը զիջվել է և դրա հաշվառմամբ է լուծվել իրավահաջորդության հարցը, որպիսի որոշման դեմ շուրջ երեք տարի տևած գործի քննության ընթացքում առարկություններ չեն արձանագրվել, և նման պայմաններում Դատարանը կրկին անգամ չպետք է անդրադառնար այդ հարցի քննարկմանը:
(...) Ինչ վերաբերում է պատասխանում հիշատակված` թիվ ԵԴ/8745/02/18 քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանի կողմից արտահայտված իրավական դիրքորոշմանը, ապա Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` դատարանը պետք է հիմնավորի նույնանման փաստերով այլ գործով Վճռաբեկ դատարանի կողմից իրավական նորմի մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանության դեպքում օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտի` Վճռաբեկ դատարանի մեկնաբանությունից շեղվելը, և ամեն դեպքում արձանագրում է, որ այն չի կարող նախադատելի համարվել սույն քաղաքացիական գործով, քանի որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 61-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նախկինում քննված քաղաքացիական, սնանկության կամ վարչական գործով դատարանի` օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտով հաստատված գործի քննության համար նշանակություն ունեցող փաստերը գործին մասնակցող նույն անձանց մասնակցությամբ այլ գործ քննելիս կրկին չեն ապացուցվում, մինչդեռ թիվ ԵԴ/8745/02/18 քաղաքացիական գործին և սույն գործին մասնակցող անձինք նույնը չեն: Բացի այդ, նշված գործով փաստական հանգամանքներն այլ են, քանի որ այդ գործով բացակայում է հայցվորին իրավահաջորդով փոխարինելու վերաբերյալ Դատարանի որոշումը, ինչպես նաև չի վկայակոչվել Երևանի քաղաքապետի որոշմամբ հայցվորի իրավունքը անշարժ գույքի նկատմամբ ճանաչված լինելու փաստը»:
19. 2024 թվականի օգոստոսի 21-ին Վճռաբեկ դատարանը, քննելով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի` 29.03.2024 թ. որոշման դեմ Անդրանիկ Մանուկյանի բերած վճռաբեկ բողոքը քննության ընդունելու հարցը, որոշել է. «(...) ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.03.2024 թվականի որոշման դեմ Անդրանիկ Մանուկյանի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժել»: Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը այդ որոշման մեջ նշել է հետևյալը` «Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումների մասին բողոք բերած անձի փաստարկները մասամբ հիմնավորված համարելով հանդերձ` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքում ներկայացված հիմնավորումները բավարար չեն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով սահմանված հիմքով բողոքը վարույթ ընդունելու հետևության հանգելու համար, քանի որ այդ խախտումները Վճռաբեկ դատարանի գնահատմամբ չեն հանգեցրել արդարադատության բուն էության խաթարմանը»:
20. Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Էդգար Սեդրակյանի հատուկ կարծիքում արձանագրվել է հետևյալը.
- նյութական առումով պահանջի զիջման իրավահաջորդության համար անհրաժեշտ է առնվազն պարտատիրոջը պարտավորության հիման վրա պատկանող իրավունքի առկայություն: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 34-րդ հոդվածի և 40-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներից (համապատասխանաբար` առ այն, որ հայցվորը «գործին մասնակցող այն անձն է, որն իր կամ օրենքով նախատեսված դեպքերում այլ անձի իրավունքների պաշտպանության նպատակով հայցադիմում է ներկայացրել» դատարան, և «դատավարությունից գործին մասնակցող անձանցից մեկի դուրս գալու դեպքում (... պահանջի զիջում... և այլն)» դատարանը որոշում է կայացնում գործին մասնակցող անձին նրա իրավահաջորդով փոխարինելու վերաբերյալ) հետևում է, որ «առնվազն դատարան դիմելու պահին հայցվորի մոտ պետք է ձևավորված լինի համոզմունք առ այն, որ վերջինիս իրավունքները խախտվել են, այլ կերպ ասած հայցվորի մոտ պետք է առկա լինի իրավական շահագրգռվածություն».
- Վճռաբեկ դատարանը` 2022 թվականի դեկտեմբերի 26-ի` «ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ապահովագրական սահմանափակ պատասխանատվության ընկերությունն ընդդեմ Համլետ Գալստյանի թիվ ՇԴ/3360/02/21 քաղաքացիական գործով որոշմամբ արտահայտել է այն դիրքորոշումը, որ դատավարական իրավահաջորդությամբ դատարանը գործին մասնակցող անձին փոխարինում է իրավահաջորդով, եթե նյութական իրավահաջորդության մասին վեճը բացակայում է, այդ փաստն արդեն իսկ հաստատված կամ ձևակերպված է օրենքով սահմանված կարգով, և դրա վերաբերյալ ներկայացվել է համապատասխան ապացույց.
- «(...) նյութական իրավահաջորդության փաստը հաստատող ապացույցի բացակայության պայմաններում դատավարական իրավահաջորդությունը չէր կարող լինել թույլատրելի» և սույն գործով վճռաբեկ բողոքը պետք է ընդունվեր վարույթ, քանի որ «վճռաբեկ բողոքում ներկայացված հիմնավորումները բավարար են եղել բողոքը վարույթ ընդունելու հետևության հանգելու համար, հետևյալ հիմքի առկայությամբ` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 40-րդ հոդվածի պահանջի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը»:
Դիմողի դիրքորոշումները
21. Դիմողը, ներկայացնելով թիվ ԵԴ/6908/02/18 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը, վերլուծելով Սահմանադրության, քաղաքացիական և քաղաքացիադատավարական օրենսդրության վերաբերելի կարգավորումներն ու դրանց առնչությամբ Սահմանադրական դատարանի և Վճռաբեկ դատարանի կողմից արտահայտված իրավական դիրքորոշումները, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ նաև` ՄԻԵԴ) վերաբերելի դիրքորոշումները, գտել է, որ տվյալ գործով վիճարկվող նորմերին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը հանգեցրել է իր` Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասով, 60-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, 61-րդ հոդվածի 1-ին մասով, 63-րդ հոդվածի 1-ին մասով, 75, 78, 79, 80 և 81-րդ հոդվածներով երաշխավորված իրավունքների, ինչպես նաև 171-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պայմանների խախտման:
22. Մասնավորապես, Դիմողը, ի թիվս այլնի, իր փաստարկները ներկայացրել է չորս խումբ ենթադրյալ խախտումների շրջանակներում` նշելով, որ սույն գործով տեղի է ունեցել`
1) դատական պաշտպանության մատչելիության իրավունքի խախտում, քանի որ Դիմողը զրկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի` 2020 թվականի հունիսի 17-ի որոշումը վիճարկելու դատարանի մատչելիության և իրավական պաշտպանություն հայցելու իրավունքներից, որով սկզբնական հայցվոր Հմայակ Հարությունյանը փոխարինվել էր «Օկտագոն» սպառողական կոոպերատիվի նախագահ Լևոն Օրդուխանյանով,
2) սեփականության իրավունքի խախտում այնքանով, որքանով Դիմողը զրկվել է իր սեփականության իրավունքից, քանի որ`
- դատարանները ցեսիայի պայմանագրի հիման վրա ընդունելի են համարել դատավարական իրավահաջորդությամբ սեփականության ձեռքբերման վաղեմության իրավունքի փոխանցումը և սկզբնական հայցվոր Հմայակ Հարությունյանին փոխարինել են պատասխանող Լևոն Օրդուխանյանով, այն դեպքում, երբ հայցվոր Հմայակ Հարությունյանը դատարան դիմելիս չի ունեցել որևէ իրավունք պահանջվող գույքի նկատմամբ, և օրենքով նախատեսված չի եղել ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի փոխանցման հնարավորություն,
- դատարանների կողմից ձեռքբերման վաղեմության ուժով «օրենքով սահմանված դեպքերի» խախտմամբ Դիմողի գույքի նկատմամբ ճանաչվել է Լևոն Օրդուխանյանի սեփականության իրավունքն այն դեպքում, երբ Լևոն Օրդուխանյանը երբևէ չի բնակվել կամ հաշվառվել նշված տարածքում, ավելին` սեփականության իրավունքի ճանաչման պահին` պահանջվող գույքը եղել է քանդված` Լևոն Օրդուխանյանի բիզնես ծրագրի իրականացման նպատակով,
3) Վճռաբեկ դատարանի մատչելիության իրավունքի խախտում, քանի որ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը 2024 թվականի օգոստոսի 21-ի որոշմամբ մերժել է դիմող Անդրանիկ Մանուկյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունել այն պայմաններում, երբ արձանագրել է, որ նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումների մասին բողոք բերած անձի փաստարկները հիմնավորված են, ինչպես նաև, երբ Դիմողը փաստացի հիմնավորել է, որ ստորադաս դատարանների կայացրած դատական ակտերը հակասում են միևնույն հարցի վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած մեկ այլ` թիվ ԵԴ/8745/02/18 գործով դատարանի արտահայտված իրավական դիրքորոշումներին(2):
____________________
2) Որոշման` սույն կետի 1-ին և 3-րդ ենթակետերի ներքո Դիմողի կողմից շարադրված հիմնավորումների մասով, տե՛ս Սահմանադրական դատարանի` 2025 թվականի հուլիսի 1-ի ՍԴԱՈ-104 որոշումը, որով սույն գործով դիմումի քննությունն այդ մասով կարճել է:
23. Օրենքով նախատեսված պահանջի խախտմամբ և օրենքով սահմանված ընթացակարգի բացակայությամբ Դիմողի հողատարածքի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռքբերման պահանջը Լևոն Օրդուխանյանին փոխանցելու ընթացակարգի սահմանադրականության հարցադրման առնչությամբ Դիմողը եզրահանգել է, որ Օրենսգրքի 345-րդ հոդվածը, 397-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 34-րդ հոդվածը, 40-րդ հոդվածն ու դրանց իրավակիրառ պրակտիկայում դատարանների կողմից տրված մեկնաբանությունը չեն համապատասխանում Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասով, 60-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, 61-րդ հոդվածի 1-ին մասով, 63-րդ հոդվածի 1-ին մասով, 75, 80 և 81-րդ հոդվածներով երաշխավորված իրավունքներին և երաշխիքներին այնքանով, որքանով, ի հակադրումն դրանց պահանջների և վերջիններիս վերաբերյալ Սահմանադրական դատարանի և ՄԻԵԴ իրավական դիրքորոշումների, Դիմողը զրկվել է իր սեփականության իրավունքից, քանի որ դատարանները ցեսիայի պայմանագրի հիման վրա ընդունելի են համարել դատավարական իրավահաջորդությամբ սեփականության ձեռքբերման վաղեմության իրավունքի փոխանցումը և սկզբնական հայցվոր Հմայակ Հարությունյանին փոխարինել են պատասխանող Լևոն Օրդուխանյանով այն դեպքում, երբ սկզբնական հայցվոր Հմայակ Հարությունյանը դատարան դիմելիս չի ունեցել որևէ իրավունք պահանջվող գույքի նկատմամբ և օրենքով նախատեսված չի եղել ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի փոխանցման հնարավորություն:
24. Դիմողը նշում է, որ սեփականության իրավունքը պաշտոնապես գրանցվել և վավերացվել է 22.08.1991 թ.: Համաձայն 29.08.1991 թ. տրված տեղեկանքի` Դիմողը ճանաչվել է նույն հասցեով տարածքի սեփականատեր: 22.08.1991 թ.-ից վճարել է հողի և անշարժ գույքի բոլոր հարկերը` ամբողջ 880 քմ տարածքի համար (անդորրագրերը պահպանվել են 1994 թվականից): Ավելին, թիվ ՎԴ/3258/05/16 վարչական գործով Վարչական դատարանի` 14.02.2017 թ. վճռով և Վերաքննիչ վարչական դատարանի` 15.06.2018 թ. որոշմամբ համայնքային իշխանությունները միջնորդել են իրենից բռնագանձել գույքահարկի լրացուցիչ վճարներ: Դիմողը նշում է. «Հետագա տարիներին (...) պարբերաբար դիմել է Անշարժ գույքի պետական կադաստր` 880 քմ տարածքի նկատմամբ իր իրավունքները գրանցելու համար, սակայն նրա դիմումները ենթադրյալ անհամապատասխանությունների և համընկնումների պատճառով հետևողականորեն մերժվել են` առանց լրացուցիչ բացատրությունների»:
25. Դիմողը փաստում է, որ «Օկտագոն» սպառողական կոոպերատիվի նախագահ Լևոն Օրդուխանյանը 2017 թվականից Երևանի քաղաքապետարան է ներկայացնում տարբեր բիզնես նախագծեր` Սայաթ-Նովա փ. թիվ 10 և Աբովյան 22 շենքերի բակում մինչև 12 հարկանի բնակելի համալիր կառուցելու համար, և նույն շենքերի բակում է գտնվում իրեն պատկանող 880 քմ տարածքը:
26. ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ա. Էլոյանի` 2018 թվականի հոկտեմբերի 17-ի գրությունն` ուղղված Երևանի քաղաքապետ Հ. Մարությանին, որով վերջինիս պաշտոնապես առաջարկվել է ձեռնպահ մնալ Սայաթ-Նովա 10 և Աբովյան 22ա շենքերի բակային տարածքում նոր բազմաբնակարան շենքերի կառուցման ծրագրերից` սահմանված նորմատիվ պահանջներին չհամապատասխանելու պատճառով(3): Դիմողը նշում է, որ չնայած դրան, 2019 թվականին Երևանի քաղաքապետը հավանություն է տվել 12 հարկանի բնակելի համալիրի կառուցմանը: «Ըստ նախագծի` նախատեսվող շինարարությունը ներառել է նաև դիմող Անդրանիկ Մանուկյանին պատկանող տարածքը` դրա վրա գտնվող կառույցները բնորոշելով որպես «նախնական պայմանավորվածությամբ ձեռքբերման ենթակա» և «քանդման ենթակա կառույցներ»»:
____________________
3) Տե՛ս գործի նյութերը, էջ 150:
27. Այնուհետև, Դիմողի տան անմիջապես կողքին` տան պատուհաններից 4,5 մետր հեռավորության վրա` հակառակ 12 հարկանի շենքի համար պահանջվող առնվազն 20 մետր հեռավորություն պահպանելու նորմատիվային պահանջի, 12 մետր խորությամբ հողի մեջ փորված փոսից սկսվել է շինարարությունը` ստեղծելով անապահով պայմաններ նրա և վերջինիս ընտանիքի անդամների համար, որոնց թվում են նրա կինը և երեք անչափահաս երեխաները:
28. Դիմողը նշում է. «ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ստուգումներով և գրություններով, փորձագիտական եզրակացություններով արձանագրվել են նշված շինարարության իրականացման նորմատիվային խախտումները` ընդգծելով, որ կառուցվող շենքը չի գտնվում իր տեղում, խախտված է տեղադիրքը, կառուցապատողն իրականացրել է Անդրանիկ Մանուկյանի հողազավթում, պահպանված չեն հրդեհային անվտանգության կանոնները, կառուցապատման նախագծում առկա են առերևույթ կեղծման վերաբերյալ տվյալներ»:
29. Դիմողը ներկայացրել է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի 2022 թվականի ապրիլի 22-ի գրությունը, որի համաձայն` շինարարական աշխատանքներն իրականացվել են ի սկզբանե հաստատված նախագծից շեղումով, ինչպես նաև 2022 թվականի մայիսի 2-ին տրված փորձագիտական եզրակացություն առ այն, որ բազմաբնակարան շենքի կառուցումը խախտում է Դիմողի տարածքի սահմանները և հանդիսանում է հողազավթում:
30. Բացի դրանից, Դիմողի կողմից ներկայացվել է ՀՀ քաղաքաշինական, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի 2022 թվականի օգոստոսի 8-ի գրությունը, որով Դիմողին է ուղարկվել նույն մարմնի ղեկավարի` ՀՀ գլխավոր դատախազին ներկայացրած գրության պատճենը, որտեղ նշվել է` «Տեսչական մարմնի դիտարկմամբ վերոգրյալ խախտումների ամբողջությունն իրենց որակական և քանակական հատկանիշներով բնութագրվում են հանրորեն բարձր վտանգավորությամբ, ուստի խնդրում եմ սույն գրությունն ընդունել որպես հանցագործության մասին հաղորդում»(4):
____________________
4) Տե՛ս գործի նյութերը, էջեր 185-189:
31. Ըստ Դիմողի` սույն գործով պարզապես անտեսվել է այն պարզ իրողությունը, որ տվյալ դեպքում հայցվող տարածքի նկատմամբ Լևոն Օրդուխանյանի սեփականության իրավունքի ճանաչմամբ Դիմողի սեփականության իրավունքի նկատմամբ իրականացված միջամտությունը տեղի է ունեցել «օրենքին համապատասխան» գործելու սահմանադրական և կոնվենցիոն պահանջի խախտմամբ, գործող կառուցակարգերի շրջանցմամբ, ինչի մասին հստակ արձանագրվել է Առաջին ատյանի դատարանի` 2023 թվականի ապրիլի 19-ի վճռում, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի դատավոր Է. Սեդրակյանի հատուկ կարծիքում: Մասնավորապես` դատարաններն այնպես են մեկնաբանել նյութական և դատավարական իրավահաջորդության ինստիտուտները կանոնակարգող Օրենսգրքի 345-րդ հոդվածում, 397-րդ հոդվածի 1-ին մասում, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 34-րդ հոդվածում, 40-րդ հոդվածում ամրագրված պահանջները, որ հայցվոր Հմայակ Հարությունյանի իրավահաջորդ է ճանաչվել պատասխանող Լևոն Օրդուխանյանն այն դեպքում, երբ հայցվոր Հմայակ Հարությունյանը դատարան դիմելիս չի ունեցել որևէ իրավունք կամ պարտավորություն, ինչը կարող էր իրավահաջորդության կարգով փոխանցվել Լևոն Օրդուխանյանին: Այլ կերպ, ըստ Դիմողի, տվյալ պարագայում բացակայել է նյութական իրավունքի տեսանկյունից գոյություն ունեցող որևէ իրավունք կամ պարտավորություն, որը «օրենքի հիման վրա» դատավարական կառուցակարգով կարող էր անցնել հայցվոր Հմայակ Հարությունյանից նույն գործով պատասխանող Լևոն Օրդուխանյանին, մինչդեռ հայցվոր Հմայակ Հարությունյանը, չունենալով որևէ սեփականության իրավունք, որպես տնվոր բնակվել է այն տնային տնտեսությունում, որը նոտարական կարգով վավերացված նվիրատվության պայմանագրի հիման վրա եղել է Դիմողի սեփականությունը:
32. Ավելին, ըստ Դիմողի` օրենքով նույնիսկ նախատեսված չի եղել նաև ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի իրավահաջորդության կարգով փոխանցման հնարավորություն, ինչի մասին նշվել է նաև Առաջին ատյանի դատարանի` 2023 թվականի ապրիլի 19-ի վճռում, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի դատավոր Է. Սեդրակյանի հատուկ կարծիքում:
33. Այնուհետև Դիմողը, «օրենքով նախատեսված դեպքերի» սահմանադրական պայմանի խախտմամբ իրեն պատկանող գույքի նկատմամբ բիզնես շահեր հետապնդող Լևոն Օրդուխանյանի սեփականության իրավունքի ճանաչման սահմանադրականության հարցադրման շրջանակներում մեջբերելով ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ձեռքբերման համար անհրաժեշտ նախապայմանների վերաբերյալ սահմանված պահանջները և համադրելով դրանք գործի փաստական հանգամանքների հետ, եզրակացրել է, որ Օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը, ինչպես նաև ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչման վերաբերյալ Օրենսգրքի 187-րդ հոդվածը ենթարկվել են այնպիսի մեկնաբանության, որ ակնհայտորեն խախտվել է Սահմանադրության 60-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված` «Օրենքով նախատեսված դեպքերում», ինչպես նաև Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի (այսուհետ նաև` ՄԻԵԿ) Արձանագրության 1-ին հոդվածից բխող` «Օրենքով նախատեսված պայմաններով» պահանջները: Այսպես` սույն գործով դատարաններն անմիջականորեն կիրառման ենթակա իրավադրույթին այնպիսի մեկնաբանություն են տվել, որ Դիմողի կողմից դեռևս 1991 թվականի նոտարական կարգով վավերացված նվիրատվության պայմանագրով ձեռք բերված և տիրապետվող` ք. Երևան, Թումանյան 2-րդ անցուղի, 5-րդ տուն հասցեում գտնվող 51,62 քմ մակերեսով հողամասի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչվել է Լևոն Օրդուխանյանի սեփականության իրավունքն այն դեպքում, երբ վերջինս գեթ մեկ օր չի բնակվել նշված տարածքում կամ տիրապետել նշված տարածքը, ինչի մասին նաև հստակ արձանագրվել է Առաջին ատյանի դատարանի` 2023 թվականի ապրիլի 19-ի վճռում` ընդգծելով, որ գործով չի ներկայացվել որևէ հիմք կամ ապացույց, որը կփաստեր «Օկտագոն» սպառողական կոոպերատիվի նախագահ Լևոն Օրդուխանյանի կողմից նշված հողատարածքը տիրապետելու հանգամանքը:
34. Բացի դրանից, Դիմողը նշել է, որ վերը նկարագրված պայմաններում երբևէ չէր կարող նշված հողամասի նկատմամբ սահմանադրական պահանջի խախտմամբ ճանաչվել Լևոն Օրդուխանյանի սեփականության իրավունքը` ընդգծելով, որ նշված կազմակերպությունը բիզնես շահերի սպասարկմանն ուղղված բազմաբնակարան համալիրի կառուցապատման համար դեռևս տարիներ առաջ, ինչպես հիմնավորվել է տեսչական մարմնի ստուգումներով, գրություններով և փորձագիտական եզրակացություններով, ունեցել է անօրինական ճանապարհով նշված հողամասին տիրանալու, դրա վրա գտնվող գույքը քանդելու նպատակ և սկսել է այն հետևողականորեն իրագործել: Ավելին, դատական ակտերի կայացման և նշված տարածքի նկատմամբ Լևոն Օրդուխանյանի սեփականության իրավունքի ճանաչման պահին արդեն իսկ նշվածը փաստացի քանդված է եղել նրա կողմից:
35. Արդյունքում, Դիմողը եզրակացրել է, որ Լևոն Օրդուխանյանի սեփականության իրավունքի ճանաչման գործընթացը եղել է դատարանների կողմից` անմիջականորեն կիրառման ենթակա նորմերին Սահմանադրության 60-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված` «օրենքով սահմանված դեպքերի» շրջանցմամբ տրված մեկնաբանության արդյունք, ինչի հետևանքով Դիմողը զրկվել է նույն հոդվածի 1-ին մասով երաշխավորված օրինական հիմքով ձեռք բերած և իր սեփականությունը համարվող 880 քմ տարածքում ներառված` 51,62 քմ մակերեսով հողամասն իր հայեցողությամբ տիրապետելու, տնօրինելու սահմանադրական իրավունքից:
36. Ամփոփելով Դիմողն ընդգծել է, որ Սահմանադրական դատարան ներկայացրած իր Դիմումն իրավական վերջին հնարավորությունն է` վերականգնելու Դիմողի խախտված սահմանադրական հիմնարար իրավունքները, և խնդրել է.
«(...)
2. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածը, 397-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 34-րդ հոդվածը, 40-րդ հոդվածն ու իրավակիրառ պրակտիկայում դատարանների կողմից դրանց տրված մեկնաբանությունը ճանաչել ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասով, 60-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, 61-րդ հոդվածի 1-ին մասով, 63-րդ հոդվածի 1-ին մասով, 75-րդ, 80-րդ և 81-րդ հոդվածներով երաշխավորված իրավունքներին և երաշխիքներին հակասող և անվավեր, այնքանով որքանով որ, ի հակադրումն դրանց վերաբերյալ ՀՀ Սահմանադրական դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների և միջազգային առաջադեմ չափորոշիչների, Դիմող Անդրանիկ Մանուկյանը զրկվել է իր սեփականության իրավունքից, քանի որ դատարանները ցեսիայի պայմանագրի հիման վրա ընդունելի են համարել դատավարական իրավահաջորդությամբ սեփականության ձեռքբերման վաղեմության իրավունքի փոխանցումը և սկզբնական Հայցվոր Հմայակ Հարությունյանին փոխարինել են Պատասխանող Լևոն Օրդուխանյանով, այն դեպքում, երբ Հայցվոր Հմայակ Հարությունյանը դատարան դիմելիս չի ունեցել որևէ իրավունք պահանջվող գույքի նկատմամբ և օրենքով նախատեսված չի եղել ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի փոխանցման հնարավորություն:
3. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը, 187-րդ հոդվածն ու իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությունը ճանաչել ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասի 60-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, 61-րդ հոդվածի 1-ին մասով, 63-րդ հոդվածի 1-ին մասով, 75-րդ, 80-րդ և 81-րդ հոդվածներով երաշխավորված իրավունքներին հակասող և անվավեր, այնքանով որքանով որ, ի հակադրումն դրանց վերաբերյալ ՀՀ Սահմանադրական դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների և միջազգային առաջադեմ չափորոշիչների, Դիմող Անդրանիկ Մանուկյանը զրկվել է իր սեփականության իրավունքից, քանի որ դատարանների կողմից ձեռքբերման վաղեմության ուժով «օրենքով սահմանված դեպքերի» խախտմամբ Դիմող Անդրանիկ Մանուկյանի գույքի նկատմամբ ճանաչվել է Լևոն Օրդուխանյանի սեփականության իրավունքն այն դեպքում, երբ Լևոն Օրդուխանյանը երբևէ չի բնակվել կամ հաշվառվել նշված տարածքում, ավելին` սեփականության իրավունքի ճանաչման պահին` պահանջվող գույքը եղել է քանդված` Լևոն Օրդուխանյանի բիզնես ծրագրի իրականացման նպատակով»:
Պատասխանողի դիրքորոշումները
37. Պատասխանողը վիճարկվող իրավադրույթների և դատարանների կողմից դրանց տրված մեկնաբանությունների սահմանադրականության առնչությամբ իր դիրքորոշումները ներկայացրել է ըստ նյութական և դատավարական իրավունքի նորմերի` դրանք վերլուծելով նաև Սահմանադրական դատարանի և Վճռաբեկ դատարանի վերաբերելի իրավական դիրքորոշումների լույսի ներքո:
38. Օրենսգրքի կարգավորումների վերաբերյալ Պատասխանողը նշել է, որ ձեռքբերման վաղեմության ինստիտուտն իր էությամբ չի զրկում սեփականատիրոջը իր սեփականության իրավունքից, այլ ուղղակիորեն ենթադրում է, որ եթե որոշակի ժամանակահատվածում սեփականատերը չի կիրառել իր իրավունքները, ապա իրավունքը կարող է փոխանցվել այն անձին, որը տասը տարվա ընթացքում այն բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, հետևաբար` ձեռքբերման վաղեմության ինստիտուտն ունի նպատակ` իրավաբանական նշանակություն հաղորդել գոյություն ունեցող փաստացի հարաբերություններին:
39. Ըստ Պատասխանողի` նշված ինստիտուտը թույլ է տալիս ճանաչել այն անձանց իրավունքը, որոնք երկար ժամանակ, բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետել են գույքը, ինչը նպաստում է սեփականության իրավունքների պաշտպանությանը և կայունությանը: Այս ինստիտուտը կոչված է պաշտպանելու գույքի երկարատև, բացահայտ և անընդմեջ տիրապետողի սեփականության իրավունքը: Նշված նորմերը ենթադրում են, որ անձը կարող է ձեռք բերել անշարժ գույքի սեփականության իրավունք, եթե տասը տարվա ընթացքում այն բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ օգտագործել է որպես իր սեփականը, որպիսի իրավունքին նա կարող է հավակնել այն դեպքում, երբ գույքն ունի սեփականատեր, սակայն այդ սեփականատերն անհայտ է կամ չի ցուցաբերել իր իրավունքները, կամ երբ նա հրաժարվել է սեփականության իրավունքից` կատարելով ակնհայտ գործողություններ կամ ներկայացնելով համապատասխան գրավոր հայտարարություն: Ուստի` «(...) ձեռքբերման վաղեմության ինստիտուտի կիրառումը չի հանգեցնում սեփականության իրավունքից զրկման կամ դրա սահմանադրական երաշխիքների խախտման, այն ինքնին չի հանգեցնում սեփականության իրավունքի ճանաչման, այլ փոխկապակցված գնահատվում է սեփականատիրոջ գործողությունների (անգործության), սեփականատիրոջ` իր գույքի նկատմամբ վերաբերմունքի համատեքստում: Նշված մեկնաբանությունների պայմաններում ձեռքբերման վաղեմության ինստիտուտը սահմանադրականության հարց չի առաջացնում»:
40. Բացի դրանից, Սահմանադրական դատարանի և Վճռաբեկ դատարանի վերաբերելի իրավական դիրքորոշումների հիման վրա Պատասխանողն արձանագրել է, որ ձեռքբերման վաղեմության ինստիտուտի հետ կապված դատական պրակտիկան վկայում է այդ ինստիտուտի կիրառման արդյունավետ և հստակ կառուցակարգերի առկայության մասին, իսկ Վճռաբեկ դատարանի կողմից կայացված նախադեպային որոշումներով «սպառիչ սահմանվել են այն նախապայմանները, որոնց առկայության դեպքում հնարավոր կլինի ձեռքբերման վաղեմության ինստիտուտի կիրառմամբ սեփականության իրավունքը ճանաչել»:
41. Միաժամանակ Պատասխանողը գտել է. «(...) Օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, 187-րդ հոդվածի և դատական պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությունների` Սահմանադրության 75-րդ, 80-րդ և 81-րդ հոդվածներին հակասելու մասով հիմնավորումներ չի ներկայացրել, այդ հիմնավորումներն առավել միտված են առ այն, որ դատարանը սխալ է կիրառել այդ հոդվածները (օրինակ` դատարանը ապացուցված է համարել մի փաստ, ի հավաստումն որի որևէ վերաբերելի և թույլատրելի ապացույց ներկայացված չի եղել)»:
42. Պատասխանողը, մեջբերելով Սահմանադրական դատարանի` 2013 թվականի սեպտեմբերի 10-ի ՍԴՈ-1106 որոշմամբ արտահայտված այն դիրքորոշումը, որ «(...) ցեսիայի բովանդակությունը հանգում է որոշակի պարտավորության հիման վրա առկա իրավունքի կամ պահանջի անցմանն այլ անձի: Տվյալ պարագայում տեղի է ունենում պարտավորության մեջ պարտատիրոջ փոփոխություն. ցեսիայի պայմանագրով փոխանցվում է միայն պահանջի իրավունքը, բայց ոչ պարտքը», արձանագրել է, որ «Վերոշարադրյալից կարող ենք արձանագրել, որ պահանջի զիջման իրավահաջորդության համար անհրաժեշտ է, որ առնվազն պարտատիրոջը պատկանի պարտավորության հիման վրա գոյացող իրավունքը: Սա նշանակում է, որ միայն այն դեպքում, երբ պարտատերը ունի համապատասխան իրավունքը (ինչպես` պարտավորության կատարումը պահանջելու իրավունք), ապա կարող է այդ իրավունքը փոխանցել կամ զիջել մեկ այլ անձի` իրավունք ունենալով, որ այդ իրավահաջորդը նույնպես կարողանա պահանջել պարտապանից պարտավորության կատարում: Հետևաբար, իրավահաջորդությունն իրականացվում է պարտատիրոջը նյութական իրավունքը պատկանելու փաստի ուժով: Այսինքն, նյութական առումով պահանջի զիջման իրավահաջորդության համար անհրաժեշտ է առնվազն պարտատիրոջը պարտավորության հիման վրա պատկանող իրավունքի առկայություն:
Քննարկվող դեպքում անհրաժեշտ է ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունքի պահանջը դիտարկել Օրենսգրքի 397-րդ հոդվածի 1-ին մասի կարգավորումների շրջանակներում, որտեղ հստակ սահմանվել է «պարտավորության հիման վրա պատկանող իրավունքը (պահանջը)»: (...):
Հաշվի առնելով, որ ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունքի պահանջը որևէ պարտավորության հիմք չունի, այլ որոշակի փաստերի հաստատման արդյունքում առաջացող իրավունք է, ապա այն չի կարող մեկնաբանվել ցեսիայի պայմանագրի կարգավորումների տրամաբանությամբ»:
43. Պատասխանողը նշում է, որ անձի դատավարական իրավունքների փոխանցումը (զիջումը) մեկ այլ անձի նշանակում է տվյալ անձին պատկանող դատավարական իրավունքների առկայություն, որը հնարավոր է այն դեպքում, երբ նա լիիրավ օգտվողն է իր իրավունքի: Հետևաբար` դատավարական իրավահաջորդության հարցն ուսումնասիրելիս անհրաժեշտ է գնահատել իրավահաջորդության առկայության համար անհրաժեշտ իրավական հիմքերի` նյութական և դատավարական իրավունքները զիջելու պայմանի առկայությունը` անձին իրավունքը պատկանելու փաստի ստուգումը: Պարտատիրոջը պարտավորության հիման վրա պատկանող իրավունքն է (պահանջը), որը կարող է այլ անձի փոխանցվել (զիջվել) կամ անցնել այլ անձի:
44. Վերոգրյալի առթիվ մեջբերելով Վճռաբեկ դատարանի 2022 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ ՇԴ/3360/02/21 գործով արտահայտած դիրքորոշումն առ այն, որ դատավարական իրավահաջորդությամբ դատարանը գործին մասնակցող անձին փոխարինում է իրավահաջորդով, եթե նյութական իրավահաջորդության մասին վեճը բացակայում է, այդ փաստն արդեն իսկ հաստատված կամ ձևակերպված է օրենքով սահմանված կարգով և դրա վերաբերյալ ներկայացվել է համապատասխան ապացույց, Պատասխանողը, ըստ էության, համաձայնելով Դիմողի, Առաջին ատյանի դատարանի որոշման և Վճռաբեկ դատարանի դատավորի հատուկ կարծիքի հետ, եզրակացնում է, որ «վիճելի իրավահարաբերության առկայությունը բացառում է դատավարական իրավահաջորդությունը. անհրաժեշտ է նյութական իրավունքի` անձին պատկանելու անվիճելի փաստի առկայություն», և, ի թիվս այլնի` եզրակացնում, որ «նշվածից հետևում է, որ դատական պրակտիկան մի դեպքում ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունքի ցեսիայի պայմանագրով փոխանցման պայմաններում հայցվոր կողմի իրավահաջորդության հարցին անդրադառնալով թույլ է տալիս իրավահաջորդություն, մեկ այլ դեպքում` ոչ: Սակայն նկարագրվածը նորմի սահմանադրականության հարց չի առաջացնում, այլ միատեսական դատական պրակտիկայի զարգացման և իրավունքի զարգացման խնդիր է հանդիսանում»:
45. Միաժամանակ, Պատասխանողը նշում է. «քննարկվող դեպքում հաշվի առնելով, որ դատական պրակտիկան մի դեպքում ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունքի ցեսիայի պայմանագրով փոխանցման պայմաններում հայցվոր կողմի իրավահաջորդության հարցին անդրադառնալով թույլ է տալիս իրավահաջորդություն, մեկ այլ դեպքում ոչ, և առկա է նույնաբովանդակ փաստական հանգամանքներով իրավիճակ, որտեղ նույն իրավական նորմերը կիրառվել են ակնհայտ տարբեր մեկնաբանություններով, և մի դեպքում այն հանգեցրել է անձի սեփականության իրավունքի դադարեցմանը», եզրահանգել է, որ «վերը նշված հոդվածները այն մեկնաբանությամբ, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու օրենսդրական հիմքերը բացակայել են, գտնում ենք, որ հանգեցրել են անձի արդար դատաքննության իրավունքի սահմանափակմանը և չեն բխել Սահմանադրությամբ երաշխավորված հիմնարար իրավունքից»:
46. Ամփոփելով իր դիրքորոշումները` Պատասխանողը խնդրել է. «Անդրանիկ Մանուկյանի դիմումի հիման վրա` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, 187-րդ հոդվածի, 345-րդ հոդվածի, 397-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 34-րդ, 40-րդ հոդվածների, 360-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 361-րդ հոդվածի 1-ին մասի, ու դրանց իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության, բացառությամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի, 397-րդ հոդվածի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 40-րդ հոդվածի համակարգային կիրառությամբ իրավահաջորդություն թույլատրելու վերաբերյալ մեկնաբանությունների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով ընդունել որոշում Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին»:
Գործի շրջանակներում պարզման ենթակա հանգամանքները
47. Սահմանադրական դատարանը սույն գործով վիճարկվող օրինադրույթների և իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության սահմանադրականությունը պարզելու համար անհրաժեշտ է համարում անդրադառնալ ներքոնշյալ հարցադրմանը`
- արդյո՞ք վիճարկվող դրույթներով նախատեսված կարգավորումները` դատական պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությամբ, հանգեցրել են Դիմողի սեփականության իրավունքի այնպիսի սահմանափակման, որ նա իր սեփականությունից, Սահմանադրության 60-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջին հակառակ, զրկվել է օրենքով սահմանված ընթացակարգի բացակայությամբ և այլ կերպ, քան «օրենքով սահմանված դեպքում»:
Միաժամանակ, Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սույն դիմումի քննության շրջանակներում հարկ է համարում անդրադառնալ ձեռքբերման վաղեմության իրավահարաբերություններում (Օրենսգրքի 187-րդ հոդված) պարտատիրոջ իրավունքներն այլ անձին անցնելու իրավական հնարավորության (Օրենսգրքի 397-րդ հոդվածի 1-ին մաս) հարցին` միայն սույն գործի հարուցման հիմք ծառայած դիմումի մեջ ներկայացված հիմքերի և հիմնավորումների շրջանակներում:
Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները
48. Նախևառաջ, Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ սույն գործով որևէ վարույթի շրջանակներում Դիմողի` խնդրո առարկա գույքի նկատմամբ սեփականության իրավունք ունենալու փաստը չի վիճարկվել, ուստի` Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Դիմողը խնդրո առարկա տարածքի նկատմամբ ունեցել է սեփականության իրավունք, որի առնչությամբ կիրառելի են եղել ինչպես Սահմանադրության 60-րդ հոդվածով, այնպես էլ Կոնվենցիայի Արձանագրության 1-ին հոդվածով նախատեսված երաշխիքները:
49. Սահմանադրության 1-ին հոդվածի համաձայն` «Հայաստանի Հանրապետությունն (...) իրավական պետություն է»:
50. Սահմանադրության` «Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատությունները» վերտառությամբ 3-րդ հոդվածի համաձայն`
«(...)
2. Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են:
3. Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով` որպես անմիջականորեն գործող իրավունք»:
---------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում