Սեղմել Esc փակելու համար:
ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 187-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ...

 

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

քաղ. Երևան                 1 հուլիսի 2025 թ.

 

ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 187-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՎ 397-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԻՐԱՎԱԿԻՐԱՌ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ ՏՐՎԱԾ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼ ՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

(2-րդ մաս)

 

51. Սահմանադրության 1-ին` «Սահմանադրական կարգի հիմունքները» գլխում զետեղված «Սեփականության երաշխավորումը» վերտառությամբ 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`

«1. Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և հավասարապես պաշտպանվում են սեփականության բոլոր ձևերը»:

52. Սահմանադրության` «Սեփականության իրավունքը» վերտառությամբ 60-րդ հոդվածի համաձայն`

«1. Յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք:

(...):

4. Ոչ ոք չի կարող զրկվել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով` օրենքով սահմանված դեպքերի:

(...)»:

53. Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

54. Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

55. Սահմանադրության 79-րդ հոդվածի համաձայն` հիմնական իրավունքները և ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը և ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների և ազատությունների կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ:

56. Սահմանադրության 80-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ սույն գլխում ամրագրված դրույթների էությունն անխախտելի է:

57. Սահմանադրության 81-րդ հոդվածի համաձայն`

«1. Հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած` մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան:

2. Հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակումները չեն կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված սահմանափակումները»:

58. Կոնվենցիայի 1-ին հոդվածի համաձայն` «Բարձր պայմանավորվող կողմերն իրենց իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուրի համար ապահովում են այն իրավունքներն ու ազատությունները, որոնք սահմանված են սույն Կոնվենցիայի I բաժնում»:

59. Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` «Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները (...), ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք»:

60. Կոնվենցիայի Արձանագրության 1-ին հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք: Ոչ ոքի չի կարելի զրկել նրա գույքից, բացառությամբ ի շահ հանրության և այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով (...)»:

61. Սահմանադրական դատարանը 2013 թվականի հունվարի 30-ի ՍԴՈ-1073 որոշմամբ նշել է, որ անձի բացառիկ իրավունքն է իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու և կտակելու իր սեփականությունը` պայմանով, որ այդ իրավունքի իրացումը չխախտի այլ անձանց, հանրության և պետության իրավունքներն ու օրինական շահերը, վնաս չպատճառի շրջակա միջավայրին(5):

 

____________________

5) Սահմանադրական դատարանի 2013 թվականի հունվարի 30-ի ՍԴՈ-1073 որոշում, կետ 5:

 

62. Սահմանադրական դատարանը, 2023 թվականի նոյեմբերի 7-ի ՍԴՈ-1699 որոշմամբ արձանագրելով, որ Սահմանադրությամբ որպես սեփականության իրավունքի անձեռնմխելիության երաշխիք` առանձնացվել է սեփականության իրավունքի պաշտպանությունը` «նախադրյալներ ստեղծելով սեփականատիրոջ կողմից օրինական հիմքով իրեն պատկանող գույքի ազատ տիրապետման, օգտագործման և տնօրինման, ինչպես նաև սեփականության բոլոր ձևերի ազատ զարգացման և հավասար իրավական պաշտպանության համար»(6), արտահայտել է հետևյալ դիրքորոշումները`

«5.2. Սահմանադրական դատարանը վերահաստատում է սեփականության իրավունքի վերաբերյալ իր` նախկինում արտահայտած դիրքորոշումն առ այն, որ սեփականության իրավունքը, որպես ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետության պայմաններում անձի իրավունքների ու ազատությունների երաշխավորման բնութագրիչ, միաժամանակ նաև որպես մասնավոր և հանրային իրավահարաբերությունների կարգավորման կառուցակարգ, ունի սահմանադրաիրավական կարևոր նշանակություն (Սահմանադրական դատարանի 2018 թվականի հոկտեմբերի 30-ի ՍԴՈ-1432 որոշում, կետ 4.1):

 

____________________

6) Սահմանադրական դատարանի 2018 թվականի հոկտեմբերի 30-ի ՍԴՈ-1432 որոշում, կետ 4.1:

 

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սեփականության իրավունքի պաշտպանության` Հայաստանի Հանրապետության իրավակարգում ունեցած ընդգծված կարևորությունն արձանագրված է առաջին հերթին Սահմանադրության «Սահմանադրական կարգի հիմունքները» վերտառությամբ գլխի 10-րդ հոդվածում, համաձայն որի` Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և հավասարապես պաշտպանվում են սեփականության բոլոր ձևերը:

Սեփականության հիմնական իրավունքի պաշտպանության նպատակով սեփականության իրավունքի պաշտպանության երաշխիքներն ամրագրվել են նաև Սահմանադրության 60-րդ հոդվածում:

Վերը նշվածից բացի, Սահմանադրական դատարանը կարևոր է համարում արձանագրել, որ սեփականության հիմնական իրավունքը, թեպետ որոշ բովանդակային փոփոխություններով, սակայն որպես հիմնական իրավունքի իրավական ամրագրում 1995 թվականից մինչ այժմ կայուն հետևողականությամբ տեղ է գտել Սահմանադրության մեջ և դրանում կատարված բոլոր փոփոխություններում:

Բացի դրանից, Սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ սեփականության իրավունքի պաշտպանության հանրային իշխանության պարտականությունը Հայաստանի Հանրապետության իրավակարգի կարևոր բաղադրիչ է նաև մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով, մասնավորապես, սակայն չսահմանափակվելով միայն` Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով (հոդված 17, ընդունված և հռչակված ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 1948 թվականի դեկտեմբերի 10-ի 217 Ա (III) բանաձևով), 1950 թվականի նոյեմբերի 4-ի Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի Արձանագրության 1-ին հոդվածով:

Ելնելով սեփականության իրավունքի պաշտպանության` Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգի բաղադրիչ լինելու հիմնարար սահմանադրական արժեքից` Սահմանադրության 60-րդ հոդվածով նախատեսվել են սեփականության իրավունքին միջամտությունների` (1) սեփականության իրավունքի ընդհանուր սահմանափակումների, (2) սեփականությունից զրկման և (3) հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) սեփականության օտարման նպատակները, իրավական հիմքը և պայմանները:

(...):

5.3. (...) սեփականության իրավունքի առավել խիստ միջամտության երկու հատուկ ձևերի` սեփականությունից զրկելու և հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) սեփականությունը օտարելու իրավահարաբերությունների կարգավորման նպատակով Սահմանադրության, համապատասխանաբար, 60-րդ հոդվածի 4-րդ մասով (...) սահմանվել են հատուկ նորմեր, որոնք (...) նախատեսված միջամտության խստության աստիճանով և իրավահարաբերությունների բնույթով պայմանավորված, նախատեսել են սեփականության իրավունքին միջամտության սահմանադրաչափության հատուկ և պարտադիր այլ պայմաններ:

Մասնավորապես` (...) սեփականությունից զրկվելու ձևով միջամտության սահմանադրաչափության անհրաժեշտ պայման է նաև Սահմանադրության 60-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված «դատական կարգի» ապահովումը, ինչպես նաև սեփականությունից զրկվելու դեպքի «օրենքով սահմանված» լինելը(7)»:

 

____________________

7) Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1699 որոշում, կետեր 5.2-5.3:

 

63. Սահմանադրական դատարանն իր` 2017 թվականի հունվարի 31-ի ՍԴՈ-1340 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումների շրջանակներում նշել է. «(...) Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերում ամրագրված դրույթները կազմում են սեփականության իրավունքի հիմնական բովանդակությունը` ամրագրելով այն իրավազորությունները, որոնցից յուրաքանչյուր ոք անարգել պետք է կարողանա օգտվել սեփականության հիմնական իրավունքն իրականացնելիս, այսինքն` անձը պետք է առանց որևէ խոչընդոտի կարողանա իրականացնել սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու իրավունքը, օգտագործելու իրավունքը, տնօրինելու իրավունքը, ինչպես նաև ժառանգելու իրավունքը (...)»:

64. Սահմանադրական դատարանի 2020 թվականի հունիսի 18-ի ՍԴՈ-1546, դեկտեմբերի 8-ի ՍԴՈ-1571 և 2024 թվականի հուլիսի 22-ի ՍԴՈ-1741 որոշումները հաստատում են, որ ցանկացած օրենսդրական կարգավորում, այդ թվում` գույքային հարաբերություններին վերաբերող, պետք է կառուցված լինի այն տրամաբանությամբ, որ նպաստի իրավունքների իրական և արդյունավետ իրացմանը:

65. Սահմանադրական դատարանի 2006 թվականի նոյեմբերի 21-ի ՍԴՈ-667 որոշմամբ ձեռքբերման վաղեմության ինստիտուտի իրավական բովանդակության վերաբերյալ արձանագրվել է.

«(...) ձեռքբերման վաղեմությունը դասվում է սեփականության իրավունքի ձեռքբերման եղանակների թվին: Ձեռքբերման վաղեմության հիմքով անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռքբերման համար պահանջվում է այդ գույքի` որպես սեփական ունեցվածքի բարեխիղճ, բացահայտ, անընդմեջ, տևական տիրապետում:

Այս նախապայմանները բացառում են ուրիշի գույքը որպես սեփականություն ձեռք բերելու հնարավորությունը, որին տիրապետողը տիրապետում և օգտագործում է, մասնավորապես, վարձակալության, պահատվության կամ այլ պայմանագրերի հիման վրա, թեկուզև` բարեխիղճ, բացահայտ, անընդմեջ և երկարատև, սակայն իր պայմանագրային պարտավորությունների գիտակցմամբ այն համարելով ուրիշի գույք և այն տիրապետելով ոչ որպես սեփական գույք: Այն կոչված է պաշտպանելու գույքի բարեխիղճ տիրապետողի իրավունքները: ՀՀ քաղ. օր.-ի 187 հոդվածը չի խոչընդոտում սեփականության իրավունքի ճանաչմանն ու պաշտպանությանը: Այն նախատեսում է դատական կարգով գույքի բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետողի` գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռքբերման հնարավորություն»:

66. Վերջապես, սույն գործով լուծման ենթակա հարցին առավել վերաբերելի` Սահմանադրական դատարանի` 2013 թվականի սեպտեմբերի 10-ի ՍԴՈ-1106 որոշմամբ արտահայտված դիրքորոշման համաձայն`

«(...) պահանջի զիջման պայմանագրի /ցեսիայի/ ինստիտուտը նախատեսված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ` օրենսգիրք)` «Անձանց փոփոխվելը պարտավորության մեջ» վերտառությամբ 25-րդ գլխով, որի 397-րդ հոդվածը, մասնավորապես, սահմանում է. «Պարտատիրոջը պարտավորության հիման վրա պատկանող իրավունքը (պահանջը) կարող է նրա կողմից այլ անձի փոխանցվել գործարքով (պահանջի զիջում) կամ անցնել այլ անձի` օրենքի հիման վրա»: Այս կապակցությամբ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ վիճարկվող նորմում հիշատակված ցեսիայի պայմանագիրը քաղաքացիաիրավական պայմանագիր է, որի նկատմամբ կիրառելի են ցեսիայի ինստիտուտին վերաբերելի ՀՀ քաղաքացիական օրենսդրության համապատասխան դրույթները, իսկ տվյալ օրենսդրական դրույթների հիման վրա առաջացած իրավահարաբերությունները կրում են քաղաքացիաիրավական բնույթ, (...): Ինչպես վկայում է օրենսգրքի կանոնակարգումը` ցեսիայի բովանդակությունը հանգում է որոշակի պարտավորության հիման վրա առկա իրավունքի կամ պահանջի անցմանն այլ անձի: Տվյալ պարագայում տեղի է ունենում պարտավորության մեջ պարտատիրոջ փոփոխություն. ցեսիայի պայմանագրով փոխանցվում է միայն պահանջի իրավունքը, բայց ոչ պարտքը»:

67. Սահմանադրական դատարանի` վերը մեջբերված դիրքորոշումներին համահունչ դիրքորոշում արտահայտել է նաև Վճռաբեկ դատարանը` 2022 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ ՇԴ/3360/02/21 գործով կայացված որոշմամբ` արձանագրելով, որ դատավարական իրավահաջորդությամբ դատարանը գործին մասնակցող անձին փոխարինում է իրավահաջորդով, եթե նյութական իրավահաջորդության մասին վեճը բացակայում է, այդ փաստն արդեն իսկ հաստատված կամ ձևակերպված է օրենքով սահմանված կարգով և դրա վերաբերյալ ներկայացվել է համապատասխան ապացույց:

68. Մեկ այլ` թիվ ԱՐԱԴ/0084/02/12 գործով 2013 թվականի ապրիլի 5-ի որոշմամբ(8) Վճռաբեկ դատարանն, անդրադառնալով Օրենսգրքի 187-րդ հոդվածի 2-րդ մասի այն կարգավորմանը, որ տիրապետման վաղեմությունը վկայակոչող անձը կարող է իր տիրապետման ժամկետին միացնել այն ժամանակը, որի ընթացքում այդ գույքին տիրապետել է այն անձը, որի իրավահաջորդն է ինքը, նշել է.

«Անշարժ գույքի սեփականատիրոջ կողմից գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պաշտպանությանն ուղղված գործողությունները պետք է իրականացվեն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածով նախատեսված ժամկետի ընթացքում` մինչև գույքի փաստացի տիրապետողի կողմից ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունքի ճանաչման պահանջ ներկայացնելը: (...):

 

____________________

8) Հասանելի է հետևյալ հղմամբ` https://www.cassationcourt.am/precedent/precedent-single-decision/civil- cases/1136:

 

Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունքի ծագման համար գույքն այլ անձի անցնելու ձևերը, որոնք էլ պայմանավորում են ձեռք բերողի մոտ բարեխղճության առկայությունը կամ բացակայությունը, տարբեր են: Ինչպես կամահայտնության գրավոր կամ բանավոր ձևերը, այնպես էլ անձի գործողությունները և հավասարապես անգործությունը կարող են վկայել տիրապետման բարեխղճության մասին:

Բարեխղճության ծագումը, ինչպես և մյուս պայմանները կարևորվում են գույքի փաստացի տիրապետման անցնելու պահին: Այդուհանդերձ, առանձին դեպքերում բարեխղճությունը ժամանակագրական առումով կարող է չհամընկնել գույքի փաստացի տիրապետման անցնելու պահի հետ: Այլ կերպ` գույքը փաստացի տիրապետման անցնելու պահին այն ձեռք բերողի մոտ կարող է բացակայել բարեխղճությունը և ծագել ավելի ուշ: Նման դեպքերում ինքնին չպետք է բացառել ձեռքբերման վաղեմության առկայությունը: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նման դեպքերում տասը տարվա ժամկետի հաշվարկի հոսքը սկսվում է ոչ թե գույքի փաստացի տիրապետմանն անցնելու պահից, այլ տիրապետման ընթացքում բարեխիղճ դառնալու պահից: Վերջինս էլ ըստ էության նշանակում է, որ գույքն այդ պահից է անցել անձի տիրապետմանը և անցման պահին անձը եղել է բարեխիղճ»(9):

 

____________________

9) Համանման դիրքորոշում է արտահայտվել նաև, ի թիվս այլնի, Վճռաբեկ դատարանի 2023 թվականի նոյեմբերի 24-ի թիվ ԵԴ/7920/02/20 գործով որոշմամբ:

 

69. Վերոգրյալ չափորոշիչների լույսի ներքո, սույն գործով Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում պարզել, թե արդյոք Դիմողին սեփականությունից զրկելը տեղի է ունեցել Սահմանադրության 60-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված` «օրենքով նախատեսված դեպքերում»:

70. «Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 34-րդ հոդվածի համաձայն`

1. Հայցվորը գործին մասնակցող այն անձն է, որն իր կամ օրենքով նախատեսված դեպքերում այլ անձի իրավունքների պաշտպանության նպատակով հայցադիմում է ներկայացրել առաջին ատյանի դատարան:

2. Գործի քննության ընթացքում հայցվորի փոխարինում չի թույլատրվում, բացառությամբ իրավահաջորդության դեպքերի:

Նույն օրենսգրքի 40-րդ հոդվածի 1-րդ մասի համաձայն` «Դատավարությունից գործին մասնակցող անձանցից մեկի դուրս գալու դեպքում (...), պահանջի զիջում, (...) և այլն) դատարանը որոշում է կայացնում գործին մասնակցող անձին նրա իրավահաջորդով փոխարինելու վերաբերյալ»:

71. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սույն որոշման նախորդ կետում մեջբերված իրավակարգավորումներից հետևում է, որ հայցվորն այն անձն է, որը դատարան հայցադիմում ներկայացնելիս առնվազն այդ պահին ունի իրավական շահագրգռվածություն, որպիսին փաստելու համար անհրաժեշտ է, որ ենթադրյալ խախտված իրավունքը պատկանի հայցվորին, իսկ ներկայացված հայցի նպատակը լինի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն ու վերականգնումը: Այս տրամաբանությունից է բխում հայցվորի փոխարինումը բացառապես իրավահաջորդության դեպքով պայմանավորելը: Օրենսդիրը, նախատեսելով իրավահաջորդության դեպքերի ոչ սպառիչ ցանկ, այնուամենայնիվ, դատավարությունից գործին մասնակցող անձի դուրս գալը պայմանավորել է վերջինիս պատկանող իրավունքի դադարումով:

72. Վերոնշյալ դատավարական կարգավորումների ուսումնասիրության արդյունքում Սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ դատավարական իրավահաջորդության համար հիմք է հանդիսանում նյութական իրավահաջորդությունը, որը ենթադրում է քաղաքացիական իրավունքների և պարտականությունների անցում մեկ անձից մյուսին: Նյութական իրավահաջորդությունը կարող է տեղի ունենալ ինչպես ընդհանուր (քաղաքացու մահ, իրավաբանական անձի վերակազմակերպում), որի շրջանակներում փոխանցվում են բոլոր իրավունքները և պարտականությունները` բացառությամբ անձի հետ անխզելիորեն կապված և օրենքով ուղղակի արգելված դեպքերի, այնպես էլ մասնակի (պահանջի զիջում, պարտքի փոխանցում և այլն), երբ անձն իրեն պատկանող իրավունքների ու պարտականությունների համակցությունից որևէ մեկ իրավունք կամ պարտականություն է փոխանցում այլ անձի:

73. Օրենսգրքի 397-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պարտատիրոջը պարտավորության հիման վրա պատկանող իրավունքը (պահանջը) կարող է նրա կողմից այլ անձի փոխանցվել գործարքով (պահանջի զիջում) կամ անցնել այլ անձի` օրենքի հիման վրա: Օրենսգրքի 345-րդ հոդվածի համաձայն` պարտավորության ուժով մի անձը (պարտապանը) պարտավոր է մեկ այլ անձի (պարտատիրոջ) օգտին կատարել որոշակի գործողություն` վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը:

74. Վերոգրյալից հետևում է, որ պարտավորական հարաբերության մասնակիցներն են պարտատերը, որին պատկանում է պարտականության կատարման պահանջի իրավունքը, և պարտապանը` համապատասխանաբար` պարտավորության կատարման պարտականությունը կրող կողմը: Այսինքն` նյութական առումով պահանջի զիջման իրավահաջորդության համար անհրաժեշտ է առնվազն պարտատիրոջը պարտավորության հիման վրա պատկանող իրավունքի առկայություն:

75. Տվյալ դեպքում գործի փաստերից հետևում է, որ Հմայակ Հարությունյանի և Լևոն Օրդուխանյանի միջև 03.06.2020 թ. կնքված պահանջի զիջման (ցեսիայի) պայմանագրի համաձայն` ««Ցեդենտ-2-ը (Հմայակ Հապետնակի Հարությունյան) Ցեսիոնարին (Լևոն Վալերիի Օրդուխանյան) է զիջում թիվ ԵԴ/6908/02/18 քաղաքացիական գործով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ. Թորոսյանի վարույթում քննվող Հմայակ Հարությունյանի հայցադիմումով ներկայացված հայցապահանջներն ընդդեմ «ՕԿՏԱԳՈՆ» սպառողական կոոպերատիվի, Արտավազդ Նորիկի Այվազյանի, Արեգ Արմենի Օհանջանյանի, Անդրանիկ Քյարամի Մանուկյանի, Մանուշակ Աշոտի Կավիցյանի և Երրորդ անձ ՀՀ ԿԱ ԱՆԳՊ կոմիտեի ձեռք բերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի իրավունքը, այդ թվում պետական տուրքի, ինչպես նաև այլ դատական ծախսերի մասով»(10):

 

____________________

10) Տե՛ս գործի նյութերը, հատոր 3, էջեր 82-85:

 

76. Առաջին ատյանի դատարանը, քննելով Լևոն Օրդուխանյանի կողմից ներկայացված ցեսիայի պայմանագիրը և գտնելով, որ Լևոն Օրդուխանյանը չի հանդիսանում ձեռքբերման վաղեմության տեսանկյունից իրավահաջորդ` Օրենսգրքի 187-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով, նշել է. «(...) ՔՕ 187-րդ հոդվածի տեսանկյունից առկա չէ պարտավորական կամ այլ իրավունք, որը կարող է զիջվել կամ փոխանցվել մասնակի իրավահաջորդության այլ եղանակով, ինչի արդյունքում ներկայացված ցեսիայի պայմանագիրը ձևական առումով կարող էր գնահատվել միայն դատավարական իմաստով իրավահաջորդության հիմք, սակայն նյութական-իրավական առումով իրավահաջորդություն առկա չէ: (...)»:

77. Վերաքննիչ քաղաքացիական դատարանը, անդրադառնալով Հմայակ Հարությունյանի իրավահաջորդության հարցին, արձանագրել է, որ այն լուծված է եղել Դատարանի դեռևս 17.06.2020 թ. որոշմամբ` սկզբնական հայցվոր Հմայակ Հարությունյանին փոխարինելով նրա իրավահաջորդով` Լևոն Օրդուխանյանով, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ պահանջի զիջման պայմանագրի համաձայն` հայցով ներկայացված պահանջի իրավունքը զիջվել է, և դրա հաշվառմամբ է լուծվել իրավահաջորդության հարցը, որպիսի որոշման դեմ շուրջ երեք տարի տևած գործի քննության ընթացքում առարկություններ չեն արձանագրվել, և նման պայմաններում Դատարանը կրկին անգամ չպետք է անդրադառնար այդ հարցի քննարկմանը:

78. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ 03.06.2020 թ. կնքված «Ցեսիայի պայմանագիր» վերտառությամբ փաստաթղթով որևէ պարտավորության հիման վրա առաջացած իրավունք չի զիջվել: Ավելին, ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի փոխանցումը անհնարին է նաև հետևյալ պատճառաբանությամբ.

79. Օրենսգրքի 187-րդ հոդվածի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատերը չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն): Տիրապետման վաղեմությունը վկայակոչող անձը կարող է իր տիրապետման ժամկետին միացնել այն ժամանակը, որի ընթացքում այդ գույքին տիրապետել է այն անձը, որի իրավահաջորդն է ինքը:

80. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սույն որոշման նախորդ կետում մեջբերված իրավակարգավորումներից հետևում է, որ գույք ձեռք բերելու` օրենքով թույլատրվող հիմքերից է նաև ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչումը և գրանցումը, և ձեռքբերման վաղեմությունը հնարավորություն է ընձեռում անշարժ գույքի սեփականատեր չհանդիսացող անձին ժամանակի ընթացքում գույքի նկատմամբ ձևավորված փաստացի տիրապետությունը վերամարմնավորել սեփականության իրավունքի` գույքը տիրապետող անձի կողմից` գույքի նկատմամբ տիրապետմանն ուղղված համապատասխան վարքագծի դեպքում: Այնուամենայնիվ, այս ինստիտուտի կիրառումը պետք է իրականացվի քաղաքացիաիրավական հարաբերությունների համապատասխան մասնակիցների շահերի ողջամիտ հավասարակշռվածության ապահովման պայմաններում, որպեսզի երաշխավորվի նաև գույքի նկատմամբ գրանցված սեփականության իրավունք ունեցող անձանց իրավական պաշտպանությունը:

81. Այսինքն` ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչման իրավական հնարավորությունը սերտորեն փոխկապակցված է գույքի սեփականատիրոջ (այդ թվում նաև` թե՛ ձեռք բերողի տիրապետման տիրույթում գտնվող գույքի նկատմամբ սեփականատիրոջ սեփականության իրավունքի գրանցված լինելու պարագայում, և թե՛ այդ տիրապետման ժամանակահատվածում սեփականատիրոջ իրավունքի գրանցման պարագայում)` գույքի նկատմամբ դրսևորած վարքագծի և դրա նկատմամբ ունեցած վերաբերմունքի հետ, ինչպես նաև գույքը տիրապետող անձի` գույքի նկատմամբ տիրապետմանն ուղղված վարքագծի հետ:

82. Այս առումով Սահմանադրական դատարանը կարևոր է համարում շեշտել, որ օրենսդիրն ինքնին չի բացառում տիրապետման իրավահաջորդության հնարավորությունը` Օրենսգրքի 187-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանելով, որ տիրապետման վաղեմությունը վկայակոչող անձը կարող է իր տիրապետման ժամկետին միացնել այն ժամանակը, որի ընթացքում այդ գույքին տիրապետել է այն անձը, որի իրավահաջորդն է ինքը: Այնուամենայնիվ, սույն կարգավորումն ինքնին վկայում է, որ իրավահաջորդությունն այս իրավահարաբերություններում կարող է տեղ ունենալ բացառապես այն դեպքերում, երբ իրավահաջորդը տիրապետման իրավահարաբերություններում ունի որոշակի մասնակցություն այն առումով, որ շարունակում է իրավանախորդի տիրապետումը, ընդ որում` օրենսդրությամբ սահմանված վավերապայմանների պահպանմամբ:

83. Մասնավորապես` Օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգավորումից բխում է, որ իբրև սեփականության իրավունքի ձեռքբերման եղանակ` օրենսդիրը սահմանում է անշարժ գույքի սեփականատեր չհանդիսացող քաղաքացու կամ իրավաբանական անձի իրավական հնարավորությունը որոշակի ժամանակահատվածում և վավերապայմանների պահպանմամբ գույքը որպես սեփականը տիրապետելու պայմաններում այդ գույքի նկատմամբ ձեռք բերել սեփականության իրավունք, իսկ ձեռքբերման վաղեմության շրջանակներում տիրապետումը պետք է լինի` (1) բարեխիղճ,(2) բացահայտ, (3) անընդմեջ, և (4) որպես սեփական գույք տիրապետվող, այսինքն` գույքի փաստացի տիրապետողի մոտ պետք է առկա լինի այն համոզմունքը, որ նա գույքը ձեռք է բերում օրինական հիմքերով, և նա գույքը պետք է տիրապետի որպես սեփականը, այդ թվում` երրորդ անձանց հետ հարաբերություններում:

84. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սույն գործով հայցվորի մոտ դատարան դիմելու պահին որևէ նյութական իրավունք առկա չի եղել: Ինչ վերաբերում է Օրենսգրքի 187-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորմանը, ապա ենթադրվում է, որ այն կիրառելի է ընդհանուր (համապարփակ) իրավահաջորդության պայմաններում, քանի որ մասնակի իրավահաջորդության կարգով սեփականության իրավունքի փոխանցման որևէ կարգ սահմանված չէ: Ուստի` նյութական իրավահաջորդության փաստը հաստատող ապացույցի բացակայության պայմաններում դատավարական իրավահաջորդությունը չէր կարող լինել թույլատրելի:

85. Փոխանցվող իրավունքի ծավալի առնչությամբ Օրենսգրքի 399-րդ հոդվածը սահմանում է. «Սկզբնական պարտատիրոջ իրավունքը նոր պարտատիրոջն է անցնում իրավունքի անցման պահին գոյություն ունեցող ծավալով և պայմաններով, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով: Մասնավորապես, նոր պարտատիրոջն են անցնում պարտավորության կատարումն ապահովող, ինչպես նաև պահանջի հետ կապված այլ իրավունքները` ներառյալ չվճարված տոկոսների նկատմամբ իրավունքը»:

86. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ նման պայմաններում օրենքով նույնիսկ նախատեսված չի եղել ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի իրավահաջորդության կարգով փոխանցման հնարավորություն, ինչի մասին նշվել է նաև Առաջին ատյանի դատարանի` 2023 թվականի ապրիլի 19-ի վճռում:

87. Սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ գործի փաստերից և անմիջականորեն կիրառման ենթակա իրավադրույթներից չի բխել Վերաքննիչ դատարանի այն մեկնաբանությունը, որի արդյունքում դիմող Անդրանիկ Մանուկյանի կողմից դեռևս 1991 թվականին նոտարական կարգով վավերացված նվիրատվության պայմանագրով ձեռք բերված և տիրապետվող` ք. Երևան, Թումանյան 2-րդ անցուղի, 5-րդ տուն հասցեում գտնվող 51,62 քմ մակերեսով հողամասի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչվել է Լևոն Օրդուխանյանի սեփականության իրավունքն այն դեպքում, երբ վերջինս գեթ մեկ օր չի բնակվել նշված տարածքում կամ տիրապետել նշված տարածքը, ինչն հստակ արձանագրվել է Առաջին ատյանի դատարանի` 2023 թվականի ապրիլի 19-ի վճռով` ընդգծելով, որ գործով չի ներկայացվել որևէ հիմք կամ ապացույց, որը կփաստեր Լևոն Օրդուխանյանի կողմից նշված հողատարածքը տիրապետելու հանգամանքը:

88. Վերոշարադրյալից բխում է, որ պահանջի զիջման իրավահաջորդության համար անհրաժեշտ է, որ առնվազն պարտատիրոջը պատկանի պարտավորության հիման վրա գոյացող իրավունքը: Սա նշանակում է, որ միայն այն դեպքում, երբ պարտատերն ունի համապատասխան իրավունքը (ինչպես` պարտավորության կատարումը պահանջելու իրավունքը), նա կարող է այդ իրավունքը փոխանցել կամ զիջել մեկ այլ անձի` իրավունք ունենալով, որ այդ իրավահաջորդը նույնպես կարողանա պահանջել պարտապանից` վերջինիս` արդեն ունեցած պարտավորության կատարում: Հետևաբար` իրավահաջորդությունն իրականացվում է պարտատիրոջը նյութական իրավունքը պատկանելու փաստի ուժով: Այսինքն` նյութական առումով պահանջի զիջման իրավահաջորդության համար անհրաժեշտ է առնվազն պարտատիրոջը պարտավորության հիման վրա պատկանող իրավունքի առկայություն:

89. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ վիճելի իրավահարաբերության առկայությունը բացառում է դատավարական իրավահաջորդությունը. անհրաժեշտ է նյութական իրավունքի` անձին պատկանելու անվիճելի փաստի առկայություն: Հակառակ մեկնաբանության արդյունքում խաթարվում է ոչ միայն իրավահաջորդության ինստիտուտի էությունը, այլև իրավունքների պատշաճ պաշտպանության ընթացակարգը` խախտելով անձանց սահմանադրական իրավունքները, ընդհուպ մինչև այդ իրավունքներից ոչ իրավաչափ զրկում: Այսպիսով, պահանջի զիջման գործարքը (ցեսիան) ուղղված է պարտատիրոջը պատկանող` արդեն իսկ առկա իրավունքը պաշտպանելուն, այլ ոչ թե այդ իրավունքը ձեռք բերելուն: Այլ կերպ` նշված գործարքով զիջվում է ոչ թե իրավունքը, այլ այն պահանջելու դատավարական հնարավորությունը:

90. Սահմանադրական դատարանը, վերահաստատելով սույն սահմանադրաիրավական վեճի հիմքում ընկած վերաբերելի օրենսդրական դրույթների և դրանց մեկնաբանման առթիվ նախկինում իր կողմից արտահայտված դիրքորոշումները, ինչպես նաև վերլուծելով Վճռաբեկ դատարանի` նույն դրույթների կապակցությամբ նախկինում արտահայտած նախադեպային դիրքորոշումները, արձանագրում է, որ խնդրո առարկա գործով քաղաքացիաիրավական վեճը դատարանների կողմից լուծվել է դրա առարկայի նկատմամբ կիրառելի թե՛ Սահմանադրական դատարանի, և թե՛ Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքում ձևավորված իրավական դիրքորոշումներին տրամագծորեն հակառակ ձևով:

91. Մասնավորապես` Սահմանադրական դատարանը, վերահաստատելով 2013 թվականի սեպտեմբերի 10-ի ՍԴՈ-1106 որոշմամբ արտահայտված դիրքորոշումն առ այն, որ «(...) ցեսիայի բովանդակությունը հանգում է որոշակի պարտավորության հիման վրա առկա իրավունքի կամ պահանջի անցմանն այլ անձի», և որ «տվյալ պարագայում տեղի է ունենում պարտավորության մեջ պարտատիրոջ փոփոխություն. ցեսիայի պայմանագրով փոխանցվում է միայն պահանջի իրավունքը, բայց ոչ պարտքը», արձանագրում է, որ պահանջի զիջման իրավահաջորդության համար անհրաժեշտ է, որ առնվազն պարտատիրոջը պատկանի պարտավորության հիման վրա գոյացող իրավունքը, և միայն այն դեպքում, երբ պարտատերն ունի համապատասխան իրավունքը, նա կարող է այդ իրավունքը փոխանցել կամ զիջել մեկ այլ անձի` իրավունք ունենալով, որ այդ իրավահաջորդը նույնպես կարողանա պահանջել պարտապանից պարտավորության կատարում:

92. Նախորդ կետում վկայակոչված` Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշմանը համահունչ է նաև Վճռաբեկ դատարանի` 2022 թվականի դեկտեմբերի 26-ի` «ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ապահովագրական սահմանափակ պատասխանատվության ընկերությունն ընդդեմ Համլետ Գալստյանի թիվ ՇԴ/3360/02/21 քաղաքացիական գործով որոշմամբ արտահայտած այն դիրքորոշումը, որով Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով դատավարական իրավահաջորդության հարցին, գտել է, որ դատավարական իրավահաջորդությամբ դատարանը գործին մասնակցող անձին փոխարինում է իրավահաջորդով, եթե նյութական իրավահաջորդության մասին վեճը բացակայում է, այդ փաստն արդեն իսկ հաստատված կամ ձևակերպված է օրենքով սահմանված կարգով, և դրա վերաբերյալ ներկայացվել է համապատասխան ապացույց: Սահմանադրական դատարանը, համաձայնելով Վճռաբեկ դատարանի այս դիրքորոշման հետ, արձանագրում է, որ վիճելի իրավահարաբերության առկայությունը բացառում է դատավարական իրավահաջորդությունը, և անհրաժեշտ է նյութական իրավունքի` անձին պատկանելու անվիճելի փաստի առկայություն:

93. Վերոգրյալի հիման վրա և հաշվի առնելով այն փաստը, որ պահանջի զիջման գործարքը (ցեսիան) կնքելու պահին բացակայել է այդ գործարքի կնքման, այն է` մասնակի իրավահաջորդության` օրենքով սահմանված պարտադիր պայմանը` պահանջի կամ իրավունքի առկայությունը, Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Դիմողի սեփականազրկումը տեղի է ունեցել վիճարկվող դրույթներին տրված` Սահմանադրության 60-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված` «օրենքով սահմանված դեպքերի» պայմանին հակասող մեկնաբանության արդյունքում:

94. Սահմանադրական դատարանն այսպիսով, արձանագրում է, որ վիճարկվող հիմնական իրավադրույթների, մասնավորապես` Օրենսգրքի 187-րդ հոդվածի կիրառման տեսանկյունից փաստացի տիրապետման իրավահաջորդություն հնարավոր չէ, քանի որ այն ոչ թե իրավունք է, այլ փաստ, իրավիճակ, որը որոշակի պայմանների համակցությամբ ձևավորում է իրավունքի ճանաչմանը հավակնելու հնարավորություն: Այսինքն` նշված հոդվածի տեսանկյունից առկա չէ պարտավորական կամ այլ իրավունք, որը կարող է զիջվել կամ փոխանցվել մասնակի իրավահաջորդության այլ եղանակով, ինչի արդյունքում ներկայացված ցեսիայի պայմանագիրը ձևական առումով կարող էր գնահատվել միայն դատավարական իմաստով իրավահաջորդության հիմք, սակայն նյութական-իրավական առումով իրավահաջորդություն առկա չէ:

95. Սույն գործով Դիմումի քննարկման շրջանակներում Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ վիճարկվող իրավադրույթների վերաբերյալ Վերաքննիչ դատարանի կողմից դրանք մեկնաբանելու պահի դրությամբ գոյություն է ունեցել Վճռաբեկ դատարանի համապատասխան իրավական դիրքորոշումը, որին հակառակ դիրքորոշման վրա հիմնված` Վերաքննիչ դատարանի որոշման դեմ բերված բողոքը վարույթ ընդունելը, սակայն, Վճռաբեկ դատարանի կողմից մերժվել է:

96. Սահմանադրական դատարանն իր մտահոգությունն է հայտնում սույն որոշման նախորդ կետում արձանագրված փաստի կապակցությամբ և հիշեցնում, որ դատական որոշումների պատճառաբանվածությունը հանդիսանում է Սահմանադրության 63-րդ հոդվածով նախատեսված արդար դատաքննության իրավունքի` Սահմանադրության 171-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով ամրագրված` «դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայելու միջոցով» օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունն ապահովելու սահմանադրական առաքելության արդյունավետ իրացման գրավականը(11):

 

____________________

11) Տե՛ս ի թիվս բազմաթիվ այլ աղբյուրների` Սահմանադրական դատարանի 2016 թվականի մարտի 10-ի ՍԴՈ-1257, դրանով (կետ 7) վերահաստատված նախորդ մի շարք, մասնավորապես` ՍԴՈ-1127 (կետ 7), ՍԴՈ-1190 (կետ 10) և ՍԴՈ-1222 (կետ 6) որոշումները:

 

97. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նույնպես կարևոր նշանակություն է տալիս բարձրագույն դատական ատյանների որոշումների կայունությանն ու հետևողականությանը` դրանք համարելով իրավունքի գերակայության երաշխիք: Մասնավորապես` Բեյանն ընդդեմ Ռումինիայի գործով ՄԻԵԴ-ն ուսումնասիրել է Ռումինիայի Գերագույն դատարանի որոշումների հակասականության հարցը և նշել, որ հակասություններն արդյունք են «ներպետական բարձրագույն դատարանում պրակտիկայի կայունության ապահովման մեխանիզմների բացակայության», և, ընդգծելով բարձր դատարանների առաքելությունը դատական որոշումների հակասությունները վերացնելու ուղղությամբ, նշել է հետևյալը`

«36. Իր պրակտիկայի հետևողականությունն ապահովող մեխանիզմի բացակայության պարագայում ներպետական բարձրագույն դատարանը կայացրել է, երբեմն միևնույն օրը, տրամագծորեն հակառակ որոշումներ Հ-309-2002 Օրենքի կիրառելիության ոլորտի վերաբերյալ (...):

37. Իհարկե, դատական պրակտիկայում առկա տարբերությունները ինքնին ուղենշում են իրավական ցանկացած համակարգ, որը հիմնված է վերջինիս տարածքում առկա նյութական իրավունքի հարցերով լիազորված տարբեր իրավասությունների ամբողջության վրա: Սակայն Գերագույն դատարանի դերը հենց այն է, որ վերացնի այդ հակասությունները (Զելինսկին և Պրադալը և Գոնզալեսը և ուրիշներն ընդդեմ Ֆրանսիայի (ՄՊ), nos. 24846/94 և 34165/96, կետ 59, ՄԻԵԴ 1999-VII; Zelinski and Pradal and Gonzalez and Others v. France (GC), nos. 24846/94 and 34165/96, 59, ECHR 1999-VII):

38. Սույն գործով պարզ է, որ Վճռաբեկ բարձր դատարանն ինքն է հանդիսացել այն խորը և կայուն տարբերությունների աղբյուրը, որոնցից գանգատվել է բողոքաբերը:

39. Երկրի բարձրագույն դատական ատյանի կողմից ձևավորված այս պրակտիկան ինքնին հակասում է իրավական որոշակիության սկզբունքին` մի սկզբունք, որը ենթադրվում է Կոնվենցիայի բոլոր հոդվածներում և «իրավունքի գերակայության» հիմնարար բաղադրիչներից մեկն է (տե՛ս mutatis mutandis` Բարանովսկին ընդդեմ Լեհաստանի, no. 28358/95, կետ 56, ՄԻԵԴ 2000-III; Baranowski v. Poland, no. 28358/95, § 56, ECHR 2000-III): Փոխանակ հետևելուն ենթակա մեկնաբանությունն հաստատելու` Վճռաբեկ բարձր դատարանն ինքն է դարձել իրավական անորոշության աղբյուր` այդպիսով` խաթարելով հանրության վստահությունը դատական իշխանության հանդեպ (տե՛ս mutatis mutandis` Սովտրանսավտո Հոլդինգն ընդդեմ Ուկրաինայի, no. 48553/99, կետ 97, ՄԻԵԴ 2002-VII, Պերես Արիան ընդդեմ Իսպանիայի, no. 32978/03, կետ 27, 28 հունիսի, 2007 թ.; Sovtransavto Holding v. Ukraine, no. 48553/99, § 97, ECHR 2002-VII, Perez Aria v. Spain, no. 32978/03, § 27, June 28, 2007):

40. Հետևաբար` Դատարանը եզրահանգում է, որ դատական նախադեպային իրավունքի հետ կապված որոշակիության բացակայությունը դիմումատուին զրկել է Հ-309-2002 Օրենքով սահմանված երաշխիքներից օգտվելու որևէ հնարավորությունից, մինչդեռ միևնույն իրավիճակում գտնվող այլ մարդկանց այդ իրավունքներն ընձեռվել են: Հետևաբար` թույլ է տրվել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի խախտում»(12):

 

____________________

12) Տե՛ս Բեյանն ընդդեմ Ռումինիայի գործով ՄԻԵԴ վճիռը (no.1), դիմում no. 30658/05, 2007 թվականի դեկտեմբերի 6, կետ 39, Beian v. Romania (no. 1), https://hudoc.echr.coe.int/eng#{%22itemid%22:[%22001-83822%22]}

 

98. Սահմանադրական կառուցակարգերի առանձնահատկությունից ելնելով` Սահմանադրական դատարանն ընդգծում է Վճռաբեկ դատարանի կողմից Սահմանադրական դատարանի դիրքորոշման հիման վրա նոր հանգամանքով վարույթ հարուցելու պարտադիրությունը և սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների` Վճռաբեկ դատարանի կողմից վարույթը վերսկսելու, ինչպես նաև վերսկսված վարույթի արդյունքում այդ դիրքորոշումներին համապատասխան` գործի ըստ էության վերջնական լուծումն ապահովող որոշում կայացնելու համար պարտադիր լինելը:

99. Հակառակ դեպքում սահմանադրական հիմնական իրավունքները, տվյալ դեպքում` Սահմանադրության 60-րդ հոդվածով երաշխավորված նյութական իրավունքը և դրա դատական պաշտպանությանն ուղղված` Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներով նախատեսված իրավունքները դառնում են տեսական և պատրանքային: Սահմանադրական դատարանը գտնում է, որ Հայաստանի Հանրապետության` իրավական պետություն լինելու անօտարելի հատկանիշը (Սահմանադրության 1-ին հոդված), սեփականության իրավունքի հավասար պաշտպանվածության` իբրև սահմանադրական կարգի անքակտելի մաս հանդիսանալու փաստը (Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մաս), ինչպես նաև իր իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուրի համար Կոնվենցիայով նախատեսված իրավունքներն ու ազատություններն ապահովելու պարտավորությունը (Կոնվենցիայի 1-ին հոդված), անխուսափելիորեն հանգեցնում են այն եզրակացության, որ նշված նորմերի, ինչպես նաև դրանց իրացմանն ուղղված իրավունքի, այդ թվում` դատական պաշտպանության հնարավոր բոլոր երաշխիքների ապահովման պահանջը հասցեագրված է ոչ թե այս կամ այն դատարանին, այլ Հայաստանի Հանրապետության դատական իշխանությանը` իբրև մարդու իրավունքների իրացման հասցեատիրոջ, որն իր գոյության իրավունքը (լեգիտիմությունը) ստանում է հենց այդ պատճառով:

100. Ամփոփելով վերոգրյալը` Սահմանադրական դատարանը գտնում է, որ իրավակիրառ պրակտիկան պետք է առաջնորդվի Սահմանադրությանը համահունչ այն մոտեցմամբ, որ փաստակազմերի բովանդակային նմանությամբ իրավական հարցի առերևույթ նույնանմանություն առաջացնող դեպքերում վճռաբեկ բողոքը ենթակա է վարույթ ընդունման` հնարավորություն ընձեռելով Վճռաբեկ դատարանին իրացնելու իր` դատական պրակտիկայի միասնականության ապահովման սահմանադրական պարտականությունը:

101. Վերոնշյալի հիման վրա` Սահմանադրական դատարանը, ելնելով իրավունքի գերակայության ապահովման իր հիմնական առաքելությունից, հիշեցնում է, որ Սահմանադրական դատարանի որոշումները պարտադիր են բոլոր սուբյեկտների համար, և որ նրանց խնդիրն է ապահովել Սահմանադրական դատարանի` իրենց հասցեագրված իրավական դիրքորոշումների հետևանքայնությունը: Այլ կերպ` սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները հիմք են Վճռաբեկ դատարանի կողմից վարույթը վերսկսելու, ինչպես նաև վերսկսված վարույթի արդյունքում` սույն որոշմամբ արտահայտված դիրքորոշումների շրջանակներում` գործին անմիջապես լուծում տալու կամ ստորադաս դատարանների կողմից նման լուծումն ապահովող որոշում կայացնելու համար:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 167-րդ հոդվածի 1-ին մասով, 168-րդ հոդվածի 1-ին կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 69-րդ հոդվածներով` Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածը և 397-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում են Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որ ձեռքբերման վաղեմության իրավահարաբերությունների դեպքում դատավարական իրավահաջորդության փաստով չեն կարող փոխանցվել փոխանցման պահին գոյություն չունեցող նյութական իրավունքները և պահանջները:

2. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն` Դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման օրենքով սահմանված կարգով` նկատի ունենալով, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածը և 397-րդ հոդվածի 1-ին մասը Դիմողի նկատմամբ կիրառվել են սույն որոշման մեջ նշված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ:

3. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

    Նախագահող                              Ա. Դիլանյան

 

1 հուլիսի 2025 թվականի

ՍԴՈ-1789

 

Հրապարակվել է ՍԴ պաշտոնական կայքէջում (concourt.am)` 4 հուլիսի 2025 թվական:

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
01.07.2025
N ՍԴՈ-1789
Որոշում