ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ
Քաղ. Երևան |
1 հուլիսի 2025 թ. |
«ՀԱՅԼԵՎԵԼ» ՍՊԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-Ի «ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ (ՎԱՃԱՌՔԻ), ՕՏԱՐՄԱՆ (ՎԱՃԱՌՔԻ) ՄՐՑՈՒՅԹԻ ԵՎ ԱՃՈՒՐԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի ԹԻՎ 882-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 587-Ն ՈՐՈՇՄԱՆ ԹԻՎ 3 ՀԱՎԵԼՎԱԾՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ` «ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՏԻՐԱՊԵՏՄԱՆԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆԸ ՀԱՆՁՆՎԱԾ (ԱՄՐԱՑՎԱԾ), ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ (ՎԱՃԱՌՔԻ) ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ» ԿԱՐԳԻ 29-ՐԴ ԿԵՏԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
(1-ին մաս)
Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը` կազմով.
նախագահող` Արման Դիլանյանի,
դատավորներ` Արտակ Զեյնալյանի,
Հրայր Թովմասյանի,
Դավիթ Խաչատուրյանի,
Երվանդ Խունդկարյանի,
Հովակիմ Հովակիմյանի,
Էդգար Շաթիրյանի,
Սեդա Սաֆարյանի,
Արթուր Վաղարշյանի,
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`
դիմողի` «ՀԱՅԼԵՎԵԼ» ՍՊԸ-ի
պատասխանողի` Կառավարության
համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետի, 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 22 և 69-րդ հոդվածների, դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց ««ՀԱՅԼԵՎԵԼ» ՍՊԸ դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի «Պետական սեփականություն հանդիսացող և պետական ոչ առևտրային կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող գույքի օտարման (վաճառքի), օտարման (վաճառքի) մրցույթի և աճուրդի կազմակերպման ու անցկացման կարգերը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի թիվ 882-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 587-Ն որոշման թիվ 3 հավելվածով սահմանված` «Պետական կառավարման համակարգի մարմինների տիրապետմանը և օգտագործմանը հանձնված (ամրացված), պետական ոչ առևտրային կազմակերպություններին, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին, հիմնադրամներին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված պետական սեփականություն հանդիսացող և պետական ոչ առևտրային կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող գույքի օտարման (վաճառքի) մրցույթի կազմակերպման և անցկացման» կարգի 29-րդ կետի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
«Պետական սեփականություն հանդիսացող և պետական ոչ առևտրային կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող գույքի օտարման (վաճառքի), օտարման (վաճառքի) մրցույթի և աճուրդի կազմակերպման ու անցկացման կարգերը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի թիվ 882-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 587-Ն որոշումը (այսուհետ նաև` Որոշում) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունվել է 2021 թվականի ապրիլի 15-ին, Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից ստորագրվել` 2021 թվականի ապրիլի 16-ին և ուժի մեջ է մտել 2021 թվականի ապրիլի 26-ին:
Որոշման թիվ 3 հավելվածով սահմանված` «Պետական կառավարման համակարգի մարմինների տիրապետմանը և օգտագործմանը հանձնված (ամրացված), պետական ոչ առևտրային կազմակերպություններին, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին, հիմնադրամներին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված պետական սեփականություն հանդիսացող և պետական ոչ առևտրային կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող գույքի օտարման (վաճառքի) մրցույթի կազմակերպման և անցկացման» կարգի (այսուհետ նաև` Կարգ) 29-րդ կետը սահմանում է.
«29. Եթե հայտերի գնահատման արդյունքում մասնակցի հայտում արձանագրվում են անհամապատասխանություններ` մրցույթի համար սահմանված պայմանների նկատմամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ անհամապատասխանությունները վերաբերում են գնային առաջարկին կամ գործարար (ներդրումային) ծրագրով առաջարկվող հաշվելի ցուցանիշներին, ապա հանձնաժողովը 1 աշխատանքային օրով կասեցնում է նիստը, իսկ հանձնաժողովի քարտուղարը նույն օրը դրա մասին էլեկտրոնային եղանակով ծանուցում է մասնակցին` առաջարկելով մինչև կասեցման ժամկետի ավարտը շտկել անհամապատասխանությունը: Մասնակցին ուղարկվող ծանուցման մեջ մանրամասն նկարագրվում են հայտնաբերված անհամապատասխանությունները: Եթե մասնակիցը սահմանված ժամկետում շտկում է արձանագրված անհամապատասխանությունը, ապա նրա հայտը գնահատվում է բավարար: Հակառակ դեպքում տվյալ մասնակցի հայտը գնահատվում է անբավարար և մերժվում է»:
Գործի քննության առիթը «ՀԱՅԼԵՎԵԼ» ՍՊԸ-ի` 2024 թվականի օգոստոսի 2-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:
«ՀԱՅԼԵՎԵԼ» ՍՊԸ-ն Սահմանադրական դատարան ներկայացրած դիմումով վիճարկել է նաև Կարգի 28-րդ կետը: Սահմանադրական դատարանը, նկատի ունենալով, որ Կարգի 28-րդ կետի մասով դիմումն ակնհայտ անհիմն է, ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 69-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով, 2025 թվականի հուլիսի 1-ի ՍԴԱՈ-105 աշխատակարգային որոշմամբ գործի վարույթն այդ մասով կարճել է:
Ուսումնասիրելով դիմումը, պատասխանողի գրավոր բացատրությունը, Սահմանադրական դատարանի զեկուցող դատավորի կողմից Դատական դեպարտամենտից պահանջված և ստացված թիվ ԵԴ/54054/02/22 քաղաքացիական գործի նյութերն ու տեղեկատվությունը, կողմերի ներկայացրած տեղեկատվությունը, սույն գործում առկա մյուս փաստաթղթերը և վերլուծելով վիճարկվող իրավադրույթն ու դրա հետ փոխկապակցված օրենսդրական այլ նորմեր` Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Գործի դատավարական նախապատմությունը
Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի թիվ 1132-Ա որոշմամբ թույլատրվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայության «Անալիտիկ» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով վերջինիս պատկանող, 2021 թվականի նոյեմբերի 5-ի դրությամբ 2.207.670.000 ՀՀ դրամ շուկայական արժեքով, քաղաք Երևան, Արաբկիր համայնք, Կոմիտասի պողոտա 29 հասցեում գտնվող, 5051.8 քառակուսի մետր 2 մակերեսով շենք-շինություններով, ինչպես նաև դրանց զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար հատկացված 0.42 հեկտար մակերեսով հողամասով (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 12072017-01-0254 վկայական) վճարել «Անալիտիկ» ՓԲԸ-ի կողմից տեղաբաշխված` պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի` սահմանված կարգով ձեռքբերման դիմաց:
Նույն որոշմամբ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին հանձնարարվել է հիշյալ գույքը ներկայացնել օտարման` մրցույթով: Միաժամանակ սահմանվել է, որ հաղթող է ճանաչվում լավագույն պայմաններ առաջարկած և ըստ կշռային գործակիցների առավելագույն միավորներ հավաքած մասնակիցը:
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի 2022 թվականի օգոստոսի 19-ի «Մրցութային հանձնաժողով ստեղծելու մասին» N 223-Ա հրամանի հիման վրա ձևավորվել է մրցութային հանձնաժողով:
Երևան քաղաքի Արաբկիր համայնքի Կոմիտասի պողոտա 29 հասցեում գտնվող անշարժ գույքի օտարման մրցույթի անցկացման մասին հրապարակային ծանուցմամբ (ծածկագիր` 1132-Ա) սահմանվել է, որ`
- մրցույթով օտարման ենթակա գույքի վաճառքի գինը կազմում է 2.207.670.000 ՀՀ դրամ,
- մրցույթի նախավճարի չափը կազմում է 110.383.500 ՀՀ դրամ,
- գույքի արժեքի որոշման հետ կապված գումարը կազմում է 432.129,6 ՀՀ դրամ,
- մրցույթին մասնակցելու իրավունք ունեն այն սուբյեկտները (կամ նրանց լիազոր ներկայացուցիչները), որոնք սահմանված կարգով վճարել են մրցույթի նախավճարը և ներկայացրել են մրցույթի մասնակցության հայտ,
- մրցույթի պայմաններին մրցութային առաջարկի անհամապատասխանության դեպքում մրցութային առաջարկ ներկայացրած սուբյեկտին մրցույթի մասնակցի կարգավիճակ չի տրվում, և մրցութային առաջարկը հանվում է հետագա քննարկումից:
Նույն ծանուցման 3.1.-ին կետով սահմանվել է, որ մրցույթի մասնակցության հայտը ներառում է հետևյալ փաստաթղթերը`
- գրավոր առաջարկ մրցույթի պայմանների վերաբերյալ,
- նախավճարի մուծումը հաստատող փաստաթղթերի բնօրինակը (բնօրինակները) կամ պատճենը (պատճենները),
- իրավաբանական անձանց համար` գրանցման և հիմնադիր փաստաթղթերի (պետական ռեգիստրի վկայական, կանոնադրություն) պատճենները, քաղաքացիների համար` անձնագրի և սոցիալական քարտի պատճենը կամ նույնականացման քարտի պատճենը,
- հայտատուի կողմից տրված լիազորագիր (եթե մրցույթին ներկայանում է լիազորված անձը),
- գործարար ծրագիր,
- իրավաբանական անձանց համար նաև գրավոր հավաստում այն մասին, որ Հայաստանի Հանրապետության օրենքներով կամ դիմողի (հայտատուի) կանոնադրությամբ տվյալ գույքը տվյալ ձևով և պայմաններով գնելու համար պետական համապատասխան մարմինների կամ ներքին մարմինների (խորհուրդ, ընդհանուր ժողով) համաձայնություն չի պահանջվում, կամ, որ պահանջվող համաձայնություններն ստացված են (կցելով այդ համաձայնագրերը):
Գույքի օտարման մրցույթին որպես հայտատուներ հանդես են եկել երկու սուբյեկտներ` «ՀԱՅԼԵՎԵԼ» ՍՊԸ-ն և «ՎԻ ԱՌ ԷՅՉ» ՍՊԸ-ն: «ՀԱՅԼԵՎԵԼ» ՍՊԸ-ի` մրցույթի մասնակցության հայտի` մրցույթի պայմանների վերաբերյալ գրավոր առաջարկի համաձայն` գույքի համար առաջարկվող գինը կազմում է 432.129,6 ՀՀ դրամ, իսկ առաջարկվող ներդրումների չափը` 20.000.000.000 ՀՀ դրամ: «ՎԻ ԱՌ ԷՅՉ» ՍՊԸ-ի` մրցույթի մասնակցության հայտի` մրցույթի պայմանների վերաբերյալ գրավոր առաջարկի համաձայն` գույքի համար առաջարկվող գինը կազմում է 2.208.000.000 ՀՀ դրամ, իսկ առաջարկվող ներդրումների չափը` 1.000.000.000 ՀՀ դրամ:
«ՀԱՅԼԵՎԵԼ» ՍՊԸ-ի` գույքի օտարման մրցույթի նախավճարի համար սահմանված գումարի վճարման անդորրագրի համաձայն` «ՀԱՅԼԵՎԵԼ» ՍՊԸ-ի կողմից վճարվել է մրցույթի մասնակցության համար Կառավարության կողմից սահմանված նախավճարը` 110.383.500 ՀՀ դրամի չափով:
Մրցութային հանձնաժողովի կողմից 2022 թվականի հոկտեմբերի 6-ին կազմվել է թիվ 2 արձանագրությունը` «Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված Երևան, Արաբկիր համայնք, Կոմիտաս պողոտա 29 հասցեում գտնվող, 5051.8 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները և դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0.42 քառ. մետր մակերեսով հողամասի` մրցույթով օտարման արդյունքների ամփոփման» վերաբերյալ, որով սահմանվել է հետևյալը. «Ստացվել է 2 (երկու) հայտ: (...) «ՀԱՅԼԵՎԵԼ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված մրցութային մասնակցության հայտի համաձայն` «Գրավոր առաջարկ մրցույթի պայմանների վերաբերյալ» փաստաթղթով Գույքի օտարման առաջարկվող գին` ներառյալ հողի շուկայական արժեքն առաջարկվել է 432.129.6 ՀՀ դրամ, ինչպես նաև հայտին կից պահանջվող փաստաթղթերից բացակայել է ընկերության կանոնադրության պատճենը և համապատասխան խորհրդի ընդհանուր ժողովի արձանագրությունը (քաղվածքը):
Հաշվի առնելով գույքի օտարման մրցույթի անցկացման մասին (ծածկագիր` 1132-Ա) հրապարակային ծանուցման 4.4. կետի պահանջը (...), ինչպես նաև 4.10. կետի ա. ենթակետի պահանջը (գույքի համար առաջարկվող գինը չի կարող ցածր լինել 2.207.670.000 ՀՀ դրամ արժեքից) հանձնաժողովը 4 կողմ 0 դեմ ձայների հարաբերակցությամբ որոշեց «ՀԱՅԼԵՎԵԼ» ՍՊԸ-ի հայտը մերժել` վերջինիս չտալով մրցույթի մասնակցի կարգավիճակ: (...) Մրցութային հանձնաժողովը 4 կողմ 0 դեմ ձայների հարաբերությամբ որոշեց (...) մրցույթի հաղթող ճանաչել «ՎԻ ԱՌ ԷՅՉ» ՍՊԸ-ին»:
«ՀԱՅԼԵՎԵԼ» ՍՊԸ-ն 2022 թվականի հոկտեմբերի 17-ին հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան (այսուհետ նաև` Դատարան) ընդդեմ Պետական գույքի կառավարման կոմիտեի և «ՎԻ ԱՌ ԷՅՉ» ՍՊԸ-ի` պահանջելով. «Պետական գույքի կառավարման կոմիտեի` «Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրակցված քաղաք Երևան, Արաբկիր համայնք, Կոմիտասի պողոտա 29 հասցեում գտնվող 5051,8 քմ մակերեսով շենք-շինությունները և դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0,42 քմ մակերեսով հողամասի» մրցույթն անվավեր ճանաչել, որպես հետևանք` անվավեր ճանաչել Պետական գույքի կառավարման կոմիտեի` «Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրակցված Երևան, Արաբկիր համայնք, Կոմիտասի պողոտա 29 հասցեում գտնվող, 5051.8 քմ մակերեսով շենք-շինությունները և դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0,42 քմ մակերեսով հողամասի` մրցույթով օտարման արդյունքների ամփոփման» 06.10.2022 թվականի թիվ 2 արձանագրությունը «ՀԱՅԼԵՎԵԼ» ՍՊԸ-ի հայտը մերժելու և մրցույթի մասնակցի կարգավիճակ չտալու, ինչպես նաև «ՎԻ ԱՌ ԷՅՉ» ՍՊԸ-ին մրցույթի հաղթող ճանաչելու մասով, «ՀԱՅԼԵՎԵԼ» ՍՊԸ-ին ճանաչել քաղաք Երևան, Արաբկիր համայնք, Կոմիտասի պողոտա 29 հասցեում գտնվող 5051,8 քմ մակերեսով շենք-շինությունները և դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0,42 քմ մակերեսով հողամասի օտարման մրցույթի հաղթող մասնակից»: Հայցադիմումին կից ներկայացվել է հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն:
Դատարանի 2022 թվականի հոկտեմբերի 21-ի որոշումներով թիվ ԵԴ/54054/02/22 քաղաքացիական գործով ներկայացված հայցադիմումն ընդունվել է վարույթ, և հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը բավարարվել է:
«ՎԻ ԱՌ ԷՅՉ» ՍՊԸ-ն 2022 թվականի նոյեմբերի 9-ին ներկայացրել է հակընդդեմ ապահովում կիրառելու վերաբերյալ միջնորդություն: Դատարանը 2022 թվականի նոյեմբերի 30-ին հրավիրել է դատական նիստ` քննության առնելով հակընդդեմ ապահովում կիրառելու վերաբերյալ միջնորդությունը, իսկ Դատարանի 2022 թվականի դեկտեմբերի 2-ի որոշմամբ «ՎԻ ԱՌ ԷՅՉ» ՍՊԸ-ի միջնորդությունը մերժվել է:
2023 թվականի փետրվարի 24-ին Դատարանը հրավիրել է նախնական դատական նիստ, որը հետաձգվել է և նշանակվել 2023 թվականի մարտի 31-ին: «ՀԱՅԼԵՎԵԼ» ՍՊԸ-ն 2023 թվականի մարտի 31-ի նախնական դատական նիստում ներկայացրել է միջնորդություն` հայցի առարկայի և հիմքի փոփոխություն թույլատրելու վերաբերյալ, և որպես հայցի վերջնական առարկա ներկայացրել է հետևյալ պահանջը. «անվավեր ճանաչել Պետական գույքի կառավարման կոմիտեի` «Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված Երևան, Արաբկիր համայնք, Կոմիտասի պողոտա 29 հասցեում գտնվող, 5051.8 քմ մակերեսով շենք-շինությունները և դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0.42 քմ մակերեսով հողամասի` մրցույթով օտարման արդյունքների ամփոփման» 06.10.2022 թվականի թիվ 2 արձանագրությունը «ՀԱՅԼԵՎԵԼ» ՍՊԸ-ի հայտը մերժելու և մրցույթի մասնակցի կարգավիճակ չտալու մասով, պարտավորեցնել «ՀԱՅԼԵՎԵԼ» ՍՊԸ-ի հայտը բավարարել և տալ մասնակցի կարգավիճակ, ինչպես նաև անվավեր ճանաչել «Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրակցված քաղաք Երևան, Արաբկիր համայնք, Կոմիտասի պողոտա 29 հասցեում գտնվող 5051,8 քմ մակերեսով շենք-շինությունները և դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0,42 քմ մակերեսով հողամասի» մրցույթը` «ՎԻ ԱՌ ԷՅՉ» ՍՊԸ-ին հաղթող ճանաչելու մասով»: Դատարանը 2023 թվականի մարտի 31-ի նախնական դատական նիստում արձանագրային որոշմամբ բավարարել է հայցի առարկայի և հիմքի փոփոխություն թույլատրելու վերաբերյալ միջնորդությունը: Դատարանի որոշմամբ 2023 թվականի մարտի 31-ի նախնական դատական նիստը հետաձգվել է` «ապացույցների պարտականությունների բաշխման որոշումը կայացնելու և համապատասխանաբար դատավարության մասնակիցներին ուղարկելու նպատակով» և նշանակվել 2023 թվականի հուլիսի 4-ին:
2023 թվականի ապրիլի 28-ին Դատարանը կայացրել է որոշում` «Ապացուցման պարտականությունը բաշխելու և արագացված դատաքննություն կիրառելու մասին»: Դատարանը նշված որոշման եզրափակիչ մասով որոշել է նշված գործով կիրառել արագացված դատաքննություն և եզրափակիչ դատական ակտի հրապարակման օր է սահմանել 2023 թվականի մայիսի 29-ը` չանդրադառնալով ապացույցների բաշխման հարցին: Նշված որոշումը դատավարության բոլոր մասնակիցների կողմից, ըստ ծանուցման փոստային առաքման անդորրագրերի, ստացվել է 2023 թվականի մայիսի 23-ին: 2023 թվականի մայիսի 25-ին «ՀԱՅԼԵՎԵԼ» ՍՊԸ-ն ներկայացրել է արագացված դատաքննության կիրառումը դադարեցնելու, գործի քննությունն ընդհանուր կարգով իրականացնելու և ապացույց պահանջելու վերաբերյալ միջնորդություն:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, քննելով թիվ ԵԴ/54054/02/22 քաղաքացիական գործն ըստ հայցի «ՀԱՅԼԵՎԵԼ» ՍՊԸ-ի ընդդեմ Պետական գույքի կառավարման կոմիտեի, «ՎԻ ԱՌ ԷՅՉ» ՍՊԸ-ի` մրցույթով անշարժ գույքի օտարման արդյունքի ամփոփման արձանագրությունը մասամբ անվավեր ճանաչելու, «Հայլեվել» ՍՊԸ-ի հայտը բավարարելուն պարտավորեցնելու, մրցույթը` «ՎԻ ԱՌ ԷՅՉ» ՍՊԸ-ին հաղթող ճանաչելու մասով անվավեր ճանաչելու պահանջների մասին, 2023 թվականի մայիսի 29-ի վճռով «ՀԱՅԼԵՎԵԼ» ՍՊԸ-ի հայցը մերժել է հետևյալ պատճառաբանությամբ. «(...) ինքնին փաստի հայտարարումն առ այն, որ գույքի վաճառքի գնի սյունակում Հայցվորի կողմից առաջարկվել է Կառավարության որոշմամբ սահմանված նվազագույն գնից` 2.207.670.000 ՀՀ դրամից պակաս չափով գումար, հանգեցնում է Հավելվածի 29-րդ կետի իմպերատիվ պահանջի կիրառմանը, այն է` եթե անհամապատասխանությունները վերաբերում են գնային առաջարկին կամ գործարար (ներդրումային) ծրագրով առաջարկվող հաշվելի ցուցանիշներին, ապա նշված թերությունը վերացնելու հնարավորություն հայտը ներկայացնող կողմին չի տրամադրվում:
Իր հերթին` իրավահարաբերության նկատմամբ կիրառելի իրավանորմերը «ձևական վրիպակ» հասկացություն չեն կիրառում և դրա առնչությամբ իրավական հետևանքներ չեն նախատեսում, որպիսի պարագայում նման փաստի ապացուցման պարտականություն սահմանելն առարկայազուրկ է և ինքնանպատակ և չի կարող գնահատվել որպես գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստի սահմանում»:
Վերաքննիչ քաղաքացիական դատարանը 2023 թվականի հոկտեմբերի 6-ի որոշմամբ «ՀԱՅԼԵՎԵԼ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը մերժել է` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 2023 թվականի մայիսի 29-ի վճիռը թողնելով անփոփոխ այն պատճառաբանությամբ, որ «(...) գնային առաջարկով կամ գործարար (ներդրումային) ծրագրով առաջարկվող հաշվելի ցուցանիշները վերջնական են, դրանց վերաբերյալ անհամապատասխանությունները շտկման ենթակա չեն, իսկ հայտատուներին մրցույթի մասնակցի կարգավիճակ է տրվում միայն այն դեպքում, երբ ներկայացված հայտերը համապատասխանում են մրցույթի համար սահմանված պայմաններին:
(...)
Տվյալ դեպքում գործում առկա ապացույցներով (...) հիմնավորվել է այն հանգամանքը, որ գույքի վաճառքի գնի սյունակում Հայցվորի կողմից առաջարկվել է Կառավարության որոշմամբ սահմանված նվազագույն գնից` 2.207.670.000 ՀՀ դրամից պակաս չափով գումար, ինչը հանգեցնում է Հավելվածի 29-րդ կետի իմպերատիվ պահանջի կիրառմանը, այն է` եթե անհամապատասխանությունները վերաբերում են գնային առաջարկին կամ գործարար (ներդրումային) ծրագրով առաջարկվող հաշվելի ցուցանիշներին, ապա նշված թերությունը վերացնելու հնարավորություն հայտը ներկայացնող կողմին չի տրամադրվում (...):
Վերոգրյալը հիմք է հանդիսացել ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի N 587-Ն որոշման N 3 հավելվածով հաստատված կարգի 29-րդ կետի հիման վրա Հայցվորի հայտը մերժելու, նրան մրցույթի մասնակցի կարգավիճակ չտալու և Պատասխանողին հաղթող ճանաչելու համար:
Նշված փաստերը հերքող ապացույցներ Հայցվորի կողմից չեն ներկայացվել, ինչն ակնհայտ անհիմն է դարձնում ներկայացված հայցը և հետևապես այդ հիմքով հայցը մերժելու կապակցությամբ Դատարանին որևէ խախտում վերագրվել չի կարող»:
Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը 2024 թվականի փետրվարի 21-ի որոշմամբ «ՀԱՅԼԵՎԵԼ» ՍՊԸ-ի կողմից վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2023 թվականի հոկտեմբերի 6-ի որոշման դեմ ներկայացված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժել է (նշված որոշման դեմ դատավոր Էդ. Սեդրակյանը ներկայացրել է հատուկ կարծիք):
2. Դիմողի դիրքորոշումները
«ՀԱՅԼԵՎԵԼ» ՍՊԸ-ն (այսուհետ նաև` Դիմող), ներկայացնելով թիվ ԵԴ/54054/02/22 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը, նշում է, որ գույքի օտարման մրցույթին մասնակցելու հայտով առաջարկված գործարար ծրագրով վերջինս գույքը ձեռք բերելուց հետո` երկու տարվա ընթացքում, պետք է կատարեր քսան միլիարդ ՀՀ դրամի չափով ներդրում` իրականացնելով կառուցապատման ծրագիր: Դիմողը միաժամանակ նշում է, որ գույքի օտարման մրցույթում հաղթող է ճանաչվել այն կազմակերպությունը, որի գործարար ծրագրով առաջարկվող ներդրումը քսան անգամ ավելի փոքր է իր կողմից առաջարկվող ներդրումից: Վերոնշյալի հիման վրա` Դիմողը փաստում է, որ վերջինս իրական հնարավորություն է ունեցել հաղթելու գույքի օտարման մրցույթը և ձեռք բերելու օտարվող գույքը:
Մինչդեռ Դիմողի պնդմամբ` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի և վերաքննիչ դատարանի կողմից Կարգի 29-րդ կետը, ըստ էության, կիրառվել է այնպիսի մեկնաբանությամբ, որ պետական սեփականություն հանդիսացող գույքի օտարման (վաճառքի) մրցույթին մասնակցելու համար ներկայացված հայտում գնային առաջարկի կամ գործարար (ներդրումային) ծրագրով առաջարկվող հաշվելի ցուցանիշների մասով անհամապատասխանությունների առկայությունն ինքնին (per se) հանգեցնում է տվյալ մրցութային հայտի մերժմանը` անկախ այդ անհամապատասխանությունների բնույթից և կոնկրետ իրավիճակից:
Ըստ Դիմողի` նման իրավիճակը հակասահմանադրական է, քանի որ պետական սեփականություն հանդիսացող գույքի օտարման (վաճառքի) մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած անձը զրկվում է մրցույթում հաղթող ճանաչվելու և պետական սեփականություն հանդիսացող գույքը մրցույթի պայմաններին համապատասխան ձեռք բերելու օրինական սպասելիքից, ինչն անթույլատրելի է անձի սեփականության սահմանադրական իրավունքի երաշխավորման համատեքստում:
Միաժամանակ Դիմողը նշում է, որ վիճարկվող դրույթը հակասում է Սահմանադրության 11-րդ հոդվածին և 59-րդ հոդվածի 1-ին մասին, քանի որ այդ իրավադրույթի կիրառումը պետական սեփականություն հանդիսացող գույքի օտարման (վաճառքի) մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած անձին զրկում է մրցութային հայտում գնային առաջարկի կամ գործարար (ներդրումային) ծրագրով առաջարկվող հաշվելի ցուցանիշների մասով անհամապատասխանությունները շտկելու հնարավորությունից և ինքնին (per se) բացառում է տվյալ անձի հետագա մասնակցությունը մրցույթին, ինչն անթույլատրելի է տնտեսական գործունեությամբ զբաղվելու սահմանադրական իրավունքի երաշխավորման համատեքստում:
Բացի դրանից, Դիմողը գտնում է, որ իրեն` որպես գույքի օտարման մրցույթի նախավճարի համար սահմանված գումարը վճարած և մրցույթով օտարվող գույքի առնչությամբ լավագույն ներդրումային ծրագիրը մշակած անձի, այդ մրցույթի մասնակցության հայտում գնային առաջարկի մասով տեղ գտած անհամապատասխանությունը շտկելու հնարավորությունից զրկելը և վրիպակի պատճառով նրան մրցույթից հեռացնելը չեն համապատասխանում համաչափության սկզբունքին, մասնավորապես` միջամտող միջոցի լեգիտիմ նպատակին, ինչպես նաև ընտրված միջոցի` այդ նպատակին հասնելու անհրաժեշտության և համարժեքության (չափավորության) հատկանիշներին, որպիսի հիմքով և վիճարկվող դրույթները հակասում են Սահմանադրության 78-րդ հոդվածին:
Դիմողը նաև ընդգծում է, որ վիճարկվող դրույթը հակասում է Սահմանադրության 79-րդ հոդվածին, քանի որ նշված դրույթի կիրառումը չի ապահովում պետական սեփականություն հանդիսացող գույքի օտարման (վաճառքի) մրցույթի կանխատեսելիությունը Դիմողի համար: Դիմողը ողջամտորեն ի վիճակի չի եղել կանխատեսելու իր կողմից ներկայացված` մրցույթին մասնակցելու հայտում գնային առաջարկի մասով տեղ գտած վրիպակի հետևանքները:
Դիմողի գնահատմամբ` Կառավարությունը պետական սեփականություն հանդիսացող գույքի օտարման (վաճառքի) մրցույթի կազմակերպման և անցկացման կարգը սահմանելիս պարտավոր էր անհատական մոտեցում ցուցաբերել այն բոլոր դեպքերի համար, երբ մրցույթի մասնակցի ներկայացրած հայտի և դրան կից փաստաթղթերի բովանդակությունից ակնհայտ է, որ գնային առաջարկի մասով տեղ գտած անհամապատասխանությունը պարզապես վրիպակ է: Այդ դեպքում պետական սեփականություն հանդիսացող գույքի օտարման (վաճառքի) մրցույթի կազմակերպման և անցկացման կարգը պետք է հնարավորություն տար մրցույթին մասնակցելու համար հայտ ներկայացրած անձին` շտկելու թույլ տրված վրիպակը և շարունակելու հետագա մասնակցությունը մրցույթին:
Ելնելով վերոնշյալից` Դիմողը գտնում է, որ Կարգի 29-րդ կետը հակասում է Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասին, 11 և 29-րդ հոդվածներին, 59-րդ հոդվածի 1-ին մասին, 60-րդ հոդվածի 1-ին մասին, 78 և 79-րդ հոդվածներին:
3. Պատասխանողի դիրքորոշումները
Կառավարությունը (այսուհետ` Պատասխանող) գտնում է, որ Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասին և 60-րդ հոդվածի 1-ին մասին Կարգի 29-րդ կետի առերևույթ հակասության մասով որևէ հիմնավորում Դիմողի կողմից չի ներկայացվել:
Պատասխանողը գտնում է, որ միայն մրցույթին մասնակցելով` անձը չի կարող ունենալ մրցույթում հաղթելու օրինական սպասելիք. այն պայմանավորված է հենց մրցույթի էությունից բխող տարատեսակ գործոններով:
Պատասխանողը միաժամանակ նշում է, որ Կարգի վիճարկվող դրույթը ոչ թե սահմանափակում է Դիմողի իրավունքները, այլ ընդհակառակը` այն միտված է հավասար մրցակցության ապահովմանը: Վիճարկվող դրույթով, ըստ Պատասխանողի, ապահովվում է մրցույթի վրիպակ թույլ տված մասնակցի և մյուս մասնակիցների շահերի այնպիսի հավասարակշռություն, որը ծառայում է Դիմողի կողմից վկայակոչված և Սահմանադրությամբ ամրագրված դրույթներին ու դրսևորվում է մրցույթի սխալվող մասնակցին իր սխալն ուղղելու այնպիսի ողջամիտ հնարավորության տրամադրմամբ, որը չի խախտի մրցույթի մյուս մասնակիցների իրավունքները:
Պատասխանողի գնահատմամբ` Դիմողի այն պնդումը, որ վերջինս ի վիճակի չի եղել կանխատեսելու համապատասխան վրիպակի հետևանքները, հիմնավոր չէ, քանի որ Կարգի 29-րդ կետը որոշակիացրել է այն դեպքերը, որոնց մասով տեղ գտած անճշտությունների առկայության դեպքում չի նախատեսվում վրիպակը շտկելու հնարավորություն:
Ինչ վերաբերում է Սահմանադրության 29-րդ հոդվածով նախատեսված խտրականության արգելքի վերաբերյալ Դիմողի պնդումներին, ապա Պատասխանողը նշում է, որ դրանք անհիմն են, քանի որ վիճարկվող դրույթը միատեսակ վարչարարություն է նախատեսել բոլոր հայտատուների համար:
Ելնելով վերոգրյալից` Պատասխանողը գտնում է, որ Կարգի 29-րդ կետը համապատասխանում է Սահմանադրությանը:
4. Գործի շրջանակներում պարզելու ենթակա հանգամանքները
Սույն սահմանադրաիրավական վեճի շրջանակում վիճարկվող իրավադրույթի սահմանադրականությունը պարզելու համար Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում, մասնավորապես, անդրադառնալ հետևյալ հարցադրմանը.
- արդյո՞ք Կարգի 29-րդ կետը սահմանում է պետական սեփականություն հանդիսացող գույքի օտարման (վաճառքի) մրցույթի այնպիսի արդյունավետ կառուցակարգ, որով երաշխավորվում է մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած անձի` Սահմանադրության 59-րդ հոդվածով երաշխավորված տնտեսական գործունեությամբ զբաղվելու իրավունքի իրականացումը:
5. Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները
5.1. Սոցիալական պետության հիմնական բաղադրատարրերից մեկը սոցիալական շուկայական տնտեսությունն է և դրա բնականոն գործունեությունը: Թերևս այս հանգամանքով պայմանավորված` այն իր ամրագրումն է ստացել Սահմանադրության` «Սահմանադրական կարգի հիմունքները» վերտառությամբ 1-ին գլխում:
Մասնավորապես` Սահմանադրության 11-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության տնտեսական կարգի հիմքը սոցիալական շուկայական տնտեսությունն է, որը հիմնված է մասնավոր սեփականության, տնտեսական գործունեության ազատության, ազատ տնտեսական մրցակցության վրա և պետական քաղաքականության միջոցով ուղղված է ընդհանուր տնտեսական բարեկեցությանը և սոցիալական արդարությանը:
Տնտեսական գործունեության ազատության և ազատ տնտեսական մրցակցության սահմանադրական հիմքերն իրենց ամրագրումն են ստացել ոչ միայն որպես սահմանադրական կարգի հիմունք, այլև որպես մարդու հիմնական իրավունք: Այս իրավունքը Սահմանադրության 74-րդ հոդվածի ուժով տարածվում է նաև իրավաբանական անձանց վրա:
Այսպես` Սահմանադրության 59-րդ հոդվածը սահմանում է.
«1. Յուրաքանչյուր ոք ունի տնտեսական, ներառյալ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունք: Այս իրավունքի իրականացման պայմանները և կարգը սահմանվում են օրենքով:
2. Մրցակցության սահմանափակումը, մենաշնորհի հնարավոր տեսակները և դրանց թույլատրելի չափերը կարող են սահմանվել միայն օրենքով` հանրային շահերի պաշտպանության նպատակով:
3. Շուկայում մենաշնորհ կամ գերիշխող դիրքի չարաշահումը, անբարեխիղճ մրցակցությունը և հակամրցակցային համաձայնություններն արգելվում են»:
Անդրադառնալով քննարկվող իրավունքի բովանդակությանը` Սահմանադրական դատարանն իր` 2010 թվականի հուլիսի 13-ի ՍԴՈ-903 որոշմամբ արձանագրել է. «(...) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 8 և 33.1-րդ հոդվածներին համապատասխան` տնտեսական հարաբերությունների կանոնակարգման հիմքում, ի թիվս այլոց, ընկած են տնտեսական գործունեության ազատության և ազատ տնտեսական մրցակցության սահմանադրական սկզբունքները: Տնտեսական գործունեության ազատությունը նշանակում է իրավաբանորեն երաշխավորված հնարավորություն` ազատորեն օգտագործելու սեփական ընդունակություններն ու գույքն օրենքով չարգելված տնտեսական գործունեության համար, այն է` իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն: Վերջինս հանդես է գալիս որպես տնտեսավարող սուբյեկտի ինքնուրույն, իր ռիսկով ու օրենքով սահմանված կարգով իրականացվող գործունեություն, որի հիմնական նպատակը գույք օգտագործելուց, ապրանքներ վաճառելուց, աշխատանքներ կատարելուց կամ ծառայություններ մատուցելուց շահույթ ստանալն է»:
Սահմանադրական դատարանն իր` 2014 թվականի փետրվարի 18-ի ՍԴՈ-1139 որոշմամբ տնտեսական գործունեության ազատության ու ազատ տնտեսական մրցակցության առնչությամբ արձանագրել է, որ «(...) տնտեսական գործունեության ազատության սկզբունքը բացարձակ չէ և ինչպես պետության, այնպես էլ տնտեսավարող սուբյեկտների առջև դնում է կոնկրետ պարտականություններ: Այսպես, պետության հիմնական գործառույթն է ապահովել այդ ազատության երաշխավորման անհրաժեշտ իրավական և տնտեսական պայմաններ: Սահմանադրաիրավական վերոհիշյալ նորմի բովանդակությունից ուղղակիորեն բխում է նաև, որ Հայաստանի Հանրապետությունում անհրաժեշտաբար պետք է ստեղծվեն տնտեսական ողջ համակարգի կենսագործունեության առավել բարենպաստ պայմաններ` հիմնված ազատ շուկայական տնտեսության պայմաններում տնտեսավարող սուբյեկտների կազմակերպման ու գործունեության ազատության, իրավահավասարության, այդ գործընթացում պետության դերի առավելագույնս հստակեցման սկզբունքների վրա»:
Իսկ 2021 թվականի սեպտեմբերի 28-ի ՍԴՈ-1611 որոշմամբ Սահմանադրական դատարանն արձանագրել է հետևյալը. «(...) տնտեսական գործունեությամբ զբաղվելու իրավունքի հետ որևէ առնչակցություն ունեցող ցանկացած օրենսդրական կարգավորում, դրա մեկնաբանություն և կիրառում ևս պետք է համապատասխանեն նշյալ իրավունքի առնչությամբ Սահմանադրությամբ ամրագրված կարգավորումներին և Սահմանադրական դատարանի` ներկայացրած իրավական դիրքորոշումներին: Ավելին, մի շարք իրավիճակներում տնտեսական գործունեությամբ զբաղվելու իրավունքի պատշաճ իրացումը պայմանավորված է սեփականության իրավունքի, այդ թվում` սեփականության իրավունք ձեռք բերելու նկատմամբ լեգիտիմ ակնկալիքների հիմքով սեփականության իրավունքի պաշտպանության բավարար և անհրաժեշտ կառուցակարգերի առկայությամբ ու դրանց պատշաճ իրացմամբ»:
Այսպիսով, Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ տնտեսական գործունեության ազատությունը, լինելով հիմնական իրավունք, ենթադրում է ֆիզիկական և իրավաբանական անձանց տրված հնարավորություն` ազատորեն զբաղվելու տնտեսական, այդ թվում` ձեռնարկատիրական գործունեությամբ: Նկատի ունենալով, որ տնտեսական գործունեության ազատության երաշխավորումը պետության պոզիտիվ պարտականությունն է, վերջինս պարտավոր է ապահովել ինչպես տնտեսական գործունեությամբ զբաղվելու իրավունքի իրացումը, այնպես էլ դրա արդյունավետ պաշտպանությունը: Ընդ որում, թեև Սահմանադրության հիշյալ դրույթով չեն նախատեսվում տնտեսական գործունեությամբ զբաղվելու իրավունքի վերաբերյալ մանրամասն կարգավորումներ` դրանք թողնելով օրենսդիր մարմնի հայեցողության տիրույթում, այդուհանդերձ, այդ իրավունքի վերաբերյալ օրենսդրի կողմից նախատեսված կարգավորումները և դրանց կիրառումը չպետք է խոչընդոտ հանդիսանան անձանց կողմից իրենց իրավունքն իրացնելու համար, այլ պետք է ապահովեն այդ իրավունքը գործնականում իրականացնելու ողջամիտ պայմաններ: Հետևաբար` պետությունը պարտավորվում է ոչ միայն ճանաչել, պահպանել և պաշտպանել տնտեսական գործունեությամբ զբաղվելու իրավունքը, այլև ստեղծել այնպիսի կառուցակարգեր և ընթացակարգեր, որոնք հնարավորություն կտան յուրաքանչյուրին` արդյունավետ ձևով օգտվելու այս իրավունքից, այդ թվում` առանց անհարկի խոչընդոտների մասնակցելու տնտեսական հարաբերություններին և օգտագործելու սեփական գույքը և ունակությունները շահույթ ստանալու կամ այլ նպատակների հասնելու համար: Հակառակ պարագայում Սահմանադրությամբ երաշխավորված` տնտեսական գործունեությամբ զբաղվելու իրավունքը կզրկվի իրացվելիության հատկանիշից և կկրի հռչակագրային բնույթ, որպիսի իրավիճակը չի բխի ինչպես քննարկվող իրավունքը երաշխավորելու պետության պարտականությունից, այնպես էլ Սահմանադրության պահանջներից:
Միաժամանակ` Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ տնտեսական գործունեությամբ զբաղվելու իրավունքը բացարձակ չէ, ուստի` որոշ դեպքերում ըստ անհրաժեշտության այդ իրավունքի իրացման առնչությամբ կարող են նախատեսվել որոշակի պահանջներ: Ընդ որում` սահմանափակումներ կամ նշված գործունեության առնչությամբ արգելքներ նախատեսող պահանջները պետք է բխեն թե' մասնավոր և թե' հանրային շահի հավասարակշռված պաշտպանության անհրաժեշտությունից` չխաթարելով հիշյալ իրավունքի էությունը և չհանգեցնելով դրա ոչ իրավաչափ սահմանափակման: Այսինքն` թեև մի կողմից` պետության սահմանադրական պարտականությունն է ստեղծել բարենպաստ իրավական և տնտեսական միջավայր տնտեսական գործունեության ազատության իրացման համար, իսկ մյուս կողմից` որոշ դեպքերում սահմանել նաև այդ իրավունքի իրացման հնարավորությունը սահմանափակող կարգավորումներ, այդուհանդերձ նախատեսվող սահմանափակումները պետք է հետապնդեն իրավաչափ նպատակ: Բացի դրանից, Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ տնտեսական գործունեության ազատությանն առնչվող յուրաքանչյուր սահմանափակում պետք է բավարարի նաև Սահմանադրության` տնտեսական գործունեության ազատության հետ փոխկապված այլ հիմնական իրավունքներին և ազատություններին վերաբերող ընդհանուր պահանջները:
Վերոնշյալի համատեքստում Սահմանադրական դատարանը փաստում է, որ տնտեսական գործունեությամբ զբաղվելու և սեփականության իրավունքները, լինելով սոցիալական շուկայական տնտեսության բաղադրիչներ, սերտորեն փոխկապակցված են: Մասնավորապես` նշվածի առնչությամբ Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներով արձանագրել է հետևյալը.
- «(...) տնտեսական գործունեության ազատությունը սերտորեն փոխկապակցված է սեփականության իրավունքի հետ և ուղղակիորեն առնչվում է յուրաքանչյուրի սեփականության սահմանադրական իրավունքին» (2024 թվականի հոկտեմբերի 8-ի ՍԴՈ-1756),
- «(...) ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու ազատությունն ուղղակիորեն փոխկապակցված է սեփականության իրավունքի հետ, ըստ այդմ` ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը ոչ միայն ուղղված է շահույթ (գույք) ստանալուն, այլ նաև իրականացվում է, ի թիվս այլնի, սեփականատիրոջ կողմից իր գույքի օգտագործման, տիրապետման և տնօրինման եղանակով» (2025 թվականի մարտի 18-ի ՍԴՈ-1773),
- «Տնտեսական գործունեության ազատության և տնտեսական մրցակցության երաշխավորման ու սեփականության իրավունքի փոխկապակցվածությունը դրսևորվում է նրանում, որ ազատ տնտեսական գործունեության և տնտեսական մրցակցության արդյունքում սեփականության ծավալն ավելացնելու նոր նախադրյալներ են ստեղծվում, ինչն, իր հերթին, իրական հնարավորություն է ընձեռում նաև ազատ տնտեսական գործունեության շրջանակն ընդլայնելու համար» (2023 թվականի ապրիլի 25-ի ՍԴՈ-1685),
- «(...) տնտեսական գործունեության ազատությունը խարսխվում է սեփականության հիմնական իրավունքի վրա` Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված դրա երեք իրավազորություններով հանդերձ, որը Սահմանադրության ուժով ենթակա է սահմանափակումների: Տնտեսական գործունեության ազատությունը սեփականության իրավունքի իրավազորություններից առնվազն որևէ մեկի իրականացման եղանակ է, ուստի այդ ազատությունը և սեփականության իրավունքը բովանդակային առումով փոխկապակցված են: Հետևապես` սեփականության իրավունքի` օրենքով նախատեսվող սահմանափակումները ներգործում են տնտեսական գործունեության ազատության վրա` mutatis mutandis հնարավոր դարձնելով այդ ազատության սահմանափակումները նաև Սահմանադրության 60-րդ հոդվածով նախատեսված հիմքերով (...)» (2020 թվականի մայիսի 12-ի ՍԴՈ-1530):
Սահմանադրական դատարանը, անդրադառնալով տնտեսական գործունեությամբ զբաղվելու և սեփականության իրավունքների հարաբերակցությանը, հարկ է համարում արձանագրել, որ տնտեսական գործունեությամբ զբաղվելու իրավունքը ենթադրում է նաև ձեռնարկատիրական գործունեության իրականացում, որի նպատակը տնտեսվարող սուբյեկտի կողմից իր գործունեության արդյունքում շահույթ ստանալու միջոցով սեփականություն գեներացնելն է: Այսինքն` տնտեսվարող սուբյեկտը որոշակի տնտեսական գործունեություն (օրինակ` գույք օգտագործել, ապրանքներ վաճառել, աշխատանքներ կատարել կամ ծառայություններ մատուցել) իրականացնելու միջոցով փորձում է հասնել սեփականության ձեռքբերմանը: Ուստի` ելնելով տնտեսական գործունեությամբ զբաղվելու իրավունքը գործնականում իրականացնելու ողջամիտ և անխոչընդոտ պայմանների ապահովման անհրաժեշտությունից` Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ այս իրավունքի իրացման առնչությամբ պետք է նախատեսվեն այնպիսի կառուցակարգեր և ընթացակարգեր, որոնք հնարավորություն կտան յուրաքանչյուրին ոչ միայն իրացնելու իր տնտեսական գործունեությամբ զբաղվելու սահմանադրական իրավունքը, այլ նաև կերաշխավորեն վերջինիս սեփականության իրավունքի պաշտպանությունը:
Վերոնշյալի համատեքստում Սահմանադրական դատարանը հարկ է համարում նշել, որ իրավակիրառ պրակտիկայում տնտեսական գործունեության և սեփականության իրավունքների հարաբերակցությանն առնչվող դեպքերից է նաև պետական սեփականություն հանդիսացող գույքի օտարման (վաճառքի) մրցույթը, որպիսի դեպքում մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած անձը փորձում է իրացնել թե' իր սեփականության իրավունքը` պետական սեփականություն հանդիսացող գույքը գնելու հնարավորություն ձեռք բերելու միջոցով, և թե' նշված գույքը ձեռք բերելու միջոցով փորձում է իրացնել նաև տնտեսական գործունեությամբ զբաղվելու իրավունքը, որն էլ իր հերթին ուղղված է իր կողմից ներկայացված գործարար (ներդրումային) ծրագրի իրականացման միջոցով սեփականության ձեռքբերմանը: Հետևաբար` Սահմանադրական դատարանը գտնում է, որ պետական սեփականություն հանդիսացող գույքի օտարման (վաճառքի) մրցույթի համար նախատեսվող կառուցակարգը պետք է երաշխավորի մի կողմից` մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած անձի` Սահմանադրության 59-րդ հոդվածով երաշխավորված տնտեսական գործունեությամբ զբաղվելու իրավունքի իրականացումը, իսկ մյուս կողմից` վերջինիս` Սահմանադրության 60-րդ հոդվածով երաշխավորված սեփականության իրավունքի պաշտպանությունը:
5.2. Սույն գործով սահմանադրաիրավական վեճի քննության շրջանակում Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում վիճարկվող դրույթի սահմանադրականության հարցը քննարկել պետական սեփականություն հանդիսացող գույքի օտարման (վաճառքի) մրցույթի շրջանակում անձանց կողմից տնտեսական գործունեությամբ զբաղվելու և սեփականության սահմանադրական իրավունքների իրացման համար անհրաժեշտ կառուցակարգերի նախատեսման համատեքստում:
Սահմանադրական դատարանը, նկատի ունենալով, որ անձանց տնտեսական գործունեությամբ զբաղվելու և սեփականության իրավունքների իրացման պրակտիկ դրսևորումներից մեկն է հրապարակային սակարկություններին մասնակցելու իրավունքը, սույն գործով քննության հարցի առնչությամբ նախևառաջ անհրաժեշտ է համարում անդրադառնալ պետական գույքի օտարման հարաբերություններում հրապարակային սակարկությունների անցկացման վերաբերյալ կարգավորումներին:
Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ մրցույթը` որպես հրապարակային սակարկությունների ինքնուրույն տեսակ, սոցիալական շուկայական տնտեսության մեջ ունի կարևոր նշանակություն, քանի որ այն ապահովում է մրցակցային միջավայր, որտեղ իրավունքի սուբյեկտները, իրացնելով իրենց տնտեսական գործունեությամբ զբաղվելու իրավունքը, կարող են ազատորեն մասնակցել ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ձեռքբերմանը կամ վաճառքին: Միևնույն ժամանակ, մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած և լավագույն պայմաններ առաջարկած անձինք ձեռք են բերում մրցույթում հաղթող ճանաչվելու և իրենց առաջարկած պայմաններով պայմանագիր կնքելու հնարավորություն: Ինչ վերաբերում է մրցութային հարաբերության մյուս կողմին` մրցույթով օտարվող գույքի սեփականատիրոջը, ապա վերջինս հետապնդում է լավագույն պայմաններ առաջարկած մասնակցին բացահայտելու և վերջինիս հետ պայմանագիր կնքելու նպատակ:
Սահմանադրական դատարանը փաստում է, որ մրցույթի կազմակերպման կարգին վերաբերող կարգավորումները պետք է ուղղված լինեն կողմերից յուրաքանչյուրի շահերի հավասարակշռմանը, մասնավորապես, նախատեսեն անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած անձանց տնտեսական գործունեությամբ զբաղվելու և սեփականության իրավունքների իրացման համար` մի կողմից, և մրցույթով օտարվող գույքի սեփականատիրոջ համար ստեղծեն լավագույն պայմաններ առաջարկած անձի հետ պայմանագիր կնքելու հնարավորության բացահայտման համար` մյուս կողմից:
Միևնույն ժամանակ, Սահմանադրական դատարանը գտնում է, որ պետական սեփականություն հանդիսացող գույքի օտարման (վաճառքի) մրցույթին վերաբերող կարգավորումներն ունեն որոշակի առանձնահատկություններ, որոնցով էլ վերջիններս տարբերվում են քաղաքացիաիրավական շրջանառության ընթացքում հրապարակային սակարկությունների միջոցով պայմանագրի կնքման վերաբերյալ կարգավորումներից: Մասնավորապես` պետական սեփականություն հանդիսացող գույքի օտարման (վաճառքի) մրցույթի շրջանակներում առաջացող իրավահարաբերություններն առնչվում են պետական գույքի կառավարման ոլորտին, որպիսի պայմաններում մրցույթի կազմակերպման և անցկացման կարգը, ինչպես նաև մրցույթով հետապնդվող նպատակները հստակ կանոնակարգվել են «Պետական գույքի կառավարման մասին» օրենքով և դրա հիման վրա ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով: Հետևաբար` Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ պետական սեփականություն հանդիսացող գույքի օտարման (վաճառքի) մրցույթին վերաբերող կարգավորումները գնահատելիս պետք է ելակետ ընդունվեն ինչպես «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի, այնպես էլ Որոշման կարգավորումները:
Այսպես` «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը որպես պետական գույքի օտարման առանձին եղանակ նախատեսում է հրապարակային սակարկությունը (մրցույթ կամ աճուրդ (նաև էլեկտրոնային)): Ընդ որում` նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետից հետևում է, որ մրցույթով վաճառքի եղանակն ընտրվում է, եթե գնորդը գույքի սեփականության իրավունքը ձեռք բերելու հետ մեկտեղ գույքի օգտագործման արդյունավետության բարձրացման նպատակով գործարար ծրագրին համապատասխան պետք է ստանձնի որոշակի պարտավորություններ: Պետական սեփականություն հանդիսացող գույքի օտարման (վաճառքի) մրցույթի անցկացման կարգի սահմանումը «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասի ուժով վերապահված է Կառավարությանը:
Կառավարությունը, հաշվի առնելով պետական գույքի օտարման հարաբերություններում յուրաքանչյուրի տնտեսական գործունեությամբ զբաղվելու իրավունքի իրացման անհրաժեշտությունը, Որոշմամբ որպես պետական սեփականություն հանդիսացող գույքի օտարման (վաճառքի) եղանակ ընտրել է բաց մրցույթը: Վերջինիցս ուղղակիորեն բխում է հանրության լայն շրջանակներին մրցույթի անցկացման և դրա պայմանների մասին կազմակերպչի իրազեկելու պարտականությունը: Թերևս այս հանգամանքով պայմանավորված` Որոշման թիվ 3 հավելվածով որպես պետական սեփականություն հանդիսացող գույքի օտարման (վաճառքի) մրցույթի առանձին կազմակերպական փուլ նախատեսված է մրցույթի անցկացման մասին հրապարակային ծանուցումը: Մասնավորապես` այս փուլում, Կարգի 4-րդ կետին համապատասխան, մրցույթի կազմակերպիչն ապահովում է մրցույթի անցկացման մասին ծանուցման հրապարակումն իր պաշտոնական և www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքերում, ինչպես նաև սահմանում է մրցույթի մասնակցության վճարի չափը և այն հրապարակում մրցույթի անցկացման մասին հրապարակային ծանուցման մեջ: Մրցույթի անցկացման մասին հրապարակային ծանուցման մեջ նշվում են մրցույթի համար սահմանված պայմանները, այսինքն` այն պահանջները, որոնք օբյեկտիվ նախադրյալ են հանդիսանում մրցույթի մասնակցության հայտ ներկայացնելու համար:
Կարգի 28 և 29-րդ կետերի բովանդակությունից հետևում է, որ մրցույթի մասնակցի կարգավիճակ է տրվում այն հայտատուներին, որոնց հայտերը համապատասխանում են մրցույթի համար սահմանված պայմաններին, իսկ հայտերի գնահատման արդյունքում անհամապատասխանությունների արձանագրման դեպքում, որպես ընդհանուր կանոն, կատարվում են միմյանց հաջորդող հետևյալ գործողությունները.
1) մրցութային հանձնաժողովը մեկ աշխատանքային օրով կասեցնում է մրցութային հայտերի գնահատման նիստը,
2) հանձնաժողովի քարտուղարը նույն օրը դրա մասին էլեկտրոնային եղանակով ծանուցում է մասնակցին` առաջարկելով մինչև կասեցման ժամկետի ավարտը շտկել անհամապատասխանությունը: Մասնակցին ուղարկվող ծանուցման մեջ մանրամասն նկարագրվում են հայտնաբերված անհամապատասխանությունները,
3) եթե մասնակիցը սահմանված ժամկետում շտկում է արձանագրված անհամապատասխանությունը, ապա նրա հայտը գնահատվում է բավարար: Հակառակ դեպքում տվյալ մասնակցի հայտը գնահատվում է անբավարար և մերժվում է:
Նշված ընդհանուր կանոնից Կարգի 29-րդ կետը նախատեսում է երկու բացառություն այն դեպքերի համար, երբ անհամապատասխանությունները վերաբերում են գնային առաջարկին կամ գործարար (ներդրումային) ծրագրով առաջարկվող հաշվելի ցուցանիշներին: Փաստորեն, եթե անհամապատասխանությունները վերաբերում են գնային առաջարկին կամ գործարար (ներդրումային) ծրագրով առաջարկվող հաշվելի ցուցանիշներին, ապա հայտը գնահատվում է անբավարար և մերժվում է` մրցույթի մասնակցության հայտ ներկայացրած անձանց ընդհանրապես չընձեռելով դրանք շտկելու հնարավորություն:
Այսպիսով` Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ մրցույթի անցկացման մասին հրապարակային ծանուցմամբ տարբերակվել են մրցույթի անցկացման երկու խումբ պայմաններ: Առաջին խումբ պայմանները վերաբերում են մրցույթի միջոցով կնքվող պայմանագրի առարկայի վերաբերյալ առաջարկին (բովանդակային պայմաններ, այդ թվում նաև` գնային առաջարկ կամ գործարար (ներդրումային) ծրագիր), իսկ երկրորդ խումբ պայմանները` մրցույթի մասնակցության հայտի ձևին և կից փաստաթղթերին (ձևական պայմաններ): Ընդ որում` Կարգի 29-րդ կետից հետևում է, որ հիշյալ պայմանները միմյանցից տարբերվում են ոչ միայն իրենց բնույթով, այլև անհամապատասխանությունների արձանագրման դեպքում առաջացրած հետևանքներով: Մասնավորապես` եթե անհամապատասխանություններն արձանագրվում են ձևական պայմանների առնչությամբ, ապա հայտատուին տրվում է այն շտկելու հնարավորություն, մինչդեռ բովանդակային անհամապատասխանություններն ընդհանրապես արգելակում են հայտատուի հետագա մասնակցությունը մրցույթին:
Սահմանադրական դատարանը հարկ է համարում արձանագրել, որ մրցույթի մասնակցության հայտում գնային առաջարկի մասով անհամապատասխանությունը շտկելու` Կարգի 29-րդ կետով նախատեսված արգելքը միտված է մյուս հայտատուների համար մրցույթի անցկացման ընթացքում հավասարության և կանխատեսելիության, իսկ վերջնարդյունքում` տնտեսական ազատ մրցակցության ապահովմանը: Սահմանադրական դատարանն ընդգծում է, որ գնային առաջարկին վերաբերող պայմաններն իրենց բնույթով էական են, քանի որ դրանցով է պայմանավորված մրցույթի հետագա ընթացքը: Մասնավորապես` գնային առաջարկի միջոցով է բոլոր հայտատուների շարքից որոշակիացվում մրցույթի հաղթողը: Հետևաբար` հայտերի բացման փուլից հետո հայտատուներից մեկի կողմից գնային առաջարկի մասով փոփոխություններ կատարելը կխաթարի մյուս հայտատուների համար մրցութային հարաբերության կանխատեսելիությունը և որոշակիությունը, իսկ արդյունքում նաև վերջիններիս տնտեսական գործունեությամբ զբաղվելու և սեփականության իրավունքները: Այսպիսով` հայտերի բացման փուլից հետո գնային առաջարկի մասով փոփոխություն կատարելու արգելքը միտված է հավասար մրցակցության ապահովմանը և մյուս հայտատուների իրավունքների պաշտպանությանը:
Միևնույն ժամանակ Սահմանադրական դատարանը փաստում է, որ պետական սեփականություն հանդիսացող գույքի օտարման (վաճառքի) մրցույթին մասնակցելու համար որոշակի պայմաններ սահմանելը և ներկայացված հայտերում անհամապատասխանության արձանագրման դեպքում դրանք անբավարար գնահատելն ու մերժելն ինքնին խնդրահարույց չեն, եթե սահմանված են գործուն կառուցակարգեր ձևական անհամապատասխանությունները շտկելու համար: Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ անհամապատասխանությունները շտկելու կառուցակարգ նախատեսելը բխում է մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած անձանց տնտեսական գործունեությամբ զբաղվելու իրավունքի իրացումն ապահովելու հրամայականից: Մինչդեռ վիճարկվող դրույթի բովանդակությունից հետևում է, որ թեև Որոշմամբ նախատեսվել է մրցույթի հայտերում արձանագրված անհամապատասխանությունները շտկելու կառուցակարգ, այդուհանդերձ Սահմանադրական դատարանը գտնում է, որ այն լիովին չի ապահովում անձանց կողմից իրենց իրավունքների արդյունավետ իրականացումը: Մասնավորապես` կարող են հանդիպել նաև այնպիսի բովանդակային պայմանների խախտումներ, որոնք իրենց էությամբ ձևական են: Նման խախտման օրինակ է պետական սեփականություն հանդիսացող գույքի օտարման (վաճառքի) մրցույթի մասնակցության հայտ ներկայացրած անձի կողմից գնային առաջարկի մասով թույլ տրված ձևական անհամապատասխանությունը: Մինչդեռ վիճարկվող դրույթով բացառվում է պետական սեփականություն հանդիսացող գույքի օտարման (վաճառքի) մրցույթի մասնակցության հայտ ներկայացրած անձի կողմից գնային առաջարկի մասով թույլ տրված ձևական անհամապատասխանությունը շտկելու հնարավորությունը, որն էլ հիմք է մրցույթին մասնակցելու համար ներկայացված հայտն անբավարար գնահատելու և մերժելու համար: Իսկ նշված հնարավորության բացառումն ինքնին հանգեցնում է տնտեսական գործունեությամբ զբաղվելու իրավունքի խախտման:
---------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում