Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՅԼԵՎԵԼ» ՍՊԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՅԼԵՎԵԼ» ՍՊԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-Ի «ՊԵՏ ...

 

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

Քաղ. Երևան 1 հուլիսի 2025 թ.

 

«ՀԱՅԼԵՎԵԼ» ՍՊԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-Ի «ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ (ՎԱՃԱՌՔԻ), ՕՏԱՐՄԱՆ (ՎԱՃԱՌՔԻ) ՄՐՑՈՒՅԹԻ ԵՎ ԱՃՈՒՐԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի ԹԻՎ 882-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 587-Ն ՈՐՈՇՄԱՆ ԹԻՎ 3 ՀԱՎԵԼՎԱԾՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ` «ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՏԻՐԱՊԵՏՄԱՆԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆԸ ՀԱՆՁՆՎԱԾ (ԱՄՐԱՑՎԱԾ), ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ (ՎԱՃԱՌՔԻ) ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ» ԿԱՐԳԻ 29-ՐԴ ԿԵՏԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

(2-րդ մաս)

 

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ պետական սեփականություն հանդիսացող գույքի օտարման (վաճառքի) մրցույթին մասնակցելու համար ամրագրված կարգավորումները պետք է ուղղված լինեն յուրաքանչյուր հայտատուի` Սահմանադրությամբ երաշխավորված` տնտեսական գործունեությամբ զբաղվելու իրավունքի ապահովմանը: Ուստի` յուրաքանչյուր դեպքում ներկայացված հայտում մրցութային հանձնաժողովի կողմից անհամապատասխանություններ հայտնաբերվելիս վերջինս պետք է ձեռնարկի ակտիվ գործողություններ հայտում առկա անհամապատասխանության բնույթը պարզելու և դրա արդյունքում վրա հասնող հետևանքն արձանագրելու համար: Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ եթե հայտի և դրան կից ներկայացված փաստաթղթերի համակողմանի հետազոտման արդյունքում պարզ է դառնում, որ գնային առաջարկի մասով թույլ տրված անհամապատասխանությունը ձևական բնույթ է կրում, այսինքն` եթե առկա են այնպիսի փաստեր, որոնք ակնհայտորեն վկայում են, որ հայտատուի կամքը ոչ թե ուղղված է եղել հայտում նշված չափով գին առաջարկելուն, այլ առաջարկված գինն ընդամենը հայտատուի կողմից թույլ տրված վրիպակի արդյունք է, ապա նշված դեպքում ևս վերջինիս պետք է ընձեռվի թույլ տրված անհամապատասխանությունը շտկելու հնարավորություն:

Միաժամանակ Կարգի 29-րդ կետին իրավակիրառ պրակտիկայում տրվել է այնպիսի մեկնաբանություն, որ գնային առաջարկով կամ գործարար (ներդրումային) ծրագրով առաջարկվող հաշվելի ցուցանիշները վերջնական են, դրանց վերաբերյալ որևէ տեսակի անհամապատասխանությունները շտկման ենթակա չեն, և ինքնին փաստի հայտարարումն առ այն, որ գույքի վաճառքի գնի սյունակում առաջարկվել է Որոշմամբ սահմանված նվազագույն գնից պակաս չափով գումար, հանգեցնում է Կարգի 29-րդ կետի իմպերատիվ պահանջի կիրառմանը, այն է` եթե անհամապատասխանությունները վերաբերում են գնային առաջարկին, ապա նշված թերությունը վերացնելու հնարավորություն հայտը ներկայացնող կողմին չի տրամադրվում:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ վիճարկվող դրույթով սահմանված կարգավորման պայմաններում կարող է ստեղծվել այնպիսի իրավիճակ, երբ մրցույթին մասնակցելու նախավճարը վճարած, լավագույն գործարար (ներդրումային) ծրագիր ներկայացրած և գնային առաջարկի նվազագույն շեմ սահմանված լինելու պայմաններում գնային առաջարկի մասով ձևական անհամապատասխանություն թույլ տված հայտատուները զրկվեն մրցույթին մասնակցելու և հաղթող ճանաչվելու հնարավորությունից, անկախ այն հանգամանքից` առկա անհամապատասխանությունը վրիպակի արդյունք է, թե հայտատուի կամքն ուղղված է հայտում նշված չափով գին առաջարկելուն:

Ելնելով վերոնշյալից` Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ վիճարկվող դրույթով նախատեսված կարգավորումը չի ապահովում Սահմանադրության 75-րդ հոդվածով ամրագրված արդյունավետ կառուցակարգ հայտատուների տնտեսական գործունեությամբ զբաղվելու իրավունքի իրացման համար և սահմանափակում է նշված իրավունքի լիարժեք իրացումը:

Սահմանադրական դատարանը կարևոր է համարում արձանագրել նաև, որ Սահմանադրության` տնտեսական գործունեությամբ զբաղվելու իրավունքին առնչվող կարգավորումներից հետևում է, որ այդ իրավունքի նկատմամբ կարող են նախատեսվել սահմանափակումներ` հանրության շահերի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:

Անդրադառնալով պետական սեփականություն հանդիսացող գույքի օտարման (վաճառքի) մրցույթի անցկացման կարգին վերաբերող կարգավորումներով հայտատուների տնտեսական գործունեությամբ զբաղվելու իրավունքի առնչությամբ նախատեսվող սահմանափակումներին` Սահմանադրական դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.

«Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է.

«1. Պետական գույքի օտարման հիմնական նպատակներն են`

1) պետական գույքի հետագա օգտագործման արդյունավետության բարձրացումը.

2) պետական գույքն ակտիվ տնտեսական շրջանառության մեջ դնելը.

3) պետական գույքի օտարումից ստացված միջոցների հաշվին պետական և համայնքային բյուջեների եկամուտների ավելացումը.

4) սույն օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված դեպքում գույքի առավել արդյունավետ օգտագործման կամ հանրության գերակա շահերի ապահովումը»:

Այսպիսով` «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 20-րդ հոդվածն ամրագրում է այն նպատակները, որոնց պետք է ուղղված լինեն հիշյալ օրենքի հիման վրա ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով սահմանվող և պետական սեփականություն հանդիսացող գույքի օտարման (վաճառքի) մրցույթի անցկացման կարգին վերաբերող կարգավորումները: Միաժամանակ, Սահմանադրական դատարանը հարկ է համարում նշել, որ տնտեսական գործունեությամբ զբաղվելու և սեփականության իրավունքների իրացումը պետք է ապահովվի պետական սեփականություն հանդիսացող գույքի օտարման (վաճառքի) մրցույթի բոլոր փուլերում: Իսկ սահմանադրական այս իրավունքների լիարժեք իրացումը սահմանափակող պայմանները պետք է ուղղված լինեն այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությանը կամ հանրային շահի սպասարկմանը, այդ թվում` «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 20-րդ հոդվածով ամրագրված նպատակների ապահովմանը, որոնց շարքին, ի թիվս այլնի, դասվում է պետական գույքի օտարումից ստացված միջոցների հաշվին պետական և համայնքային բյուջեների եկամուտների ավելացումը:

Վերը նշվածի հիման վրա` Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ պետական սեփականություն հանդիսացող գույքի օտարման (վաճառքի) մրցույթի էությունը հայտերի համեմատական վերլուծության արդյունքում լավագույն պայմաններ առաջարկած մասնակցին բացահայտելն է: Հետևաբար` հիշյալ մրցույթի կազմակերպման կարգը սահմանող նորմատիվ իրավական ակտերը պետք է նախատեսեն այնպիսի երաշխիքներ, որ մրցույթում հաղթող ճանաչվի իրապես լավագույն պայմաններ առաջարկած մասնակիցը, իսկ վերջնարդյունքում պետությունը` որպես իր սեփականությունը մրցույթով օտարող սուբյեկտ, ստանա հնարավորինս շատ օգուտ, որն էլ իր հերթին ուղղված կլինի պետական բյուջեի եկամուտների ավելացմանը:

Այդուհանդերձ, վիճարկվող դրույթի կարգավորման պայմաններում կարող է ստեղծվել իրավիճակ, երբ լավագույն պայմաններ առաջարկած և ձևական անհամապատասխանություն թույլ տված անձն ընդհանրապես զրկվի մրցույթին մասնակցելու հնարավորությունից: Այդ դեպքում, ակնհայտ է, որ առկա չեն լինի մրցույթում լավագույն պայմաններ առաջարկած անձի հետ պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ երաշխիքներ: Ուստի` Սահմանադրական դատարանը գտնում է, որ գնային առաջարկի մասով ձևական անհամապատասխանությունը շտկելու արգելքն ուղղակի հակադրության մեջ է մտնում «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված նպատակների հետ և ուղղված չէ ինչպես հանրային շահի սպասարկմանը, այնպես էլ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությանը: Ընդ որում` մի շարք դեպքերում գնային առաջարկին առնչվող անհամապատասխանությունները շտկելու հնարավորություն ընձեռելը ոչ թե չի բխի, այլ հենց ուղղված կլինի «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված նպատակների ապահովմանը, մասնավորապես, լավագույն պայմաններ առաջարկած անձի հետ պայմանագրի կնքմանը և դրանով իսկ պետական բյուջեի եկամուտների ավելացմանը:

Ելնելով վերոնշյալից` Սահմանադրական դատարանն ընդգծում է, որ յուրաքանչյուր դեպքում մրցութային հանձնաժողովի կողմից մրցույթի մասնակցության հայտում անհամապատասխանություն հայտնաբերվելու դեպքում վերջինս պետք է համակողմանի հետազոտման ենթարկի ներկայացված հայտը և հայտին կից ներկայացված փաստաթղթերը: Ըստ այդմ, եթե մրցութային հանձնաժողովը եզրակացնում է, որ հայտատուի կամքն ուղղված է եղել հայտում նշված չափով գին առաջարկելուն, որն էլ իր հերթին պակաս է Որոշմամբ սահմանված նվազագույն գնից, ապա, մրցույթի մյուս հայտատուների իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունից ելնելով, պետք է բացառի այդ հայտատուի հետագա մասնակցությունը մրցույթին: Մինչդեռ եթե հայտում նշված գինը վրիպակի արդյունք է, հայտատուն պետք է օգտվի անհամապատասխանությունը շտկելու` Կարգի 29-րդ կետով նախատեսված հնարավորությունից, հակառակ դեպքում նման անհամապատասխանությունը շտկելու հնարավորություն չընձեռելն անհամաչափ միջամտություն է մրցույթի մասնակցության հայտ ներկայացրած անձանց իրավունքներին և օրինական շահերին: Հետևաբար` եթե հայտին կից ներկայացված փաստաթղթերի ամբողջական բովանդակությունից հետևում է, որ մասնակցի կողմից ներկայացված գնային առաջարկն ակնհայտորեն համապատասխանում է պետական գույքի վաճառքի մասին իրավական ակտով սահմանված նվազագույն արժեքին (և/կամ բարձր է արժեքից), այնինչ հայտի մեջ նշված գնային առաջարկն ակնհայտ վրիպակի արդյունքում արտացոլում է պետական գույքի վաճառքի մասին իրավական ակտով սահմանված նվազագույն արժեքից ցածր արժեք, ապա նման անհամապատասխանության (վրիպակի) շտկման համար մրցույթի մասնակցին պետք է տրամադրվի նշված անհամապատասխանությունը (վրիպակը) շտկելու հնարավորություն:

Նշվածի համատեքստում Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Կարգի 29-րդ կետով սահմանված կարգավորումը հանգեցնում է մրցույթի մասնակցության հայտ ներկայացրած անձի` տնտեսական գործունեությամբ զբաղվելու իրավունքի սահմանափակման: Ընդ որում` թեև այդպիսի սահմանափակումը հետապնդում է իրավաչափ նպատակ, այն է` մրցույթի մյուս հայտատուների իրավունքների պաշտպանությունը և հանրային շահի սպասարկումը, բայցևայնպես սահմանափակման համար ընտրված միջոցն անհարկի ծանր հետևանքներ է առաջացնում վրիպակ թույլ տված հայտատուի համար` բացառելով վերջինիս հետագա մասնակցությունը մրցույթին:

Վերոգրյալի հիման վրա` Սահմանադրական դատարանը գտնում է, որ Կարգի 29-րդ կետն այնքանով, որքանով բացառում է պետական սեփականություն հանդիսացող գույքի օտարման (վաճառքի) մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած անձի կողմից գնային առաջարկի մասով թույլ տրված ձևական անհամապատասխանությունը (վրիպակը) շտկելու հնարավորությունը, հակասում է Սահմանադրության 59 և 75-րդ հոդվածներին:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետով, 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, 170-րդ հոդվածով, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 69-րդ հոդվածներով` Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի «Պետական սեփականություն հանդիսացող և պետական ոչ առևտրային կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող գույքի օտարման (վաճառքի), օտարման (վաճառքի) մրցույթի և աճուրդի կազմակերպման ու անցկացման կարգերը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի թիվ 882-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 587-Ն որոշման թիվ 3 հավելվածով սահմանված` «Պետական կառավարման համակարգի մարմինների տիրապետմանը և օգտագործմանը հանձնված (ամրացված), պետական ոչ առևտրային կազմակերպություններին, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին, հիմնադրամներին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված պետական սեփականություն հանդիսացող և պետական ոչ առևտրային կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող գույքի օտարման (վաճառքի) մրցույթի կազմակերպման և անցկացման» կարգի 29-րդ կետն այնքանով, որքանով բացառում է պետական սեփականություն հանդիսացող գույքի օտարման (վաճառքի) մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած անձի կողմից գնային առաջարկի մասով թույլ տրված ձևական անհամապատասխանությունը (վրիպակը) շտկելու հնարավորությունը, ճանաչել Սահմանադրության 59 և 75-րդ հոդվածներին հակասող և անվավեր:

2. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն` Դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման օրենքով սահմանված կարգով:

3. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

    Նախագահող                              Ա. Դիլանյան

 

1 հուլիսի 2025 թվականի

ՍԴՈ-1790

 

Հրապարակվել է ՍԴ պաշտոնական կայքէջում (concourt.am)` 4 հուլիսի 2025 թվական:

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
01.07.2025
N ՍԴՈ-1790
Որոշում