Սեղմել Esc փակելու համար:
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 369-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

3 հուլիսի 2025 թվականի N 263-Ն

 

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 369-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(4-րդ մաս)

 

5) Օգտակար հանածոների արդյունահանման նախագծերի ազդեցությունները հողի որակի վրա - Հանքարդյունահանումը կարող է աղտոտել մեծ տարածքների հողեր: Հատկապես կարող են ազդեցության ենթարկվել հանքարդյունահանման հարևանությամբ գյուղատնտեսական գործունեությունները: Արդյունահանման աշխատանքները, որպես կանոն, ձևափոխում են շրջակայքի լանդշաֆտը` տեսանելի դարձնելով մինչ այդ չխախտված հողերը: Չպաշտպանված հողերի, արդյունահանված հանքաքարի, պոչերի և թափոնակույտերում մանր մասնիկների էրոզիան կարող է բերել մակերեսային ջրերի և ջրահեռացման ուղիների մեջ մասնիկների մեծածավալ նստեցման: Դրանից բացի, վտանգավոր նյութերի թափվելն ու արտահոսքերը և քամու բերած աղտոտված փոշու նստեցումը կարող են հանգեցնել հողի աղտոտման: Հողերից կախված մարդկանց առողջության և բնապահպանական ռիսկերը հիմնականում բաժանվում են երկու խմբի` քամու բերած փոշու հետևանքով առաջացող հողերի աղտոտվածություն և քիմիական արտահոսքերի ու մնացորդների հետևանքով հողերի աղտոտում: Այս ազդեցությունները կարող են նաև որոշակի նշանակություն ունենալ գյուղատնտեսական գործունեության արդյունքում արտադրված բուսական և կենդանական ծագման արտադրանքի քանակի և որակի վրա: Անկազմակերպ փոշու արտանետումները որոշ հանքերում կարող են լուրջ բնապահպանական խնդիրներ առաջացնել: Փոշուն բնորոշ թունավոր լինելը կախված է շրջակա միջավայրի կլանիչների հեռավորությունից և արդյունահանվող հանքաքարի տեսակից: Արսենի, կապարի և ռադիոնուկլիդների բարձր պարունակությունները քամու հետ բերվող փոշու մեջ սովորաբար ավելի ռիսկային են: Հանքերի տարածքներում քիմիական արտահոսքերի և մնացորդների հետևանքով աղտոտված հողերը կարող են ռիսկային լինել անմիջական հպման դեպքում, երբ դրանք օգտագործվում են ոչ նպատակային որպես լցանյութեր, դեկորատիվ լանդշաֆտային ձևավորման համար կամ որպես հողերի հավելումներ:

6) Օգտակար հանածոների արդյունահանման նախագծերի ազդեցությունները սոցիալական արժեքների վրա - Հանքավայրի զարգացումը կարող է բերել բարեկեցության, սակայն մյուս կողմից պատճառել զգալի վնասներ շրջակա միջավայրին: Հանքարդյունահանման նախագծերը ստեղծում են աշխատատեղեր, ճանապարհներ, դպրոցներ և ավելացնում հեռավոր և սոցիալապես անապահով շրջաններում ապրանքների և ծառայությունների պահանջարկը, սակայն օգուտները և ծախսերը կարող են բաշխվել անհավասարաչափ: «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանվում է շրջակա միջավայրի վրա հնարավոր տնտեսական վնասի գնահատման և հատուցման պահանջը, որն էլ կանոնակարգվում է ՀՀ կառավարության 2015 թվականի մայիսի 27-ի N 764-Ն որոշմամբ: Երբ համայնքները զգում են անարդար վերաբերմունք կամ նրանք չեն ստացել համապատասխան փոխհատուցում, հանքարդյունահանման նախագծերը կարող են առաջացնել սոցիալական լարվածություն և հանգեցնել կոնֆլիկտների: ՇՄԱԳ-ը կարող է թերագնահատել կամ անգամ չդիտարկել տեղական բնակչության վրա հանքարդյունահանման նախագծերի ազդեցությունները: Համայնքները դառնում են չափազանց խոցելի, երբ իշխանությունների և տնտեսության այլ ճյուղերի հետ կապերը թույլ են, կամ երբ հանքարդյունահանման ազդեցությունները շրջակա միջավայրի վրա վնասում են տեղական բնակչության կենսամիջոցներին և ունեցվածքին: Ազդեցիկության աստիճանը կարող է թողնել անօգնական լինելու զգացում, երբ համայնքները դիմակայում են մեծ և հզոր ընկերությունների կողմից պարտադրված հնարավոր զարգացումներին: ՇՄԱԳ գործընթացը պետք է ունենա այնպիսի մեխանիզմներ, որոնք թույլ կտան տեղական համայնքներին արդյունավետ մասնակցություն ունենալ որոշումների կայացման գործընթացում: Հանքարդյունահանմանն առնչվող գործունեությունները պետք է ապահովեն ազդակիր անհատների և համայնքների հիմնական իրավունքների պաշտպանությունը և թույլ չտան դրանց խախտում: Դա պետք է ներառի հողատարածքների տնօրինման և օգտագործման իրավունք, մաքուր ջրով, անվտանգ շրջակա միջավայրով և կենսամիջոցներով ապահովված լինելու իրավունք, ահաբեկվելուց և ուժային ազդեցությունից զերծ մնալու իրավունք, վնասի դեպքում պատշաճ փոխհատուցում ստանալու իրավունք:

7) Կլիմայի փոփոխության գնահատում - Ածխածնի համաշխարհային հաշվեկշռի վրա հնարավոր ազդեցություն ունեցող նախագծի ՇՄԱԳ-ը պետք է ներառի ածխածնի ազդեցության գնահատումը: Օգտակար հանածոների արդյունահանման մեծ նախագծերը կարող են փոփոխել ածխածնի համաշխարհային հաշվեկշիռն հետևյալ կերպ`

ա. նախագծի իրագործման նպատակով հատված անտառների և բուսականության կողմից ջերմոցային գազերի (CO2 համարժեք) կլանման բաց թողնված հնարավորություն.

բ. հանքաքարի արդյունահանման և տեղափոխման մեջ ընդգրկված մեքենաների (օրինակ, դիզելային վառելիքով աշխատող ծանր տեխնիկա) կողմից արտանետված ջերմոցային գազերի (CO2 համարժեք): ՇՄԱԳ-ը պետք է ներառի հանքարդյունահանման նախագծի բոլոր փուլերի համար անհրաժեշտ մեքենաների և տեխնիկայի կողմից արտանետած ջերմոցային գազերի (CO2 համարժեք) քանակական գնահատում.

գ. հանքաքարից մետաղի ստացման (օրինակ, պիրոմետալուրգիական եղանակներ) ժամանակ արտանետված ջերմոցային գազերի (CO2 համարժեք):

3. Հանքարդյունաբերական նախագծի տիպային ՇՄԱԳ-ի գնահատումը - ՇՄԱԳ հաշվետվությունը պետք է տրամադրի հստակ և անկողմնակալ տեղեկատվություն նախագծի հնարավոր բնապահպանական և սոցիալական ազդեցությունների մասին: ՇՄԱԳ-ի գնահատման ընթացքում դիտարկվող հարցերն են` բավարարում է արդյո՞ք ՇՄԱԳ-ը նախատեսվող գործունեության պահանջներին, ինչպես սահմանված է ՇՄԱԳ-ի համապատասխան ուղեցույցում. կենտրոնանում է արդյո՞ք ՇՄԱԳ-ը համայնքին առավելապես մտահոգող հարցերի շուրջ. արտացոլում է արդյո՞ք շրջակա միջավայրի առկա վիճակի նկարագրությունն իրական վիճակը. բերվող տեղեկատվությունը բավարա՞ր է. նկարագրվել է արդյո՞ք ՇՄԱԳ-ում նախագծի ուղղակի և անուղղակի ազդեցության տարածքը. հստակ վերլուծվել են արդյո՞ք ազդեցությունները դրանց տարածման սահմանների և նշանակալիության տեսակետից. ի՞նչ աղբյուրների վրա են հիմնված եզրահանգումները. կա արդյո՞ք նախագծի այլընտրանքների վերաբերյալ բավարար տեղեկություն. պարզ է արդյո՞ք շարադրված ՇՄԱԳ-ը և հեշտ ըմբռնելի. նկարագրվում է արդյո՞ք ՇՄԱԳ-ում թե ինչպես են իրականացվելու մեղմացման և կառավարման նախատեսվող միջոցառումները (այդ թվում` աղտոտման վերահսկման միջոցառումները և հանքի փակումը):

1) «Ամփոփագրի» գնահատում - ՇՄԱԳ-ի «Ամփոփագիրը» որոշում կայացնողներին և հանրությանն ամփոփ ներկայացնում է ՇՄԱԳ-ի հիմնական տեքստի ամենանշանակալից հարցերը: «Ամփոփագիրը» կարևորվում է նրանով, որ հաճախ որոշում կայացնողները ՇՄԱԳ-ի մի քանի հարյուր էջերից կարդում են միայն «Ամփոփագիրը»: Քանի որ նախագծերի հայտատուները գիտակցում են, որ որոշում կայացնողները կարող են կարդալ միայն «Ամփոփագիրը», ՇՄԱԳ-ի հիմնական տեքստում բերված բնապահպանական և սոցիալական զգալի ազդեցությունները նկարագրող մասը նրանց կողմից կարող է մեղմացվել կամ առհասարակ չընդգրկվել «Ամփոփագրում»: «Ամփոփագրում» բերված ձևակերպումները, որոնք նպաստավոր են նախագծի հայտատուի համար, պետք է մանրակրկիտ համեմատվեն ՇՄԱԳ-ի հիմնական տեքստում պարունակվող համապատասխան նյութի հետ:

2) «Նախագծի նկարագրություն» բաժնի գնահատում - Նախագծի նկարագրությունը ՇՄԱԳ-ի կարևոր բաժիններից է, որում մանրամասն և բազմակողմանի պետք է նկարագրվի նախատեսվող հանքարդյունահանման նախագիծը, որպեսզի հանրությանը հնարավորություն ընձեռվի հասկանալու նախագծի իրական բնապահպանական և սոցիալական ազդեցությունները: Թերի ՇՄԱԳ-ի նախագծի նկարագրության ձևակերպման օրինակ է հետևյալը. «Հանքարդյունահանման նախագծի թաց պոչերի տեղադրման համար պետք է կառուցվի պոչամբար»: Սույն ձևակերպման մեջ բացակայում են մանրամասներ, որոնք անհրաժեշտ են կանխատեսելու պոչամբարների բնապահպանական և սոցիալական իրական ազդեցությունները: Այս դեպքում, նախագծի պատշաճ նկարագրությունը պետք է ընդգրկի հետևյալ հարցերի պատասխանները. Որտե՞ղ է տեղակայվելու պոչամբարը և ի՞նչ մակերևութային ջրերի հետ է այն կապված լինելու: Ի՞նչ չափեր է ունենալու պոչամբարը: Ի՞նչ նյութեր են օգտագործվելու պոչամբարի պատվարի կառուցման համար: Մաքրելու՞ է արդյոք հանքարդյունահանող ընկերությունը պոչամբարի հոսքաջրերը նախքան մակերևութային ջրերի մեջ բաց թողնելը: Եթե այո, ապա ինչպե՞ս: Ներառելու՞ է արդյոք պոչամբարն անթափանց ներպատող թաղանթ` ստորգետնյա ջրերի պաշտպանության համար: Նախագծի նկարագրության մեջ այս հարցերից յուրաքանչյուրին պետք է տրվի մանրամասն պատասխան` բավարար մասշտաբով տեխնիկական գծագրերի ուղեկցմամբ:

3) Նախագծի այլընտրանքները - Նախագծի նկարագրությունը պետք է վերլուծի դրա իրականացման այլընտրանքային ուղիները և բացահայտի բնապահպանական տեսակետից առավել անվտանգ իրապես կիրառելի այլընտրանքային լուծումը (աղյուսակ 1): Ստորև բերվում են այլընտրանքների մի քանի օրինակներ, որոնք պետք է դիտարկվեն ՇՄԱԳ լիարժեք հաշվետվությունում:

 

Աղյուսակ 1

 

Օգտակար հանածոների արդյունահանման բնագավառի ՇՄԱԳ-ի «նախագծի

այլընտրանքների» գնահատման ստուգիչ հարցեր

 

._____________________________________________________________________.

|Ընդգրկու՞մ է արդյոք ՇՄԱԳ-ը  |Եթե այս հարցերի      |Եթե այս հարցերից  |

|նախագծի այլընտրանքների      |պատասխանը դրական է,  |որևէ  մեկի        |

|վերլուծություն              |ապա ՇՄԱԳ-ի «նախագծի  |պատասխանը         |

|____________________________|այլընտրանքներ» բաժինը|բացասական է, ապա  |

|Վերլուծվե՞լ է արդյոք        |կարող է լիարժեք      |ՇՄԱԳ-ի «նախագծի   |

|ՇՄԱԳ-ում հանքաքարի          |համարվել             |այլընտրանքներ»    |

|արդյունահանման նախատեսվող   |                     |բաժինը լիարժեք չէ |

|ծավալը                      |                     |Ընդգրկու՞մ է      |

|____________________________|                     |արդյոք ՇՄԱԳ-ը     |

|Ընդգրկու՞մ է արդյոք ՇՄԱԳ-ը  |                     |«գործունեությունից|

|հանքի կարևոր  ենթակառուց-   |                     |հրաժարման»        |

|վածքների, այդ թվում` դատարկ |                     |տարբերակի         |

|ապարների լցակույտերի, պոչերի|                     |վերլուծություն    |

|պահեստավորման և  տարալվացման|                     |                  |

|կառույցների տեղակայման      |                     |                  |

|վայրերի վերլուծություն`     |                     |                  |

|շրջակա միջավայրի վրա        |                     |                  |

|նվազագույն ազդեցություն     |                     |                  |

|ունենալու տեսակետից         |                     |                  |

|____________________________|                     |                  |

|Վերլուծվե՞լ է արդյոք        |                     |                  |

|ՇՄԱԳ-ում հանքաքարի          |                     |                  |

|հարստացման նախատեսվող մեթոդը|                     |                  |

|____________________________|                     |                  |

|Նախատեսու՞մ է արդյոք ՇՄԱԳ-ը |                     |                  |

|պոչերի ջրազերծում և  այդ    |                     |                  |

|թափոնների տեղադրում`        |                     |                  |

|արդյունահանած տարածքների    |                     |                  |

|լցափակման նպատակով          |                     |                  |

._____________________________________________________________________.

 

ա. Հանքի կառույցների տեղակայման այլընտրանքները - Հանքի տեղակայման վայրը, որպես կանոն քննարկման առարկա չի կարող լինել և հետևաբար չունի այլընտրանք, սակայն դրա առանձին ենթակառուցվածքների տեղակայումը, ինչպես նաև հանքաքարի արդյունահանման եղանակը (բաց, ստորգետնյա, համակցված) պետք է լինի հիմնավորված ոչ միայն տեխնիկատնտեսական, այլ նաև էկոլոգիական և սոցիալական տեսանկյունից: Այսպես բաց եղանակով հանքի շահագործման նախագծում իբրև այլընտրանք պետք է դիտարկվի ստորգետնյա եղանակով մշակումը, որը հնարավորություն կտա պահպանել մակերևույթը, տարհանել ավելի քիչ բնակչություն, ավելի լավ պաշտպանել ստորերկրյա և մակերևութային ջրերը, ինչպես նաև նվազագույնի հասցնել վայրի բնությանը հասցվող վնասը: Պետք է հստակ տրվի հետևյալ հարցի պատասխանը. արդյո՞ք ընտրված տարբերակը հանդիսանում է իբրև շրջակա միջավայրի վրա նվազագույն ազդեցություն ունեցող այլընտրանք: Հանքի կարևորագույն ենթակառուցվածքների` հարստացուցիչ ֆաբրիկայի, լցակույտերի, պոչամբարների տեղակայման վայրերի ընտրության հարցերը նույնպես պետք է լինեն քննարկման առարկա: Դրանց տեղակայման վայրի ընտրությունը պետք է հիմնված լինի բնակչության անվտանգության և բնական ռեսուրսների վրա նվազագույն ազդեցության սկզբունքների ապահովման վրա: Օրինակ, եթե արվել է եզրակացություն, որ նվազագույն վնաս կհասցվի թաց պոչերի պահեստավորման դեպքում, ապա անհրաժեշտ է մեծ ուշադրություն դարձնել պոչամբարի վայրի ընտրությանը: Այն չպետք է տեղակայված լինի կարևորագույն ջրային ռեսուրսների մոտակայքում և գտնվի այսպես կոչված «բուֆերային գոտուց» անվտանգ հեռավորության վրա: Այլընտրանքային բաժնում պետք է պատասխան տրվի հետևյալ հարցին. արդյո՞ք հանքի ենթակառուցվածքները տեղակայված են էկոլոգիայի տեսանկյունից քիչ ռիսկային վայրերում:

բ. Հանքաքարի հարստացման այլընտրանքային մեթոդները - Հանքարդյունահանող ընկերությունները հաճախ հանքաքարի հարստացման ժամանակ ունեն տեխնոլոգիայի ընտրության հնարավորություն: Հանքաքարի հարստացման որոշ մեթոդներ ավելի քիչ վնասակար են. Օրինակ` ոսկու հանքաքարի հարստացումը գրավիտացիոն եղանակով ավելի քիչ վնաս է հասցնում շրջակա միջավայրին և բնակչության առողջությանը, քան ցիանիդով հանքաքարի տարալվացումը: Հանքահարստացման ամենատարածված տեխնոլոգիական գործընթացները ներառում են գրավիտացիոն խտացումը (կիրառվում է միայն ոսկու ցրոնային հանքավայրերի դեպքում), մանրացումը և ֆլոտացումը (օգտագործվում է հիմնական մետաղների հանքաքարերի դեպքում), տարալվացումը (կիրառվում է գուռային և կույտային տարալվացման դեպքում), թափոնային տարալվացումը (օգտագործվում է հանքաքարում ցածր պարունակությամբ պղնձի դեպքում) և մագնիսական զատումը: Հանքահարստացման տիպային փուլերն են` մանրացում, լվացում, զտում, տեսակավորում, ըստ չափերի դասակարգում, մագնիսական զատում, ճնշման տակ օքսիդացում, ֆլոտացում, տարալվացում, գրավիտացիոն խտացում և ագլոմերացիա (հատիկավորում, եռակալում, բրիկետացում կամ գնդավորում): Արդյունահանված հանքաքարի մանրացման արդյունքում, ջարդման և աղալու գործողություններից հետո, ստացվում են միաչափ մասնիկներ: Ջարդման մինչև երեք փուլեր կարող են պահանջվել հանքաքարը ցանկալի չափի մանրացնելու համար: Ապարախյուսի տեսքով հանքաքարն այնուհետև մատուցվում է հաջորդ փուլ: Ֆլոտացման դեպքում օգտագործվում է քիմիական ազդանյութ, որպեսզի միներալներից մեկը կամ մի քանիսը հպվեն օդի պղպջակներին` հավաքվելու նպատակով: Քիմիական ազդանյութերը ներառում են հավաքիչներ, փրփրարարներ փրփրամարիչներ, ակտիվարարներ և դեպրեսանտներ: Օգտագործվող ազդանյութի տեսակը կախված է տվյալ հանքաքարի բնութագրերից: Ֆլոտացման այս ազդանյութերը կարող են պարունակել ծծմբի երկօքսիդ, ծծմբական թթու, ցիանիդի միացություններ, կրեզոլներ, նավթային ածխաջրածիններ, աղաթթվային միացություններ, պղնձի միացություններ և ցինկի գոլորշի կամ փոշի: Գրավիտացիոն կոնցենտրացումը բաժանում է միներալները` դրանց տեսակարար կշռի տարբերությունների հաշվին: Առանձնացվող մասնիկների չափը կարևոր է, հետևաբար չափերը պահվում են միատեսակ` դասակարգիչների (օրինակ` մաղեր և հիդրոցիկլոններ) կիրառմամբ: Խտացումը (զտումը) հեռացնում է հեղուկի հիմնական մասը խյուսային խտանյութերից և մանրացման պոչերից: Խտացված պոչերն արձակվում են դեպի պոչամբար: Հեղուկը սովորաբար վերադարձվում է պահման ջրամբար` մանրացման գործընթացում վերաօգտագործման նպատակով: Քիմիական ֆլոկուլյանտները, ինչպիսիք են` ալյումինի սուլֆատը, կիրը, երկաթը, կալցիումի աղերը և օսլաները, կարող են ավելացվել` խտացման գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով: Տարալվացումը հանքաքարից լուծելի մետաղական միացության կորզման գործընթացն է` դրա ընտրողաբար տարալուծմամբ ջրային, ծծմբաթթվային, աղաթթվային կամ ցիանիդային լուծույթում: Ցանկալի մետաղն այնուհետև կորզվում է «հագեցած» տարալվացման լուծույթից քիմիական նստեցման կամ այլ քիմիական կամ էլեկտրաքիմիական գործընթացի միջոցով: Տարալվացման եղանակները ներառում են «թափոնային», «կույտային» և «գուռային» տեխնոլոգիաները: Կույտային տարալվացումը լայնորեն կիրառվում է ոսկու արդյունաբերության, իսկ թափոնակույտային տարալվացումը պղնձի արդյունաբերության մեջ: Պղնձի հարստացման տեխնոլոգիական գործընթացը ներառում է ջարդումը և մանրացումը, լվացումը, զտումը, տեսակավորումը և ըստ չափերի դասակարգումը, գրավիտացիոն կոնցենտրացումը, ֆլոտացումը, բովումը, ավտոկլավում մշակումը, քլորացումը, թափոնակույտային և տեղային տարալվացումը, իոնային փոխանակումը, լուծիչով կորզումը, էլեկտրակորզումը և նստեցումը: Ընտրված մեթոդները տարբերվում են` ըստ հանքաքարի բնութագրերի և տնտեսական գործոնների: Պղնձի հարստացման մոտավորապես կեսը իրականացվում է թափոնակույտային տարալվացման միջոցով, մինչդեռ, մյուս կեսի համար, կիրառվում է լուծիչով կորզման կամ փրփրային ֆլոտացման կամ էլեկտրակորզման մեթոդների համադրությունը: Սովորաբար, հարստացման գործընթացի նպատակը մեկից ավելի մետաղ հարստացնելն է (օրինակ` արծաթը հաճախ կորզվում է պղնձի հետ): Պղինձն աստիճանաբար ավելի շատ է կորզվում լուծույթային մեթոդներով, այդ թվում` թափոնակույտային և տեղային տարալվացմամբ: Քանի որ պղնձի հանքաքարերը մեծամասամբ չեն լուծվում ջրային լուծույթում, այդ պատճառով, լուծվող պղնձի միացություն ստանալու համար պահանջվում են քիմիական ռեակցիաներ: Տարալվացման լուծույթից պղինձը կորզվում է նստեցմամբ կամ լուծիչով կորզմամբ կամ էլեկտրակորզմամբ (SX/EW): Լուծույթներով հարստացման ընթացքում օգտագործվող ամենատարածված տարալվացման ազդանյութերից են` աղաթթուն և ծծմբական թթուն: Մանրէական (կամ բակտերիալ) տարալվացումը կիրառվում է աղքատ սուլֆիդային հանքաքարերի դեպքում, այնուամենայնիվ, տարալվացման այս տեսակը շատ ավելի դանդաղ ընթացող է, քան ընդունված թթվային տարալվացումը և դրա օգտագործումը դեռևս փորձարկումների փուլում է: Կապարի և ցինկի հանքաքարերի հարստացումը ներառում է ջարդումը և մանրացումը, զտումը, ըստ չափերի դասակարգումը, ֆլոտացումը և խտանյութերի եռակալումը: Ֆլոտացումը կապարա-ցինկային միներալների հարստացման ամենատարածված մեթոդն է: Ոսկու և արծաթի հանքաքարի վերամշակման համար կիրառվում են երեք հիմնական տեխնոլոգիաներ` ցիանիդային տարալվացում, հիմնական մետաղների հանքաքարերի ֆլոտացում, որին հաջորդում է հալումն ու գրավիտացիոն խտացումը: Գրավիտացիոն խտացումը կիրառվում է հիմնականում ոսկու և արծաթի ցրոնային հանքավայրերի դեպքում: Ցիանիդային տարալվացումը ոսկու հանքաքարերի մշակման համեմատաբար էժան եղանակ է և օգտագործվող հիմնական մեթոդը: Սույն տեխնոլոգիայի ժամանակ նատրիումի կամ կալիումի ցիանիդային լուծույթը անմիջականորեն մատուցվում է հանքաքարին բացօթյա կույտերում կամ խառնվում է գուռերում մանրացված հանքաքարի խյուսի հետ: Կույտային տարալվացումը սովորաբար օգտագործվում է աղքատ հանքաքարից ոսկու կորզման համար, մինչդեռ գուռային տարալվացումը կիրառվում է ավելի հարուստ հանքաքարի դեպքում:

գ. Պոչերի տեղադրման այլընտրանքային մեթոդները - Հանքարդյունահանող կազմակերպության պոչերը իրենցից ներկայացնում մեծ ծավալների թափոններ, որոնք հաճախ պարունակում են բարձր կոնցենտրացիաների վտանգավոր նյութեր: Գոյություն ունեն պոչերի տեղադրման երեք հիմնական տարբերակներ` թաց պոչերի տեղադրման ամբարներ` պոչամբարներ, պոչերի ջրազերծում և օգտագործում հանքերում իբրև լցափակման նյութ կամ չոր պոչերի օգտահանում, պոչերի ստորջրյա պահեստավորում (տեղադրվում է ծովերում մեծ խորությունների վրա): Թվարկված տարբերակներից երրորդը Հայաստանին բնորոշ չէ: Միջազգային լավագույն փորձը վկայում է այն մասին, որ պոչերի պահպանման առումով նախապատվություն է տրվում չոր պոչերի օգտահանմանը: Նույնիսկ հանքարդյունահանող կազմակերպություններն են նշում չոր պոչերի օգտահանման առավելությունների մասին: Կարճաժամկետ կտրվածքում դա կարող է ավելի թանկ արժենալ, սակայն ունի ծախսային առավելություններ` երկարաժամկետ հեռանկարում: Եթե նախատեսվող գործունեության ընթացքում չի նախատեսվում չոր պոչերի կիրառում (ինչը գործնականում միշտ հանդիսանում է էկոլոգիապես նախապատվելի տարբերակ), ապա շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության մեջ պետք է հստակ նշվի չոր պոչերի օգտահանման անհնարինությունը կամ թաց պոչերի տեղադրման հստակ հիմնավորված էկոլոգիական առավելությունները:

դ. Գործունեություն չիրականացնելու այլընտրանքը - ՇՄԱԳ հաշվետվությունը չի կարող համարվել ամբողջական և լիարժեք, առանց էկոլոգիական և սոցիալական հետևանքների համեմատական վերլուծության` իբրև այլընտրանք հանքագործությունից հրաժարման տարբերակի դեպքում (այսինքն` ապագա, որում ենթադրվող նախագիծը չի իրականացվելու): Ապագայի էկոլոգիական և սոցիալական ազդեցությունների գնահատումը, որում ենթադրվող նախագիծը չի իրականացվելու, կարևոր է հասկանալու համար, թե ինչ օգուտներից կարելի է զրկվել, եթե նախագծի առաջխաղացում չլինի: Օրինակ, եթե օգտակար հանածոների արդյունահանումը նախատեսվում է իրականացնել սաղարթախիտ անտառային տարածքում, սակայն արդյունահանում որոշված է չիրականացնել, ապա իբրև այլընտրանք կարող է դիտարկվել տեղական համայնքներին եկամուտ և աշխատատեղեր ապահովող զբոսաշրջային գործունեության ընդլայնումը:

4) Շրջակա միջավայրի ելակետային վիճակի գնահատում - Այս բաժնում մանրակրկիտ պետք է նկարագրվի շրջակա միջավայրի առկա վիճակը, այն նաև պետք է հստակ ցուցադրի թե որքանով է ճիշտ ընկալված էկոլոգիական և սոցիալական պայմանները, որոնք խախտվելու են ենթադրվող լեռնային աշխատանքների նախագծի շրջանակներում: Օրինակ, եթե ՇՄԱԳ հաշվետվությունում ներառված չէ մինչ նախագծի նախատեսումը մակերևութային ջրերի, օդի որակի, ինչպես նաև կենսաբազմազանության հազվագյուտ և անհետացող տեսակների ու քանակի վերաբերյալ տեղեկատվություն, ապա նախագծի նախաձեռնողները չեն կարողանա հստակ կանխատեսել նախագծի իրագործման հետևանքով դրանց փոփոխությունները: Շրջակա միջավայրի ելակետային վիճակը նկարագրող բաժինը կարող է հաճախ պարունակել ապակողմնորոշիչ տեղեկատվություն: Օրինակ` նախագծի հայտատուն իր շահերից ելնելով կարող է շրջակա միջավայրի վիճակը ներկայացնել որպես արդեն վատթարացած կամ պակասեցնել տեղի բնակիչների կողմից նախագծի տարածքի օգտագործման աստիճանը: Եթե նման հայտարարություններ արված են, ապա դրանք պետք է ուղեկցվեն համապատասխան ապացույցներով: Ստորև բերվում է շրջակա միջավայրի ելակետային վիճակի կոնկրետ տվյալների մանրակրկիտ նկարագրությունը, որը պետք է ներկայացվի շրջակա միջավայրի վրա նախատեսվող հանքարդյունահանման ազդեցության գնահատման հաշվետվությունում (աղյուսակ 2):

 

Աղյուսակ 2

 

Արդյունահանվող նյութերի թթու առաջացնելու և տարալվացման պոտենցիալի

լիարժեքության գնահատման ստուգիչ հարցեր

 

._____________________________________________________________________.

|Ընդգրկու՞մ է արդյոք ՇՄԱԳ-ի  |Եթե այս հարցերի      |Եթե այս հարցերից  |

|շրջակա միջավայրի ելակետային |պատասխանը դրական է,  |որևէ  մեկի        |

|վիճակի գնահատում բաժինը     |ապա ՇՄԱԳ-ի շրջակա    |պատասխանը         |

|արդյունահանվող նյութերի     |միջավայրի ելակետային |բացասական է, ապա  |

|քիմիական բաղադրության       |վիճակի գնահատում     |ՇՄԱԳ-ի շրջակա     |

|մանրակրկիտ նկարագրությունը  |բաժինը կարող է       |միջավայրի         |

|____________________________|լիարժեք համարվել     |ելակետային վիճակի |

|Ընդգրկու՞մ է արդյոք ՇՄԱԳ-ի  |արդյունահանվող       |գնահատում բաժինը  |

|շրջակա միջավայրի ելակետային |նյութերի             |լիարժեք չէ        |

|վիճակի գնահատում բաժինը     |                     |արդյունահանվող    |

|արդյունահանվող նյութերի,    |թթվագեներացիայի      |նյութերի          |

|այդ թվում` հատուկ ստացված   |հնարավորությունների  |թթվագեներացիայի   |

|պոչերի և  տարալվացման       |բնութագրման տեսակետից|հնարավորություն-  |

|նյութերի ներկայուցչական     |                     |ների բնութագրման  |

|նմուշների լաբորատոր         |                     |տեսակետից         |

|փորձարկումներ, որոնք որոշում|                     |                  |

|են այդ նյութերի             |                     |                  |

|թթվագեներացիայի             |                     |                  |

|հնարավորությունները ստատիկ  |                     |                  |

|պայմաններում                |                     |                  |

|____________________________|                     |                  |

|Եթե արդյունահանվող նյութերի |                     |                  |

|ներկայացուցչական նմուշների  |                     |                  |

|լաբորատոր փորձարկումները    |                     |                  |

|ցույց են տվել, որ դրանք թթու|                     |                  |

|չեն առաջացնում ստատիկ       |                     |                  |

|պայմաններում, արդյո՞ք       |                     |                  |

|ՇՄԱԳ-ի շրջակա միջավայրի     |                     |                  |

|ելակետային վիճակի գնահատում |                     |                  |

|բաժնում որոշվել են այդ      |                     |                  |

|նյութերի թթվագեներացիայի    |                     |                  |

|հնարավորությունները         |                     |                  |

|կինետիկ պայմաններում        |                     |                  |

._____________________________________________________________________.

 

ա. Շրջակա միջավայրի ելակետային վիճակի նկարագրությունը պետք է սկսվի հանքավայրի տարածքի երկրաբանական պայմանների` ներառյալ օգտակար հանածոների հանքաքարերի պաշարների և մակաբացման ապարների կազմի մանրակրկիտ նկարագրությամբ: Առբերվող լեռնային զանգվածը պահանջում է գրագետ կառավարում, քանի որ ժամանակի ընթացքում դրանք վերածվում են թափոնների ահռելի ծավալ ներկայացնող լցակույտերի: Անհրաժեշտ է նկարագրել արդյունահանվող նյութերում վտանգավոր նյութերի կոնցենտրացիաները, ինչպես նաև դրանց թթվագեներացիայի հնարավորությունները (նման դեպքերում հաճախ ստեղծվում են պայմաններ թթվային հանքաջրերի ցամաքուրդի համար):

բ. Մթնոլորտային տեղումները լուրջ անհանգստության պատճառ են հանքարդյունահանման տարածքներում: Իրականում, տեղումները կարող են որոշել հանքարդյունահանման նախագծի բնապահպանական տեսակետից ընդունելի լինելը: Առատ տեղումներն առաջացնում են մեծաքանակ մակերևութային հոսքեր, մինչդեռ չոր կլիմայական պայմաններում առաջանում են փոքրաքանակ մակերևութային հոսքեր: Այստեղ պետք է ներառվի հանքարդյունահանման ենթադրվող տարածքի կլիմայի նկարագրման վերաբերյալ հետևյալ տեղեկատվությունը` տեղումների բաշխման ռեժիմը, ներառյալ քանակը և սեզոնային փոփոխությունները, էքստրեմալ կլիմայական երևույթները (երաշտ, ջրհեղեղ, ցիկլոններ և այլն) պետք է առանձնահատուկ քննարկման առարկա դառնան` ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման համատեքստում, հանքի տարածքի և շրջանի կլիմայական պայմանները (տեղումներ, գոլորշիացում, կլիմայի տեսակը, սեզոնային կամ երկարաժամկետ փոփոխությունները, գերակշռող քամիների ուղղությունները, փոթորիկները, ջերմաստիճանը):

գ. Սեյսմիկ պայմանների բնութագիրը - Եթե նախագիծը նախատեսում է թաց պոչերի պոչամբարի կառուցում, ապա անհրաժեշտ է ՇՄԱԳ-ում պատշաճ կերպով նկարագրել առկա սեյսմիկ պայմանները, այդ թվում` մանրամասն սեյսմաշրջանացման և սեյսմամիկրոշրջանացման արդյունքները, ներառյալ ուժեղ երկրաշարժի վտանգը, որը կարող է վնասել հանքի օբյեկտները և առաջացնել աղետալի հետևանքներ, այնպիսիք, ինչպիսիք են պոչամբարի պատվարի փլուզումը: ՇՄԱԳ հաշվետվությունը պետք է ներառի հանքի տարածքում հնարավոր երկրաշարժի սցենարի նկարագրությունը և հանքի ենթակառուցվածքների (հատկապես թաց պոչերի տեղադրման պոչամբարի, եթե այդպիսին նախատեսվում է) վրա դրա պոտենցիալ ազդեցության գնահատականը: Երկրաշարժի մոդելի նկարագրությունը պետք է հիմնված լինի սեյսմամիկրոշրջանացման տվյալների հիման վրա: Մասնավորապես` այն դեպքում, երբ կառույցները գտնվում են բարձր սեյսմիկ ռիսկի գոտում, պետք է առանձին ուսումնասիրվեն նախագծման ժամանակ օգտագործված երկրաշարժին վերաբերող տվյալները և կառույցի կայունության հարցերը, որպեսզի երկրաշարժի դեպքում տեղի չունենա պոչերի անվերահսկելի արձակում: Պոչամբարների նախագիծը պետք է հաշվի առնի երկրատեխնիկական կայունության կամ հիդրավլիկ անսարքության հետ կապված որոշակի ռիսկերը և վտանգները, ինչպես նաև պոչամբարից ցած գտնվող տնտեսական ակտիվներին, էկոհամակարգերին և մարդկանց առողջությանն ու անվտանգությանը սպառնացող վտանգները: Պետք է դիտարկվեն արտակարգ իրավիճակներին պատրաստվածությունը և արձագանքման պլանավարումը և տեղայնացման, մեղմացման միջոցառումները պոչերի կամ պարզեցվող ջրի աղետալի արձակման դեպքում: Երբ առկա են նոսրացման ռիսկեր, ներառյալ երկրաշարժի հետ կապված ռիսկերը, նախագծման ժամանակ պետք է հաշվի առնվի հնարավոր առավելագույն երկրաշարժը:

դ. Մակերևութային ջրերի որակի բնութագիրը - «Մակերևութային ջրերի որակի բնութագիր» բաժինը պետք է պարունակի մանրակրկիտ տեղեկատվություն մակերևութային ջրերի տեղադիրքի, բաշխման, որակի և քանակության վերաբերյալ, որոնք կարող են կապված լինել նախագծի կամ դրա այլընտրանքային տարբերակների հետ: Տվյալները և դրանց հիման վրա իրականացված վերլուծությունը պետք է լինեն բավարար մակարդակի մանրամասնեցված, էկոլոգիապես նշանակալի աշխարհագրական շրջանների պայմանները հասկանալու համար: Ջրի որակի ելակետային վիճակի հետազոտությունը պետք է հաշվի առնի ջրավազանային կառավարման տարածքի ջրօգտագործման (կոմունալ-կենցաղային, արդյունաբերական, քաղաքային, գյուղատնտեսական, ռեկրեացիոն և այլ) պայմանները և գնահատի ջրի որակը իբրև էկոհամակարգի մի մաս (կենդանիների և բույսերի գոյության տեսանկյունից ելնելով): Ջրի որակի հետազոտման արդյունքները պետք է համեմատվեն ջրային ստանդարտների և այլ նորմատիվների հետ ըստ ջրօգտագործման յուրաքանչյուր տեսակի: Քանակական մոտեցումը պետք է արտացոլի մի քանի ասպեկտներ, օրինակ` ջրհավաք ավազանների տեղադիրքը, հիդրոլոգիական պրոցեսները, տարբեր ջրօգտագործողների կողմից ջրային ռեսուրսների նկատմամբ հասանելիությունը: Մակերևութային ջրերի առկա որակի բնութագիրը պետք է հաշվի առնի` հիդրոլոգիան, ջրերի աղտոտման գոյություն ունեցող աղբյուրները, ճահճացված կամ խոնավ տարածքների բացահայտումը, ջրի որակի կիրառվող ստանդարտները, ջրի որակի ընդհանուր պարամետրերը, նախագծի իրականացման տարածքում ջրի մուտքի և ելքի հարաբերակցության վերաբերյալ համապատասխան տեղեկությունը: Մակերևութային ջրերի որակի վերաբերյալ տվյալները պետք է հաստատվեն մեթոդոլոգիական և վերլուծական տվյալներով: Այլ կերպ ասած, ՇՄԱԳ-ը պետք է ներառի ջրի նմուշառման մեթոդների հստակ նկարագրությունը, ինչպես նաև նմուշառման կետերի քանակը և ճշգրիտ տեղադիրքը: Դրանք պետք է լինեն նախագծի ազդեցության տակ գտնվող տարածքի, ինչպես նաև բոլոր ազդակիր մակերևութային ջրային ռեսուրսների ներկայացուցչական նմուշներ: Ջրերի որակի վերաբերյալ տվյալները պետք է հաստատվեն լաբորատոր վերլուծության արդյունքներով: Սովորաբար այդ տեղեկությունը ՇՄԱԳ-ում ներկայացվում է աղյուսակների և գծագրերի տեսքով, իսկ լաբորատոր փորձարկումների արդյունքները` որպես հավելվածներ:

ե. Ստորերկրյա ջրերի քանակական բնութագիրը բաժնում պետք է ներկայացվի հետևյալ հիմնական տեղեկատվությունը ստորերկրյա ջրերի պաշարների վերաբերյալ` ստորերկրյա ջրերի տեղադրման խորությունը սեզոնից կախված, ջրատար հորիզոնների հզորությունը, երկրաբանությունը և տեղադիրքը, ինչպես նաև դրանց հիդրավլիկ հաղորդականության դիապազոնը, ստորերկրյա ջրերի հոսքի ուղղությունը, աղբյուրների տեղադիրքը և ջրահոսքը, ստորերկրյա ջրերի օգտագործողները, ստորերկրյա և մակերևութային ջրերի միավորման վայրերը:

զ. Մթնոլորտային օդի որակի բնութագիրը - Նախագծի իրականացման տարածքում մթնոլորտային օդի որակի վիճակը կարևորվում է ազդեցության գոտում օդի աղտոտիչների հնարավոր տարածման և դրանց հետևանքների գնահատման տեսակետից: Օդի աղտոտիչները կարող են տեղաշարժվել երկար հեռավորությունների վրա, այդ իսկ պատճառով մթնոլորտային օդի վերաբերյալ ելակետային տվյալները պետք է հաշվի առնվեն` ընդգրկելով օդերևութաբանական պայմանները, քամիների մասին տեղեկությունը, երկրաբանական ձևավորումները և այլ ցուցանիշներ, որոնք կարող են ազդել օդի աղտոտիչների տարածման վրա: Մթնոլորտային օդի որակի ելակետային տեղեկությունները պետք է որոշեն օդային ավազանի վրա ազդեցությունը, նկարագրեն մթնոլորտային օդի որակի փոփոխման պատմական միտումները և մթնոլորտային օդի որակը նախատեսվող լեռնային աշխատանքների օդային ավազանում, բացահայտեն խոցելի յուրացնողներին, նկարագրեն օդի որակի մշտադիտարկումների կայանի տեղադիրքը կամ օդի նմուշների վերցման վայրերը: Մթնոլորտային օդի որակի ելակետային անալիզը պետք է ներառի հետևյալ պարամետրերի չափումները` փոշետեսակային նյութերը (աէրոզոլային մասնիկներ<10 և 2.5 մկմ), ածխածնի օքսիդը (CO), ազոտի օքսիդները (N Ox), կապարը (Pb), կադմիումը (Cd), արսենը (As), սնդիկը (Hg), կախյալ նյութերը, ծծմբի երկօքսիդը (SO2): Մթնոլորտային օդի որակի ելակետային ցուցանիշների վերաբերյալ տեղեկատվությունը պետք է ամրագրված լինի մեթոդոլոգիական և վերլուծական տվյալներով: Այլ կերպ ասած, ազդեցության գնահատման հաշվետվությունը պետք է հստակ ներառի օդի նմուշների ընտրության մեթոդների նկարագրությունը, ինչպես նաև նմուշների վերցման հստակ կետերը և քանակը: Դրանք պետք է լինեն ներկայացուցչական նախատեսվող գործունեության ազդեցության գոտու համար: Այս տեղեկատվությունը հաճախ ներկայացվում է աղյուսակների և գծագրերի տեսքով, իսկ լաբորատոր աշխատանքների հաշվետվություններն ընդգրկվում են հավելվածներում: Մթնոլորտային օդի որակի վերաբերյալ տվյալները պետք է համեմատվեն մթնոլորտային օդի որակի առկա չափանիշների կամ միջազգային ուղեցույցների տվյալների հետ:

է. Հողի որակի բնութագիրը - Հողի որակի ելակետային ցուցանիշների հետազոտումը հիմնված է տեղեկատվության երեք գլխավոր աղբյուրների վրա` կամերալ անալիզ, դաշտային աշխատանք և լաբորատոր անալիզ: Ելակետային ցուցանիշների հետազոտումը պետք է ներառի հողային քարտեզագրում, քիմիական բաղադրիչների պարունակությունների աղյուսակներ, անալիզի մեթոդների նկարագրություն, գրականության տեսություն, հողի նմուշարկման տվյալներ և լաբորատոր անալիզի արդյունքներ: Քարտեզները պետք է ուղեկցվեն բացատրական տեղեկատվությամբ` ներառելով տեղական երկրաբանությունը, բուսականությունը և հողօգտագործումը: Հողի նմուշների վերցման վերաբերյալ տեղեկատվությունը պետք է ընդգրկի նմուշարկման կետերի, հանքային իրավունքի տրամադրման տեսանկյունից, ողջամիտ քանակություն: Պետք է նմուշարկվի հողի հատույթներում հանդիպող յուրաքանչյուր հորիզոն: Նմուշարկման ցանցը և պահանջվող նմուշների քանակը կարող են տարբերվել, սակայն նմուշների քանակը պետք է լինի ներկայացուցչական` նախագծի իրականացման տարածքի համար: Լաբորատոր անալիզը պետք է տեղեկատվություն ներկայացնի հողի բաղադրության, ամրության, հանքային կազմի և pH-ի վերաբերյալ: Բացի այդ, պետք է ներկայացվեն ջրի պարունակության, օրգանական կազմի, հողի տեքստուրայի (կազմության), մասնիկների մեծության և ծավալային կշռի վերաբերյալ տվյալներ: Հանքարդյունահանման նախագծերում հողի քիմիական կազմը կարևորվում է այն տեսակետից, որ մեծ հավանականությամբ կարող են առաջանալ բնության մեջ հանդիպող թունավոր տարրերի հետ կապված խնդիրներ: Հողի ելակետային որակի անալիզը պետք է պարունակի հետևյալ պարամետրերի չափումը` pH, կատիոնային փոխանակման տարողունակությունը (հողային կոլոիդների վրա կլանված կատիոնների ընդհանուր թիվը ցույց է տալիս պոտենցիալ բերքատվությունը), հողի սնուցման ռեժիմը` կալիում, կալցիում, մագնեզիում, ազոտ և ֆոսֆոր, ծանր մետաղները` կապար, պղինձ, ցինկ, կադմիում, սնդիկ և քրոմ:

ը. Բուսական և կենդանական աշխարհի բնութագիրը - Բուսական և կենդանական աշխարհի վերաբերյալ ելակետային տեղեկատվությունը պետք է ներառի նախատեսվող աշխատանքների տարածքին բնորոշ հիմնական բուսական և կենդանական համակեցությունների նկարագրությունը, բույսերի և կենդանիների տեսակային կազմը (տարածքին բնորոշ գերակշռող, ուղեկցող տեսակներ), տարածվածությունը, խտությունը, փոխկապակցվածությունը, միջտեսակային փոխազդեցության սխեմաները, տեսակների տարածվածության քարտեզները, պոպուլյացիաների խտությունը: ՇՄԱԳ հաշվետվությունը պետք է պարունակի նաև ՀՀ բույսերի և կենդանիների Կարմիր գրքերում, Բնության պահպանության միջազգային միության (այսուհետ` ԲՊՄՄ) Կարմիր ցուցակում, Բեռնի կոնվենցիայի 6-րդ հավելվածում գրանցված, էնդեմիկ տեսակների` ներառյալ դրանց տարածման և թվաքանակի, ինչպես նաև ինվազիվ` օտարածին տեսակների վերաբերյալ տեղեկատվությունը: Բույսերը շրջակա միջավայրի վիճակի մասին վկայող կարևորագույն ցուցանիշներից են, քանի որ արտացոլում են տվյալ տարածքում կենսական պայմանների ընդհանուր վիճակը, ուստի հաշվետվությունը պետք է ներառի նաև բուսական ծածկույթի վիճակի, ինչպես նաև էկոհամակարգում մարդու գործունեության տեսանելի հետևանքների վերաբերյալ տեղեկատվությունը: Էնդեմիկ և ՀՀ բույսերի և կենդանիների Կարմիր գրքերում գրանցված տեսակների աճելավայրերը և ապրելավայրերը պետք է արժանանան հատուկ ուշադրության: ՇՄԱԳ հաշվետվությունում պետք է դիտարկվեն բիոմները, ցուցիչ տեսակները և դրանց համակեցությունների միջև բնորոշ փոխկապակցվածությունները: Նախագծի առանձնահատկություններից կախված պետք է ներկայացվեն նաև կենդանիների միգրացիոն ուղիների, բազմացման վայրերի, բնադրավայրերի, էկոլոգիական միջանցքների, կարևոր թռչնաբանական տարածքների վերաբերյալ ելակետային տեղեկատվություն: Ջրային միջավայրը ներառում է ինչպես ձկներ և երկկենցաղներ (ողնաշարավոր), այնպես էլ ջրային բույսեր և անողնաշարավոր կենդանիներ (խխունջներ, երկպատյան կակղամորթեր, խեցեմորթեր, միջատներ, որդեր): Ջրային կենսաբազմազանության վերաբերյալ տեղեկատվությունը պետք է ընդգրկի տեսակային կազմի, էնդեմիկ, ՀՀ բույսերի և կենդանիների Կարմիր գրքերում գրանցված, ինվազիվ` օտարածին տեսակների տարածվածության և թվաքանակի, ձկնորսության վայրերի (արդյունագործական, սոցիալական նպատակներով ձկնորսություն), ինչպես նաև ջրային կենդանատեսակների (օրինակ` ձկներ) և դրանց բազմացման վայրերի վրա ազդեցության վերաբերյալ տեղեկատվությունը:

թ. Ելակետային սոցիալ-տնտեսական ցուցանիշները - Սոցիալ-տնտեսական միջավայրը ներառում է ամբողջ գործունեությունը և սոցիալ-տնտեսական պրոցեսները, որոնց վրա ուղղակի կամ անուղղակի կերպով կարող է ազդել հանքարդյունահանման նախագիծը: Հիմնականում առանձնանում է ազդեցության տակ ընկնող կոնկրետ սոցիալ-տնտեսական միջավայրը: Առանձնահատուկ կարևորվում է տեղական համայնքների վրա ազդեցության գնահատականը: Հարցերի բնույթը, քանակը և մանրամասնության աստիճանը չափազանց փոփոխական է: Ելակետային սոցիալ-տնտեսական ցուցանիշներ ընդգրկող բաժնում պետք է նկարագրվի, թե ինչպես են որոշվել վերլուծության շրջանակները և ուսումնասիրվող տարածքի սահմանները: Տվյալ բաժնում պետք է պարտադիր առկա լինի հետևյալ տեղեկատվությունը` տեղի բնակչության բաշխվածությունը նախատեսվող օբյեկտների տեղադիրքի նկատմամբ, դեմոգրաֆիական նկարագիրը (տարածքի բնակչության քանակությունը, տարիքային կազմը, թվաքանակի աճը), տնտեսական գործունեությունը, զբաղվածությունը, եկամուտները (առկա տնտեսական միջավայրի պատկերն առանց նախագծի իրականացման), կենսամակարդակը, բնակելի ֆոնդի որակը և քանակը (կարևոր է հատկապես այն դեպքերում, երբ մարդիկ վերաբնակեցվելու են), համայնքային կազմակերպությունները, հիմնարկները, միավորումները (սովորաբար որոշվում են հարցումների և հարցազրույցների միջոցով), հասարակական անվտանգությունը (ոստիկանություն, հրշեջ ծառայություն և այլն), կրթությունը (միջին մակարդակ, մատչելիություն, պետական և մասնավոր), բժշկական ծառայությունները, ռեկրեացիոն գոտիները (պետական, մասնավոր), տեղի համայնքների զարգացման ծրագրերի առկայությունը, գյուղատնտեսական հողերի տեղադիրքի ու քանակի քարտեզները, առկա հողօգտագործման տեսակների քարտեզները, կոմունալ ենթակառուցվածքների մատչելիությունը, նախատեսվող գործունեության վերաբերյալ հանրության վերաբերմունքը, տեղեկատվություն հանրության ծանուցման, հանրային լսումների վերաբերյալ` ծանուցման հրապարակման պատճենները, ստացված դիտողություններն ու առաջարկությունները, հանրային լսումների լուսանկարները կամ տեսաձայնագրությունները, ինչպես նաև արձանագրությունները:

ժ. Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և պատմական միջավայրի ելակետային վիճակի գնահատումը պետք է հիմնվի ինչպես առկա տվյալների վերլուծության, այնպես էլ դաշտային ուսումնասիրությունների վրա: Առաջին դեպքում ուսումնասիրվում է համապատասխան փաստաթղթերում և քարտեզագրական նյութերում առկա հնագիտական ժառանգության բոլոր հայտնի վայրերի տեղադիրքի վերաբերյալ տեղեկատվությունը: Փաստաթղթերի վերլուծությանը պետք է հաջորդի տեղանքի ուսումնասիրությունը: Անհրաժեշտ է նույնպես գնահատել հանքարդյունահանման աշխատանքների մերձակայքում պատմության և մշակույթի դեռևս չգրանցված հուշարձանների հայտնաբերման հնարավորությունը: Բացի դրանից, պետք է բացահայտել և նկարագրել պատմության և մշակույթի հուշարձանների գտնվելու վայրերը ինչպես արդյունահանման տարածքի սահմաններում, այնպես էլ ավելի լայն տարածքում, որտեղ հնարավոր են նշանակալի ազդեցություններ: Ելակետային տվյալները պետք է պարունակեն մշակութային ժառանգության վայրերի մանրամասն գույքագրում, որն ուղեկցվում է այդ վայրերի մշակութային նշանակալիության ամբողջական նկարագրությամբ: Նկարագրությունը պետք է պարունակի մանրամասն աշխարհագրական, պատմական, հնագիտական, ճարտարապետական և այլ մշակութային տվյալներ, որոնք ուղեկցվում են լուսանկարչական և քարտեզագրական նյութերով: Օրինակ, անհրաժեշտ է տրամադրել յուրաքանչյուր պատմական շենքի կամ կառույցի սահմանները ցույց տվող քարտեզ, պատմական շենքի կամ կառույցի լուսանկարներ, յուրաքանչյուր հնագիտական վայրի սահմանները ցույց տվող քարտեզ, յուրաքանչյուր պատմական շենքի կամ կառույցի վերաբերյալ մանրամասն նկարագրություն և այլն:

5) Շրջակա միջավայրի վրա պոտենցիալ և կանխատեսվող ազդեցությունների գնահատումը - «Ջրի որակա-քանակական ներազդեցության գնահատում» բաժինը պետք է ներկայացնի ջրի որակական և քանակական բնութագրություն: Դա նշանակում է, որ պետք է կանխատեսվի որքանով են հանքի կողմից աղտոտման արդյունքում փոփոխվելու մակերևութային և ստորերկրյա ջրերի ելակետային ցուցանիշները: Ջրի քանակական կանխատեսումների համար կարող են կիրառվել համակարգչային մոդելներ: Ջրի որակական կանխատեսումների հիմնական քայլերն են` մշակել կոնցեպտուալ մոդել հանքի հետաքրքրություն ներկայացնող օբյեկտի ջրի որակի կանխատեսումների համար, բացահայտել ջրի որակի վրա ազդող բոլոր նշանակալի գործընթացները և ազդեցության ճանապարհները, որոշել մոդելավորվող վերջնական բաղադրությունը (օրինակ` պոչամբարներում պոչերի ծակոտիների հեղուկի կազմի համեմատումն ընկալիչների մոտ նույն բաղադրիչների պարունակությունների հետ), բնութագրել հիդրոերկրաբանական և քիմիական վիճակը, որոշել հեղուկի հոսքերը դեպի օբյեկտ, հաշվարկել նախատեսվող գործունեության տարածքի ջրային հաշվեկշիռը` հիմնվելով օդերևութաբանական տվյալների և թվային կամ վերլուծական մոդելների վրա, որոշել տվյալ օբյեկտից դուրս գտնվող արդյունահանված նյութերից քիմիական միացությունների ներհոսքը դեպի օբյեկտ` օգտագործելով տարալվացման կարճաժամկետ և երկարաժամկետ փորձարկումների տվյալներ կամ ջրի որակի նմուշները, որոշել օբյեկտում ջրի որակը (եթե մոդելավորվող վերջնական բաղադրությունն օբյեկտի ջրի որակի համար է (օրինակ, դատարկ ապարների, պոչերի, տարալվացման լցակույտերի ծակոտիների ջրի որակ, բացահանքային լճակների և ստորգետնյա փորվածքների ջրի որակ), ապա օգտագործվում են ներհոսող ջրի քիմիական կազմը (եթե անհրաժեշտ է), արդյունահանած նյութից արտահոսքերի և ջրային հաշվեկշռի վերաբերյալ տեղեկատվությունը), գնահատել օբյեկտից դուրս եկող հեղուկի հոսքերը, գնահատել հանքից առաջացող աղտոտող նյութերի միգրացիան, դատարկ ապարների, պոչերի կամ չոր բացահանքերի համար կարող է պահանջվել պատվարի կամ պոչամբարի ստորին մասից կամ հիմքի մոտից հեռացող, ինչպես նաև չոր բացահանքի հատակի միջով ներթափանցող ջրի և քիմիկատներով հարուստ հոսքերի գնահատում, գնահատել միգրացիան դեպի շրջակա միջավայրի ընկալիչները, գնահատել մեղմացման միջոցառումների արդյունքները: Եթե ՇՄԱԳ-ում կիրառված չէ նմանատիպ մոտեցում ջրի որակի կանխատեսման համար, ապա նաև բացակայում է նախագծի բնապահպանական տեսակետից ընդունելի լինելու մասին որոշում կայացնելու անհրաժեշտ տեղեկատվությունը: Ջրի որակի վրա կանխատեսվող ազդեցությունների լիարժեքության գնահատման ստուգիչ հարցերը ներկայացված են Աղյուսակ 3-ում:

 

Աղյուսակ 3

 

Ջրի որակի վրա կանխատեսվող ազդեցությունների լիարժեքության գնահատման

ստուգիչ հարցեր

 

._____________________________________________________________________.

|Ընդգրկու՞մ է արդյոք ՇՄԱԳ-ի  |Եթե այս հարցերի      |Եթե այս հարցերից  |

|շրջակա միջավայրի վրա        |պատասխանը դրական է,  |որևէ  մեկի        |

|պոտենցիալ և  կանխատեսվող    |ապա ՇՄԱԳ-ի շրջակա    |պատասխանը         |

|ազդեցությունների գնահատում  |միջավայրի վրա        |բացասական է, ապա  |

|բաժինը քանակական            |պոտենցիալ և          |ՇՄԱԳ-ի շրջակա     |

|կանխատեսումներ, թե ինչպես   |կանխատեսվող          |միջավայրի վրա     |

|հանքարդյունահանման նախագիծը |ազդեցությունների     |պոտենցիալ և       |

|կփոխի մակերևութային  և      |գնահատում բաժինը     |կանխատեսվող       |

|ստորգետնյա ջրերն աղտոտող    |կարող է լիարժեք      |ազդեցությունների  |

|նյութերի պարունակությունները|համարվել` ջրի որակի  |գնահատում բաժինը  |

|____________________________|վրա ազդեցությունների |լիարժեք չէ` ջրի   |

|Արդյո՞ք քանակական           |բնութագրման տեսակետից|որակի վրա         |

|կանխատեսումները հիմնվում են |                     |ազդեցությունների  |

|հանքի ենթակառույցներից,     |                     |բնութագրման       |

|այդ թվում` բացահանքից,      |                     |տեսակետից         |

|դատարկ ապարների լցակույտից, |                     |                  |

|պոչամբարից և  տարալվացման   |                     |                  |

|արտադրամասից ներթափանցող    |                     |                  |

|կանխատեսվող հոսքաջրերում    |                     |                  |

|աղտոտող նյութերի            |                     |                  |

|պարունակությունների ճշգրիտ  |                     |                  |

|գնահատականների վրա          |                     |                  |

|____________________________|                     |                  |

|Արդյո՞ք քանակական           |                     |                  |

|կանխատեսումները հիմնվում են |                     |                  |

|մակերևութային  և  ստորգետնյա|                     |                  |

|ջրերն աղտոտող նյութերի առկա |                     |                  |

|(ելակետային) պարունակու-    |                     |                  |

|թյունների չափման հուսալի    |                     |                  |

|արդյունքների վրա            |                     |                  |

|____________________________|                     |                  |

|Արդյո՞ք քանակական           |                     |                  |

|կանխատեսումները հիմնվում են |                     |                  |

|համապատասխան համակարգչային  |                     |                  |

|մոդելի վրա                  |                     |                  |

|____________________________|                     |                  |

|Լուսաբանու՞մ է արդյոք ՇՄԱԳ-ի|                     |                  |

|շրջակա միջավայրի վրա        |                     |                  |

|պոտենցիալ և  կանխատեսվող    |                     |                  |

|ազդեցությունների գնահատում  |                     |                  |

|բաժինը կանխատեսվող աղտոտման |                     |                  |

|մակարդակների բնապահպանական  |                     |                  |

|և  առողջության տեսակետից    |                     |                  |

|նշանակալիությունը` հանրային |                     |                  |

|առողջության և  ջրային       |                     |                  |

|ֆլորայի ու ֆաունայի         |                     |                  |

|պահպանման համապատասխան      |                     |                  |

|ջրի որակի ստանդարտների      |                     |                  |

|համեմատ                     |                     |                  |

._____________________________________________________________________.

 

ա. Բացահանքային լճակներից դուրս եկող և ջրերն աղտոտող նյութեր - Հանքարդյունահանող ընկերությունը չպետք է առաջարկի նախագիծ, որը կհանգեցնի բացահանքային լճակի ձևավորման: Բացահանքերը պետք է լցափակվեն, եզրագծվեն և կրկին ծածկվեն բուսականությամբ` տարածքի սկզբնական տեղագրությանը համապատասխան վերջնական մակերևույթ ձևավորելու նպատակով:

բ. Պոչամբարներից դուրս եկող և ջուրն աղտոտող նյութեր - Պոչերի տեղադրման բնապահպանական տեսակետից նախընտրելի տարբերակը դրանց ջրազրկումն է և որպես լցափակման նյութ օգտագործումը (չոր պոչերի տեղադրում): Եթե հանքարդյունահանման նախագծի ՇՄԱԳ-ում նշվում է թաց պոչամբարի ստեղծման մասին, ապա պոչամբարի ջրի որակի ազդեցությունների վերլուծությունը պետք է ներառի հետևյալ քանակական կանխատեսումները` պոչերի ծակոտիների ջրի որակը, պոչամբարներից ջրի արտահոսքի հավանականությունը և դրա որակը, ստորգետնյա ջրերի որակն ըստ խորության, մակերևութային ջրերի որակը (եթե պոչամբարներից արտահոսքն ազդում է ջրային հոսքերի, աղբյուրների, առվակների, լճերի վրա):

գ. Դատարկ ապարների լցակույտերից դուրս եկող և ջրերն աղտոտող նյութեր - Ջրի որակի վրա դատարկ ապարների լցակույտերի ազդեցության վերլուծությունը պետք է ներառի հետևյալ քանակական կանխատեսումները` դատարկ ապարների լցակույտերից ջրի արտահոսքի հավանականությունը և դրա որակը, դատարկ ապարների հանքաբանական կազմը (սուլֆիդների պարունակությունը), դատարկ ապարներում սուլֆիդների օքսիդացման արագությունը, դատարկ ապարներից քիմիական արգասիքների անջատման արագությունը, դատարկ ապարներից արտահոսքերի քանակը և որակը:

դ. Ջրի որակի վրա ազդեցությունների նշանակալիության գնահատում - Հանքարդյունահանման նախագծի հետևանքով մակերևութային և ստորերկրյա ջրերում աղտոտող նյութերի պարունակությունների հնարավոր մեծացումը քանակապես գնահատելուց հետո, անհրաժեշտ է այդ կանխատեսումների բնապահպանական և առողջության տեսակետից կարևորության մեկնաբանում: Պետք է ուշադրություն դարձնել թունավոր նյութերին (օրինակ` արսեն, կապար, կադմիում, նիկել, քրոմ և սնդիկ), ինչպես նաև ներառել այլ միացություններ, որոնք կարող են վնասակար ազդեցություն ներգործել ջրերի վրա (օրինակ` աղիություն, pH, ընդհանուր պինդ մասնիկներ): Աղտոտող նյութերի կանխատեսվող քանակների բնապահպանական և առողջության տեսակետից կարևորության մեկնաբանումը պահանջում է այդ տվյալների համեմատություն ջրային ստանդարտների հետ: Ստորերկրյա ջրերում աղտոտող նյութերի կանխատեսվող քանակները համեմատվում են խմելու ջրի համար սահմանված համապատասխան ստանդարտների և այլ նորմատիվների հետ: Մակերևութային ջրերում աղտոտող նյութերի կանխատեսվող քանակները պետք է համեմատվեն խմելու ջրի (մարդկանց կողմից ծախսվող մակերևութային ջրեր) համապատասխան ստանդարտների և այլ նորմատիվների հետ, ինչպես նաև ձկների ու ջրային ֆլորայի ու ֆաունայի պահպանության համար սահմանված չափանիշների հետ:

6) «Մթնոլորտային օդի որակի վրա ազդեցություն» բաժնում պետք է վերլուծվեն ոչ միայն հանքարդյունահանման աշխատանքների իրականացման նախագծով նախատեսվող հողհատկացման մակերեսի օդային ավազանը, այլև ավելի մեծ մակերեսներ: Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել հետևյալ գործոնների վրա` ինչպե՞ս են որոշված նախագծի ուղղակի և անուղղակի ազդեցության տեղամասերը, արդյո՞ք հետազոտության մեջ ներառված են քամու ուժգնության և ուղղության վերաբերյալ փաստաթղթագրված տվյալներ, մթնոլորտային օդն աղտոտող նյութերի նոսրացումն հաստատող ինչպիսի՞ տեղեկատվություն է ներկայացված: Մթնոլորտային օդի որակը մեծ հեռավորությունների վրա ազդում է մարդկանց առողջության, վայրի բնության (բույսեր և կենդանիներ) և ջրի որակի վրա: Ազդեցության գնահատման հաշվետվությունը պետք է ներառի հետևյալ տեղեկատվությունը` նախագծի բոլոր փուլերում արտադրվող մթնոլորտային օդն աղտոտող նյութերի նույնականացումը (ինչ տեսակներ են ներառված) և հաշվարկային քանակությունը, հողային և հորատապայթեցման աշխատանքների, հանքաքարի, դատարկ ապարների և ապրանքների տեղափոխման, հողմահարման, պոչամբարներից առաջացող փոշու, լցակույտերի, ենթակառուցվածքների շինարարության ժամանակ ձևավորվող փոշենման նյութերով հարուցված հաշվարկային քանակությունը և ազդեցությունը, անշարժ (հանքաքարի վերամշակման-հարստացման ֆաբրիկայում, բանվորական բանավանում, էլեկտրագեներատորներում) և շարժական աղբյուրներից (տրանսպորտ, մեքենասարքավորումներ) վառելիքի այրման, ինչպես նաև հորատապայթեցման աշխատանքների ժամանակ ձևավորվող գազերի նույնականացումը (ինչպիսի գազեր են) և հաշվարկային քանակությունը (որքան): Այս բաժինը պետք է միավորի ֆոնային տվյալները (շրջակա միջավայրի վիճակը մինչև նախագծի իրագործումը) և օդի որակի վրա պոտենցիալ ազդեցության գնահատականը` նախագծի բոլոր փուլերում: Գնահատման ժամանակ պետք է հաշվի առնվեն ազդեցության շրջանում արդեն իսկ առկա արդյունաբերության ազդեցությունը, ինչպես նաև համապատասխան օդերևութաբանական տվյալները (քամու ուղղության միտումները) և մարդու առողջության, հողի, վայրի բնության և ջրի վրա ազդող գազերի արտանետումների և պինդ մասնիկների ազդեցության տեսակները: Պետք է ներկայացվի մթնոլորտային օդն աղտոտող նյութերի հաշվարկային քանակությունը, որոշվեն աղտոտման առավել նշանակալի տեսակները (պինդ մասնիկներ, անշարժ և շարժական աղբյուրներից գազային արտանետումներ) և ընդգրկվեն այդ աղտոտող նյութերի տարածման վերլուծությունը և մոդելավորման հետազոտությունը:

7) Կլիմայի վրա աղդեցությունը - Այս բաժինը պետք է ներառի ջերմոցային գազերի (CO2 համարժեք) համաշխարհային հաշվեկշռի վրա ազդեցությունների քանակական գնահատականը: Խոշոր հանքարդյունաբերական ընկերությունները կարող են ազդել ջերմոցային գազերի (CO2 համարժեք) համաշխարհային հաշվեկշռի վրա: Տվյալ ազդեցությունը դրսևորվում է հետևյալ կերպ.

ա. նախագծի իրագործման նպատակով հատված անտառների և այլ բուսականության կողմից ջերմոցային գազերի (CO2 համարժեք) կլանման բաց թողնված հնարավորությունը.

բ. ջերմոցային գազերի (CO2 համարժեք) արտանետումները հանքում օրգանական վառելիքով (հիմնականում դիզելային վառելիք) աշխատող մեքենասարքավորումներից.

գ. ջերմոցային գազերի (CO2 համարժեք) արտանետումները հանքաքարի վերամշակմամբ մետաղի ստացման ժամանակ (օրինակ` պիրոմետալուրգիական եղանակի դեպքում):

8) Ազդեցություն բուսական և կենդանական աշխարհների վրա - Այս բաժինը պետք է հստակ ներկայացնի ջրային, ցամաքային վայրի կենդանիների և բույսերի, էկոհամակարգերի և դրանց վրա հանքարդյունահանման աշխատանքների նախագծի ազդեցության ընդհանուր պատկերը: Այն պետք է ներառի ՀՀ բույսերի և կենդանիների Կարմիր գրքերում գրանցված տեսակների, ինչպես նաև ԲՊՄՄ-ի Կարմիր ցուցակում գրանցված տեսակների և դրանց կարգավիճակի (կատեգորիաների) մասին տվյալներ:

Վայրի բնության վրա ազդեցության վերլուծության բաժնում պետք է ընդգրկվի հետևյալը.

ա. բնական բուսականության փոփոխությունները.

բ. ջրային ֆլորայի և ֆաունայի բնականոն պայմանների, գետերի, առվակների, լճերի փոփոխությունները.

գ. տեսակների պոպուլյացիաներում փոփոխությունները.

դ. տեսակների վերաբնակեցումը.

ե. թռչունների, ձկների և կաթնասունների սննդային «շղթայի» սննդարար նյութերի շրջանառության մեջ փոփոխությունները.

զ. ՀՀ բույսերի և կենդանիների Կարմիր գրքերում գրանցված, ինչպես նաև էնդեմիկ տեսակների վիճակի գնահատումը.

է. չվող թռչունների, կաթնասունների, ձկների վրա ազդեցությունները.

ը. բուծման տարածքների վրա ազդեցությունները և տեսակների վերարտադրմանը վերաբերող այլ դիտարկումները.

թ. ուսումնասիրության տարածքների սահմանները (անհրաժեշտ է հաշվի առնել ոչ միայն հանքարդյունահանման համար հատկացված տարածքը, այլև ուղղակի և անուղղակի ազդեցության այլ հավանական տարածքները).

ժ. ազդեցությունը կենդանիների միգրացիայի ուղիների վրա:

9) Սոցիալական ազդեցություններ - Խոշոր հանքարդյունահանման նախագծերը կարող են ունենալ ծանր և անգամ մշտական սոցիալական ազդեցություններ: Ֆիզիկական միջավայրի փոփոխությունները, հարյուրավոր աշխատակիցների ներկայությունը, նոր մերձատար ճանապարհների կառուցումը, ծառայությունների պահանջարկի աճը, հողօգտագործման փոփոխությունները, ջրի հասանելիությունը և շրջակա միջավայրի աղտոտումը կարող են մշտական ազդեցություն ունենալ տեղի բնակչության կյանքի վրա: Սոցիալական ազդեցությունները կարող են մեծապես տարբերվել նախագծի տևողությունից, բնակեցված տարածքների տեղադիրքից և հանքի հնարավոր ընդլայնման ծրագրերից կախված: Սոցիալական ազդեցության վերլուծությունում անհրաժեշտ է ընդգրկել հետևյալը.

ա. ազդակիր համայնքների բնակչության նկարագիրը, դրանց բաշխվածությունը, տարիքային կազմը, աճի տեմպերը, էթնիկ կազմը.

բ. կրթության և առողջապահության հնարավորությունների վերաբերյալ տեղեկատվությունը.

գ. սանիտարական պայմանները (մարդկանց առողջություն և կենսապայմաններ).

դ. համայնքների զարգացման միտումները (զարգացման ծրագրեր).

ե. զբաղվածությունը և եկամուտները.

զ. սոցիալ-տնտեսական շերտավորվածությունը.

է. կացարանային պայմանները (ենթակառուցվածքները և տների քանակը).

ը. հողօգտագործման ավանդական տեսակները.

թ. բնիկ ժողովուրդների ներկայությունը, սովորույթների համաձայն հողօգտագործումները, տարածքային իրավունքները.

ժ. առողջության մասին համապատասխան տվյալները (ամենատարածված հիվանդությունները, մահացության պատճառները).

ժա. նախագծի վերաբերյալ տեղեկատվության մատչելիությունը, վերաբերմունքը նախագծի նկատմամբ.

ժբ. ենթակառուցվածքը (ճանապարհներ, փոխադրումներ).

ժգ. միգրացիան.

ժդ. Քաղաքային կամ գյուղական բնակչության բաշխվածությունը.

ժե. քաղաքային զարգացման միտումները:

10) Սոցիալական ազդեցության գնահատումը պետք է ներառի առնվազն հետևյալ չորս բնագավառների վերաբերյալ ելակետային տեղեկություն.

ա. տեղական ռեսուրսների (հող, ջուր) հասանելիության և դրանց նկատմամբ իրավունքի փոփոխությունները: Տեղաբնակների միջև մրցակցության ավելացում, էներգիայի արտադրության և հիմնական ծառայությունների (առողջապահություն, կրթություն, կոմունալ) աճ և ջրային պաշարների հասանելիություն.

բ. բնակչության բնութագրերի (քանակ, կազմ, ավանդույթներ, արտադրական գործունեություն) փոփոխություններ.

գ. որոշում կայացնողների, հանքարդյունահանող ընկերության և տեղաբնակների տարբեր պատկերացումները խոշոր հանքարդյունաբերական գործունեության տնտեսական օգուտների բաշխման և սոցիալական և բնապահպանական ծախսերի վերաբերյալ.

դ. հողատարածք (սեփականություն), հողօգտագործում:

11) Մարդկանց հարկադիր տարաբնակեցումը սոցիալական մեծ խնդիր է: Եթե այդպիսին նախատեսվում է, ՇՄԱԳ-ը պետք է ներառի մանրամասն տեղեկատվություն փոխհատուցման, տարաբնակեցման պլանների, տարաբնակեցման այլընտրանքային վայրերի մասին, ինչպես նաև մարդկանց կյանքի նույն որակը երաշխավորող պայմանների վերաբերյալ: Ուշադրության արժանի այլ դեպք է, երբ տարածքներում չկա մարդկանց ակնհայտ գործունեություն, սակայն դրանք օգտագործվում են տեղի բնակչության կողմից որսորդության (ոչ ռեկրեացիոն), ձկնորսության և գոյատևման ու ապրուստի համար անհրաժեշտ վայրի բույսերի հավաքման համար: Սոցիալական ազդեցությունների գնահատման հիմնական հարցերն են.

ա. ինչպե՞ս է գնահատվել հողօգտագործումը և բնական ռեսուրսների (հող, ջուր) հասանելիությունը.

բ. դիտարկվե՞լ են արդյոք նպաստների և եկամուտների փոփոխությունները: Ինչպե՞ս են հետազոտության ժամանակ գնահատվել տեղի բնակչության եկամուտների և տեղական տնտեսության վրա կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ հետևանքները.

գ. ի՞նչ աղբյուրների վրա է հիմնված սոցիալական ազդեցության գնահատումը: Հետազոտության ընթացքում կատարվե՞լ են արդյոք հարցումներ: Ո՞վ է մասնակցել հարցումներին: Ի՞նչ հարցեր են տրվել: Ինչպե՞ս են կազմվել հարցերը:

դ. Ներառում է արդյո՞ք հետազոտությունը տեղաբնակների մտահոգությունները.

ե. Եթե հետազոտությունը ներառում է հարցումներ և հարցազրույցներ, տեղեկացվե՞լ են արդյոք մարդիկ դրանց օգտագործման և նպատակի մասին: Ի՞նչ մեթոդներ են օգտագործվել: Արդյո՞ք ընտրված է հարցվողների ներկայացուցչական կազմ:

զ. Ինչպե՞ս են նկարագրված դրական և բացասական արդյունքները.

է. հաշվի առնո՞ւմ է արդյոք սոցիալական ազդեցության գնահատումը երկարաժամկետ ազդեցությունները (ներառյալ փակմանը հաջորդող փուլը):

 

---------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Շրջակա միջավայրի /Բնապահպանության
03.07.2025
N 263-Ն
Հրաման