ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
3 հուլիսի 2025 թվականի N 263-Ն
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 369-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(6-րդ մաս)
4) Ռեկուլտիվացիայի ժամանակացույց - Հանքի ռեկուլտիվացիայի և փակման ծրագիրը պետք է ներառի աշխատանքների սկզբի և ավարտի ժամանակացույց: Հանքարդյունահանող ընկերությունները պետք է սկսեն վերականգնել արդյունահանման ընթացքում վնասված հողերը որքան հնարավոր է շուտ: Սա նշանակում է որ ընկերությունները պետք է վերականգնեն այն տարածքները, որտեղից արդյունահանվել է ամբողջ հանքաքարը և այն տարածքները, որոնք այլևս չեն օգտագործվելու ակտիվ հանքարդյունահանման շրջանում (հաջորդական վերականգնում)` չսպասելով մինչև արդյունահանման աշխատանքները դադարեցվեն: Հանքի ռեկուլտիվացիայի և փակման ծրագիրը պետք է պարտադրի հանքարդյունահանող ընկերությանն աշխատանքները կատարել ըստ ժամանակացույցի և հանքարդյունահանման աշխատանքների ժամանակ մաս-մաս ռեկուլտիվացնել արդյունահանված տարածքները, երբ դա գործնականում հնարավոր է դառնում: Բացի դրանից, անհրաժեշտ է ռեկուլտիվացիայի և փակման ծրագրի ժամանակացույցում սահմանել և դիտարկել երկարաժամկետ գործողությունները, որոնք անհրաժեշտ են ռեկուլտիվացիայի և փակման հաջող իրականացումն ապահովելու համար:
5) Հանքի առանձին ենթակառուցվածքների ռեկուլտիվացիա և փակում - Ռեկուլտիվացիայի և փակման ծրագրում պետք է մանրակրկիտ նկարագրվեն հանքի հետևյալ առանձին ենթակառուցվածքների փակման միջոցառումները` մակաբացման և դատարկ ապարների լցակույտերի նյութերի վերադարձը բացահանքեր որպես լցափակման նյութ պետք է դիտարկի հանքարդյունահանող ընկերության կողմից` բացահանքային լճակների ձևավորումը կանխելու նպատակով (Եթե ռեկուլտիվացիայի և փակման ծրագրով նախատեսվում է վերադարձնել մակաբացման և դատարկ ապարները, ապա դրանց նախկին տեղադրման տարածքների ռեկուլտիվացիան և փակումը կնշանակի այդ տեղամասերի բուսականության վերականգնում: Իսկ երբ ռեկուլտիվացիայի և փակման ծրագրով նախատեսվում է մակաբացման և դատարկ ապարների լցակույտերը թողնել տեղում արդյունահանման աշխատանքների դադարեցումից հետո, ապա ծրագրում պետք է մանրամասն դիտարկվի այդ թափոնակույտերի վերջնական վիճակը: Խիստ կարևոր է նախատեսել մակաբացման և դատարկ ապարների լցակույտերում պարունակվող թթու գոյացնելու պոտենցիալով բոլոր նյութերի թթվայնացումը կանխող միջոցառումներ: Այդպիսի միջոցառումները կարող են ներառել մակերևութային հոսքերի հեռացման կառույցների շինարարություն և լցակույտերի վրա ցածր թափանցելիությամբ նյութից ծածկի տեղադրում, որը կկանխի ջրի ներթափանցումը թափոնակույտերի մեջ: Միջոցառումները կարող են նույնպես ընդգրկել թափոնակույտերին այլ նյութերի հավելում, որոնք կկանխեն թթու գոյացնող քիմիական ռեակցիաների առաջացումը: Մակաբացման և դատարկ ապարների լցակույտերի ռեկուլտիվացիայի և փակման ծրագիրը չպետք է թույլատրի թափոնային լցակույտերի թթվային ցամաքուրդային ջրերի առաջացումը, որոնց մաքրումը երկարատև գործընթաց է: Բացահանքերը պետք է լցափակվեն, եզրագծվեն և կրկին ծածկվեն բուսականությամբ` տարածքի սկզբնական տեղագրությանը համապատասխան վերջնական մակերևույթ ձևավորելու նպատակով: Հանքի ռեկուլտիվացիայի և փակման ծրագիրը պետք է բացառի բացահանքային լճակի առաջացումը: Սակայն եթե լճակի առաջացումն անխուսափելի է, ծրագրում պետք է ընդգրկվեն բացահանքային լճակում թթվային ցամաքուրդային ջրերի բացառման հնարավոր տարբերակների արդյունավետության և տեխնիկական կենսունակության, ինչպես նաև բացահանքային լճակից հոսող ջրերի կանխատեսվող բնութագրերի և ստորգետնյա ջրերի ու հարող տարածքների մակերևութային ջրերի վրա դրանց ազդեցության վերաբերյալ մանրամասն դիտարկումներ: Թաց պոչերի պոչամբարներ (Քանի որ պոչերի ջրազերծումը և դրանց օգտագործումը որպես լցափակման նյութ հանդիսանում է բնապահպանական տեսակետից նախընտրելի տարբերակ, ապա նման մոտեցման դեպքում հանքի ռեկուլտիվացիայի և փակման ծրագրում կարող է բացակայել թաց պոչամբարների ռեկուլտիվացիան և փակումը (դրանց բացակայության պատճառով): Եթե նախատեսվում է կառուցել թաց պոչամբար, ապա ռեկուլտիվացիայի և փակման ծրագրում անհրաժեշտ է նույնպես դիտարկել պոչամբարի ջրազրկումը (կամ չորացումը) փակման ժամանակ: Պոչերի թողնումը ջրի տակ բնապահպանական տեսակետից նախընտրելի է միայն տեղումների բարձր մակարդակ ունեցող տեղանքներում:): Տարալվացման և թափոնային լցակույտեր (Ցիանիդով կույտային տարալվացում կամ պղնձի թափոնակույտային տարալվացում ներառող նախագծերի ավարտից հետո մնում են հանքի թափոնների լցակույտեր (տարալվացման լցակույտեր), որոնք պահանջում են հատուկ մոտեցում: Ակտիվ արդյունահանման աշխատանքների դադարեցումից հետո, թափոնների մեծածավալ լցակույտերը գրեթե միշտ պարունակում են տարբեր աղտոտիչների (աղեր, մետաղներ, ցիանիդ) բարձր պարունակություններ, որոնք անհրաժեշտ է վնասազերծել` թթվային ցամաքուրդային ջրերի առաջացումը կանխելու նպատակով: Առանձնանում են ցիանիդով աղտոտված հանքաքարի լցակույտերի վնասազերծման երեք եղանակ: Ըստ առաջին եղանակի թողնում են, որ ցիանիդը տրոհվի լցակույտում, թեկուզև դանդաղ, սակայն առանց որևէ միջամտության: Երկրորդ եղանակի դեպքում լցակույտը քանդում են և հանքաքարը վերամշակում ավելի փոքր խմբաքանակներով: Այս մոտեցումն առավել նպատակահարմար է երբ լցակույտի որոշ հատվածներ դառնում են անթափանց, կամ երբ անհրաժեշտ է վերականգնել տարալվացման հրապարակն այլ օգտագործումների համար: Երրորդ եղանակի դեպքում լցակույտը ողողում են այնքան ժամանակ մինչև ցիանիդը դուրս գա, իսկ ողողման լուծույթներն այնուհետև մաքրվում են: Հանքաքարի լցակույտերը կարող են ողողվել ինչպես թարմ, այնպես էլ վերամշակված և քիչ ցիանիդ պարունակող կրկնակի օգտագործվող ջրով: Ողողման համար օգտագործվող լուծույթը կարող է նաև պարունակել քիմիական նյութեր, որոնց նպատակն է լցակույտի միջով ներթափանցելով օքսիդացնել մնացորդային ցիանիդը: Հիմնովին ողողելուց հետո հանքարդյունահանող ընկերությունները պետք է դիտարկեն այդ լցակույտերի նյութի օգտագործումը բացահանքերում որպես լցափակման նյութ: Եթե հանքի ռեկուլտիվացիայի ու փակման ծրագրով նախատեսվելու է լցակույտերի նյութի վերադարձ բացահանք, ապա դրանց նախկին տեղադրման հրապարակների ռեկուլտիվացիան և փակումը կնշանակի այդ տարածքների բուսականության վերականգնում: Տեղում մնացող լցակույտերի ռեկուլտիվացիայի և փակման ծրագիրը պետք է ներառի հանքի թթվային ջրերի ցամաքուրդը կանխարգելող միջոցառումներ և նկարագրի լցակույտերի եզրագծման և բուսականության վերականգնման եղանակները, որոնք պետք է ուղղվեն էրոզիայի վերահսկմանը և տեղանքի բնական պայմանների վերականգնմանը:):
6) Բուսականության վերականգնումը հանքի ռեկուլտիվացիայի և փակման ծրագրի կարևոր բաղադրիչներից է: Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել այնպիսի մանրամասների վրա, ինչպիսիք են` հողի բերրի շերտի պահպանման առանձնահատկությունները, տեղի բուսատեսակների ընտրությունը և հողի նախապատրաստումը դրանց տնկման համար: Ընկերությունները պետք է զգուշանան հանքարդյունահանման արդյունքում հողի հնարավոր փոփոխություններից և ապահովեն տեղական տեսակների աճը տվյալ պայմաններում: Ցանքի ժամանակահատվածը կարևոր է բուսականության արդյունավետ վերականգնման համար: Սովորաբար ցանքը կատարվում է անձրևների ժամանակաշրջանից անմիջապես առաջ կամ դրա սկզբում: Բնական գործընթացներն արագացնելու համար օգտագործվում է պարարտանյութ, որը ավելացնում է տեսակների քանակը, բուսական ծածկը, խտությունը, ինչպես նաև աճի արագությունը: Պարարտանյութ օգտագործելիս անհրաժեշտ է խուսափել տնկիների ոչնչացումից և անցանկալի բուսականության աճից:
Անհրաժեշտ է առաջնորդվել. Կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1352-Ն, 2021 թվականի հոկտեմբերի 21-ի N 1733-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի օգոստոսի 17-ի N 990-Ն որոշումներով և համապատասխան ընթացակարգերով:
8. Հանքի փակման ծրագրի իրականացման ֆինանսական երաշխիքները - Ռեկուլտիվացիայի աշխատանքները սովորաբար սկսում են հանքարդյունահանման ավարտին և ընկերությունը պատշաճ ռեկուլտիվացիա կատարելու համար գումարներ և շահագրգռվածություն չի ունենում, ապա անհրաժեշտ են երաշխիքներ: Երրորդ կողմ հանդիսացող կապալառուի կողմից ամբողջական ռեկուլտիվացիայի իրականացման երաշխիքը հանքարդյունահանող ընկերության համար տեղանքը ամբողջությամբ վերականգնելու խթան է հանդիսանում: Հանքի փակման ծրագրի ֆինանսական երաշխիքների լիարժեքության գնահատման ստուգիչ հարցերը ներկայացված են աղյուսակ 7-ում:
Աղյուսակ 7
Հանքի փակման ծրագրի ֆինանսական երաշխիքների լիարժեքության գնահատման
ստուգիչ հարցեր
._____________________________________________________________________.
|Ներառու՞մ է արդյոք |Եթե այս հարցերի |Եթե այս հարցերից |
|Ռեկուլտիվացիայի և փակման |պատասխանը դրական է, |որևէ մեկի |
|ծրագիրը հանքի փակման և |ապա Ռեկուլտիվացիայի |պատասխանը |
|շահագործման ու փակման |և փակման ծրագրի |բացասական է, |
|փուլերում աղտոտվածության |ֆինանսական |Ռեկուլտիվացիայի և |
|վերացման համար |երաշխիքների բաժինը |փակման ծրագրի |
|հանքարդյունահանող |կարող է լիարժեք |ֆինանսական |
|ընկերության կողմից վճարների |համարվել |երաշխիքների |
|կատարման պարտավորություններ | |բաժինը լիարժեք չէ |
|____________________________| | |
|Ներառու՞մ է արդյոք | | |
|Ռեկուլտիվացիայի և փակման | | |
|ծրագիրը հանքարդյունահանող | | |
|ընկերության ֆինանսական | | |
|պարտավորությունների կատարում| | |
|արդյունահանումը սկսելուց | | |
|առաջ և կատարման երաշխիքներ | | |
|____________________________| | |
|Սահմանու՞մ է արդյոք | | |
|Ռեկուլտիվացիայի և փակման | | |
|ծրագիրն այն գումարը, որի | | |
|առկայությունը | | |
|հանքարդյունահանող | | |
|ընկերությունը պետք է ապահովի| | |
|հանքի փակման և հանքի հետ | | |
|կապված շրջակա միջավայրի | | |
|աղտոտվածության վերացման | | |
|համար | | |
|____________________________| | |
|Արդյո՞ք հանքի փակման և | | |
|հանքի հետ կապված շրջակա | | |
|միջավայրի աղտոտվածության | | |
|վերացման համար | | |
|հանքարդյունահանող | | |
|ընկերության կողմից | | |
|նախատեսված գումարը համարժեք | | |
|է միջազգային ուղեցույցներում| | |
|բերվող նմանատիպ աշխատանքների| | |
|գումարին | | |
._____________________________________________________________________.
Ֆինանսական երաշխիքների տրամադրման ժամկետները - Հանքի փակմանը և դրան հաջորդող աշխատանքներին առնչվող ծախսերը, այդ թվում` պահպանումը, պետք է ընդգրկվեն տեխնիկատնտեսական հիմնավորման մեջ պլանավորման և նախագծման փուլերում: Անհրաժեշտ է դիտարկել փակման ծախսերը հանքի գոյության յուրաքանչյուր փուլում, այդ թվում` վաղաժամկետ կամ ժամանակավոր փակումը: Հանրությունը պետք է տեղեկացվի ֆինանսական երաշխիքների մասին և հնարավորություն ունենա կարծիք հայտնելու ինչպես նախատեսված գումարների, այնպես էլ ֆինանսական երաշխիքների մասին որոշման վերաբերյալ:»
7/3/2025 Հ. Սիմիդյան
Պաշտոնական հրապարակման օրը` 8 հուլիսի 2025 թվական: