Սեղմել Esc փակելու համար:
«ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՄԱՁ ...

 

 

020.0295.060401

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

«ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ» ԵՎ «ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ» ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 6 ապրիլի 2001 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Լ. Մկրտչյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «Եվրոպայի խորհրդի արտոնությունների և անձեռնմխելիությունների մասին գլխավոր համաձայնագրում» և «Եվրոպայի խորհրդի արտոնությունների և անձեռնմխելիությունների մասին գլխավոր համաձայնագրի լրացուցիչ արձանագրությունում» ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:

Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Հ. Նազարյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Լ. Մկրտչյանի բացատրությունը, հետազոտելով գլխավոր համաձայնագիրը, լրացուցիչ արձանագրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Եվրոպայի խորհրդի արտոնությունների և անձեռնմխելիությունների մասին գլխավոր համաձայնագիրն ու վերջինիս լրացուցիչ արձանագրությունն ստորագրվել են համապատասխանաբար` 1949 թվականի սեպտեմբերի 2-ին` Փարիզում, և 1952 թվականի նոյեմբերի 6-ին` Ստրասբուրգում: Դրանց նպատակը Եվրոպայի խորհրդի կանոնադրության 40-րդ հոդվածի «ա» և «բ» կետերին համապատասխան Եվրոպայի խորհրդի քարտուղարության, Խորհրդի անդամ պետությունների ներկայացուցիչների համար այդ պետությունների տարածքներում իրենց պաշտոնեական գործառույթների իրականացման համար անհրաժեշտ պայմանների ապահովումն է:

2. Գլխավոր համաձայնագրի առաջին գլխին համապատասխան Եվրոպայի խորհուրդն ունի իրավաբանական անձի կարգավիճակ, իրավասու է կնքել պայմանագրեր, ձեռք բերել և օտարել գույք, հանդես գալ դատարանում: Եվրոպայի խորհուրդը, վերջինիս սեփականությունը և փաստաթղթերն անձեռնմխելի են` քանի դեռ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն առանձին դեպքերում կամավոր չի հրաժարվել դրանից: Անձեռնմխելիության իրավունքից օգտվում են նաև Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը, Գլխավոր քարտուղարի տեղակալը, Նախարարների կոմիտեում Եվրոպայի խորհրդի անդամների ներկայացուցիչները, նրանց տեղակալները և նրանց ամուսինները, ինչպես նաև ներկայացուցիչների խորհրդականները, տեխնիկական փորձագետները և պատվիրակության քարտուղարները, Խորհրդակցական վեհաժողովում Եվրոպայի խորհրդի անդամների ներկայացուցիչները և նրանց փոխարինողները, Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի սահմանած ցանկով` Եվրոպայի խորհրդի պաշտոնյաները, նրանց ամուսինները և նրանց խնամքի տակ գտնվող ընտանիքի անդամները, Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի, նրա տեղակալի ամուսինները և անչափահաս երեխաները: Ընդ որում, գլխավոր համաձայնագրի 11-րդ և 16-19-րդ հոդվածներին համապատասխան Եվրոպայի խորհրդի պաշտոնյաներին, անդամ պետությունների ներկայացուցիչներին ու մյուս անձանց արտոնություններ տրամադրվում են բացառապես պաշտոնեական պարտականությունների անկախ կատարումն ապահովելու նկատառումներով և չեն կարող խոչընդոտել արդարադատության իրականացմանը:

3. Գլխավոր համաձայնագրով Կողմերն ստանձնել են հետևյալ հիմնական պարտավորությունները.

- Եվրոպական խորհուրդը, նրա ակտիվները, եկամուտը և այլ սեփականությունն ազատել բոլոր տեսակի ուղղակի հարկերից (բացառությամբ կենցաղային ծառայությունների դիմաց գանձումների), մաքսատուրքերից, պաշտոնեական օգտագործման համար նախատեսված ապրանքների, հրապարակումների ներմուծման և արտահանման սահմանափակումներից և արգելքներից,

- արտոնություններից և անձեռնմխելիությունից օգտվող անձանց համար երաշխավորել այնպիսի կարգավիճակ, ինչպիսին նախատեսված է Եվրոպական խորհրդի տվյալ անդամ պետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների առնչությամբ:

4. Գլխավոր համաձայնագրի լրացուցիչ արձանագրությամբ ընդլայնված են գլխավոր համաձայնագրի 4-րդ գլխի և 15-րդ հոդվածի դրույթներով նախատեսված արտոնություններով և անձեռնմխելիությամբ օժտված անձանց շրջանակն ու այդ դրույթների կիրառման ոլորտը:

5. Գլխավոր համաձայնագրում և լրացուցիչ արձանագրությունում նախատեսված են նաև դրույթներ անձանց նկատմամբ կիրառվելիք արտոնությունների և անձեռնմխելիության առանձնահատկությունների, գլխավոր համաձայնագրի և լրացուցիչ արձանագրության ուժի մեջ մտնելու, փոփոխությունների, գործողության դադարման և հնարավոր վեճերի լուծման ընթացակարգի վերաբերյալ:

6. Գլխավոր համաձայնագրում և լրացուցիչ արձանագրությունում ամրագրված վերոհիշյալ պարտավորությունները համահունչ են ՀՀ Սահմանադրության 1, 4 և 9 հոդվածների դրույթներին: Որպես ինքնիշխան և իրավական պետություն Հայաստանի Հանրապետությունը միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան պարտավորվել է ապահովել մարդու և քաղաքացու իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը նաև նրանց հատուկ կարգավիճակում գտնվելու ընթացքում, ինչպես նաև ապահովել պետությունների հետ բարիդրացիական և փոխշահավետ հարաբերությունների հաստատում:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. Եվրոպայի խորհրդի արտոնությունների և անձեռնմխելիությունների մասին 1949 թվականի սեպտեմբերի 2-ին Փարիզում ստորագրված գլխավոր համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Եվրոպայի խորհրդի արտոնությունների և անձեռնմխելիությունների մասին գլխավոր համաձայնագրի 1952 թվականի նոյեմբերի 6-ին Ստրասբուրգում ստորագրված լրացուցիչ արձանագրությունում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

3. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

6 ապրիլի 2001 թ.

ՍԴՈ-295

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
06.04.2001
N ՍԴՈ-295
Որոշում