Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԵՎ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 օգոստոսի 2025 թվականի N 1115-Լ

 

i

ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԵՎ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՁԵՎԵՐԻ ԽԹԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի մարտի 27-ի N 341-Ն որոշման 2-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել հանրության շրջանում առողջ ապրելակերպի խրախուսման և երթևեկության այլընտրանքային ձևերի խթանման միջոցառման իրականացման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի սեպտեմբերի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                  Տ. Խաչատրյան

 

2025 թ. օգոստոսի

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2025 թվականի օգոստոսի 14-ի

N 1115-Լ որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԵՎ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՁԵՎԵՐԻ ԽԹԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են հանրության շրջանում առողջ ապրելակերպի խրախուսման և երթևեկության այլընտրանքային ձևերի խթանման միջոցառման (այսուհետ` միջոցառում) շահառուներին ներկայացվող պահանջները, միջոցառման շրջանակներում վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ընթացակարգը, միջոցառման շրջանակներում տրամադրվող աջակցության դադարեցման հիմքերը և աջակցության դադարեցման պահի դրությամբ արդեն ցուցաբերված աջակցության գումարի տնօրինման կարգը, առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների (այսուհետ` ֆինանսական կազմակերպություններ) կողմից Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (այսուհետ` նախարարություն) ներկայացվող հաշվետվություններին վերաբերող պահանջները:

2. Սույն կարգում կիրառվող հասկացություններն են`

1) միջոցառում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի մարտի 27-ի N 341-Ն որոշման (այսուհետ` որոշում) 1-ին կետով հաստատված` հանրության շրջանում առողջ ապրելակերպի խրախուսման և երթևեկության այլընտրանքային ձևերի խթանման միջոցառում.

2) շահառու` միջոցառման 2-րդ կետում նշված անձինք.

3) հեծանիվ` երկու անիվներով նոր (չօգտագործված) տրանսպորտային միջոց, որը շարժվում է մարդու մկանային ուժի շնորհիվ` ոտնակների միջոցով, նախատեսված 14 տարեկանից բարձր տարիքի անձանց համար.

4) վարկ` սույն կարգի հաստատումից հետո Հայաստանի Հանրապետությունում գործող իրավաբանական անձանցից կամ անհատ ձեռնարկատերերից (տնտեսավարող սուբյեկտներից) հեծանիվի (ներառյալ հեծանիվի հետ միաժամանակ գնվող` սաղավարտի, ծնկների բարձիկների և ձեռնոցների) գնման նպատակով տրամադրված վարկ.

5) ֆինանսական կազմակերպություն` առևտրային բանկեր կամ վարկային կազմակերպություններ, որոնք միջոցառման շրջանակներում համագործակցում են նախարարության հետ.

6) ընտանիքի անդամ` սույն կարգի իմաստով շահառուի ընտանիքի անդամ են հանդիսանում շահառուի հայրը, մայրը, ամուսինը, ամուսնու ծնողները, տատը, պապը, քույրը, եղբայրը, երեխաները, թոռները.

7) վարկառու` շահառուն կամ վերջինիս ընտանիքի անդամը, ով ֆինանսական կազմակերպության հետ կնքում է վարկային պայմանագիր.

8) վարկային պայմանագիր` միջոցառման ներքո ֆինանսական կազմակերպության և վարկառուի միջև կնքված վարկի պայմանագիր.

9) սուբսիդավորման գումար` միջոցառմամբ սահմանված սահմանաչափով վարկի տարեկան տոկոսադրույքի մարմանն ուղղված գումար.

10) հատուկ հաշիվ` ֆինանսական կազմակերպության բանկային հաշիվ, որին միջոցառման շրջանակներում նախարարությունը փոխանցում է սուբսիդավորման գումարը.

11) պայմանագիր` հանրության շրջանում առողջ ապրելակերպի խրախուսման և երթևեկության այլընտրանքային ձևերի խթանման միջոցառման շրջանակներում նախարարության և ֆինանսական կազմակերպության միջև կնքվող համագործակցության պայմանագիր:

 

2. ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

3. Միջոցառումն իրականացվում է հետևյալ ընթացակարգով`

1) վարկառուն վարկ ստանալու նպատակով դիմում է ֆինանսական կազմակերպությանը (ապառիկ վարկավորման պրոդուկտների շրջանակում վերջինիս հետ համագործակցող կազմակերպությանը կամ անհատ ձեռնարկատերերին)` բացի բանկի ներքին ընթացակարգերով պահանջվող փաստաթղթերից ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը`

ա. տեղեկանք Հայաստանի Հանրապետության տարածքում գործող արհեստագործական, միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթական ծրագիր իրականացնող պետական կամ հավատարմագրված ոչ պետական ուսումնական հաստատությունից (այսուհետ` ուսումնական հաստատություն) տվյալ ուսումնական հաստատության սովորող կամ աշխատող հանդիսանալու վերաբերյալ,

բ. որպես վարկառու ուսումնական հաստատության սովորողի կամ աշխատողի ընտանիքի անդամ հանդիսանալու դեպքում` ընտանիքի անդամ հանդիսանալու փաստը հավաստող փաստաթուղթ.

2) ֆինանսական կազմակերպության կողմից`

ա. գնահատվում է վարկառուի վարկավորման պայմանների համապատասխանությունը միջոցառման և սույն կարգի պայմաններին, և որոշում է կայացվում վարկ տրամադրելու վերաբերյալ` իր ներքին ընթացակարգերին համապատասխան (ֆինանսական կազմակերպությունն ազատ է որպես գրավ ընդունել կամ չընդունել ձեռք բերված ապրանքները),

բ. մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 5-րդ աշխատանքային օրը նախարարության պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով ([email protected]) պայմանագրով սահմանված ձևաչափով նախարարություն է ներկայացվում սուբսիդավորման գումարի փոխանցման վերաբերյալ հայտ (այսուհետ` հայտ).

3) նախարարությունը հայտը ստանալուց հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է դրա համապատասխանությունը որոշման և սույն կարգով սահմանված պահանջներին (պահանջները բավարարող շահառուն ինքնաշխատ եղանակով համարվում է միջոցառման շահառու) և պայմանագրով սահմանված կարգով և ժամկետում ապահովում է շահառուների մասով սուբսիդավորման ենթակա գումարների փոխանցումը ֆինանսական կազմակերպության հատուկ հաշվին:

4. Վարկի հետ կապված ֆինանսական կազմակերպությունների ծառայությունների համար այլ վճարներ չեն գանձվում (սպասարկման վճար, միջնորդավճարներ):

5. Վարկը տրամադրվում է միանվագ` միայն անկանխիկ եղանակով:

6. Վարկի մայր գումարի և տոկոսագումարների մարման համար արտոնյալ ժամկետ չի սահմանվում:

7. Վարկի գծով ամսական տոկոսադրույքի վճարները սուբսիդավորման գումարի սահմանաչափերը գերազանցելու դեպքում տարբերությունը վճարվում է վարկառուի կողմից:

8. Վարկառուի կողմից վարկի վաղաժամկետ մարման դեպքում վերջինիս համար որևէ ֆինանսական կամ այլ պարտավորություն, կամ պատասխանատվություն չի կարող սահմանվել կամ կիրառվել:

9. Վարկի տույժերը և (կամ) տուգանքները սուբսիդավորման ենթակա չեն:

10. Սուբսիդավորման գումարի չափը հաշվարկվում է վարկի մնացորդի նկատմամբ:

11. Վարկի տոկոսադրույքի սուբսիդավորումն իրականացվում է վարկի մայր գումարի և վարկի տոկոսադրույքի չսուբսիդավորվող մասի փաստացի մարումների հիման վրա:

12. Մեկ շահառուի համար միջոցառման շրջանակներում իրականացվում է միայն մեկ վարկի տոկոսադրույքի սուբսիդավորում:

 

3. ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ԳՈՒՄԱՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ

 

13. Վարկի գործողության ընթացքում սուբսիդավորման գումարի տրամադրումը դադարեցվում է միջոցառման 10-րդ կետով նախատեսված դեպքերում:

14. Վարկառուի կողմից միջոցառման 10-րդ կետի 2-րդ ենթակետում նշված հիմքով սուբսիդավորման գումարի տրամադրման դադարեցման դեպքում մինչև այդ պահը տրամադրված սուբսիդավորման գումարը վարկառուի կողմից ենթակա է վերադարձման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` պայմանագրով սահմանված ժամկետում և կարգով:

 

4. ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

15. Ֆինանսական կազմակերպությունը պայմանագրով սահմանված կարգով և ժամկետում հաշվետվություն է ներկայացնում նախարարություն, որը պետք է պարունակի`

1) տեղեկատվություն տրամադրված վարկերի գումարի և քանակի, շահառուների թվի, սուբսիդավորման ենթակա գումարի մասին.

2) տեղեկատվություն հայտնաբերված խախտումների վերաբերյալ (առկայության դեպքում):

16. Հաշվետվությունը կարող է պարունակել առաջարկություններ միջոցառման պայմանների բարելավման կամ կատարելագործման հետ կապված:

17. Միջոցառման մշտադիտարկումն իրականացնում է նախարարությունը` հիմք ընդունելով միջոցառման իրականացման ընթացքի ֆինանսական և ոչ ֆինանսական ցուցանիշները, ինչպես նաև ֆինանսական կազմակերպությունների կողմից ներկայացված հաշվետվությունները: Նախարարության կողմից մշտադիտարկումն իրականացվում է ընտրանքային սկզբունքով:

18. Նախարարությունը կիսամյակային պարբերականությամբ իր պաշտոնական կայքէջում հրապարակում է տեղեկատվություն` տրամադրված վարկերի գումարի և քանակի, շահառուների թվի, սուբսիդավորման ենթակա գումարների, միջոցառման մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ:

 

 

pin
ՀՀ կառավարություն
14.08.2025
N 1115-Լ
Որոշում