Սեղմել Esc փակելու համար:
«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 օգոստոսի 2025 թվականի N 1208-Լ

 

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի

(Պ-1127-16.07.2025-ՏՀ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2025 թ. օգոստոսի

Երևան

 

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ

(Պ-1127-16.07.2025-ՏՀ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ ստորև ներկայացնում է իր առաջարկություններն ու դիտարկումները:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ.

1. Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետով նախատեսված փոփոխության արդյունքում Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 170.7-րդ հոդվածի 1-ին պարբերությունը կունենա հետևյալ բովանդակությունը.

«Սահմանված կարգով ձեռք բերված կամ օգտագործված ակցիզային դրոշմանիշերը կամ դրոշմապիտակները կամ հսկիչ (նույնականացման) նշաններն օտարելը, եթե դրանց քանակը չի գերազանցում հիսուն հատը`

առաջացնում է տուգանքի նշանակում` օտարված յուրաքանչյուր դրոշմանիշի և (կամ) դրոշմապիտակի համար` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:»:

Նշվածը հիմք ընդունելով` գտնում ենք, որ նախատեսված փոփոխության արդյունքում անհրաժեշտ է նաև նույն պարբերության սանկցիայում «դրոշմանիշի և (կամ) դրոշմապիտակի» բառերը փոխարինել «դրոշմանիշի կամ դրոշմապիտակի կամ հսկիչ (նույնականացման) նշանների» բառերով:

2. Նախագծի 2-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 170.8-րդ հոդվածի 4-րդ մասում առաջարկում ենք վերանայել «ալկոհոլային (սպիրտ)» եզրույթի կիրառումը` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Նորմատիվ իրավական ակտում միևնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միևնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ:

Միաժամանակ նշենք, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում կիրառվում է «ալկոհոլային խմիչք» հասկացությունը և բացակայում է «ալկոհոլային խմիչք (սպիրտ)» ձևակերպումը:

3. Նախագծի 2-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենսգրքի 170.8-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն նույն հոդվածի 1-ին մասում նշված խախտումը, եթե այդ ապրանքների, բացառությամբ ծխախոտային արտադրատեսակների և ալկոհոլային խմիչքների (սպիրտի), ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (չնշված լինելու դեպքում` օրենսդրությամբ սահմանված կարգով որոշված) օտարման գներով կազմում է հինգ հարյուր հազար դրամ և ավելի` առաջացնում է տուգանքի նշանակում` նույն մասով սահմանված կարգով արձանագրված օտարման գներով համապատասխան ապրանքների ընդհանուր արժեքի եռապատիկի չափով, բայց ոչ պակաս, քան սահմանված նվազագույն աշխատավարձի հազար երկու հարյուրապատիկի չափով:

Հաշվի առնելով, որ հինգ հարյուր հազար դրամի եռապատիկը գերազանցում է նվազագույն աշխատավարձի հազար երկու հարյուրապատիկի չափը, ուստի առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենսգրքի 170.8-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ պարբերությունում «եռապատիկի» բառը փոխարինել «կրկնապատիկի» բառով:

4. Նախագծով 2-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 170.8-րդ հոդվածով ծխախոտի արտադրանքի և խմիչքների (սպիրտի) դեպքում նախատեսվում են առավել խիստ պատասխանատվության միջոցներ:

Այս կապակցությամբ հարկ ենք համարում նշել, որ վարչական պատասխանատվություն սահմանելիս անհրաժեշտ է հաշվի առնել արարքի և դրա համար նախատեսվող պատասխանատվության համաչափության հիմնարար սկզբունքը: Համաչափության սկզբունքը պահանջում է ապահովել արդարացի հավասարակշռություն սահմանվող պատասխանատվության միջոցի ու չափի և պատասխանատվության սահմանմամբ հետապնդվող իրավաչափ նպատակի միջև (ՍԴՈ-920):

Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորմամբ ծխախոտի և ալկոհոլի հետ կապված դեպքերում տուգանքի նման չափերի սահմանման անհրաժեշտության վերաբերյալ ամբողջական դիտարկումներ ներկայացված չեն, քանի որ հստակ չի հիմնավորվում ի տարբերություն այլ համանման իրավախախտումների, այս դեպքում համեմատորեն նման բարձր տուգանքների սահմանումը: Օրինակ` 11.000 դրամ ընդհանուր արժեք ունեցող ծխախոտի արտադրանքի դեպքում 1.000.000 դրամ տուգանքի նշանակումն ունի լրացուցիչ հիմնավորման կարիք:

Կամ, որպես հակառակ մոտեցում կարելի է դիտարկել տուգանքների առաջարկվող չափերի մոտարկումը համանման այլ զանցակազմերի համար սահմանված տուգանքներին:

Հարկ է նաև նկատել, որ տուգանքի նման չափեր գործող օրենսդրությամբ սահմանված են օրինակ` գրանցումն օրենքով սահմանված կարգով ուժը կորցրած ճանաչված կամ գրանցումը կասեցված դեղեր արտադրելու (...), պիտանիության ժամկետն անցած դեղեր իրացնելու (...) կամ գյուղատնտեսության բնագավառում գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների ներմուծման, իրացման (...) համար: Այս զանցակազմերով նկարագրվող արարքներին բնորոշ է առանձնահատուկ հանրային վտանգավորությունը:

Հաշվի առնելով սույն արարքի հանրային վտանգավորության աստիճանը, դրա հակաիրավական բնույթը և համաձայնելով պատասխանատվության խստացման անհրաժեշտության հետ, այնուամենայնիվ, կարծում ենք, Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորումը ծխախոտի և ալկոհոլի հետ կապված դեպքերում տուգանքի տարբերակված չափերի սահմանման համատեքստում ունի լրամշակման կարիք: Մասնավորապես` Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորման մեջ անհրաժեշտ է ներկայացնել այլ ապրանքների հետ համեմատական անցկացնող վերլուծական տվյալներ, որոնք կարող են դրվել տարբերակված վարչական պատասխանատվության հիմքում:

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկություններ չունենք:

 

_______________

ԻՐՏԵԿ - Ընդունող մարմնի կայքէջում (www.e-gov.am) պաշտոնական հրապարակման ամսաթիվ տրված չէ («Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք, հոդ. 23, մաս 7):

 

 

pin
ՀՀ կառավարություն
28.08.2025
N 1208-Լ
Որոշում