ԻՐՏԵԿ |
Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտն ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
4 սեպտեմբերի 2025 թվականի N 1243-Լ
«ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-1121-04.07.2025-ԱՍ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Մ. Գրիգորյան
2025 թ. սեպտեմբերի
Երևան
ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ «ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հայաստանի Հանրապետություն կառավարությունը կարևորում և կողմ է հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության ապահովման հնարավորությունների ընդլայնմանն ուղղված քայլերին:
Առաջարկում ենք «Զբաղվածության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` նախագիծ) վերանայել` հաշվի առնելով հետևյալ դիտարկումները:
1. Նախագծի վերնագրում «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ» բառերը փոխարինել «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ» բառով, քանի որ նախագծով կատարվում է միայն փոփոխություն:
2. «Զբաղվածության մասին» գործող օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի պահանջի համաձայն` զբաղվածության պետական քաղաքականության մշակման և իրականացման շրջանակներում լիազորված մարմինը և Միասնական սոցիալական ծառայությունը համագործակցում են գործատուների հետ` գործընկերային, փոխշահավետ և մշտական հարաբերությունների հաստատման, հետևողական ընդլայնման, խորացման և հետադարձ կապի ապահովման միջոցով:
Նախագծով առաջարկվում է զբաղվածության պետական քաղաքականության մշակման և իրականացման շրջանակներում միայն լիազորված մարմնի կողմից համագործակցումը գործատուների հետ, ինչը կարծում ենք չի համապատասխանում «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի կարգավորման տրամաբանությանը:
3. Առաջարկում ենք նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանել դրույթ, համաձայն որի` այն ոչ պետական կազմակերպությունների համար, որոնք դիմել են պետական աջակցությանն աշխատավայրում խելամիտ հարմարեցումների ապահովման համար, քվոտավորման պահանջը կառաջանա միայն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով աջակցություն տրամադրելու պարագայում:
4. Առաջարկում ենք նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանել, որ կազմակերպությունների աշխատողների միջին տարեկան քանակի որոշման ժամանակ չեն դիտարկվում պետական այն կազմակերպությունները, որոնց ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
5. Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածից հանել (այսուհետ` օրենք) բառերը` հիմք ընդունելով այն հանգամանքը, որ նախագծում «Զբաղվածության մասին» օրենքին հղում այլևս չի կատարվում:
6. Նախագծի 1-ին հոդվածով լրացվող օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասի «համայնքային հիմնարկների» բառերն առաջարկում ենք փոխարինել «համայնքային կառավարչական հիմնարկների» բառերով` հիմք ընդունելով հասկացության` «Համայնքային կառավարչական հիմնարկների մասին» օրենքում կիրառվող տարբերակը, ինչպես նաև նպատակ ունենալով այն համապատասխանեցնել նույն հոդվածի 4-րդ մասին:
7. Նախագծի 1-ին հոդվածի 9-րդ մասի համաձայն` քվոտայի պահանջը կատարված է համարվում, եթե մեկ հարկային տարում (հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը ներառյալ) սկսվող կամ ավարտվող 12-ամսյա ցանկացած ժամանակահատվածում առնվազն 275 օրացուցային օր քվոտավորման ենթակա յուրաքանչյուր աշխատատեղ զբաղեցված է եղել հաշմանդամություն ունեցող անձի կողմից:
Նկատի ունենալով, որ գործող կարգավորմամբ նախատեսված է առնվազն 183 օր աշխատելու պահանջ` առաջարկում ենք հիմնավորել 183 օրը 275 օրացուցային օրով փոխարինելու նպատակահարմարությունը:
8. Նախագծի 1-ին հոդվածով լրացվող օրենքի 20-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն` հաշմանդամություն ունեցող անձի կողմից քվոտավորման ենթակա աշխատատեղը լրացված լինելու մասին տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հարկային մարմին է ներկայացվում` «Եկամտային հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված գրանցման հայտի հիման վրա:
Նկատի ունենալով, որ «Եկամտային հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 21-ի ՀՕ-285-Ն օրենքի 1-ին հոդվածով նախագծի վերնագիրը փոփոխվել է, մասնավորապես` «Եկամտային հարկի» բառերից հետո լրացվել է «, շահութահարկի» բառով, հարկ ենք համարում նշել, որ վերոնշյալ կարգավորման մեջ կիրառվող օրենքի անվանումն անհրաժեշտ է վերանայել` նախատեսելով հետևյալ կերպ. «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենք:
9. Նախագծի 1-ին հոդվածով լրացվող օրենքի 20-րդ հոդվածի 15-րդ մասով նախատեսված է, որ սույն հոդվածի 9-րդ մասով սահմանված քվոտայի պահանջի չկատարման դեպքում կազմակերպությունը կատարում է մասհանում` մինչև քվոտայի պահանջն առաջանալու տարվան հաջորդող տարվա հունվարի 30-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Քանի որ հոդվածի 9-րդ մասով քվոտայի չափ չի սահմանվում, այլ նշվում է, թե երբ է քվոտայի պահանջը համարվում կատարված, իսկ քվոտայի պահանջ սահմանվում է սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով, առաջարկում ենք «9-րդ մասով» բառերը փոխարինել «3-րդ և 4-րդ մասերով» բառերով:
10. Հոդվածի 16-րդ մասի համաձայն` Քփ-ն տվյալ հարկային տարում կազմակերպության հաշմանդամություն ունեցող աշխատողների աշխատած օրերի (ներառյալ ամենամյա և (կամ) չվճարվող արձակուրդի, հղիության և ծննդաբերության արձակուրդի, ժամանակավոր անաշխատունակության, վերապատրաստման, գործուղման ժամանակահատվածները) հանրագումարն է:
Նկատի ունենալով, որ «և (կամ)» շաղկապների առկայությունը կարող է հանգեցնել տարբերվող հաշվարկների, գտնում ենք, որ հայեցողության դրսևորումից խուսափելու և օբյեկտիվ ցուցանիշներ ստանալու համար անհրաժեշտ է նախատեսել «և, կամ» շաղկապներից միայն մեկը` «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 16-րդ հոդվածից ելնելով` եթե նորմատիվ իրավական ակտում թվարկված բոլոր պայմանների առկայությունը պարտադիր է, ապա կարելի է կիրառել «և» կամ ու շաղկապը, իսկ Եթե նորմատիվ իրավական ակտում թվարկված բոլոր պայմաններից բավական է միայն մեկի առկայությունը, ապա կիրառել «կամ» շաղկապը:
11. Առաջարկում ենք նախագծի 1-ին հոդվածով լրացվող օրենքի 20-րդ հոդվածի 18-րդ մասը հանել, քանի որ 18-րդ մասի վերանայված ձևակերպումը նախատեսվել է նույն հոդվածի 17-րդ մասով:
12. Նախագծի 1-ին հոդվածով լրացվող օրենքի 20-րդ հոդվածի 19-րդ մասով սահմանվում է, որ մասհանումները հանդիսանում են նպատակային միջոցներ և օգտագործվում են հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքային, մասնագիտական վերականգնման, հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի տեղավորման նպատակներով` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Գործող կարգավորման համաձայն` մասհանումները հանդիսանում են նպատակային միջոցներ և օգտագործվում են հաշմանդամություն ունեցող անձանց առողջական, սոցիալական, աշխատանքային, մասնագիտական վերականգնման, հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի տեղավորման նպատակներով` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Վերոնշյալից պարզ է դառնում, որ գործող կարգավորմամբ` մասհանումներն օգտագործվում են նաև առողջական և սոցիալական նպատակներով, ուստի գտնում ենք, որ անհրաժեշտ է հիմնավորել, թե ինչով է պայմանավորված վերոնշյալ նպատակներով մասհանումների օգտագործման դրույթը հանելը:
13. Նախագծի 1-ին հոդվածով լրացվող օրենքի 20-րդ հոդվածի 23-րդ մասի համաձայն` սույն հոդվածի 14-րդ մասով նախատեսված ուղեգրի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, սակայն 14-րդ մասով ուղեգիր նախատեսված չէ, ինչից ելնելով` գտնում ենք, որ վերոնշյալ կարգավորումն անհրաժեշտ է վերանայել:
14. Քանի որ պետական ոչ առևտրային կազմակերպություններում, մասնավորապես` արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների համար աշխատողների միջին թիվը հաշվարկվելիս ներառում են նաև համատեղությամբ կամ ժամավճարով աշխատողներին, ուստի առաջարկում ենք օրենքի նախագծում «աշխատող» բառից առաջ լրացնել «հիմնական» բառը:
15. Նախագծի հիմնավորման «Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը» 1-ին կետի 5-րդ պարբերությամբ ներկայացված ցուցանիշները, համաձայն Արմստատի «Աշխատանքի շուկան Հայաստանում, 2024» հրապարակման, վերաբերում են ոչ թե 15-74, այլ 15 և բարձր տարիքի հաշմանդամություն ունեցող բնակչությանը: Ըստ այդմ` հիմնավորման նշված հատվածում առաջարկվում է կատարել համապատասխան փոփոխություններ:
16. Սույն նախագծով կամ այլ օրենսդրական ակտերով անհրաժեշտ է կարգավորել հանրային ծառայության համակարգում թափուր հաստիքները հաշմանդամություն ունեցող անձանցով համալրելու մեխանիզմները` հաշվի առնելով ոլորտային օրենսդրությամբ սահմանված մրցույթների անցկացման սկզբունքները, խտրական դրսևորումները բացառելով: Նախագծում անհրաժեշտ է ներառել այնպիսի կարգավորումներ, որոնցով քվոտայի սահմանման դեպքում հաշվի առնվեն թափուր հաստիքների առկայությունը, ինչպես նաև հաստիքների ամբողջական համալրված լինելը` չդիտարկելու համար նման իրավիճակները քվոտայի պահանջի խախտում:
17. Նախագծի 1-ին հոդվածում հիշատակվող օրենքների վերնագրերից հանել «Հայաստանի Հանրապետության» բառերը` «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան:
18. Նախագծի 1-ին հոդվածի 7-րդ և 17-րդ մասերում բացել «ՀՀ» հապավումները, իսկ 7-րդ մասում` «ՊՈԱԿ-ի» հապավումը` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասը:
19. Նախագծի 2-րդ հոդվածի համաձայն` «Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը»: Նկատի ունենալով, որ նախագծով առաջարկվող կարգավորումների կիրարկումն ապահովելու համար կպահանջվի որոշակի ժամանակահատված` առաջարկում ենք նախագծի ուժի մեջ մտնելու ժամկետ սահմանել 2027 թվականի հունվարի 1-ը: