ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ
դատարանի որոշում թիվ ԵԴ/36794/02/19
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/36794/02/19 2025 թ.
Նախագահող դատավոր` Լ. Հովհաննիսյան
Դատավորներ` Ս. Թորոսյան
Ն. Մարգարյան
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող Գ. Հակոբյան
զեկուցող Ս. Մեղրյան
Ա. Աթաբեկյան
Ն. Հովսեփյան
Ա. Մկրտչյան
Է. Սեդրակյան
Վ. Քոչարյան
2025 թվականի հունիսի 26-ին
գրավոր ընթացակարգով քննելով ըստ Սրբուհի Խարբութլյանի հայցի ընդդեմ Մուշեղ Դավթյանի` անշարժ գույքի նկատմամբ համատեղ սեփականության իրավունքը ճանաչելու և այդ գույքից բաժին առանձնացնելու պահանջների մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.03.2023 թվականի որոշման դեմ Մուշեղ Դավթյանի բերած վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Սրբուհի Խարբութլյանը պահանջել է ճանաչել իր համատեղ սեփականության իրավունքը Երևանի Նոր Արեշի 34-րդ փողոցի թիվ 34 տան նկատմամբ և այդ տնից առանձնացնել իրեն պատկանող 1/2-րդ բաժինը, իսկ այն առանձնացնելու ակնհայտ աննպատակահարմարության ու պատասխանող Մուշեղ Դավթյանի կողմից իրեն պատկանող բաժնի շուկայական արժեքը վճարելուց հրաժարվելու դեպքում այդ տունը վաճառել հրապարակային սակարկություններով և ստացված գումարը բաշխել իրենց միջև` իրենց բաժիններին համաչափ:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 29.09.2022 թվականի վճռով հայցը բավարարվել է` ճանաչվել է Սրբուհի Խարբութլյանի համատեղ սեփականության իրավունքը Երևանի Նոր Արեշի 34-րդ փողոցի թիվ 34 տան նկատմամբ, ինչպես նաև վճռվել է Երևանի Նոր Արեշի 34-րդ փողոցի թիվ 34 տունը վաճառել հրապարակային սակարկություններով և վաճառքից առաջացած գումարը բաշխել Սրբուհի Խարբութլյանի ու Մուշեղ Դավթյանի միջև` յուրաքանչյուրին իր 1/2-րդ բաժնին համապատասխան. Մուշեղ Դավթյանից հօգուտ Սրբուհի Խարբութլյանի բռնագանձվել է 150.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 23.03.2023 թվականի որոշմամբ Մուշեղ Դավթյանի բերած վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 29.09.2022 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Վճռաբեկ բողոք է ներկայացրել Մուշեղ Դավթյանը (ներկայացուցիչ Հրանտ Կարապետյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Սրբուհի Խարբութլյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 57-59-րդ և 62-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ ամուսնության ընթացքում ամուսիններից մեկի նվեր ստացված գույքը հանդիսանում է նրա միանձնյա սեփականությունը, և այդ գույքի իրացման արդյունքում գոյացած միջոցների հաշվին այլ գույք ձեռք բերելու պարագայում տեղի է ունենում նվեր ստացված գույքի փոխակերպում մեկ այլ գույքով, որի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով չի կարող ծագել ամուսինների ընդհանուր համատեղ սեփականության իրավունք: Այլ կերպ ասած, եթե միանձնյա սեփականության օտարման արդյունքում գոյացած դրամական միջոցները` որպես նվեր ստացված անշարժ գույքի համարժեքային օբյեկտ, չեն հանդիսացել ամուսինների համատեղ սեփականությունը, ապա բացառապես այդ միջոցներով ձեռք բերված գույքը ևս պետք է դիտարկվի որպես դրանց համարժեք փոխակերպման արդյունք` կրկին միանձնյա սեփականություն:
Ստորադաս դատարանները հաշվի չեն առել, որ վիճելի գույքը ձեռք է բերվել բացառապես որպես նվեր ստացված գույքի օտարումից գոյացած միջոցներով, նշված իրավական հարցը նրանք քննարկման առարկա չեն դարձրել: Ավելին` գործի համար նշանակություն չունեցող են համարվել և չեն գնահատվել իր կողմից ներկայացված այն ապացույցները, որոնցով հիմնավորվել է, որ վեճի առարկա անշարժ գույքը ձեռք է բերել միայն այդ միջոցներով:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 23.03.2023 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցը մերժել:
2.1. Սրբուհի Խարբութլյանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը և հիմնավորումները
Վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման, քանի որ Վերաքննիչ դատարանը կայացրել է օրինական ու հիմնավորված դատական ակտ:
Վիճելի անշարժ գույքը հանդիսանում է համատեղ ամուսնական կյանքի ընթացքում ձեռքբերված գույք և չի դասվում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածով նախատեսված բացառությունների շարքին, քանի որ այն ձեռք է բերվել գրանցված ամուսնության ընթացքում հատուցելի պայմանագրի արդյունքում, այսինքն` չի հանդիսանում նվեր կամ ժառանգություն ստացած գույք: Մուշեղ Դավթյանի փաստարկն առ այն, որ ինքը սեփականության իրավունքով` միայն իրեն պատկանող 32.680.000 ՀՀ դրամի մի մասը` 21.400.000 ՀՀ դրամը, փոխակերպել է վիճելի անշարժ գույքով, որի արդյունքում, ըստ էության, նոր գույք ձեռք չի բերել, որևէ նշանակություն չունի սույն քաղաքացիական գործի լուծման համար, քանի որ վիճելի անշարժ գույքը ձեռք է բերվել համատեղ ամուսնության ընթացքում, որպիսի պայմաններում նշանակություն չունի այն հանգամանքը, թե արդյոք գույքը ձեռք է բերվել ընդհանուր, թե ամուսիններից մեկին պատկանող միջոցներով:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) Մուշեղ Դավթյանը և Սրբուհի Խարբութլյանն ամուսնացել են 22.08.2000 թվականին (հատոր 1-ին, գ. թ. 24).
2) 19.07.2008 թվականին կնքված անշարժ գույքի (բնակելի տուն) նվիրատվության պայմանագրով Բորիս Դավիդյանը Մուշեղ Դավթյանին է նվիրել Երևանի Դավիթ Բեկի փողոցի թիվ 22 հասցեում գտնվող անշարժ գույքը, իսկ Մուշեղ Դավթյանը որպես նվեր է ընդունել այն: Նշված պայմանագիրը վավերացվել է նոտարական կարգով (հատոր 1-ին, գ. թ. 50).
3) 02.03.2010 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով Մուշեղ Դավթյանը վաճառել է, իսկ Լարիսա Նիկոյանը որպես սեփականություն ձեռք է բերել Երևանի Էրեբունի համայնքի Դավիթ-Բեկի փողոցի թիվ 22 հասցեում գտնվող անշարժ գույքը: Կողմերի փոխադարձ համաձայնությամբ նշված անշարժ գույքի վաճառքի գինը կազմել է 32.680.000 ՀՀ դրամ: Նշված պայմանագիրը վավերացվել է նոտարական կարգով (հատոր 1-ին, գ. թ. 48).
4) 18.03.2010 թվականին կնքված անշարժ գույքի (բնակելի տուն, հող, նկուղ) առուվաճառքի պայմանագրով Ռոբերտ Կարապետյանը և Սիլվա Հակոբյանը վաճառել են, իսկ Մուշեղ Դավթյանը որպես սեփականություն ձեռք է բերել Երևանի Նոր Արեշի 34-րդ փողոցի թիվ 34 հասցեում գտնվող անշարժ գույքը: Կողմերի համաձայնությամբ նշված անշարժ գույքի վաճառքի գինը կազմել է 21.400.000 ՀՀ դրամ: Նշված պայմանագիրը վավերացվել է նոտարական կարգով, իսկ այդ պայմանագրից բխող իրավունքը գրանցվել է, որի հիման վրա Մուշեղ Դավթյանին 22.03.2010 թվականին տրվել է անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 2426338 վկայականը (հատոր 1-ին, գ. թ. 44-47).
5) Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Էրեբունու անձնագրային բաժանմունքի կողմից 25.11.2021 թվականին տրված թիվ 8/7 6259 տեղեկանքի համաձայն` Սրբուհի Խարբութլյանին 19.09.1998 թվականին տրվել է ՀՀ քաղաքացու անձնագիր, որը ազգանվան փոփոխման կապակցությամբ փոխանակվել է և 15.09.2000 թվականին վերջինիս ՀՀ քաղաքացու անձնագիր է տրվել Սրբուհի Դավթյան անձնական տվյալներով: 05.03.2021 թվականին ամուսնալուծության վկայականի հիմքով, ազգանվան փոփոխման կապակցությամբ, վերջինիս ՀՀ քաղաքացու անձնագիր է տրվել Սրբուհի Խարբութլյան անձնական տվյալներով (հատոր 2-րդ, գ. թ. 64):
4. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐԸ
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1 ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի հոդվածի 1-ին և 2-րդ կետերի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:
Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով նախկինում արտահայտած դիրքորոշումները, անհրաժեշտ է համարում անդրադառնալ ամուսիններից մեկին անձնական սեփականության իրավունքով պատկանող գույքը (այսուհետ` «անձնական գույք») ամուսնության ընթացքում օտարելու արդյունքում ստացված դրամական միջոցների, ինչպես նաև այդ միջոցներով ամուսնության ընթացքում ձեռք բերված այլ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման առանձնահատկություններին:
ՀՀ ընտանեկան օրենսգրքի 26-րդ հոդվածի համաձայն` ամուսինների ընդհանուր համատեղ սեփականության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Քաղաքացիական օրենսգրքով, ինչպես նաև ամուսինների միջև կնքված ամուսնական պայմանագրով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած գույքը նրանց համատեղ սեփականությունն է, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ նրանց միջև կնքված պայմանագրով:
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` մինչև ամուսնությունն ամուսիններից յուրաքանչյուրի գույքը, ինչպես նաև ամուսնության ընթացքում ամուսիններից մեկի նվեր կամ ժառանգություն ստացած գույքը նրա սեփականությունն է:
Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` անհատական օգտագործման գույքը (հագուստը, կոշիկը և այլն), բացառությամբ թանկարժեք իրերի և պերճանքի առարկաների, եթե նույնիսկ այն ձեռք է բերվել ամուսնության ընթացքում ամուսինների ընդհանուր միջոցների հաշվին, համարվում է այն ամուսնու սեփականությունը, որն այդ գույքն օգտագործել է:
Նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն` ամուսիններից յուրաքանչյուրի գույքը կարող է ճանաչվել նրանց համատեղ սեփականություն, եթե պարզվի, որ ամուսնության ընթացքում ամուսինների ընդհանուր գույքի կամ մյուս ամուսնու անձնական գույքի հաշվին կատարվել են ներդրումներ, որոնք նշանակալի չափով ավելացրել են այդ գույքի արժեքը (հիմնական վերանորոգում, վերակառուցում, վերասարքավորում և այլն), եթե այլ բան նախատեսված չէ ամուսինների միջև կնքված պայմանագրով:
Վերը նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ ՀՀ ընտանեկան օրենսգիրքը որպես ամուսինների ընդհանուր համատեղ սեփականության հետ կապված հարաբերությունները կարգավորող օրենսդրություն է համարում ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը` միաժամանակ չբացառելով այդ հարաբերությունների կարգավորումն ամուսինների միջև կնքված ամուսնական պայմանագրով:
Այսպես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված համապատասխան իրավակարգավորմամբ օրենսդիրը նախատեսել է, որ ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած գույքը նրանց համատեղ սեփականությունն է, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ նրանց միջև կնքված պայմանագրով: Միևնույն ժամանակ օրենսդիրը կարգավորել է նաև մինչև ամուսնությունն ամուսիններից յուրաքանչյուրի ունեցած գույքի, ինչպես նաև ամուսնության ընթացքում ամուսիններից մեկի նվեր կամ ժառանգություն ստացած գույքի պատկանելիության հարցը` սահմանելով, որ այդպիսի գույքը հանդիսանում է միայն տվյալ ամուսնու սեփականությունը: Նշված գույքի շարքին դասվում է նաև անհատական օգտագործման այն գույքը (հագուստը, կոշիկը և այլն), որն օգտագործվում է տվյալ ամուսնու կողմից, բացառությամբ թանկարժեք իրերի և պերճանքի առարկաների, եթե նույնիսկ այն ձեռք է բերվել ամուսնության ընթացքում ամուսինների ընդհանուր միջոցների հաշվին:
Բացի այդ, օրենսդիրը չի բացառել նաև այնպիսի դեպքը, երբ որոշակի հանգամանքների առկայության պայմաններում ամուսիններից յուրաքանչյուրի գույքը կարող է ճանաչվել ամուսինների համատեղ սեփականությունը: Այդպիսին դեպք է, օրինակ, այն իրավիճակը, երբ պարզվում է, որ ամուսնության ընթացքում ամուսինների ընդհանուր գույքի կամ մյուս ամուսնու անձնական գույքի հաշվին կատարվել են ներդրումներ, որոնք նշանակալի չափով ավելացրել են ամուսիններից մեկին սեփականության իրավունքով պատկանող գույքի արժեքը (հիմնական վերանորոգում, վերակառուցում, վերասարքավորում և այլն), եթե ամուսինների միջև կնքված պայմանագրով դրա հետ կապված այլ բան չի նախատեսվել:
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով ամուսինների համատեղ սեփականության հարցին, մասնավորապես արձանագրել է, որ ամուսինների միջև համապատասխան պայմանագրի բացակայության դեպքում ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքը, անկախ նրանից, թե այն որ ամուսինն է ձեռք բերել, ձեռք է բերվել ընդհանուր, թե ամուսիններից մեկին պատկանող միջոցներով, ստեղծվել է կամ պատրաստվել երկուսի, թե մեկի կողմից, ում անունով է ձևակերպված, միևնույնն է, հանդիսանում է ամուսինների համատեղ սեփականությունը` բացի ամուսնության ընթացքում ամուսիններից մեկի նվեր կամ ժառանգություն ստացած գույքի (տե՛ս Ռաֆայել Աբազյանը և Անժիկ Երիցյանն ընդդեմ Ռուբեն Աբազյանի ու մյուսների թիվ 3-415(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.06.2007 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի իմաստով բացառությունների թվին է դասել նաև անհատույց սեփականաշնորհման հիմքով ձեռք բերված գույքը (տե՛ս Գարիկ Կուրդիյանն ընդդեմ Թագուհի Կուրդիյանի և մյուսների թիվ 3-506 (ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.03.2007 թվականի որոշումը, Ռուզաննա Ծատուրյանն ընդդեմ Գևորգ Թաթոսյանի և մյուսների թիվ ԵԱՔԴ/2304/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.06.2009 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ ամուսնության ընթացքում ամուսիններից մեկին սեփականության իրավունքով պատկանող գույքը կարող է ճանաչվել ամուսինների համատեղ սեփականության իրավունքը հետևյալ վավերապայմանների միաժամանակյա առկայության դեպքում`
ա) ամուսնության ընթացքում ամուսինների ընդհանուր գույքի կամ մյուս ամուսնու անձնական գույքի հաշվին ներդրումներ կատարելը.
բ) գույքի արժեքի նշանակալի չափով ավելանալը.
գ) կատարված ներդրման և արժեքի ավելացման միջև պատճառահետևանքային կապի առկայությունը (տե՛ս Ռուզաննա Խաչիկյանն ընդդեմ Անդրե Ջելոյանի թիվ 3-422(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 20.06.2008 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ բացահայտելով նշված պայմաններից առաջինի բովանդակությունը` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ամուսնության ընթացքում ամուսինների ընդհանուր գույքի կամ մյուս ամուսնու անձնական գույքի հաշվին ներդրումները կարող են դրսևորվել դրամական միջոցներ տրամադրելով, գույքի արժեքի նշանակալի չափով ավելացմանը հանգեցնող բնեղեն միջոցներ տրամադրելով, ինչպես նաև սեփականության իրավունքի ճանաչման պահանջ ներկայացնող ամուսնու անձնական աշխատանքի միջոցով, որի արդյունքում առկա դրամական կամ այլ ռեսուրսների հետ միասին իրականացվել է հիմնական վերանորոգում, վերակառուցում, վերասարքավորում և այլն:
Անդրադառնալով գույքի արժեքի նշանակալի չափով ավելացմանը` ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ գույքի արժեքի նշանակալի չափով ավելանալը կարող է դրսևորվել գույքի վրա կատարված որոշակի փոփոխություններով, որոնք ավելացնում են գույքի որակական (շահագործման, սպառողական և այլ) հատկանիշները և, հետևաբար, նաև գույքի արժեքը:
Օրենսդիրն ընդհանուր կերպով թվարկում է այն գործողությունները, որոնք կարող են հանգեցնել գույքի արժեքի նշանակալի չափով ավելացմանը: Դրանք դրսևորվում են հիմնական վերանորոգման, վերակառուցման, վերասարքավորման ձևերով, որոնք, սակայն, սպառիչ չեն:
ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ վերոնշյալ պայմանի ապահովման համար անհրաժեշտ է որոշել գույքի շուկայական արժեքը` մինչև ներդրումները կատարելը և դրանից հետո:
ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել նաև հավելել, որ գույքի արժեքի ավելացումը պետք է լինի նշանակալի, ինչը յուրաքանչյուր գործով գնահատման ենթակա հանգամանք է:
Անդրադառնալով կատարված ներդրման և արժեքի նշանակալի ավելացման միջև պատճառահետևանքային կապի առկայության պայմանին` ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ այն վերը նշված երկու պայմանների տրամաբանական շարունակությունն է, ուստի միայն վերը նշված երկու պայմանների առկայությունից հետո դատարանը պետք է քննարկի պատճառահետևանքային կապի առկայությունը:
ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ ներկայացված հայցի հիմքի շրջանակներում յուրաքանչյուր գործով դատարանները պետք է քննարկման առարկա դարձնեն ամուսիններից մեկի ներդրման առկայությունը, դրա արդյունքում գույքի արժեքի նշանակալի չափով ավելացումը կամ ամուսինների ընդհանուր գույքի հաշվին ներդրման առկայությունը և դրա արդյունքում գույքի արժեքի նշանակալի չափով ավելացումը (տե՛ս Լուսինե Ասլանյանն ընդդեմ Գագիկ Ասլանյանի թիվ ԿԴ1/0415/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2013 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է նաև ամուսիններից մեկի կողմից նրանց ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքն օտարելու արդյունքում ստացված դրամական միջոցների նկատմամբ ամուսինների համատեղ սեփականության իրավունք ունենալու հարցին: ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դրամը` որպես քաղաքացիական իրավունքի օբյեկտ, ունի որոշակի առանձնահատկություններ: Մասնավորապես` մի դեպքում այն կարող է հանդիսանալ քաղաքացիական իրավահարաբերությունների ինքնուրույն, մեկ այլ դեպքում` որպես այդ հարաբերությունների համարժեքային (էկվիվալենտային) օբյեկտ: Ամուսինների համատեղ սեփականությունը հանդիսացող գույքային զանգվածի կազմում դրամական միջոցները կարող են ներգրավվել`
- ուղղակիորեն, օրինակ` որպես ամուսիններից մեկի աշխատավարձ, հոնորար, շահաբաժին կամ այլ եկամուտ.
- անուղղակիորեն` որպես այդ գույքային զանգվածի կազմի մեջ մտնող մեկ այլ գույքի համարժեք, օրինակ` ամուսինների համատեղ սեփականությունը հանդիսացող գույքի վաճառքից ստացված դրամական միջոցները:
Վերջինիս պարագայում, ըստ էության, տեղի է ունենում ամուսինների համատեղ սեփականություն հանդիսացող մի գույքի փոխակերպում մեկ այլ գույքով (տե՛ս Սամվել Մելիքյանն ընդդեմ Առլեթ Ավաքյանի թիվ ԵԿԴ/1418/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով նախկինում արտահայտած վերը նշված դիրքորոշումները և նպատակ ունենալով զարգացնելու ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածը, անհրաժեշտ է համարում անդրադառնալ ամուսիններից մեկի անձնական գույքն ամուսնության ընթացքում օտարելու արդյունքում ստացած միջոցների հաշվին ձեռք բերված նոր գույքի նկատմամբ ամուսինների սեփականության իրավունքի ծագման հարցին:
Սահմանադրության 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով` որպես անմիջականորեն գործող իրավունք:
Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և հավասարապես պաշտպանվում են սեփականության բոլոր ձևերը:
Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` ժառանգելու իրավունքը երաշխավորվում է:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` հանրության շահերի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` ոչ ոք չի կարող զրկվել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով` օրենքով սահմանված դեպքերի:
Սահմանադրության 78-րդ հոդվածի համաձայն` հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը:
Սահմանադրության 80-րդ հոդվածի համաձայն` հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ նույն գլխում ամրագրված դրույթների էությունն անխախտելի է:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք: Ոչ ոքի չի կարելի զրկել նրան պատկանող գույքից, բացառությամբ ի շահ հանրության և այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով: (...):
ՀՀ ընտանեկան օրենսգրքի 26-րդ հոդվածի համաձայն` ամուսինների ընդհանուր համատեղ սեփականության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Քաղաքացիական օրենսգրքով, ինչպես նաև ամուսինների միջև կնքված ամուսնական պայմանագրով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացիական օրենսդրությունը հիմնվում է իր կողմից կարգավորվող հարաբերությունների մասնակիցների հավասարության, կամքի ինքնավարության և գույքային ինքնուրույնության, սեփականության անձեռնմխելիության, պայմանագրի ազատության, մասնավոր գործերին որևէ մեկի կամայական միջամտության անթույլատրելիության, քաղաքացիական իրավունքների անարգել իրականացման անհրաժեշտության, խախտված իրավունքների վերականգնման ապահովման, դրանց դատական պաշտպանության սկզբունքների վրա:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 8-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիական իրավական նորմերը պետք է մեկնաբանվեն դրանցում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ: Քաղաքացիական իրավական նորմերի տեքստում կիրառվող բառերի և արտահայտությունների տարբեր ձևերով մեկնաբանման դեպքում, նախապատվությունը տրվում է նույն օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետում շարադրված` քաղաքացիական օրենսդրության սկզբունքներին համապատասխանող մեկնաբանմանը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` սեփականության իրավունքը սուբյեկտի` օրենքով և այլ իրավական ակտերով ճանաչված ու պահպանվող իրավունքն է` իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրեն պատկանող գույքը: (...):
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` սեփականատերն իրավունք ունի իրեն պատկանող գույքի նկատմամբ, իր հայեցողությամբ, կատարել օրենքին չհակասող և այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը չխախտող ցանկացած գործողություն, այդ թվում` իր գույքը որպես սեփականություն օտարել այլ անձանց, նրանց փոխանցել այդ գույքի օգտագործման, տիրապետման և տնօրինման իրավունքները, գույքը գրավ դնել կամ տնօրինել այլ եղանակով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` համատեղ սեփականության մասնակիցները միասին տիրապետում և օգտագործում են ընդհանուր գույքը, եթե այլ բան նախատեսված չէ նրանց համաձայնությամբ:
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` համատեղ սեփականության ներքո գտնվող գույքը տնօրինվում է բոլոր մասնակիցների համաձայնությամբ, անկախ այն բանից, թե մասնակիցներից ով է կնքում գույքը տնօրինելու գործարքը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 279-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` սեփականության իրավունքը դադարում է սեփականատիրոջ կողմից իր գույքն օտարելու, սեփականության իրավունքից հրաժարվելու, գույքը ոչնչացնելու և գույքի նկատմամբ սեփականության իրավունքի կորստի` օրենքով նախատեսված այլ դեպքերում:
Մինչև 23.05.2020 թվականը գործած խմբագրությամբ նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` չի թույլատրվում սեփականատիրոջ գույքը հարկադրաբար վերցնել կամ առգրավել, բացի այն դեպքերից, երբ օրենքով նախատեսված հիմքերով`
1) պարտավորությունների համար գույքի վրա տարածվում է բռնագանձում (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 281-րդ հոդված).
2) օտարվում է այն գույքը, որն օրենքի ուժով չի կարող պատկանել տվյալ անձին (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 282-րդ հոդված).
3) սեփականությունն օտարվում է հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 218-րդ հոդված).
4) վերցվում են անտնտեսվար պահվող մշակութային արժեքները (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 284-րդ հոդված).
5) կատարվում է ռեկվիզիցիա (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 285-րդ հոդված).
6) կատարվում է բռնագրավում (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 288-րդ հոդված).
7) իրավաբանական անձը դատարանի վճռով վերակազմակերպվում կամ լուծարվում է (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 63-րդ և 67-րդ հոդվածներ).
8) գույքն օտարվում է` նույն օրենսգրքի 197-րդ հոդվածի 4-րդ կետով, 208-րդ և 220-րդ հոդվածներով նախատեսված դեպքերում:
Նկատի ունենալով այն, որ անձնական գույքի փոխակերպումն ընդհանուր համատեղ սեփականության ենթադրում է գույքի սեփականատիրոջ` օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու ու տնօրինելու հիմնարար իրավունքի էական սահմանափակում այն իմաստով, որ նման փոխակերպումից հետո գույքի սեփականատերը զրկվում է տվյալ գույքը տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավազորությունները բացառապես իր հայեցողությամբ իրականացնելու հնարավորությունից, գույքը տիրապետելու և օգտագործելու իրավազորություններն օրենքի ուժով իրականացնում է համատեղ սեփականության մյուս մասնակցի հետ միասին, իսկ տնօրինման իրավազորությունը` նրա համաձայնությամբ, ինչպես նաև ընդհանուր սեփականության մասնակիցը ձեռք է բերում ընդհանուր գույքում իր բաժինը որոշելուց հետո այն բաժանելու կամ ընդհանուր գույքից իր բաժինն առանձնացնելու իրավունք` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ամուսնության ընթացքում ամուսիններից մեկի անձնական գույքն ընդհանուր սեփականության փոխակերպվելու հնարավորության հարցին անդրադառնալ սեփականության իրավունքի անձեռնմխելիության, այդ իրավունքի սահմանափակման նպատակի իրավաչափության, համարժեքության ու սեփականության իրավունքի ապահովման շարունակականության տեսանկյունից:
Նախ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ, ինչպես նշվեց վերը, ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը նախատեսում է ամուսինների անձնական գույքը համատեղ սեփականության փոխակերպելու միայն մեկ հիմք` սահմանելով, որ ամուսիններից յուրաքանչյուրի գույքը կարող է ճանաչվել նրանց համատեղ սեփականություն, եթե պարզվի, որ ամուսնության ընթացքում ամուսինների ընդհանուր գույքի կամ մյուս ամուսնու անձնական գույքի հաշվին կատարվել են ներդրումներ, որոնք նշանակալի չափով ավելացրել են այդ գույքի արժեքը (հիմնական վերանորոգում, վերակառուցում, վերասարքավորում և այլն), եթե այլ բան նախատեսված չէ ամուսինների միջև կնքված պայմանագրով:
Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով սեփականության անձեռնմխելիության սկզբունքը, սեփականազրկման հետ չկապված հիմքերով սեփականության իրավունքի դադարման դեպքում սեփականության իրավունքի շարունակականությունն ապահովելու սահմանադրաիրավական անհրաժեշտությունը, որն արձանագրվել է Սահմանադրական դատարանի 18.04.2006 թվականի թիվ ՍԴՈ-630 և 13.07.2010 թվականի թիվ ՍԴՈ-903 որոշումներով, հարկ է համարում դրսևորել անհրաժեշտ հետևողականություն և փաստել, որ ամուսնու անձնական սեփականություն հանդիսացող գույքի օտարման պարագայում ևս կարող է տեղի ունենալ սեփականություն հանդիսացող մի գույքի (օտարվող անձնական գույքի) փոխակերպում մեկ այլ գույքով (դրամական միջոցների կամ այլ գույքի), ընդ որում` առանց սեփականության իրավունքի բնույթի փոփոխության, այն է` անձնական սեփականությունն ընդհանուր համատեղ սեփականության փոխակերպվելու, եթե այլ բան նախատեսված չէ ամուսինների միջև համաձայնությամբ:
Սահմանադրական դատարանը 31.01.2017 թվականի ՍԴՈ-1340 և 14.09.2021 թվականի ՍԴՈ-1609 որոշումներով իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին ու 2-րդ մասերում ամրագրված դրույթները կազմում են սեփականության իրավունքի հիմնական բովանդակությունը` ամրագրելով այն իրավազորությունները, որոնցից յուրաքանչյուր ոք անարգել պետք է կարողանա օգտվել սեփականության հիմնական իրավունքն իրականացնելիս, այսինքն` անձը պետք է առանց որևէ խոչընդոտի կարողանա իրականացնել սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու իրավունքը, օգտագործելու իրավունքը, տնօրինելու, ինչպես նաև ժառանգելու իրավունքը: Միևնույն ժամանակ, սահմանադիրը որոշակի դեպքերում և նպատակներով պայմանավորված` սեփականության իրավունքին միջամտությունը համարել է ընդունելի: Մասնավորապես` Սահմանադրության 60-րդ հոդվածի 3-րդ մասն ամրագրում է սեփականության իրավունքի սահմանափակման հնարավորություն, ըստ որի`
- սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով, որից բխում է, որ օրենքը պետք է բավարարի իրավական օրենքին ներկայացվող` Սահմանադրական դատարանի որոշումներում բազմիցս արտացոլված, պահանջները,
- սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել հանրության շահերի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով,
- սեփականության իրավունքի սահմանափակումը պետք է համապատասխանի որոշակիության և համաչափության սահմանադրական սկզբունքներին ու չի կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված սահմանափակումները:
Սահմանադրական դատարանն ընդգծել է, որ նշված պայմանների առկայությունն անհրաժեշտ է իրավունքն իրավաչափորեն սահմանափակելու համար:
Դիտարկելով ամուսնու անձնական սեփականություն համարվող գույքն ընդհանուր համատեղ սեփականության փոխակերպումը որպես միջամտություն սեփականության իրավունքին և Սահմանադրության 60-րդ հոդվածի 3-րդ մասում ամրագրված սահմանադրական դրույթի իմաստով այդ իրավունքի սահմանափակում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ օրենքով ուղղակիորեն ու որոշակիորեն չնախատեսված հիմքով անձնական գույքի նկատմամբ սեփականության իրավունքի սահմանափակումն անհարկի և անհամամասն միջամտություն է սեփականության սահմանադրական իրավունքին, ինչը, իր հերթին, հակասում է հիմնական իրավունքների ու ազատությունների վերաբերյալ սահմանադրական դրույթների էության անխախտելիության սահմանադրական պահանջին:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ թիվ ԵԿԴ/1418/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումից ուղղակիորեն բխում է, որ ընդհանուր գույքի օտարման արդյունքում գույքի նկատմամբ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը փոխակերպվում է դրամական միջոցների նկատմամբ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքի. նման փոխակերպման արդյունքում փոփոխվում է միայն սեփականության իրավունքի օբյեկտը, իսկ սեփականության իրավունքի մասնակիցները մնում են անփոփոխ: Հետևում է նաև, որ, հաշվի առնելով դրամի, որպես սեփականության օբյեկտի համարժեք լինելու առանձնահատկությունը, անձնական գույքը դրա դրամային համարժեքի, իսկ վերջինս, իր հերթին, այլ գույքի վերածվելու պարագայում իրավունքի փոխակերպված օբյեկտի (համապատասխանաբար` դրամական միջոցների և դրանց հաշվին ձեռք բերված այլ գույքի) նկատմամբ ևս ծագում է անձնական, այլ ոչ ընդհանուր համատեղ սեփականության իրավունք` անկախ նշված փաստն ամուսնության ընթացքում տեղի ունեցած լինելու իրողությունից, քանի որ ՀՀ վճռաբեկ դատարանի վերը ներկայացված դիրքորոշման տրամաբանությամբ տեղի է ունենում «գույքի նկատմամբ անձնական սեփականության իրավունքի» փոխակերպում դրա համարժեքի` դրամական միջոցների նկատմամբ անձնական սեփականության իրավունքի, իսկ ապա` դրամական միջոցների նկատմամբ անձնական սեփականության իրավունքի փոխակերպում այլ անձնական գույքի:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում կրկին ընդգծել, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 4-րդ կետի բովանդակությունից ուղղակիորեն բխում է, որ ամուսինների անձնական գույքը կարող է ճանաչվել նրանց համատեղ սեփականություն միայն այն պարագայում, եթե պարզվի, որ ամուսնության ընթացքում ամուսինների ընդհանուր գույքի կամ մյուս ամուսնու անձնական գույքի հաշվին կատարված ներդրումների հաշվին նշանակալի չափով ավելացրել է այդ գույքի արժեքը (հիմնական վերանորոգում, վերակառուցում, վերասարքավորում և այլն), եթե այլ բան նախատեսված չէ ամուսինների միջև կնքված պայմանագրով:
Քանի որ բացառապես անձնական գույքի կամ նման գույքի օտարումից ստացված դրամական միջոցների հաշվին ամուսնության ընթացքում նոր գույքի ձեռքբերման ժամանակ ամուսինների ընդհանուր գույքի կամ մյուս ամուսնու անձնական միջոցների հաշվին որևէ ներդրում չի կատարվում, նոր գույքի ձեռքբերման արդյունքում ամուսիններին պատկանող ընդհանուր որևէ գույքի (կամ ամբողջ գույքային զանգվածի) արժեքի ավելացում տեղի չի ունենում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նման պայմաններում, Սահմանադրության 60-րդ հոդվածի 3-րդ մասում ամրագրված սահմանադրական դրույթի իմաստով, անձնական գույքի հարկադիր փոխակերպումն ընդհանուր գույքի իրավաչափ նպատակ հետապնդել չի կարող` պայմանավորված պաշտպանության ենթակա շահի (իրավունքի) բացակայությամբ:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին կետի դրույթն ամբողջականանում է նույն հոդվածի այլ դրույթների, Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի, 78-րդ ու 80-րդ հոդվածների հետ օրգանական փոխկապակցվածության համատեքստում: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին կետում օգտագործված «ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերված գույք» հասկացության ցանկացած իրավաընկալում չի կարող շրջանցել սահմանադրական պահանջները, սեփականության անձեռնմխելիության, իրավունքի անարգել իրականացման, մասնավոր գործերին կամայական միջամտության անթույլատրելիության քաղաքացիաիրավական սկզբունքները և անտեսել Սահմանադրության 60-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթն այն մասին, որ սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` հանրության շահերի կամ այլոց հիմնական իրավունքների ու ազատությունների պաշտպանության նպատակով: Հակառակ մոտեցումը չի երաշխավորում իրավական պետության չափանիշներին համարժեք արդարացի հավասարակշռություն անձի սեփականության իրավունքի և այլոց իրավունքների (շահերի) միջև` հակասելով սեփականության հիմնական իրավունքի բուն էությանը:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամուսինների անձնական գույքի օտարման արդյունքում ստացված միջոցների հաշվին ամուսնության ընթացքում ձեռք բերված այլ գույքի նկատմամբ ամուսնու սեփականության իրավունքը ճանաչելու, այդպիսի գույքն ամուսինների համատեղ սեփականության կազմից հանելու, այդ գույքի պատկանելությանն առնչվող ցանկացած այլ պահանջ ներկայացված լինելու դեպքում դատարանը, որպես ելակետ ընդունելով ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքն ամուսինների ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսանալու կանխավարկածը, գործով, ամուսիններից մեկի կողմից համապատասխան առարկություն կամ պահանջ ներկայացնելու պարագայում, պետք է պարզի առնվազն հետևյալ փաստական հանգամանքները.
1) ամուսիններից ու՞մ կողմից և ե՞րբ է ձեռք բերվել այն գույքը, որի օտարման արդյունքում ստացված միջոցների հաշվին ձեռք է բերվել այլ գույք,
2) ինչպիսի՞ հիմքով է ձեռք բերվել այն գույքը, որի օտարման արդյունքում ստացված միջոցների հաշվին ձեռք է բերվել այլ գույք,
3) ե՞րբ է օտարվել ամուսնու անձնական գույքը և ինչպիսի՞ հատուցում է կատարվել այդ գույքի օտարման գործարքով (որքա՞ն գումար է վճարվել, ինչպիսի՞ գույք է տրամադրվել),
4) օտարումից հետո ե՞րբ է ձեռք բերվել նոր գույքը,
5) արդյո՞ք ամուսնության ընթացքում նոր գույքը ձեռք է բերվել հենց այն միջոցների հաշվին, որոնք ստացվել են անձնական գույքի օտարման արդյունքում,
6) ամուսինների միջև առկա՞ է արդյոք ամուսիններից մեկի անձնական գույքի իրացման արդյունքում ստացված միջոցները խնայելու, օգտագործելու կամ տնօրինելու, կամ այդ միջոցների կամ նաև այդ միջոցների հաշվին ձեռք բերված այլ գույքի իրավական ռեժիմը որոշելու մասին կամ որևէ այլ վերաբերելի համաձայնություն:
Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ ամուսինների անձնական գույքի օտարման արդյունքում ամուսնության ընթացքում ստացված միջոցների առկայության, ինչպես նաև ամուսնության ընթացքում հենց այդ միջոցների հաշվին այլ գույք ձեռք բերելու փաստերն ապացուցելու պարտականությունը կրում է գործին մասնակցող այն անձը, որը վկայակոչում է նոր գույքն իր անձնական դրամական միջոցների կամ անձնական գույքի օտարման արդյունքում ստացած միջոցների հաշվին ձեռք բերելու փաստը: Նշված փաստը գործով բոլոր ապացույցների հետազոտումից և գնահատումից հետո վիճելի մնալու դեպքում վեճը լուծելիս դատարանը պետք է ղեկավարվի ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքն ամուսինների ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսանալու կանխավարկածով` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 6-րդ մասի իմաստով նշված փաստը վիճելի մնալու բացասական հետևանքները դնելով այն ապացուցելու պարտականություն կրող կողմի վրա:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքն ամուսինների ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսանալու կանխավարկածը պետք է գործի նաև նոտարական ու այլ գործարքներ կատարելիս, ինչպես նաև գույքի քաղաքացիական շրջանառության այլ դեպքերում, քանի որ ամուսինը, որը ցանկանում է միանձնյա սեփականատեր հանդես գալ պետք է օրենքով սահմանված կարգով հոգ տանի նման իրավունքի պատշաճ ձևակերպման (փաստաթղթավորման) մասին, որը, իր հերթին, նրան հիմք կտա գույքը տնօրինելու իրավունքն իրացնելիս այլ անձանց մոտ ներկայանալ որպես գույքի միանձնյա սեփականատեր:
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ
Սույն գործի փաստերի համաձայն` Մուշեղ Դավթյանը և Սրբուհի Խարբութլյանն ամուսնացել են 22.08.2000 թվականին:
Ամուսնության ընթացքում` 19.07.2008 թվականին կնքված նվիրատվության պայմանագրով Մուշեղ Դավթյանը Բորիս Դավիդյանից որպես նվեր է ընդունել Երևանի Դավիթ Բեկի փողոցի թիվ 22 հասցեում գտնվող անշարժ գույքը:
Վերը նշված անշարժ գույքը 02.03.2010 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով Մուշեղ Դավթյանը վաճառել է Լարիսա Նիկոյանին: Պայմանագրի գինը կազմել է 32.680.000 ՀՀ դրամ:
18.03.2010 թվականին կնքված առուվաճառքի պայմանագրով Մուշեղ Դավթյանը Ռոբերտ Կարապետյանից և Սիլվա Հակոբյանից 21.400.000 ՀՀ դրամով գնել է Երևանի Նոր Արեշի 34-րդ փողոցի թիվ 34 հասցեում գտնվող անշարժ գույքը: Նշված պայմանագիրը վավերացվել է նոտարական կարգով, իսկ այդ պայմանագրից բխող իրավունքը գրանցվել է, որի հիման վրա Մուշեղ Դավթյանին 22.03.2010 թվականին տրվել է անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 2426338 վկայականը:
Այժմ դիմելով Դատարան` Սրբուհի Խարբութլյանը պահանջել է ճանաչել իր համատեղ սեփականության իրավունքը Երևանի Նոր Արեշի 34-րդ փողոցի թիվ 34 տան նկատմամբ և այդ տնից առանձնացնել իրեն պատկանող 1/2-րդ բաժինը, իսկ այն առանձնացնելու ակնհայտ աննպատակահարմարության ու պատասխանող Մուշեղ Դավթյանի կողմից իրեն պատկանող բաժնի շուկայական արժեքը վճարելուց հրաժարվելու դեպքում այդ տունը վաճառել հրապարակային սակարկություններով և ստացված գումարը բաշխել իրենց միջև` իրենց բաժիններին համաչափ:
Առարկելով ներկայացված հայցի դեմ` Մուշեղ Դավթյանը վկայակոչել է այն փաստը, որ վիճելի անշարժ գույքն իր կողմից ձեռք է բերվել նվիրատվության պայմանագրով որպես նվեր ստացած և հետևապես միայն իրեն պատկանող անշարժ գույքն օտարելու արդյունքում ստացած դրամական միջոցների հաշվին` վերջիններիս մի մասը, ըստ էության, փոխակերպելով մեկ այլ անշարժ գույքի, որի նկատմամբ ընդհանուր համատեղ սեփականության իրավունք ծագել չի կարող:
Դատարանի 29.09.2022 թվականի վճռով Սրբուհի Խարբութլյանի հայցը բավարարվել է այն պատճառաբանությամբ, որ`
- «ՀՀ, քաղաք Երևան, Նոր Արեշ 34 փողոց, 34 տուն հասցեում գտնվող անշարժ գույքը Մուշեղ Բորիսի Դավթյանը ձեռք է բերել իր և Սրբուհի Հարությունի Դավթյանի գրանցված ամուսնության ընթացքում` 18.10.2010 թ.-ին` առուվաճառքի պայմանագիր կնքելու միջոցով, այսինքն` հատուցելի գործարքով:
Միաժամանակ Դատարանը փաստում է, որ ՀՀ, քաղաք Երևան, Նոր Արեշ 34 փողոց, 34 տուն հասցեում գտնվող անշարժ գույքն ընդգրկված չէ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածով նախատեսված բացառությունների շարքում, քանի որ նշված անշարժ գույքը, ինչպես վերը նշվեց, ձեռք է բերվել կողմերի գրանցված ամուսնության ընթացքում` հատուցելի գործարքի միջոցով, այսինքն` չի հանդիսանում ամուսնության ընթացքում ամուսիններից մեկի նվեր կամ ժառանգություն ստացած գույք»,
- «(...) վիճելի անշարժ գույքը ձեռք է բերվել կողմերի ամուսնության ընթացքում, որպիսի պայմաններում նշանակություն չունի այն փաստը, թե այն ձեռք է բերվել ընդհանուր, թե ամուսիններից մեկին պատկանող միջոցներով»:
Վերաքննիչ դատարանի 23.03.2023 թվականի որոշմամբ Մուշեղ Դավթյանի բերած վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 29.09.2022 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ թողնելու մասին` այն պատճառաբանությամբ, որ`
- «Բողոքաբերը, վաճառելով անձնապես իրեն պատկանող անշարժ գույքը և համատեղ ամուսնական կյանքի ընթացքում իրեն պատկանող դրամական միջոցներով ձեռք բերելով նոր գույք, ըստ էության, դադարեցրել է իր սեփականության իրավունքը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 2-րդ կետի իմաստով միայն իրեն պատկանող գույքի նկատմամբ և ձեռք է բերել նոր գույք, որի նկատմամբ արդեն իսկ տարածվում է ամուսինների համատեղ սեփականության ռեժիմը, քանի որ նոր ձեռք բերված գույքն այլևս չի հանդիսանում մինչև ամուսնությունն իրեն պատկանած գույք և (կամ) ամուսնության ընթացքում նվեր և (կամ) ժառանգություն ստացած գույք, իսկ գույքի ձեռքբերման նպատակով իր անձնական միջոցներն օգտագործած լինելու, ինչպես նաև կատարված գործարքների արդյունքում Բողոքաբերի գույքային դրության բարելավում տեղի չունենալու հանգամանքներն ինքնին հիմք չեն նոր գույքը ամուսինների համատեղ սեփականության ռեժիմից դուրս մղելու համար»:
Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները պատշաճ գնահատման առարկա չեն դարձրել Մուշեղ Դավթյանի առարկությունն առ այն, որ վեճի առարկա անշարժ գույքը ձեռք է բերվել միայն իրեն պատկանող գույքի իրացման արդյունքում գոյացած միջոցների հաշվին, որպիսի պայմաններում տեղի է ունեցել անձնական սեփականություն հանդիսացող դրամական միջոցների փոխակերպում անշարժ գույքի նկատմամբ նույնպիսի իրավունքի: Դատարանը գործի լուծման համար նշանակություն ունեցող և ապացուցման կարիք ունեցող փաստերի կազմում չի ներառել Մուշեղ Դավթյանի կողմից վիճելի անշարժ գույքն անձնական սեփականություն հանդիսացող գույքի օտարման արդյունքում գոյացած դրամական միջոցների հաշվին ձեռք բերված լինելու փաստը, վերջինիս վրա չի դրել այն ապացուցելու պարտականությունը, ավելին` նշված փաստը համարվել է գործի համար նշանակություն չունեցող, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ, նկատի ունենալով, որ սույն գործով գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի շրջանակը ճիշտ չի որոշվել, մասնավորապես` չի կարևորվել վիճելի անշարժ գույքը Մուշեղ Դավթյանի անձնական սեփականություն հանդիսացող գույքի օտարման արդյունքում գոյացած դրամական միջոցների հաշվին ձեռք բերված լինելու փաստը, նրա վրա չի դրվել տվյալ փաստն ապացուցելու պարտականություն, նշված մասով չի կատարվել գործի պատշաճ քննություն, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում կիրառման է ենթակա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ուժով Վերաքննիչ դատարանի 23.03.2023 թվականի որոշումը բեկանելու և գործը համապատասխան մասով նոր քննության ուղարկելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը` հաշվի առնելով նաև սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
Միաժամանակ, նկատի ունենալով այն, որ ստորադաս դատարանների հաստատած փաստական հանգամանքները չեն տալիս դատական ակտը բեկանելու արդյունքում այն փոփոխելու հնարավորություն` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում կիրառման է ենթակա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ուժով Վերաքննիչ դատարանի 23.03.2023 թվականի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը: Ընդ որում, գործի նոր քննությունը պետք է իրականացվի` հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված վերը նշված դիրքորոշումները:
Վերոգրյալ պատճառաբանություններով միաժամանակ հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ կանոններին համապատասխան:
Նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման մասնակիորեն և գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ծախսերի բաշխման հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.03.2023 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան` նոր քննության:
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող Գ. Հակոբյան
Զեկուցող Ս. Մեղրյան
Ա. Աթաբեկյան
Ն. Հովսեփյան
Ա. Մկրտչյան
Է. Սեդրակյան
Վ. Քոչարյան
ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի
կողմից թիվ ԵԴ/36794/02/19 քաղաքացիական գործով 2025 թվականի հունիսի
26-ի կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ
02.07.2024 թվական
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 2025 թվականի հունիսի 26-ին գրավոր ընթացակարգով քննելով Մուշեղ Դավթյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.03.2023 թվականի որոշման դեմ` ըստ Սրբուհի Խարբութլյանի հայցի ընդդեմ Մուշեղ Դավթյանի` անշարժ գույքի նկատմամբ համատեղ սեփականության իրավունքը ճանաչելու և այդ գույքից բաժին առանձնացնելու պահանջների մասին, հանգել է այն հետևության, որ վճռաբեկ բողոքը պետք է բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.03.2023 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան` նոր քննության:
Վճռաբեկ դատարանի դատավորներ Էդ. Սեդրակյանս և Ն. Հովսեփյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում ենք մեր հատուկ կարծիքը:
Հատուկ կարծիքի պատճառաբանությունները և եզրահանգումները.
ՀՀ ընտանեկան օրենսգրքի 26-րդ հոդվածի համաձայն` ամուսինների ընդհանուր համատեղ սեփականության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են քաղաքացիական օրենսգրքով, ինչպես նաև ամուսինների միջև կնքված ամուսնական պայմանագրով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած գույքը նրանց համատեղ սեփականությունն է, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ նրանց միջև կնքված պայմանագրով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` մինչև ամուսնությունն ամուսիններից յուրաքանչյուրի գույքը, ինչպես նաև ամուսնության ընթացքում ամուսիններից մեկի նվեր կամ ժառանգություն ստացած գույքը նրա սեփականությունն է:
ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ ամուսինների միջև կնքված համապատասխան պայմանագրի բացակայության դեպքում, ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքը, անկախ նրանից, թե այն որ ամուսինն է ձեռք բերել, ձեռք է բերվել ընդհանուր, թե ամուսիններից մեկին պատկանող միջոցներով, ստեղծվել է կամ պատրաստվել երկուսի, թե մեկի կողմից, ում անունով է ձևակերպված, միևնույն է, հանդիսանում է ամուսինների համատեղ սեփականությունը` բացի ամուսնության ընթացքում ամուսիններից մեկի նվեր կամ ժառանգություն ստացած գույքի (տե՛ս ըստ Ռաֆայել Աբազյանի և Անժիկ Երիցյանի հայցի ընդդեմ Ռուբեն Աբազյանի և «Կենտրոն» նոտարական տարածքի նոտարի, երրորդ անձ Սիրանուշ Աբազյանի` թիվ 3-415 (ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.06.2007 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը վերահաստատելով նախկինում արտահայտած իր դիրքորոշումն ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքն ամուսինների համատեղ սեփականությունը հանդիսանալու և այդ հարցում առկա բացառությունների վերաբերյալ հավելել է, որ օրենսդիրը, նախատեսելով «գույք» հավաքական եզրույթը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 3-րդ կետի սահմանափակումներից բացի, այլ բացառություն չի նախատեսել, հետևաբար ամուսինների համատեղ սեփականություն հանդիսացող գույքային զանգվածի կազմում կարող են ներառվել նաև դրամական միջոցները:
ՀՀ վճռաբեկ դատարանի վերոնշյալ եզրահանգումը բխում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին կետի իրավակարգավորումից, որի համաձայն` քաղաքացիական իրավունքների օբյեկտ է գույքը` ներառյալ դրամական միջոցները, արժեթղթերը և գույքային իրավունքները:
Դրամը` որպես քաղաքացիական իրավունքի օբյեկտ, ունի որոշակի առանձնահատկություններ: Մասնավորապես, մի դեպքում դրամը կարող է հանդիսանալ քաղաքացիական իրավահարաբերությունների ինքնուրույն, մեկ այլ դեպքում` որպես այդ հարաբերությունների համարժեքային (էկվիվալենտային) օբյեկտ: (տե՛ս ըստ Սամվել Մելիքյանի հայցի ընդդեմ Առլեթ Ավաքյանի` թիվ ԵԿԴ/1418/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի որոշումը):
Սույն գործի փաստերի համաձայն` Մուշեղ Դավթյանը և Սրբուհի Խարբութլյանն ամուսնացել են 22.08.2000 թվականին:
Ամուսնության ընթացքում` 19.07.2008 թվականին կնքված նվիրատվության պայմանագրով Մուշեղ Դավթյանը Բորիս Դավիդյանից որպես նվեր է ընդունել Երևանի Դավիթ Բեկի փողոցի թիվ 22 հասցեում գտնվող անշարժ գույքը:
Վերը նշված անշարժ գույքը 02.03.2010 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով Մուշեղ Դավթյանը վաճառել է Լարիսա Նիկոյանին: Պայմանագրի գինը կազմել է 32.680.000 ՀՀ դրամ:
18.03.2010 թվականին կնքված առուվաճառքի պայմանագրով Մուշեղ Դավթյանը Ռոբերտ Կարապետյանից և Սիլվա Հակոբյանից 21.400.000 ՀՀ դրամով գնել է Երևանի Նոր Արեշի 34-րդ փողոցի թիվ 34 հասցեում գտնվող անշարժ գույքը: Նշված պայմանագիրը վավերացվել է նոտարական կարգով, իսկ այդ պայմանագրից բխող իրավունքը գրանցվել է, որի հիման վրա Մուշեղ Դավթյանին 22.03.2010 թվականին տրվել է անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 2426338 վկայականը:
Սույն գործով դիմելով դատարան` Սրբուհի Խարբութլյանը պահանջել է ճանաչել իր համատեղ սեփականության իրավունքը Երևանի Նոր Արեշի 34-րդ փողոցի թիվ 34 տան նկատմամբ և այդ տնից առանձնացնել իրեն պատկանող 1/2-րդ բաժինը, իսկ այն առանձնացնելու ակնհայտ աննպատակահարմարության ու պատասխանող Մուշեղ Դավթյանի կողմից իրեն պատկանող բաժնի շուկայական արժեքը վճարելուց հրաժարվելու դեպքում այդ տունը վաճառել հրապարակային սակարկություններով և ստացված գումարը բաշխել իրենց միջև` իրենց բաժիններին համաչափ:
Դատարանի 29.09.2022 թվականի վճռով Սրբուհի Խարբութլյանի հայցը բավարարվել է այն պատճառաբանությամբ, որ`
«(...) ՀՀ, քաղաք Երևան, Նոր Արեշ 34 փողոց, 34 տուն հասցեում գտնվող անշարժ գույքն ընդգրկված չէ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածով նախատեսված բացառությունների շարքում, քանի որ նշված անշարժ գույքը, (...), ձեռք է բերվել կողմերի գրանցված ամուսնության ընթացքում` հատուցելի գործարքի միջոցով, այսինքն` չի հանդիսանում ամուսնության ընթացքում ամուսիններից մեկի նվեր կամ ժառանգություն ստացած գույք», և (...) նշանակություն չունի այն փաստը, թե այն ձեռք է բերվել ընդհանուր, թե ամուսիններից մեկին պատկանող միջոցներով»:
Վերաքննիչ դատարանի 23.03.2023 թվականի որոշմամբ Մուշեղ Դավթյանի բերած վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 29.09.2022 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ այն պատճառաբանությամբ, որ` «Բողոքաբերը, վաճառելով անձնապես իրեն պատկանող անշարժ գույքը և համատեղ ամուսնական կյանքի ընթացքում իրեն պատկանող դրամական միջոցներով ձեռք բերելով նոր գույք, ըստ էության, դադարեցրել է իր սեփականության իրավունքը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 2-րդ կետի իմաստով միայն իրեն պատկանող գույքի նկատմամբ և ձեռք է բերել նոր գույք, որի նկատմամբ արդեն իսկ տարածվում է ամուսինների համատեղ սեփականության ռեժիմը, քանի որ նոր ձեռք բերված գույքն այլևս չի հանդիսանում մինչև ամուսնությունն իրեն պատկանած գույք և (կամ) ամուսնության ընթացքում նվեր և (կամ) ժառանգություն ստացած գույք, իսկ գույքի ձեռքբերման նպատակով իր անձնական միջոցներն օգտագործած լինելու, ինչպես նաև կատարված գործարքների արդյունքում Բողոքաբերի գույքային դրության բարելավում տեղի չունենալու հանգամանքներն ինքնին հիմք չեն նոր գույքը ամուսինների համատեղ սեփականության ռեժիմից դուրս մղելու համար»:
Բողոք բերած անձը վիճարկել է այն հանգամանքը, որ վիճելի անշարժ գույքն իր կողմից ձեռք է բերվել նվիրատվության պայմանագրով որպես նվեր ստացած և հետևապես միայն իրեն պատկանող անշարժ գույքն օտարելու արդյունքում ստացած դրամական միջոցների հաշվին` վերջիններիս մի մասը, ըստ էության, փոխակերպելով մեկ այլ անշարժ գույքի, որի նկատմամբ ընդհանուր համատեղ սեփականության իրավունք ծագել չի կարող:
Վճռաբեկ դատարանի 26.06.2025 թվականի որոշմամբ Մուշեղ Դավթյանի բերած վճռաբեկ բողոքը բավարարվել է մասնակիորեն, Վերաքննիչ դատարանի 23.03.2023 թվականի որոշումը բեկանվել է և գործն ուղարկվել է Դատարան` նոր քննության այն պատճառաբանությամբ, որ`
- «(...) ստորադաս դատարանները պատշաճ գնահատման առարկա չեն դարձրել Մուշեղ Դավթյանի առարկությունն առ այն, որ վեճի առարկա անշարժ գույքը ձեռք է բերվել միայն իրեն պատկանող գույքի իրացման արդյունքում գոյացած միջոցների հաշվին, որպիսի պայմաններում տեղի է ունեցել անձնական սեփականություն հանդիսացող դրամական միջոցների փոխակերպում անշարժ գույքի նկատմամբ նույնպիսի իրավունքի: (...)»:
Համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ գտնում ենք, որ նշված եզրահանգումը չի բխում ինչպես ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածով սահմանված իրավակարգավորումից, այնպես էլ նույն իրավական նորմի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի նախկինում կայացված որոշումներով արտահայտված դիրքորոշումներից հետևյալ պատճառաբանությամբ.
Վճռաբեկ դատարանի 26.06.2025 թվականի որոշմամբ իրավացիորեն արձանագրվել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 279-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով` 02.03.2010 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով Մուշեղ Դավթյանի սեփականության իրավունքը նվիրատվությամբ ձեռքբերված Երևանի Դավիթ Բեկի փողոցի թիվ 22 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ դադարել է: Ինչպես վերը նշվեց դրամը` որպես քաղաքացիական իրավունքի օբյեկտ, մի դեպքում կարող է հանդիսանալ քաղաքացիական իրավահարաբերությունների ինքնուրույն, մեկ այլ դեպքում` որպես այդ հարաբերությունների համարժեքային (էկվիվալենտային) օբյեկտ: Տվյալ դեպքում, գույքի օտարման արդյունքում, այն է` 02.03.2010 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի արդյունքում Մուշեղ Դավթյանի ձեռք բերված դրամական միջոցները հանդիսանալով քաղաքացիական իրավահարաբերությունների համարժեքային (էկվիվալենտային) օբյեկտ, համարվել են վերջինիս միանձնյա սեփականությունը: Սակայն համատեղ ամուսնական կյանքի ընթացքում նոր գույքի ձեռքբերման հիմքով, նշված դրամն արդեն իսկ վերածվել է քաղաքացիական իրավահարաբերությունների շրջանառության ինքնուրույն օբյեկտի, քանի որ նշված գումարն ուղղվել է այլ գույքի ձեռքբերմանը: Հետևաբար նոր ձեռքբերված գույքի նկատմամբ ծագել է ամուսինների համատեղ սեփականության իրավունքը, նկատի ունենալով, որ այդ գույքի նկատմամբ գնորդի իրավունքը ծագել է գրանցված ամուսնության ընթացքում կնքված հատուցելի գործարքի արդյունքում և այն չի կարող հանդիսանալ մինչև ամուսնությունը Մուշեղ Դավթյանին պատկանող գույք, ինչպես նաև ամուսնության ընթացքում նվեր կամ ժառանգություն ստացած գույք:
Վերը նշված եզրահանգման համար հիմք է հանդիսանում նաև այն փաստը, որ Մուշեղ Դավթյանն իր կողմից նվիրատվությամբ ձեռք բերված գույքը վաճառել է 32.680.000 ՀՀ դրամով, իսկ սույն գործով վեճի առարկա հանդիսացող գույքը ձեռք է բերել առուվաճառքի պայմանագրի հիմքով` արդեն 21.400.000 ՀՀ դրամով, ինչը որևէ կերպ չի համարվել դրամական միավորի փոխակերպված 19.07.2008 թվականին կնքված նվիրատվության պայմանագրով ձեռք բերված միևնույն գույքը` հենց միայն այն պատճառով, որ էկվիվալենտային և ինքնուրույն օբյեկտների տարբերությունը ավելի քան 10.000.000 ՀՀ դրամ է կազմել:
Անգամ վիճելի անշարժ գույքը Մուշեղ Դավթյանի անձնական սեփականություն հանդիսացող գույքի օտարման արդյունքում գոյացած դրամական միջոցների հաշվին ձեռք բերված լինելու փաստը հաստատվելու պայմաններում գտնում ենք, որ ամուսինների միջև կնքված համապատասխան պայմանագրի բացակայության դեպքում ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքը, անկախ նրանից, թե այն որ ամուսինն է ձեռք բերել, ձեռք է բերվել ընդհանուր, թե ամուսիններից մեկին պատկանող միջոցներով, ստեղծվել է կամ պատրաստվել երկուսի, թե մեկի կողմից, ում անունով է ձևակերպված, միևնույնն է, հանդիսանում է ամուսինների համատեղ սեփականությունը: Նշվածից բացառություն է կազմում այն գույքը, որն ամուսիններից յուրաքանչյուրն ունեցել է մինչև ամուսնությունը, ամուսնության ընթացքում ամուսիններից մեկի նվեր կամ ժառանգություն ստացած գույքը, անհատական օգտագործման առարկաները, ինչպես նաև սեփականաշնորհմամբ ձեռք բերված գույքը, ինչը տվյալ դեպքում առկա չէ:
Այսպիսով գտնում ենք, որ արդեն իսկ դրամի փոխակերպված գույքը կրկին անշարժ գույքի վերափոխվելուց հետո չի կարող պահպանել միևնույն իրավական ռեժիմը, նաև նկատի ունենալով դրանց ձեռքբերման իրավական տարբեր հիմքերը: Մասնավորապես` ՀՀ օրենսդրությամբ միանգամայն այլ իրավական կարգավորումներ են սահմանված նվիրատվության և առուվաճառքի գործարքների կնքման, դրանց լուծման և անվավեր ճանաչման, ինչպես նաև անվավերության հետևանքների նկատմամբ:
Վճռաբեկ դատարանը սույն գործը նոր քննության ուղարկելով արձանագրել է, «(...) որ ստորադաս դատարանները պատշաճ գնահատման առարկա չեն դարձրել Մուշեղ Դավթյանի առարկությունն առ այն, որ վեճի առարկա անշարժ գույքը ձեռք է բերվել միայն իրեն պատկանող գույքի իրացման արդյունքում գոյացած միջոցների հաշվին, որպիսի պայմաններում տեղի է ունեցել անձնական սեփականություն հանդիսացող դրամական միջոցների փոխակերպում անշարժ գույքի նկատմամբ նույնպիսի իրավունքի: Դատարանը գործի լուծման համար նշանակություն ունեցող և ապացուցման կարիք ունեցող փաստերի կազմում չի ներառել Մուշեղ Դավթյանի կողմից վիճելի անշարժ գույքն անձնական սեփականություն հանդիսացող գույքի օտարման արդյունքում գոյացած դրամական միջոցների հաշվին ձեռք բերված լինելու փաստը, վերջինիս վրա չի դրել այն ապացուցելու պարտականությունը, ավելին` նշված փաստը համարվել է գործի համար նշանակություն չունեցող, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից (...)»:
Վերը նշվածի հիման վրա գտնում ենք, որ սույն գործով Վճռաբեկ դատարանի 26.06.2025 թվականի որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումն ապացուցման ենթակա փաստերի վերաբերյալ գործի նոր քննություն իրականացնելու մասով ևս անհիմն է, քանի որ որոշմամբ արձանագրված հանգամանքների պարզումը, տվյալ վեճի լուծման համար որևէ էական նշանակություն ունենալ չի կարող: Այսպես. Սրբուհի Խարբութլյանը դիմելով Դատարան պահանջել է ճանաչել իր համատեղ սեփականության իրավունքը Մուշեղ Դավթյանի հետ համատեղ ամուսնության ընթացքում ձեռք բերված Երևանի Նոր Արեշի 34-րդ փողոցի թիվ 34 տան նկատմամբ և այդ տնից առանձնացնել իրեն պատկանող 1/2-րդ բաժինը, հետևաբար սույն գործով ապացուցման առարկան կազմում է ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշումներով բազմիցս արձանագրված երկու փաստ, այն է` վիճելի գույքը ձեռք է բերվել համատեղ ամուսնության ընթացքում և վիճելի գույքը ձեռք է բերվել հատուցմամբ:
Հետևաբար սույն գործով անհրաժեշտ էր կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված` վճռաբեկ բողոքը մերժելու և ստորադաս դատարանի դատական ակտը օրինական ուժի մեջ թողնելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը` նկատի ունենալով, որ առկա չեն ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.03.2023 թվականի որոշումը բեկանելու հիմքեր:
Դատավորներ` Էդ. Սեդրակյան
Ն. Հովսեփյան
https://datalex.am:443/?app=AppCaseSearch&case_id=45880421203985159