ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
11 սեպտեմբերի 2025 թվականի N 1302-Լ
«ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ
(Պ-1131-01.08.2025-ՏՏԳՇ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի և հարակից օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2025 թ. սեպտեմբերի
Երևան
ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ «ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ
(Պ-1131-01.08.2025-ՏՏԳՇ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
I. «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ
1. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն` կենդանու անձնագիրը փաստաթուղթ է, որը պարունակում է տեղեկատվություն կենդանու նույնականացման վերաբերյալ և կենդանի պահողի մասին, տրամադրվում է անասնաբույժի կողմից: Կենդանու նույնականացման համար օգտագործվում է տեղեկատվություն պարունակող պիտակ կամ մարմնի որոշակի հատվածում ամրացված միկրոսխեմա կամ դաջվածք:
Անհրաժեշտ է հստակեցնել սույն հասկացությունը, քանի որ նշված կարգավորումից պարզ չի դառնում, թե ինչ է իրենից ներկայացնում կենդանու անձնագիրը, արդյո՞ք նշված տեղեկատվություն պարունակող պիտակը կամ մարմնի որոշակի հատվածում ամրացված միկրոսխեման կամ դաջվածքն է դիտարկվում որպես կենդանու անձնագիր, թե դրանք հավելյալ միջոցներ են:
2. Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը խմբագրել հետևյալ բովանդակությամբ`
«2) հաստատում է Հայաստանի Հանրապետության տարածքում տնային և թափառող կենդանիների առողջության պաշտպանության և թափառող կենդանիների վերարտադրության սահմանափակման ծրագրերը.»:
3. Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը հանել:
4. Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«4) հաստատում է կացարանների կառուցմանը և կառավարմանը ներկայացվող պահանջները և կացարաններում իրականացվող անասնաբուժական միջոցառումների ծրագիրը.»:
5. Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«6) Հաստատում է Հայաստանի Հանրապետության տարածքում տնային և թափառող, ծառայողական նշանակության, ցուցադրման, սպորտային կամ ժամանցային միջոցառումների համար օգտագործվող կենդանիների բռնելու, պահման և խնամքի կարգը.»:
6. Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը հանել և հաստատման իրավասությունը վերապահել անասնաբուժության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող պետական կառավարման մարմնին:
7. Նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«2) մշակում է կացարանների կառուցմանը և կառավարմանը ներկայացվող պահանջները և կացարաններում իրականացվող անասնաբուժական միջոցառումների ծրագիրը:»:
Միաժամանակ առաջարկվում է ծրագրի մշակումը վերապահել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը:
8. Նախագծի 5-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետը խմբագրել հետևյալ բովանդակությամբ`
«1) մշակում է Հայաստանի Հանրապետության տարածքում տնային և թափառող կենդանիների առողջության պաշտպանության և թափառող կենդանիների վերարտադրության սահմանափակման ծրագրեր»:
9. Նախագծի 5-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետը հանել:
10. Նախագծի 5-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետը խմբագրել հետևյալ բովանդակությամբ`
«3) մշակում է Հայաստանի Հանրապետության տարածքում տնային և թափառող, ծառայողական նշանակության, ցուցադրման, սպորտային կամ ժամանցային միջոցառումների համար օգտագործվող կենդանիների պահման և խնամքի կարգը.»:
11. Նախագծի 5-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետը խմբագրել հետևյալ բովանդակությամբ`
«4) հաստատում է տնային կենդանիների անասնաբուժական անձնագրի ձևը, այն լրացնելու և տրամադրելու, միկրոսխեմաներ տեղադրելու և տեղեկատվական առցանց էլեկտրոնային համակարգ ստեղծելու և վարելու կարգը.»:
12. Առաջարկում ենք նախագծի 7-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«1) հանրային վայրերում արձանագրել կենդանիների նկատմամբ օրենքով ակնհայտ արգելված գործողությունները և ներկայացնել համապատասխան մարմիններին.»:
Հոդվածը լրացնել նոր` 4-րդ մասով`
«4. Սույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված արձանագրումը իրականացնելիս և դրա արդյունքում ձեռք բերված տեսաձայնագրությունները և լուսանկարներն օգտագործելիս անհրաժեշտ է պահպանել հետևյալ պահանջները`
1) տեխնիկական միջոցները պետք է օգտագործվեն բացառապես ոչ գաղտնի եղանակով.
2) տեսաձայնագրությունը պետք է պարունակի նկարահանման ամսաթիվն ու ժամը, և պետք է համապատասխան վարույթ իրականացնող մարմնին տրամադրվի առանց վիդեո խմբագրման ենթարկելու (բացառությամբ տևողությունը կրճատելուց).
3) լուսանկարը պետք է պարունակի լուսանկարման ամսաթիվն ու ժամը, և պետք է համապատասխան վարույթ իրականացնող մարմնին տրամադրվի առանց փոփոխության ենթարկելու.
4) համապատասխան վարույթ իրականացնող մարմնի կողմից տեսաձայնագրությունը կամ լուսանկարը որպես ապացույց օգտագործվելու կամ այլ անձանց տրամադրելու դեպքում խախտումն ամրագրած տեսաձայնագրության կադրում կամ լուսանկարում արձանագրված անձանց պատկերները պետք է մթնեցվեն.
5) եթե տեխնիկական միջոցներով արձանագրվել է խախտում, ապա տեսաձայնագրությունները և լուսանկարները վարույթ իրականացնող մարմնի տեսաձայնագրությունների և լուսանկարների պահոցում պետք է պահվեն մինչև կայացված վարչական կամ դատական ակտն անբողոքարկելի դառնալը.
6) սույն հոդվածով նախատեսված նպատակներից բացի, այլ նպատակներով տեսաձայնագրությունները և լուսանկարներն օգտագործելը (այդ թվում` հրապարակելը) արգելվում է:
13. Նախագծի 8-րդ հոդվածը վերաբերում է կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի սկզբունքներին, մինչդեռ հոդվածում նշված սկզբունքները ձևակերպված են անորոշ կերպով: Բացի այդ, սկզբունքները ղեկավար ելակետային դրույթներ են, որոնց բովանդակությունն անհրաժեշտ է բացահայտել սուբյեկտների վարքագիծը կանխորոշելու համար: Մինչդեռ հոդվածում բացահայտված չէ որևէ սկզբունքի իմաստը և բովանդակությունը: Բացի այդ, օգտագործված հասկացություններից առնվազն «Էթիկական, սոցիալ-տնտեսական և անվտանգային նորմերի հավասարակշռության պահպանության» սկզբունքը որոշակի չէ: ՈՒստի առաջարկում ենք որոշակիացնել կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի սկզբունքները` սահմանելով յուրաքանչյուր սկզբունքի իմաստը և բովանդակությունը, ինչպես նաև զերծ մնալ անորոշ հասկացություններ օգտագործելուց:
14. Նախագծի 9-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի համաձայն` արգելվում է անհամատեղելի տեսակների միևնույն տարածքում կամ միևնույն տարածքում միևնույն տեսակների բնակեցումը, որոնց միջև կարող է առաջանալ ագրեսիվություն, հարձակում և պայքար: Ընդ որում` նշված պահանջը չպահպանելն առաջացնում է վարչական պատասխանատվություն:
Գտնում ենք, որ նախագծի վերոնշյալ կարգավորումը խնդրահարույց է գործնական կիրառության տեսանկյունից, քանի որ տվյալ պարագայում պարզ չէ, թե ինչպես պետք է կենդանի պահողը, մինչև միևնույն տեսակների միմյանց հետ բնակեցումը, հասկանա թե արդյոք այդ տեսակների միջև կարող է առաջանալ ագրեսիվություն, հարձակում և պայքար, թե ոչ:
Հաշվի առնելով վերոգրյալը` առաջարկում ենք «կարող է առաջանալ» բառերը փոխարինել «առաջացել է» բառերով:
15. Նախագծի 10-րդ հոդվածի 1-ին մասում «ցեղատեսակ» բառը փոխարինել «ցեղ» բառով, քանի որ տեսակը դասակարգվում է ըստ կենդանու, օրինակ` շուն, կատու, խոշոր եղջերավոր կենդանի, իսկ ցեղը տվյալ կենդանու տեսակի գենետիկական ուղղվածությունն է, միաժամանակ «պահման և խնամքի կարգերով նախատեսված» բառերը փոխարինել «պահմանը և խնամքին ներկայացվող» բառերով:
16. Նախագծի 11-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` թափառող կենդանիների բռնումը պետք է իրականացվի համապատասխան հմտություններ և փորձ ունեցող մասնագետների կողմից և համապատասխան փոխադրամիջոցներով` կենդանիների բռնումն անվտանգ իրականացնելու համար: Այս առումով անհրաժեշտ է հստակեցնել, թե ինչ համապատասխան հմտություններ և փորձ ունեցող մասնագետների մասին է խոսքը: Պարզ չէ նաև, թե ինչ չափանիշների պետք է համապատասխանեն հիշյալ մասնագետները և փոխադրամիջոցները և այլն:
17. Նախագծի 11-րդ հոդվածի 6-րդ մասում «անձինք» բառը փոխարինել «իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը» բառերով, քանի որ պարզ չէ ֆիզիկական անձի մասին է խոսքը, թե՞ կազմակերպության:
18. Նախագծի 11-րդ հոդվածի 6-րդ կետում անհրաժեշտ է վերանայել «Կենդանու պահողի չգտնվելու կամ պահողի կողմից կենդանուց հրաժարվելու պարագայում կենդանի պահողի նկատմամբ կիրառվում են օրենքով սահմանված պահանջները, իսկ կենդանին տեղափոխվում է կացարան» նախադասությունը` հաշվի առնելով այն, որ կենդանու պահողին չգտնելու դեպքում վերջինիս նկատմամբ օրենքով սահմանված պահանջներ չեն կարող կիրառվել:
19. Նախագծի 16-րդ հոդվածի վերնագրում «պահումը» բառը փոխարինել «պահման և խնամքի պահանջները» բառերով:
20. Նախագծի 16-րդ հոդվածի 9-րդ կետը հանել` հաշվի առնելով, որ նախագծի 5-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով արդեն իսկ սահմանվում է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մշակում է ՀՀ տարածքում տնային և թափառող, ծառայողական նշանակության, ցուցադրման, սպորտային կամ ժամանցային միջոցառումների համար օգտագործվող կենդանիների պահման և խնամքի կարգը:
21. Նախագծի 18-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` անկած կենդանիների դիակների հավաքման, թաղման և ոչնչացման կարգը սահմանում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը: Հարկ է նշել, որ ՀՀ կառավարության 2024 թվականի հունիսի 6-ի N 846-Ն որոշմամբ արդեն իսկ սահմանված են կենդանիների վարակիչ հիվանդությունների դեմ պայքարում անկած, ոչնչացված կամ սանիտարական սպանդի (հարկադիր մորթի) ենթարկված կենդանիների փոխհատուցման կարգը և կենդանիների ոչնչացման կամ հարկադիր մորթի իրականացման պայմանները, դեպքերը և կարգը, ուստի անհրաժեշտ է հստակեցնել նախագծով առաջարկվող և գործող իրավական կարգավորման առարկաների տարբերությունը:
Հաշվի առնելով վերը նշվածը` նոր կարգ մշակելու փոխարեն առաջարկում ենք քննարկել ՀՀ կառավարության 2024 թվականի հունիսի 6-ի N 846-Ն որոշմամբ հաստատված կարգում համապատասխան լրացում կատարելու հնարավորությունը:
Միաժամանակ հաշվի առնելով «Անասնաբուժության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 36-րդ կետը` առաջարկում ենք կետում «թաղման և ոչնչացման» բառերը փոխարինել «ոչնչացման կամ թաղման» բառերով:
II. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ
1. ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 307-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«1. Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը` ցանկացած գործողություն, որը հանգեցնում է կենդանու մահվան, բացառությամբ կենդանու կողմից մարդու կյանքին սպառնացող վտանգի պարագայում ինքնապաշտպանության դեպքերի, կենդանու կյանքի ընդհատումը խեղդելու, կախելու, մասնատման, ուժեղ հարվածի, մտրակման, հրազենով կրակելու, դիտավորությամբ վրաերթի միջոցով, կենդանու կյանքի ընդհատումը թունավորման կամ այնպիսի նյութի ներարկման միջոցով, որը հանգեցնում է դաժան և ցավոտ մահվան, Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին օրենքի դրույթները խախտելով` կենդանու քնեցումը, կենդանի վիճակում կենդանու մաշկահանումը, մորթազերծումը, հերձումը կամ անդամահատումը, կենդանի վիճակում կենդանուն կրակի վրա նետելը, բարձրությունից կամ ընթացքի մեջ գտնվող փոխադրամիջոցներից նետելը, բոլոր տեսակի կենդանիների մարտերի կազմակերպումը և իրականացումը, թափառող կենդանիների այնպիսի հավաքը կամ բռնումը, որը հանգեցնում է կենդանու խեղմանը կամ կենդանու կյանքի ընդհատմանը, կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը` առանց մահվան ելքի, կենդանուն սահմանված կարգի խախտմամբ գիտահետազոտական, բժշկական կամ փորձարարական նպատակով օգտագործելը.
պատժվում է տուգանքով` առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:»:
Տարատեսակ երկիմաստ մեկնաբանություններից զերծ մնալու և առաջարկվող հանցակազմի օբյեկտիվ կողմը կազմող արարքների լիարժեք սահմանման համար «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արգելված գործողություններ անհրաժեշտ է վերաշարադրել այնպես, որ դրանում բացակայեն տարբեր տեսակի գնահատողական հասկացությունները: Որպես օրինակ նշվել է` «դաժան և ցավոտ մահ», «ողջ վիճակում կենդանուն կրակի վրա նետելը», «բարձրությունից կամ փոխադրամիջոցից նետելը», «ողջ կենդանուն դիազերծելը»: Թվարկված բառակապակցություններն իրենց մեջ երկիմաստություն են պարունակում և գնահատողական բնույթ են կրում, ինչը բնականաբար էապես կարող է դժվարացնել սույն հանցակազմով նախաձեռնված քրեական վարույթներով ապացուցման առարկայի մեջ մտնող հանգամանքների պարզումը, մասնավորապես հարց է առաջանում, թե ի՞նչ եղանակով պետք է հաստատվի կենդանուն պատճառված մահվան ցավոտ կամ դաժան լինելը, կամ ի՞նչ տեսակի բարձրությունից կենդանուն նետելը կհամարվի հանցագործություն, կամ արդյոք կանգնած փոխադրամիջոցից կենդանուն նետելն իր մեջ հանցակազմ է պարունակում, թե ոչ, կամ թե ինչ է նշանակում ողջ կենդանուն դիազերծել, եթե «դի» բառը բնութագրական է մահացածին, կամ օրինակ` կենդանուն ողջակիզելու դեպքերը նշված օրենքի նախագծի 9-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ո՞ր ձևակերպման տակ պետք է տեղավորել:
Քրեական պատասխանատվություն նախատեսելու համատեքստում, հարկ է նկատի ունենալ, որ նախագծում համապատասխան փոփոխություններ քննարկվող մասով չեն կատարվել, ինչը խնդրահարույց է առնվազն իրավական որոշակիության սկզբունքի տեսանկյունից:
Մասնավորապես, ըստ առաջարկվող իրավակարգավորման` կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի դրսևորում է մի կողմից ցանկացած գործողություն, որը հանգեցնում է կենդանու մահվան (բացառությամբ կենդանու կողմից մարդու կյանքին սպառնացող վտանգի պարագայում ինքնապաշտպանության օրենքով նախատեսված այլ դեպքերի), մյուս կողմից` կենդանու կյանքի ընդհատումը խեղդելու, կախելու, մասնատման, ուժեղ հարվածի, մտրակման, հրազենով կրակելու, դիտավորությամբ վրաերթի միջոցով: Այսինքն` միաժամանակ նկարագրվում են կենդանու կյանքի ընդհատմանը հանգեցնող երկու գործողություններ, որոնցից մեկն առավել ընդհանրական է (ցանկացած գործողություն), մյուսը` մասնավորեցնող (խեղդել, կախել, մասնատել, ուժեղ հարված, մտրակել, հրազենով կրակել, դիտավորությամբ վրաերթի ենթարկել):
Այս առումով անհրաժեշտ է նաև ծանրակշիռ փաստարկել, թե ինչպե՞ս կարող է ցանկացած գործողություն, որը հանգեցնելու է կենդանու կյանքի ընդհատման (օրենքի նախագծով ընտրված եզրույթը` մահվան) համարվել հենց դաժան վերաբերմունքի դրսևորում:
Բացի այդ, նույն հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն` կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք է նաև քննարկվող օրենքի դրույթները խախտելով քնեցումը: Քնեցումը կատարվում է կենդանիների կյանքն ընդհատելու նպատակով: Այսինքն` կրկին հիշյալ դեպքը ներառվում է նույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված ցանկացած գործողության մեջ, որը հանգեցնում է կենդանու կյանքի ընդհատման:
Բացի այդ` խնդրահարույց է նաև «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված ձևակերպումը` ցանկացած գործողություն կենդանու նկատմամբ, որը ներառում է սույն օրենքի իմաստով դաժան վերաբերմունք առանց մահվան ելքի: Մասնավորապես` քննարկվող հոդվածը բաղկացած է երկու մասից, ընդ որում` 1-ին մասում թվարկվում են կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի դրսևորումները, իսկ 2-րդ մասում արգելված այլ գործողությունները, իսկ օրենքի նախագծի ողջ տեքստում կենդանիների նկատմամբ այլ դաժան վերաբերմունքի դրսևորում նկարագրված չէ: Հետևաբար հիշյալ ձևակերպումից պարզ չէ «սույն օրենքի իմաստով դաժան վերաբերմունք առանց մահվան ելքի» ձևակերպումը ենթադրում է 2-րդ մասով նախատեսված գործողություններ կատարե՞լը, թե՞ այլ գործողություններ: Անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 307-րդ հոդվածի 1-ին մասը, ըստ նախագծի, հղում է կատարում միայն «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասին, իսկ նման ձևակերպման պայմաններում քրեական պատասխանատվության կարող են ենթարկվել նաև 2-րդ մասով նախատեսված արարքներ կատարած անձինք, ինչն անընդունելի է` հաշվի առնելով 2-րդ մասով նախատեսված գործողությունների ավելի նվազ վտանգավորության աստիճանը:
Ելնելով վերոգրյալներից` առաջարկում ենք «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասում հստակեցնել ձևակերպումները և հնարավորինս բացառել հիշյալ հակասությունները և կրկնությունները:
Հարկ է ընդգծել, որ «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» 2019 թվականի հոկտեմբերի 23-ի ՀՕ-194-Ն օրենքի ընդունման հիմնավորման հիմքում դրված են եղել վիճակագրական տվյալներ և դրանց հիման վրա քրեական պատասխանատվություն է նախատեսվել միայն այն արարքների համար, որոնք ունեն առավել բարձր հանրային վտանգավորություն: Հետագայում հիշյալ հոդվածն ընդգրկվել է նաև 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքում:
Ավելին` ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ ներկայում քրեական պատասխանատվություն է սահմանված կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի հետևյալ դրսևորումների համար.
- կենդանու կյանքի ընդհատումը խեղդելու, կախելու, մասնատելու, թունավորելու կամ այնպիսի նյութ ներարկելու միջոցով, որը տառապանք պատճառելով է հանգեցնում մահվան,
- ողջ վիճակում կենդանու մաշկազերծումը, անդամահատումը,
- կենդանիների մարտի կազմակերպումը կամ իրականացումը,
- անտուն կենդանու այնպիսի հավաքը կամ բռնումը, որը հանգեցնում է կենդանու խեղմանը կամ կենդանու կյանքի ընդհատմանը,
- կենդանուն սահմանված կարգի խախտմամբ գիտահետազոտական, բժշկական կամ փորձարարական նպատակով օգտագործելը,
- այլ դաժան վերաբերմունքը:
Հաշվի առնելով, որ գրեթե անհնար է կանխատեսել կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի բոլոր դրսևորումները` գործող ՀՀ քրեական օրենսգրքով ընտրված վերջին ձևակերպումը բավականին լայն է և հնարավորություն է տալիս քրեական պատասխանատվության ենթարկելու բոլոր այն անձանց, որոնք կենդանիների նկատմամբ տարբեր եղանակներով դրսևորում են դաժան վերաբերմունք:
Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև այն, որ օրենսդրական տեխնիկայի առումով նպատակահարմար չէ ՀՀ քրեական օրենսգրքում բլանկետային նորմերի նախատեսումը` առաջարկում ենք նախագծի 1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Հոդված 1.
Հայաստանի Հանրապետության 2021 թվականի մայիսի 5-ի քրեական օրենսգրքի (այսուհետ` օրենսգիրք) 307-րդ հոդվածի 1-ին մասում «այնպիսի» բառը փոխարինել «օրենքով չնախատեսված դեպքում և կարգով», իսկ «որը տառապանք պատճառելով է հանգեցնում մահվան,» բառերը հանել:»:
III. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ
1. Նախագծի 1-ին հոդվածի 5-րդ մասում «կարող է առաջանալ» ձևակերպումը փոխարինել «առաջացել է» ձևակերպմամբ:
2. Առաջարկում ենք նախագծի 1-ին հոդվածի 13-րդ և 18-րդ մասերը միավորել, քանի որ մեկը տնային կենդանի պահողի կողմից պահման և խնամքի կարգը խախտելու մասին է, իսկ մյուսը` տնային շներ պահելու սահմանված կանոնները խախտելու:
Նույն տրամաբանությամբ առաջարկում ենք միավորել 6-րդ և 20-րդ մասերը:
3. Նախագծի 1-ին հոդվածի համաձայն` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում խմբագրվող 113-րդ հոդվածի 24-րդ և 25-րդ մասերով, այն է` կացարաններում կենդանիների պահման կարգը խախտելու և անկած կենդանիների դիակների հավաքման, թաղման և ոչնչացման կարգը խախտելու դեպքերով սահմանված չէ վարչական իրավախախտման գործերի քննությունն իրականացնող իրավասու պետական մարմինը:
4. Հաշվի առնելով «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի վերաբերյալ 12-րդ կետով ներկայացված առաջարկությունները` նախագծի 1-ին հոդվածի 27-րդ մասը շարադրել հետևյալ կերպ`
«27. Սույն հոդվածով սահմանված իրավախախտումների հայտնաբերման համար որպես ապացույց կարող են օգտագործվել նաև «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքով սահմանված կարգով տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքավորումների միջոցով արձանագրված փաստերը:»:
5. Առաջարկում ենք 1-ին հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով`
«1. Կենդանու նկատմամբ այնպիսի դիտավորյալ գործողություն իրականացնելը, որը հանգեցրել է կենդանու մահվան, բացառությամբ «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքով նախատեսված դեպքերի, առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհիսնապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով:»:
Միաժամանակ նախագծում սահմանել, թե որ մարմինն է քննելու նշված գործերը:
6. Նախագծի 2-րդ և 3-րդ հոդվածներում ոստիկանության և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից 113-րդ հոդվածի 22-րդ մասի վարչական իրավախախտման գործերի քննության կապակցությամբ անհրաժեշտ է հստակեցնել, որ վերջիններս քննելու են միայն կենդանիների բուծման այն կանոնների խախտումները, որոնք բացառապես վերաբերում են կենդանիների բարեկեցությանը: Նշված առաջարկը պայմանավորված է այն հանգամանքով, որ «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի նախագծի 14-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` արգելվում է կենդանու նկատմամբ այնպիսի բնական կամ արհեստական բեղմնավորման իրականացումը, որի արդյունքում նոր սերնդի մոտ առաջանում են հիվանդություններ և անոմալ շեղումներ, մինչդեռ նշված հիվանդությունների համատեքստում կարող են ընդգրկվել նաև այնպիսի հիվանդության տեսակներ, ինչպես օրինակ` անասնահամաճարակային, որոնց նկատմամբ վերահսկողությունը վերապահված է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին:
7. Նախագծով ոստիկանությանը վերապահվում է նոր գործառույթ` քննելու կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին օրենսդրության մի շարք պահանջներ խախտելու համար նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:
Այս առումով հարկ է նկատել, որ մեր գնահատմամբ` ոստիկանության իրավազորության տիրույթում գտնվող իրավախախտումներ են նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող 113-րդ հոդվածի 12-րդ, 15-րդ, 16-րդ և 21-րդ մասերով նախատեսվածները: Այս մոտեցումը հիմնվում է այն տրամաբանության վրա, որ այդպիսիք իրապես առնչվում են ոստիկանության խնդիրների հետ, մասնավորապես, ուղղված են հասարակական անվտանգության ապահովմանը, ինչպես նաև մարդու իրավունքների, այդ թվում` սեփականության և առողջության պաշտպանությանը: Հետևաբար այս տեսանկյունից արդարացված է նման իրավիճակներում ոստիկանությանը կարգավորիչ միջամտություն իրականացնելու գործիքակազմի վերապահումը: Միաժամանակ գտնում ենք, որ վերը հիշատակված իրավախախտումների քննությունը հարկ է վերապահել միայն ոստիկանությանը` հաշվի առնելով դրանց համադրելիությունը ոստիկանության խնդիրների հետ, ինչպես նաև այն հանգամանքը, որ իրավասությունների կրկնորդումը իրավակիրառ պրակտիկայում կարող է հանգեցնել գործնականում դրանց ոչ միատեսակ, տարակերպ կիրառելիության, նույն իրավախախտի նկատմամբ կրկնակի ներգործության և որպես հետևանք` արդյունավետության նվազեցման:
Ավելին` նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող 113-րդ հոդվածի 21-րդ մասով նախատեսված իրավախախտման գործերով քննությունը նաև տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահելու պարագայում ստացվում է, որ վերջիններս հանդես են գալու որպես ոստիկանության ծառայողների նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմիններ, որպիսի մոտեցումն անհամատեղելի է ոստիկանության և համայնքների խնդիրների, հանրային իշխանության համակարգում հատկապես գործառութային առումով նրանց վերապահված դերի և կարգավիճակի համակարգային տրամաբանության հետ:
Անդրադառնալով մյուս իրավախախտումներին` գտնում ենք, որ դրանց քննությունը ոստիկանությանը պատվիրակելը վիճահարույց է` ներքոշարադրյալ հիմնավորմամբ:
Այսպես` «Ոստիկանության մասին» օրենքի 2-րդ և 4-րդ հոդվածների համակցված ուսումնասիրությունից հետևում է, որ ոստիկանության խնդիրները սահմանվում են միայն այդ օրենքով, իսկ ոստիկանությանը վերապահվող լիազորությունները պետք է համապատասխանեն այդ խնդիրներին, այն է` անմիջականորեն ածանցվեն այդ խնդիրներից և ուղղված լինեն դրանց կենսագործմանը: Այս տեսանկյունից անհրաժեշտ է շեշտել, որ օրինագծով ամրագրվող լիազորությունը մնացյալ իրավախախտումների մասով համադրելի չէ ոստիկանության խնդիրների ընդհանուր տրամաբանության հետ: Մեր գնահատմամբ` ոստիկանության խնդիրները որևէ կերպ չեն կարող այնպիսի տարածական մեկնաբանություն ստանալ, որ այդ իրավախախտումների համար վարչական ներգործությունը որակվի որպես ոստիկանությանը հատուկ գործառույթ:
Նշվածի համատեքստում հատկանշական է այն հանգամանքը, որ ոստիկանության բարեփոխումների շրջանակներում ևս, այս տրամաբանությանը համահունչ, պետության կողմից որդեգրվել է ռազմավարական մոտեցում առ այն, որ պետք է ապահովվի ոստիկանության, որպես մասնագիտացված կառույցի, զարգացումը` վերջինիս թողնելով զուտ ոստիկանական գործառույթների իրականացումը:
Այսպիսով` մեր դիտարկմամբ, նախագծով առաջարկվող լուծումը մնացյալ իրավախախտումների մասով շեղվում է ինչպես «Ոստիկանության մասին» օրենքի համակարգային տրամաբանությունից, այնպես էլ` ՀՀ ներքին գործերի նախարարությունում մեկնարկած և շարունակվող բարեփոխումների պետական քաղաքականության ուղենիշային հայեցակարգից: Ավելին` ոստիկանությանը հավելյալ գործառույթի վերապահումը, առանց ոստիկանության ուժերի և միջոցների գնահատման, հանգեցնելու է հավելյալ ծանրաբեռնվածության` վտանգելով ոստիկանության հիմնական գործառույթների պատշաճ կատարումը:
8. Հաշվի առնելով «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի նախագծի 12-րդ հոդվածի և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով օրենսգրքում խմբագրվող 113-րդ հոդվածի 20-րդ մասով սահմանվող կարգավորումները` առաջարկում ենք Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 112.9-րդ և «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածները ճանաչել ուժը կորցրած:
Միաժամանակ հաշվի առնելով, որ գործող օրենսգրքում 112.9-րդ կետի մասով վերահսկողությունն իրականացնում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը` առաջարկում ենք սույն նախագծի 20-րդ կետի մասով ևս վերահսկողությունը վերապահել վերջինիս:
9. Նախագծի 4-րդ հոդվածի համաձայն` 113-րդ հոդվածի 1-ին, 7-րդ, 8-րդ և 14-րդ մասերով գործերի քննությունն իրականացնում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը: Նշվածի վերաբերյալ հարկ ենք համարում նշել, որ առնվազն օրինակ` անհրաժեշտ որակավորում և մասնագիտություն չունեցող անձանց կողմից կենդանիների բուժում կամ անասնաբուժական դեղամիջոցի կիրառման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու գործիքակազմեր վերջինս չունի:
Հաշվի առնելով վերը նշվածը` ներկայացված նախագծերի կարգավորման շրջանակներում խնդրում ենք նկատի ունենալ նաև սույն կետով արձանագրված խնդիրը և վերջինիս լուծման նպատակով անհրաժեշտ իրավական մեխանիզմներ սահմանելու անհրաժեշտությունը:
10. Առաջարկում ենք, ըստ հնարավորության, փաթեթում ներառել նաև կարգավորումներ կենդանիների ստերջացման և պատվաստման վերաբերյալ պահանջներ սահմանելու մասին` անասնաբուժական կլինիկաների և անասնաբուժական ծառայություններ մատուցող ֆիզիկական և իրավաբանական անձանց գործունեությունը վերահսկելու նպատակով:
IV. «Անասնաբուժության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի վերաբերյալ
1. Նախագծի 1-ին հոդվածի` 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով լրացվող «լիցենզավորման ենթակա» բառերը հանել, քանի որ անասնաբուժական գործունեությունը բազմաշերտ և ծավալուն է` բուժում, ախտորոշում, անասնաբուժասանիտարական փորձաքննություն, սպանդանոցային, լաբորատոր և այլ գործունեություն, ինչպես նաև անասնաբուժական հսկման ենթակա ապրանքների շրջանառությունը, անասնահամաճարակային նշանակության կամ անասնաբուժական պետական վերահսկման ենթակա օբյեկտների գործունեությունը:
2. Նախագծի 2-րդ հոդվածի` 6-րդ հոդվածի 2-րդ մասի 8.1-ին կետով լրացվող «8.1) անասնաբուժական գործունեության լիցենզավորման կարգը» բառերը հանել` ելնելով գործունեության բազմաշերտ և ծավալուն առանձնահատկություններից, միաժամանակ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ անասնաբուժական ցանկացած գործունեության` անասնահամաճարակային նշանակության կամ անասնաբուժական պետական վերահսկման ենթակա օբյեկտների, անասնաբուժական հսկման ենթակա ապրանքների շրջանառության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը:
3. Հարկ է նշել, որ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասը` անհրաժեշտություն է առաջանում «Անասնաբուժության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 37-րդ կետը «տնտեսությունները,» բառից հետո լրացնել «կենդանիների բուծարանները, կացարանները,» բառերով, քանի որ վերը նշված հաստատությունների կամ շինությունների շրջակայքում կարող են տարածվել վարակիչ կամ մակաբուծային գործոններ:
V. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»
1. Օրենքների նախագծերի համապատասխան հոդվածներում լրացվող անասնաբուժական գործունեության լիցենզավորումը և անասնաբուժական գործունեության համար նախատեսված պետական տուրքը հանել նախագծերից` հաշվի առնելով IV բաժնում ներկայացված առաջարկությունները:
VI. «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի վերաբերյալ
1. «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածում «7» թիվը փոխարինել «3» թվով` հաշվի առնելով, որ գործող օրենքի 50-րդ հոդվածի առաջին մասով ներկայումս շարադրված է երկու կետ, իսկ «և» բառը փոխարինել «կամ» բառով` հաշվի առնելով «Անասնաբուժության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 36-րդ կետը:
2. Նախագծի 4-րդ հոդվածով նախատեսվում է նոր առանձին հոդվածով (Հոդված 50.1) համայնքի ղեկավարին վերապահել լիազորություններ: Ընդ որում` համաձայն նախագծի` այդ հոդվածի երկու մասերում թվարկվող լիազորությունները դիտարկված են որպես համայնքի ղեկավարի սեփական լիազորություններ:
Վերոգրյալի մասով առաջարկում ենք նոր լրացվող 50.1-ին հոդվածի 1-ին և 2-րդ մասերը միավորել` հաշվի առնելով, որ երկու դեպքում էլ սահմանվում են համայնքի ղեկավարի սեփական լիազորություններ, միաժամանակ զերծ կմնանք «պետական վերահսկողության բնագավառում» խոցելի ձևակերպումից:
Միաժամանակ առաջարկում ենք «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» ՀՀ օրենքի նախագծի անցումային դրույթներով սահմանել, որ առաջարկվող կարգավորման համար համայնքներին առաջին տարում կտրվի սուբվենցիա, իսկ երկրորդ և հաջորդ տարիներին աշխատանքները կիրականացվեն համայնքային բյուջեների հաշվին:
Ելնելով վերոգրյալից` առաջարկում ենք համայնքների տարածքում թափառող կենդանիների համար նախատեսված կենդանիների կացարանների և հարակից ենթակառուցվածքների (ախտորոշիչ լաբորատորիա, անասնաբուժական կենտրոն, վիրահատարան և այլն) նախագծման, կառուցման և կառավարման, ինչպես նաև ստերջացման աշխատանքների իրականացումը ևս նախատեսել համայնքների իրավասություններում` որպես սեփական լիազորություն:
Ներկայացված դիտարկումներն ու առաջարկությունները հավասարապես վերաբերում են նաև «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով սահմանված կարգավորումներին:
3. «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծերի համապատասխանաբար 1-ին և 4-րդ հոդվածներում անհրաժեշտ է հստակեցնել, թե քաղաքի տարածքում տնային կենդանիներ պահելու թույլտվության և դրանց ամենամյա հաշվառման վերաբերյալ, մի դեպքում` ի՞նչ համաքաղաքային կանոնների, իսկ մյուս դեպքում ի՞նչ սահմանված կանոնների մասին է խոսքը, դրանք ի՞նչ բնույթի և տեսակի իրավական ակտերով են սահմանվելու և ի՞նչ ընթացակարգով և արդյո՞ք տարածվելու են միայն քաղաքային բնակավայրերի բնակիչների վրա, թե ոչ:
VII. «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
1. Անհրաժեշտ է պարզաբանել օրենքի նախագծում «կենդանի» հասկացությունը վերաբերում է տնային և թափառող կենդանիների՞ն, թե՞ առհասարակ բոլոր կենդանիներին:
_______________
ԻՐՏԵԿ - Ընդունող մարմնի կայքէջում (www.e-gov.am) պաշտոնական հրապարակման ամսաթիվ տրված չէ («Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք, հոդ. 23, մաս 7):