ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
18 սեպտեմբերի 2025 թվականի N 1347-Ն
ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՂՈՒԿ ՎԱՌԵԼԱՆՅՈՒԹԻ ԼՑԱՎՈՐՄԱՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ, ՀԵՂՈՒԿ ՎԱՌԵԼԱՆՅՈՒԹԻ ՊԱՀՄԱՆ, ՎԱՃԱՌՔԻ, ՊԱՀԵՍՏԱՎՈՐՄԱՆ, ԱՌԱՔՄԱՆ, ՓՈԽԱԴՐՄԱՆ, ԲԱՇԽՄԱՆ ԵՎ ԼՑԱՎՈՐՄԱՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(1-ին մաս)
Ղեկավարվելով «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել ավտոտրանսպորտային միջոցների հեղուկ վառելանյութի լցավորման կայանների կառուցվածքի, հեղուկ վառելանյութի պահման, վաճառքի, պահեստավորման, առաքման, փոխադրման, բաշխման և լցավորման կայանների անվտանգ շահագործման տեխնիկական անվտանգության կանոնները` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից չորս ամիս հետո:
3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում ավտոտրանսպորտային միջոցների հեղուկ վառելանյութի լցավորման կայաններ շահագործող անձինք պարտավոր են շահագործվող կայանները, դրանցում կիրառվող տեխնոլոգիական սարքավորումները և պահեստարանները, ինչպես նաև իրենց գործունեությունը համապատասխանեցնել սույն կանոնների պահանջներին: Սույն կետի պահանջները տարածվում են նաև սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ նախագծման կամ կառուցապատման փուլում գտնվող ավտոտրանսպորտային միջոցների հեղուկ վառելանյութի լցավորման կայանների վրա:
4. Սույն որոշման 3-րդ կետի պահանջները չկատարելու դեպքում ավտոտրանսպորտային միջոցների հեղուկ վառելանյութի լցավորման կայանի շահագործումն արգելվում է «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքով սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2025 թ. սեպտեմբերի 23
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2025 թվականի սեպտեմբերի 18-ի
N 1347-Ն որոշման
ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՂՈՒԿ ՎԱՌԵԼԱՆՅՈՒԹԻ ԼՑԱՎՈՐՄԱՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ, ՀԵՂՈՒԿ ՎԱՌԵԼԱՆՅՈՒԹԻ ՊԱՀՄԱՆ, ՎԱՃԱՌՔԻ, ՊԱՀԵՍՏԱՎՈՐՄԱՆ, ԱՌԱՔՄԱՆ, ՓՈԽԱԴՐՄԱՆ, ԲԱՇԽՄԱՆ ԵՎ ԼՑԱՎՈՐՄԱՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Ավտոտրանսպորտային միջոցների հեղուկ վառելանյութի լցավորման կայանների կառուցվածքի, հեղուկ վառելանյութի պահման, վաճառքի, պահեստավորման, առաքման, փոխադրման, բաշխման և լցավորման կայանների անվտանգ շահագործման տեխնիկական անվտանգության կանոններով սահմանվում են ավտոտրանսպորտային միջոցների հեղուկ վառելանյութի լցավորման կայանների` որպես արտադրական վտանգավոր օբյեկտների (այսուհետ` ԱՎՕ) ու դրանցում կիրառվող տեխնոլոգիական սարքավորումների և պահեստարանների անվտանգ շահագործման տեխնիկական անվտանգության պահանջները` ուղղված հեղուկ վառելանյութի վաճառքի, այդ թվում` պահման, առաքման, փոխադրման և բաշխման ժամանակ աշխատանքների անվտանգ կատարմանը, տեխնածին վթարների, արտադրական դժբախտ դեպքերի կանխարգելմանը, այդ վթարների հետևանքով մարդկանց կյանքին, գույքին և շրջակա միջավայրին հասցվող վնասների ռիսկի նվազեցմանը, ինչպես նաև աշխատողների կյանքի ու առողջության պաշտպանությանը:
2. Բնակավայրերում ավտոտրանսպորտային միջոցների հեղուկ վառելանյութի լցավորման կայանները պետք է նախատեսել միայն հեղուկ վառելանյութի պահման ստորգետնյա պահեստարաններով:
3. Ավտոտրանսպորտային միջոցների հեղուկ վառելանյութի լցավորման կայանների հեղուկ վառելանյութի պահեստավորումը, առաքումը, փոխադրումը կամ բաշխումը թույլատրվում է միայն այն դեպքում, եթե դրանք իրականացվում են սույն կանոնների, ինչպես նաև «Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ և չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին» օրենքի և դրա հիման վրա ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի պահանջներին համապատասխան:
4. Սույն կանոնների պահանջները տարածվում են նաև բոլոր այն իրավաբանական կամ ֆիզիկական անձանց, այդ թվում` անհատ ձեռնարկատերերի վրա, որոնք ունեն հեղուկ վառելանյութի վերամշակման օբյեկտներ, պահեստներ, պահեստարաններ կամ շահագործում են ավտոտրանսպորտային միջոցների հեղուկ վառելանյութի լցավորման կայան, այն կազմակերպությունների վրա, որտեղ ավտոտրանսպորտային միջոցների հեղուկ վառելանյութն օգտագործվում է բացառապես կազմակերպության գործունեության նպատակների համար շահագործվող ավտոտրանսպորտային միջոցների լցավորման համար, ինչպես նաև այն կազմակերպությունների վրա, որոնք իրականացնում են հեղուկ վառելանյութի ավտոտրանսպորտային փոխադրումներ (վագոն ցիստեռններ, ավտոցիստեռններ) կամ մանրածախ վաճառք` անկախ դրանց կազմակերպական-իրավական ձևերից:
5. Սույն կանոնների պահանջները չեն տարածվում այն դեպքերի վրա, երբ ավտոտրանսպորտային միջոցների հեղուկ վառելանյութի բաշխումը կատարվում է 500 լիտրից պակաս ընդհանուր տարողունակություն ունեցող պահեստավորման ապրանքամաններից:
6. Ավտոտրանսպորտային միջոցների հեղուկ վառելանյութի լցավորման կայան շահագործող անձն արտադրական պատահարների, դժբախտ դեպքերի, տեխնածին վթարների կանխարգելման, կայանի շահագործման ժամանակ աշխատանքների անվտանգ կատարման և աշխատողների անվտանգությունն ապահովելու համար պետք է կազմակերպի ավտոտրանսպորտային միջոցների հեղուկ վառելանյութի լցավորման կայանի արտադրական շենքերի, շինությունների, բոլոր տեսակի սարքավորումների և սարքերի, անվտանգության գոտու տարածքների պարբերական զննումներ և համաձայն «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի դրույթների` մշակի և իրականացնի հետևյալ միջոցառումները`
1) ավտոտրանսպորտային միջոցների հեղուկ վառելանյութի լցավորման կայանը գրանցի ԱՎՕ-ի ռեեստրում և ներկայացնի տեխնիկական անվտանգության փորձաքննության,
2) մշակի և հաստատի ավտոտրանսպորտային միջոցների հեղուկ վառելանյութի լցավորման կայանի տեխնիկական անվտանգության վկայագիրը` ԱՎՕ-ի տեխնիկական անվտանգության վկայագրի պահանջներին համապատասխան,
3) ավտոտրանսպորտային միջոցների հեղուկ վառելանյութի լցավորման կայանի անձնակազմի համապատասխան մասնագիտական որակավորում ունեցող ինժեներատեխնիկական կադրերից նշանակի տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրության և սույն կանոնների իմացության մասով անվտանգ շահագործման (սարքին վիճակի պահման, հսկողության և աշխատանքի անվտանգության) համար պատասխանատու անձ (անձինք) կամ ստեղծի հատուկ պատասխանատու կառույց (տեխնիկական անվտանգության ծառայություն) կամ այդ գործառույթների իրականացումը հանձնարարի մասնագիտացված կազմակերպություններին` պայմանագրի հիման վրա: Ընդ որում, պատասխանատու անձինք, համաձայն ԱՀՎԼԿ-ի ղեկավարության կողմից ներքին իրավական ակտով հաստատված ժամանակացույցի, առնվազն երեք տարին մեկ անգամ անցնում են մասնագիտական որակավորման դասընթացներ, որակավորում (վերաորակավորում) համապատասխան կազմակերպություններում կամ հաստատություններում` պայմանագրային հիմունքներով,
4) ավտոտրանսպորտային միջոցների հեղուկ վառելանյութի լցավորման կայանի անձնակազմից նշանակի կայանի սպասարկման համար մասնագետներ` գործարկուներ (օպերատորներ), որոնք պետք է ունակ լինեն իրականացնել արտադրական շենքերում, շինություններում տեղակայված բոլոր տեսակի տեխնոլոգիական սարքավորումների, ցիստեռնների, պոմպերի, պահեստարանների, պահոցների, ապահովիչ սարքերի, հսկիչ-չափման միջոցների, խողովակաշարերի, ամրանների, անվտանգության միջոցների և սարքերի, լցավորման բաշխիչ աշտարակների, ամբարձիչ սարքավորումների և շահագործվող այլ ապարատների գործարկում, ստուգում, զննում և արդյունքների գրանցում` դրանց համար ավտոտրանսպորտային միջոցների հեղուկ վառելանյութի լցավորման կայանի կողմից մշակված համապատասխան գրանցամատյաններում,
5) կազմակերպի մասնագետների և սպասարկող անձնակազմի հրահանգավորում, տեսական ուսուցում, գիտելիքների պարբերական ստուգումներ առնվազն 12 ամիսը մեկ անգամ, այդ թվում` մինչև աշխատանքի թույլտվություն ստանալը աշխատողների նախնական հրահանգավորման անցկացումը` ավտոտրանսպորտային միջոցների հեղուկ վառելանյութի լցավորման կայանի անվտանգ շահագործման (սարքին վիճակի պահման, հսկողության և աշխատանքի անվտանգության) համար պատասխանատու անձի կողմից, այնուհետև` սկզբնական հրահանգավորումը տվյալ աշխատատեղի համար` տվյալ աշխատատեղի ստորաբաժանման ղեկավարի կողմից: Հրահանգավորումը կատարվում է առնվազն երեք ամիսը մեկ անգամ, որի վերաբերյալ նշումներ են կատարվում դրա համար ավտոտրանսպորտային միջոցների հեղուկ վառելանյութի լցավորման կայանի կողմից մշակված, համարակալված և կնքված հրահանգավորման գրանցամատյանում: Գրանցամատյանում նշվում է նաև աշխատանքների թույլտվությունը: Հրահանգավորման ժամանակ, ըստ հաստատված ծրագրի, աշխատողը պետք է անհրաժեշտ տեղեկատվություն ստանա իր աշխատատեղում առկա վնասակար գործոնների, հրդեհային անվտանգության մասին, ինչպես նաև համառոտ ուսուցում անցնի իր աշխատատեղին վերաբերող աշխատանքի անվտանգության բոլոր ստանդարտների վերաբերյալ: Աշխատատեղի կամ աշխատանքի պայմանների փոփոխման դեպքում աշխատողն անցնում է լրացուցիչ ուսուցում և հրահանգավորում` սույն կանոններին համապատասխան:
2. ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
7. Սույն կանոններում կիրառվում են հետևյալ հիմնական հասկացությունները`
1) ավտոտրանսպորտային միջոցների հեղուկ վառելանյութի լցավորման կայան (ԱՀՎԼԿ)` տարածք կամ շինություն, որը մանրածախ վաճառքի միջոցով ավտոտրանսպորտային միջոցների սպառման համար իրականացնում է հեղուկ վառելանյութի բաժնավորում,
2) հեղուկ վառելանյութ` նավթաթորվածքներ, այդ թվում` բենզինը և դիզելային վառելիքը, որոնք ԱՀՎԼԿ-ն բաժնավորում է ավտոտրանսպորտային միջոցների բաքերում կամ շարժական ապրանքամաններում,
3) բենզին` հեղուկ վառելանյութ` կայծային բռնկումով ներքին այրման շարժիչներում օգտագործման համար,
4) դիզելային վառելիք` հեղուկ վառելանյութ` սեղմումից բոցավառվող ներքին այրման շարժիչներում օգտագործման համար,
5) վերգետնյա պահեստարան` գետնի մակերևույթից բարձր անշարժ տեղակայված պողպատե կողապատերով տարողություն` նախատեսված հեղուկ վառելանյութի պահեստավորման և օգտագործման նպատակով,
6) ստորգետնյա պահեստարան` գետնի մակերևույթից ցածր անշարժ տեղակայված պողպատե կողապատերով տարողություն` նախատեսված հեղուկ վառելանյութի պահեստավորման և օգտագործման նպատակով,
7) ապագործարկում` ԱՀՎԼԿ-ն, դրա տարողությունները կամ տեխնոլոգիական սարքավորումները շահագործումից հանելու գործընթաց,
8) ավտոցիստեռն` քարշակ կցասայլով կամ կիսակցասայլով բաղադրյալ փոխադրամիջոց, որն օգտագործվում է դեպի ԱՀՎԼԿ կամ հակառակ ուղղությամբ հեղուկ վառելանյութ առաքելու կամ փոխադրելու համար,
9) խողովակաշար` խողովակների ամբողջություն, որոնց միջոցով հեղուկ վառելանյութը փոխանցվում է պահեստավորման պահեստարաններից դեպի բաժնավորիչները: Նշված համակարգը ներառում է բոլոր խողովակաոստերը, կցորդիչները, միացումները, կափույրները և այլ ամրակցված տարրերը,
10) վառելիքաբաշխիչ աշտարակ` սարքավորում` նախատեսված ԱՀՎԼԿ-ի կողմից սպառողների տարողությունների և ավտոտրանսպորտային միջոցների մեջ հեղուկ վառելանյութ լցավորելու, դրա ծավալները չափելու և արժեքը հաշվելու համար,
11) լցավորման ճկափող` հեղուկ վառելանյութի լցավորման ժամանակ դրա հոսքը կառավարող սարք,
12) բաժնավորիչ` չափման համակարգ, որը նախատեսված է սնուցող պահեստարանից հեղուկ վառելանյութը համապատասխան բաքեր կամ հեղուկ վառելիքի մանրածախ առևտրի կետերում ստուգաչափված տարաներին, դրանց տեղադրմանը և կիրառմանը օրենսդրությամբ ներկայացվող պահանջներին համապատասխանող ապրանքամաններ լցնելու համար,
13) ինքնասպասարկման ԱՀՎԼԿ` ԱՀՎԼԿ, որտեղ սպառողներն են շահագործում լցավորման տեխնոլոգիական սարքավորումները, իսկ գործարկումը և հսկողությունն իրականացնում է ԱՀՎԼԿ սպասարկող անձնակազմը` հնարավորություն ունենալով վթարային իրավիճակի առաջացման դեպքում հսկիչ կետից անջատել նշված սարքավորումները,
14) հսկվող ինքնասպասարկում` սպասարկում, որը ենթադրում է, որ սպառողներն իրենք են օգտվում լցավորման տեխնոլոգիական սարքավորումներից` գործարկուի հսկողության ներքո,
15) սպասարկող անձնակազմ` ԱՀՎԼԿ տեխնոլոգիական սարքավորումներն անմիջականորեն սպասարկող, շահագործող և կառավարող աշխատողներ,
16) երկրորդային կողապատի շերտ` պահեստավորման պահեստարանների կամ խողովակային համակարգի առաջնային պաշտպանական անջատիչ շերտ,
17) հեղուկ վառելանյութի պահեստավորում` հեղուկ վառելանյութի պահում պահեստարաններում, որը հետագայում բաժնավորվում է ավտոտրանսպորտային միջոցների վառելիքի բաքերում կամ համապատասխան ապրանքամաններում,
18) ներծծման համակարգ` համակարգ, որտեղ հեղուկ վառելանյութը պահեստավորման պահեստարանից մղվում է դեպի բաժնավորիչը` վերջինիս վրա տեղակայված պոմպի միջոցով,
19) բեռնաթափման վայր` ԱՀՎԼԿ տարածքի հատված, որտեղ հեղուկ վառելանյութը ավտոցիստեռններից կամ այլ տարողություններից բեռնաթափվում է ԱՀՎԼԿ պահեստարաններ,
20) գերլցավորումից պաշտպանության սարք` սարք` նախատեսված հեղուկ վառելանյութով պահեստարանի լցավորումը դրա աշխատանքային տարողունակությունից բարձր ծավալի դեպքում կանխելու համար,
21) շահագործող անձ` Հայաստանի Հանրապետության տարածքում ԱՀՎԼԿ փաստացի շահագործող կամ շահագործման նպատակով նախապատրաստող ֆիզիկական կամ իրավաբանական անձ,
22) դժբախտ դեպք` ԱՀՎԼԿ-ում պայթյունի, հրդեհի, վնասաբեր ռեակցիայի, հեղուկ վառելանյութի հոսակորստի, կաթոցի, պահեստարանի հերմետիկության վնասման, դյուրավառ կամ թունավոր գոլորշիների առաջացման կամ համանման այլ իրավիճակների հետևանքով մարդուն, գույքին կամ շրջակա միջավայրին վնաս պատճառած կամ վնաս պատճառելու սպառնալիք ստեղծած իրադարձություն,
23) կցորդիչ` սարք, որը նախատեսված է լցասարքն առանց վնասելու անջատելու կամ վառելիքի անհարկի կորուստ թույլ չտալու համար այն դեպքում, երբ լցավորման լցափողը դեռևս հանված չէ լցավորվող ավտոտրանսպորտային միջոցի բաքի բկանցքից,
24) կատոդային պաշտպանություն` հաղորդվող հոսանքի կամ պաշտպանական անոդների կցման միջոցով մետաղի մակերեսի կոռոզիան կանխելու կամ նվազեցնելու մեթոդ,
25) հակադարձ կափույր` հեղուկ վառելանյութի ընդունիչ գծերում օգտագործվող կափույրի տեսակ, որը կանխում է գծից վառելիքի հետ թափվելը դեպի պահեստարան` լցավորված վիճակում պահելով համակարգը,
26) գործարկում` ԱՀՎԼԿ-ի և տեխնոլոգիական սարքավորումների շահագործման գործընթացի սկիզբը, որը ներառում է տեխնոլոգիական սարքավորումների փորձարկումը և շահագործման ցուցումների պատրաստումը, աշխատողների նախնական ուսուցման անցկացումը և նախապատրաստական այլ աշխատանքներ,
27) ձևափոխություն (մոդիֆիկացիա)` ԱՀՎԼԿ-ում տեղակայված պահեստարանների, խողովակաշարերի կամ տեխնոլոգիական այլ սարքավորումների փոփոխություն, որը ներառում է տեխնոլոգիական սարքավորումների կամ հեղուկ վառելանյութի քանակության ֆիզիկական փոփոխությունը, տեխնոլոգիական նոր սարքավորումների, գործընթացների, նյութերի կամ գործարարական ընթացակարգերի ներդնումը կամ ցանկացած փոփոխություն, որը նշանակալիորեն փոփոխում է ԱՀՎԼԿ-ի հետ կապված հնարավոր վտանգավոր երևույթների առաջացումը,
28) դիտարկման (մոնիթորինգի) մեթոդ` հեղուկ վառելանյութի պահեստարաններում և խողովակային համակարգերում վնասման դեպքերը բացահայտելու ինքնաշխատ համակարգ,
29) ավտոտրանսպորտային միջոց` ավտոմոբիլային ճանապարհներով ուղևորներ և բեռներ փոխադրելու, ինչպես նաև ոչ տրանսպորտային աշխատանքներ կատարելու համար սարքավորված անիվավոր տրանսպորտային միջոց,
30) անվանական ծավալային տարողունակություն` պահեստավորման պահեստարանի տարողունակությունը` սահմանված արտադրողի կողմից,
31) այրման աղբյուր` էներգիայի աղբյուր, որը բավարար է հրդեհավտանգ մթնոլորտը այրելու համար և ներառում է բաց կրակ, չպաշտպանված շիկացած նյութ կամ էլեկտրական զոդման աղեղ կամ ստատիկ կայծ,
32) հեղուկ վառելանյութի կաթոց` րոպեում երեք կամ ավելի կաթիլ արագությամբ վառելիքի օրգանական բաղադրիչների հոսք,
33) հեղուկ վառելանյութի բաշխում` տեխնոլոգիական սարքավորումներով սպառողների տարողությունների կամ ավտոտրանսպորտային միջոցների մեջ հեղուկ վառելանյութ լցավորելու, դրա ծավալները չափելու և արժեքը հաշվելու գործընթաց:
3. ԱՀՎԼԿ-Ի ՆԱԽԱԳԻԾԸ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԸ
8. ԱՀՎԼԿ-ի նախագծի մշակումը, փորձաքննությունը, համաձայնեցումը, հաստատումը և փոփոխումը, ինչպես նաև ԱՀՎԼԿ-ի ավարտված շինարարության փաստագրումը պետք է իրականացվեն օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան:
9. ԱՀՎԼԿ-ի նախագծային փաստաթղթերը ենթակա են քաղաքաշինական, շրջակա միջավայրի վրա ազդեցության (օրենսդրությամբ նախատեսված լինելու դեպքում), ինչպես նաև տեխնիկական անվտանգության փորձաքննության` «Քաղաքաշինության մասին», «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքներով, ինչպես նաև դրանց հիման վրա ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով:
10. Նախագիծը պետք է բաղկացած լինի գծագրական մասից և տեխնիկական առաջադրանքից, որտեղ համապատասխան ձևով նկարագրվում են ԱՀՎԼԿ-ի տարածքը, սարքավորումները և նյութերը:
11. ԱՀՎԼԿ-ի նախագծային փաստաթղթերում պետք է ներառվեն հետևյալ տեքստային նյութերը`
1) ԱՀՎԼԿ-ի գործարկման տարեթիվը (նախատեսելու դեպքում),
2) ԱՀՎԼԿ-ի հարակից տարածքում առկա շենքերի և շինությունների հակիրճ բնութագրերը, սեփականության ձևերն ու նպատակային նշանակությունը,
3) ԱՀՎԼԿ-ի պարագծային սահմաններից դուրս բոլոր ուղղություններով մինչև 1 կմ հեռավորության վրա գտնվող այլ ԱՀՎԼԿ-ի տեղակայվածությունը,
4) ԱՀՎԼԿ-ի պարագծային սահմաններից դուրս բոլոր ուղղություններով մինչև 1 կմ հեռավորությամբ շրջակա տարածքում բնակչության միջին խտությունը,
5) տեղեկատվություն, թե ԱՀՎԼԿ-ի հարակից տարածքի տարբեր մասերն ինչ նպատակով պետք է օգտագործվեն,
6) տեղեկատվություն ԱՀՎԼԿ-ի աշխատանքային ժամերի վերաբերյալ,
7) տեղեկատվություն հետագայում իրականացվելիք այլ գործունեություն (սրճարան-բար, խանութ, լվացման կետ և այլն) նախատեսելու մասին,
8) յուրաքանչյուր հերթափոխում աշխատողների թվաքանակը և նրանց պարտականությունները,
9) էլեկտրական սարքավորումները, էլեկտրաստատիկությունից պաշտպանելու միջոցները,
10) աշխատանքի ընթացքում սպառողներին մշտապես տեսադաշտում պահելու համար նախատեսված միջոցների նկարագրությունը,
11) մեծածավալ առաքումների իրականացման վերաբերյալ տեղեկատվություն (իրականացվում են ԱՀՎԼԿ-ի աշխատողի հսկողության ներքո, միայն առաքող վարորդի կողմից կամ երկուսը միասին),
12) վթարների դեպքում օգնություն ստանալու համար օգտագործվող կապի միջոցները,
13) ամենամոտ հրշեջ հիդրանտի (հրշեջ խողովակաշարի) տեղակայվածությունը,
14) առաջին օգնության միջոցների նկարագրությունը և տեղակայվածությունը,
15) առևտրային նպատակներով կիրառվող նշանների նկարագրությունը:
12. Նոր կառուցվող, ընդլայնվող կամ վերակառուցվող ԱՀՎԼԿ-ի նախագիծը պետք է ներառի նաև`
1) ԱՀՎԼԿ-ի տարածքի հատակագիծը (դրա առանձին հատվածների հստակ տեղադիրքերով և գործառնական նշանակության նշումով)` ոչ պակաս, քան 1:100 մասշտաբով` արտահայտված մետրերով, վերին աջ անկյունում կողմնորոշումը ցույց տվող սլաքի պատկերմամբ` «Հյուսիս» նշագրմամբ,
2) ԱՀՎԼԿ-ի տարածքի կամ առաջարկված տարածքի բնութագրերը և իրադրության հատակագիծը,
3) ԱՀՎԼԿ-ի սահմանները` ներառյալ տարածքի սահմանագծերը, հեռավորությունները,
4) ԱՀՎԼԿ-ի տարածքում շենքերի և շինությունների` ներառյալ բացվածքների կամ դռների առկայությունը (տե՛ս` Աղյուսակը),
5) ԱՀՎԼԿ-ի տարածքում կամ դրա պարագծային սահմաններից մինչև 50 մ հեռավորության վրա գտնվող բոլոր խրամուղիների, ստորգետնյա տարածքների և նկուղների դիրքերը,
6) տեղեկություն ԱՀՎԼԿ-ի պարագծային սահմաններից սույն կանոնների 31-րդ կետով սահմանված նորմերին համապատասխան հեռավորության վրա գտնվող, իրեն չպատկանող շենքերի և շինությունների առկայության կամ բացակայության վերաբերյալ,
7) օդանցիկ կառույցները, ինչպիսիք են էլեկտրական հոսանքի, հեռախոսակապի գծերը,
8) ԱՀՎԼԿ-ի տարածքում ստորգետնյա կառույցները, ինչպիսիք են էլեկտրական հոսանքագծերը, կոյուղին, ջրագծերը,
9) ԱՀՎԼԿ-ի ճանապարհային երթևեկության կազմակերպման գծապատկերը` ներառելով մուտքը և ելքը, անցումային-արագացման գոտիները, ճանապարհային նշանները, գծանշումները և այլ տեխնիկական միջոցներ,
10) ԱՀՎԼԿ-ի աշխատողների սենյակի (տաղավարի) դիրքը (տե՛ս` Աղյուսակը),
11) լցավորման կղզյակների և ավտոտրանսպորտային միջոցների հեղուկ վառելանյութի լցավորման պոմպերի տեղակայվածությունը,
12) վառելիքաբաշխիչ աշտարակները, պահեստարանները և սարքավորումները ավտոտրանսպորտային միջոցների երթևեկության հնարավոր վնասներից պաշտպանող արգելափակոցների տեղակայվածությունը,
13) վառելիքաբաշխման մասում գտնվող որևէ տեսակի ծածկի տեղակայվածությունը, բարձրությունը և այլ չափերը,
14) վառելիքաբաշխման մասի և մեծածավալ բեռնաթափումների վայրի տարածքի ու բետոնե հարթակի տեղակայվածությունը և մակերեսը,
15) հեղուկ վառելանյութի փոխադրման համար օգտագործվող ավտոտրանսպորտային միջոցների տեղակայվածությունը և կայանատեղիները,
16) բեռնաբարձման, բեռնաթափման, հեղուկ վառելանյութի լցավորման կետերի տեղակայվածությունը և դրանց միջև հեռավորությունները (տե՛ս` Աղյուսակը),
17) յուրաքանչյուր վերգետնյա կամ ստորգետնյա պահեստարանի տեղակայվածությունը, դրանց տարողունակությունը և ֆիզիկական չափերը, բոլոր միացվող խողովակների մանրամասն նկարագրությունը,
18) ճնշման կարգավորիչ կամ օդափոխման խողովակների բացվածքների տեղակայվածությունը,
19) վերգետնյա կամ ստորգետնյա խողովակաշարերի, կափույրների և պոմպերի տեղակայվածությունը և հզորությունը` հստակորեն նշելով, թե յուրաքանչյուր պահեստարանին որ պոմպերն են միացված,
20) չափագրման, չափման և հեղուկ վառելանյութի տարողությունների քանակության հսկիչ սարքերի տեղակայվածությունը և նկարագրությունը,
21) արտահոսքի հայտնաբերման սարքերի տեղակայվածությունը և նկարագրությունը,
22) դիտման հորերի տեղակայվածությունը,
23) տեղադրվելիք էլեկտրական սարքավորումները,
24) բոլոր տեսակի ստորգետնյա հաղորդակցման ուղիների տեղակայվածությունը,
25) ԱՀՎԼԿ-ի տարածքում կամ դրա պարագծային սահմաններից դուրս բոլոր ուղղություններով մինչև 300 մ հեռավորության վրա գտնվող բնական, մակերեսային կամ խորքային ջրերի առկայությունը, որոնք օգտագործվում են որպես հանրային ջրամատակարարման համար գործող աղբյուրներ,
26) ջրային պաշտպանության գոտի հայտարարված ցանկացած տարածքի առկայությունը,
27) ԱՀՎԼԿ-ի կամ դրա պարագծային սահմաններից դուրս բոլոր ուղղություններով մինչև 300 մ հեռավորության վրա գտնվող որևէ դրենաժային ջրատարի, խրամուղու, հեղեղատարի, կոյուղու բացվածքի կամ հակաջրհեղեղային ջրատարի տեղակայվածությունը,
28) ԱՀՎԼԿ-ի մեծ ծավալով հեղուկ վառելանյութի բեռնաթափման կետերում և վառելիքաբաշխիչ մասերում դրենաժային համակարգերի տեղակայվածությունը` ներառյալ ստորգետնյա պահեստարանների վառելիքի հոսքի կանխարգելիչները և վառելիքի (ջրի) սեպարատորները,
29) ծխելու համար հատկացված տեղի տեղակայվածությունը,
30) վթարային իրավիճակներում անջատիչ սարքերի տեղակայվածությունը,
31) հակահրդեհային սարքավորումների` ներառյալ կրակմարիչների տեղակայվածությունը,
32) աշխատողների և սպառողների համար նախատեսված սանիտարահիգիենիկ շինությունների և հարմարությունների տեղակայվածությունը ու նկարագրությունը,
33) աղբահանման ապրանքամանների տեղակայվածությունը,
34) ԱՀՎԼԿ-ի ցանկապատերի, արգելափակոցների և անվտանգության ծառայության տեղակայվածությունը:
13. ԱՀՎԼԿ-ի նախագծի տեխնոլոգիական բնութագիրը պետք է ներառի արտադրող ընկերության կողմից տրամադրվելիք տեխնոլոգիական սարքավորումների մակնիշի, մոդելի և պահեստամասերի մանրամասն նկարագրությունը, ինչպես նաև ժամանակացույց` հետևյալ սարքավորումների շահագործման հանձնման համար`
1) վառելիքաբաշխիչ աշտարակներ,
2) մատակարարման և բաշխման փողրակներ,
3) վերգետնյա և ստորգետնյա պահեստարաններ,
4) խողովակաշարեր և դրանք միմյանց ամրացնող մասեր,
5) հեղուկ վառելանյութի պոմպեր,
6) պահեստարանի կցորդներ և կափույրներ,
7) ճնշման և վակուումային կափույրներ,
8) կատոդային պաշտպանական համակարգ` ներառյալ անոդների տեղակայվածությունը,
9) չափագրման, չափման և հեղուկ վառելանյութի պարունակության հսկիչ միջոցներ,
10) արտահոսքի հայտնաբերման սարքեր,
11) հեղուկ վառելանյութի թափվածքը պահող սարքվածքներ,
12) դիտման հորեր:
4. ԱՀՎԼԿ-Ի ԿԱՌՈՒՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
14. ԱՀՎԼԿ-ի շենքերն ու շինությունները պետք է նախագծվեն, կառուցվեն և շահագործվեն սույն կանոնների, քաղաքաշինության ոլորտի նորմատիվատեխնիկական փաստաթղթերի, հրդեհային անվտանգության, շինարարական նորմերի և կանոնների պահանջներին համապատասխան:
15. ԱՀՎԼԿ-ի ավտովառելիքի օգտագործման, պահեստավորման և բաժնավորման համար օգտագործվող բոլոր շինությունները և տեխնոլոգիական սարքավորումները պետք է նախագծվեն, կառուցվեն, տեղակայվեն, փորձարկվեն, գործարկվեն, շահագործվեն, պահպանվեն, վերանորոգվեն և ապագործարկվեն սույն կանոններով սահմանված կարգով, ինչպես նաև համապատասխանեն քաղաքաշինական և տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրության պահանջներին, իսկ տեխնոլոգիական սարքավորումները համապատասխանեն նաև Հայաստանի Հանրապետության ստանդարտացման ազգային մարմնի կողմից ընդունված` սարքավորումների վերաբերյալ ազգային ստանդարտների, ստանդարտացման ազգային համակարգով սահմանված` Հայաստանի Հանրապետությունում ազգային ստանդարտի կարգավիճակով կիրառվող միջազգային, տարածաշրջանային և այլ պետությունների ազգային ստանդարտների, ինչպես նաև նորմատիվ իրավական այլ ակտերով սահմանված պահանջներին:
16. ԱՀՎԼԿ-ի շինարարությունը կամ ձևափոխությունը (մոդիֆիկացիա), այդ թվում` վերազինումը, վերակառուցումը, իրականացվում են «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի, սույն կանոնների, ինչպես նաև ԱՀՎԼԿ-ի նախագծային և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջներին համապատասխան:
17. Նախքան ԱՀՎԼԿ-ի շինարարության աշխատանքներն սկսելը, ԱՀՎԼԿ շահագործող անձի կողմից ԱՀՎԼԿ-ի էսքիզային նախագիծը և ԱՀՎԼԿ-ի նախագծային փաստաթղթերը ենթակա են համաձայնեցման պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների հետ և օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացվում են փորձաքննությունների` համապատասխան եզրակացություններ ստանալու համար:
18. ԱՀՎԼԿ-ին վերաբերող բոլոր փաստաթղթերը պետք է պահպանվեն շահագործող անձի մոտ, որը պարտավոր է օրենսդրությամբ սահմանված դեպքում և կարգով դրանք ներկայացնել ըստ պահանջի` համապատասխան մարմնին:
19. ԱՀՎԼԿ-ի տարածվող սարքերը պետք է տեղադրվեն կղզյակների վրա հետևյալ կերպ`
1) առնվազն 3 մ` տարածքի սահմանագծից,
2) առնվազն 3 մ` այն շինություններից, որոնք հարևանությամբ ունեն արտաքին պատեր,
3) առնվազն 8 մ` փողոցի բանուկ մասից, որի նկատմամբ տարածվող կղզյակն ունի ուղղահայաց դասավորություն,
4) առնվազն 4 մ` փողոցի բանուկ մասից, որին զուգահեռ է տարածվող կղզյակը,
5) առնվազն 7 մ` բռնկման ֆիքսված աղբյուրներից:
20. Տարածվող կղզյակները պետք է տեղադրվեն այնպես, որ`
1) լցավորվող ավտոտրանսպորտային միջոցներն ամբողջությամբ լինեն ԱՀՎԼԿ-ի ներսում,
2) տարածվող խողովակաշարը ցանկացած այլ շինությունից գտնվի առնվազն 1,5 մ հեռավորության վրա:
21. ԱՀՎԼԿ-ի պահեստարանի համակարգերը պետք է տեղակայված լինեն այնպիսի եղանակով, որը հնարավորություն կտա իրականացնելու արտամղման գործողություններ:
22. Հրշեջ մեքենաները պետք է հնարավորություն ունենան մինչև 60 մ հեռավորության վրա մոտենալու պահեստարանին և դրանց ճանապարհի լայնությունը պետք է լինի առնվազն 6 մ:
23. Պահեստարանների միջև հեռավորությունը միմյանցից, ինչպես նաև պահեստարանների և պաշտպանիչ շինության ներքին պատերի միջև հեռավորությունը պետք է լինի առնվազն 1 մ:
24. ԱՀՎԼԿ-ի` ավտոտրանսպորտային միջոցների լցավորման համար հեղուկ վառելանյութ պարունակող վերգետնյա պահեստարանների ընդհանուր առավելագույն տարողությունը պետք է լինի 20մ3-30մ3, յուրաքանչյուր պահեստարանի առավելագույն տարողությունը` 10 մ3, ստորգետնյա պահեստարանների առավելագույն տարողությունը` 25 մ3-40 մ3:
25. Բենզին և դիզելային վառելիք պարունակող վերգետնյա պահեստարանների տեղադրումները պետք է առանձնացված լինեն իրարից և յուրաքանչյուր պահեստարանի համար վերալցման կամ բեռնաթափման վայրերը (տարածքները) պետք է`
1) բենզին պարունակող վերգետնյա պահեստարաններից առանձնացվեն առնվազն 8 մ-ի չափով,
2) դիզելային վառելիք պարունակող վերգետնյա պահեստարաններից առանձնացվեն առնվազն 6 մ-ի չափով,
3) ունենան էլեկտրական լուսավորում` փոխադրումները օրվա մութ ժամերին անվտանգ իրականացնելու նպատակով,
4) ապահովեն վերալցման ավտոտրանսպորտային միջոցների ազատ ու հարմարավետ մուտքը,
5) ունենան ավտոտրանսպորտային միջոցների մուտքն ապահովող բետոնե ծածկույթով հարթակ` արտահոսքի դեպքում հեղուկ վառելանյութի ստորգետնյա ներթափանցումը թույլ չտալու նպատակով,
6) ապահովված լինեն դրենաժի համակարգով` տեղակայված վառելիք-ջուր սեպարատորի վրա, որը նախատեսված է անձրևաջրերը, այլ ջրերը, հեղուկ վառելանյութը և այլ հեղուկները չորացնելու համար:
26. Ավտոտրանսպորտային միջոցների վառելիքով լցավորման համար նախատեսված տարածքները պետք է լինեն բետոնե ծածկույթով (արգելվում է ասֆալտբետոնե ծածկույթի օգտագործումը), ընդ որում`
1) բետոնե ծածկույթով տարածքի ընդգրկումը պետք է լինի 2 մ` վառելիքով լցավորման յուրաքանչյուր սարքի անկյունից: Այդ տարածքները պետք է սահմանափակեն հեղուկ վառելանյութը փոխադրող սարքի և խողովակաշարի առավելագույն երկարությունը ցանկացած ուղղությամբ` գումարած 30 սմ,
2) վառելիքի փոխադրման տարածքը պետք է կառուցվի այնպես, որպեսզի բացառվեն դրենաժի հոսքերը վառելիքի փոխադրման տարածքից դեպի ներս և դուրս,
3) ավտոտրանսպորտային միջոցների լցավորման բետոնե ծածկույթով տարածքները եղանակային փոփոխություններից պաշտպանելու նպատակով պետք է ունենան պաշտպանիչ կառուցվածք, որը պետք է տարածվի մինչև ավտոտրանսպորտային միջոցի լցավորման կետը,
4) պաշտպանիչ սարքերը պետք է տեղակայվեն ԱՀՎԼԿ-ի սահմանագծից (ճանապարհի երթևեկելի մասին հարող) առնվազն 1,5 մ հեռավորության վրա:
27. Հեղուկ վառելանյութի փոխադրման, պահեստավորման և լցավորման տարածքները պետք է ունենան բետոնե սահման կամ այլ պաշտպանություն` փոխադրման ընթացքում վառելիքի թափվող զանգվածն իրենց մեջ պահելու համար: Թափվածքները չպետք է անմիջապես լցվեն կոյուղու, խմելու ջրի կամ փողոցի ջրահեռացման համակարգերի մեջ, և դրանք պետք է ենթարկվեն դրենաժի:
28. Տրանսպորտի երթևեկության համար անկյունային դասավորություն ունեցող ԱՀՎԼԿ-ի մուտքը և ելքը պետք է սահմանվի աջից ներս, աջից դուրս ուղղությամբ, եթե դա թույլ են տալիս ճանապարհային երթևեկության կանոնները:
29. ԱՀՎԼԿ-ում պետք է պահպանվեն տարածքի բարեկարգման հետևյալ պահանջները`
1) եզրաքարի 15 սմ բարձրությամբ շերտի կառուցում ճանապարհին` բացառությամբ ճանապարհի բաց հատվածների,
2) բնակավայրերի ուղղությամբ ձգվող տարածքում 1,5 մ բարձրություն ունեցող ամուր ցանցի կամ պատի կառուցում,
3) բնակավայրերի ուղղությամբ ձգվող տարածքում 2-մետրանոց բնական լանդշաֆտի ստեղծում,
4) արտաքին լուսավորման ապահովում` ԱՀՎԼԿ-ն հարակից այլ տարածքներից տարբերակելու համար,
5) մշտական կամ ժամանակավոր նշանները չպետք է տեղադրվեն ընդհանուր ճանապարհի վրա: Բոլոր նշանները պետք է տեղադրվեն այնպես, որ լինեն տեսանելի, սակայն չշեղեն վարորդների կամ հետիոտների ուշադրությունը,
6) նյութերի կամ սարքավորումների պահեստավորումը պետք է նախատեսել հեղուկ վառելանյութի լցավորման սարքերից դուրս` հոծ պատով առանձնացված ազատ տարածքում:
30. ԱՀՎԼԿ-ի վառելիքի պահպանման և բաշխման շինությունները, վարչակենցաղային և սպասարկման տաղավարների շենքերի պատերը պետք է կառուցվեն հրակայուն նյութերից, բետոնե խառնվածքներից: Հրակայուն նյութերից պետք է պատրաստվեն նաև լցավորման ԱՀՎԼԿ-ի դռները, պատուհանները և այլ բացվածքները: Կայանի տանիքի և մյուս ծածկոցների համար անհրաժեշտ է օգտագործել մետաղաթիթեղյա, կղմինդրե կամ այլ հրակայուն նյութեր: Արգելվում է փայտե կամ պլաստմասսայե նյութերի օգտագործումը ԱՀՎԼԿ-ի շինություններում:
31. Նոր կառուցվող, ընդլայնվող կամ վերակառուցվող ԱՀՎԼԿ-ի պարագծային սահմաններից մինչև իրեն չպատկանող շենքեր և շինություններ ընկած նվազագույն միջտարածությունները պետք է պահպանվեն` հաշվի առնելով քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծման և կառուցապատման շինարարական նորմերով և ավտոմեքենաների բենզալցակայանների հրդեհային անվտանգության կանոնների հավաքածուով, ինչպես նաև քաղաքաշինության ոլորտի այլ նորմատիվատեխնիկական փաստաթղթերով սահմանված պահանջները:
5. ԱՀՎԼԿ-Ի ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ
32. Եթե տեխնոլոգիական որևէ սարքավորման ստուգման արդյունքում բացահայտվում է թերություն, որի պատճառով աշխատանքի հետագա շարունակումը կարող է հանգեցնել կաթոցի, հոսակորստի վտանգի, խափանման կամ շինվածքային թերության, ապա տվյալ սարքավորումը պետք է անհապաղ հանվի շահագործումից կամ ժամանակավորապես դադարեցվի դրա օգտագործումը` մինչև համապատասխան վերանորոգում կատարելը: Վերանորոգման բոլոր աշխատանքները պետք է կատարվեն սարքավորումն արտադրողի կողմից տրված հրահանգի ցուցումներին, ինչպես նաև սույն կանոններին համապատասխան:
33. ԱՀՎԼԿ-ի պահպանման վիճակը ստուգելու համար ԱՀՎԼԿ շահագործող անձը պետք է պարբերաբար, բայց ոչ պակաս, քան 6 ամիսը մեկ անգամ, կատարի ԱՀՎԼԿ-ի շինությունների և տեխնոլոգիական սարքավորումների համակարգերի զննումներ: Զննումների արդյունքները գրավոր ձևակերպվում են շահագործման և պահպանման ձեռնարկում, որը պետք է պահվի ԱՀՎԼԿ-ում և հասանելի լինի յուրաքանչյուրին, ով ԱՀՎԼԿ-ում կատարում է շահագործման, զննման, վերանորոգման կամ տեխնոլոգիական սարքավորումների փորձարկման աշխատանքներ:
34. Շահագործման և պահպանման ձեռնարկը պետք է պարունակի մանրամասն ցուցումներ, որոնք ապահովում են հեղուկ վառելանյութի պահեստավորման, առաքման և բաժնավորման համակարգերի ու դրանց բաղադրիչների պատշաճ շահագործումն ու պահպանումը սույն կանոններին համապատասխան: Ձեռնարկը պետք է պարունակի տեխնոլոգիական բոլոր սարքավորումներին վերաբերող հետևյալ տեղեկատվությունը`
1) գործող բոլոր հաստատումները, համապատասխանության սերտիֆիկատներն ու թույլտվությունները,
2) արտադրող ընկերության տեխնիկական բնութագրերը, տեղադրման, շահագործման, վերանորոգման և պահպանման մասին ցուցումները, արտադրողի կողմից տրամադրված ցանկացած այլ լրացուցիչ ցուցումներ,
3) համակարգի կամ դրա բաղադրիչների փորձարկման պահանջները` ներառյալ փորձարկումների ժամանակացույցը և փորձարկման արդյունքների չափանիշները, պահպանմանն ուղղված պարբերական զննումների, այդ թվում` զննման ենթակա տեխնոլոգիական սարքավորումների, ինչպես նաև շտկման կարիք ունեցող թերությունների մասին արձանագրությունը,
4) խափանված կամ մաշված բաղադրիչների առկայության դեպքում` դրանց փոխարինման ժամանակացույցը:
6. ԱՀՎԼԿ-Ի ՎԱՌԵԼԻՔԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԸ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ
35. ԱՀՎԼԿ-ի վառելիքային համակարգն ու բաղադրիչները ներառում են պահեստավորման պահեստարանները, խողովակաշարերի համակարգը, պոմպերը, ճկափողերը, բաժնավորիչները և հարակից տեխնոլոգիական սարքավորումները:
36. Սույն կանոնների հետ համապատասխանությունը պահպանելու համար նշված համակարգը և դրա բաղադրիչները պետք է`
1) տեղակայվեն միայն դրա հետ կապված բոլոր հնարավոր վտանգները բացահայտելուց, գնահատելուց և կառավարելուց հետո,
2) գործարկվեն միայն մանրազնին փորձարկումներ անցկացնելուց և համաձայնեցված ընթացակարգերի մշակումից հետո` դրանց անվտանգ շահագործումն ապահովելու համար,
3) շահագործվեն միայն համաձայնեցված ընթացակարգերի հիման վրա` արտադրողի կողմից տրամադրված շահագործման կանոններին համապատասխան` ուսուցում անցած և որակավորված անձնակազմի կողմից,
4) պահպանվեն և վերանորոգվեն` ընթացիկ շահագործման, մաշվածության և անսարքության պատճառով լրացուցիչ վտանգի առաջացումը կամ արդեն իսկ ծագած վտանգների խորացումը բացառելու նպատակով:
37. Հեղուկ վառելանյութի փոխադրման, պահեստավորման կամ բաժնավորման համար օգտագործվող բոլոր համակարգերը և դրանց բաղադրիչները պետք է`
1) շահագործման ժամանակ լինեն անվտանգ, մարդու կյանքին կամ առողջությանը, շրջակա միջավայրի անվտանգությանը սպառնացող ռիսկեր չառաջացնեն, ապահովեն աշխատանքի դադարեցումը, եթե դրանց աշխատանքը կարող է վտանգ ստեղծել անձնակազմի համար կամ ապահովված լինեն նախազգուշական ձայնային կամ լուսային ազդանշան տվող սարքերով,
2) պահպանվեն` համաձայն արտադրող ընկերության տեխնիկական բնութագրերի և համապատասխանության հավաստագրի,
3) չունենան խոտան, վատ աշխատող կամ բացակայող բաղադրիչներ,
4) չլինեն փոփոխված, փոխարինված կամ իրենց սարքինությունը կորցրած և աշխատեն նախագծի տեխնիկական բնութագրերի համաձայն:
38. ԱՀՎԼԿ շահագործող անձը պետք է ապահովի, որ հեղուկ վառելանյութի բաժնավորում իրականացնող աշխատողները (գործարկուները) անցնեն համապատասխան ուսուցում և ստանան հրահանգներ` համակարգի բաղադրիչների և տեխնոլոգիական սարքավորումների պատշաճ շահագործման ու պահպանման մասին:
39. Հրահանգները փակցվում են հեղուկ վառելանյութի բաժնավորման տարածքի տեսանելի վայրում և նկարագրում են հեղուկ վառելանյութի բաժնավորման ճիշտ եղանակը:
40. Հեղուկ վառելանյութը պահեստարաններից պետք է փոխադրվի անշարժ ամրակցված պոմպերի միջոցով, որոնք պետք է նախագծված և պատրաստված լինեն այնպես, որպեսզի ապահովվի հեղուկ վառելանյութի հոսքի նկատմամբ հսկողությունը և կանխվի կաթոցը կամ պատահական բացթողումը:
41. Հեղուկ վառելանյութի բաժնավորման սարքերը ենթակա են համարակալման, իսկ դրանց տեղադրումը պետք է իրականացվի արտադրող ընկերության ցուցումներին համապատասխան:
42. ԱՀՎԼԿ-ում հսկողության միջոցով թույլատրվում է պոմպի աշխատանքը միայն այն ժամանակ, երբ լցավորման ճկափողը հանվում է բարձակից կամ բաժնավորման սարքի նկատմամբ զբաղեցրած սովորական դիրքից, իսկ բաժնավորման սարքի վրա տեղադրված անջատիչը գործի է դրվում ձեռքով: Հսկողության միջոցով պոմպի աշխատանքը դադարեցվում է այն դեպքում, երբ բոլոր ճկափողերը կրկին տեղադրվում են բարձակներում կամ վերադարձվում իրենց սովորական դիրքին:
43. ԱՀՎԼԿ-ի բաժնավորման սարքերը պետք է ուղղահայաց դիրքով տեղադրվեն բետոնե հարթակների վրա կամ հատուկ միջոցներով պաշտպանվեն հնարավոր բախումից առաջացող վնասվածքներից: Բաժնավորման սարքերը իրենց տեղում պետք է հուսալիորեն ամրակցվեն հեղույսների միջոցով: Փակ տարածքում տեղակայված բաժնավորման սարքերը նույնպես պետք է տեղադրվեն այնպիսի ուղղահայաց դիրքով, որպեսզի բացառվի կառավարումը կորցրած ավտոտրանսպորտային միջոցի հետ բախումը:
44. Բաժնավորող սարքերը պետք է ունենան համարակալված վթարային պոկման սարք և հնարավորություն` պոկման կետի երկու կողմերում պահելու վառելիքը: Սարքերը պետք է տեղակայվեն պոմպի և լցավորման ատրճանակի միջև գտնվող ճկափողի յուրաքանչյուր ծայրում և պահպանվեն արտադրող ընկերության ցուցումներին համապատասխան:
45. Տնային ջեռուցման նպատակով շարժական ապրանքամանները դիզելային վառելիքով լցավորելու համար օգտագործվող բաժնավորիչ սարքեր ԱՀՎԼԿ-ում նախատեսված լինելու դեպքում դրանք պետք է տեղակայված լինեն հեղուկ վառելանյութի բաժնավորման համար նախատեսված հիմնական բաժնավորող սարքերից առանձնացված առանձին տարածքում` նախատեսելով շարժական ապրանքամանների լցավորման ժամանակ դիզելային վառելիքի հնարավոր թափվելը և տարածվելը կանխարգելող միջոցներ:
46. Եթե անհրաժեշտ է իրականացնել բաժնավորող սարքերի պահպանման աշխատանքներ, որոնց ընթացքում հնարավոր է հեղուկ վառելանյութի պատահական բացթողում կամ այրում, ապա նախքան պահպանման աշխատանքներն սկսելը, պետք է իրականացվեն հետևյալ պարտադիր քայլերը`
1) աշխատանքները պետք է իրականացնեն միայն համապատասխան ուսուցում անցած և որակավորում ունեցող անձինք,
2) բաժնավորման սարքերին, դրանք սնուցող պոմպերին և հարակից կառավարման բոլոր շղթաներին հաղորդվող էլեկտրաէներգիան պետք է անջատվի հոսանքի անջատման հիմնական վահանակից,
3) եթե բաժնավորման սարքերի վրա տեղակայված է վթարային անջատման կափույր, ապա այն պետք է փակվի,
4) ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը և կողմնակի մարդկանց մուտքը դեպի բաժնավորման սարքեր, որոնցով արդեն իրականացվում է լցավորում, պետք է արգելվի` տեղակայելով համապատասխան նախազգուշական գրառումներով պաստառներ և երթևեկությունը դեպի բաժնավորման սարքեր արգելող նշաններ:
47. ԱՀՎԼԿ-ի տարածքում չլցավորված ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը դեպի վառելիքաբաշխիչ աշտարակ (բաժնավորման սարքեր) և լցավորումից հետո ԱՀՎԼԿ-ից դեպի ելքը պետք է լինի միակողմանի, տեղակայված համապատասխան նշաններով ու գծանշումներով, և պետք է տեղակայվեն հակառակ ուղղությամբ երթևեկությունը դեպի բաժնավորման սարքեր արգելող նշաններ:
48. Եթե վառելիքի բաժնավորման սարքը գործում է ճնշման տակ, ապա համարակալված և հուսալիորեն ամրակցված վթարային անջատման կափույրը, որը նախատեսված է զգալի ճնշման կամ հրդեհի դեպքում ինքնաշխատ անջատման համար, պետք է տեղակայվի ճնշման հաղորդման գծի վրա` առանձին բաժնավորիչի հիմքում կամ վերադիր բաժնավորող յուրաքանչյուր սարքի մուտքային բացվածքում: Վթարային անջատման սարքը պետք է տեղադրվի արտադրողի հրահանգի ցուցումներին համապատասխան:
49. Վթարային անջատման սարքի ինքնաշխատ փակման գործառույթը փորձարկվում է տեղադրման ժամանակ, ինչպես նաև դրանից հետո ոչ պակաս, քան տարին մեկ անգամ: Նշված փորձարկումների մասին գրանցումները պահվում են ԱՀՎԼԿ-ում:
50. Եթե ներծծման տեսակի բաժնավորման համակարգը ներառում է օժանդակ պոմպ կամ, եթե նշված համակարգը հեղուկ վառելանյութը ստանում է պահեստարանից այնպիսի եղանակով, որը բաժնավորման սարքի վրա առաջացնում է հիդրոստատիկ ճնշում, ապա կտրվածքի մակերես ունեցող և վակուումի միջոցով գործարկվող անջատման կափույրը կամ համանման տեսակի այլ կափույրը տեղադրվում է անմիջապես բաժնավորման սարքի տակ:
51. Հեղուկ վառելանյութի առաքման լցավորման ատրճանակների նկատմամբ կիրառվում են հետևյալ պահանջները`
1) համարակալված, ավտոմատ փակման տեսակի բաժնավորման լցավորման ատրճանակի կափույրը (բաց նիգով կամ առանց դրա) պետք է տեղադրվի հեղուկ վառելանյութի բաժնավորման համար օգտագործվող և բետոնե հարթակի վրա ուղղահայաց դիրքով տեղադրված բաժնավորիչների վրա,
2) բաժնավորիչի լցավորման ատրճանակի հոսքը չպետք է գերազանցի րոպեում 40 լիտրը: Եթե հոսքի արագությունը րոպեում գերազանցում է 40 լիտրը, ապա ճշգրտվում է հոսքի սահմանաչափը կամ տեղադրվում է հոսքի կարգավորիչ,
3) ցանկացած ԱՀՎԼԿ, որտեղ վառելիքի սովորական հոսքը կարող է դադարեցվել, բացառությամբ բաժնավորիչի լցավորման ատրճանակի կափույրից, համակարգը իր մեջ պետք է ներառի նաև համարակալված տեխնիկական սարքավորում, որը, նախքան վառելիքի հոսքի վերսկսումը, կարող է առաջացնել բաժնավորիչ լցավորման ատրճանակի կափույրի անջատում,
4) թույլատրվում է օգտագործել համարակալված, ինքնաշխատ փակմամբ բաժնավորիչ լցավորման ատրճանակի կափույր, որն ունի բաց նիգով սարք, ինքնաշխատ կերպով արձակվում է լցավորման բացվածքից կամ ենթարկվում է ազդեցության ներգործությանը:
52. Խզման ապահովման միացումների և կափույրների նկատմամբ ներկայացվում են հետևյալ պահանջները`
1) պոմպային բաժնավորիչում համակարգը պետք է իր մեջ ներառի համարակալված ապահովիչ կափույր, որը նախատեսված է պոմպային լցավորման ատրճանակը ավտոտրանսպորտային միջոցի բաքի խողովակից ուժով հեռացնելու դեպքում վառելիքի հոսքը դադարեցնելու համար,
2) խզման ապահովման կափույրը տեղակայվում է ատրճանակի և ճկափողի միջև և թույլ է տալիս լցավորման ատրճանակը պոկել համեմատաբար ցածր ուժով` խուսափելով վնասվածքից և նվազեցնելով հոսակորուստը, որը տեղի է ունենում պատահաբար կամ ավտոտրանսպորտային միջոցի կտրուկ շարժման դեպքում:
53. Բաժնավորիչ ճկափողի նկատմամբ ներկայացվում են հետևյալ պահանջները`
1) հեղուկ վառելանյութի բաժնավորման համար օգտագործվող ճկափողային միացումները չպետք է գերազանցեն 5 մ երկարությունը,
2) համարակալված վթարային խզման սարքը, որը նախատեսված է խզման կետի երկու կողմում հեղուկ վառելանյութը պահպանելու համար, տեղադրվում է հեղուկ վառելանյութ բաժնավորող յուրաքանչյուր ճկափողի վրա,
3) վթարային խզման սարքերը տեղադրվում և պահպանվում են արտադրողի հրահանգների ցուցումներին համապատասխան,
4) եթե ճկափողը միացած է ճկափողերի ուղղորդման մեխանիզմին, ապա համարակալված վթարային խզման սարքը տեղակայվում է այդ մեխանիզմի հետ ճկափողի միացման կետի և ճկափողի լցավորման ատրճանակի կափույրի միջև:
54. Հեղուկ վառելանյութի փոխադրման համար օգտագործվող յուրաքանչյուր ճկափող պետք է բավարարի հետևյալ չափանիշներին`
1) ունենա արտադրողի կողմից նշվող առավելագույն թույլատրելի աշխատանքային ճնշում, որն առնվազն 1,5 անգամ պետք է գերազանցի հեղուկ վառելանյութի փոխադրման համար օգտագործվող համակարգի աշխատանքային ճնշումը,
2) նախատեսված լինի նվազագույն խզման ճնշման համար, որը ոչ պակաս, քան 5 անգամ գերազանցում է փոխադրման ժամանակ կանխատեսելի ճնշումը,
3) կարողանա դիմակայել փոխադրման ժամանակ կանխատեսելի ջերմաստիճաններին,
4) ունենա հեղուկ վառելանյութի կամ գազի նկատմամբ դիմացկուն միացումներ կամ կցորդիչներ և կափույրներ, որոնք գտնվում են տեխնիկապես սարքին վիճակում,
5) չունենա անհարթություններ, ուռուցիկություններ, փափուկ կետեր կամ այլ թերություններ, որոնք կարող են հանգեցնել հոսակորստի կամ հնարավոր պայթյունի` սովորական աշխատանքային ճնշման պայմաններում,
6) փոխադրմանը նախորդող մեկ տարվա ընթացքում ճնշման տակ հաջողությամբ անցել են փորձարկում` ցուցաբերելով տեխնիկապես սարքին վիճակ:
55. ԱՀՎԼԿ շահագործող անձը ճկափողի յուրաքանչյուր փորձարկման վերաբերյալ հաշվետվությունը պահում է ԱՀՎԼԿ-ում` 5 տարի ժամկետով:
56. Հեռակառավարմամբ աշխատող (ընկղմվող) պոմպերի նկատմամբ ներկայացվում են հետևյալ պահանջները`
1) հեռակառավարման համակարգով ապահովված պոմպերը պետք է նախագծված և արտադրված լինեն այնպես, որպեսզի արձագանքեն միայն կառավարման որոշակի հանգույցի ազդանշաններին և պետք է շահագործվեն այնպես, որ համակարգի որևէ մաս չենթարկվի թույլատրելի աշխատանքային ճնշման մակարդակը գերազանցող ճնշումների,
2) յուրաքանչյուր պոմպ պետք է հեղուկ վառելանյութի բացթողման կողմում ունենա կաթոցի բացահայտման սարք, որը տալիս է խողովակում կամ բաժնավորման սարքում առկա կաթոցի ձայնային և տեսողական ազդանշաններ,
3) կաթոցի բացահայտման յուրաքանչյուր սարք ստուգվում և փորձարկվում է ոչ պակաս, քան տարեկան մեկ անգամ` համաձայն արտադրող ընկերության կողմից սահմանված տեխնիկական բնութագրերի,
4) եթե բոլոր խողովակաշարերը տեսանելի են, ապա կաթոցի բացահայտման սարք չի պահանջվում,
5) պոմպերը պետք է հուսալիորեն ամրակցվեն և պաշտպանվեն ֆիզիկական վնասվածքներից,
6) ստորգետնյա կամ խորքային պոմպերի համար նախատեսված կլանող հորերը պետք է ունենան դիմացկունություն արտաքին այն ազդեցությունների նկատմամբ, որոնց դրանք կարող են ենթարկվել` չվնասելով պոմպը, պահեստարանը կամ խողովակաշարը,
7) կլանող հորը պետք է ունենա այնպիսի չափեր, որոնք անհրաժեշտ են պոմպերի ստուգման ու պահպանման համար: Այն պետք է ունենա հերմետիկ փակվող կափարիչ:
57. Վթարային անջատումների նկատմամբ ներկայացվում են հետևյալ պահանջները`
1) հեղուկ վառելանյութի բաժնավորման համակարգերը պետք է հագեցած լինեն վթարային անջատման մեկ կամ ավելի սարքերով կամ էլեկտրական անջատիչներով,
2) հեղուկ վառելանյութի բաժնավորման հսկվող ինքնասպասարկման ԱՀՎԼԿ-ի սարքերն ու անջատիչները պետք է հեշտորեն հասանելի լինեն հսկողի համար,
3) վթարային անջատման սարքերը կամ էլեկտրական անջատիչները պետք է դադարեցնեն էլեկտրական հոսանքի մատակարարումը բաժնավորման բոլոր սարքերին, այդ սարքերը սնուցող և հեռակառավարմամբ գործող բոլոր պոմպերին, հոսանքի, հսկողության և ազդանշանման հարակից բոլոր շղթաներին և հեղուկ վառելանյութի բաժնավորման սարքերին շրջապատող վտանգավոր (դասակարգված) տարածքներում տեղակայված բոլոր այլ տեխնոլոգիական սարքավորումներին,
4) մեկից ավելի վթարային անջատման սարքի կամ էլեկտրական անջատիչի առկայության դեպքում բոլոր սարքերի միջև պետք է ստեղծվի փոխադարձ միացում,
5) բոլոր բաժնավորիչների համար պոմպային հեռակառավարման գծապատկերը պետք է մեկուսացվի` էլեկտրասնուցման շղթայի առաջացումը կանխելու նպատակով: Ընդ որում, արգելվում է բաժնավորիչի պոմպային հեռակառավարման գծապատկերով սնուցել մեկից ավելի բաժնավորիչ,
6) բաժնավորման համար անջատիչները պետք է նախատեսված լինեն ճկափողի վնասման կամ հեղուկ վառելանյութի հետ կապված հրդեհի կամ հնարավոր պայթյունի վտանգ առաջացնող այլ իրադարձությանը արագ արձագանքելու համար,
7) յուրաքանչյուր շղթա, որը կապվում է բաժնավորիչի հետ, պետք է ունենա հստակորեն սահմանված և հեշտությամբ հասանելի անջատիչ` շղթայի բոլոր հաղորդիչների (այդ թվում` հողանցված չեզոք հաղորդչի) միաժամանակյա անջատման համար,
8) լրացուցիչ վթարային հսկիչները պետք է տեղակայվեն բաժնավորիչների յուրաքանչյուր խմբի կամ բաժնավորիչների կառավարման նպատակով օգտագործվող արտաքին տեխնոլոգիական սարքավորումների վրա` նպատակ ունենալով ամբողջապես անջատելու էլեկտրաէներգիան ԱՀՎԼԿ-ում առկա բաժնավորող տեխնոլոգիական բոլոր սարքավորումներում:
58. Ձայնային և տեսողական ազդանշանման միջոցներին ներկայացվում են հետևյալ պահանջները`
1) ձայնային և տեսողական ազդանշանման միջոցները պետք է տեղակայվեն այնպես, որ ազդանշանները հեշտորեն լսելի և տեսանելի լինեն առաքող վարորդի կողմից,
2) պահեստարանի վրա պետք է նշում արվի ազդանշանի բովանդակության մասին (օրինակ` «ԱՅՍ ԱԶԴԱՆՇԱՆԸ ՏՐՎՈՒՄ Է, ԵՐԲ ՎԱՌԵԼԻՔԻ ՄԱԿԱՐԴԱԿԸ ՀԱՎԱՍԱՐՎՈՒՄ Է ՊԱՀԵՍՏԱՐԱՆԻ ՏԱՐՈՂՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ 90%-ԻՆ»),
3) ձայնային ազդանշանները պետք է հնչեցվեն այն պահին, երբ պահեստարանը լցվում է իր տարողունակության 90%-ի չափով,
4) ձայնային ազդանշանները պետք է հնչեն հստակ և լսելի լինեն նաև բեռնատար ավտոտրանսպորտային միջոցի և պոմպակայանի աշխատանքի աղմուկի պայմաններում,
5) ձայնային և տեսողական ազդանշանման համակարգերը պետք է փորձարկվեն նախքան դրանց օգտագործումը` դրանցում էլեկտրական հոսանքով սնուցումն ապահովելու նպատակով:
7. ԱՇԽԱՏԱՎԱՅՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
59. ԱՀՎԼԿ շահագործող անձը պարտավոր է`
1) ապահովել հեղուկ վառելանյութի պահեստավորման, օգտագործման և բաժնավորման համապատասխանությունը սույն կանոններով նախատեսվող պահանջներին,
2) կանխել հեղուկ վառելանյութի փոխադրման, պահեստավորման, օգտագործման և բաժնավորման ընթացքում մարդկանց մարմնական վնասվածք պատճառելու վտանգը,
3) ապահովել հեղուկ վառելանյութի հոսակորստի և կաթոցի դեպքերից հողերի ու ջրային ռեսուրսների պաշտպանությունը:
60. ԱՀՎԼԿ շահագործող անձի կողմից աշխատատեղերի և աշխատողների անվտանգության ապահովման նվազագույն միջոցառումները և միջոցները ներառում են`
1) աշխատանքի մշտական աշխատատեղերի պայմանների անվտանգության և աշխատանքի անվտանգության ապահովման համար միջոցառումների իրականացման ծրագրի մշակումը և կիրառումը, որի նպատակն է`
ա. բացահայտել հնարավոր բոլոր տեսակի թերությունները, դրանց ենթադրվող կանխատեսելի զարգացումները, գնահատել և կառավարել հեղուկ վառելանյութի առաքման, պահեստավորման և բաժնավորման հետ կապված հնարավոր վտանգները,
բ. աշխատողներին տրամադրել վերաբերելի տեղեկատվություն, ապահովել նրանց ուսուցման ու մասնագիտական որակավորման (վերաորակավորման) կազմակերպումը, ինչպես նաև արտադրական, հրդեհային անվտանգության հրահանգներով և անհատական պաշտպանության միջոցներով,
2) հնարավոր արտադրական դժբախտ դեպքերի, պատահարների և վտանգների կանխատեսումը և կանխարգելումը, նման դեպքերի, պատահարների և վտանգների բացահայտումը, դրանց պատճառների ու հետևանքների ուսումնասիրումը, վերլուծումը և դրա հիման վրա համապատասխան գործողություններ և միջոցներ ձեռնարկելը,
3) սույն կանոններով նախատեսված ուղեցույցների հաստատումը, դրանք ԱՀԼՎԿ-ի աշխատողներին ծանոթացնելը և ԱՀԼՎԿ-ի տարածքում` տեսանելի վայրերում, դրանք փակցնելը:
61. ԱՀՎԼԿ շահագործող անձը պարտավոր է ապահովել, որպեսզի սույն կանոնների պահանջների կատարման համար նշանակված աշխատողներն ունենան համապատասխան գիտելիքներ, հմտություններ և կարողություններ` առաջադրանքները կատարելու համար:
-------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում