ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
18 սեպտեմբերի 2025 թվականի N 1347-Ն
ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՂՈՒԿ ՎԱՌԵԼԱՆՅՈՒԹԻ ԼՑԱՎՈՐՄԱՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ, ՀԵՂՈՒԿ ՎԱՌԵԼԱՆՅՈՒԹԻ ՊԱՀՄԱՆ, ՎԱՃԱՌՔԻ, ՊԱՀԵՍՏԱՎՈՐՄԱՆ, ԱՌԱՔՄԱՆ, ՓՈԽԱԴՐՄԱՆ, ԲԱՇԽՄԱՆ ԵՎ ԼՑԱՎՈՐՄԱՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(2-րդ մաս)
62. Պահանջվող գիտելիքների, հմտությունների և կարողությունների ձեռքբերման համար ԱՀՎԼԿ շահագործող անձը «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքով սահմանված կարգով կազմակերպում է աշխատողների ուսուցում, գիտելիքների ստուգում և որակավորում: Ընդ որում, շահագործող անձի անհատական հրամանով նշանակված ԱՀՎԼԿ-ի պատասխանատու անձի գիտելիքների ստուգումն ու որակավորումը պետք է անցկացվեն երեք տարին մեկ անգամ, իսկ սպասարկող անձնակազմինը` տարին մեկ անգամ:
63. ԱՀՎԼԿ շահագործող անձին արգելվում է աշխատողին թույլատրել իրականացնել հեղուկ վառելանյութի հետ կապված աշխատանքներ, եթե տվյալ աշխատողը չի անցել ուսուցում ԱՀՎԼԿ-ի համակարգերի անհրաժեշտ վարվելակերպի կանոնների մասին և չունի որակավորում:
64. Նավթաթորվածքների, այդ թվում` բենզինի և դիզելային վառելանյութի հետ վարվեցողության կանոնները, որոնք պետք է պահպանվեն հեղուկ վառելանյութի ապահով առաքման, պահեստավորման և բաժնավորման ժամանակ, ներառում են`
1) աշխատակցի առնվազն 40 ժամվա փորձ հեղուկ վառելանյութի հետ կապված հսկվող աշխատանքներում,
2) վառելիքաբաշխիչ աշտարակների ակտիվացման և հսկման ուղեցույցների առկայություն,
3) ապահով բաշխման ուղեցույցների առկայություն,
4) սպառողներին իրազեկում անվտանգության կանոնների վերաբերյալ,
5) հրդեհային անվտանգության կանոններով նախատեսված գործիքների` ներառյալ շարժական կրակմարիչների առկայությունը,
6) մարդուն առաջին օգնություն ցույց տալու ուղեցույցների առկայություն,
7) տեխնոլոգիական սարքավորումների պատշաճ տեղադրում և օգտագործում,
8) սպառողների վարքագծի անընդունելի գործողությունների կանխում:
65. Հեղուկ վառելանյութի պահեստավորման տարողությունների սպասարկման ոլորտում աշխատողները, այդ թվում` կապալառուները և նրանց աշխատողները, աշխատանքի ընթացքում հնարավոր վտանգավոր ռիսկերը կանխելու նպատակով, պետք է`
1) պահպանեն և կիրառեն աշխատանքային ուղեցույցներով սահմանված անվտանգության պահանջները, որոնք վերաբերում են հեղուկ վառելանյութի պահեստավորման տարողություններում վթարների կանխարգելմանը և դրանց դեմ պայքարին,
2) շահագործող անձին ժամանակին տեղեկացնեն իրենց հայտնի դարձած ցանկացած խնդրի մասին, որը կարող է հնարավոր վտանգի կամ արտադրական դժբախտ դեպքի, վթարի կամ պատահարի սպառնալիք առաջացնել:
66. Լցավորման անվտանգության ուղղությամբ ԱՀՎԼԿ շահագործող անձը պետք է ապահովի, որպեսզի`
1) աշխատանքային ժամերին ԱՀՎԼԿ-ն սպասարկեն և հսկողություն իրականացնեն համապատասխան որակավորում ունեցող թվաքանակով աշխատողներով (անձնակազմով), այդ թվում` ԱՎՀԼԿ-ի հերթափոխով աշխատանքի դեպքում,
2) հեղուկ վառելանյութի լցավորումը անընդմեջ հսկվի անձնակազմի համապատասխան որակավորում ունեցող աշխատակցի կողմից,
3) գործարկող կամ լցավորող աշխատակիցները լինեն 18 տարին լրացած անձինք:
8. ՀԵՂՈՒԿ ՎԱՌԵԼԱՆՅՈՒԹԻ ՄԵԾԱՔԱՆԱԿ ԱՌԱՔՈՒՄԸ
67. Հեղուկ վառելանյութի մեծաքանակ առաքման, փոխադրման, պահեստավորման, ինչպես նաև ավտոցիստեռնից բենզինի ու դիզելային վառելիքի բեռնաթափման կապակցությամբ արգելվում է`
1) ավտոցիստեռնից անմիջապես մեկ այլ ավտոցիստեռն հեղուկ վառելանյութի բաժնավորումը,
2) ավտոցիստեռնից անմիջապես ավտոտրանսպորտային միջոցի բենզաբաքի մեջ հեղուկ վառելանյութի լցավորումը,
3) հեղուկ վառելանյութի բեռնաթափման ժամանակ բջջային հեռախոսից կամ այլ էլեկտրոնային սարքավորումներից օգտվելը,
4) հեղուկ վառելանյութի բեռնաթափման ժամանակ ծխելը, կրակայրիչ, երկաթյա իրեր կամ այնպիսի իրեր պահելը, որոնք կայծ առաջացնելու հավանականություն ունեն:
68. Պահեստարանի լցավորումը կարող է սկսվել միայն այն դեպքում, երբ առաքող գործարկուի գործիքային չափումների հավաստի տվյալների հիման վրա պահեստարանն ունի բավարար չափով դատարկ տարողություն` լցավորման համար:
69. Ավտոցիստեռնները պետք է տեղակայվեն վերգետնյա պահեստարանից առնվազն 7 մ հեռավորության վրա, բացառությամբ այն դեպքերի, երբ պահեստարանը լցավորվում է անմիջապես ավտոցիստեռնից:
70. Հեղուկ վառելանյութի լցավորման ժամանակ չոր կցորդիչ տեղադրվում է այն կետում, որտեղ ավտոցիստեռնի և վերգետնյա պահեստարանի միջև տեղի է ունենում միացում և անջատում: Կցորդիչի մոտ պետք է տեղադրվի «Չհեռացնել, չվնասել չոր կցորդիչը» ազդագիրը:
71. Հեղուկ վառելանյութի լցավորման տարածքի համար մշակվում է տեխնիկական պլան, որը պետք է արտացոլի`
1) լցավորման յուրաքանչյուր կետի դիրքը` ներառյալ նույնականացման նշանները,
2) ԱՀՎԼԿ-ի լցավորման կետին միացված պահեստարանների աշխատանքային տարողունակությունը,
3) պահեստարանի վրա հեղուկ վառելանյութի մակնիշի նշումը,
4) ավտոցիստեռնի բեռնաթափման դիրքը,
5) հրդեհաշիջման տեխնոլոգիական սարքավորումների տեղակայման վայրը,
6) վերգետնյա դրենաժային կետերի դիրքը:
72. Հնարավոր վտանգները կանխելու և դրանց կառավարումն իրականացնելու շրջանակներում ԱՀՎԼԿ շահագործող անձը պետք է մշտապես`
1) ապահովի հեղուկ վառելանյութի փոխադրման գործընթացի հսկումն ու կառավարումը` չափից ավելի լցավորումը, կաթոցը և հոսակորուստը կանխելու նպատակով,
2) ապահովի, որպեսզի նախքան հեղուկ վառելանյութի փոխադրման գործընթացի սկսվելը տեխնոլոգիական բոլոր սարքավորումները զերծ լինեն կաթոցից, վնասվածքներից և անսարքություններից,
3) կանխի անսարք ապրանքամաններով հեղուկ վառելանյութի առաքման իրականացումը,
4) դժբախտ դեպքի պարագայում արագորեն դադարեցնի հեղուկ վառելանյութի հոսքը,
5) բացառի ստատիկ էլեկտրականության առկայությունը,
6) հսկի աշխատողների վրա հեղուկ վառելանյութից առաջացող գազերի ազդեցությունը` ապահովելով նրանց համապատասխան անհատական պաշտպանության միջոցներով,
7) դյուրավառ գոլորշու առկայության դեպքում ապահովի այրման բոլոր հնարավոր աղբյուրների հսկումը:
73. Նախքան հեղուկ վառելանյութի փոխադրումը ԱՀՎԼԿ շահագործող անձը պարտավոր է`
1) առաքող վարորդին տրամադրել ԱՀՎԼԿ-ի պլանը և ընթացակարգերն արտացոլող փաստաթղթերի մեկական օրինակները,
2) ստուգել ուղեկցող փաստաթղթերը, զննել բեռը և հավաստիանալ դրանց ճշտության մեջ,
3) զննել փոխադրման ժամանակ օգտագործվելիք խողովակաշարերը և տեխնոլոգիական սարքավորումները` ապահովելով դրանց համապատասխանությունը սույն կանոնների պահանջներին,
4) ապահովել օգտագործվող տեխնոլոգիական բոլոր սարքավորումների սարքին վիճակը` բացառելով հեղուկ վառելանյութի հնարավոր բացթողում կամ այրում առաջացնող տեխնոլոգիական սարքավորումների օգտագործումը,
5) պարզել պահեստարանի պարունակությունը, ճնշումը, ջերմաստիճանը և տարողունակությունը,
6) ապահովել, որ բեռնաթափման համար դիրք զբաղեցրած առաքող ավտոցիստեռնը չփակի հսկիչի տեսադաշտը կառավարման կետից,
7) ապահովել հեղուկ վառելանյութի հոսակորուստների վերացումը և թափված վառելանյութի հավաքումը,
8) ապահովել չծխելու և հակահրդեհային պաշտպանության պահանջների պահպանումը:
74. Ավտոցիստեռնի գործարկուն պետք է ապահովի`
1) ավտոցիստեռնին ամրացված հեղուկ վառելանյութի հոսքի չափման համար օգտագործվող հաշվիչների ճշգրտության ստուգումը,
2) առաքող ավտոցիստեռնի ճիշտ տեղակայումը,
3) հեղուկ վառելանյութի փոխադրման ժամանակ ցիստեռնի ճիշտ միացումը ավտոցիստեռնի թափքին,
4) արգելակների կիրառումը և ավտոցիստեռնի անիվների ստուգումը,
5) ավտոցիստեռնի լուսային ազդանշանների աշխատանքը բեռնաթափման ժամանակ,
6) նախքան բեռնաթափման գիծը պահեստարանին միացնելը ստատիկ հողանցման ստուգումը,
7) վառելիքի փոխադրումից առաջ կափույրներում, ճկափողերում և կցորդիչներում կաթոցի առկայության ստուգումը:
75. Միաժամանակյա լցավորում իրականացնող ավտոցիստեռնների թիվը բեռնաթափման ժամանակ պետք է լինի 2-ից ոչ ավելի` ներառյալ դիզելային վառելիքի ցիստեռնը:
76. Ավտոցիստեռնի գործարկուն և ԱՀՎԼԿ-ի պատասխանատու աշխատողները պարտավոր են`
1) իրականացնել մշտական հսկողություն հեղուկ վառելանյութի փոխադրման ամբողջ գործընթացի նկատմամբ,
2) ապահովել, որ փոխադրման բոլոր ճկափողերը, կցորդիչները և ամրակցումները զերծ լինեն կաթոցից, վնասվածքներից,
3) փոխադրման ամբողջ ընթացքում հետևել կաթոցի առաջացմանը,
4) անմիջապես դադարեցնել ԱՀՎԼԿ-ի շահագործումը, եթե կաթոցը տեղի է ունենում փոխադրման աշխատանքների ժամանակ,
5) նախքան անջատումը նվազեցնել ճնշումը հեղուկ վառելանյութի բոլոր տարողություններում և կատարել դրանց մաքրումը,
6) անջատումը կատարել այնպես, որ կանխվի հեղուկ վառելանյութի տարածումը շրջակա միջավայրում,
7) ստուգել ավտոցիստեռնի վրա ուռուցիկության, ֆիզիկական վնասվածքի կամ շեղման առկայությունը,
8) անմիջապես դադարեցնել հեղուկ վառելանյութի առաքումը, եթե իրավիճակն անվտանգ չէ:
77. Ավտոցիստեռնի վարորդներին նրանց ղեկավարների կողմից պետք է ներկայացվեն հնարավոր վտանգների նվազեցմանն ուղղված հետևյալ պահանջները`
1) կանխել ճկափողի ծայրի շփումը ժանգոտ մակերեսի, բացթողման կետի հիմքերի կամ ծածկույթների, ավտոցիստեռնի գործարկուի հանդերձանքի հետ,
2) կանխել ճկափողի ծայրի մետաղե մասերի շփումը կոշտ մակերեսի, բետոնե ծածկույթի կամ եզրաքարերի հետ,
3) ճկափողերը քարշ չտալ դրենաժային ժանգոտ ծածկերի, ցանցերի վրայով,
4) լցավորման կետերի կափարիչները բացելիս (որը կատարվում է ճկափողը լցավորման կետում տեղակայելուց անմիջապես առաջ) խուսափել ճկափողը կոշտ մակերեսների` բետոնե ծածկույթների կամ եզրաքարերի վրա գցելուց:
78. Ավտոցիստեռնի բեռնաթափման դեպքում`
1) նախքան բեռնաթափումը պետք է չափվի պահեստարանում առկա հեղուկ վառելանյութի ծավալը կամ մակարդակը, հաշվարկվի, թե դրանում ինչքան հեղուկ վառելանյութ դեռևս կարող է լցավորվել: Առկա հեղուկ վառելանյութի ծավալի որոշման համար պետք է օգտագործվեն տեսակը հաստատված չափման միջոցներ,
2) պահեստարանները պետք է լցավորվեն հերմետիկ միացման միջոցով,
3) եթե վերգետնյա պահեստարանը լցավորվում է անշարժ տեղակայված խողովակի միջոցով, ապա հակադարձ կափույրը և արագ միացման կցորդիչ ունեցող անջատման կափույրը պետք է տեղակայվեն պահեստարանի և առաքող ավտոցիստեռնի միջև` միացման կետում,
4) բաժնավորիչ ճկափողը պետք է համարակալված լինի: Այն պետք է լինի ինքնաշխատ փակման տեսակի` առանց բաց նիգով սարքի,
5) պահեստարանները պետք է լցավորվեն այն ծավալով, որ դրանց տարողունակության առնվազն 10%-ը մնա դատարկ` հեղուկ վառելանյութի ընդարձակման համար ազատ տեղ թողնելու, առաջացող հնարավոր հոսակորուստը կանխելու համար,
6) եթե ավտոցիստեռնն ունի գետնից ձեռքով գործարկվող բեռնման ձայնարկիչ սարք (ադապտոր), որի օգտագործման ժամանակ հոսքը դադարեցնելու համար պահանջվում է օգնություն, ապա վարորդը պետք է հավաստիանա նրանում, որ համապատասխան աշխատողը տիրապետում է ձեռքով գործարկվող բեռնման ձայնարկիչ սարքին և վթարային անջատման կոճակի օգտագործման մասին ունի բավարար գիտելիքներ: Վարորդը միաժամանակ պետք է իմանա, թե վթարային իրավիճակում ինչպես են անջատվում ավտոցիստեռնի գործարկուի համակարգերը,
7) հեղուկ վառելանյութի բեռնաթափման ընթացքում կաթոց բացահայտելու դեպքում բեռնաթափումը դադարեցվում է, բացահայտվում և վերացվում է կաթոցի աղբյուրը:
79. Պահեստավորման պահեստարանը ստուգելու, նշված ծավալին համապատասխան դրանց լցավորման առկա վիճակը որոշելու համար, նախքան բոլոր ճկափողերի և հողանցումների անջատումը, ավտոցիստեռնի գործարկուն պետք է փակի բոլոր կափույրները:
80. Բեռնաթափման վայրում պետք է անցկացվի տեղանքի, հատկապես բեռնաթափվող հեղուկ վառելանյութի համար նախատեսված ապրանքամանների զննում: Կաթոցի դեմ պաշտպանական սարքի կիրառման դեպքում այն պետք է չորացվի շրջակա միջավայրի համար անվնաս եղանակով: Բեռնաթափումից հետո միացման բոլոր կետերը պետք է հուսալիորեն կնքվեն և ապահովվի դրանց սարքին վիճակը:
81. Առաքման հսկողության կետը պետք է գտնվի պահեստարանների լցավորման կետերից ապահով հեռավորության վրա և ունենա`
1) լցավորման տարածքը լուսավորող լուսարձակների միացման ու անջատման ինքնաշխատ միջոցներ,
2) հեռախոսակապ` շտապօգնության, 911 ծառայությունների հետ,
3) տարածքի պլան, որտեղ ցույց է տրվում լցավորման վայրը, պահեստարանների տարողունակությունը, հեղուկ վառելանյութի մակնիշները,
4) տեսակը հաստատված և ստուգաչափված չափման միջոցներ, էկրան և տպիչ,
5) լցավորման կետերի կափույրների բանալիների պահման արկղ,
6) կրակմարիչ և ավազով դույլ` տեղադրված պահեստարանների լցավորման կետերից ոչ ավելի, քան 6 մ հեռավորության վրա:
82. Դեպի առաքման հսկողության կետը տանող ավտոճանապարհները պետք է մշտապես լինեն անցանելի վիճակում:
83. ԱՀՎԼԿ-ում գտնվող հեղուկ վառելանյութի պահեստավորման պահեստարանները պետք է ունենան գերլցավորումից պաշտպանության` տեսակը հաստատված կամ ստուգաչափված սարքեր: Մասնավորապես`
1) պահեստավորման յուրաքանչյուր պահեստարան պետք է ունենա ձայնային ազդանշանային սարք,
2) պահեստարանի պարունակության չափման միջոց, որով պետք է որոշվի յուրաքանչյուր պահեստարանում հեղուկ վառելանյութի ստույգ քանակությունը,
3) չափման միջոցը պետք է ցույց տա պահեստարանի թիվը կամ տառը, իսկ խափանման դեպքում` սարքի վրա պետք է երևա «Սխալ» պայմանանշանը,
4) չափման միջոցին պետք է միացված լինի տպիչ, որի շնորհիվ տպվում է թերթիկ, որտեղ ցույց են տրվում տարեթիվը, ամիսը, օրը, ժամը, հեղուկ վառելանյութի մակնիշը, քանակությունը և պահեստարանի թիվը կամ տառը:
9. ՄԵԾԱՔԱՆԱԿ ԱՌԱՔՄԱՆ ԱՎՏՈՑԻՍՏԵՌՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
84. Ավտոցիստեռնը համարվում է արտադրական վտանգավոր օբյեկտ և սահմանված կարգով ենթակա է գրանցման արտադրական վտանգավոր օբյեկտների պետական ռեեստրում: Ավտոցիստեռնը տարեկան առնվազն մեկ անգամ պետք է ենթարկվի տեխնիկական անվտանգության փորձաքննության: Ավտոցիստեռնը, օրենքի համաձայն, պետք է ունենա վտանգավոր բեռներ փոխադրող տրանսպորտային միջոցի հաստատման վկայական և բավարարի ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռների փոխադրումներին ներկայացվող պահանջներին:
85. Արգելվում է իրականացնել ավտոցիստեռնի ամենամյա տեխնիկական զննությունը, եթե բացակայում են ավտոցիստեռնի ռեեստրում գրանցման վկայականը և ամենամյա պարտադիր տեխնիկական անվտանգության փորձաքննության եզրակացությունը:
86. Ավտոցիստեռնի վարորդը պետք է ունենա օրենքով նախատեսված մասնագիտական վերապատրաստման վկայական:
87. Առաքող ավտոցիստեռն շահագործող անձը պարտավոր է մեծաքանակ առաքման ավտոցիստեռնի միջոցով հեղուկ վառելանյութի փոխադրումն իրականացնել միայն այն դեպքերում, երբ այն անցել է կաթոցի ստուգում (հերմետիկության փորձարկում, տեխզննության անցկացում)` տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործունեության լիցենզիա ունեցող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից: Եթե կաթոցի վերջին ստուգման արդյունքները ցույց են տալիս, որ մեծաքանակ առաքման ավտոցիստեռնը չի բավարարում ավտոցիստեռնների համար սահմանված պահանջներին, ապա արգելվում է հեղուկ վառելանյութի փոխադրումը նման ավտոցիստեռնի միջոցով:
88. Կաթոցի ստուգում անցած մեծաքանակ առաքման ավտոցիստեռնը պետք է ունենա անձնագիր, որը պետք է պարունակի հետևյալ տեղեկատվությունը`
1) ցիստեռնի նույնականացման համարը (արտադրողի հերթական համարը կամ շահագործողի նույնականացման համարը),
2) ցիստեռնի արտադրման ամիսը, տարեթիվը,
3) ցիստեռնի ստուգման տարեթիվը, ամիսը, օրը ու վայրը,
4) ցիստեռնի ստուգումն իրականացրած անձի անունը, ազգանունը, պաշտոնը, հեռախոսահամարը, աշխատավայրի անվանումն ու հասցեն,
5) ճնշման ստուգման սկզբում ցիստեռնում գրանցված ճնշումը,
6) ճնշման ստուգման ավարտին ցիստեռնում գրանցված ճնշումը,
7) ցիստեռնի ճնշման ստուգման արդյունքների վերջնական փոփոխությունները,
8) ստուգման պահանջներին համապատասխան ցիստեռնի վրա կատարված վերանորոգման բոլոր աշխատանքների ցանկը:
89. Ավտոցիստեռնի ստուգման փաստաթղթերի մեկ օրինակը ստուգման ավարտից հետո պահվում է ավտոցիստեռն շահագործող անձի մոտ, մյուս օրինակը` ավտոցիստեռնի վարորդի մոտ:
90. Արգելվում է մեկ րոպեում երեք և ավելի կաթիլ արագությամբ կաթոց ունեցող մեծաքանակ առաքման ավտոցիստեռնը օգտագործել հեղուկ վառելանյութի առաքման նպատակով` մինչև կաթոցի վերացումը:
91. Մեծաքանակ առաքման ավտոցիստեռնի վերանորոգման դեպքում վերանորոգումն իրականացնող կազմակերպության կողմից, ավտոցիստեռնի տեխնիկական անձնագրի և արտադրողի շահագործման հրահանգի պահանջներին համապատասխան, պետք է կատարվեն հետևյալ գործողությունները`
1) ստուգվում են լայնացող թասակի բոլոր ներդիրները` նպատակ ունենալով ապահովել դրանց հերմետիկ փակումը և գոլորշու արձակման բացառումը,
2) բացվում ու փակվում են լայնացող բոլոր թասակները` նպատակ ունենալով ապահովել նիգի այնպիսի լարում, որ թասակը փակ պահվի` գոլորշու արձակումները կանխելու համար: Նիգի անբավարար լարում ունեցող լայնացող թասակները պետք է վերանորոգվեն կամ փոխարինվեն նորով,
3) լայնացող թասակների յուրաքանչյուր խմբում ստուգվում են ապահովիչով խրոցակները` պատշաճ ձգվածություն ապահովելու համար: Եթե պարզվում է, որ որևէ խրոցակ թույլ է կամ ունի թերություն, ապա այն պետք է ձգվի կամ փոխարինվի նորով,
4) ստուգվում է գոլորշու արձակման անցքի կափարիչի և կնքման կալանդի (բանդաժի) սարքինությունը: Անսարքության բացահայտման դեպքում նշված մասերը փոխարինվում են նորերով,
5) ստուգվում է գոլորշու հետ վերադարձման ճկափողերի և գոլորշու հնարավոր բացթողում ունեցող հարակից պարագաների ու ձայնարկիչների սարքինությունը: Անսարքության բացահայտման դեպքում թերություն ունեցող տեխնոլոգիական սարքավորումները վերանորոգվում են կամ փոխարինվում նորերով,
6) ստուգվում են գոլորշու վերականգնման գծի վրա տեղակայված ճնշման ու վակուումի արձակման օդափոխիչները` նպատակ ունենալով ապահովել դրանց մաքուր և սարքին վիճակը: Եթե պարզվում է, որ գոլորշու արձակման որևէ օդափոխիչ ունի թերություններ, ապա այն վերանորոգվում է կամ փոխարինվում նորով:
92. Ավտոցիստեռնը պետք է հետևի կողմից ամբողջական լայնությամբ հագեցած լինի բամպերով, որն ապահովում է բավարար պաշտպանություն հետևի հարվածներից: Ավտոցիստեռնի փականից մինչև բամպերի հետևի մասի միջև ընկած հեռավորությունը պետք է լինի առնվազն 100 մմ, որը չափվում է փականի ծայրամասից մինչև բամպերի հետևի մասը կամ տեղափոխվող նյութի հետ շփվող դուրս ցցված կցամասերից: Բամպեր չի պահանջվում այն ավտոցիստեռն-տանկերի համար, որի վերջնամասում նախատեսված է մագնիսական փական:
10. ՊԱՀԱՆՋՆԵՐ ՀԵՂՈՒԿ ՎԱՌԵԼԻՔԻ ԲԱՇԽՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ
93. ԱՀՎԼԿ շահագործող անձը հեղուկ վառելանյութի տեղափոխման գործընթացում պետք է ապահովի հետևյալ պայմանները`
1) հեղուկ վառելանյութի լցավորումից առաջ ավտոտրանսպորտային միջոցների շարժիչները պետք է անջատված լինեն,
2) բետոնախառնիչ ավտոտրանսպորտային միջոցները, որոնք ունեն նաև ներքին այրման օժանդակ շարժիչներ, պետք է լցավորվեն միայն այն դեպքում, երբ երկու շարժիչներն էլ անջատված են:
94. Արգելվում է հեղուկ վառելանյութի լցավորման շարունակումը ավտոտրանսպորտային միջոցների բենզաբաքի մեջ, երբ դատարկող ծայրափողակն ինքնաշխատ կերպով անջատվել է:
95. Արգելվում է բջջային հեռախոսների կամ այլ էլեկտրոնային սարքավորումների օգտագործումը`
1) ԱՀՎԼԿ-ի կամ ավտոտրանսպորտային միջոցի հեղուկ վառելանյութի սարքերի սպասարկման ժամանակ,
2) սպառողների կամ ԱՀՎԼԿ-ի տարածքում գտնվող աշխատողների կողմից, երբ ավտոտրանսպորտային միջոցի հեղուկ վառելանյութը դատարկվում է բաքի կամ ապրանքամանի մեջ:
96. Վառելիքաբաշխիչ աշտարակի սարքավորումը պետք է գործարկվի ըստ արտադրողի ցուցումների, ավտոլցավորման ճկուն խողովակաշարը չպետք է ճզմվի կամ ձգվի:
97. Լցավորումից հետո ծայրափողակները պետք է տեղադրվեն իրենց բնիկներում, որպեսզի չափիչ պոմպը և վառելիքաբաշխիչ աշտարակի սարքն անջատվեն, իսկ ճկուն խողովակաշարերը ծածկվեն կամ պահպանվեն այնպես, որ չվնասվեն շարժվող ավտոտրանսպորտային միջոցներից:
98. Եթե առաջանում է հեղուկ վառելանյութի կաթոց, հոսք կամ անվտանգությանը սպառնացող այլ իրավիճակ, ապա`
1) լցավորման գործողությունը պետք է անմիջապես դադարեցվի, իսկ ծայրափողակները տեղադրվեն բնիկներում,
2) թերություն ունեցող սարքից պետք է անջատվի էլեկտրասնուցումը,
3) լցավորումը պետք է վերսկսել միայն անվտանգությանը սպառնացող բոլոր թերությունները կամ պատահարների հետևանքները վերացնելուց հետո:
99. Վառելիքով լցավորման սարքերը պետք է ապահովված լինեն վթարային անջատման միջոցներով, որոնք պետք է տեղակայվեն վառելիքաբաշխիչ աշտարակից 6 մ և ավելի հեռավորության վրա:
100. ԱՀՎԼԿ-ի բոլոր աշխատողները պետք է իմանան լցավորման սարքի վթարային էլեկտրական անջատիչի տեղը և դրա օգտագործման կանոնները:
101. Վթարային անջատման միջոցների գործարկումը պետք է դադարեցնի հեղուկ վառելանյութի հոսքը դեպի վառելիքաբաշխիչ աշտարակ և փակի վառելիքով սնուցող բոլոր կափույրները:
102. Վթարային անջատման միջոցների վրա պետք է փակցված լինի ընթեռնելի ցուցում` հետևյալ բովանդակությամբ. «ՎԱՌԵԼԻՔԻ ՎԹԱՐԱՅԻՆ ՀՈՍՔԸ ԴԱԴԱՐԵՑՆՈՂ ՍԱՐՔ»:
103. Ինքնաշխատ կրակմարիչ համակարգերը պետք է ստուգվեն և փորձարկվեն` համաձայն հրդեհային անվտանգության, ինչպես նաև համակարգերն արտադրող ընկերության ցուցումների:
104. Լցավորման և կրակմարիչ սարքերը տեղադրող կազմակերպությունը պարտավոր է ԱՀՎԼԿ-ի անձնակազմին տրամադրել հրահանգներ և մեթոդական ցուցումներ, կազմակերպել անձնակազմի ուսուցումը, գիտելիքների ստուգումը և որակավորումը:
105. ԱՀՎԼԿ-ն աշխատանքային ժամերին պետք է հսկվի ուսուցում անցած և համապատասխան որակավորում ունեցող անձի կողմից, որի հիմնական պարտականություններն են`
1) վառելիքաբաշխիչ աշտարակի ոչ ճիշտ օգտագործման կանխումը,
2) լցավորման ճկուն խողովակաշարի վնասվածքի կամ առավել ձգման կանխումը,
3) այրման աղբյուրների հսկումը,
4) բջջային հեռախոսների և այլ էլեկտրոնային սարքավորումների օգտագործման կանխումը,
5) հեղուկ վառելանյութի պատահական արտահոսքերին անմիջապես արձագանքելը,
6) կրակմարիչների օգտագործման կանոններին տիրապետումը,
7) վթարային կառավարման համակարգերի արագ գործարկումը,
8) շտապօգնության և փրկարար ծառայություններին ահազանգումը` հրդեհի կամ այլ արտակարգ իրավիճակի դեպքում:
106. Ավտոտրանսպորտային միջոցը պետք է լցավորվի միայն վառելիքի բաքի կամ հարմար ապրանքամանների մեջ: Արգելվում է հեղուկ վառելանյութի վերալցավորումը մեկ բաքից մյուսը:
107. Արգելվում է մոտոցիկլերի, մոտոհեծանիվների և հեղուկ վառելանյութի փոքր տարողության բաքերով նմանատիպ այլ տրանսպորտային միջոցների լցավորումը, երբ անջատված չէ դրանց շարժիչը կամ նստատեղին մարդ կա: Բաքը պետք է լցավորվի դանդաղ հոսքով, որպեսզի հեղուկ վառելանյութը չարտահոսի, չկաթի տաք շարժիչի վրա, ու չառաջանան հրդեհի դեպքեր: Եթե ծայրափողակը չի տեղավորվում վառելիքի բաքի բկանցքին, նախ պետք է վառելիքը լցվի հատուկ բկանցք ունեցող ապրանքամանի մեջ, այնուհետև` բաքի մեջ: Արգելվում է օգտագործել ձագար:
108. Հեղուկ վառելանյութը շարժական ապրանքամանների մեջ լցնելու դեպքում պարտադիր են հետևյալ նախազգուշական պահանջները`
1) արգելվում է վաճառել կամ գնել հեղուկ վառելանյութ, եթե ապրանքամանի վրա հստակ կերպով նշված չէ դրանում առկա կամ թույլատրելի վառելիքի անվանումը,
2) հեղուկ վառելանյութը չպետք է դատարկվի ապրանքամանի մեջ, եթե այն մետաղյա չէ, կափույրը սարքին չէ, ապրանքամանի բկանցքը հարմար չէ առանց կաթոցների պարունակությունը դատարկելու համար,
3) արգելվում է հեղուկ վառելանյութը դատարկել բաց բկանցքով ապրանքամանի մեջ,
4) արգելվում է շարժական ապրանքամանի լցավորումը, եթե այն գտնվում է ավտոտրանսպորտային միջոցի վրա: Ապրանքամանը պետք է տեղադրվի գետնին, այնուհետև կատարվի դրա լցավորումը,
5) ապրանքամանները պետք է լցավորվեն ծայրափողակ ունեցող լծակով, որը պետք է բաց պահել ձեռքով և ապահովել վառելիքի դանդաղ հոսքն այնպես, որպեսզի վառելիքը չցայտի կամ չթափվի,
6) լցավորման ամբողջ ընթացքում ծայրափողակը պետք է կպած լինի ապրանքամանին,
7) հեղուկ վառելանյութի լցավորումն ավարտվելուց հետո ապրանքամանը պետք է ամուր փակվի:
109. Հեղուկ վառելանյութի լցավորման ժամանակ կիրառվում են հետևյալ ձևերը`
1) «Հսկվող սպասարկում», երբ համապատասխան սպասարկող անձնակազմը գործարկում է լցավորման սարքը,
2) «Հսկվող ինքնասպասարկում», երբ սպառողներն իրենք են գործարկում վառելիքաբաշխիչ աշտարակը` համապատասխան անձնակազմի հսկողության ներքո:
110. Այնպիսի ԱՀՎԼԿ-ներում, որտեղ իրականացվում են սպասարկման այլընտրանքային ձևեր, պետք է կիրառվի սույն կանոնների «Հսկվող ինքնասպասարկում» ձևը:
111. Հեղուկ վառելանյութի լցավորման ձևերի մեջ փոփոխություն կատարելու դեպքում ԱՀՎԼԿ շահագործող անձը փոփոխությունը պետք է կատարի օրենքով սահմանված կարգով:
112. Հսկվող սպասարկման ժամանակ ԱՀՎԼԿ-ում պետք է ներկա լինի հսկող աշխատակիցը, որի միջոցով պետք է գործարկվի վառելիքաբաշխիչ աշտարակը: Այնտեղ, որտեղ տեղադրված են ձգանով մեխանիզմներ, սպասարկող անձնակազմը լցավորման աշխատանքներ կատարելիս պետք է կրի համապատասխան հակաստատիկ կոշիկներ: Սպասարկման ժամանակ աշխատողը պարտավոր է`
1) թույլ չտալ, որ սպառողները սարքն օգտագործեն առանց իր հսկողության,
2) ծայրափողակն ամուր տեղադրել բաքի խողովակի մեջ և ապահովել, որ այն խողովակին կպած մնա մինչև լցավորման ավարտը,
3) փակել ծայրափողակը բաքի կափույրով կամ այլ առարկաներով,
4) խուսափել ճկուն խողովակաշարը ձգելուց կամ այն ճզմելուց,
5) լցավորման կղզյակին մոտենալ առանց շտապելու` դանդաղ քայլելով` հագուստից կայծեր առաջանալուց խուսափելու նպատակով,
6) իր մոտ չունենալ կրակայրիչ, երկաթյա կամ պողպատյա այլ իրեր, որոնք կարող են առաջացնել կայծ,
7) չլցավորել այն տրանսպորտային միջոցները, որոնց շարժիչը անջատված չէ,
8) լցավորում իրականացնելիս սպառողին կամ այլ անձանց չթույլատրել տարածքում ծխել կամ ձեռքին ունենալ կրակայրիչ կամ այլ երկաթյա ու պողպատյա իրեր կամ այնպիսի իրեր, որոնցից կա կայծի առաջացման հավանականություն,
9) ավտոտրանսպորտային միջոցը լցավորելիս ուշադիր լինել այլ շարժվող ավտոտրանսպորտային միջոցներին, հատկապես` հեղուկ վառելանյութի լցավորման խողովակի հետնամասում գտնվող ավտոտրանսպորտային միջոցներին,
10) լինել ուշադիր և խուսափել շփումից այնպիսի առարկաների հետ, որոնք կարող են վնասվածք պատճառել իրեն (կցասայլի հանգույց, արտանետման խողովակ, ավտոտրանսպորտային միջոցի սրահի ներսում չամրակցված առարկա, ծռված պաշտպանիչ վահանակ և այլն),
11) նախքան սպառողից վարձավճարի գանձումը, լցավորման ծայրափողակը դուրս հանել բաքից,
12) լցավորումն ավարտելուց անմիջապես հետո ծայրափողակը տեղադրել բնիկի մեջ, փակել վառելիքի բաքի կամ ապրանքամանի կափույրը,
13) արագ մաքրել լցավորման ժամանակ գետնին թափված հեղուկ վառելանյութը:
113. Հսկվող ինքնասպասարկման ժամանակ արգելվում է`
1) տեղադրել, գործարկել կամ օգտագործել մետաղադրամով կամ թղթադրամով աշխատող վառելիքաբաշխիչ աշտարակ,
2) ծխել ԱՀՎԼԿ-ի տարածքի չնախատեսված վայրում,
3) ավտոտրանսպորտային միջոցի շարժիչի աշխատանքի ժամանակ կատարել հեղուկ վառելանյութի լցավորում,
4) գործարկվել վառելիքաբաշխիչ աշտարակը համապատասխան հմտություններ չունեցող անձի կողմից:
114. Հսկվող ինքնասպասարկմամբ ԱՀՎԼԿ-ի`
1) լցավորող ծայրափողակները պետք է լինեն ինքնաշխատ փակվող,
2) կառավարման մեխանիզմի բարձակը, որն էլեկտրաէներգիայով սնուցում է պոմպի շարժիչը, պետք է ունենա անջատիչ, որն անմիջապես կդադարեցնի էլեկտրաէներգիայի մատակարարումը ԱՀՎԼԿ-ի բոլոր բաշխիչ բլոկներին,
3) կառավարման մեխանիզմի բարձակը պետք է պաշտպանված լինի ավտոտրանսպորտային միջոցների կողմից հնարավոր վնասումներից,
4) հսկման կետի տեղակայումը պետք է թույլ տա, որ սպասարկող անձնակազմը հստակ և անարգել տեսնի բոլոր վառելիքաբաշխիչ աշտարակները` ոչ անվտանգ գործողությունները կանխելու և անհրաժեշտության դեպքում վառելիքաբաշխիչ աշտարակն անջատելու համար,
5) հսկողը կամ սպասարկող աշխատողը պետք է հսկման կետում լինի աշխատանքի ամբողջ ժամանակաընթացքում,
6) արգելվում է հսկման կետից վառելիքաբաշխիչ աշտարակի տարածքի տեսանելիությունը խանգարող որևէ առարկայի տեղադրումը,
7) այն հատվածներում, որտեղ զուգահեռ վառելիքաբաշխիչ աշտարակների կղզյակները կարող են խանգարել հսկման կետից դրանց դիտմանը, հսկողի համար պետք է լինեն հայելիներ կամ հեռադիտման տեսախցիկներ,
8) էլեկտրաէներգիայի սնուցման անջատիչները պետք է տեղակայված լինեն հեռակառավարվող տարածքում` վառելիքաբաշխիչ աշտարակներից ոչ ավելի, քան 30 մ հեռավորության վրա:
115. Հսկվող ինքնասպասարկմամբ յուրաքանչյուր ԱՀՎԼԿ-ի հեռակառավարման տարածքների անմիջական մոտակայքում պետք է փակցված լինեն վթարային արձագանքման բոլոր գործողությունները և ցուցումները:
116. Հսկվող ինքնասպասարկմամբ յուրաքանչյուր ԱՀՎԼԿ-ում պետք է լինեն հստակ ցուցումներ` փակցված վառելիքաբաշխիչ աշտարակի վրա կամ վառելիքաբաշխիչ կղզյակում: Ցուցումներում պետք է արտացոլվեն հետևյալ ընթեռնելի ձևակերպումները`
1) «Չի՛ թույլատրվում վառելիքի դատարկումը չհաստատված ապրանքամանների մեջ»,
2) «Չ՛ծխել»,
3) «Շարժիչն անջատե՛լ նախքան բաքի լցավորումը»,
4) «Բջջային հեռախոսների և այլ էլեկտրոնային սարքավորումների օգտագործումն արգելվում է»,
5) «Հրդեհի կամ վառելիքի արտահոսքի դեպքում սեղմեք վթարային դադարեցման կոճակը»:
117. Ցուցումների մեջ պետք է նշված լինի վթարային կառավարման համակարգերի վայրը: Ցուցումների նշանը պետք է փակցված լինի այնպես, որ այն տեսանելի լինի ընթերցման համար: Արգելվում է ցուցումների նշանը տեղադրել շարժվող առարկաների, դռների, պատուհանների կամ դրանց մոտ գտնվող այլ առարկաների վրա: Վթարային իրավիճակներում լուսավորության անհրաժեշտության դեպքում ցուցումների նշանների մոտ պետք է տեղադրվեն լուսավորության միջոցներ, իսկ նշանները լինեն անդրադարձնող կամ լուսավորվող կամ երկուսը միասին:
118. Ցուցումների անմիջապես կողքին` տեսանելի հատվածում, պետք է փակցված լինի ԱՀՎԼԿ-ի ամենամյա տեխնիկական անվտանգության փորձաքննության եզրակացության պատճենը:
11. ՊԱՀԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԳԵՏՆՅԱ ԵՎ ՍՏՈՐԳԵՏՆՅԱ ՊԱՀԵՍՏԱՐԱՆԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
119. Բոլոր վերգետնյա և ստորգետնյա պահեստարանները, որոնք օգտագործվում են հեղուկ վառելանյութի պահեստավորման համար, պետք է տեղադրվեն համաձայն արտադրողի ցուցումների:
120. Արգելվում է պահեստավորման պահեստարաններն օգտագործել հեղուկ վառելանյութի թափոնների, գեներատորի նյութի և այլ հեղուկների պահեստավորման նպատակով:
121. Վերգետնյա պահեստավորման պահեստարանները պետք է լինեն մետաղյա, իսկ ստորգետնյա պահեստավորման պահեստարանները` մետաղյա կամ մանրաթելային ապակուց:
122. Ստորգետնյա պահեստավորման համակարգերում տեղադրված ցանկացած պահեստարան պետք է լինի չվնասված, իսկ վնասվելու դեպքում պետք է փոխարինվի նորով, չպետք է վերանորոգվի: Պողպատե պահեստարանները պետք է ծածկված լինեն կոռոզիայի դեմ դիմացկուն շերտով:
123. Նախքան հեղուկ վառելանյութի պահեստավորման համար նախատեսված պահեստարանների գործարկումը պետք է ապահովվի դրանց համապատասխանությունը հետևյալ պահանջներին`
1) հիդրոստատիկ կամ օդաճնշական փորձարկման միջոցով պահեստարանը պետք է անցնի ամբողջականության ստուգում,
2) պահեստարանը պետք է ունենա փորձարկման գրանցումներ, որոնք հավաստում են պահեստարանի` ստուգում անցած լինելը,
3) պահեստարանը պետք է տեղադրվի ԱՀՎԼԿ-ի նախագծային փաստաթղթերին և արտադրողի ցուցումներին համապատասխան,
4) պահեստարանների տեղադրման ժամանակ աշխատանքները պետք է կատարվեն այնպես, որ բացառվի դրանց հարմարությունների և պաշտպանական շերտերի վնասումը:
124. Փորձարկումից հետո պահեստարանը պետք է տեղադրվի ուղիղ բարձրացման միջոցով` հորի մեջ ապահովելով դրա վերջնական դիրքը: Արգելվում է պահեստարանի տեղադրումը քաշելու միջոցով:
125. Հեղուկ վառելանյութի ԱՀՎԼԿ շահագործող անձը, նախքան վերգետնյա կամ ստորգետնյա պահեստարանի շահագործումը, պետք է եռակցման տեղերում, պաշտպանական շերտերի խզվածքներում, ճեղքերում, շինվածքային այլ հատվածներում անցկացնի զննում:
126. Եթե հեղուկ վառելանյութի պահեստավորման համար օգտագործվող պահեստարանում հայտնաբերվում է կաթոց կամ այլ թերություններ, ապա ԱՀՎԼԿ շահագործող անձը պետք է վերացնի այդ թերությունները` նախքան համակարգի շահագործումը:
127. Նախքան պահեստարանի գործարկումը դրանց տեխնոլոգիական սարքավորումները, այդ թվում` կափույրները, խողովակները, բաժնավորման սարքավորումները, հոսակորստի դեմ և գերլցավորումից պաշտպանվածության սարքերը, վթարային անջատման սարքերը, պետք է անցնեն կաթոցի ստուգում (հերմետիկության փորձարկում, տեխզննության անցկացում), որպեսզի ապահովվի դրանց հուսալի շահագործումը: Եթե պահեստարանում և խողովակային համակարգում առկա է կաթոց, կամ տեղադրումը կատարվել է խախտումներով, որը կարող է հանգեցնել հնարավոր կաթոցի առաջացմանը, ապա տեղադրողը պետք է վերացնի նշված խախտումները` նախքան պահեստարանի շահագործումը:
128. Պահեստարանի և դրա համակարգի ստուգման և զննման ավարտից հետո տեղադրողը կազմում և վավերացնում է սույն կանոնների պահանջներին պահեստարանի համապատասխանության վերաբերյալ ակտ: Նշված ակտը պահվում է ԱՀՎԼԿ-ում` 5 տարի ժամկետով:
129. Վերգետնյա բոլոր պահեստարանները, որոնք օգտագործվում են հեղուկ վառելանյութի մեծաքանակ պահեստավորման համար, պետք է զերծ լինեն կոռոզիայից, որը կարող է էապես ազդել պահեստարանի ամբողջականության վրա:
130. Պահեստարանի վրա ժանգը (եթե այդպիսին առկա է) կարող է լինել չոր մակերեսի ժանգ, որը չի ազդել պահեստարանի շինվածքի ամբողջականության վրա, միայն մակերեսային է կամ ունի նոսր քայքայման մակերես: Խոնավ ժանգի առկայությունը վկայում է պահեստարանի ներսից տեղի ունեցող խորը կոռոզիայի մասին, որի դեպքում պահեստարանը պետք է հանվի շահագործումից` մինչև համապատասխան վերանորոգման իրականացումը:
131. Պահեստարանի տեղադրման աշխատանքները պետք է կատարվեն այնպես, որ բացառվի դրանց հարմարությունների, պաշտպանական շերտերի վնասումը, ապահովվի պահեստարանի դիրքի համարժեք ամրապնդումը, իներտ նյութով երեսարկման միջոցով կոռոզիայի ուղղակի ազդեցությունից մեկուսացումը և արտաքին ներգործություններից պաշտպանվածությունը:
132. Պահեստարանի տրամաչափարկման համար պետք է ունենալ տրամաչափարկման հավաստի գծապատկեր: Եթե բացակայում է տրամաչափարկման գծապատկերը, ապա շահագործող անձն անհապաղ պետք է դիմի պահեստարանը արտադրողին` գծապատկերի կրկնօրինակը ստանալու խնդրանքով: Պահեստարանի տրամաչափարկման գծապատկերը պետք է լինի ճշգրիտ` յուրաքանչյուր պահեստարանի կամ դրա առանձին բաժինների համար:
133. Պահեստարանը չափվում է` կիրառելով վառելիքի գլանաձողային մետր, որը ստույգ չափումների նպատակով տրամաչափարկվում է առավելագույնը 2 մմ աճի տարբերությամբ, և, որի տեսակը պետք է լինի հաստատված և ստուգաչափված: Գլանաձողային մետրը պետք է լինի այնպիսի երկարությամբ, որպեսզի պահեստարանի չափումները կատարվեն դրա ողջ բարձրությամբ:
134. Պահեստարանը տվյալ կազմակերպության պահեստարանների անվտանգ շահագործման պատասխանատու անձի կողմից ամսական մեկ անգամ պետք է անցնի ջրի առկայության ստուգում: Ջրի առկայության դեպքում պահեստարանում ջրի քանակությունը չափվում է առավելագույնը 2 մմ աճի տարբերությամբ:
135. Յուրաքանչյուր պահեստարան պետք է ունենա տվյալների մետաղե պիտակ կամ նշան` տրված արտադրողի կողմից: Տվյալների պիտակը պահեստարանին պետք է փակցվի այնպիսի տեղում, որը թույլ կտա հեշտորեն ընթերցել դրանում պարունակվող տեղեկատվությունը: Արտադրողի կողմից մետաղե պիտակ կամ նշան տրամադրված չլինելու դեպքում շահագործող անձը պարտավոր է պատրաստել նույնանման մետաղե պիտակ կամ նշան` հայերենով:
136. Պահեստարանի տվյալների պիտակը պետք է պարունակի`
1) արտադրող ընկերության անվանումը,
2) թողարկման ամսաթիվը,
3) պահեստարանի մոդելը և հերթական համարը,
4) անվանական ծավալային տարողունակությունը` արտահայտված լիտրերով,
5) նախագծման, արտադրման և պիտակավորման տվյալները,
6) պարունակվող նյութի կոնկրետ անվանման համար հիմք ծառայած ստանդարտները:
137. Պահեստարանի տեղադրման վայրում տեղադրվում են «Չ՛ծխել» և «Անջատե՛լ շարժիչը» նշանները:
138. Հեղուկ վառելանյութի անվտանգ առաքման համար անհրաժեշտ տեղեկատվություն ապահովելու նպատակով պահեստարանների վրա պետք է տեղադրվեն լրացուցիչ նշաններ, որոնք պետք է պարունակեն`
1) արտադրանքի անվանումը և մակնիշը,
2) արտադրանքի բարձրությունը,
3) կիրառվելիք տրամաչափարկման գծապատկերը,
4) գերլցավորումից պաշտպանվածության սարքերի շահագործման նկարագրությունը,
5) պահեստարանի վրա լցավորման, օդափոխման, միջանկյալ տարածքի դիտարկման և բաժինների բացվածքների սահմանումը,
6) վթարային տարածքների կափույրի (կափույրների) սահմանումը և դրա շահագործման նկարագրությունը:
139. Պահեստարանների հիմքերը պետք է կառուցվեն բետոնից, քարից, լցվածքներից կամ մետաղից, որոնք նախատեսված են նվազեցնելու պահեստարանի տեղադրման անհարթությունը, կրճատելու կոռոզիան: Պահեստարանի հիմքերի ամրապնդումն անհրաժեշտ է նաև դրանց հենքային մասի վրա բեռների` չափից ավելի բարձր կենտրոնացումը կանխելու համար:
140. Հեղեղման վտանգի ենթակա տարածքներում տեղադրված պահեստարանները պետք է ամրակցվեն այնպես, որ նվազագույնի հասցվեն ցնցումների հետևանքով առաջացող հնարավոր կողային տեղաշարժերը:
141. Պահեստարանների վթարային օդափոխիչները պետք է ունենան կրակմարիչներ, տեղադրվեն ոչ պակաս, քան 3.5 մ երկարությամբ և գոլորշու ներթափանցման նկատմամբ լինեն դիմացկուն:
142. Աշխատողների վրա գոլորշու ազդեցությունը նվազեցնելու համար`
1) օդափոխիչները տեղադրվում են առաքման կետից 2 մ բարձրության վրա,
2) օդափոխիչները տեղադրվում են պահեստարանի վերջնամասում` առաքող վարորդից գոլորշին հնարավորինս հեռու պահելու համար,
3) աշխատողներին բենզինի գոլորշու ազդեցությունից պաշտպանելու համար պետք է տրամադրվեն շնչադիմակներ,
4) օդափոխիչները վերգետնյա պահեստարանների համար պետք է ստեղծեն ազատորեն շնչելու հնարավորություն:
143. Պահեստավորման վերգետնյա պահեստարանները պետք է լցավորվեն տարողության 90%-ից ոչ ավելի ծավալով և ունենան գերլցավորումից պաշտպանության համակարգ: Պահեստարանը պետք է ունենա առաքման ժամանակ վառելիքի հոսակորստի հավաքման մետաղե արկղ:
144. Պահեստարանի լցավորման ժամանակ համակարգը պետք է`
1) ունենա միջոց, որը ձայնային կամ տեսողական ազդանշանի միջոցով ծանուցի լցավորող անձին, որ հեղուկ վառելանյութի մակարդակը հասել է պահեստարանի մակարդակի 85%-ի չափին,
2) ինքնաշխատ եղանակով դադարեցնի հեղուկ վառելանյութի հոսքը դեպի պահեստարան, երբ պահեստարանում հեղուկ վառելանյութի քանակությունը հասել է դրա տարողունակության 90%-ին:
145. Հեղուկ վառելանյութի պահեստավորման վերգետնյա պահեստարանները պետք է ունենան երկրորդային շերտի կողապատի համակարգ, որոնցում հավաքվում և պահվում է հեղուկ վառելանյութի կաթոցը կամ հոսակորուստը: Երկրորդային շերտի կողապատի համակարգը պետք է կանխի հոսակորուստների ներթափանցումը դեպի հողերն ու ջրային ռեսուրսները, ինչը կարող է տեղի ունենալ պահեստարանի վրա ճեղքերի առաջացման, պոմպերի, կափույրների և այլ օժանդակ տեխնոլոգիական սարքավորումների խափանման, ինչպես նաև գերլցավորման արդյունքում:
146. Հեղուկ վառելանյութի պահեստարանի պահեստը պետք է բավարարի հետևյալ պահանջներին`
1) պահեստը պետք է լինի հերմետիկ, դիմացկուն` ավտովառելիքի կաթոցի նկատմամբ, համադրելի` պահեստավորված նյութի հետ, դիմացկուն` արտաքին ու ներքին ազդեցության արդյունքում տեղի ունեցող քիմիական քայքայման նկատմամբ,
2) պահեստի բոլոր հանգույցներում պետք է օգտագործվեն ջրի ներթափանցումը կասեցնող քիմիական նյութեր,
3) պահեստի պատերի ու հատակի հաստությունը պետք է լինի 15 սմ-ից ոչ պակաս` կառուցված ամրացնող նյութերից,
4) պահեստի շինությունները պետք է լինեն սեյսմակայուն,
5) պահեստի միջով չպետք է անցնեն դրենաժային միացումներ կամ այլ մուտքեր` բացառությամբ վերևի մուտքի ելանցքի և պահեստարանի լցավորման ու դատարկման, օդափոխման և դիտարկման, դեպի խցիկը կաթող հեղուկ վառելանյութի արտամղման համար նախատեսված վերևի բացվածքների,
6) պահեստի ներսում պահեստարանները պետք է տեղադրվեն հիմքերի վրա և ամրացվեն լցվածքներով,
7) պահեստը կարող է տեղակայվել գետնի մակերևույթից բարձր կամ ցածր մակարդակով,
8) պահեստը պետք է ապահովված լինի աշխատողների համար առանձին մուտքով,
9) պահեստը պետք է ապահովված լինի հրդեհաշիջման միջոցներով,
10) պահեստում յուրաքանչյուր պահեստարան պետք է գտնվի մեկուսացված վիճակում,
11) պահեստի և պահեստարանի միջև պետք է լինի բավարար տարածություն` պահեստարանի ու դրա լրացուցիչ տարրերի տեսողական զննման և պահպանման աշխատանքների իրականացման համար,
12) պահեստի պահեստարանի օդափոխման համար նախատեսված խողովակները նախագծով սահմանված համապատասխան երկարության չափով պետք է տեղադրվեն պահեստարանից դուրս` գետնի մակերևույթից 3.6 մ-ից ոչ պակաս բարձրությամբ,
13) պահեստը պետք է ապահովված լինի գոլորշու բացահայտման համակարգերով, որոնք պետք է արձակեն ձայնային ազդանշան գոլորշու այնպիսի քանակության հայտնաբերման դեպքում, որը հավասար է կամ գերազանցում է պահվող վառելիքի դյուրավառության ստորին սահմանաչափի 25%-ը,
14) գոլորշու բացահայտման համակարգերը պետք է տեղադրվեն պահեստի ամենաստորին կետից 30 սմ-ից ոչ ավելի բարձրության վրա,
15) գոլորշու բացահայտման համակարգերից որևէ մեկի ակտիվացման արդյունքում ազդանշանը պետք է հնչի ԱՀՎԼԿ-ի տարածքում նախապես հաստատված, մշտապես հսկվող վայրում,
16) գոլորշու բացահայտման համակարգերի ակտիվացման արդյունքում պետք է անջատվեն բաժնավորիչ պոմպերը:
147. Երկրորդային կողապատով շերտը, որպես պահեստարանի պաշտպանության համակարգի բաղադրիչ, պետք է նախագծվի, տեղադրվի և շահագործվի նախքան մաքրման աշխատանքների իրականացումը` հեղուկ վառելանյութի, դրանց բաղադրիչների տեխնիկական բնութագրերից շեղվող նյութերի ներթափանցումը հողում, ստորգետնյա կամ վերգետնյա ջրերում կանխելու նպատակով: Երկրորդային կողապատով շերտը պետք է ունենա հոր և կահավորված լինի ձեռքով կառավարվող պոմպով կամ ծծափողով (սիֆոնով), ձեռքով կառավարվող միջնապատային կափույրով կամ այլ դրենաժային համակարգով, որոնք թույլ կտան չորացնել կաթոցի, հոսակորստի կամ գոլորշացման արդյունքում առաջացող հեղուկները: Հոսակորստի կամ կաթոցի հետևանքով կուտակվող նյութերը 24 ժամվա ընթացքում պետք է հեռացվեն երկրորդային կողապատով շերտի համակարգից: Երկրորդային կողապատով շերտը պետք է դիմացկուն լինի եղանակային, շրջակա միջավայրի պայմաններին, պահվող հեղուկ վառելանյութի առկայության նկատմամբ:
148. Պահեստարանների վերգետնյա բոլոր խողովակաշարերը պետք է ապահովված լինեն օգտագործման 2 ժամից ոչ պակաս տևողությամբ հակահրդեհային պաշտպանության միջոցներով:
149. Վառելիք պարունակող խողովակները պետք է լինեն երկշերտ: Արգելվում է մի քանի պահեստարանների միացման համար միասնական խողովակների օգտագործումը: Հակածծափողային սարքեր տեղադրվում են պահեստարանին միացված յուրաքանչյուր արտաքին խողովակի վրա այն դեպքում, եթե խողովակը պահեստարանի վերևի մասի մակարդակից ցածր է:
150. Լցավորման խողովակը պետք է ապահովված լինի ավտոցիստեռնից վառելիքի անմիջական լցավորման համար նախատեսված միացումով, որպեսզի լցավորման ժամանակ վառելիքի առաքումը չենթարկվի բաց օդի ազդեցությանը:
151. Եթե լցավորման խողովակի` պահեստարանից դուրս գտնվող հատվածը ցածր է պահեստարանի վերևի մակարդակից, ապա լցավորման ճկափողի միացման տեղից 30 սմ-ից ոչ ավելի հեռավորության վրա լցավորման խողովակում տեղադրվում է հակադարձ կափույր:
152. Ստուգման և առաքման աշխատանքների կատարման համար նախատեսված պահեստարանը պետք է ապահովված լինի անվտանգ մուտքով: Այն դեպքում, երբ լցավորման միացման և գետնի մակարդակի միջև ուղղահայաց բարձրությունը գերազանցում է 1 մ-ը, պահեստարանին մոտենալու մուտքը ապահովվում է հետևյալ կերպ`
1) կիրառվում են աստիճաններ և հարթակ, եթե լցավորման ատրճանակի համար տեղերը գտնվում են պահեստարանի վերևի մասում,
2) կիրառվում են շարժական աստիճաններ և հարթակ, եթե պահեստարանի վերևի մասում պետք է կատարվեն ստուգման աշխատանքներ կամ սպասարկվեն այնտեղ տեղադրված տեխնոլոգիական սարքավորումները,
3) կիրառվում են ապահովության բազրիքներ, եթե աշխատանքներն իրականացվում են ավելի, քան 3 մ բարձրության վրա:
153. Պահակակետերը, արգելափակոցները կամ պաշտպանության այլ միջոցները պետք է ապահովեն վերգետնյա յուրաքանչյուր պահեստարանի և դրան միացված խողովակագծի պաշտպանությունը ավտոտրանսպորտային միջոցների և արտաքին այլ ազդեցություններից:
154. Պահակակետերի տեղադրման ժամանակ պետք է ապահովվեն հետևյալ պահանջները`
1) պահակակետերը պետք է կառուցվեն հրդեհադիմացկուն մետաղե նյութերից,
2) պահակակետերը պետք է տեղադրվեն առնվազն 40 սմ տրամագիծ և 1 մ խորություն ունեցող բետոնե հիմքերի վրա:
155. Պահեստավորման վերգետնյա պահեստարանները պետք է մեկուսացվեն շրջակա միջավայրից ցանկապատով: Ցանկապատերը պետք է`
1) կառուցվեն չայրվող նյութից, ինչպիսիք են մետաղը, մետաղալարը (ցանցավոր մետաղալարը) կամ քարը,
2) ունենան 1.8 մ-ից ոչ պակաս բարձրություն,
3) ունենան կափույրով դարպասներ,
4) ներսի մասից ապահովեն դեպի պահեստարան և հարակից կայանքներ մուտք գործելու բավարար տարածություն:
156. Պահեստավորման ստորգետնյա պահեստարանները և խողովակագծերը, մինչև շահագործման հանձնելը, կապալառու կազմակերպության կողմից պետք է փորձարկվեն, տեղադրվեն, ամրակցվեն ու պաշտպանվեն նախագծով և սույն կանոններով սահմանված պահանջներին համապատասխան:
157. Նոր արտադրված պահեստավորման ստորգետնյա պահեստարանները պետք է ունենան երկրորդային կողապատով շերտի համակարգեր, որոնք պետք է`
1) նախագծվեն և տեղադրվեն շահագործման նորմատիվներին և արտադրողի ցուցումներին համապատասխան,
2) պահեստարանի շահագործման ցանկացած պահի կանխեն հեղուկ վառելանյութի և դրա բաղադրիչների արտահոսքը դեպի հողի շերտերը, ստորգետնյա կամ վերգետնյա ջրերը,
3) նախագծվեն, տեղադրվեն ու շահագործվեն այնպես, որ հնարավորություն լինի հայտնաբերելու և հավաքելու կաթոցի, հոսակորստի և վառելիքի կուտակման արդյունքում առաջացող նյութերը,
4) պատրաստված լինեն այնպիսի նյութերից, որոնք համադրելի են պահեստարանում պահեստավորվող վառելիքի հետ, ունենան բավարար ամրություն և հաստություն, որպեսզի կանխեն ճնշման գրադիենտների, այլ նյութերի հետ ֆիզիկական շփման, կլիմայական պայմանների և ընթացիկ շահագործման արդյունքում առաջացող խափանումները,
5) տեղադրվեն այնպիսի հիմքի վրա, որը կարող է կանխել նստվածքի, սեղմման կամ բարձրացման արդյունքում առաջացող խափանումները,
6) ապահովված լինեն կաթոցի հայտնաբերման միջոցներով, որը նախագծված է և շահագործվում է արտադրողի ցուցումներին համապատասխան:
158. Պահեստավորման ստորգետնյա պահեստարանների կատոդային պաշտպանության համակարգերը տեղադրվում և շահագործվում են պահեստարանի և կից խողովակների այն մասերը կոռոզիայից պաշտպանելու համար, որոնք շփման մեջ են գտնվում հողի հետ:
159. Կատոդային պաշտպանություն ունեցող պահեստավորման ստորգետնյա պահեստարանները դրանք տեղակայող կարգաբերող հավաստագրված կազմակերպությունների կողմից պետք է անցնեն զննում բոլոր էլեկտրական չափումների և փորձարկումների տեղադրումից կամ վերանորոգումից հետո` առնվազն վեց ամսվա ընթացքում, իսկ դրանից հետո` առնվազն տարին մեկ անգամ: Գործարանային արտադրության կատոդային պաշտպանության համակարգերը կարող են ստուգվել երեք տարին մեկ անգամ:
160. Սնուցվող հոսանքի համակարգերով հագեցված պահեստավորման ստորգետնյա պահեստարանները դրանք տեղակայող կարգաբերող հավաստագրված կազմակերպությունների կողմից պետք է ստուգվեն ոչ պակաս, քան երկու ամիսը մեկ անգամ: Ընդ որում, պարտադիր ստուգման ենթակա են սնուցվող հոսանքի բոլոր աղբյուրները:
161. Սնուցվող հոսանքի այն համակարգերը, որոնք չեն գործում կուտակային 1440 ժամը գերազանցող ժամանակահատվածում, ենթակա են համապատասխանության գնահատման օրենսդրությամբ սահմանված համապատասխանության հայտարարագրի գրանցման կարգին համապատասխան` համապատասխանության հայտարարագրի գրանցման ձևով` պահեստավորման ստորգետնյա պահեստարանի կառուցվածքի հուսալիությունը, կոռոզիայի անցքերից զերծ լինելը և նախագծային չափանիշներին համապատասխանությունը որոշելու նպատակով:
162. Կատոդային պաշտպանության համակարգերով հագեցած պահեստավորման այն համակարգերը, որոնք չեն կարող ապահովել կամ պահպանել նախագծային չափանիշներին համապատասխանող պաշտպանության մակարդակ, ենթակա են վերանորոգման, իսկ վերջինիս անհնարինության դեպքում պետք է հանվեն շահագործումից:
163. Պահեստավորման ստորգետնյա բոլոր պահեստարանների վրա պետք է տեղադրվի օդափոխիչ խողովակ, որը պետք է`
1) ունենա այնպիսի չափեր, որ կանխի վտանգավոր ներքին ճնշումների զարգացումը,
2) մեծ լինի լցավորման խողովակի տրամագծի կեսից և ունենա առնվազն 32 մմ ներքին տրամագիծ,
3) բաց օդում ձգվի այնպիսի դիրքով, որ դյուրավառ գազերը չկուտակվեն կամ չփոխանցվեն ոչ անվտանգ վայրեր,
4) գետնից լինի առնվազն 3 մ բարձր,
5) շենքի մուտքից ձգվի առնվազն 1.5 մ հեռավորությամբ,
6) շենքի դիմաց տեղադրելու դեպքում շենքի համեմատ ունենա առնվազն 1 մ-ից ավելի բարձրություն,
7) հագեցած լինի 500 միկրոն անվանական հեռավորության չափեր ունեցող հակակայծակային ցանցով,
8) ձգված լինի այնպիսի դիրքով, որ կանխի ջրի և օտարածին նյութերի ներթափանցումը:
164. ԱՀՎԼԿ շահագործող անձը պետք է պահեստավորման ստորգետնյա պահեստարաններում պարբերաբար ստուգի կաթոցի առկայությունը:
165. Կաթոցի դիտարկման համար կիրառվում է հետևյալ մեթոդներից մեկը`
1) պաշարների դիտարկում, որն իրականացվում է, եթե բացահայտվում է վառելիքի հոսքի 1%-ի կաթոց,
2) հորային դիտարկում, որի իրականացման համար կարող են օգտագործվել հորային գոտում գտնվող բոլոր գոլորշային հորերը: Դիտարկման համար կարող են օգտագործվել նաև ստորջրյա հորերը:
166. Դիտարկման մեթոդը, ստորջրյա հորերի թիվն ու դիրքը պետք է բավարար լինեն` պահեստարանի ցանկացած հատվածից վառելիքի բացթողման դեպքերը հայտնաբերելու համար:
167. Պահեստավորման ստորգետնյա պահեստարանների բոլոր միացումները տեղադրվում են համադրելի նյութից պատրաստված հերմետիկ խցիկում, որի մեջ պետք է հավաքվեն միացումների կաթոցից առաջացող վտանգավոր նյութերը:
168. Խցիկները պետք է ունենան իջանցք կամ մուտքի այլ միջոցներ` միացումների ստուգումն ապահովելու համար:
169. Պահեստավորման ստորգետնյա պահեստարանների բաժնավորիչի ստորին հատվածի տակ հեղուկ վառելանյութի համար անհրաժեշտ է ունենալ ծածկ, որը նախատեսվում է դեպի հողերը կամ ստորգետնյա ջրերը բաժնավորիչի կաթոցի ներթափանցումը կանխելու համար: Ծածկը պետք է լինի հերմետիկ` կողային, հատակային մասերում ու ներթափանցման ցանկացած կետում և ներառի հակադարձ կափույրներ, ուղղորդող կափույրներ, ճկուն միացումներ կամ բաժնավորիչը ստորգետնյա խողովակներին միացնող այլ մասեր, ունենա տեսողական զննության, ծածկի համակարգի բաղադրիչներին մոտենալու և հսկելու հնարավորություն:
12. ՀԵՂՈՒԿ ՎԱՌԵԼԱՆՅՈՒԹԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԽՈՂՈՎԱԿԱՇԱՐԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
170. Հեղուկ վառելանյութի փոխադրման խողովակաշարերը պետք է բաղկացած լինեն խողովակներից, կցաշուրթերից, հեղույսներից, ներդիրներից, կափույրներից, ճկուն միացումներից, ճնշում պարունակող ընդլայնման հանգույցներից ու ֆիլտրերից, այնպիսի սարքերից, որոնք ծառայում են հեղուկ վառելանյութի և հարակից գազերի փոխադրման, պահեստավորման, չափման կամ պահման համար:
171. Հեղուկ վառելանյութի փոխադրման համար օգտագործվող խողովակաշարերը պետք է համադրելի լինեն պահեստավորվող հեղուկ վառելանյութի հետ և դիմակայեն արտաքին ու ներքին մաշվածքի, տատանումների, ցնցումների և կոռոզիայի ազդեցությանը:
172. Հեղուկ վառելանյութի փոխադրման համար օգտագործվող բոլոր խողովակաշարերը պետք է տեղադրվեն ըստ սույն կանոնների, այլ իրավական ակտերի պահանջների և գործարկվեն արտադրողի ցուցումներին համապատասխան:
173. Հեղուկ վառելանյութի փոխադրման համար օգտագործվող խողովակաշարերը պետք է`
1) զերծ լինեն կաթոցից, ունենան ամուր կառուցվածք և աշխատանքային բոլոր պայմաններն ապահովող հուսալի ամրակցում,
2) պաշտպանված լինեն հրդեհից, ջերմությունից, վակուումից և ճնշումից, որոնք կարող են հանգեցնել խողովակագծի խափանմանը,
3) ունենան պաշտպանական այնպիսի միջոցներ, որոնք թույլ կտան կանխելու խողովակներն ընդլայնումից, տատանումներից, սեղմումից և ցածր ջերմաստիճանից, ինչպես նաև պաշտպանելու ստատիկ ու ֆոնային էլեկտրական հոսանքից, կայծակից,
4) ունենան այնպիսի միջոցներ, որոնք թույլ կտան կանխելու վառելիքի կաթոցը բոլոր կայանքներից ու տեխնոլոգիական սարքավորումներից,
5) դիմակայեն կոռոզիային, մետաղաքայքայիչ այլ նյութերին,
6) տեղադրվեն այնպես, որ զերծ մնան ավտոտրանսպորտային միջոցների երթևեկության կամ բեռների փոխադրման հետ կապված ֆիզիկական վնասվածքներից:
-------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում