ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
25 սեպտեմբերի 2025 թվականի N 1373-Ն
ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԻՆ ՀԱՏՈՒՑՈՒՄ ՎՃԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրային խորհրդի մասին» օրենքի (այսուհետ` օրենք) 11.1-ին հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Փաստահավաք հանձնաժողովի անդամի հատուցում է համարվում Փաստահավաք հանձնաժողովի անդամի կողմից Փաստահավաք հանձնաժողովի կազմում օրենքով սահմանված իր լիազորությունների իրականացման համար յուրաքանչյուր ամիս հատկացվող վճարը:
2. Փաստահավաք հանձնաժողովի անդամի գործունեության համար ամսական վճարի չափ սահմանել 665.000 (վեց հարյուր վաթսունհինգ հազար) դրամը` ներառյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հարկերը: Փաստահավաք հանձնաժողովի անդամի հատուցման տրամադրումն իրականացնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից` «1033. Աջակցություն հասարակական և այլ կազմակերպություններին» ծրագրի «11002. Պետական կառավարման գործընթացներին քաղաքացիական հասարակության մասնակցության ապահովում» միջոցառման բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «4235. Կառավարչական ծառայություններ» հոդվածով` որպես գնում չհանդիսացող ծախս, ուղիղ վճարման եղանակով, Հանրային խորհրդի կողմից յուրաքանչյուր ամիս ներկայացված ցուցակի հիման վրա` առանց ծախսը հիմնավորող փաստաթղթերի:
3. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետով նախատեսված միջոցները շրջանառվում են բանկային վճարային քարտերով` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 15-ի N 706-Ն որոշմամբ հաստատված կարգի 58-րդ կետի պահանջի, ընդ որում` սույն որոշման 2-րդ կետում նշված նպատակով կատարվող ծախսերի համար` շրջանառվող միջոցների չափաքանակ են սահմանվում «4235. Կառավարչական ծառայություններ» տնտեսագիտական հոդվածով տարեկան նախատեսված միջոցները:
4. Սույն կարգի 2-րդ կետով նախատեսված վճարը տրամադրվում է Փաստահավաք հանձնաժողովի անդամին ամիսը մեկ անգամ` տվյալ ամսվա վերջին աշխատանքային օրվանից մինչև դրան հաջորդող ամսվա տասնհինգերորդ օրը: Վճարի տրամադրման սկիզբ է համարվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի օգոստոսի 14-ի N 1128-Լ որոշման N 1 հավելվածի 21-րդ կետով նախատեսված հայտարարությունը հրապարակվելու օրը, իսկ ավարտ` Փաստահավաք հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարելու կամ դադարեցվելու օրը:
5. Այն դեպքում, երբ Փաստահավաք հանձնաժողովի անդամն իր գործունեությունն իրականացրել է մինչև ընթացիկ ամիսը լրանալը, Փաստահավաք հանձնաժողովի անդամի հատուցումն իրականացվում է օրական հաշվարկով` յուրաքանչյուր աշխատանքային օրվա համար 31.660 (երեսունմեկ հազար վեց հարյուր վաթսուն) դրամի չափով` ներառյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հարկերը:
6. Փաստահավաք հանձնաժողովի անդամի ամսական վճարը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության արժույթով անկանխիկ եղանակով` սույն որոշմամբ սահմանված ժամկետում և կարգով փոխանցելով Փաստահավաք հանձնաժողովի անդամի կողմից նախապես ներկայացված անձնական հաշվին:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
2025 թ. սեպտեմբերի 25
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 26 սեպտեմբերի 2025 թվական: