Սեղմել Esc փակելու համար:
«ՇԱՀԱԳՐԳԻՌ ԱՆՁ» ՀԱՍԿԱՑՈՒԹՅԱՆ ԲՈՎԱՆԴԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՇԱՀԱԳՐԳԻՌ ԱՆՁ» ՀԱՍԿԱՑՈՒԹՅԱՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ վարչական                       Վարչական գործ

    դատարանի որոշում                            թիվ ՎԴ/9108/05/19

    Վարչական գործ թիվ ՎԴ/9108/05/19             2025 թ.

Նախագահող դատավոր` Մ. Մելքումյան

    Դատավորներ`        Ա. Հարությունյան

                       Հ. Խաչատրյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը

(այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Հ. Բեդևյան

զեկուցող Ա. Թովմասյան

Լ. Հակոբյան

Ռ. Հակոբյան

Ք. Մկոյան

 

2025 թվականի հոկտեմբերի 13-ին

գրավոր ընթացակարգով քննելով Հովհաննես Ավետիսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 12.02.2025 թվականի որոշման դեմ` վարչական գործով ըստ հայցի Ալբերտ Ամիրյանի ընդդեմ Երևան համայնքի, երրորդ անձ` Հովհաննես Ավետիսյան` Երևանի քաղաքապետի 27.12.2017 թվականի թիվ 4822-Ա և 20.04.2018 թվականի թիվ 1493-Ա որոշումներն անվավեր ճանաչելու, և որպես հետևանք` 23.02.2018 թվականի թիվ 1249 անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը և 24.05.2018 թվականի թիվ 3116 համաձայնագիրը, ...(1) հասցեի ավտոտնակի նկատմամբ Հովհաննես Ավետիսյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին, և ըստ հայցի Մարգարիտա Զաքարյանի ընդդեմ Երևան համայնքի ղեկավարի, երրորդ անձինք` Նարինե Խաչատրյան, Հովհաննես Ավետիսյան` Երևանի քաղաքապետի 27.12.2017 թվականի թիվ 4822-Ա և 20.04.2018 թվականի թիվ 1493-Ա որոշումների առ ոչինչ լինելը ճանաչելու, և որպես հետևանք` 23.02.2018 թվականին ստորագրված անշարժ գույքի առուվաճառքի թիվ 1249 պայմանագիրը, 24.05.2018 թվականի թիվ 3116 համաձայնագիրը, ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից ...(2) հասցեի անշարժ գույքի նկատմամբ Հովհաննես Ավետիսյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին,

 

___________________

1) Հանդիսանում է անձնական տվյալ

2) Հանդիսանում է անձնական տվյալ

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Ալբերտ Ամիրյանը պահանջել է անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի 27.12.2017 թվականի թիվ 4822-Ա և 20.04.2018 թվականի թիվ 1493-Ա որոշումները, և որպես հետևանք` անվավեր ճանաչել 23.02.2018 թվականի թիվ 1249 անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը և 24.05.2018 թվականի թիվ 3116 համաձայնագիրը, ...(3) նկատմամբ Հովհաննես Ավետիսյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:

 

____________________

3) Հանդիսանում է անձնական տվյալ

 

Տվյալ հայցադիմումի հիման վրա կազմված վարչական գործին տրվել է թիվ ՎԴ/9108/05/19 հերթական համարը:

Դիմելով դատարան` Մարգարիտա Զաքարյանը պահանջել է ճանաչել Երևանի քաղաքապետի 27.12.2017 թվականի թիվ 4822-Ա և 20.04.2018 թվականի թիվ 1493-Ա որոշումների առ ոչինչ լինելը, և որպես հետևանք` անվավեր ճանաչել 23.02.2018 թվականի ստորագրված անշարժ գույքի առուվաճառքի թիվ 1249 պայմանագիրը, 24.05.2018 թվականի թիվ 3116 համաձայնագիրը, ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից ...(4) հասցեի անշարժ գույքի նկատմամբ Հովհաննես Ավետիսյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:

 

__________________

4) Հանդիսանում է անձնական տվյալ

 

Տվյալ հայցադիմումի հիման վրա հարուցված վարչական գործին տրվել է թիվ ՎԴ/5511/05/20 հերթական համարը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Ղազարյան) 20.05.2021 թվականի որոշմամբ թիվ ՎԴ/9108/05/19 և թիվ ՎԴ/5511/05/20 վարչական գործերը միացվել են մեկ վարույթում` թիվ ՎԴ/9108/05/19 վարչական գործի ներքո քննելու նպատակով:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Ծատուրյան) (այսուհետ` Դատարան) 16.02.2024 թվականի վճռով Ալբերտ Ամիրյանի և Մարգարիտա Զաքարյանի հայցերը մերժվել են:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 12.02.2025 թվականի որոշմամբ Ալբերտ Ամիրյանի և Մարգարիտա Զաքարյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքները բավարարվել են` թիվ ՎԴ/9108/05/19 վարչական գործով Դատարանի 16.02.2024 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել ՀՀ վարչական դատարան` ամբողջ ծավալով նոր քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հովհաննես Ավետիսյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Մարգարիտա Զաքարյանը (ներկայացուցիչ` Արմինե Հարությունյան):

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասը, 5-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, 28-րդ հոդվածի 1-ին մասը, 69-րդ հոդվածի 2-րդ մասը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

 

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի տառացի մեկնաբանությունից հետևում է, որ հենց Ալբերտ Ամիրյանն էր պարտավոր ներկայացնել իր` ...(5) սեփականատեր լինելու փաստը հիմնավորող ապացույցը: Ավելին, եթե անգամ ներկայացվեր սեփականության վկայականը կամ հաստատվեր, որ ավտոտնակն ինքնակամ կառույց է եղել, միևնույն է սույն վարչական գործի փաստերի ուսումնասիրությունից հետևում է, որ Ալբերտ Ամիրյանը շահագրգիռ անձ չի հանդիսանում, քանի որ գործի նյութերում առկա վիճարկվող վարչական ակտերից, իրադրության հատակագծերից, լուսանկարներից, կողմերի տված բացատրություններից և այլ ապացույցների հետազոտումից ակնհայտ է, որ ...(6) գտնվում է մոտ 14 մետր հեռավորության վրա ...(7)-ից: Այսինքն` Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ ...(8) անգամ կից չէ, ուստի սահմանակից չլինելու պարագայում, մոտ 14 մետր հեռավորության վրա իրարից տեղակայված լինելու տեղադիրքով, չէին կարող խախտվել Ալբերտ Ամիրյանի իրավունքները:

 

____________________

5) Հանդիսանում է անձնական տվյալ

6) Հանդիսանում է անձնական տվյալ

7) Հանդիսանում է անձնական տվյալ

8) Հանդիսանում է անձնական տվյալ

 

Ինչ վերաբերում է Մարգարիտա Զաքարյանի ներկայացրած հայցապահանջին, ապա գործում առկա ապացույցներից պարզ է դառնում, որ անգամ վերջինս է գիտակցել, որ խնդրո առարկա վարչական ակտերն ակնառու կոպիտ սխալներ չեն պարունակում, առոչինչ չեն, պարզապես ճարահատյալ` այլ դատավարական միջոց չունենալու պատճառով, ներկայացրել է արդեն թվով 3-րդ հայցադիմումը, ուստի Դատարանը, իրավացիորեն, հանգել է այն եզրակացության, որ ակնհայտ է, որ վեճի առարկա վարչական ակտերն առոչինչ չեն, ուստի անկախ Մարգարիտա Զաքարյանի կողմից հայցադիմումով ներկայացված հիմք հիմնավորումներից` հայցը ենթակա է մերժման, որպիսի հանգամանքը, սակայն, անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասին տրված մեկնաբանությունները հակասում են 08.05.2014 թվականի թիվ ՎԴ/6403/05/12 և 18.03.2015 թվականի թիվ ՎԴ/4009/05/14 վարչական գործերով ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումների մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանություններին:

Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ անձը կարող է դիմել դատական պաշտպանության, եթե ունի «իրական (ռեալ)» իրավունքներ: Ըստ այդմ` «շահագրգիռ անձ» հասկացությունը գնահատման ենթակա հասկացություն է, և գործը քննող դատարանն իրավասու է գնահատելու այս հասկացությունը յուրաքանչյուր գործով` հաշվի առնելով կոնկրետ գործի հանգամանքները և պարզելով, թե արդյոք տվյալ անձն ունի իրավական շահագրգռվածություն, թե` ոչ:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 12.02.2025 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 16.02.2024 թվականի վճռին:

 

2.1. Վճռաբեկ բողոքի վերաբերյալ Մարգարիտա Զաքարյանի պատասխանի հիմնավորումները.

Երևանի քաղաքապետի կողմից կայացված որոշումներով ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք է տրամադրվել երրորդ անձի, օտարվել է նաև ճանապարհ հանդիսացող հատվածը` խախտելով Մարգարիտա Զաքարյանի սեփականության իրավունքը և անհնարին դարձնելով նրան սեփականության իրավունքով պատկանող ավտոտնակի ըստ նպատակային նշանակության օգտագործման հնարավորությունը` փակելով դեպի ավտոտնակ տանող միակ ճանապարհը, ինչպես նաև սահմանափակելով Մարգարիտա Զաքարյանի բնակելի տանը հրշեջ մեքենա մոտենալու հնարավորությունը:

Վերաքննիչ դատարանն իրականացրել է ընդարձակ վերլուծություն և հանգել այն իրավացի հետևության, որ Ալբերտ Ամիրյանի` սույն գործով շահագրգիռ անձ հանդիսանալու հանգամանքը Դատարանը պետք է ստուգեր գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու սկզբունքի իրագործման ճանապարհով, որը չի կատարել, ինչով պայմանավորված կայացրել է գործի նյութերից ըստ էության չբխող դատական ակտ, որը ենթակա է բեկանման:

 

Վերոգրյալի հիման վրա բողոքի պատասխան բերած անձը պահանջել է սույն գործով ներկայացված վճռաբեկ բողոքն ամբողջությամբ մերժել` անփոփոխ թողնելով Վերաքննիչ դատարանի 12.02.2025 թվականի որոշումը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ...(9) վկայականի համաձայն` ...(10) նկատմամբ գրանցվել է Զանակ Մարգարյանի սեփականության իրավունքը, իսկ 0,00265 հա մակերեսով հողամասի նկատմամբ` վարձակալության իրավունքը մինչև 27.09.2014 թվականը (հատոր 2-րդ, գ.թ. 48-51), 2) 13.12.2017 թվականի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն` Զանակ Մարգարյանի մահից հետո գույքի նկատմամբ ժառանգ է հանդիսանում Նարինե Խաչատրյանը: Ժառանգական գույքը, որի համար տրված է վկայագիրը, բաղկացած է` ...(11), որի պատկանելիությունը ժառանգատուին հաստատված է համաձայն ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Կենտրոն տարածքային ստորաբաժանման կողմից տրված 04.12.2017 թվականի թիվ ...(12) (հատոր 2-րդ, գ.թ. 57),

3) Երևանի քաղաքապետարանի «Քաղաքաշինություն» ՓԲԸ տնօրենի առաջին տեղակալի կողմից 20.12.2017 թվականին կազմված «Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող հողամասերում գտնվող ինքնակամ կառույցի մասին» թիվ 18-06/Ա-199 մասնագիտական եզրակացության համաձայն` ...(13) ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումներում և ենթակա է օտարման: Կառույցը համապատասխանում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված օրինականացման պայմաններին: Կառույցը չի գտնվում հաստատված պետական նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերի նախատեսված գոտում: Նույն եզրակացությամբ առաջարկվել է չեղյալ համարել Երևանի քաղաքապետի 29.05.2004 թվականի թիվ 1161-Ա, 27.09.2004 թվականի թիվ 1870-Ա որոշումները, դրանց հիման վրա տրված գլխավոր հատակագիծը, սահմանված կարգով լուծել հողամասի վարձակալության 27.10.2004 թվականի թիվ 25/35-819 պայմանագիրը և ճանաչել շինության նկատմամբ Երևան քաղաքի սեփականության իրավունքը հետագայում օրինական ճանաչելու և կառուցապատողին օտարելու հնարավորությամբ (հատոր 2-րդ, գ.թ. 32),

4) Երևանի քաղաքապետի 27.12.2017 թվականի «Ինքնակամ կառույցի օրինականացման մասին» թիվ 4822-Ա որոշման համաձայն` «Հաշվի առնելով Զանակ Մարգարյանի իրավահաջորդ Նարինե Խաչատրյանի համաձայնությունը, տրված ...(14) կից Երևանի քաղաքապետի 2004 թվականի մայիսի 29-ի հ.1161-Ա, սեպտեմբերի 27-ի հ.1870-Ա որոշումներով վարձակալության իրավունքով տրամադրված 26.5քմ մակերեսով հողամասի նկատմամբ ինքնակամ կառույց կառուցելու հիմքով 2004թ. հոկտեմբերի 27-ին կնքված հ.23/35-819 հողամասի վարձակալության իրավունքի տրամադրման պայմանագիրը լուծելու մասին և, որ Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող ...(15) հասցեում գտնվող հողամասում կառուցված ինքնակամ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, այն կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև ելնելով այն հանգամանքից, որ ինքնակամ կառույցի և դրանով զբաղեցված ու սպասարկման և պահպանման համար անհրաժեշտ համապատասխան հողամասի` սեփականության իրավունքով տրամադրումը չի հակասում սահմանված կարգով հաստատված գլխավոր հատակագծերի, քաղաքաշինական գոտիավորման նախագծերի, հողերի օգտագործման սխեմաների և քաղաքաշինական ծրագրերի պահանջներին, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի N 731-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 33-րդ կետով, ինչպես նաև հաշվի առնելով այն փաստը, որ վարձակալված հողամասում առկա շինությունները քանդված են.

1. Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող, ...(16) հողամասում կառուցված` ավտոտնակ, գործառական նշանակությամբ ինքնակամ կառույցը համարել Երևան քաղաքի սեփականությունը և այն ճանաչել օրինական (կցվում է հողամասի և շինությունների հատակագծերը):

2. Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 15.12.2005թ. հ.2330-Ն որոշումով հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի դրույթները` հողամասի գործառական նշանակությունը սահմանել բնակելի կառուցապատման:

3. Սույն որոշման 1-ին կետում նշված օրինականացված կառույցը և հողամասը գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքի ձևով ձեռք բերելու առաջարկ կատարել կառույցն իրականացրած անձ` Նարինե Հարությունի Խաչատրյանին /...(17)./:

4. Լիազորել Երևանի քաղաքապետի խորհրդական Հրաչյա Մուրադյանին` ինքնակամ կառույցն իրականացրած անձի կողմից սույն որոշման 1-ին կետում նշված կառույցի և դրա համար առանձնացված հողամասի օրինականացման համար սահմանված չափով և կարգով գումարների վճարումից և այդ մասին Երևան համայնքի բյուջեի համապատասխան հաշվին մուտքագրված լինելու փաստը հավաստող աշխատակազմի ֆինանսական վարչության կողմից տրամադրված գրավոր տեղեկանք-քաղվածքը ստանալուց հետո, 10-օրյա ժամկետում Երևանի քաղաքապետի անունից Գնորդի հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր:

5. Լիազորել Երևանի քաղաքապետի խորհրդական Հրաչյա Մուրադյանին` Նարինե Խաչատրյանի հետ կնքել 2004թ. հոկտեմբերի 27-ին կնքված հ.23/35-819 հողամասի վարձակալության պայմանագիրը լուծելու մասին համաձայնագիր» (հատոր 2-րդ, գ.թ. 26-27),

5) Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ ...(18) վկայականի համաձայն` 28.02.2018 թվականին անշարժ գույքի 23.02.2018 թվականի առուվաճառքի թիվ 1249 պայմանագրի հիման վրա ...(19) նկատմամբ գրանցվել է Հովհաննես Ավետիսյանի սեփականության իրավունքը. «Հողամասի բնութագրերը» բաժնում նշված է` «Մակերեսի չափը` 0.00460 հա», «Գործառնական նշանակությունը կամ հողատեսքը` բնակելի կառուցապատման» (հատոր 1-ին, գ.թ. 103-104),

6) Երևանի քաղաքապետի 20.04.2018 թվականի թիվ 1493-Ա որոշման համաձայն` «Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 13.04.2018թ. հ.18-06/Օ-133 գրությունով տրված եզրակացությունը. 1. Երևանի քաղաքապետի 2017թ. դեկտեմբերի 27-ի «Ինքնակամ կառույցի օրինականացման մասին» հ.4822-Ա որոշման 1-ին կետում «46.06 քմ» բառերը փոխարինել «58.8 քմ» բառերով» (հատոր 2-րդ, գ.թ. 30),

7) Սեփականության թիվ ...(20) վկայագրի համաձայն` ...(21) հասցեում գտնվող գույքը սեփականության իրավունքով պատկանում է Վարդան Զաքարյանին (գ.թ. 13-14),

8) 05.08.2005 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայականի համաձայն` Վարդան Զաքարյանի գույքի ժառանգ է հանդիսանում Մարգարիտա Զաքարյանը (գ.թ. 15):

 

________________________

9) Հանդիսանում է անձնական տվյալ

10) Հանդիսանում է անձնական տվյալ

11) Հանդիսանում է անձնական տվյալ

12) Հանդիսանում է անձնական տվյալ

13) Հանդիսանում է անձնական տվյալ

14) Հանդիսանում է անձնական տվյալ

15) Հանդիսանում է անձնական տվյալ

16) Հանդիսանում է անձնական տվյալ

17) Հանդիսանում է անձնական տվյալ

18) Հանդիսանում է անձնական տվյալ

19) Հանդիսանում է անձնական տվյալ

20) Հանդիսանում է անձնական տվյալ

21) Հանդիսանում է անձնական տվյալ

 

4. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐԸ.

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի իմաստով, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, քանի որ բողոքարկվող դատական ակտում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի մեկնաբանությունը հակասում է թիվ ՎԴ/6403/05/12 ու թիվ ՎԴ/4009/05/14 վարչական գործերով ՀՀ վճռաբեկ դատարանի` համապատասխանաբար 08.05.2014 թվականի և 18.03.2015 թվականի որոշումների մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` դատական պաշտպանության դիմած անձի իրավական շահագրգռվածությունը գնահատելու վերաբերյալ, կարող են էական նշանակություն ունենալ նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:

 

Վերոգրյալով պայմանավորված` սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում կրկին անդրադառնալ «շահագրգիռ անձ» հասկացության բովանդակությանը` վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:

 

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» 1950 թվականի եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, (...) ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ նույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ`

1) խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, ներառյալ, եթե`

ա. խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների և ազատությունների իրականացման համար,

բ. չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով.

2) նրա վրա ոչ իրավաչափորեն դրվել է որևէ պարտականություն.

3) նա վարչական կարգով ոչ իրավաչափորեն ենթարկվել է վարչական պատասխանատվության:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում բազմիցս անդրադարձել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածին` այդ համատեքստում բացահայտելով վարչական հայց հարուցելու համար անհրաժեշտ իրավական շահագրգռվածության չափանիշները: Մասնավորապես.

ՀՀ վճռաբեկ դատարանի բնութագրմամբ. «(...) ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի իրավակարգավորման առարկայի իմաստով դատարան դիմելու իրավունքի առկայության համար բավարար չէ միայն սուբյեկտների անհրաժեշտ կազմի վերաբերյալ պահանջի բավարարումը: Այն, ի թիվս այլ պայմանների, պետք է դիտարկվի նաև համապատասխան սուբյեկտի մոտ դատարան դիմելու իրավական շահի առկայության համատեքստում` ելակետ ընդունելով օրենսդրորեն սահմանված իրավական նախադրյալները: Այսինքն` «շահագրգիռ անձ» հասկացությունը գնահատման ենթակա հասկացություն է, և գործը քննող դատարանն իրավասու է գնահատելու այս հասկացությունը յուրաքանչյուր գործով` հաշվի առնելով կոնկրետ գործի հանգամանքները և պարզելով, թե արդյոք տվյալ անձն ունի իրավական շահագրգռվածություն, թե ոչ» (տե՛ս, Տիգրան Սանասարյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/3477/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2014 թվականի որոշումը, «Լուվի» ՍՊԸ-ի տնօրեն Հասմիկ Հովհաննիսյանն ընդդեմ ՀՀ ֆինանսների նախարարության թիվ ՎԴ/4009/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.03.2015 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ արձանագրել է նաև, որ. «(...) դատական պաշտպանություն անձն ստանում է վերջինիս` ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքների և (կամ) ազատությունների խախտման դեպքում: Դատական պաշտպանությունը չի կարող լինել ինքնանպատակ, այն ունի հստակ առաքելություն, հստակ սուբյեկտներ ու հասցեատեր և կոչված է ապահովելու անձի խախտված իրավունքների արդյունավետ վերականգնումը: ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով նախատեսված է ընդհանուր կանոն, որ դատարան դիմելու իրավունքը վերապահված է կոնկրետ այն անձին, ում իրավունքները խախտվել են կամ առկա է նրա իրավունքների խախտման վտանգ: Օրենսդիրը, նույնպես առաջնորդվելով այս ընդհանուր կանոնով, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում ամրագրել է յուրաքանչյուրի` իր խախտված իրավունքների պաշտպանության համար վարչական դատարան դիմելու իրավունքը: Անձը կարող է դիմել դատական պաշտպանության, եթե ունի «իրական (ռեալ)» իրավունքներ» (տե՛ս, Կարինե Ջիլավյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի թիվ ՎԴ/6403/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի որոշումը):

Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ. «(...) դիմելով վարչական դատարան` անձը ոչ միայն պետք է հիմնավորի, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց պաշտոնատար անձանց վարչական ակտերն ընդունվել, գործողությունները կամ անգործությունը կատարվել են օրենքի խախտմամբ, այլ նաև պետք է մատնանշի իր այն իրավունքներն ու ազատությունները, որոնք խախտվել են» (տե՛ս, Սվետլանա Օհանյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/0909/05/10 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է. «(...) վարչական արդարադատություն հայցող անձանց կողմից ներկայացված հայցադիմումների հիման վրա հարուցված վարչական գործերից յուրաքանչյուրով պետք է պարզվի` արդյոք հայցվորը հանդիսանում է դատարան դիմելու իրավունքը կրող սուբյեկտ, այսինքն` «շահագրգիռ անձ», քանի որ միայն իրավական շահագրգռվածության առկայության պարագայում անձը կարող է ակնկալել իր խախտված իրավունքների դատական պաշտպանություն: Ընդ որում, իրավունքների խախտման, կամ այլ կերպ ասած` դատարան դիմելու իրավունքը կրող սուբյեկտ լինելու վերաբերյալ ապացույցներ ներկայացնելու պարտականությունը կրում է հենց հայցվորը» (տե՛ս, Ջորջիո ԱՐՄԱՆԻ Ս.Պ.Ա. Միլան, Սվիս Բրենչ Մենդրիսիո ընկերությունն ընդդեմ ՀՀ էկոնոմիկայի նախարարության` ի դեմս Մտավոր սեփականության գործակալության թիվ ՎԴ/9190/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):

Վերահաստատելով վերոգրյալ իրավական դիրքորոշումները` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ. «(...) իրավական շահագրգռվածությունը ենթադրում է, որ դատական պաշտպանության պետք է դիմեն միայն նրանք, ովքեր ունեն օբյեկտիվորեն հիմնավորված շահ: Այլ կերպ ասած` վարչական դատավարությունում «շահագրգռվածություն» եզրույթը կարելի է բնորոշել իբրև անձի իրական և փաստացի հետաքրքրվածություն` իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության ու վերականգնման ուղղությամբ:

(...) «շահագրգիռ անձ» հասկացությունը գնահատման ենթակա հասկացություն է, և գործը քննող դատարանն իրավասու է գնահատելու այս հասկացությունը յուրաքանչյուր գործով` հաշվի առնելով կոնկրետ գործի հանգամանքները և պարզելու, թե արդյոք տվյալ անձն ունի իրավական շահագրգռվածություն, թե` ոչ:

(...) յուրաքանչյուր դեպքում դատական պաշտպանություն հայցած սուբյեկտի` «շահագրգիռ անձ» լինելը քննարկելիս դատարանը պետք է հանգամանալից անդրադառնա ոչ միայն սուբյեկտային կազմի առկայությանը, այլև այդ սուբյեկտի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքներ և ազատություններ ունենալուն և այն «ռեալ/իրական» շահի առկայությանը, որը ենթակա է պաշտպանության կամ վերականգնման (...)» (տե՛ս, «ԵՐԵՎԱՆ ՄԱՐՄԸԼԵՅԴ ԻՆԴԸՍԹՐԻՍ» ՍՊԸ-ի ընդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի թիվ ՎԴ/2769/05/22 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.04.2025 թվականի որոշումը):

Այսպիսով, ամբողջ վերոգրյալի հաշվառմամբ` Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ իրավական շահագրգռվածությունը դատարան ներկայացված որևէ պահանջի քննության նախապայման է, ուստի դրա հաստատման համար բավարար չէ միայն հայցվորի սուբյեկտիվ պնդումը. անհրաժեշտ է, որ այն հաստատվի օբյեկտիվ տվյալներով: Այլ կերպ ասած, դատարան դիմելով` հայցվորը պետք է մատնանշի և հիմնավորի իր որևէ իրավունքի և/կամ ազատության խախտման փաստը կամ դրա խախտման վտանգը, իսկ դատարանը պետք է գնահատի այդ իրավունքի և/կամ ազատության պաշտպանության համատեքստում հայցվորի իրավական շահագրգռվածության առկայությունը:

 

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործով Ալբերտ Ամիրյանը դիմելով Դատարան` պահանջել է անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի 27.12.2017 թվականի թիվ 4822-Ա և 20.04.2018 թվականի թիվ 1493-Ա որոշումները, և որպես հետևանք` անվավեր ճանաչել 23.02.2018 թվականի թիվ 1249 անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը և 24.05.2018 թվականի թիվ 3116 համաձայնագիրը, ...(22) նկատմամբ Հովհաննես Ավետիսյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը (վարչական գործ թիվ ՎԴ/9108/05/19):

 

___________________

22) Հանդիսանում է անձնական տվյալ

 

Զուգահեռաբար, Մարգարիտա Զաքարյանը Դատարան ներկայացված հայցադիմումով պահանջել է ճանաչել Երևանի քաղաքապետի 27.12.2017 թվականի թիվ 4822-Ա և 20.04.2018 թվականի թիվ 1493-Ա որոշումների առ ոչինչ լինելը, և որպես հետևանք` անվավեր ճանաչել 23.02.2018 թվականի ստորագրված անշարժ գույքի առուվաճառքի թիվ 1249 պայմանագիրը, 24.05.2018 թվականի թիվ 3116 համաձայնագիրը, ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից ...(23) հասցեի անշարժ գույքի նկատմամբ Հովհաննես Ավետիսյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը (վարչական գործ թիվ ՎԴ/5511/05/20):

 

________________________

23) Հանդիսանում է անձնական տվյալ

 

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Ղազարյան) 20.05.2021 թվականի որոշմամբ թիվ ՎԴ/9108/05/19 և թիվ ՎԴ/5511/05/20 վարչական գործերը միացվել են մեկ վարույթում` թիվ ՎԴ/9108/05/19 վարչական գործի ներքո քննելու նպատակով:

Դատարանը 16.02.2024 թվականի վճռով Ալբերտ Ամիրյանի ներկայացրած հայցը մերժել է` արձանագրելով, որ. «(...) Հայցվոր Ալբերտ Ամիրյանը պահանջելով անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի վերոնշյալ որոշումները, հայցադիմումին կից, ինչպես նաև սույն գործի քննության ընթացքում Դատարան չի ներկայացրել որևէ ապացույց այն մասին, որ սույն գործով երրորդ անձ Նարինե Հարությունի Խաչատրյանի կողմից Երևանի ...(24) հասցեում իրականացված ինքնակամ կառույցը (ավտոտնակը) անհնարին է դարձնում իրեն սեփականության իրավունքով պատկանող ...(25) շահագործումը, սահմանափակում և դժվարանցանելի է դարձնում դեպի իրեն սեփականության իրավունքով պատկանող շինության մուտքը, ստեղծելով ուղղակի ռիսկեր հրդեհային անվտանգություն և այլնի մասով: (...) հայցվոր Ալբերտ Ամիրյանի կողմից ներկայացված ապացույցներով չի հաստատվում նրա` սույն գործով «շահագրգիռ» անձ հանդիսանալու հանգամանքը: (...) հիմք ընդունելով ՀՀ վճռաբեկ դատարանի` թիվ ՎԴ/0909/05/10 վարչական գործով 05.04.2013 թվականի որոշմամբ արտահայտած այն իրավական դիրքորոշումը, որ չի կարող անվավեր ճանաչվել այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որը չի կարող խախտել որևէ անձի, Հայաստանի Հանրապետության կամ որևէ համայնքի իրավունք, (...) սույն գործով վիճարկվող` Երևանի քաղաքապետի 27.12.2017 թիվ 4822-Ա և 20.04.2018 թվականի թիվ 1493-Ա որոշումների իրավաչափության հարցին չի անդրադառնում: Այսպիսով, ամբողջ վերոգրյալի հիման վրա Դատարանը եզրահանգում է, որ հայցվոր Ալբերտ Ամիրյանի հայցը` Երևանի քաղաքապետի 27.12.2017 թիվ 4822-Ա և 20.04.2018 թվականի թիվ 1493-Ա որոշումներն անվավեր ճանաչելու պահանջի մասին, անհիմն է և ենթակա է մերժման (...)»:

 

_______________________

24) Հանդիսանում է անձնական տվյալ

25) Հանդիսանում է անձնական տվյալ

 

Միաժամանակ Դատարանը 16.02.2024 թվականի վճռով Մարգարիտա Զաքարյանի ներկայացրած հայցը մերժել է` նշելով, որ. «(...) «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական ակտ անվավեր կարող է լինել բացառապես առ ոչինչ չլինելու պարագայում, հետևաբար հայցը` Երևանի քաղաքապետի վերոնշյալ որոշումներն առ ոչինչ ճանաչելու պահանջի մասին, ենթակա է մերժման` անկախ հայցվոր Մարգարիտա Վարդանի Զաքարյանի հայցադիմումով ներկայացված հիմք-հիմնավորումներից: Հետևաբար հայցը` Երևանի քաղաքապետի 27.12.2017 թվականի թիվ 4822-Ա և 20.04.2018 թվականի թիվ 1493-Ա որոշումներն առ ոչինչ ճանաչելու պահանջի հետևանք ներկայացված պահանջների մասով, նույնպես ենթակա է մերժման (...)»:

Վերաքննիչ դատարանը 12.02.2025 թվականի որոշմամբ Ալբերտ Ամիրյանի և Մարգարիտա Զաքարյանի վերաքննիչ բողոքները բավարարել է` Դատարանի 16.02.2024 թվականի վճիռը բեկանել և գործն ուղարկել է ՀՀ վարչական դատարան ամբողջ ծավալով նոր քննության` հետևյալ հիմնավորմամբ. «(...) հայցադիմումով Հայցվոր Ալբերտ Ամիրյանը պնդել է, որ հանդիսանում է ...(26) սեփականատեր, մինչդեռ գործում բացակայում է նշված գույքի նկատմամբ Ալբերտ Ամիրյանի իրավունքների առկայությունը կամ բացակայությունը հաստատող որևէ ապացույց: (...) Դատարանը, վեճի լուծման համար իրավաչափորեն կարևորելով Հայցվոր Ալբերտ Ամիրյանի իրավական շահի առկայությունը, միջոցներ չի ձեռնարկել վերը նշված գույքի նկատմամբ Ալբերտ Ամիրյանի իրավունքների առկայության կամ բացակայության վերաբերյալ ապացույցներ ձեռք բերելու ուղղությամբ: (...) Դատարանը պետք է միջոցներ ձեռնարկեր ...(27) նկատմամբ Հայցվոր Ալբերտ Ամիրյանի իրավունքների առկայությունը կամ բացակայությունը պարզելու, իսկ համապատասխան իրավունքների առկայության դեպքում` միջոցներ ձեռնարկեր վարչական ակտի իրավաչափության վրա ազդեցություն ունեցող մյուս փաստարկները գնահատելու համար անհրաժեշտ և բավարար ապացույցներ ձեռք բերելու ուղղությամբ, և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված գործիքակազմը սպառելուց հետո միայն ձեռք բերված ապացույցների հիման վրա ապացուցման բեռի բաշխման կանոններով հաստատեր կամ հերքեր գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը: (...) Դատարանի կողմից ապացուցման բեռի բաշխման կանոնները և դրանց բացասական հետևանքները կիրառվել են առանց գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու (ex օfficiօ) սկզբունքի իրագործման (...)»:

 

_________________________

26) Հանդիսանում է անձնական տվյալ

27) Հանդիսանում է անձնական տվյալ

 

(...) բողոքարկված դատական ակտով Դատարանը չի անդրադարձել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «ա», «բ», «գ», «դ» կետերով նախատեսված` ակնառու կոպիտ սխալներից որևէ մեկի առկայության կամ բացակայության հարցին: Ընդ որում, Դատարանի նման դատողությունը հիմնված է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգավորումների վրա, մինչդեռ տվյալ կարգավորումներից և դրանց վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումներից հետևում է, որ Դատարանը պարտավոր էր նախ անդրադառնալ վարչական ակտի առոչնչության հիմքերի առկայությանը կամ բացակայությանը, քանի որ անվավեր կարող է ճանաչվել միայն առ ոչինչ չհանդիսացող վարչական ակտը: Բացի այդ, (...) հիմնավոր չի Դատարանի դատողությունն առ այն, որ վիճարկման հայցի մերժման պայմաններում Մարգարիտա Վարդանի Զաքարյանի հայցը ենթակա է մերժման` անկախ հայցադիմումով ներկայացված հիմք-հիմնավորումներից, քանի որ նույն դատական ակտով մյուս հայցվորի կողմից ներկայացված վիճարկման հայցը մերժվել է` առանց վիճարկվող վարչական ակտերի իրավաչափության հարցերին անդրադառնալու: (...) բողոքարկված դատական ակտը չի համապատասխանում նաև դատական ակտին ներկայացվող` հիմնավորվածության և պատճառաբանվածության օրենսդրական պահանջին:»:

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի վերլուծությունները և դրանք համադրելով սույն գործի փաստերի հետ` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.

1) Սույն գործով Ալբերտ Ամիրյանի կողմից վիճարկվում են Երևանի քաղաքապետի 27.12.2017 թվականի «Ինքնակամ կառույցի օրինականացման մասին» թիվ 4822-Ա և 20.04.2018 թվականի թիվ 1493-Ա որոշումները, որոնցից թիվ 4822-Ա որոշմամբ Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող, ...(28) հողամասում կառուցված` ավտոտնակ, գործառնական նշանակությամբ ինքնակամ կառույցը համարվել է Երևան քաղաքի սեփականությունը և ճանաչվել է օրինական: Նույն որոշմամբ այդ հողամասի գործառնական նշանակությունը սահմանվել է բնակելի կառուցապատման, և օրինականացված կառույցը և հողամասը գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքի ձևով ձեռք բերելու առաջարկ է կատարվել կառույցն իրականացրած անձ Նարինե Խաչատրյանին, իսկ թիվ 1493-Ա որոշմամբ թիվ 4822-Ա որոշման մեջ կատարվել է տեխնիկական ուղղում, այն է` Երևանի քաղաքապետի 27.12.2017 թվականի «Ինքնակամ կառույցի օրինականացման մասին» թիվ 4822-Ա որոշման 1-ին կետում նշված «46.06 քմ» բառերը փոխարինվել են «58.8 քմ» բառերով»:

 

_____________________

28) Հանդիսանում է անձնական տվյալ

 

Միաժամանակ, հայցվոր Ալբերտ Ամիրյանը ներկայացված հայցադիմումով հայտնել է. «(...) Երևանի քաղաքապետի կողմից կայացված որոշումներով խախտվում է Հայցվորի սեփականության իրավունքը, մասնավորապես` անհնարին է դառնում Հայցվորին սեփականության իրավունքով պատկանող ...(29) շահագործումը, սահմանափակվել և դժվարանցանելի է դարձել դեպի Հայցվորի սեփականության իրավունքով պատկանող շինության մուտքը` ստեղծելով ուղղակի ռիսկեր հրդեհային անվտանգության և այլնի մասով:» (հատոր 1-ին, գ.թ. 6):

 

__________________

29) Հանդիսանում է անձնական տվյալ

 

Նշվածի համատեքստում` Վճռաբեկ դատարանը կարևոր է համարում նկատել, որ Վերաքննիչ դատարանն Ալբերտ Ամիրյանի վերաքննիչ բողոքի բավարարման հիմքում դրել է այն պատճառաբանությունը, որ Դատարանը, վեճի լուծման համար իրավաչափորեն կարևորելով հայցվոր Ալբերտ Ամիրյանի իրավական շահի առկայությունը, միջոցներ չի ձեռնարկել վերը նշված գույքի նկատմամբ Ալբերտ Ամիրյանի իրավունքների առկայության կամ բացակայության վերաբերյալ ապացույցներ ձեռք բերելու ուղղությամբ: Մինչդեռ վերը վկայակոչված իրավանորմերին ու ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումներին համապատասխան հետազոտելով և գնահատելով գործում առկա նյութերը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Ալբերտ Ամիրյանի ...(30) նկատմամբ իրավունքների առկայությունը կամ բացակայությունը հաստատող որևէ ապացույցի ձեռքբերումն ինքնին սույն գործի քննության շրջանակում չէր կարող ունենալ վերջինիս իրավական շահագրգռվածության գնահատման հարցում որոշիչ նշանակություն, քանի որ նախ Ալբերտ Ամիրյանի կողմից ներկայացված ենթադրյալ իրավունքի խախտման վերաբերյալ փաստարկները հիմնված են բացառապես վերջինիս դատողությունների վրա և չեն կրում առարկայական բնույթ, բացի այդ թե՛ գործում առկա լուսանկարներից, թե՛ հատակագծերից ակնհայտ է, որ ...(31) հասցեում գտնվող ավտոտնակն իր տեղակայվածությամբ, դիրքով չի կարող սեփականության իրավունքը խախտելու աստիճանի խոչընդոտել հարակից որևէ շինության շահագործումը:

 

____________________

30) Հանդիսանում է անձնական տվյալ

31) Հանդիսանում է անձնական տվյալ

 

Այլ կերպ ասած` Վերաքննիչ դատարանն անտեսել է այն, որ ...(32) նկատմամբ որևէ անձի, իսկ կոնկրետ դեպքում` Ալբերտ Ամիրյանի, սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթի ձեռքբերումը չէր կարող հիմնավորել Երևանի քաղաքապետի 27.12.2017 թվականի «Ինքնակամ կառույցի օրինականացման մասին» թիվ 4822-Ա և 20.04.2018 թվականի թիվ 1493-Ա որոշումները վիճարկելու հարցում տվյալ անձի իրավական շահագրգռվածության առկայությունը: Ավելին, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ներկայացված չէ անգամ որևէ ապացույց, որը կհավաստեր, որ ավտոտնակի կառուցումը դժվարանցանելի է դարձրել դեպի ...(33) հասցեում գտնվող շինություն տանող մուտքը, որով պայմանավորված առնվազն կարող էր քննարկվել հայցվորի սեփականության իրավունքի խախտման հավանականությունը:

 

____________________

32) Հանդիսանում է անձնական տվյալ

33) Հանդիսանում է անձնական տվյալ

 

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական պաշտպանությունը չի կարող լինել ինքնանպատակ, և ընդհակառակը` յուրաքանչյուր հայցապահանջ իր բովանդակությամբ և նպատակային ուղղվածությամբ ակնհայտորեն պետք է միտված լինի հայցվորի կողմից մատնանշված և իրականում գոյություն ունեցող իրավունքի և/կամ ազատության պաշտպանությանը կամ վերականգնմանը: Այնինչ, տվյալ դեպքում Ալբերտ Ամիրյանը դիմելով դատական պաշտպանության` չի ունեցել «իրական (ռեալ)» իրավունքներ: Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի դատողությանն առ այն, որ «Դատարանը պետք է միջոցներ ձեռնարկեր ...(34) նկատմամբ Հայցվոր Ալբերտ Ամիրյանի իրավունքների առկայությունը կամ բացակայությունը պարզելու, իսկ համապատասխան իրավունքների առկայության դեպքում` միջոցներ ձեռնարկեր վարչական ակտի իրավաչափության վրա ազդեցություն ունեցող մյուս փաստարկները գնահատելու համար անհրաժեշտ և բավարար ապացույցներ ձեռք բերելու ուղղությամբ», ապա Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ այն անհիմն է, քանի որ իրավունքների խախտման, կամ այլ կերպ ասած` դատարան դիմելու իրավունքը կրող սուբյեկտ լինելու վերաբերյալ ապացույցներ ներկայացնելու պարտականությունը կրում է հենց հայցվորը, բացի այդ ինչպես արդեն իսկ նշվեց` Ալբերտ Ամիրյանի ...(35) նկատմամբ իրավունքների առկայությունը հաստատող որևէ ապացույցի ձեռքբերումը սույն գործի քննության շրջանակում չէր կարող հանդիսանալ վերջինիս իրավական շահագրգռվածությունը հիմնավորող կամ հերքող հանգամանք:

 

_____________________

34) Հանդիսանում է անձնական տվյալ

35) Հանդիսանում է անձնական տվյալ

 

2) Մարգարիտա Զաքարյանը ներկայացված հայցի հիմնական պահանջով խնդրել է ճանաչել Երևանի քաղաքապետի 27.12.2017 թվականի թիվ 4822-Ա և 20.04.2018 թվականի թիվ 1493-Ա որոշումների առ ոչինչ լինելը:

ՀՀ սահմանադրական դատարանը, անդրադառնալով վարչական ակտի առոչնչության հիմքերին, իր 04.02.2014 թվականի թիվ ՍԴՈ-1137 որոշմամբ, մասնավորապես, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ վարչական ակտի առ ոչինչ լինելու հանգամանքը պայմանավորված է ակնառու կոպիտ սխալներով, որոնք ի հայտ են գալիս առանց տվյալ վարչական ակտի իրավաչափությունը հատուկ ընթացակարգով ստուգելու և գնահատելու անհրաժեշտության և բացառում են տվյալ ակտի առ ոչինչ լինելու վերաբերյալ հնարավոր վեճերը:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներում արձանագրել է, որ վարչական ակտի առոչինչ լինելու համար էական և անհրաժեշտ պայման է անձի վրա ակնհայտ ոչ իրավաչափ պարտականություն դնելը, կամ անձին ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք տրամադրելը: Այսինքն` անձի վրա դրվող պարտականությունը կամ անձին տրամադրվող իրավունքը պարտադիր կերպով պետք է լինի ակնհայտ ոչ իրավաչափ: Հետևաբար վարչական ակտով անձի վրա նույնիսկ «ոչ իրավաչափ» պարտականություն դնելը կամ անձին «ոչ իրավաչափ» իրավունք տրամադրելը, որը կարող է պարզվել այդ վարչական ակտի վիճարկման վարույթում, դեռևս բավարար չէ վարչական ակտն առոչինչ դիտելու համար: Այսինքն` վարչական ակտի առոչինչ լինելը հաստատված համարելու համար անհրաժեշտ է, որ դրանով տրամադրված իրավունքը կամ դրված պարտականությունը առերևույթ ոչ իրավաչափ լինի, իսկ բոլոր այն դեպքերում, երբ վիճարկվում է վարչական ակտի հիմքում դրված հանգամանքների հավաստիությունը կամ կիրառված նորմերի սխալ կիրառելիությունը կամ մեկնաբանությունը, ապա նման վարչական ակտը չի կարող դիտվել առոչինչ, այլ այն կարող է ճանաչվել անվավեր (տե՛ս, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Սպանդարյանի 1 հարկային տեսչությունն ընդդեմ «Նովռոսինվեստ» ՍՊԸ-ի` թիվ ՎԴ/0562/05/09 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 12.03.2010 թվականի որոշումը, «Տավրոս-66» ֆիրմա ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Մաշտոցի հարկային տեսչության և ՀՀ ֆինանսների նախարարության թիվ ՎԴ/7157/05/08 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 12.03.2010 թվականի որոշումը, Ժիրայր Զոհրաբյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Արարատի մարզային ստորաբաժանման, Աննա Զոհրաբյանի, երրորդ անձ ՀՀ Արարատի մարզի Գոռավանի գյուղական համայնքի թիվ ՎԴ3/0233/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2017 թվականի որոշումը):

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների հաշվառմամբ` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ չնայած Վերաքննիչ դատարանն իրավաչափորեն նշել է, որ «Դատարանը պարտավոր էր նախ անդրադառնալ վարչական ակտի առոչնչության հիմքերի առկայությանը կամ բացակայությանը, քանի որ անվավեր կարող է ճանաչվել միայն առ ոչինչ չհանդիսացող վարչական ակտը», այդուհանդերձ հաշվի չի առել, որ վարչական ակտի առ ոչինչ լինելու հանգամանքը հայցվոր Մարգարիտա Զաքարյանը պայմանավորել է ոչ թե ակնառու կոպիտ սխալներով, այլ այնպիսի հանգամանքներով, որոնց ազդեցությունը վարչական ակտի իրավաչափության վրա ենթակա է ստուգման և գնահատման հատուկ ընթացակարգով, ուստի ՀՀ սահմանադրական դատարանի 04.02.2014 թիվ ՍԴՈ-1137 որոշմամբ, ՀՀ վճռաբեկ դատարանի նախկինում կայացված որոշումներում արտահայտած իրավական դիրքորոշումների հաշվառմամբ այդ վարչական ակտը չի կարող դիտվել առոչինչ: Այլ կերպ ասած` հայցվոր Մարգարիտա Զաքարյանի կողմից վարչական ակտն առ ոչինչ ճանաչելու պահանջի հիմքում դրված հիմնավորումները վերաբերում են ոչ թե վարչական ակտն առ ոչինչ ճանաչելուն, այլ` դրա ենթադրյալ անվավերությանը, հետևաբար վարչական ակտով անձի վրա նույնիսկ «ոչ իրավաչափ» պարտականություն դնելը կամ անձին «ոչ իրավաչափ» իրավունք տրամադրելը կարող է պարզվել այդ վարչական ակտի վիճարկման վարույթում, որի առնչությամբ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ ըստ հայցի Մարգարիտա Զաքարյանի ընդդեմ Երևան համայնքի, երրորդ անձինք` Նարինե Խաչատրյան, Հովհաննես Ավետիսյան, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի կոմիտե` Երևանի քաղաքապետի կողմից 27.12.2017 թվականին ընդունված թիվ 4822-Ա որոշումը, Երևանի քաղաքապետի կողմից 20.04.2018 թվականին ընդունված թիվ 1496-Ա որոշումը, 23.02.2018 թվականին ստորագրված անշարժ գույքի առուվաճառքի թիվ 1249 պայմանագիրը և 24.05.2018 թվականի թիվ 3116 համաձայնագիրը, ինչպես նաև ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի կոմիտեի կողմից ...(36) հասցեի անշարժ գույքի նկատմամբ Հովհաննես Ավետիսյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, թիվ ՎԴ/2427/05/19 վարչական գործով Մարգարիտա Զաքարյանի կողմից ներկայացած է եղել սույն դատական վերահսկողության առարկա վարչական ակտերի անվավերության պահանջ:

 

_______________________

36) Հանդիսանում է անձնական տվյալ

 

Նշված պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, բեկանելով Դատարանի վճիռը և գործն ուղարկելով նոր քննության, կայացրել է ոչ իրավաչափ դատական ակտ:

 

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել նաև հետևյալը.

ՀՀ Սահմանադրության 171-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն` Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայելու միջոցով ապահովում է օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն` Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում վերանայելու միջոցով ապահովում է օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը Վճռաբեկ դատարանն ապահովում է, եթե առկա է իրավունքի զարգացման խնդիր, կամ տարբեր գործերով դատարանների կողմից նորմատիվ իրավական ակտը տարաբնույթ է կիրառվել կամ չի կիրառվել տարաբնույթ իրավաընկալման հետևանքով:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` յուրաքանչյուր ոք իր գործի քննության ժամանակ որպես իրավական փաստարկ իրավունք ունի վկայակոչելու նույնանման փաստերով այլ գործով Հայաստանի Հանրապետության դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատական ակտում առկա օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտի մեկնաբանությունները: Դատարանն անդրադառնում է նման իրավական փաստարկներին:

Տվյալ դեպքում բողոք բերած անձի կողմից, որպես իրավական փաստարկներ, վկայակոչվել են թիվ ՎԴ/6403/05/12 և թիվ ՎԴ/4009/05/14 վարչական գործերով ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից համապատասխանաբար` 08.05.2014 թվականին և 18.03.2015 թվականին կայացված դատական ակտերը, որոնցով ՀՀ վճռաբեկ դատարանը, վերլուծության ենթարկելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածը, եզրահանգում է արել այն մասին, որ անձը կարող է դիմել դատական պաշտպանության, եթե ունի «իրական (ռեալ) իրավունքներ»` նշելով, որ «շահագրգիռ անձ» հասկացությունը գնահատման ենթակա հասկացություն է, և գործը քննող դատարանն իրավասու է գնահատելու այս հասկացությունը յուրաքանչյուր գործով` հաշվի առնելով կոնկրետ գործի հանգամանքները և պարզելով, թե արդյոք տվյալ անձն ունի իրավական շահագրգռվածություն, թե` ոչ:

Վճռաբեկ դատարանը, արժևորելով օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունն ապահովելու իր սահմանադրական առաքելությունը, անհրաժեշտ է համարում նշել, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածը ենթակա է կիրառման թիվ ՎԴ/6403/05/12 վարչական գործով և թիվ ՎԴ/4009/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից համապատասխանաբար 08.05.2014 թվականին և 18.03.2015 թվականին կայացված որոշումներով արտահայտված ու սույն որոշմամբ Վճռաբեկ դատարանի կողմից վերահաստատված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ, ինչն էական նշանակություն կունենա դատական պաշտպանության դիմած անձի իրավական շահագրգռվածությունը գնահատելու վերաբերյալ միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:

 

Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը բավարար է Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն` պետական տուրքը ենթակա է վերադարձման մասնակի կամ լրիվ, եթե պետական տուրքը վճարվել է ավելի, քան պահանջվում է գործող օրենսդրությամբ:

Նկատի ունենալով, որ Հովհաննես Ավետիսյանի կողմից վճռաբեկ բողոք ներկայացնելու համար նախապես վճարվել է 60.000 ՀՀ դրամ, մինչդեռ, վճարման էր ենթակա 40.000 ՀՀ դրամ` որպես երկու ոչ դրամական պահանջի գործով վճռաբեկ բողոքի համար օրենքով սահմանված պետական տուրքի գումար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի հիմքով ավել վճարված պետական տուրքը` 20.000 ՀՀ դրամը, ենթակա է վերադարձման Հովհաննես Ավետիսյանին:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Հովհաննես Ավետիսյանը վճռաբեկ բողոքի համար վճարել է 40.000 ՀՀ դրամ պետական տուրք, իսկ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Հովհաննես Ավետիսյանի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումարը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի հիման վրա, ենթակա է հատուցման Ալբերտ Ամիրյանի և Մարգարիտա Զաքարյանի կողմից:

Անդրադառնալով Հովհաննես Ավետիսյանի ներկայացուցչի վճարների հատուցման հարցին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրան անդրադառնալու անհրաժեշտությունը բացակայում է, հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրինական ուժ է տրվում Դատարանի վճռին, որով լուծվել է նաև ներկայացուցչի վճարի գծով դատական ծախսի հատուցման հարցն ու հայցվորներից հօգուտ երրորդ անձ Հովհաննես Ավետիսյանի համապարտության կարգով բռնագանձվել է 80.000 ՀՀ դրամ:

Ինչ վերաբերում է Հովհաննես Ավետիսյանի` «Հանձնարարող» և «Արմեն Գրիգորյան» ԱՁ-ի` «Հանձնակատար», միջև 05.02.2020 թվականին կնքված «Հանձնարարության» թիվ Հ/Ա-20 պայմանագրին (հատոր 1-ին, գ.թ. 7), ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նշված պայմանագրով հանձնակատարը ստանձնել է պաշտպանել Հովհաննես Ավետիսյանի շահերը միայն ՀՀ վարչական դատարանում, ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Հանձնարարության» թիվ Հ/Ա-20 պայմանագրում բացակայում է նշում այն մասին, որ Արմեն Գրիգորյանը պարտավորվում է կատարել դատավարական ու իրավաբանական բնույթի գործողություններ նաև ՀՀ վճռաբեկ դատարանում:

 

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 163-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 12.02.2025 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ վարչական դատարանի 16.02.2024 թվականի վճռին` սույն որոշման պատճառաբանություններով:

2. Ալբերտ Ամիրյանից և Մարգարիտա Զաքարյանից համապարտության կարգով հօգուտ Հովհաննես Ավետիսյանի բռնագանձել 40.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:

Մնացած մասով դատական ծախսերի հարցը համարել լուծված:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող Հ. Բեդևյան

Զեկուցող Ա. Թովմասյան

Լ. Հակոբյան

Ռ. Հակոբյան

Ք. Մկոյան

 

https://datalex.am:443/?app=AppCaseSearch&case_id=38562071809939602

 

 

pin
Վճռաբեկ դատարան
13.10.2025
N ՎԴ/9108/05/19
Որոշում