Սեղմել Esc փակելու համար:
ԱՎԻԱՏՈՄՍԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՎԻԱՏՈՄՍԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 նոյեմբերի 2025 թվականի N 1704-Ն

 

ԱՎԻԱՏՈՄՍԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի N 526-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 982-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 6-րդ կետերը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ, 34-րդ և 37-րդ հոդվածները, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի «ը» կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 15-ի N 706-Ն որոշման 1-ին կետով հաստատված բյուջեների կատարման կարգի 58-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել ավիատոմսերի ձեռքբերման պայմանները` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի «Գնումների գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 526-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունը`

1) 23-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված ցանկում ուժը կորցրած ճանաչել 19-րդ կետը:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի սեպտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու, ավիափոխադրման ծառայությունների գնման գործընթացի կազմակերպման առանձնահատկություններն ու ավիաընկերությունների գնառաջարկների միջև ընտրության չափորոշիչներ կիրառելու կարգը հաստատելու և որոնողական էլեկտրոնային հարթակի օպերատոր ճանաչելու մասին» N 982-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի փետրվարի 2-ից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2025 թ. նոյեմբերի 28

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2025 թվականի նոյեմբերի 27-ի

N 1704-Ն որոշման

 

ՊԱՅՄԱՆՆԵՐ ԱՎԻԱՏՈՄՍԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ

 

1. Սույն պայմաններով կարգավորվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա», «գ», «դ», «ե», «զ» և «է» պարբերություններով նախատեսված պատվիրատուների (այսուհետ` պատվիրատուներ) կողմից ավիատոմսերի ձեռքբերման հետ կապված հարաբերությունները:

2. Պատվիրատուներն ավիատոմսերի ձեռքբերումն իրականացնում են հետևյալ եղանակներով`

1) անհատական ավիատոմսերի ձեռքբերում իրականացվում է ավիափոխադրողների պաշտոնական կայքերից կամ միջազգային որոնողական և ամրագրման էլեկտրոնային հարթակներից.

2) խմբակային ավիատոմսերի ձեռքբերում իրականացվում է` անմիջականորեն ավիափոխադրողին դիմելով` համաձայն տվյալ ավիափոխադրողի ներքին ընթացակարգերի, կամ Հայաստանի Հանրապետությունում գործող ավիափոխադրողի պաշտոնական ներկայացուցչի միջոցով` գնումները կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

3. Սույն պայմանների իմաստով խմբակային ավիատոմսի ձեռքբերում է համարվում 10 (տասը) և ավելի ուղևորի համար նույն ուղղությամբ և նույն ժամկետով ավիատոմսերի գնումը, իսկ անհատական ավիատոմսի ձեռքբերում է համարվում մինչև 9 (ինն) ուղևորների համար նույն ուղղությամբ և նույն ժամկետով ավիատոմսերի գնումը:

4. Պատվիրատուները միջազգային որոնողական և ամրագրման էլեկտրոնային հարթակներից ավիատոմսեր ձեռք բերելու դեպքում կարող են օգտվել բացառապես հետևյալ հարթակներից`

1) «Թրիպ. կոմ» (Trip.com, trip.com).

2) «Էքսպեդիա» (Expedia, expedia.com).

3) «Սքայսկաններ» (Skyscanner, skyscanner.net).

4) «Բուքինգ.կոմ Ֆլայթս» (Booking.com Flights, booking.com).

5) «Փրայսլայն» (Priceline, priceline.com).

6) «Քիվի.կոմ» (Kiwi.com, kiwi.com).

7) «Գուգլ Ֆլայթս» (Google Flights, google.com/flights).

8) «Քայակ» (Kayak, kayak.com):

5. Ավիափոխադրողների պաշտոնական կայքերից և միջազգային որոնողական և ամրագրման էլեկտրոնային հարթակներից կատարվող ավիատոմսերի ձեռքբերման դեպքում կատարվող ծախսերի համար նախատեսված գումարները շրջանառվում են պատվիրատուի բանկային վճարային քարտերի միջոցով:

6. Ավիատոմսերից օգտվելու պայմանները, ինչպես նաև օգտվելու իրավունք ունեցող անձանց ցանկը` ըստ ավիատոմսերի դասերի, հաստատվում է պատվիրատուի ղեկավարի (պետական կառավարման մարմնի դեպքում` մարմնի ղեկավարի) կողմից` անհատական իրավական ակտով:

7. Ավիատոմսի ընտրության դեպքում պատվիրատուներն առաջնորդվում են տնտեսապես առավել շահավետ տարբերակի սկզբունքով` համեմատելով նույն ուղղությամբ և օրվա առկա բոլոր գնառաջարկները` հաշվի առնելով ավիատոմսի ընդհանուր արժեքը: Սույն պայմաններում «ավիատոմսի ընդհանուր արժեք» է համարվում սակագինը` ներառյալ բոլոր կիրառելի հարկերը, տուրքերը, այլ պարտադիր վճարները (ներառյալ` միջնորդավճարները, սպասարկման վճարները), ավիատոմսի դասի, ուղեբեռի, պարտադիր նստատեղի ընտրության կամ այլ ծառայությունների վճարները, տարանցիկ կանգառների քանակն ու տևողությունը:

8. Համեմատությունը կատարվում է ավիափոխադրողների պաշտոնական կայքերում և սույն պայմաններով թույլատրելի ոչ պակաս, քան 2 (երկու) միջազգային որոնողական և ամրագրման էլեկտրոնային հարթակներում առկա գնառաջարկների հիման վրա:

9. Տնտեսապես առավել շահավետ տարբերակի ընտրությունը կատարվում է հետևյալ չափանիշներով`

1) ավիատոմսերը ձեռք են բերվում հիմնականում «Էկոնոմ» դասով: Բարձր դասի («Բիզնես» կամ ավելի բարձր) ավիատոմսերի ձեռքբերում թույլատրվում է բացառապես այն դեպքերում, երբ դա պայմանավորված է ծառայողական անհրաժեշտությամբ կամ գործուղման ժամկետի և ժամանակացույցի պահանջներով կամ անվտանգության նկատառումներով.

2) ավիատոմսի ընտրության դեպքում ուղիղ և տարանցիկ չվերթերի միջև առաջնահերթությունը որոշվում է հետևյալ սկզբունքներով`

ա. եթե տարանցիկ չվերթի ընդհանուր արժեքը նույն ուղղությամբ և օրվա ուղիղ չվերթի արժեքից ցածր է առնվազն 50 (հիսուն) տոկոսով կամ եթե տարանցիկ կանգառի տևողությունը չի գերազանցում 4 (չորս) ժամը կամ այն պակաս է 1 (մեկ) ժամ 30 (երեսուն) րոպեից, ապա առաջնահերթությունը տրվում է տարանցիկ տարբերակին,

բ. եթե տարանցիկ չվերթի արժեքը նույն ուղղությամբ և օրվա ուղիղ չվերթի արժեքից բարձր է, ապա առաջնահերթությունը տրվում է ուղիղ չվերթին,

գ. եթե տվյալ ուղղությամբ նույն օրվա ընթացքում ուղիղ չվերթ հասանելի չէ, ապա համեմատությունը կատարվում է միայն տարանցիկ տարբերակների միջև: Տարանցիկ տարբերակների համեմատության դեպքում առաջնահերթությունը տրվում է այն չվերթին, որն ունի ամենակարճ ընդհանուր ճանապարհի տևողությունը և առավել քիչ տարանցիկ կանգառները: Ընդ որում, առավելագույնը թույլատրվում է մինչև երկու տարանցիկ կանգառ: Երկու տարանցիկ կանգառից ավելի չվերթերի ընտրությունը թույլատրվում է միայն այն դեպքում, երբ տվյալ ուղղությամբ նույն օրվա ընթացքում այլ տարբերակ հասանելի չէ,

դ. եթե առավել էժան ավիատոմսերի տարբերակները պահանջում են տարանցիկ վիզա, ապա առաջնահերթությունը տրվում է հաջորդ նվազագույն արժեք ունեցող` վիզա չպահանջող տարբերակին.

3) եթե ընտրված ավիատոմսը չի ներառում գրանցված ուղեբեռ, ապա թույլատրվում է ձեռք բերել ավիատոմս, որը ներառում է մեկ կտոր գրանցված ուղեբեռ, իսկ ցածր սակագնային ավիափոխադրողների կողմից իրականացվող չվերթերի դեպքում` նաև ձեռքի ուղեբեռ.

4) վճարովի նստատեղի ընտրությունը թույլատրվում է միայն այն դեպքերում, երբ այն պարտադիր է ավիափոխադրողի կողմից ամրագրման ավարտման համար կամ հիմնավորված է ծառայողական անհրաժեշտությամբ` մասնավորապես միասին գործուղվող անձանց միասին նստեցման կամ երկարատև չվերթերի դեպքում գործնական պայմանների ապահովման նպատակով: Գործուղվող անձանց անձնական նախապատվության հիմքով նստատեղերի ընտրությունը չի թույլատրվում` բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ տարբերակը փաստացի չի հանգեցնում ավիատոմսի ընդհանուր արժեքի բարձրացման` համեմատած առանց նստատեղի տարբերակի հետ:

10. Պատվիրատուն պարտավոր է պահպանել այն հիմնավորող փաստաթղթերը և տվյալները, որոնք ապացուցում են, որ ավիատոմսի ընտրությունը կատարվել է սույն պայմանների պահանջներին համապատասխան:

11. Պատվիրատուն յուրաքանչյուր ամիս` մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 5-րդ աշխատանքային օրը, procurement.am հասցեով գործող տեղեկագրում հրապարակում է տեղեկատվություն` ձեռք բերված ավիատոմսերի դասերի, ուղղությունների, քանակի, ձեռքբերման գների և ավիատոմսը տրամադրած միավորի վերաբերյալ, բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ տեղեկատվությունը պարունակում է պետական գաղտնիք կամ սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություններ, կամ երբ դրա հրապարակումը կարող է վնաս հասցնել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը կամ շահերին:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 28 նոյեմբերի 2025 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.11.2025
N 1704-Ն
Որոշում