ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
25 դեկտեմբերի 2025 թվականի N 1940-Ն
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՃՈՒՐԴՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Մշակութային աճուրդների կազմակերպման մասին» օրենքի 4-րդ գլխի 10-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել մշակութային աճուրդների կազմակերպման գործունեության լիցենզավորման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ լիցենզավորման գործընթացն ապահովելու նպատակով` Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով ստեղծվում է լիցենզավորման հանձնաժողով, հաստատվում դրա աշխատակարգն ու անհատական կազմը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հուլիսի 1-ից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2025 թ. դեկտեմբերի 25
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2025 թվականի դեկտեմբերի 25-ի
N 1940-Ն որոշման
ԿԱՐԳ
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՃՈՒՐԴՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ
| ԳԼՈՒԽ 1. |
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ |
1. Սույն կարգը սահմանում է մշակութային աճուրդների կազմակերպման գործունեության լիցենզավորման գործընթացը և կարգավորում դրա հետ կապված հարաբերությունները:
2. Մշակութային աճուրդների կազմակերպման լիցենզիա տրվում է մշակութային աճուրդի կազմակերպչին, մշակութային աճուրդի տանը:
3. Սույն կարգում հասկացություններն օգտագործվում են «Մշակութային աճուրդների կազմակերպման մասին» օրենքով սահմանված իմաստով:
| ԳԼՈՒԽ 2. |
ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ |
4. Մշակութային աճուրդների կազմակերպման բնագավառում լիցենզիայի համար մշակութային աճուրդի տան դեպքում անհրաժեշտ պահանջները և պայմաններն են`
1) մշակութային աճուրդի կազմակերպման տարածքի (համապատասխանում է քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերին) սեփականության, վարձակալության (ենթավարձակալության) կամ անհատույց օգտագործման իրավունքի վկայականի պատճենը կամ վարձակալության պայմանագրի պատճենը.
2) մշակութային արժեք կամ մշակութային նշանակության առարկա հանդիսացող` ի պահ հանձնված առարկաների պահպանության համար առանձնացված սենյակում չհրկիզվող պահարան (պահարաններ) ունենալու մասին հայտարարագիր.
3) տարածքը ապահովված լինի մշակութային արժեքների կամ մշակութային նշանակության առարկաների պահպանության համար անհրաժեշտ ջերմախոնավային ռեժիմով (օդի ջերմաստիճանը` 18+/-1 աստիճան C, օդի հարաբերական խոնավությունը` 55 +/-5).
4) Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնի «911» ծառայության հետ կնքված պայմանագրի պատճենն առ այն, որ աճուրդի տարածքի ազդարարման ինքնաշխատ համակարգը միացված է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնի «911» ծառայությանը (նշված ծառայությունը տվյալ տարածքում հասանելի լինելու դեպքում): Նշված ծառայությունը տվյալ տարածքում հասանելի չլինելու դեպքում տարածքում պետք է առկա լինի հրդեհի ազդարարման ինքնաշխատ շուրջօրյա գործուն համակարգ.
5) տեղեկատվություն` մշակույթի բնագավառի լիազոր պետական մարմնի կողմից հավատարմագրված փորձագետների վերաբերյալ.
6) աճուրդների սպասարկման սրահ.
7) անվտանգության ազդարարման գործող համակարգ.
8) լոտերի արժեքները արտացոլող էլեկտրոնային վահանակ.
9) մշակութային աճուրդի անցկացման տարածքում կամ առցանց հարթակում փաստաթղթերի ձևակերպման և վճարումների իրականացման համար պայմաններ.
10) տեղեկանք` վերջին հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով ժամկետանց պարտավորությունների բացակայության վերաբերյալ.
11) պաշտոնական կայքի (աճուրդի էլեկտրոնային եռալեզու հարթակի (հայերեն, ռուսերեն, անգլերեն կամ հայերեն, անգլերեն, ֆրանսերեն կամ հայերեն, անգլերեն, արաբերեն) առկայություն` բացառելով տեղեկատվական համակարգի կամ կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքի թույլ կողմ կամ թերություն, որը հնարավորություն է ստեղծում կիբեռսպառնալիքի համար.
12) մշակութային աճուրդի կազմակերպիչը կամ մշակութային աճուրդի տունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունում գործող որևէ բանկի կողմից տրամադրված երաշխիք, որով բանկը գրավոր պարտավորություն է ստանձնում հայտատուի կողմից լիցենզիայի պայմանները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում «Պետական տուրքի մասին» օրենքի համաձայն սահմանված գումարը լիազոր պետական մարմնի գրության հիման վրա փոխանցելու Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համապատասխան հաշվին (վճարումը համարվում է կատարված վճարողին սպասարկող բանկի վճարման հանձնարարականի հիման վրա համապատասխան հաշվին գումարի մուտքագրման օրը).
13) էլեկտրոնային աճուրդի տարբերակի դեպքում տեղեկատվական ռեսուրսները ոչ ՀՀ տարածքում տեղակայելու պարագայում (այդ թվում` ամպային ծառայություններից օգտվելու դեպքում) ծառայությունների մատակարարման պայմանագիր.
14) էլեկտրոնային տարբերակի դեպքում` թարգմանություն/տեղայնացում, ծրագրային ապահովման հարմարեցում ընդհանուր օգտագործման կոնկրետ շուկայի կամ հաճախորդի համար:
5. Մշակութային աճուրդների կազմակերպման բնագավառում լիցենզիայի համար մշակութային աճուրդի կազմակերպչի դեպքում անհրաժեշտ է առցանց կամ առկա ձևաչափով ենթակառուցվածք` նախատեսված մշակութային արժեքների և մշակութային նշանակության առարկաների աճուրդային վաճառքի կամ այլ ընթացակարգերով օտարման կազմակերպման և իրականացման համար կամ համանման ենթակառուցվածք ունեցող լիցենզավորված կազմակերպության հետ կնքված պայմանագիր:
6. Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով զբաղվելու իրավունք ունեցող կազմակերպությունները կարող են զբաղվել այդ գործունեությամբ լիցենզիան ուժի մեջ մտնելու պահից մինչև դրա գործողության ժամկետի ավարտը` «Լիցենզավորման մասին» օրենքով սահմանված կարգով:
7. Լիցենզիան չի կարող այլ անձանց օգտագործման տրվել, օտարվել կամ գրավադրվել:
8. Օտարերկրյա իրավաբանական անձինք Հայաստանի Հանրապետությունում կարող են մշակութային աճուրդների կազմակերպման գործունեությամբ զբաղվել «Լիցենզավորման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 6.1-ին, 6.2-րդ մասերի պահանջների համաձայն:
| ԳԼՈՒԽ 3. |
ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ |
9. Մշակութային աճուրդների կազմակերպման բնագավառում մշակութային աճուրդի կազմակերպչի կամ մշակութային աճուրդի տան կողմից լիցենզիա ստանալու համար լիազոր պետական մարմին է ներկայացվում հայտ, որտեղ նշվում են`
1) հայտատուի անվանումն ու կազմակերպական-իրավական ձևը և գործունեության տեսակը (մշակութային աճուրդի կազմակերպիչ կամ մշակութային աճուրդի տուն), որը հայտատուն մտադիր է իրականացնել:
10. Հայտին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը`
1) իրավաբանական անձի կանոնադրության պատճենը.
2) պետական գրանցման վկայականի պատճենը.
3) սույն կարգի 4-րդ և 5-րդ կետերով սահմանված պահանջների և պայմանների մասին տեղեկատվություն.
4) տեղեկանք` Հայաստանի Հանրապետությունում գործող բանկում տարեկան պետական տուրքի գումարի չափով դեպոզիտի առկայություն մասին:
11. Հայտատուի կողմից ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը պարզելու և լիցենզավորման մասին եզրակացություն տալու նպատակով իրականացվում է ուսումնասիրություն:
12. Լիցենզիա ստանալու հայտը բավարարելու որոշում ընդունելու դեպքում լիցենզիան համարվում է տրված «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված պետական տուրքի առաջին տարեկան վճարումը կատարելուց և պետական տուրքի առաջին վճարումը հավաստող փաստաթուղթը լիազոր պետական մարմին ներկայացնելու օրվանից 5-օրյա ժամկետում:
13. Հայտատուն օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում ներկայացրած տեղեկատվության հավաստիության համար: Հայտը և դրանում ընդգրկված փաստաթղթերը պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կարգով սահմանված պահանջներին:
14. Հայտը լիազոր պետական մարմին մուտքագրվելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր պետական մարմինը ստուգում է հայտի ամբողջականությունը, դրանում ընդգրկված փաստաթղթերի ձևակերպման ճշտությունը և համապատասխանությունը սույն կարգի պահանջներին:
15. Հայտում ոչ էական թերությունների (վրիպակների և նման այլ բացթողումների) առկայության, ինչպես նաև փաստաթղթերի թերի լինելու դեպքում լիազոր պետական մարմինը դրանք հայտնաբերելու պահից 2 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր առաջարկում է հայտատուին 5 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել այդ թերությունները:
16. Հայտը չի ընդունվում ուսումնասիրության, եթե հայտատուի ներկայացրած փաստաթղթերը թերի են, և հայտատուն սույն կարգի 15-րդ կետով սահմանված ժամկետում չի վերացրել թերությունները: Հայտի ուսումնասիրության բացասական արդյունքի մասին լիազոր պետական մարմինն իրազեկում է հայտատուին` հայտն ստանալու օրվանից ոչ ուշ, քան 10 աշխատանքային օրվա ընթացքում:
| ԳԼՈՒԽ 4. |
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ |
17. Լիցենզավորող մարմինը լիցենզիան տրամադրում է սույն կարգով նախատեսված բոլոր փաստաթղթերը ներկայացվելուց հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում:
18. Լիցենզիան տրվում է անժամկետ` համաձայն NN 1, 2 ձևերի:
19. Լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է «Լիցենզավորման մասին» օրենքով, ինչպես նաև հետևյալ դեպքերում. եթե`
1) ներկայացված փաստաթղթերը ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված են.
2) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրության ու սույն կարգի պահանջներին.
3) առկա է պետական ստանդարտների և անվտանգության կանոնների խախտում կամ անհամապատասխանություն.
4) չեն վերացվել մերժման հիմքերը և չեն ներկայացվել համապատասխան հիմնավորող փաստաթղթեր. մերժման մասին որոշման մեջ նշվում են մերժման պատճառը և դրա իրավական հիմքերը:
20. Մշակութային աճուրդների կազմակերպման գործունեության լիցենզիայի գործողությունը կասեցվում կամ դադարեցվում է օրենքով սահմանված հիմքերով:
21. Լիցենզավորված կազմակերպության դիմումի հիման վրա մշակութային աճուրդների կազմակերպման գործունեության լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու համար լիցենզավորված կազմակերպությունը լիազոր պետական մարմին է ներկայացնում դիմում` լիցենզիայի դադարեցման կամ կասեցման մասին: Լիցենզիայի գործողությունը դադարելու դեպքում լիցենզիայի բնօրինակը վերադարձվում է լիազոր պետական մարմին:
22. Լիցենզավորված իրավաբանական անձինք լիազոր պետական մարմին են ներկայացնում տարեկան բովանդակային հաշվետվություն:
Ձև N 1
Հաստատված է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության,
մշակույթի և սպորտի նախարարի
202 թիվ _____Ա հրամանով
_____________________________
(լիցենզիայի սերիան և համարը)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԼԻՑԵՆԶԻԱ
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՃՈՒՐԴՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
Տրված է ______________________________________
(լիցենզիա տալու ամսաթիվը, տարեթիվը)
___________________________________________________ գրանցված
(իրավաբանական անձի գտնվելու վայրը)
___________________________________________________________________
(իրավաբանական անձի անվանումը/գործունեության իրականացման վայրը)
մշակութային աճուրդների կազմակերպիչ
Լիցենզիան տրվում է անժամկետ:
Հայաստանի Հանրապետության
կրթության, գիտության,
մշակույթի և սպորտի նախարար __________________ __________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
Ձև N 2
Հաստատված է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության,
մշակույթի և սպորտի նախարարի
202 թիվ _____Ա հրամանով
_____________________________
(լիցենզիայի սերիան և համարը)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԼԻՑԵՆԶԻԱ
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՃՈՒՐԴՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
Տրված է ______________________________________
(լիցենզիա տալու ամսաթիվը, տարեթիվը)
___________________________________________________ գրանցված
(իրավաբանական անձի գտնվելու վայրը)
__________________________________________________________________________
(իրավաբանական անձի անվանումը/ գործունեության իրականացման վայրը)
մշակութային աճուրդների կազմակերպիչ
Լիցենզիան տրվում է անժամկետ:
Հայաստանի Հանրապետության
կրթության, գիտության,
մշակույթի և սպորտի նախարար __________________ __________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
Պաշտոնական հրապարակման օրը` 25 դեկտեմբերի 2025 թվական: