ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
25 դեկտեմբերի 2025 թվականի N 1971-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 3 ԵՎ 8703 80 000 5 ԾԱԾԿԱԳՐԵՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԷԼԵԿՏՐԱՇԱՐԺԻՉՈՎ ՇԱՐԺԻՉԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 338-րդ հոդվածի 6-րդ մասով և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2025 թվականի դեկտեմբերի 5-ի N 111 որոշման դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 3 և 8703 80 000 5 ծածկագրերին դասվող 2023 թվականի դեկտեմբերի 31-ից հետո թողարկված` էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների (այսուհետ` ապրանքներ) «Բացթողում ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպումը կամ, որպես, անձնական օգտագործման տրանսպորտային միջոց, ազատ շրջանառության համար բացթողումը 2026 թվականի ընթացքում թույլատրվում է 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով` 15000 հատից ոչ ավելի քանակով, որից`
1) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 3 և 8703 80 000 5 ծածկագրերին դասվող 12 000 հատից ոչ ավելի քանակով ապրանքների` Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծումը թույլատրվում է սույն կետի 2-րդ ենթակետում չնշված սուբյեկտներին (այդ թվում` ֆիզիկական անձանց).
2) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 3 և 8703 80 000 5 ծածկագրերին դասվող 3 000 հատից ոչ ավելի քանակով ապրանքների` Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծումը թույլատրվում է բացառապես անմիջապես ավտոարտադրողի հետ կնքված դիլերական-դիստրիբյուտորական պայմանագրի (համաձայնագրի) շրջանակներում ներմուծում իրականացնող սուբյեկտներին (այսուհետ` շահառու):
2. Սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված սակագնային արտոնությունից օգտված սուբյեկտները չեն կարող օգտվել նույն կետի 2-րդ ենթակետով սահմանված սակագնային արտոնությունից, իսկ 1-ին կետի 2-րդ ենթակետի սակագնային արտոնությունից օգտվածները` նույն կետի 1-ին ենթակետով սահմանված սակագնային արտոնությունից:
3. Սահմանել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին լիազոր մարմին` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2025 թվականի դեկտեմբերի 5-ի N 111 որոշման կիրարկման իմաստով:
4. Հաստատել ապրանքների ներմուծման ընթացակարգը` համաձայն հավելվածի:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2025 թվականի դեկտեմբերի 5-ի N 111 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից, բայց ոչ շուտ, քան 2026 թվականի հունվարի 1-ը: Սույն որոշումը կիրառվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2025 թվականի դեկտեմբերի 5-ի N 111 որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ներմուծվող, ինչպես նաև մինչև այդ ներմուծված (այդ թվում` 2025 թվականի ընթացքում) և «Բացթողում ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով կամ, որպես անձնական օգտագործման տրանսպորտային միջոց, ազատ շրջանառության համար չձևակերպված ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 3 և 8703 80 000 5 ծածկագրերին դասվող 2023 թվականի դեկտեմբերի 31-ից հետո թողարկված` էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների նկատմամբ:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2025 թ. դեկտեմբերի 26
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2025 թվականի դեկտեմբերի 25-ի
N 1971-Ն որոշման
ԸՆԹԱՑԱԿԱՐԳ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԷԼԵԿՏՐԱՇԱՐԺԻՉՈՎ ՇԱՐԺԻՉԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ
1. Սույն ընթացակարգով կարգավորվում են 2026 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետություն սակագնային արտոնության կիրառմամբ էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների (այսուհետ` ապրանքներ) մաքսային ձևակերպման ժամանակ ծագող հարաբերությունները:
2. Սույն որոշմամբ նախատեսված մաքսատուրքի սակագնային արտոնության կիրառման նպատակով հայտարարատուն ապրանքի ներմուծումից հետո Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով սահմանված ժամկետում համապատասխան մաքսային մարմին է ներկայացնում մաքսային հայտարարագիրը:
3. Կառավարության 2024 թվականի նոյեմբերի 28-ի N 1876-Ն որոշման իմաստով անմիջապես ավտոարտադրողի հետ կնքված դիլերական-դիստրիբյուտորական պայմանագրի (համաձայնագրի) շրջանակներում ներմուծում իրականացնող շահառուների կողմից ներկայացված փաստաթղթերը հիմք չեն հանդիսանում սույն որոշման իմաստով շահառու ճանաչվելու համար: Սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով նշված շահառուները մաքսատուրքի սակագնային արտոնությունից օգտվելու նպատակով` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն (այսուհետ` նախարարություն) են ներկայացնում դիմում` համաձայն սույն կարգի ձևի` կցելով հետևյալ փաստաթղթերը`
1) անմիջապես ավտոարտադրողի հետ կնքված դիլերական-դիստրիբյուտորական պայմանագրի (համաձայնագրի) պատճենը.
2) ավտոարտադրողի կողմից տրամադրված գործարանային երաշխիքային սպասարկում և հետերաշխիքային տեխնիկական սպասարկում իրականացնելու պարտավորությունը հաստատող փաստաթղթի պատճենը.
3) ավտոարտադրողի կողմից տրամադրված գործարանային ծրագրային ապահովում իրականացնելու պարտավորությունը հաստատող փաստաթղթի պատճենը.
4) փակ տեխնիկական սպասարկման կայանի առկայությունը հիմնավորող փաստաթղթերի պատճեններ (համապատասխան սեփականության իրավունքի վկայական կամ վարձակալության պայմանագիր, լուսանկարներ):
4. Շահառուն դիմումը և դրան կից փաստաթղթերը ներկայացնում է նախարարություն` էլեկտրոնային եղանակով (էլեկտրոնային հասցեն` [email protected]), փոստային կամ առձեռն: Էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում դիմումն անհրաժեշտ է ներկայացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` էլեկտրոնային թվային ստորագրությամբ:
5. Շահառուի կողմից ներկայացված դիմումում կամ կից փաստաթղթերում թերությունների (վրիպակների, ոչ իրավաբանական անճշտությունների, թվաբանական սխալների և նման այլ բացթողումների) առկայության, ինչպես նաև փաստաթղթերը թերի լինելու դեպքում նախարարությունը դիմումի մուտքագրման օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով, իսկ ըստ անհրաժեշտության նաև կապի այլ միջոցներով առաջարկում է դիմումատուին 1 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել թերությունները: 1 աշխատանքային օրվա ընթացքում պահանջվող փաստաթղթերի չներկայացման և թերությունների չվերացման դեպքում դիմումը մերժվում է: Երկրորդ անգամ դիմումով ներկայացված փաստաթղթերը կրկին թերի կամ ոչ արժանահավատ լինելու դեպքում, շահառուի կողմից հետագայում ներկայացված դիմումները մերժվում են:
6. Սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով նշված շահառուների վերաբերյալ` սույն ընթացակարգի 3-րդ կետով պահանջվող փաստաթղթերը նախարարությունը ուսումնասիրում է 5 աշխատանքային օրվա ընթացքում և թերությունների բացակայության դեպքում` գրությամբ ներկայացնում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե:
7. Սույն ընթացակարգով նախատեսված սակագնային արտոնության կիրառմամբ լրացված մաքսային հայտարարագրի կամ մաքսային մուտքի օրդերի մաքսային մարմինների հայտարարագրման ավտոմատ համակարգի կողմից գրանցումը դիտվում է որպես լիազոր մարմնի կողմից տրամադրված թույլտվություն` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2025 թվականի դեկտեմբերի 5-ի N 111 որոշման կիրարկման իմաստով:
8. Սույն որոշմամբ նախատեսված սակագնային արտոնության կիրառման նպատակներով նախնական մաքսային հայտարարագրման դեպքում ապրանքի հայտարարագրի գրանցում է համարվում Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 114-րդ հոդվածի 3-րդ կետի 2-րդ պարբերությամբ նախատեսված տեղեկությունների ներկայացման արդյունքում մաքսային մարմինների կողմից նախնական մաքսային հայտարարագրում ճշգրտումների (փոփոխությունների, լրացումների) գրանցումը:
9. Սույն ընթացակարգով նախատեսված սակագնային արտոնության կիրառմամբ լրացված մաքսային հայտարարագրի կամ մաքսային մուտքի օրդերի գրանցումը կամ բացթողումը սակագնային արտոնության կիրառմամբ մերժվում է, եթե սույն որոշմամբ սահմանված սակագնային արտոնության կիրառմամբ ներմուծվող (ներմուծված) ապրանքների նախատեսված քանակը սպառվել է նշված փաստաթղթերի գրանցման կամ բացթողման պահի դրությամբ:
10. Ապրանքների նկատմամբ սակագնային արտոնության կիրառմամբ բացթողումը թույլատրվում է մաքսային մարմինների կողմից ժամանակագրական սկզբունքով, հերթականությամբ` հիմք ընդունելով մաքսային հայտարարագրերի գրանցման պահը, իսկ դրանց քանակական հաշվառումն իրականացվում է էլեկտրոնային եղանակով` հայտարարագրման համակարգի կիրառմամբ: Միաժամանակ գրանցված մաքսային հայտարարագրերի առկայության պարագայում սակագնային արտոնության կիրառման հնարավորությունը տրամադրվում է առավել վաղ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը հատած ապրանքներին:
11. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն նախարարություն է ներկայացնում տեղեկատվություն` 2026 թվականի ընթացքում, ամսական պարբերականությամբ` յուրաքանչյուր ամսվա համար մինչև հաջորդող ամսվա 15-ը, սույն որոշման 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերի համաձայն` սակագնային արտոնությամբ բացթողնված ապրանքների վերաբերյալ:
12. Սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով նշված շահառուները էլեկտրոնային եղանակով (էլեկտրոնային հասցեն` [email protected]) նախարարություն են ներկայացնում տեղեկատվություն` 2026 թվականի ընթացքում, ամսական պարբերականությամբ` յուրաքանչյուր ամսվա համար մինչև հաջորդող ամսվա 15-ը, փաստացի ձևակերպված, փաստացի ներմուծված և դեռևս չձևակերպված, ճանապարհին գտնվող և պատվիրված ապրանքների քանակների և ներկրման կանխատեսվող ժամկետների վերաբերյալ` կցելով ճանապարհին գտնվող և պատվիրված ապրանքների վերաբերյալ հավաստող փաստաթղթերը:
13. Նախարարությունը Վարչապետի աշխատակազմ է ներկայացնում տեղեկատվություն` 2026 թվականի ընթացքում ամսական պարբերականությամբ` յուրաքանչյուր ամսվա համար մինչև հաջորդող ամսվա 20-ը, սույն որոշման 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված սակագնային արտոնությամբ բացթողնված ապրանքների քանակի վերաբերյալ:
14. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն իրականացնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2025 թվականի դեկտեմբերի 5-ի N 111 որոշմամբ տրամադրված սակագնային արտոնության վերականգնում` սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում նշված սուբյեկտների նկատմամբ` սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով կամ սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում նշված շահառուների նկատմամբ` սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով նշված սուբյեկտների կողմից 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ չձևակերպված քանակի չափով: Արտոնության վերականգնումը չձևակերպված քանակի չափով իրականացվում է ըստ ժամանակագրական սկզբունքի հաջորդականության (սկսած առավել վաղ ձևակերպվածից)` մաքսային հայտարարագրի և (կամ) մաքսային մուտքի օրդերի գրանցման օրվա, ժամի, րոպեի հերթականությամբ, սույն որոշման 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված այն սուբյեկտների նկատմամբ, ովքեր սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված 12 000 հատ կամ սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված 3 000 հատ չափաքանակները սպառվելուց հետո իրականացրել են ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 3 և 8703 80 000 5 ծածկագրերին դասվող էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպում և կատարել են համապատասխան վճարումները:
15. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն` մինչև 2027 թվականի հունվարի 10-ը իր պաշտոնական կայքում հրապարակում է սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում նշված կամ սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում նշված այն տրանսպորտային միջոցների նույնացման համարը (VIN), մաքսային հայտարարագրի և (կամ) մաքսային մուտքի օրդերի համարը, գրանցման օրը, ժամը, րոպեն, որոնց հայտարարատուները սույն որոշման 14-րդ կետին համապատասխան իրավունք են ստանում մաքսային հայտարարագրի և (կամ) մաքսային մուտքի օրդերի փոփոխման միջոցով օգտվել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 3 և 8703 80 000 5 ծածկագրերին դասվող էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների ներմուծման համար Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2025 թվականի դեկտեմբերի 5-ի N 111 որոշմամբ տրամադրված սակագնային արտոնությունից:
16. Սույն որոշման 15-րդ կետին համապատասխան հրապարակված ցանկում ներառված տրանսպորտային միջոցների հայտարարատուները, բացառությամբ սույն որոշման 18-րդ կետով սահմանված դեպքի, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2025 թվականի դեկտեմբերի 5-ի N 111 որոշմամբ տրամադրված սակագնային արտոնությունը վերականգնելու համար` պետք է մաքսային հայտարարագրի կամ մաքսային մուտքի օրդերի փոփոխման համար` մինչև 2027 թվականի հունվարի 31-ը ներառյալ դիմեն այն մաքսային մարմին, որտեղ իրականացվել է մաքսային ձևակերպումը:
17. 2027 թվականի փետրվարի 1-ի դրությամբ, 16-րդ կետի համաձայն մաքսային մարմին չդիմելու դեպքում, սույն որոշման 14-րդ կետում նշված չափաքանակները սպառված չլինելու պարագայում, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն 3 աշխատանքային օրվա ընթացքում իր պաշտոնական կայքում հրապարակում է 15-րդ կետում նշված չափանիշներին համապատասխանող նոր ցանկ սույն որոշման 14-րդ կետում նախատեսված հաջորդականությանը համապատասխան, որտեղ չեն ներառվում 15-րդ կետի համաձայն արդեն իսկ հրապարակված ցանկում ներառված տրանսպորտային միջոցները:
18. Սույն որոշման 15-րդ և 17-րդ կետերի համաձայն կազմվող ցանկերում չեն ներառվում և (կամ) արտոնության վերականգնումը չի կիրառվում այն տրանսպորտային միջոցների նկատմամբ, որոնց գծով պահպանված չէ Մաքսային միության հանձնաժողովի 2009 թվականի նոյեմբերի 27-ի N 130 որոշման 7.1.81-րդ կետի 5-7-րդ և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի N 107 որոշման 3-րդ հավելվածի 9-րդ կետի 8-10-րդ պարբերությունների պահանջները:
19. Սույն որոշման 14-րդ կետում նշված արտոնության վերականգնման համար սույն որոշման 16-րդ կետով սահմանված կարգով` 17-րդ կետին համապատասխան հրապարակված նոր ցանկում ներառված տրանսպորտային միջոցների հայտարարատուները, բացառությամբ սույն որոշման 18-րդ կետով սահմանված դեպքի, կարող են դիմել մինչև 2027 թվականի մարտի 31-ը ներառյալ:
Ձև
ԴԻՄՈՒՄ
1. Իրավաբանական անձի անվանումը ____________________
2. Իրավաբանական անձի պետական գրանցման համարը __________________
3. Իրավաբանական անձի ՀՎՀՀ-ն _______________________
4. Գործունեության իրականացման վայրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի և ինտերնետային պաշտոնական կայքը (առկայության դեպքում)
_____________________________________________________
_____________________________________________________
_____________________________________________________
_____________________________________________________
5. Ապրանքանիշը և անմիջապես ավտոարտադրողի հետ կնքված դիլերական-դիստրիբյուտորական պայմանագրի (համաձայնագրի) գործողության ժամկետ
____________________________________________________
6. Կից ներկայացվող փաստաթղթերը`
1) անմիջապես ավտոարտադրողի հետ կնքված դիլերական-դիստրիբյուտորական պայմանագրի (համաձայնագրի) պատճենը.
2) ավտոարտադրողի կողմից տրամադրված գործարանային երաշխիքային սպասարկում և հետերաշխիքային տեխնիկական սպասարկում իրականացնելու պարտավորությունը հաստատող փաստաթղթի պատճենը.
3) ավտոարտադրողի կողմից տրամադրված գործարանային ծրագրային ապահովում իրականացնելու պարտավորությունը հաստատող փաստաթղթի պատճենը.
4) փակ տեխնիկական սպասարկման կայանի առկայությունը հիմնավորող փաստաթղթերի պատճեններ (համապատասխան սեփականության իրավունքի վկայական կամ վարձակալության պայմանագիր, լուսանկարներ):
Ներկայացված տեղեկությունների իսկությունը հաստատում եմ:
________________________________________________________
(իրավաբանական անձի իրավասու ներկայացուցչի ստորագրությունը,
անունը, ազգանունը)
__ ____________ 20 թ.
Պաշտոնական հրապարակման օրը` 26 դեկտեմբերի 2025 թվական: