ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
26 դեկտեմբերի 2025 թվականի N 1214-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-Ի N 270-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը և ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ կետերով և 3-րդ մասով, 21-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2023 թվականի մարտի 14-ի «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N 270-Լ որոշմամբ (այսուհետ` որոշում) հաստատված Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կառուցվածքում կատարել հետևյալ կառուցվածքային փոփոխությունը`
1) ստեղծել նախարարության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող հանցավորության վիճակագրության և հետազոտական կենտրոն:
2. Այդ կապակցությամբ որոշմամբ հաստատված հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
1) 11-րդ կետում`
ա. լրացնել 5.1-ին ենթակետ` հետևյալ բովանդակությամբ.
«5.1) հանցանքների և հանցանք կատարած անձանց, վարչական իրավախախտումների և վարչական իրավախախտում կատարած անձանց վերաբերյալ միասնական տեղեկատվական շտեմարանների, ինչպես նաև պետական վիճակագրության ձևավորումը.».
բ. 6-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6) հասարակական անվտանգության ապահովման և հանցավորության վիճակի, հանցավորության շարժընթացի համակողմանի վերլուծության իրականացումը, քրեածին իրավիճակի կանխատեսումը, դրա հիման վրա թեմատիկ, պարբերական հետազոտությունների իրականացումը և դրանց հրապարակումը, առկա մարտահրավերների ու ռիսկերի վերհանումը, դրանց չեզոքացման նպատակով համապատասխան որոշումների ընդունումը և իրականացման ապահովումը.».
2) 33-րդ կետում`
ա. 6-րդ ենթակետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով.
բ. լրացնել 6.1-ին ենթակետ` հետևյալ բովանդակությամբ.
«6.1) հանցավորության վիճակագրության և հետազոտական կենտրոնը:»:
3. Սահմանել, որ հանցավորության վիճակագրության և հետազոտական կենտրոնը գործում է վարչության կարգավիճակով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 20-ից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2025 թ. դեկտեմբերի
Երևան
_______________
ԻՐՏԵԿ - Ընդունող մարմնի կայքէջում (www.e-gov.am) պաշտոնական հրապարակման ամսաթիվ տրված չէ («Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք, հոդ. 23, մաս 7):