ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
8 հունվարի 2026 թվականի N 2-Ն
ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻ ՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԶՈՐԱԿՈՉ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին, 1.2-րդ և 5-րդ մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայտարարել 2026 թվականի հունվարի 9-ից մինչև 2026 թվականի հունվարի 31-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի սպայական կազմում հաշվառված` մինչև 35 տարեկան արական սեռի բժիշկ-մասնագետների պարտադիր զինվորական ծառայության զորակոչ (այսուհետ` պահեստազորի սպայական կազմի զորակոչ)` ծառայության ժամկետը սահմանելով երկու տարի:
2. Հայտարարված զորակոչի շրջանակներում սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչել նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1.2-րդ մասի համաձայն սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու ցանկություն հայտնած արական սեռի բժիշկ-մասնագետներին:
3. Սահմանել պահեստազորի սպայական կազմի ենթակա անձանց թվաքանակը` մինչև 10 բժիշկ-մասնագետ:
4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն յոթնօրյա ժամկետում ընդունել պահեստազորի սպայական կազմի բժիշկ-մասնագետների պարտադիր զինվորական ծառայության 2025 թվականի զորակոչի անցկացման մասին հրաման.
2) ապահովել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 25-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն յոթնօրյա ժամկետում պահեստազորի սպայական կազմի զորակոչի մանդատային հանձնաժողովի ստեղծումը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2026 թ. հունվարի 8
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 8 հունվարի 2026 թվական: