ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
8 հունվարի 2026 թվականի N 25-Ն
ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՎԱՔՄԱՆ, ՎԱՐՄԱՆ ԵՎ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել առողջության համընդհանուր ապահովագրության ռեգիստրում տվյալների հավաքման, վարման և փոխանցման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2026 թ. հունվարի 8
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2026 թվականի հունվարի 8-ի
N 25-Ն որոշման
ԿԱՐԳ
ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՎԱՔՄԱՆ, ՎԱՐՄԱՆ ԵՎ ՓՈԽԱՆՑՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են առողջության համընդհանուր ապահովագրության ռեգիստրում (այսուհետ` ռեգիստր) «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի (այսուհետ` օրենք) 24-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված տվյալների հավաքման, վարման և փոխանցման հետ կապված հարաբերությունները:
2. Ռեգիստրը առողջության համընդհանուր ապահովագրության պատշաճ իրականացման համար անհրաժեշտ անձնական և ոչ անձնական տվյալներ պարունակող էլեկտրոնային շտեմարան է:
3. Ռեգիստրը որպես առանձնացված շտեմարան գործում է էլեկտրոնային առողջապահության համակարգում, որը հասանելի է նաև բջջային հավելվածի միջոցով:
4. Ապահովագրված անձը, մուտք գործելով էլեկտրոնային առողջապահության համակարգ, հնարավորություն է ստանում ծանոթանալու իր` որպես ապահովագրված անձի կարգավիճակին:
5. Ռեգիստրը փոխգործելի է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից էլեկտրոնային ծառայությունների մատուցման կամ գործողությունների կատարման համար օգտագործվող էլեկտրոնային համակարգերի հետ:
6. Ռեգիստրում ապահովագրված անձի անձնական տվյալները մշակվում են առանց ապահովագրված անձի համաձայնության:
7. Ռեգիստրում մշակվում են հետևյալ տվյալները.
1) ապահովագրված անձի մասով`
ա. անունը, ազգանունը, հայրանունը,
բ. սեռը,
գ. ծննդյան օրը, ամիսը, տարին (ծննդյան օրը և ամիսը անհայտ լինելու դեպքում նշվում է «01.07» և տարեթիվը),
դ. հաշվառման և փաստացի բնակության վայրերը, բջջային հեռախոսի համարը, էլեկտրոնային, այդ թվում` պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում),
ե. քաղաքացիությունը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու վերաբերյալ տեղեկանքի համարը, իսկ օտարերկրացիների դեպքում` Հայաստանի Հանրապետությունում կացության քարտի համարը, Հայաստանի Հանրապետության ռեզիդենտի կարգավիճակի, այդ տվյալների վավերականության օրը, ամիսը, տարին, տվյալների ստացման կամ թարմացման օրը, ամիսը, տարին,
զ. առողջության համընդհանուր ապահովագրության վկայագրի համարը,
է. օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված համապատասխան կարգավիճակի, դրա ստացման և դադարեցման օրը, ամիսը, տարին,
ը. ապահովագրված անձի հետ փոխկապակցված անձանց շրջանակը,
թ. ապահովագրավճարի չափի և դրա պետական բյուջեի միջոցներից տրամադրվող մասի, դրանց վճարման ժամկետների, բոնուսների մասին տեղեկություններ,
ժ. կանխարգելիչ ծառայություն ստանալու, դրա հերթագրման և իրականացման ժամկետների վերաբերյալ տեղեկություններ,
ժա. ապահովագրական դեպքերը, դրանց սկզբի ու ավարտի օրը, ամիսը, տարին, ստացած բժշկական օգնության և սպասարկման ծառայությունները, դեղերը, դրանց հատուցման վերաբերյալ տվյալները (հատուցման ներկայացված և փաստացի հատուցված չափերը), հերթագրման դեպքում` դրա ժամկետները,
ժբ. ապահովագրական փաթեթից դուրս ստացած ծառայությունների և դրանց դիմաց վճարների, վճարման աղբյուրների մասին տեղեկություններ,
ժգ. ապահովագրված անձի կարգավիճակ ստանալու, դրա փոփոխության կամ դադարեցման օրը, ամիսը, տարին,
ժդ. ապահովագրավճար վճարողի կամ չվճարողի կարգավիճակ ստանալու, դրա փոփոխության կամ դադարեցման օրը, ամիսը, տարին,
ժե. ապահովագրավճարի անհատական հաշիվը` ապահովագրավճարի հաշվարկային չափը, վճարված չափը, տարբերությունը,
ժզ. բոնուսային միավորների հաշիվը` բոնուսային միավորների փոխանցման ամսաթիվը և չափը, դրանց կուտակային չափը, ծախսի չափն ու ամսաթիվը` ըստ ուղղությունների.
2) առողջության համընդհանուր ապահովագրություն ունեցող անձանց խմբերում չընդգրկվածների` օրենսդրությանը համապատասխան վիճակ կամ կարգավիճակ ունեցող` սույն օրենքով նախատեսված բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալ և լրացուցիչ ծառայություններ ստացած անձանց մասով`
ա. անունը, ազգանունը, հայրանունը,
բ. սեռը,
գ. ծննդյան օրը, ամիսը, տարին (ծննդյան օրը և ամիսը անհայտ լինելու դեպքում նշվում է «01.07» և տարեթիվը),
դ. հաշվառման և փաստացի բնակության վայրերը, հեռախոսի համարը, էլեկտրոնային, այդ թվում` պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում),
ե. քաղաքացիությունը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու վերաբերյալ տեղեկանքի համարը կամ անձնագրի կամ նույնականացման քարտի համարը և սերիան կամ զինվորական գրքույկի համարը կամ ծննդյան վկայականի համարը, իսկ օտարերկրացիների դեպքում` Հայաստանի Հանրապետությունում կացության քարտի համարը,
զ. սահմանված համապատասխան կարգավիճակը և այդ կարգավիճակի ստացման և դադարեցման օրը, ամիսը, տարին,
է. ստացած բժշկական օգնության և սպասարկման ծառայությունները, դեղերը, դրանց ստացման սկզբի ու ավարտի օրը, ամիսը, տարին, վճարման չափերն ու աղբյուրները:
8. Ռեգիստրը վարվում է էլեկտրոնային եղանակով` Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի (այսուհետ` հիմնադրամ) կողմից:
9. Ռեգիստրում առկա ոչ գաղտնի տվյալները և առողջության համընդհանուր ապահովագրության ոլորտում գաղտնի տեղեկությունները հիմնադրամի կողմից մշակվում են այդ տվյալներին էլեկտրոնային եղանակով հասանելիության իրավունքով, եթե դա անհրաժեշտ է առողջության համընդհանուր ապահովագրության ոլորտում օրենքով նախատեսված լիազորությունների պատշաճ իրականացման համար:
10. Պետական կառավարման համակարգի մարմինները, ռեգիստրի գործարկման նպատակով, իրենց էլեկտրոնային համակարգերում առկա` ռեգիստրում մշակման ենթակա տվյալները ռեգիստրին են փոխանցում ՀՀ կառավարության փոխգործելիության հարթակի միջոցով` ՀՀ կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 19-ի N 1849-Ն որոշմամբ հաստատված կարգով` բացառությամբ էլեկտրոնային առողջապահության համակարգում առկա` ռեգիստրում մշակման ենթակա տվյալների, որոնք ռեգիստրին փոխանցվում են ուղղակիորեն էլեկտրոնային առողջապահության համակարգի տվյալների բազայից:
11. Ռեգիստրում մշակված տվյալները թարմացվում են այդ տվյալները մշակող և տիրապետող պետական կառավարման համակարգի մարմինների կողմից` ամսական կտրվածքով, որոնք փոխգործելիության հիմունքներով փոխանցվում են ռեգիստրին:
12. Օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված գաղտնի տեղեկություն համարվող տվյալները կարող են փոխանցվել տվյալ անձի գրավոր համաձայնությամբ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
13. Օրենքից չբխող կամ օրենքի խախտմամբ առողջության համընդհանուր ապահովագրության ոլորտում գաղտնի տեղեկությունների փոխանցումը, այն է` այդ տեղեկությունները որոշակի կամ անորոշ շրջանակի այլ անձանց փոխանցելուն կամ դրանց հետ ծանոթացնելուն ուղղված գործողությունը, այդ թվում` զանգվածային լրատվության միջոցներով անձնական տվյալները հրապարակելը, տեղեկատվական հաղորդակցման ցանցերում տեղադրելը կամ այլ եղանակով անձնական տվյալներն այլ անձի մատչելի դարձնելը, առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:
14. Առողջության համընդհանուր ապահովագրության ոլորտում գաղտնի տեղեկությունները պաշտպանվում են պետական գաղտնիքի, բժշկական գաղտնիքի, առևտրային գաղտնիքի և աշխատողների անձնական տվյալների պաշտպանության ոլորտը կարգավորող` Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն:
15. Օրենքի 25-րդ հոդվածի 7-րդ մասի 1-ին կետով նախատեսված իրավասու մարմիններին, առանց անձի համաձայնության, էլեկտրոնային առողջապահության համակարգի միջոցով հասանելի են ռեգիստրում առկա առողջության համընդհանուր ապահովագրության ոլորտում գաղտնի տեղեկությունները, որոնք անհրաժեշտ են այդ մարմինների` առողջության համընդհանուր ապահովագրության ոլորտում օրենքով նախատեսված լիազորությունների պատշաճ իրականացման համար` բացառությամբ պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների:
16. Օրենքի 25-րդ հոդվածի 7-րդ մասի 2-րդ կետով սահմանված կազմակերպություններին, առանց անձի համաձայնության, էլեկտրոնային առողջապահության համակարգի միջոցով հասանելի են ռեգիստրում առկա առողջության համընդհանուր ապահովագրության ոլորտում գաղտնի տեղեկությունները, եթե առանց այդ տվյալների հնարավոր չէ մատուցել ապահովագրական փաթեթի ծառայությունները` բացառությամբ պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների:
17. «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի 25-րդ հոդվածի 7-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով սահմանված մարմիններին և անձանց, օրենքով սահմանված նպատակով և դեպքերում, հարցումների հիման վրա, առանց անձի համաձայնության, տրամադրվում են ռեգիստրում առկա առողջության համընդհանուր ապահովագրության ոլորտում գաղտնի տեղեկությունները` բացառությամբ պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների:
18. Սույն կարգի 12-րդ կետում նշված տվյալները սույն կարգի 17-րդ կետով նախատեսված մարմիններին և անձանց փոխանցվում են վերջիններիս կողմից հարցումը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում:
19. Ռեգիստրում առկա ապանձնավորված տեղեկատվությունը համարվում է Հայաստանի Հանրապետության սեփականությունը:
20. Ռեգիստրից ՀՀ կառավարության փոխգործելիության հարթակի միջոցով տվյալների փոխանցման մասին ամբողջական տեղեկությունը պահպանվում է ՀՀ կառավարության փոխգործելիության հարթակի իրադարձությունների մատյաններում:
Պաշտոնական հրապարակման օրը` 8 հունվարի 2026 թվական: