ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
9 հունվարի 2026 թվականի N 1-Ն
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՕԴԱՆԱՎԵՐԻ ԱԽՏԱՀԱՆՄԱՆ, ՄԻՋԱՏԱԶԵՐԾՄԱՆ, ԿՐԾՈՂԱԶԵՐԾՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ավիացիայի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1.1-ին մասի 54-րդ ենթակետով, «Հանրային առողջապահության մասին» օրենքի 14-րդ և «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 19-րդ հոդվածների դրույթներով, ինչպես նաև Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին կոնվենցիայի «Ընթացակարգերի պարզեցում» N 9 հավելվածի 2-րդ գլխի «դ» և «ե» կետերի պահանջներով`
Հրամայում եմ
1. Հաստատել «Քաղաքացիական ավիացիայի օդանավերի ախտահանման, միջատազերծման, կրծողազերծման և դրանց սանիտարական վիճակի վերահսկողության կազմակերպման կանոնները»` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո:
Նախարար` Դ. Խուդաթյան
Հավելված
Հայաստանի Հանրապետության
տարածքային կառավարման և
ենթակառուցվածքների նախարարի
2026 թվականի հունվարի 9-ի
N 1-Ն հրամանի
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՕԴԱՆԱՎԵՐԻ ԱԽՏԱՀԱՆՄԱՆ, ՄԻՋԱՏԱԶԵՐԾՄԱՆ, ԿՐԾՈՂԱԶԵՐԾՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. «Քաղաքացիական ավիացիայի օդանավերի ախտահանման, միջատազերծման, կրծողազերծման և դրանց սանիտարական վիճակի վերահսկողության կազմակերպման կանոնները» (այսուհետ` Կանոններ) մշակվել են «Ավիացիայի մասին» օրենքի, «Հանրային առողջապահության մասին» օրենքի 14-րդ հոդվածի, «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 19-րդ հոդվածի և «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի «Ընթացակարգերի պարզեցում» N 9 հավելվածի պահանջների հիման վրա:
2. Սույն կանոններով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործողներին պատկանող օդանավերի ախտահանման, միջատազերծման, կրծողազերծման և դրանց սանիտարական վիճակի վերահսկողության կազմակերպման ու իրականացման կանոնները:
3. Միջազգային օդային փոխադրումներ իրականացնող օդանավ շահագործող կազմակերպություններում սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպումն ու իրականացումն ապահովվում է օդանավ շահագործող կազմակերպությունների տնօրինությունների կողմից, որոնք պետք է ապահովեն.
1) օդանավերի ախտահանման, միջատազերծման, կրծողազերծման կազմակերպումն ու իրականացումը.
2) օդանավերի պաշտպանությունը` վարակիչ հիվանդությունների փոխանցողների (կրծողներ և հոդվածոտանիներ) ներթափանցումից և տարածումից.
3) օդանավին մատակարարվող ջրի որակի համապատասխանությունը սանիտարական կանոններին և նորմերին, իսկ շշալցված ջրին և սննդամթերքին ներկայացվող պահանջները` տեխնիկական կանոնակարգերին.
4) կոնտեյներների բեռնման տարածքների, արտադրական և կենցաղային թափոնների, այդ թվում` սննդի թափոնների, ինչպես նաև մեկանգամյա օգտագործման տարողությունների և սպասքի ընդունման, հավաքագրման ու հեռացման, ինչպես նաև համաճարակաբանական ցուցումների համաձայն` ախտահանման, հեռացման կամ ոչնչացման կազմակերպումը.
5) միջազգային օդային փոխադրումներ իրականացնող օդանավերի հակահամաճարակային պատրաստվածությունը, ներառյալ օդանավերի համալրումը պաշտպանիչ հագուստով, անհրաժեշտ բժշկական սարքավորումներով, դեղերով և կանխարգելիչ միջոցներով, այդ թվում` ախտահանիչ միջոցներով.
6) պետական սահմանի անցակետերում սանիտարական և կարանտինային ստուգումների դեպքերում` (ժամանման/մեկնման) օդանավերի ներկայացումը ստուգումներին.
7) վարակիչ (մակաբուծական) հիվանդությունների կանխարգելման հարցերով օդանավերի անձնակազմերի ուսուցումը և վերապատրաստումը` հիվանդի (հիվանդության կասկածով) հայտնաբերման դեպքում հակահամաճարակային միջոցառումների վերաբերյալ:
4. Ցանկացած կասկածելի վարակիչ հիվանդության մասին տեղեկատվության դեպքում` օդանավի հրամանատարը պետք է անհապաղ տեղեկացնի օդային երթևեկության կառավարման մարմնին, խնդրելով հաղորդագրությունն ուղարկել վայրէջքի օդանավակայանի օդային երթևեկության կառավարման կենտրոն, որն էլ իր հերթին հաղորդագրությունը փոխանցում է օդանավակայանի բժշկական սպասարկում իրականացնող բուժկազմակերպությանը` հակահամաճարակային միջոցառումներ կազմակերպելու համար, իսկ վարակիչ հիվանդության կասկածի դեպքում հիվանդի նկատմամբ իրականացնում է անհրաժեշտ միջոցառումներ, դեպքի մասին հաղորդում է ներկայացնում «Հանրային առողջապահության մասին» ՀՀ օրենքի և Առողջապահության նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 35-Ն հրամանի պահանջների համաձայն: Ընդ որում` օդանավի հրամանատարի հրահանգով կազմվում է Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին կոնվենցիայի «Ընթացակարգերի պարզեցում» N 9 հավելվածով սահմանված օդանավի գլխավոր հայտարարագրի (այսուհետ` գլխավոր հայտարարագիր) բժշկական և սանիտարական մասը, տրվում են հրահանգներ օդանավում առաջին օգնության և կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպման վերաբերյալ, ներառյալ` օդանավերի ախտահանման, միջատազերծման և կրծողազերծման կատարման մասին` համաձայն Ձև 1-ի:
5. Օդանավում օդանավերի ախտահանման, միջատազերծման, կրծողազերծման միջոցառումները ներառում են կազմակերպչական, սանիտարական-տեխնիկական, հիգիենիկ, ոչնչացման և կանխարգելիչ միջոցառումների ամբողջություն` մարդկանց և կենդանիներին վարակիչ հիվանդությունների հարուցիչներից և դրանց կրողներից պաշտպանելու համար:
6. Ախտահանման միջոցառումների ամբողջությունը թռիչքային անվտանգության ապահովման պարտադիր պայմաններից մեկն է և նպատակ ունի կանխել ուղևորներին, օդանավի անձնակազմի անդամներին և վերգետնյա սպասարկող անձնակազմերի անդամներին վարակիչ հիվանդությունների հարուցիչներով վարակումը, իսկ ախտահանման արդյունքները գրանցվում են օդանավ շահագործողի ձեռնարկով սահմանված օդանավի սանիտարական գրանցամատյանում և օդանավի գլխավոր հայտարարագրի բժշկական և սանիտարական բաժնում:
2. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
7. Ակարիցիդ - միջոց (պատրաստուկ), որը ապահովում է տզերի մահը:
8. Բակտերիասպան միջոց - ախտահանիչ (պատրաստուկ), որը ապահովում է բակտերիաների մահը` վեգետատիվ ձևով:
9. Հիվանդություն - ախտաբանական վիճակ, որը բացասաբար է անդրադառնում որևէ օրգանի կամ ամբողջ օրգանիզմի կառուցվածքի կամ գործունեության վրա և պայմանավորված չէ անմիջական արտաքին վնասվածքով:
10. Վիրուսասպան միջոց - ախտահանիչ (պատրաստուկ), որը ապահովում է վիրուսների անակտիվացումը:
11. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն- Միջազգային առողջապահական կանոնների հարցերով ազգային համակարգող պետական կառավարման համակարգի մարմին, որը պատասխանատու է Առողջապահության միջազգային կազմակերպության կանոնակարգին համապատասխան առողջապահական միջոցառումների ներդրման և կիրառման համար:
12. Միջատազերծում - ընթացակարգ, որի համաձայն սանիտարական միջոցառումներ են ձեռնարկվում` պայքարելու այն հոդվածոտանիների դեմ կամ ոչնչացնելու այն հոդվածոտանիներին, որոնք կրում են մարդկային հիվանդություններ և հայտնաբերվում են օդանավում, ուղևորների ուղեբեռում, բեռում, տարաներում, ապրանքներում և փոստում:
13. Ախտահանում - ընթացակարգ, համաձայն որի, սանիտարական միջոցառումներ են ձեռնարկվում պայքարելու կամ ոչնչացնելու վարակիչ հարուցիչները օդանավի, բեռի, ապրանքների, փոստային ծանրոցների կամ տարաների վնասված մասերի ներսում կամ մակերեսին` քիմիական կամ ֆիզիկական հարուցիչների անմիջական ազդեցության միջոցով:
14. Եզրափակիչ ախտահանում - վարակիչ հիվանդին օդանավից դուրս բերելուց հետո իրականացվող ախտահանում:
15. Կանխարգելիչ ախտահանում - օդանավի մաքրման կանոնակարգերին համապատասխան իրականացվող ախտահանում:
16. Կրծողազերծում - ընթացակարգ է, որի միջոցով սանիտարական միջոցառումներ են ձեռնարկվում օդանավում, ուղեբեռում, բեռում, տարաներում, ապրանքներում և փոստում, ինչպես նաև արտահանման կետում գտնվող առարկաների, ապրանքների կամ փոստային ծանրոցների վրա հայտնաբերված մարդկային հիվանդություններ կրող կրծողների վերահսկման կամ ոչնչացման համար:
17. Միջատասպան - միջոց (պատրաստուկ), որը ապահովում է հոդվածոտանիների մահը:
18. Կոնտեյներների բեռնման տարածք - միջազգային տրանսպորտում օգտագործվող տարաների համար հատկացված տեղ կամ կառույց:
19. Փոխանցող - հոդվածոտանի կամ այլ կենդանի, որը սովորաբար կրում է վարակիչ նյութ և վտանգ է ներկայացնում հանրային առողջության համար:
20. Վարակակիրներ - անձինք, ուղեբեռ, տարաներ, օդանավեր, ապրանքներ կամ փոստային ծանրոցներ, որոնք ենթարկվել են կամ կարող են ենթարկվել հանրային առողջության համար վտանգի և կարող են լինել հիվանդության տարածման հնարավոր աղբյուր:
21. Փոստային ծանրոց - հասցեագրված առարկա կամ փաթեթ, որը միջազգային փոխադրումներում տեղափոխվում է փոստային կամ սուրհանդակային ծառայությամբ:
22. Կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ` հանրային առողջապահության նորմատիվներով կամ այլ իրավական ակտերով սահմանված կազմակերպական, վարչական, ճարտարագիտական, տեխնիկական, բժշկասանիտարական, հիգիենիկ, համաճարակաբանական և այլ միջոցառումներ` ուղղված հանրային առողջության վրա շրջակա միջավայրի գործոնների վնասակար ազդեցության նվազեցմանը, կանխարգելմանը, հիվանդությունների առաջացման և տարածման կանխմանն ու վերացմանը:
23. Տարողություն - վարակիչ հարուցիչի գտնվելու վայր, նյութ, բույս կամ օրգանիզմն, որտեղ սովորաբար բնակվում է վարակիչ հարուցիչը և որի առկայությունը կարող է վտանգ ներկայացնել հանրային առողջության համար:
24. Ռեպելենտ (վանող միջոց) - միջոց (պատրաստուկ) կամ սարք, որն ունի վանող հատկություններ տարբեր տեսակի հոդվածոտանիների և կրծողների նկատմամբ:
25. Սպորասպան միջոցը - ախտահանիչ (ստերիլիզացնող) միջոց (պատրաստուկ), որը ապահովում է միկրոօրգանիզմներում սպորների ոչնչացումը:
26. Ֆունգիցիդային միջոց - ախտահանիչ (պատրաստուկ) է, որը ապահովում է սնկերի ոչնչացումը:
3. ՕԴԱՆԱՎԻ ԱԽՏԱՀԱՆՈՒՄԸ
27. Օդանավի ախտահանումն ընթացակարգ է, որի համաձայն ձեռնարկվում են սանիտարական միջոցառումներ` օդանավի մասերի կամ օդանավում գտնվող տարողությունների ներսում կամ մակերեսին վարակիչ նյութերի դեմ պայքարելու կամ ոչնչացնելու համար: Ախտահանումը ներառում է մարդու կամ կենդանու մարմնի մակերեսին կամ օդանավի, ուղեբեռի, բեռի, տարաների, ապրանքների և փոստային ծանրոցների վրա վարակիչ նյութերի դեմ պայքարելու կամ ոչնչացնելու միջոցառումներ` քիմիական կամ ֆիզիկական նյութերի անմիջական ազդեցության միջոցով:
28. Ախտահանման միջոցառումներն իրականացվում են կանխարգելիչ ախտահանման ձևով, երբ իրականացվում է օդանավի մաքրման կանոնակարգերին համապատասխան իրականացվող ախտահանում կամ համաճարակաբանական ցուցումների հիման վրա եզրափակիչ ախտահանում, երբ վարակիչ հիվանդին օդանավից դուրս բերելուց հետո իրականացվում է օդանավի ախտահանում:
29. Օդանավերի ախտահանման նպատակով պետք է օգտագործվեն միայն այն քիմիական և ֆիզիկական մեթոդները և դրանց կիրառումն ապահովող այն նյութերը (ակարիցիդ, բակտերիասպան միջոցներ, վիրուսասպան միջոցներ, միջատասպան միջոցներ, ֆունգիցիդային միջոցներ, սպորասպան միջոցներ և ռեպելենտ/վանող միջոցներ), որոնք առաջարկվել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) և Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության (ԻԿԱՕ)-ի կողմից: Ախտահանիչ միջոցները կիրառվում են` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի N 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 7-րդ գլխով սահմանված պահանջների:
3.1. Ախտահանման կազմակերպումը և իրականացումը
30. Կանխարգելիչ ախտահանումն իրականացվում է անընդհատ և նպատակ ունի կանխել օդանավի մակերեսների վրա վարակիչ նյութերի կուտակումն ու թռիչքի ընթացքում համաճարակների տարածման համար բարենպաստ պայմանների առաջացումը:
31. Կանխարգելիչ ախտահանումն իրականացվում է օդանավի մաքրման և օդանավը թռիչքի նախապատրաստման աշխատանքների իրականացման ընթացքում` կախված օդանավի տեսակից, ուղևորների և բեռների քանակից ու աշխատանքի ծավալից:
32. Օդանավի մաքրումն իրականացվում է օդանավերի մաքրման ծառայություններ մատուցող կազմակերպությունների կողմից, օդանավերի մաքրմանն ներկայացվող պահանջներին համապատասխան: Օդանավերի մաքրման տեխնոլոգիական պահանջները սահմանվում են օդանավ շահագործողների ձեռնարկներով, որոնք հաստատվում են Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից, պահպանելով Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի լիազոր մարմնի կողմից սահմանված պահանջները` ելնելով համաճարակաբանական իրավիճակից:
33. Օդանավերի մաքրման գործառույթներ իրականացնող մաքրման ծառայություններ մատուցող կազմակերպությունների աշխատողները, իրենց գործառույթները պետք է իրականացնեն օդանավ շահագործողի ձեռնարկով սահմանված կարգով:
34. Օդանավի սպասքը պետք է հավաքվի տարաների մեջ և ուղարկվի օդանավ մատուցվող սննդի պատրաստման արտադրամաս, որտեղ բազմակի օգտագործման սպասքը պետք է լվացվի և ախտահանվի, իսկ մեկանգամյա օգտագործման սպասքը, ինչպես նաև սննդի թափոնները, ախտահանվում և ուղարկվում են ոչնչացման:
35. Օդանավում գտնվող թթվածնային դիմակները, փրկարար բաճկոնները, հանվող/դրվող խոսակցական սարքերը և ականջակալներն ախտահանվում են օդանավերի ավիացիոն տեխնիկական սպասարկումներ մատուցող կազմակերպության սպասարկման կայանում` համաձայն կանոնակարգերի, իսկ օդանավում առկա վերմակները, բարձերը, գլխակալները ախտահանվում են ախտահանման համար նախատեսված խցիկներում:
36. Օդանավի թռիչքի ընթացքում օդը պետք է անընդհատ մաքրվի և ախտահանվի, մատակարարման և արտանետման օդափոխության ֆիլտրերի միջոցով: Ֆիլտրերի փոխարինումն իրականացվում է տվյալ տիպի օդանավերի սպասարկման կանոնակարգերի համաձայն:
37. Օդանավի զուգարանների լվացման և մաքրման բոլոր գործողությունները պետք է իրականացվեն տվյալ տիպի օդանավերի տեխնիկական սպասարկման գործող ձեռնարկների և կանոնակարգերի համաձայն: Օդանավի ջրահեռացման բաքերը լցվում են մաքուր ծորակի ջրով` համաձայն տվյալ տիպի օդանավերի տեխնիկական սպասարկման կանոնակարգերով սահմանված քանակի:
38. Օդանավի ջրահեռացման բաքերի պարունակությունը ախտահանելու համար օգտագործվում են միայն թույլատրված միջոցներ: Ախտահանման, հոտազերծման և կեղտաջրերի մաքրման գործընթացն ապահովվում է թռիչքի ընթացքում` օդանավի սանհանգույցների միջոցով` ֆիլտրացված լուծույթի կրկնակի շրջանառության կատարման միջոցով: Օդանավի սանհանգույցների կեղտաջրերի արտանետումը հատուկ տրանսպորտային միջոցների բաքերի մեջ իրականացվում է թռիչքի ավարտից ոչ շուտ, քան 30 րոպե անց:
3.2. Ախտահանման անցկացումը
39. Ժամանող օդանավում հիվանդության ախտանիշներով (Ձև N 3 և N 4) ուղևորի, հոդվածոտանիների առկայության, ինչպես նաև կրծողների անկման մասին տեղեկատվության ստացումից հետո, Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի լիազոր մարմնի ցուցումով, պետական սահմանի անցակետեր ժամանող օդանավը` անձնակազմի, ուղևորների և բեռի հետ միասին տեղափոխվում է սանիտարական կայանատեղի` բժշկական (սանիտարական) զննման համար: Օդանավի և օդանավում առկա բեռի զննման ընթացքում որոշվում է օդանավի հատվածների, այդ թվում` ուղեբեռի և մշակման անհրաժեշտ ծավալը և հրահանգ է տրվում կատարելու օդանավի ախտահանում, միջատազերծում և կրծողազերծում` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի N 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 7-րդ գլխի պահանջների (Ձև N 2):
40. Հանրային առողջապահական նորմատիվ փաստաթղթերի պահանջների համաձայն, վարակի ախտահանումը կատարվում է ախտահանման մասնագիտացված կազմակերպության կողմից` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի N 13-Ն հրամանի պահանջներին համապատասխան:
4. ՕԴԱՆԱՎԵՐԻ ՄԻՋԱՏԱԶԵՐԾՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
41. Օդանավերի կանխարգելիչ ախտահանումն ընթացակարգ է, համաձայն որի, սանիտարական միջոցառումներ են ձեռնարկվում` պայքարելու այն հոդվածոտանիների դեմ կամ ոչնչացնելու այն հոդվածոտանիներին, որոնք կրում են հիվանդություններ և հայտնաբերվում են օդանավում, ուղևորների ուղեբեռում, բեռում, տարաներում, ապրանքներում և փոստում: Օդանավում հոդվածոտանիների առկայությունը համաճարակաբանական և սանիտարահիգիենիկ խնդիրների ներկայացնող ցուցիչ է և օդանավում հոդվածոտանիների առկայության փաստը, դրանց ոչնչացման համար ձեռնարկված միջոցառումների նկարագրությունը գրանցվում է օդանավի ընդհանուր հայտարարագրում, եթե ժամանման օդանավակայանի իրավասու մարմինը չի ազատում օդանավը դրա ներկայացումից:
42. Օդանավերի վրա կատարվող ախտահանման միջոցառումները հետևյալն են.
1) կանխարգելիչ, որոնք իրականացվում են յուրաքանչյուր չվերթից հետո, դրանք են ախտահանման, կրծողազերծման և հոդվածոտանիների ոչնչացման աշխատանքները,
2) եզրափակիչ` ախտահանման, կրծողազերծման և հոդվածոտանիների ոչնչացման աշխատանքներ, որոնք իրականացվում են միայն համաճարակաբանական ցուցման դեպքում` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի N 13-Ն հրամանի դրույթների:
43. Օդանավի վրա կանխարգելիչ միջոցառումներ պլանավորելիս, այդ աշխատանքների կատարման մարտավարությունն ու մեթոդները որոշվում են` կախված հայտնաբերված հոդվածոտանիների տեսակներից:
44. Կանխարգելիչ ախտահանումն ուղղված է հիմնականում վարակիչ հիվանդություններ կրողների ու տարածող հոդվածոտանիների դեմ և նպատակ է հետապնդում կանխելու հիվանդությունների տարածումը, ինչպես նաև օդանավի պայմաններում դրանց բազմացումը, քանի որ դրանք իրենց կենսագործունեության արդյունքում կարող են վնասել օդանավի թռիչքային պիտանիությունը: Աշխատանքների կատարման մարտավարությունը պետք է ուղղված լինի հոդվածոտանիների օդանավ մուտք գործելու և դրանց բազմացման կանխարգելմանը:
45. Օդանավում հոդվածոտանիների դեմ պայքարի միջոցառումներն ուղղված են`
1) անձնակազմի, ուղևորների, օդանավը սպասարկող վերգետնյա ծառայությունների աշխատակիցների սանիտարահամաճարակային բարեկեցության ապահովմանը, օդանավի համակարգերի շահագործման խափանումների կանխարգելմանը, որոնք կապված են հոդվածոտանիների առկայության հետ օդանավում և օդանավի թռիչքային պիտանիության պահպանմանը.
2) հոդվածոտանիների հետ կապված մի շարք վարակիչ և ալերգիկ հիվանդությունների կանխարգելմանը.
3) անձնակազմի աշխատանքային կարողությունների վատթարացման և ուղևորներին անհանգստացնող գործոնների վերացմանը:
46. Օդանավերի վրա հոդվածոտանիների դեմ պայքարի պարտադիր միջոցառումները ներառում են.
1) սանիտարահիգիենիկ միջոցառումները, որոնք ուղղված են օդանավի սրահներում, օդաչուների խցիկներում և բեռնախցիկներում մաքրության պահպանմանը.
2) բազային օդանավակայաններում կատարվող կանոնավոր մաքրումները և տարանցիկ օդանավակայաններում իրականացվող մաքրումները, օդանավերի հոդվածոտանիներով վարակման կանխարգելման սահմանված պահանջների պահպանումը, ներառյալ` օդանավերի սրահների, օդաչուների խցիկների և բեռնախցիկների պաստառապատման թերությունների ժամանակին վերացումը` հոդվածոտանիների կուտակումների և տեղաշարժերի կանխման ու վերացման համար.
3) մակերեսների խոնավ մաքրման աշխատանքների կատարումը` մինչև հոդվածոտանիների հետքերը հեռացնելու նպատակով մակերեսների ախտահանիչ միջոցներով մշակումը:
47. Օդանավերի սրահներում թռչող հոդվածոտանիների հայտնաբերման դեպքում, դրանց արագ ոչնչացման միջոցառումները սովորաբար իրականացվում են մասնագիտացված կազմակերպությունների կողմից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
48. Թռիչքի ընթացքում օդանավում միջատազերծման միջոցառումները կարող են իրականացվել նաև օդանավի անձնակազմի վերապատրաստված անդամների կողմից` օդանավի հրամանատարի ցուցումով, հետևյալ հերթականությամբ.
1) մինչ օդանավի թռիչքը` օդանավ ուղևորների նստեցումից առաջ համապատասխան բորտուղեկցորդը պետք է աերոզոլի միջոցով մշակի օդանավի ուղևորային սրահները կամ օդանավի այն տեղամասերը, որտեղ հոդվածոտանիներն առավել կենտրոնացած են կամ որտեղ դրանք գտնվում են, ներառյալ սանհանգույցները, խոհանոցի դարակները, պահարանները, ուղեբեռի դարակները, ձեռքի իրերի համար նախատեսված բաժանմունքները, երբ դրանք բաց են և օդանավում օդի շրջանառության և օդափոխության համակարգերն անջատված են ու կարող են միացվել 30 րոպե հետո.
2) ժամանման օդանավակայանում օդանավ ուղևորների նստեցումից 10-15 րոպե առաջ բորտուղեկցորդը պետք է իրականացնի սույն կետի 1-ին ենթակետում նշված գործողությունները:
49. Կատարված ախտահանման մասին նշում է կատարվում «Օդանավի սանիտարական գրանցամատյանում»` նշելով օգտագործված միջոցի անվանումը, ախտահանման ամսաթիվը և ժամը: Գրառումը պետք է հաստատվի կատարողի անձնական ստորագրությամբ:
50. Օդանավում միջատազերծման աշխատանքների իրականացումից հետո օդանավի գլխավոր հայտարարագրում կատարվում է գրանցում իրականացված աշխատանքների վերաբերյալ, ինչպես նաև լրացվում է միջատազերծման աշխատանքների գրանցման ձևաթուղթ, համաձայն սույն կանոնների Ձև 4-ի:
51. Փոխանցողով պայմանավորված վարակիչ հիվանդություններ և բարձր համաճարակային ռիսկ ունեցող տարածաշրջաններում միջազգային թռիչքներ կատարող օդանավերը պետք է ապահովված լինեն հոդվածոտանիասպան միջոցներով` օդանավում օգտագործելու համար հաստատված աերոզոլային փաթեթավորմամբ:
52. Հոդվածոտանիասպան նյութերն ընտրելիս օգտագործվում են միայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) և Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության (ԻԿԱՕ)-ի կողմից առաջարկվող հոդվածոտանիասպան միջոցները:
53. Եթե օդանավում հայտնաբերվում են չթռչող հոդվածոտանիներ, օդանավի միջատազերծումն իրականացվում է ինչպես բազային օդանավակայանում, այնպես էլ տարանցիկ օդանավակայանում մաքրման ժամանակ` ուղևորների և անձնակազմի անդամների կողմից հոդվածոտանիների առկայության վերաբերյալ բողոքների հայտնաբերման, ինչպես նաև օդանավում իրականացված ստուգման տվյալների հիման վրա:
54. Օդանավի միջատազերծման աշխատանքներ իրականացնելիս պետք է ձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ միջոցները` ապահովելու համար, որ այն չսպառնա ուղևորների և անձնակազմի առողջությանը և նրանց համար որևէ անհարմարություն չպատճառի:
5. ՕԴԱՆԱՎԻ ԿՐԾՈՂԱԶԵՐԾՈՒՄԸ
55. Օդանավի կրծողազերծումն այն ընթացակարգն է, որի միջոցով կրծողազերծման աշխատանքներ են ձեռնարկվում օդանավում, ուղեբեռում, բեռում, տարաներում, ապրանքներում և փոստում, ինչպես նաև արտահանման կետում գտնվող առարկաների, ապրանքների կամ փոստային ծանրոցների վրա հայտնաբերված մարդկանց բնորոշ հիվանդություններ կրող կրծողների վերահսկման կամ ոչնչացման համար:
56. Օդանավում կրծողների առկայությունը համաճարակաբանական խնդիրների ցուցիչ է և կարող է նպաստել վարակիչ հիվանդությունների հարուցիչների տարածմանը: Բացի այդ, կրծողները կարող են իրական սպառնալիք լինել օդանավի տեխնիկական վիճակի համար:
57. Օդանավի պաշտպանությունը կրծողներից պետք է ապահովվի ինժեներական, տեխնիկական և սանիտարահիգիենիկ համալիր միջոցառումների իրականացման միջոցով, բացառելով նրանց ներթափանցման հնարավորությունը օդանավ:
58. Կանգառի ժամանակ կրծողների մուտքը օդանավ կանխելու համար խորհուրդ է տրվում մանրակրկիտ ստուգել օդանավ բերվող ուղեբեռը և բեռները:
59. Օդանավում կրծողների ոչնչացում իրականացնելիս օգտագործվում են միայն այն մեթոդներն ու միջոցները, ինչպես` քիմիական, այնպես էլ ոչ քիմիական, որոնք առաջարկվում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) և Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության (ԻԿԱՕ)-ի կողմից:
60. Խստիվ արգելվում է շահագործել այն օդանավերը, որոնց վրա ստուգման ընթացքում հաստատվում է կրծողների առկայություն:
61. Կրծողների առկայության նշանները որոշվում են օդանավ շահագործողների աշխատակիցների, ախտահանման ծառայություններ մատուցող կազմակերպության մասնագետների կողմից: Նման նշաններից են կրծողների գործունեության հետքերը կամ դրանց տեսողական դիտարկումը օդանավում ուղևորների, անձնակազմի անդամների կամ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից լիցենզավորված համապատասխան կազմակերպության կողմից` օդանավի բժշկական զննման ժամանակ:
62. Օդանավ շահագործողի վարչակազմը տեղեկացվում է օդանավում կրծողների առկայության փաստի մասին:
63. Օդանավի կրծողազերծման միջոցառումների շրջանակը, մարտավարությունը և մեթոդներն իրականացվում են յուրաքանչյուր կոնկրետ դեպքում` պահպանելով հետևյալ նախազգուշական միջոցները.
1) կրծողազերծման միջոցառումները ամբողջովին պետք է ուղղված լինեն կրծողների ներթափանցման կանխարգելմանը օդանավ: Օդանավում կանխարգելիչ միջոցառումները ուղղված են բարվոք սանիտարական վիճակի պահպանմանը: Կրծողազերծման միջոցառումները օդանավում իրականացվում են միայն կրծողների կամ նրանց գործունեության հետքերի հայտնաբերման դեպքում,
2) կրծողների կամ նրանց գործունեության հետքերի հայտնաբերման դեպքում իրականացվում են կրծողների ոչնչացմանը ուղղված միջոցառումներ: Կրծողազերծման միջոցառումներ իրականացնելու նպատակով օդանավի շահագործումը ժամանակավոր դադարեցվում է: Կրծողազերծման աշխատանքների իրականացման համար նախատեսվում է 3 օր ժամանակահատված,
3) օդանավում կրծողազերծման միջոցառումները իրականացվում են մասնագիտացված կազմակերպությունների կողմից,
4) կրծողազերծման միջոցառումները իրականացվում են նախապես մշակված կրծողազերծման պլանի համաձայն` որտեղ նախապես համարակալվում և նշվում են թակարդների, գրավչանյութի տեղադրման և ազդանշանային միջոցների տեղադրման տարածքները, միջոցառման իրականացման ժամանակացույցը, ինչպես նաև պատասխանատու անձինք,
5) օդանավում որսված կրծողները կամ դրանց մասնիկները ուղարկում են լաբորատոր հետազոտության` ախտածին մանրէների հայտնաբերման նպատակով,
6) օդանավում կրծողազերծման աշխատանքներն ավարտելուց հետո իրականացվում են սանիտարական մաքրման և ախտահանման աշխատանքներ:
64. Եթե ոչնչացման միջոցառումների արդյունքները դրական են կամ եթե երեք օրվա ընթացքում թակարդներում (ծուղակներում) որսացված կրծողներ չկան, ապա կրծողազերծում իրականացնող կազմակերպության ղեկավարը, ներքին վերահսկողության տվյալների հիման վրա, գրավոր տեղեկացնում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեին և ավիացիոն կազմակերպությանը` օդանավը կրծողներից ազատելու մասին:
65. Օդանավերի ախտահանման, միջատազերծման և կրծողազերծման իրականացման ընթացակարգերը պետք է իրականացվեն այնպես, որ սպառնալիք չառաջացնեն ուղևորների և օդանավի անձնակազմի անդամների առողջությանը, չպատճառեն նրանց որևէ էական անհարմարություն, չվնասեն ուղեբեռին, բեռներին, փոստին, տարաներին և տրանսպորտային միջոցներին:
6. ՕԴԱՆԱՎԵՐԻ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ
66. Օդանավում սանիտարական վիճակի պահպանման միջոցառումներն օդանավերի թռիչքների բժշկական և սանիտարական ապահովման անբաժանելի մասն են կազմում, որը որոշվում է տեխնոլոգիական և սանիտարատեխնիկական աշխատանքների համալիր միջոցառումների, ինչպես նաև կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների իրականացմամբ, ներառյալ` ախտահանման, միջատազերծման և կրծողազերծման միջոցառումները:
67. Օդանավում սանիտարահիգիենիկ վիճակը կախված է օդանավ շահագործողի կողմից կազմակերպված միջոցառումները ժամանակին, ամբողջական և արդյունավետ կիրառումից: Օդանավի սանիտարական վիճակի նկատմամբ հսկողությունը կազմակերպվում և իրականացվում է օդանավ շահագործողի կողմից` օդանավով ուղևորների և բեռների օդային փոխադրման հանրային առողջապահական նորմատիվի կանոնների ու ընթացակարգերի պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացման միջոցով:
68. Օդանավի սանիտարական վիճակի նկատմամբ վերահսկողության կազմակերպման աշխատանքներում օգտագործվում են Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության կոնվենցիայի «Ընթացակարգերի պարզեցում» N 9 Հավելվածով` անդամ երկրների համար սահմանված և գործող նորմերն ու մեթոդական փաստաթղթերը, ինչպես նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից մշակված տեխնոլոգիական աշխատանքների իրականացման կանոնակարգերը:
69. Օդանավի սանիտարական վիճակի նկատմամբ վերահսկողությունը իրականացվում է բորտուղեկցորդների կողմից` յուրաքանչյուր թռիչքից առաջ և թռիչքի ընթացքում` համաձայն օդանավ շահագործողի թռիչքային շահագործման ձեռնարկի դրույթների:
70. Օդանավի սանիտարական վիճակի վերահսկողությունն իրականացվում է նաև օդանավ շահագործող կազմակերպության տնօրենի հրամանով հաստատված անձանց կողմից` ըստ անհրաժեշտության:
71. Օդանավի սանիտարական հսկողությունը իրականացվում է հետևյալ փուլերով`
1) մեկնումից անմիջապես առաջ.
2) թռիչքի ժամանակ.
3) ժամանումից հետո.
4) օդանավի պլանային սպասարկումից հետո.
5) օդանավի տեխնիկական սպասարկման աշխատանքների ընթացքում.
6) գործարաններից, կամ ընկերություններից (վարձակալության) ստացման պահին.
7) նոր օդանավ շահագործողի միջոցով թռիչքներ կատարելուց առաջ.
8) հատուկ չվերթների նախապատրաստման ժամանակ:
72. Օդանավի ուղևորասրահներում, օդաչուական խցիկում և բեռնախցիկներում ախտահանման, միջատազերծման և կրծողազերծման աշխատանքների վիճակի հսկողության ընթացքում ստուգվում է հետևյալը.
1) օդանավում «Օդանավի սանիտարական գրանցամատյանի» (Ձև 2) առկայությունը, դրա վիճակը և սպասարկման ճշգրտությունը, խախտումների առկայության (վերացման) գրառումները,
2) օդանավերի ուղևորասրահների, օդաչուական խցիկի, ուղեբեռների բաժանմունքների, ձեռքի իրերի համար նախատեսված դարակների, գորգերի, նստատեղերի ծածկոցների, մոխրամանների, սայլակների մաքրման որակը,
3) բուֆետի խցիկի, բուֆետ-խոհանոցի և սառնարանային սարքավորումների (բուֆետի դարակներ, էլեկտրական վառարաններ, էլեկտրական սառնարաններ), վերելակի (բարձիչի) կորպուսի, մատուցման սեղանների, օդանավում սննդի առաքման համար նախատեսված տարաների սանիտարահիգիենիկ վիճակը,
4) չհանվող սարքավորումների, սպասքի մշակման որակը,
5) կնիքների առկայությունը, պատրաստի սննդի պիտակների-վկայականների առկայությունը և դրանց լրացման ճշտությունը,
6) օդանավում սննդի վաճառքի պայմաններին և պահպանման կանոններին համապատասխանությունը,
7) Էլեկտրական կաթսայի ջրի որակը (հոտ, գույն, խառնուրդներ),
8) սանհանգույցների սանիտարական վիճակը, լվացարանում ջրի, օճառի, զուգարանի թղթի (անձեռոցիկների), սրբիչների առկայությունը,
9) սանհանգույցների սանիտարական սարքավորումների լցոնումը ախտահանիչ հեղուկով,
10) խմելու ջրով լցոնումը (ըստ ջրաչափի),
11) փափուկ գույքի և սպասարկման միջոցների (գլխակալներ, վերմակներ, անձեռոցիկներ, հիգիենիկ պայուսակներ, օճառ) ամբողջականությունը, դրանց որակը և վիճակը, վերմակների մշակման որակը, դրանց փաթեթավորումը,
12) տարբեր տեսակի դեղերի և բժշկական նշանակության ապրանքների առկայությունը և դրանց ամբողջականությունը,
13) վերջին ախտահանման արդյունավետությունը և դրա կանոնավորությունը, հոդվածոտանիների (կրծողների) առկայությունը օդանավում, ինչպես «Օդանավի սանիտարական գրանցամատյանում» հոդվածոտանիների, կրծողների առկայության մասին գրառումները,
14) օդանավ շահագործողի թռիչքային անձնակազմի ձեռնարկով սահմանված բորտուղեկցորդների սանիտարական գրքույկների առկայությունը, դրանց լրացման և պահպանման ճշտությունը, բժշկական ստուգումների, հետազոտությունների, պատվաստումների հաճախականության վերաբերյալ գրանցումների առկայությունը,
15) բորտուղեկցորդների համար հատուկ հագուստի և մաքրող միջոցների առկայությունը (ավել, փոշեհավաք, ռետինե ձեռնոցներ, տեխնիկական անձեռոցիկներ),
16) թռիչքի ընթացքում սպասարկման սանիտարահիգիենիկ թերությունների վերաբերյալ ուղևորների բողոքների առկայությունը (ուղևորների հարցման միջոցով կամ բորտուղեկցորդների զեկույցների համաձայն):
73. Թռիչքի ընթացքում օդանավի սանիտարական վիճակի նկատմամբ վերահսկողության ընթացքում պետք է հետևել.
1) բորտուղեկցորդների կողմից ուղևորներին սպասարկման պահանջների պահպանմանը.
2) օդանավում սննդի բաշխման ընթացակարգին և օգտագործված սպասքի հավաքման վերաբերյալ սահմանված պահանջների պահպանմանը.
3) հատուկ հագուստի վիճակին և օգտագործմանը.
4) մաքրող սարքավորումների օգտագործմանը.
5) օդանավում բժշկական պարագաների օգտագործմանը.
6) առաջին բուժօգնության և կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներին, երբ օդանավում հայտնաբերվում է վարակիչ հիվանդության կասկածով հիվանդ.
7) «Օդանավի սանիտարական գրանցամատյանի» վարմանը:
74. Թռիչքի նախապատրաստման ընթացքում օդանավի մաքրման նկատմամբ որակի վերահսկողությունն իրականացվում է գործող մաքրման կանոնակարգերին համապատասխան:
75. «Օդանավի սանիտարական գրանցամատյանը» նախատեսված է օդանավի սանիտարական վիճակի վերաբերյալ իրականացված վերահսկողության արդյունքները գրանցելու համար: Օդանավում «Օդանավի սանիտարական գրանցամատյանի» առկայությունը կարգավորվում է «Ավիացիայի մասին» օրենքով և Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության կոնվենցիայի «Ընթացակարգերի պարզեցում» N 9 Հավելվածով և ԵԱՏՄ անդամ մասնակից պետությունների կանոնակարգող փաստաթղթերով: «Օդանավի սանիտարական գրանցամատյանը» պետք է գտնվի օդանավում` յուրաքանչյուր տեսակի օդանավի համար հատուկ նշված տեղում, այն ընդունվում և փոխանցվում է «Օդանավում գտնվող գույքի գույքագրման» գրանցամատյանի համաձայն և սահմանված կարգով:
76. Օդանավի թռիչքից առաջ չվերացված կամ թռիչքի ընթացքում հայտնաբերված խնդիրների վերաբերյալ մեկնաբանություններն ավագ բորտուղեկցորդը/բորտօպերատորը, վերահսկողություն իրականացնող տեսուչները մուտքագրում են «Օդանավի սանիտարական գրանցամատյանում» լրացնելով գրանցամատյանի բոլոր սյունակները և վերահսկելով հայտնաբերված խախտումների վերացման ընթացքը:
77. Բազային օդանավակայան ժամանելուց հետո «Օդանավի սանիտարական գրանցամատյանում» երթուղու բոլոր փուլերում գրանցված թերությունները շտկվում են օդանավ շահագործողի վերգետնյա ծառայության թռիչքային ապահովման կարգավարի տեղեկատվության հիման վրա, համապատասխան ծառայությունների մասնագետների կողմից` «Խախտումների վերացման մասին նշում» սյունակում պարտադիր գրառում կատարելով, ընդ որում նշվում է կատարման ամսաթիվը, ժամը և արդյունքը, որը հաստատվում է կատարողի ստորագրությամբ: «Օդանավի սանիտարական գրանցամատյանը» ամբողջական լրացման ավարտից հետո փոխանցում է օդանավ շահագործողի բժշկական ծառայությանը` մինչև երկու տարի պահպանման համար:
78. Օդանավերը ջրով լցավորման աշխատանքների վերահսկողությունն իրականացվում է ավիացիոն բժշկական հաստատության` «Ավիաբուժ» ԲԿ ՓԲԸ հավատարմագրված լաբորատորիայի աշխատակիցների կողմից: Ջրի պարբերական լաբորատոր ստուգումն իրականացվում է ջրամատակարարման խողովակից (ծորակից), ջրամատակարարման մեքենաների բաքերից և օդանավերից:
79. Ջրամատակարարման մեքենաների բաքերի լվացումը և ախտահանումն իրականացվում է հատուկ տրանսպորտային ծառայության կողմից հետևյալ դեպքերում`
1) մեքենան շահագործման հանձնելիս.
2) բաքերի կամ ամրակների վերանորոգումից հետո.
3) տրանսպորտային միջոցների բաքերում գտնվող ջուրը սահմանված պահանջներին անհամապատասխանության հայտնաբերման դեպքերում.
4) նստվածք պարունակող ջրի օգտագործման դեպքում:
80. Օդանավի ուղևորային սրահներում, բեռնային խցերում և օդաչուական խցիկում ջերմաստիճանայինի ռեժիմի և օդի աղտոտվածության մակարդակի մոնիթորինգը իրականացվում է օդանավ շահագործողի կողմից իրականացվող վերահսկողության շրջանակներում` համապատասխան աշխատակիցների կողմից:
81. Օդանավի վրա կայանման ժամանակ ջերմաստիճանը պահպանվում է վերգետնյա օդորակման համակարգերի կամ օդորակիչների միջոցով` 5 oC պայմաններում, իսկ ցածր արտաքին օդի ջերմաստիճանի պայմաններում` օդանավի խցիկում օդը տաքացվում է մինչև 15 oC, իսկ 25 oC-ից բարձր արտաքին ջերմաստիճանում օդը սառեցվում է 5-8 oC-ով` համեմատած արտաքին օդի ջերմաստիճանի հետ, բայց ոչ ցածր 20 oC-ից: Ցուրտ եղանակին, ուղևորներին նստեցնելուց առաջ, խցիկները պետք է տաքացվեն համապատասխան սարքավորումների միջոցով:
7. ԻՐԱՎԱՍՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԴԵՐԸ
82. Քաղաքացիական ավիացիայի օդանավերի ախտահանման, միջատազերծման և կրծողազերծման աշխատանքների կատարման վիճակի վերահսկողության իրականացման իրավասու մարմիններ են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն:
83. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն վերահսկողություն են իրականացնում սահմանված պահանջներին համապատասխան օդանավերի ախտահանման, միջատազերծման և կրծողազերծման աշխատանքների ապահովման նկատմամբ, որոնք պետք է.
1) նախապես տեղեկացնեն օդանավ շահագործողներին օդանավերի և տրանսպորտային միջոցի նկատմամբ վերահսկողության միջոցառումներ կիրառելու իրենց մտադրության մասին և տրամադրեն գրավոր տեղեկատվություն կիրառվող մեթոդների վերաբերյալ:
2) վերահսկողության միջոցառումներ իրականացնել օդանավակայաններում ուղևորներին, ուղեբեռին, բեռներին, փոխադրամիջոցներին, ապրանքներին, փոստային ծանրոցներին, կոնտեյներների և մարդկանց աճյունները սպասարկող հաստատությունների գործունեության նկատմամբ, ներառյալ անհրաժեշտության դեպքում ստուգումների և բժշկական ստուգումների անցկացումը.
3) որակի վերահսկողության միջոցառումներ իրականացնել օդանավակայաններում, օդանավ շահագործող և ավիացիոն գործունեություն իրականացնող կազմակերպություններում, սույն Կանոնների պահանջներով սահմանված աշխատանքների կատարման նկատմամբ:
84. Օդանավ շահագործողները պատասխանատու են.
1) վարակված տարածքներից ժամանող ուղեբեռի, բեռների, տարաների, տրանսպորտային միջոցների, ապրանքների, փոստային ծանրոցների և մարդկային աճյունների հսկողության համար և պետք է ապահովեն, որ դրանք պահվեն այնպիսի պայմաններում, որպեսզի կանխվեն վարակների տարածումը, այդ թվում նաև վարակակիրների բացակայությունը.
2) ուղեբեռի, բեռների, տարաների, տրանսպորտային միջոցների, ապրանքների, փոստային ծանրոցների և մարդկային մնացորդների դերատիզացիայի, ախտահանման, դեզինսեկցիայի կատարման աշխատանքների վերահսկման, որտեղ այն կիրառելի է` սույն Կանոնների հիման վրա անձանց ախտահանման համար.
3) ցանկացած աղտոտված ջրի կամ սննդի, մարդկային կամ կենդանական թափոնների, կոյուղու և ցանկացած այլ աղտոտված նյութի տեղափոխման և անվտանգ հեռացման աշխատանքների վերահսկման համար.
4) ապահովեն, որ ուղևորների կողմից օգտագործվող նրանց սպասարկման համար անհրաժեշտ սարքավորումները և միջոցները պահպանվեն բարվոք սանիտարական վիճակում և զերծ լինեն վարակի կամ աղտոտման աղբյուրներից:
Ձև 1
ՀՐԱՀԱՆԳ ՕԴԱՆԱՎԻ ԱԽՏԱՀԱՆՄԱՆ, ՄԻՋԱՏԱԶԵՐԾՄԱՆ, ԿՐԾՈՂԱԶԵՐԾՄԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով կարանտինային հիվանդությունների ախտանիշներով հիվանդների, կրծողների, նրանց կենսագործունեության հետքերի հայտնաբերման հետ կապված Առողջապահության համաշխարհային կազմակերպության կանոնների դրույթները, Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության կողմից և ՀՀ առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի N 13-Ն հրամանով հաստատված պահանջները,
_________________________________________________________________________
(օդանավ շահագործողի անվանումը, օդանավի համարը, թռիչքի համարը, օդանավի
պատկանելիությունը)
նշանակվում է կատարել ախտահանման, միջատազերծման և կրծողազերծման աշխատանքներ (ըստ անհրաժեշտության ընդգծել)
_________________________________________________________________________
_________________________________________________________________________
(նշեք օդանավում կատարվող ախտահանման, միջատազերծման և կրծողազերծման
մեթոդը և խցիկները/տեղամասերը)
Հերթապահ բժիշկ համաճարակաբան
(համաճարակաբանի օգնական)___________________________________________
(Ա.Ա.Հ.օր, ամիս, ամսաթիվ, ստորագրություն)
Ձև 2
ՕԴԱՆԱՎԻ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ _________________________________________________
(ավիաընկերության անվանումը)
Օդանավի տեսակը ________ N _______
Սկսվել է _______ Ավարտվել է ______
Ձև 2
(շարունակություն)
.___________________________________________________________________.
|Ստուգման|Ստուգման արդյունքները,|Խախտման |Խախտումը վերացրած |
|ամսաթիվ,|ստուգումն իրականացնող |վերացման |անձի ստորագրությունը,|
|չվերթի |անձի ստորագրությունը |արդյունքները,|ծառայությունը և |
|համար |և պաշտոնը |ամսաթիվը, |պաշտոնը |
| | |ժամը | |
|________|______________________|_____________|_____________________|
|________|______________________|_____________|_____________________|
|________|______________________|_____________|_____________________|
|________|______________________|_____________|_____________________|
.___________________________________________________________________.
Ձև 2
(շարունակություն)
ՀՐԱՀԱՆԳՆԵՐ ՕԴԱՆԱՎԻ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. «Օդանավի սանիտարական գրանցամատյանը» նախատեսված է օդանավի սպասարկման, ուղևորասրահների և օդանավի սարքավորումների սանիտարական վիճակի ստուգման արդյունքների գրանցման համար:
2. «Օդանավի սանիտարական գրանցամատյանը» գտնվում է օդանավում հատուկ նշված տեղում:
3. «Օդանավի սանիտարական գրանցամատյանի» ընդունումը և փոխանցումը կատարվում է սահմանված կարգով` համաձայն «Օդանավի գրանցամատյանի» և «Օդանավի գույքի գույքագրման» գրանցամատյանի:
4. Բժշկական հաստատությունը, աշխատանքի պաշտպանության և շրջակա միջավայրի պաշտպանության ծառայությունը և օդանավակայանների և օդանավ շահագործողների թռիչքային անվտանգության տեսչական ստորաբաժանումներն ապահովում են օդանավի սանիտարական վիճակի վերահսկողությունը և «Օդանավի սանիտարական գրանցամատյանի» պահպանումը:
5. Օդանավի սանիտարական վիճակի ստուգումն իրականացնում են օդանավակայանների և օդանավ շահագործողների բժշկական անձնակազմի պատասխանատուների, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության տեսուչների կողմից, որոնք ստուգման արդյունքները գրանցում են «Օդանավերի սանիտարական գրանցամատյանի» համապատասխան բաժիններում և հետևում են հայտնաբերված սանիտարական խախտումների վերացմանը:
6. Օդանավի սանիտարական ստուգումն իրականացվում է անձնակազմի կողմից մեկնման օդանավակայանում մեկնումից առաջ և ամբողջ թռիչքի ընթացքում:
7. Ավագ բորտուղեկցորդը և իրավասու մարմինների ներկայացուցիչները պետք է տեղեկացնեն օդանավի հրամանատարին և շահագործման ծառայության կարգավարին բոլոր խախտումների մասին` դրանք վերացնելու համար անհրաժեշտ միջոցները անհապաղ ձեռնարկելու համար:
8. Ավագ բորտուղեկցորդը «Օդանավի սանիտարական գրանցամատյանում» ընթեռնելի մեկնաբանություններ է կատարում թռիչքից առաջ կամ թռիչքի ընթացքում հայտնաբերված սանիտարական խնդիրների վերաբերյալ` լրացնելով գրանցամատյանի բոլոր սյունակները:
9. Բազային օդանավակայան ժամանելուն պես «Օդանավերի սանիտարական գրանցամատյանում» երթուղու բոլոր փուլերում գրանցված թերությունները վերացվում են համապատասխան ծառայությունների մասնագետների կողմից` շահագործման ծառայության կարգավարին տեղեկատվության հիման վրա` պարտադիր գրառում կատարելով «Խախտումների վերացման մասին նշում», որտեղ նշվում են կատարման ամսաթիվը, ժամը, արդյունքը և կատարողի ստորագրությունը:
10. Օդանավ շահագործողի վերգետնյա անձնակազմը «Օդանավի սանիտարական գրանցամատյանը» սահմանված կարգով փոխանցում է Օդանավ շահագործողի բժշկական ծառայություն` երկու տարի պահպանման համար:
11. «Օդանավի սանիտարական գրանցամատյանի» ժամկետի լրանալու, կորստի կամ վնասման դեպքում օդանավ շահագործողի կողմից անհապաղ տրամադրվում է նոր գրանցամատյան:
Ձև 3
ՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ՊԱՀԱՆՋՈՂ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ
._____________________________________________________________________.
|N |Հիվանդությունների |Հիվանդությունների |
| |տեսակները |կոդերը* |
|___|____________________________________________|____________________|
|1 |Բնական ծաղիկ |B03 |
|___|____________________________________________|____________________|
|2 |Ժանտախտ |A20: A20.0, A20.1, |
| | |A20.2, A20.3, A20.7,|
| | |A20.8, A20.9 |
|___|____________________________________________|____________________|
|3 |Խոլերա |A.00: A.00.0, A00.1,|
| | |A00.9 |
|___|____________________________________________|____________________|
|4 |Դեղին տենդ |A95: A95.0, A95.1, |
| | |A95.9 |
|___|____________________________________________|____________________|
|5 |Սուր պոլիոմիելիտ` առաջացած վայրի |A80.1, A80.2 |
| |պոլիովիրուսով | |
|___|____________________________________________|____________________|
|6 |Գրիպ` հարուցված նույնականացրած գրիպի |J9-J11 |
| |վիրուսով փոխանցվող օդակաթիլային ճանապարհով, | |
| |Գրիպ` հարուցված այլ նույնականացրած գրիպի | |
| |վիրուսով | |
| |Գրիպ` վիրուսը նույնականացրած չէ | |
|___|____________________________________________|____________________|
|7 |Ծանր սուր շնչառական համախտանիշ (SARS) |U04.9 |
| |չճշտված | |
|___|____________________________________________|____________________|
|8 |Լասսի տենդ |A96.2 |
|___|____________________________________________|____________________|
|9 |Մարբուրգ (Marburg) վիրուսով հարուցված |A98.3 |
| |հիվանդություն | |
|___|____________________________________________|____________________|
|10 |Էբոլա (Ebola) վիրուսով հարուցված հարուցված |A98.4 |
| |հիվանդություն | |
|___|____________________________________________|____________________|
|11 |Մալարիա (դողէրոցք)` հարուցված պլազմոդիում |B50, B51, B52, B53.0|
| |ֆալցիպարումով (Plasmodium falciparum) | |
|___|____________________________________________|____________________|
|12 |Արևմտյան Նեղոսի (West Nile) հիվանդություն |A92.3 |
|___|____________________________________________|____________________|
|13 |Ղրիմյան հեմոռագիկ տենդ (Կոնգո վիրուսով |A98.0 |
| |հարուցված) | |
| |Կենտրոնասիական հեմոռագիկ տենդ | |
|___|____________________________________________|____________________|
|14 |Դենգեի տենդ (դենգեի դասական տենդ) |A90, A91 |
|___|____________________________________________|____________________|
|15 |Ռիֆտ-Վալլի տենդ (Ռիֆտ հովտի տենդ) |A92.4 |
._____________________________________________________________________.
_______________
* Հիվանդությունների կոդերը համապատասխանում են Հիվանդությունների և դրանց հետ կապված առողջական խնդիրների միջազգային վիճակագրական դասակարգմանը:
Ձև 4
ՄԻՋԱՏԱԶԵՐԾՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՁԵՎԱԹՈՒՂԹ
._____________________________________________________________________.
| ՄԻՋԱՏԱԶԵՐԾՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՁԵՎԱԹՈՒՂԹ |
| ______________________________________________________________ |
| (օդանավ շահագործողի անվանումը, տիպը, օդանավի գրանցման համարը) |
| |
| Օդանավի ներքին մակերեսները, ներառյալ բեռնախցիկները, մշակվել են |
|հաստատված ախտահանիչ միջոցով, որն ունի հետվնասվածքային ազդեցություն |
|___________________ համաձայն Առողջապահության համաշխարհային |
|կազմակերպության առաջարկությունների (ԱՀԿ շաբաթական համաճարակաբանական |
|տեղեկատվություն թիվ 7, 1985, էջ 47, թիվ 12, 1985, էջ 90; թիվ 45, |
|1985, էջ 345-346 և թիվ 44, 1987, էջ 335-336) և որոշ |
|փոփոխությունների: |
| Մշակումը պետք է կրկնվի, եթե մաքրման կամ այլ գործողությունների |
|արդյունքում հեռացվել է մնացորդային ազդեցություն ունեցող վնասատուների |
|դեմ պայքարի միջոցի զգալի մասը` վերը նշված ամսաթվից հետո 8 շաբաթվա |
|ընթացքում: |
| |
|Ա.Ա.Հ. Ստորագրություն` ____________________________________ |
|Վայրը` _________________________________ |
|Օր, ամիս, տարին _______________________ |
._____________________________________________________________________.
Պաշտոնական հրապարակման օրը` 15 հունվարի 2026 թվական: