ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
ՀՐԱՄԱՆ
30 հունվարի 2026 թվականի N 103-Ն
QR ԳԾԻԿԱՎՈՐ ԿՈԴ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ` ԱՐՏԱՏՊՎՈՂ ԿԱՄ ՆԵՐԲԵՌՆՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ QR ԳԾԻԿԱՎՈՐ ԿՈԴԻ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ QR ԳԾԻԿԱՎՈՐ ԿՈԴ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 311-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 702-Լ որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կանոնադրության 17-րդ կետի 16-րդ ենթակետով`
Հրամայում եմ`
1. Սահմանել`
1) QR գծիկավոր կոդ պարունակող` արտատպվող կամ ներբեռնվող փաստաթղթերի QR գծիկավոր կոդի նույնականացման կարգը` համաձայն թիվ 1 հավելվածի:
2) QR գծիկավոր կոդ պարունակող փաստաթղթերի ցանկը` համաձայն թիվ 2 հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում QR գծիկավոր կոդերի համակարգի ներդրման ամսվան հաջորդող ամսվա 1-ից:
1/30/2026 Է. ՀԱԿՈԲՅԱՆ
Հավելված N 1
Հայաստանի Հանրապետության
պետական եկամուտների
կոմիտեի նախագահի
2026 թվականի հունվարի 30-ի
N 103-Ն հրամանի
ԿԱՐԳ
QR ԳԾԻԿԱՎՈՐ ԿՈԴ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ` ԱՐՏԱՏՊՎՈՂ ԿԱՄ ՆԵՐԲԵՌՆՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ QR ԳԾԻԿԱՎՈՐ ԿՈԴԻ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են QR գծիկավոր կոդ պարունակող` հարկ վճարողի անձնական էջից արտատպվող կամ ներբեռնվող փաստաթղթերի QR գծիկավոր կոդի նույնականացման հետ կապված հարաբերությունները:
2. QR գծիկավոր կոդը (այսուհետ` Կոդ) հանդիսանում է մեքենայական ընթերցվող պատկեր (պիտակ), որի միջոցով ապահովվում է հարկային մարմնի տեղեկատվական բազայից կամ հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի հարկ վճարողի անձնական էջից արտատպված կամ ներբեռնված փաստաթղթի` հարկային մարմնի կողմից վավերացված լինելու հավաստումը:
3. Կոդի նույնականացումն իրականացվում է արտատպվող կամ ներբեռնվող փաստաթղթերի վրա նախատեսված մեքենայաընթեռնելի ձևով ներկայացված երկչափ ծածկագրի ձևաչափով:
4. Ծածկագրի ձևավորումն իրականացվում է նույնականացման ծածկագրի ձևավորման և ստուգման կոդի ձևավորման միջոցով: Նույնականացման ծածկագիրը ներառում է նաև արտատպվող կամ ներբեռնվող փաստաթղթերի համարը և վավերականության ամսաթիվը:
5. Կոդը սքանավորելիս իրականացվում է վերաուղղորդում հարկ վճարողի անձնական էջից արտատպված կամ ներբեռնված փաստաթուղթը ցուցադրող էջ:
Հավելված N 2
Հայաստանի Հանրապետության
պետական եկամուտների
կոմիտեի նախագահի
2026 թվականի հունվարի 30-ի
N 103-Ն հրամանի
ՑԱՆԿ
QR ԳԾԻԿԱՎՈՐ ԿՈԴ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ
1. Անձնական հաշվի քարտի քաղվածք.
2. Առանձին հարկատեսակների և վճարների գծով, այդ թվում` դրոշմանիշային վճարների գծով պարտավորությունների վերաբերյալ տեղեկանք.
3. Հայաստանի Հանրապետությունում վճարված պետական հարկերի և պետական վճարների վերաբերյալ տեղեկանք (այդ թվում` անգլերեն և ռուսերեն լեզուներով).
4. Ֆիզիկական անձի անհատական հաշվի քաղվածք.
5. Բոլոր հարկատեսակների և վճարատեսակների գծով հարկ վճարողի կողմից հարկային և մաքսային մարմիններ ներկայացվող հաշվարկներ, հաշվետվություններ, հայտարարագրեր և այլ տեղեկություններ.
6. Վարչական ակտեր և դրանց անբաժանելի մասը համարվող փաստաթղթեր, ինչպես նաև ՀՀ ՊԵԿ հարկային և մաքսային մարմինների կողմից կայացված որոշումներ` այդ թվում հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի և ՊԵԿ իրավաբանական վարչության պետի կողմից կայացված որոշումներ.
7. Հայաստանի Հանրապետության հարկային ռեզիդենտի կարգավիճակի հաստատման մասին տեղեկանք (այդ թվում` անգլերեն և ռուսերեն լեզուներով):
Պաշտոնական հրապարակման օրը` 5 փետրվարի 2026 թվական: