ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
30 հունվարի 2026 թվականի թիվ 22-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 16-Ի ԹԻՎ 103-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով ապահովել Հայաստանի Հանրապետության ապահովագրական համակարգում միջազգային պատժամիջոցների շրջանցման ռիսկի արդյունավետ կառավարմանն ուղղված համապատասխան գործիքակազմի առկայությունը,
հիմք ընդունելով «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» օրենքի 153-րդ հոդվածը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2013 թվականի ապրիլի 16-ի ««Ապահովագրական ընկերության ներքին հսկողության համակարգին ներկայացվող նվազագույն պահանջները» կանոնակարգ 3/10-ը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2009 թվականի հունիսի 2-ի թիվ 163-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 103-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրական ընկերության ներքին հսկողության համակարգին ներկայացվող նվազագույն պահանջները» կանոնակարգ 3/10-ում (այսուհետ` Կանոնակարգ) կատարել հետևյալ լրացումները.
1) Կանոնակարգի 3-րդ կետում
ա. 13-րդ ենթակետի «:» նշանը փոխարինել «,» նշանով,
բ. լրացնել նոր 14-րդ և 15-րդ ենթակետեր` հետևյալ բովանդակությամբ.
«14) Միջազգային պատժամիջոցներ` միջազգային կազմակերպությունների կամ պետությունների կողմից կիրառվող ցանկացած տնտեսական, ֆինանսական, առևտրային կամ այլ սահմանափակող միջոցառումները, այդ թվում` գույքի սառեցումը կամ արգելափակումը, միջոցների կամ տնտեսական ռեսուրսների հասանելիության սահմանափակումը, ոլորտային ֆինանսավորման կամ ներդրումային սահմանափակումները, առևտրի, արտահանման կամ ներմուծման վերահսկողությունը, ծառայությունների արգելքները և վերոնշյալ սահմանափակումների շրջանցման դեմ պայքարի միջոցառումները, բացառությամբ «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքով սահմանված` ահաբեկչության կամ զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց ցանկերի, որոնց վերաբերյալ կարգավորումները սահմանված են այլ համապատասխան օրենքներով և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով,
15) Միջազգային պատժամիջոցների շրջանցման ռիսկ` միջազգային պատժամիջոցների շրջանցման հետևանքով Ընկերության կորուստներ կրելու հավանականությունն է:»:
2) Կանոնակարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 13.1-ին գլխով.
«ԳԼՈՒԽ 13.1 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՇՐՋԱՆՑՄԱՆ ՌԻՍԿԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
85.1. Ընկերությունը պետք է ունենա ռիսկերի վրա հիմնված` միջազգային պատժամիջոցների շրջանցման ռիսկի կառավարման ներքին հսկողության համակարգեր և ընթացակարգեր, որոնք առնվազն ներառում են միջազգային պատժամիջոցների շրջանցման հետ կապված ռիսկերի գնահատման, ինչպես նաև` դրանց զսպման, մշտադիտարկման, հսկողության համակարգի թեստավորման և հաշվետվողականության մեխանիզմներ:
85.2. Ընկերությունը պետք է բիզնես գործունեությունից, չափից, բարդությունից և ռիսկայնությունից կախված` հետևի միջազգային պատժամիջոցների վերաբերյալ միայն այն երկրների կամ միջազգային կազմակերպությունների կողմից սահմանված կարգավորումներին, որոնք ուղղակի կամ անուղղակի ձևով կարող են ազդեցություն ունենալ Ընկերության գործունեության վրա:
85.3. Ընկերությունը պետք է ունենա ներքին հսկողության համակարգի այնպիսի գործընթացներ, որոնք հնարավորություն կտան լիարժեք և արդյունավետ կերպով հայտնաբերել, գնահատել, կասեցնել կամ մերժել միջազգային պատժամիջոցների շրջանցման ռիսկ պարունակող գործարքները:
85.4. Ընկերության խորհուրդը պետք է.
1) հաստատի միջազգային պատժամիջոցների շրջանցման ռիսկի կառավարման ներքին հսկողության և դիտանցման վերաբերյալ ընթացակարգերը և վերանայի դրանք տարեկան պարբերականությամբ կամ ավելի հաճախ` Ընկերությունում կամ շուկայում տեղի ունեցած էական փոփոխությունների դեպքում,
2) հաստատի սույն կանոնակարգի 85.18-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված` միջազգային պատժամիջոցների շրջանցման ռիսկի կառավարման գործընթացի թերությունների, ձախողումների և բացթողումների վերացմանն ուղղված միջոցառումների ծրագիրը և վերանայի այն տարեկան պարբերականությամբ կամ ավելի հաճախ` պատժամիջոցների շրջանցման ռիսկի կառավարման գործընթացում տեղի ունեցած էական փոփոխությունների դեպքում,
3) հաստատի միջազգային պատժամիջոցների շրջանցման ռիսկի կառավարման գործընթացի իրականացման համար անհրաժեշտ բյուջեն:
85.5. Ընկերության գործադիր մարմինը պետք է.
1) ապահովի սույն Կանոնակարգի 85.1-ին կետով սահմանված պահանջների ներդրումը և դրանց արդյունավետ իրականացումը,
2) սահմանի միջազգային պատժամիջոցների շրջանցման ռիսկի կառավարման գործառույթի իրականացման համար պատասխանատու անձի (սույն գլխի իմաստով այսուհետ նաև` Պատասխանատու անձ) պարտականությունները և պատասխանատվության շրջանակը, նշանակի Պատասխանատու անձի, որը պետք է լինի Կենտրոնական բանկի կողմից արդեն իսկ գրանցված ղեկավար, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում` միջազգային պատժամիջոցների շրջանցման ռիսկի կառավարման համար պատասխանատու այլ անձանց` բացառելով շահերի բախման հավանականությունը,
3) ապահովի միջազգային պատժամիջոցների շրջանցման ռիսկի կառավարման նպատակով ամենօրյա աշխատանքների կատարման և բավարար տեխնոլոգիական, փորձագիտական և այլ ռեսուրսների առկայությունը,
4) ապահովի սույն կանոնակարգի 85.18-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված միջազգային պատժամիջոցների շրջանցման ռիսկի կառավարման գործընթացի թերությունների, ձախողումների և բացթողումների վերացմանն ուղղված միջոցառումների ծրագրի իրականացումը:
85.6. Պատասխանատու անձն առնվազն պետք է.
1) մշակի և խորհրդի հաստատմանը ներկայացնի միջազգային պատժամիջոցների շրջանցման ռիսկի կառավարման վերաբերյալ մեթոդաբանությունները և ընթացակարգերը,
2) բացահայտի և գնահատի Ընկերության` միջազգային պատժամիջոցների շրջանցման հետ կապված ռիսկերը, հսկողություն և մոնիտորինգ իրականացնի բացահայտված` միջազգային պատժամիջոցների շրջանցման ռիսկի նկատմամբ, ապահովի դրա արդյունավետ կառավարումը,
3) մշակի միջազգային պատժամիջոցների շրջանցման ռիսկի կառավարման գործընթացի թերությունների, բացթողումների և ձախողումների վերացմանն ուղղված միջոցառումների ծրագիրը,
4) իրականացնի միջազգային պատժամիջոցների շրջանցման ռիսկերի կառավարմանն առնչվող այլ գործառույթներ:
85.7. Ընկերությունը պետք է ունենա միջազգային պատժամիջոցների շրջանցման ռիսկերի գնահատման մեթոդաբանություն և դրա հիման վրա` առնվազն տարին մեկ անգամ, իրականացնի միջազգային պատժամիջոցների շրջանցման ռիսկի գնահատում` հնարավոր թերությունները և խնդիրները հայտնաբերելու նպատակով:
85.8. Միջազգային պատժամիջոցների շրջանցման ռիսկի գնահատումը պետք է ներառի ներհատուկ ռիսկի, դրա կառավարման և մնացորդային ռիսկի գնահատում:
85.9. Միջազգային պատժամիջոցների շրջանցման ռիսկի գնահատման գործընթացում ներհատուկ ռիսկի գնահատումը առնվազն պետք է ներառի`
1) հաճախորդների ռիսկի գնահատում,
2) աշխարհագրական տեղակայման ռիսկի գնահատում,
3) առաջարկվող ծառայությունների, այդ թվում` գործարքների ռիսկի գնահատում,
4) կոնտրագենտների և միջնորդների ռիսկի գնահատում,
5) ծառայությունների մատուցման շղթայի ռիսկի գնահատում:
85.10. Ընկերությունը պետք է գնահատի միջազգային պատժամիջոցների շրջանցման ռիսկի կառավարման գործընթացի մաս կազմող` ներհատուկ ռիսկերի զսպմանն ուղղված համապատասխան գործիքակազմի և դրա կիրառման արդյունավետությունը:
85.11. Ընկերությունը պետք է գնահատի միջազգային պատժամիջոցների շրջանցման մնացորդային ռիսկը, որը որոշվում է Ընկերության գործառնությունների ներհատուկ ռիսկի մակարդակի և դրա կառավարման համարժեքության ու արդյունավետության գնահատման արդյունքում:
85.12. Այն խնդիրները և թերությունները, որոնք բացահայտվել են հսկողության այլ գործընթացներում ինչպիսիք են` մշտադիտարկումը, թեստավորումը և ներքին աուդիտը, նույնպես պետք է ներառվեն միջազգային պատժամիջոցների շրջանցման ռիսկի գնահատման արդյունքներում:
85.13. Ընկերության ներքին հսկողության համակարգերը և գործընթացները առնվազն պետք է հնարավորություն տան`
1) իրականացնել Ընկերության հաճախորդի, հաճախորդի կոնտրագենտների և Ընկերության կոնտրագենտների, ինչպես նաև գործարքների բոլոր կողմերի պատշաճ ուսումնասիրություն,
2) իրականացնել հաճախորդների և կոնտրագենտների (ներառյալ` վերաապահովագրողների)` միջազգային պատժամիջոցների շրջանցման ռիսկայնության գնահատում,
3) իրականացնել գործարքների դիտանցում,
4) Ընկերությանը հասանելի տեղեկատվության հիման վրա հետևել հաճախորդների և կոնտրագենտների գործունեությանը,
5) գնահատել միջազգային պատժամիջոցների շրջանցման ռիսկի գնահատման գործընթացը,
6) հավաքագրել և պահպանել միջազգային պատժամիջոցների շրջանցման ռիսկի կառավարման գործընթացում բացահայտված տեղեկատվությունը:
85.14. Ընկերությունը պետք է ապահովի, որ միջազգային պատժամիջոցների շրջանցման ռիսկի կառավարման հետ առնչվող գործառնություններում ներգրավված համապատասխան աշխատակիցները տեղեկացված լինեն Ընկերությունում ներդրված միջազգային պատժամիջոցների շրջանցման ռիսկի կառավարման ընթացակարգերի և դրանց թարմացումների վերաբերյալ:
85.15. Ընկերությունը պետք է ունենա միջազգային պատժամիջոցների շրջանցման ռիսկի կառավարման գործընթացի արդյունավետության մշտադիտարկման գործընթաց:
85.16. Ընկերությունը պետք է իրականացնի միջազգային պատժամիջոցների շրջանցման ռիսկի կառավարման գործընթացի հսկողության և հիմնական գործընթացների թեստավորում, որի միջոցով առնվազն պետք է ստուգի, որ դիտանցման համակարգերն աշխատեն պատշաճ ձևով, ինչպես նաև պարբերաբար գնահատի դրանց արդյունավետությունը ռիսկերի կառավարման տեսանկյունից:
85.17. Ընկերությունը պետք է ապահովի, որ միջազգային պատժամիջոցների շրջանցման ռիսկի կառավարմանն ուղղված ներքին հսկողության համակարգերում խնդիրների բացահայտման դեպքում հնարավոր լինի ձեռնարկել ռիսկի զսպմանը և վերացմանն ուղղված անհապաղ և արդյունավետ գործողություններ:
85.18. Առնվազն կիսամյակային պարբերականությամբ Պատասխանատու անձը խորհրդին և գործադիր մարմնին պետք է ներկայացնի հաշվետվություններ նվազագույնը հետևյալի վերաբերյալ.
1) միջազգային պատժամիջոցների շրջանցման ռիսկի կառավարման գործընթաց, դրա բաղադրիչներ, իրականացման ընթացք և միջազգային պատժամիջոցների շրջանցման վերաբերյալ բոլոր ռիսկեր,
2) միջազգային պատժամիջոցների շրջանցման ռիսկի կառավարման գործընթացի բացահայտված թերություններ, ձախողումներ և բացթողումներ,
3) միջազգային պատժամիջոցների շրջանցման ռիսկի գնահատման արդյունքներ,
4) միջազգային պատժամիջոցների վերաբերյալ կարգավորումների հնարավոր խախտումներ, ինչպես նաև դրանց վերացմանն ուղղված միջոցառումներ:
85.19. Ընկերությունը պետք է ունենա համապատասխան ընթացակարգեր, որոնք պետք է հնարավորություն տան, որ միջազգային պատժամիջոցների շրջանցման ռիսկի կառավարման վերաբերյալ ներքին հսկողության համակարգում թերությունների, ձախողումների և բացթողումների բացահայտման դեպքերը անհապաղ ներկայացվեն Պատասխանատու անձին, ինչպես նաև ձեռնարկվեն միջազգային պատժամիջոցների շրջանցման ռիսկի զսպմանը և վերացմանն ուղղված արդյունավետ միջոցառումներ:
85.20. Ընկերությունը պետք է ունենա իր չափին, բարդությանը, ռիսկայնությանը և ընթացիկ գործառնություններին համապատասխան` միջազգային պատժամիջոցների դիտանցման համար ներդրված ընթացակարգեր և ավտոմատացված գործիքակազմ, որոնք հնարավորություն կտան իրականացնել Ընկերության գործառնությունների, այդ թվում` գործարքների մանրամասն ուսումնասիրություն միջազգային պատժամիջոցների շրջանցման ռիսկերի բացահայտման և արդյունավետ կառավարման նպատակով: Սույն կետով սահմանված ընթացակարգերը վերանայվում են տարեկան պարբերականությամբ կամ Ընկերությունում կամ շուկայում տեղի ունեցած էական փոփոխության դեպքում:
85.21. Ընկերությունը, հաշվի առնելով միջազգային պատժամիջոցների կարգավորումների առանձնահատկությունները, դիտանցման գործընթացում առնվազն պետք է հաշվի առնի`
1) աշխարհագրական գործոնները, այդ թվում` միջազգային պատժամիջոցների առավել խիստ և ընդլայնված կարգավորման սուբյեկտ հանդիսացող երկրները, քաղաքները, շրջանները,
2) միջազգային պատժամիջոցների հետ կապված հիմնական բանալի բառերը,
3) գործարքի մաս կազմող ապրանքների, ծառայությունների, ծրագրային ապահովումների և տեխնոլոգիաների ծագման աղբյուրները,
4) միջազգային պատժամիջոցների ենթարկված կողմերին պատկանող կամ նրանց հետ փոխկապակցված կազմակերպություններին և սուբյեկտներին, որոնք կասկածվում են միջազգային պատժամիջոցների շրջանցման մեջ: Ընդ որում, Ընկերությունն, ըստ անհրաժեշտության, կարող է հաշվի առնել նաև վերջիններիս վերաբերյալ ներքին և արտաքին հավաստի տվյալները կամ տեղեկությունները,
5) այն ֆինանսական կազմակերպությունների նույնականացման տվյալները, որոնց վրա տարածվում են միջազգային պատժամիջոցները:
85.22. Ընկերությունը պետք է դիտանցման ենթարկի առնվազն.
1) հաճախորդներին և կոնտրագենտներին,
2) Ընկերության մասնակիցներին, գործարքների իրականացման մեջ ներգրավված աշխատակիցներին կամ Ընկերության կառավարման մարմիններին` առնվազն տարեկան պարբերականությամբ,
3) գործարքների արժույթները,
4) գործառնությունների իրականացման վայրը:
85.23. Սույն գլխով սահմանված` հաճախորդի վերաբերյալ տվյալների դիտանցում իրականացնելիս Ընկերությունը առնվազն պետք է հաշվի առնի տվյալ անձի հետ փոխկապակցված այն անձանց, որոնք արդեն իսկ բացահայտված են Ընկերության կողմից, այդ թվում` ուղղակի և անուղղակի նշանակալից մասնակցություն ունեցող անձանց, իրական շահառուներին, տնօրեններին, լիազորված անձանց, երաշխավորներին, հաճախորդի գործարար հարաբերությունները, ֆիզիկական անձանց դեպքում նաև քաղաքացիությունը, փաստացի բնակության հասցեն և հարկման հիմնական երկիրը, իսկ իրավաբանական անձանց դեպքում` գտնվելու և գործունեության վայրը:
85.24. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գործող կամ սույն կարգավորման շրջանակից դուրս գտնվող ֆինանսական կազմակերպություններին պարբերաբար ծառայություններ մատուցելու դեպքում Ընկերությունը պետք է շարունակաբար գնահատի և փաստաթղթավորի տվյալ ֆինանսական կազմակերպության միջազգային պատժամիջոցների շրջանցման ռիսկի կառավարման գործընթացը:
85.25. Սույն գլխով սահմանված` հաճախորդների վերաբերյալ տվյալների դիտանցումը պետք է իրականացվի հաճախորդի հետ գործարար հարաբերություններ հաստատելիս և պետք է ունենա շարունակական բնույթ: Ընդ որում, միջազգային պատժամիջոցների ցանկերում կամ հաճախորդի վերաբերյալ տվյալներում ցանկացած փոփոխության կամ թարմացման դեպքում, Ընկերությունը պետք է իրականացնի դիտանցում` փոփոխությունից կամ թարմացումից հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում:
85.26. Ընկերության կողմից իրականացվող գործարքների վերաբերյալ տվյալները պետք է ենթարկվեն դիտանցման նախքան գործարքի իրականացումը և հաստատումը:
85.27. Ընկերությունը պետք է պարբերաբար իրականացնի միջազգային պատժամիջոցների դիտանցման գործիքակազմի և համակարգերի արդյունավետության թեստավորում, որն առնվազն պետք է.
1) իրականացվի դիտանցման համար Ընկերության կողմից սահմանված չափորոշիչների, կատարված վերլուծությունների և հաշվետվությունների հիման վրա,
2) ներառի միջազգային պատժամիջոցների շրջանցման ռիսկի կառավարման վերաբերյալ տվյալների հավաստիության ու ամբողջականության ստուգում:
85.28. Ընկերությունը պետք է փաստաթղթավորի միջազգային պատժամիջոցների դիտանցման գործիքակազմը, ինչպես նաև պետք է ապահովի համակարգի սահմանափակումների կամ ռիսկերի վրա հիմնված որոշումների թափանցիկությունը, որոնք դիտանցման հսկողական մեխանիզմների միջոցով չեն բացահայտվում:
85.29. Միջազգային պատժամիջոցների դիտանցման հսկողական մեխանիզմներից բացի Ընկերությունը պետք է ներդնի նաև համապատասխան մեթոդաբանություն` ներառյալ գործարքների մշտադիտարկման սցենարներ, բացահայտելու համար միջազգային պատժամիջոցներից խուսափելու կամ շրջանցելու դեպքերը: Սցենարները պետք է պարբերաբար վերանայվեն և գնահատվեն, որպեսզի ապահովվի մեթոդաբանության համապատասխանությունը միջազգային պատժամիջոցներից խուսափելու կամ շրջանցելու դեպքերին:»:
3) Կանոնակարգի 125-րդ կետում
ա. 16-րդ ենթակետի «:» նշանը փոխարինել «,» նշանով,
բ. լրացնել նոր 17-րդ ենթակետ` հետևյալ բովանդակությամբ.
«17) միջազգային պատժամիջոցների շրջանցման ռիսկի կառավարման արդյունավետության գնահատումը:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 6 ամիս հետո:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի
տեղակալ Ա. Նուրբեկյան
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 11 փետրվարի 2026 թվական: