Սեղմել Esc փակելու համար:
ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ԱՂՏՈՏՎԱԾՈՒԹՅԱՆ ԿՐԻՏԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ԱՂՏՈՏՎԱԾՈՒԹՅԱՆ ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԵՎ ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ԲԵՌՆՎԱԾՈՒԹՅԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 փետրվարի 2026 թվականի N 143-Ն

 

ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ԱՂՏՈՏՎԱԾՈՒԹՅԱՆ ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԵՎ ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ԲԵՌՆՎԱԾՈՒԹՅԱՆ ՇԵՄԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել մթնոլորտային օդի աղտոտվածության կրիտիկական մակարդակի և կրիտիկական բեռնվածության շեմի վերաբերյալ կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի ապրիլի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2026 թ. փետրվարի 12

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2026 թվականի փետրվարի 12-ի

N 143-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ԱՂՏՈՏՎԱԾՈՒԹՅԱՆ ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԵՎ ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ԲԵՌՆՎԱԾՈՒԹՅԱՆ ՇԵՄԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են մթնոլորտային օդի աղտոտվածության կրիտիկական մակարդակի և բնական էկոհամակարգերի համար նախատեսված կրիտիկական բեռնվածության շեմի սահմանման, հաշվարկման, գնահատման և կիրառման հետ կապված հարաբերությունները:

2. Կարգի նպատակն է գնահատել, կանխարգելել և վերահսկել մթնոլորտային օդի աղտոտվածության ազդեցությունը մարդկանց, բուսականության և բնական էկոհամակարգերի վրա` ապահովելով դրանց պաշտպանությունը, պահպանությունն ու կայուն գործունեությունը:

 

2. ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԸ ԵՎ ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ԲԵՌՆՎԱԾՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

3. Բուսականության և բնական էկոհամակարգերի վրա մթնոլորտային օդի աղտոտման ազդեցության գնահատման համար սահմանվում են աղտոտող (վնասակար) նյութեր SO2-ի (ծծմբի երկօքսիդ) և NOx-ի (ազոտի օքսիդների) կրիտիկական մակարդակները` համաձայն Աղյուսակ 1-ի:

4. Լանդշաֆտային գոտում կամ բնական էկոհամակարգերի վրա մթնոլորտային օդի աղտոտվածության գնահատման, կանխարգելման և վերահսկման նպատակով շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի (այսուհետ` մասնագիտացված կառույց) կողմից հաշվարկվում և հրապարակվում է կրիտիկական բեռնվածության շեմ` արտահայտված մոլ/մԱ/տարի կամ կգ/հա/տարի չափման միավորով և ենթակա է պարբերական թարմացման առնվազն յուրաքանչյուր հինգ տարին մեկ անգամ կամ նոր գիտական տվյալների առկայության դեպքում` ավելի շուտ:

5. Կրիտիկական բեռնվածության հաշվարկն իրականացվում է էմպիրիկ ուսումնասիրություններով կամ մոդելավորման մեթոդներով:

6. Կրիտիկական բեռնվածության հաշվարկման հիմքում ընկած է պարզ զանգվածային հաշվեկշռի մեթոդը.

 

Մուտք <- Ելք + Չեզոքացում:

 

7. Երբ մթնոլորտային օդում առկա աղտոտող (վնասակար) նյութերից առաջացած մուտքային նստվածքների քանակն ավելի մեծ է, քան էկոհամակարգի արտահոսքի և չեզոքացման կարողությունների գումարը, առաջանում են էկոհամակարգի փոփոխություններ` հողի թթվայնության ավելացում, բազային կատիոնների լվացում, կենսաբազմազանության նվազում և այլն:

8. Կրիտիկական բեռնվածության հաշվարկման հիմքում դրվում են հողի քիմիական կազմի ցուցանիշները (հողի թթվայնության (pH), կալիումի (K), կալցիումի (Ca), մագնեզիումի (Mg) պարունակությունները), մթնոլորտային տեղումների քանակն ու քիմիական բաղադրությունը, էկոհամակարգի տեսակը, ջրաքանակի հոսքը և բուսածածկույթի հատկանիշները:

 

3. ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ԲԵՌՆՎԱԾՈՒԹՅԱՆ ՇԵՄԻ ՀԱՇՎԱՐԿԸ

 

9. Կրիտիկական բեռնվածության հաշվարկը հիմնված է մթնոլորտային օդում առկա ծծմբի (S) և ազոտի (N) միացությունների կոնցենտրացիայի վրա, որոնք հանդիսանում են էկոհամակարգերի թթվայնացման և էվտրոֆացման հիմնական պատճառաբանական գործոնները:

10. Ծծմբի (S) կրիտիկական բեռնվածություն.

 

ԿԲ (S) = ԲԿ_նստվածք + ԲԿ_լվացվող - ԲԿ_յուրացվող - ԹԱ_նստվածք

 

որտեղ`

ԿԲ (S) - կրիտիկական բեռնվածություն (թթվայնացման նկատմամբ),

ԲԿ_նստվածք - բազային կատիոնների նստվածք (Ca(2+), Mg(2+), K(+)),

ԲԿ_լվացվող - հանքային հիմքի քայքայման արդյունքում առաջացող կատիոններ,

ԲԿ_յուրացվող - բույսերի կողմից յուրացվող տարրեր,

ԹԱ_նստվածք - թթվայնացնող անիոնների նստվածքներ (SO4(2-), NO3(-), Cl(-)):

11. Ազոտի (N) կրիտիկական բեռնվածություն.

 

ԿԲ (N) = N_յուրացվող + N_լվացվող

 

որտեղ`

ԿԲ (N) - կրիտիկական բեռնվածություն (էվտրոֆացման նկատմամբ),

N_յուրացվող - բույսերի կողմից յուրացվող ազոտ,

N_լվացվող - հողի միջոցով արտահոսող ազոտ (լվացում):

 

4. ԱՂՏՈՏԻՉՆԵՐԻ ՆՍՏՎԱԾՔԻ ԵՎ ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ԲԵՌՆՎԱԾՈՒԹՅԱՆ ՇԵՄԻ ԳԵՐԱԶԱՆՑՄԱՆ ՀԱՇՎԱՐԿԸ

 

12. Մթնոլորտային օդում առկա աղտոտող (վնասակար) նյութերից առաջացած տարեկան նստվածքի միջինացված արժեքը հաշվարկվում է մթնոլորտային օդում աղտոտող (վնասակար) նյութի կոնցենտրացիայի և տեղումներում լուծված աղտոտող (վնասակար) նյութերի քանակի հիման վրա:

13. Յուրաքանչյուր դիտարկման համար աղտոտող (վնասակար) նյութի նստվածքի արժեքը հաշվարկվում է.

Dնստվածք (մգ/մ2) = կոնցենտրացիա (մգ/լ) x տեղումների ծավալ (լ/մ2):

14. Բնական էկոհամակարգի վիճակի գնահատման նպատակով դիտարկվում է, թե մթնոլորտային օդում առկա աղտոտող (վնասակար) նյութերից առաջացած նստվածքի կամ մթնոլորտային օդում աղտոտող (վնասակար) կոնցենտրացիայի հաշվարկված արժեքը որքանով է գերազանցում տվյալ էկոհամակարգի համար հաստատված կրիտիկական բեռնվածության շեմային արժեքները.

 

E գերազանցում = D (նստվածք) - CL կրիտիկական բեռնվածություն

 

որտեղ`

E-ն գերազանցման արժեքը,

D-ն մթնոլորտային օդում առկա աղտոտող (վնասակար) նյութերից առաջացած նստվածքի կամ աղտոտող (վնասակար) նյութերի կոնցենտրացիայի հաշվարկված միջին տարեկան արժեքը,

CL-ն տվյալ էկոհամակարգի համար սահմանված կրիտիկական բեռնվածության շեմային արժեքը:

15. Եթե E > 0, ապա տվյալ էկոհամակարգը վտանգված է, և անհրաժեշտ է իրականացնել մթնոլորտ աղտոտող (վնասակար) արտանետումների նվազեցման միջոցառումներ:

16. Բնական էկոհամակարգերի աղտոտվածության տարածական գոտիավորումն ու քարտեզագրումն իրականացվում են էմպիրիկ տվյալների և մոդելավորման արդյունքների հիման վրա:

 

5. ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

17. Կրիտիկական բեռնվածության գոտիավորման քարտեզները, հաշվարկները և բեռնվածության շեմի հաշվարկման համար հիմք հանդիսացող ցուցանիշները ենթակա են պարբերական թարմացման մասնագիտացված կառույցի կողմից` առնվազն յուրաքանչյուր հինգ տարին մեկ անգամ կամ նոր գիտական տվյալների առկայության դեպքում` ավելի շուտ:

18. Մարդու առողջության պահպանության մասով մթնոլորտային օդի որակի գնահատման չափանիշները սահմանված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի օգոստոսի 14-ի N 1142-Ն որոշմամբ:

 

Աղյուսակ 1. Մթնոլորտային օդն աղտոտող (վնասակար) նյութերի կրիտիկական մակարդակներ բուսականության կամ բնական էկոհամակարգերի պահպանության համար

 

._________________________________________________________________________.

|NN |Վնասակար        |Միջինացման ժամանակահատված| Կրիտիկական մակարդակ      |

|ը/կ|նյութի անվանումը|                         |                          |

|___|________________|_________________________|__________________________|

| 1.|Ծծմբի երկօքսիդ  |1 տարի և  ձմեռային միջին |       20 մկգ/մ3          |

|   |(SO2)           |ժամանակահատված           |                          |

|   |                |(հոկտեմբերի 1-ից         |                          |

|   |                |մարտի 31-ը)              |                          |

|___|________________|_________________________|__________________________|

| 2.|Ազոտի օքսիդներ  |       1 տարի            |        30 մկգ/մ3         |

|   |(NOx)           |                         |                          |

._________________________________________________________________________.

 

Պաշտոնական հրապարակման օրը` 12 փետրվարի 2026 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.02.2026
N 143-Ն
Որոշում