ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
19 փետրվարի 2026 թվականի N 154-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՐԳԵԼՎԱԾ ՍՆԴԻԿԻ ՀԱՎԵԼԻՉՈՎ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Սնդիկի մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և համաձայն «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 47-րդ հոդվածի, 7-րդ հավելվածի X բաժնի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել սնդիկի հավելիչով արտադրանքի ցանկը, որոնց արտահանումը Հայաստանի Հանրապետությունից և ներմուծումը Հայաստանի Հանրապետություն արգելվում է վեց ամիս ժամկետով` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշման 1-ին կետով սահմանված արգելքը չի տարածվում`
1) սնդիկի հավելիչով այն արտադրանքի (ապրանքների) վրա, որոնց մաքսային ընթացակարգով ձևակերպման ժամանակ առկա է ներմուծողի կամ արտահանողի կողմից կազմված և հաստատված գրավոր հայտարարությունը` քաղաքացիական պաշտպանության, ռազմական, հետազոտությունների (այդ թվում` բժշկական), սարքերի չափաբերման և որպես չափանմուշ (էտալոն) օգտագործման նպատակով արտադրանքի անհրաժեշտության վերաբերյալ.
2) «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների վրա:
3. Սույն որոշման կարգավորման շրջանակներում սույն որոշման հավելվածով սահմանված արտադրանքի ցանկի 3-րդ կետում նշված արտադրանքը համարվում է սնդիկային, եթե այն հայտարարատուի կողմից մաքսային հայտարարագրի համապատասխան դաշտում հայտարարագրվել է որպես սնդիկ պարունակող արտադրանք կամ այդ արտադրանքի մաքսային հսկողության արդյունքում (այդ թվում` տեղեկատվական բաց աղբյուրների օգտագործմամբ) պարզվել է, որ այն հանդիսանում է հեղուկ սնդիկով աշխատող չափման միջոց (սարք) կամ այդ արտադրանքում առկա են հեղուկ սնդիկով լցված մասեր կամ դրանց մակնշվածքում, փաթեթավորման վրա կամ արտադրանքն ուղեկցող փաստաթղթերում առկա են տվյալներ` արտադրանքում սնդիկի պարունակության վերաբերյալ:
4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց առնվազն 3 օրացուցային օր առաջ ծանուցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին սույն որոշման ընդունման մասին.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց առնվազն 3 օրացուցային օր առաջ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի քննարկմանը ներկայացնել առաջարկ` Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից սույն որոշման 1-ին կետով սահմանված ապրանքների արտահանման և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք այդ ապրանքների ներմուծման արգելքի կիրառման մասին:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի փետրվարի 23-ից և գործում է վեց ամիս ժամկետով:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Մ. Գրիգորյան
2026 թ. փետրվարի 19
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2026 թվականի փետրվարի 19-ի
N 154-Ն որոշման
ՑԱՆԿ
ՍՆԴԻԿԻ ՀԱՎԵԼԻՉՈՎ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ, ՈՐՈՆՑ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՐԳԵԼՎԱԾ Է
._____________________________________________________________________.
|NN | Արտադրանքի անվանումը | Ծածկագիրն ըստ |
|ը/կ| | ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի |
|___|____________________________________________|____________________|
|1. |Առաջնային տարրեր և առաջնային մարտկոցներ` | 8506 30 000 0|
| |սնդիկ-օքսիդային | |
|___|____________________________________________|____________________|
|2. |Սնդիկային լամպեր | 8539 32 200 1|
|___|____________________________________________|____________________|
|3. |Սնդիկային, ոչ էլեկտրոնային չափման միջոցներ | |
| |(սարքեր)` բարոմետրեր | 9025 80 200 0-ից,|
| |(մթնոլորտային ճնշաչափ), | 9025 80 800 0-ից,|
| |հիգրոմետրեր (մթնոլորտային օդի և այլ գազի | |
| |խոնավաչափ), մանոմետրեր | 9026 20 400 0-ից,|
| |(հեղուկների և գազերի ճնշաչափ) | 9026 20 800 0-ից,|
| |ջերմաչափեր, | 9025 11-ից,|
| |սֆիգմոմանոմետրեր (արյան ճնշաչափ) | 9018 90 100 0-ից,|
|___|____________________________________________|____________________|
|4. |Սնդիկի քլորիդ, սնդիկի երկքլորիդ, սնդիկի | |
| |ցիանիդ, սնդիկի օքսիցիանիդ | 2 852 10 000 8-ից|
._____________________________________________________________________.
1. Սույն ցանկում ներառված ապրանքների (արտադրանքի) անվանման և ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրի միջև անհամապատասխանությունների դեպքում ծածկագրերը կրում են կողմնորոշիչ բնույթ, և անհրաժեշտ է առաջնորդվել ապրանքների անվանումներով:
Պաշտոնական հրապարակման օրը` 19 փետրվարի 2026 թվական: