Սեղմել Esc փակելու համար:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ Գ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 փետրվարի 2026 թվականի N 195-Ն

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ԿԱՍԵՑՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՎԱՍՏԱԳՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՌԵԵՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) սոցիալական ծառայություն տրամադրելու գործունեության հավաստագրման կարգը, պայմանները, հավաստագրի կասեցման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) հավաստագրված անձանց ռեեստրի վարման կարգը` համաձայն N 2 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` մինչև 2028 թվականի հունվարի 1-ը` «Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամի միջոցով ապահովել սոցիալական ծառայություն տրամադրելու գործունեության հավաստագրման տեղեկատվական համակարգի (այսուհետ` տեղեկատվական համակարգ) ծրագրային ապահովումը և գործարկումը:

3. Սույն որոշմամբ սահմանված` հավաստագրման ենթակա սոցիալական ծառայություն տրամադրելու գործունեությունն առանց հավաստագրման իրականացնող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը, ներառյալ այն կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը, որոնք ունեն գործող հավաստագիր, «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով նախատեսված սոցիալական ծառայությունների տրամադրման նվազագույն չափորոշիչները սահմանող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ մտնելուց հետո` 18 ամսվա ընթացքում, ենթակա են հավաստագրման:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի «Սոցիալական ծառայություններ տրամադրելու գործունեության հավաստագրման դեպքերը և կարգը հաստատելու մասին» N 1078-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչել 2028 թվականի հունվարի 1-ից:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը և գործելու է 2028 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2026 թ. փետրվարի 24

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2026 թվականի փետրվարի 19-ի

N 195-Ն որոշման

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ԿԱՍԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հավելվածով սահմանվում են սոցիալական ծառայություն տրամադրելու գործունեության հավաստագրման կարգը, պայմանները, հավաստագրի կասեցման կարգը:

2. Սույն հավելվածի իմաստով հավաստագրումն իրականացվում է կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից սույն հավելվածով նախատեսված սոցիալական ծառայություններ տրամադրելու գործունեությունն օրենսդրությամբ սահմանված պահանջներին` ներառյալ համապատասխան սոցիալական ծառայությունների տրամադրման նվազագույն չափորոշիչներին համապատասխանությունն ապահովելու նպատակով:

3. Կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը (այսուհետ նաև` կազմակերպություն)` անկախ կազմակերպաիրավական տեսակից, սեփականության ձևից և ֆինանսավորման աղբյուրից, սույն հավելվածի 8-րդ կետով նախատեսված սոցիալական ծառայությունները կարող են տրամադրել միայն տվյալ սոցիալական ծառայություն տրամադրելու գործունեությունը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում (այսուհետ` նախարարություն) հավաստագրելու դեպքում: Ոչ առևտրային կազմակերպությունները հավաստագրման ենթակա սոցիալական ծառայություն տրամադրելու գործունեությամբ կարող են զբաղվել, եթե համապատասխան սոցիալական ծառայության տրամադրումը նախատեսված է դրանց կանոնադրությամբ:

4. Սույն հավելվածով կազմակերպություններին վերաբերող դրույթների գործողությունը տարածվում է անհատ ձեռնարկատերերի վրա, եթե նրանց համար սույն հավելվածով ուղղակիորեն այլ բան սահմանված չէ:

5. Սույն հավելվածի 8-րդ կետով սահմանված սոցիալական ծառայությունները տրամադրելու յուրաքանչյուր գործունեությունը ենթակա է հավաստագրման` անկախ նույն կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից մեկ այլ սոցիալական ծառայություն տրամադրելու գործունեություն հավաստագրված լինելու հանգամանքից:

6. Առանց հավաստագրվելու` ներառյալ սույն որոշման 3-րդ կետով նախատեսված դեպքերում և ժամկետներում չհավաստագրվելու, սույն հավելվածի 8-րդ կետով նախատեսված սոցիալական ծառայությունների տրամադրումն առաջացնում է Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով նախատեսված պատասխանատվություն:

7. Սոցիալական ծառայություն տրամադրելու գործունեության հավաստագրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի (այսուհետ` նախարար) վարչական ակտի հիման վրա` սույն հավելվածով սահմանված կարգով:

 

2. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ

 

8. Սույն հավելվածով սահմանված կարգով հավաստագրվում են կյանքի դժվարին իրավիճակում հայտնված կամ այդ իրավիճակում հայտնվելու ռիսկ ունեցող անձին կամ ընտանիքին հետևյալ սոցիալական ծառայությունները տրամադրելու գործունեությունը`

1) տարեց անձի խնամքը տնային պայմաններում.

2) տարեց անձի խնամքը ցերեկային կենտրոններում.

3) տարեց անձի խնամքը բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր տիպի հաստատություններում.

4) տարեց անձի խնամքը բնակչության սոցիալական պաշտպանության մասնագիտացված հաստատություններում.

5) տարեց անձի խնամքը համայնքային փոքր տներում.

6) հաշմանդամություն ունեցող անձի խնամքը տնային պայմաններում.

7) հաշմանդամություն ունեցող անձի խնամքը ցերեկային կենտրոններում.

8) հաշմանդամություն ունեցող անձի խնամքը բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր տիպի հաստատություններում.

9) հաշմանդամություն ունեցող անձի խնամքը բնակչության սոցիալական պաշտպանության մասնագիտացված հաստատություններում.

10) հաշմանդամություն ունեցող անձի խնամքը համայնքային փոքր տներում.

11) երեխայի խնամքը ցերեկային կենտրոններում.

12) երեխայի խնամքը բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր տիպի հաստատություններում.

13) երեխայի խնամքը բնակչության սոցիալական պաշտպանության մասնագիտացված հաստատություններում.

14) երեխայի խնամքն ընտանեկան միջավայրին մոտ խնամք տրամադրող կազմակերպություններում.

15) երեխայի խնամքն աջակցության կենտրոններում.

16) ճաշարանի կողմից սննդի կազմակերպումը.

17) սոցիալական բնակարանային ֆոնդում կացարանով ապահովումը.

18) ժամանակավոր օթևանում կացարանով ապահովումը.

19) ընտանեկան և կենցաղային բռնության կամ ենթադրաբար ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց, իսկ, անհրաժեշտության դեպքում, այդ անձանց ընտանիքների անդամներին աջակցության կենտրոնով ապահովելը.

20) ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց և նրանց խնամքի տակ գտնվող անձանց ապաստարանով ապահովելը.

21) մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց և նրանց խնամքի տակ գտնվող երեխաներին, զոհերին կամ հատուկ կատեգորիայի զոհերին և նրանց օրինական ներկայացուցիչներին ապաստարանով ապահովելը:

9. Սույն հավելվածի 8-րդ կետով նախատեսված սոցիալական ծառայությունները հավաստագրվում են համապատասխան սոցիալական ծառայությունները միայն հավաստագրում նշված վայրում (հասցեում), իսկ տնային պայմաններում խնամքի դեպքում` միայն հավաստագրում նշված սպասարկման տարածքում իրականացնելու պայմանով: Սոցիալական ծառայություն տրամադրելու գործունեությունն այլ վայրում (հասցեում) իրականացնելու դեպքում, բացառությամբ սույն հավելվածի 12-րդ կետով նախատեսված դեպքի, այդ գործունեությունը սույն հավելվածով սահմանված կարգով ենթակա է հավաստագրման` ընդհանուր հիմունքներով:

10. Սույն հավելվածի 8-րդ կետով նախատեսված դեպքերում տնային պայմաններում խնամքի սպասարկման տարածք է համարվում հավաստագրում նշված կոնկրետ մեկ մարզի տարածքը, իսկ Երևան քաղաքի դեպքում` Երևան քաղաքի տարածքը:

11. Սույն հավելվածի 9-րդ կետի պահանջների խախտմամբ սոցիալական ծառայություն տրամադրելու գործունեությունն այլ վայրում (հասցեում) իրականացնելը համարվում է առանց հավաստագրի հավաստագրման ենթակա գործունեության իրականացում և առաջացնում է Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով նախատեսված պատասխանատվություն:

12. Սոցիալական ծառայությունը կարող է տրամադրվել այլ վայրում (հասցեում), եթե տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, «Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն` այլ արտակարգ դեպքերի և արտակարգ իրավիճակների, ինչպես նաև հիմնական վերանորոգում իրականացնելու պատճառով առաջացել է սոցիալական ծառայություն տրամադրելու գործունեությունն առավելագույնը վեց ամիս ժամկետով այլ վայրում (հասցեում) իրականացնելու անհրաժեշտություն: Տարածքը համապատասխան սոցիալական ծառայության տրամադրման նվազագույն չափորոշիչներին և սույն հավելվածի 17-րդ կետով սահմանված պահանջներին ու պայմաններին համապատասխանելու դեպքում սույն հավելվածի 4-րդ գլխով նախատեսված հավաստագրման հանձնաժողովը (այսուհետ` հավաստագրման հանձնաժողով) նախարարին ներկայացնում է առաջարկություն սոցիալական ծառայությունն այլ վայրում (հասցեում) մատուցելու թույլտվություն տալու վերաբերյալ, թույլտվությունը տրվում է նախարարի վարչական ակտի հիման վրա:

 

3. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ԺԱՄԿԵՏՆԵՐԸ, ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏՎՅԱԼՆԵՐԸ ԵՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

13. Սոցիալական ծառայություն տրամադրելու գործունեությունը հավաստագրելու համար կարող են դիմել կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը (սույն գլխում այսուհետ` հայտատու):

14. Հայտատուն հավաստագրման համար դիմում է սոցիալական ծառայություն տրամադրելու գործունեության հավաստագրման տեղեկատվական համակարգի (այսուհետ` տեղեկատվական համակարգ) միջոցով:

15. Տեղեկատվական համակարգի միջոցով ներկայացվում են նաև սույն հավելվածով նախատեսված դեպքերում հավաստագրի վերաձևակերպում կատարելու նպատակով փոփոխությունները:

16. Հավաստագրման նպատակով հայտատուն (հայտատու կազմակերպության դեպքում` գործադիր մարմնի ղեկավարը) տեղեկատվական համակարգում ստեղծում է անհատական օգտահաշիվ (այսուհետ` անհատական օգտահաշիվ)` նույնականացվելով Բնակչության պետական ռեգիստրի միջոցով: Օգտահաշվի ստեղծման համար հայտատուն օգտագործում է ազգային նույնականացման հարթակում հասանելի եղանակներից որևէ մեկը կամ նույնականացվում է հանրային ծառայությունների համարանիշի հիման վրա մուտքային տվյալներ ստանալու միջոցով: Անհատական օգտահաշվին թվային միջավայրում ինքնաշխատ կցվում է հայտատուին կցված իրավաբանական անձը, որի տվյալներն ստացվում են Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության տեղեկատվական համակարգից: Հայտատուն իր անհատական օգտահաշվում առցանց եղանակով լրացնում է սույն հավելվածի N 1 ձևով սահմանված հայտը և ներբեռնում է անհրաժեշտ փաստաթղթերի բնօրինակների գունավոր լուսապատճենները: Հայտն ստորագրվում է էլեկտրոնային թվային ստորագրման միջոցով:

17. Հայտում ներառվում են, իսկ սույն կետով նախատեսված դեպքերում ներբեռնվում են`

1) հայտատուի հարկ վճարողի հաշվառման համարը (այսուհետ` ՀՎՀՀ), որի միջոցով հարակից շտեմարաններից առցանց, ինքնաշխատ ստացվում են հետևյալ տվյալները`

ա. հայտատուի անվանումը, հայտատու կազմակերպության պետական գրանցման համարը (հայտատու անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` պետական հաշվառման համարը), հայտատու կազմակերպության գտնվելու վայրի հասցեն (հայտատու անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` բնակության վայրի հասցեն), ինչպես նաև հայտատու կազմակերպության կանոնադրությունը` Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության տեղեկատվական համակարգից,

բ. հարկերի և օրենսդրությամբ սահմանված պարտադիր այլ վճարների գծով պարտավորությունների մասին տվյալները` Պետական եկամուտների կոմիտեի համապատասխան տվյալների շտեմարանից.

2) անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի, օգտագործման իրավունքի պետական գրանցման տվյալը` Կադաստրի կոմիտեից` էլեկտրոնային համակարգերի փոխգործելիության միջոցով, իսկ օգտագործման իրավունքի վերաբերյալ պայմանագիրը տեղեկատվական համակարգ է ներբեռնում հայտատուն.

3) հավաստագրման ենթակա սոցիալական ծառայություն տրամադրելու յուրաքանչյուր գործունեությունը` համաձայն սույն հավելվածի 8-րդ կետի.

4) գործող և նախորդ հավաստագրի տվյալները (առկայության դեպքում)` ինքնաշխատ եղանակով տեղեկատվական համակարգից, տեղեկատվական համակարգում առկա չլինելու դեպքում հայտատուն լրացնում է հավաստագրի համարը, տրամադրման օրը, ամիսը, տարին.

5) հավաստագրման ենթակա սոցիալական ծառայություն տրամադրելու յուրաքանչյուր գործունեության իրականացման վայրը (հասցեն), իսկ տնային պայմաններում խնամքի դեպքում` սպասարկման տարածքը.

6) հավաստագրման ենթակա սոցիալական ծառայություն տրամադրելու յուրաքանչյուր գործունեության իրականացման համար համապատասխան սոցիալական ծառայության տրամադրման նվազագույն չափորոշիչներով սահմանված հաստիքները և ըստ հաստիքների` աշխատողների թիվը` դրանցից առանձնացնելով սոցիալական ծառայություն տրամադրելու համար անհրաժեշտ որակավորում ունեցող մասնագետներին, և ներբեռնվում են e-work.am հարթակի միջոցով ստեղծված ինքնակենսագրականները.

7) մասնագետների համապատասխան որակավորումը հավաստող փաստաթղթի (դիպլոմ, վկայական և այլն) տվյալները` ներբեռնելով այդ փաստաթղթի բնօրինակի գունավոր լուսապատճենը, իսկ բժշկական անձնակազմի դեպքում` բժշկական օգնության և սպասարկման համապատասխան գործունեության լիցենզիայի վերաբերյալ տեղեկատվությունը, որն առցանց, ինքնաշխատ եղանակով ստացվում է բուժաշխատողների ռեգիստրից.

8) համապատասխան սոցիալական ծառայություն տրամադրելու գործունեության իրականացման վերաբերյալ հայտատուի` նախկինում ունեցած փորձի և գործունեության վերաբերյալ տեղեկություններ` առկայության դեպքում` ներբեռնելով նաև հիմնավորող փաստաթղթերի բնօրինակների գունավոր լուսապատճենները.

9) հայտատուի կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում հավաստագրման ենթակա սոցիալական ծառայություն տրամադրելու գործունեության նկարագրությունը` ներառյալ կիրառվող մեթոդաբանությունը, ինչպես նաև մատուցվող ծառայությունների նկարագիրը.

10) հավաստագրման ենթակա սոցիալական ծառայություն տրամադրելու գործունեության, բացառությամբ տնային պայմաններում խնամքի, իրականացման վայրում անվտանգությունը պայմանագրային հիմունքներով ներգրավված կազմակերպության միջոցով կազմակերպվելու դեպքում` կնքված պայմանագրի բնօրինակի լուսապատճենը կամ անվտանգությունը պահնորդի հաստիք նախատեսելու միջոցով ապահովելու մասին հայտատուի հայտարարությունը.

11) հավաստագրման ենթակա սոցիալական ծառայությունը տրամադրելու յուրաքանչյուր գործունեության, բացառությամբ տնային պայմաններում խնամքի, իրականացման տարածքում պահպանիչ-հակահրդեհային ազդարարման համակարգը Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության «112» արտակարգ իրավիճակների կանչերի օպերատիվ կառավարման գրասենյակին միացված լինելու մասին տվյալը` Օպերատիվ կառավարման գրասենյակի համապատասխան տվյալների շտեմարանից.

12) հավաստագրման ենթակա համապատասխան սոցիալական ծառայության տրամադրման նվազագույն չափորոշիչների վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված այլ տվյալներ և փաստաթղթեր.

13) կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը և ազգանունը.

14) հայտատուի հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն, կայքէջին և սոցիալական ցանցերին հղումները` առկայության դեպքում:

18. Հայտը լրացնելիս (ներկայացնելիս) հայտատուն տալիս է իր տվյալները մշակելու վերաբերյալ համաձայնություն` դրա մասին նշում կատարելով տեղեկատվական համակարգում:

19. Հայտատուն կարող է մեկ հայտում ներառել սույն հավելվածի 8-րդ կետում նախատեսված սոցիալական ծառայություն տրամադրելու մեկ կամ մի քանի գործունեություն: Տեղեկատվական համակարգն ապահովում է հայցվող յուրաքանչյուր գործունեության համար սույն հավելվածի 17-րդ կետով նախատեսված տվյալների և փաստաթղթերի առանձնացված ներկայացման հնարավորությունը:

20. Սույն հավելվածի 8-րդ կետի 5-րդ, 10-րդ, 17-18-րդ ենթակետերով նախատեսված սոցիալական ծառայությունները տրամադրելու գործունեությունը հավաստագրելիս` սույն հավելվածի 17-րդ կետի 2-րդ, 10-11-րդ ենթակետերով նախատեսված տվյալների և փաստաթղթերի ներկայացումը պարտադիր չէ, եթե հայտատուն ներկայացնում է պարտավորագիր այն մասին, որ նախքան համապատասխան սոցիալական ծառայություն տրամադրելը կապահովի տվյալ սոցիալական ծառայության տրամադրման համար օրենսդրությամբ նախատեսված պայմաններին բավարարող անշարժ գույքի առկայությունը (սեփականության կամ օգտագործման իրավունքով)` ներառյալ պատվիրատուի (պետություն, համայնք և այլն) կողմից սեփականության կամ օգտագործման իրավունքով տրամադրված անշարժ գույքի միջոցով (պայմանով հավաստագրում):

21. Պայմանով հավաստագրված հայտատուն համապատասխան անշարժ գույքի առկայությունը պետք է ապահովի հավաստագրվելուց հետո ոչ ուշ, քան վեց ամսվա ընթացքում` նույն ժամկետում ապահովելով նաև սույն հավելվածի 17-րդ կետի 10-11-րդ ենթակետերով նախատեսված պայմանների կատարումը: Պայմանով հավաստագրման դեպքում սոցիալական ծառայություն տրամադրելու գործունեությունը հավաստագրելու մասին վարչական ակտը (պայմանով ակտ) ուժի մեջ է մտնում և հավաստագիրը տրամադրվում է սույն կետով նախատեսված պայմանների առաջացման պահից:

22. Հայտը համարվում է մուտքագրված սույն հավելվածով սահմանված բոլոր տվյալները լրացնելու, անհրաժեշտ փաստաթղթերը տեղեկատվական համակարգ ներբեռնելու և հայտը հայտատուի կողմից հաստատելու օրը:

23. Հայտը (դրանում ներառված տվյալները) և կից ներկայացված փաստաթղթերը կարող են փոփոխվել նախքան հայտի կարգավիճակի փոփոխությունը` «Ընդունված է ուսումնասիրության» կարգավիճակի:

24. Հավաստագրման հանձնաժողովներն իրականացնում են անհրաժեշտ գործողություններ` հայտատուի կողմից ներկայացված տվյալների և փաստաթղթերի (դրանցում արտացոլված տեղեկությունների) հավաստիությունն ստուգելու նպատակով, այդ թվում` տվյալ սոցիալական ծառայության տրամադրման նվազագույն չափորոշիչներին տարածքի համապատասխանությունն ստուգելու նպատակով այցելում են հավաստագրման ենթակա գործունեության իրականացման վայր (հասցե):

25. Եթե ներկայացված հայտում կամ կից փաստաթղթերում առկա են ոչ էական թերություններ` վրիպակների, իրավաբանական նշանակություն չունեցող անճշտությունների և նման այլ բացթողումների տեսքով, ապա համապատասխան հավաստագրման հանձնաժողովը դրանք հայտնաբերելու պահից եռօրյա ժամկետում տեղեկատվական համակարգի միջոցով հայտատուին ծանուցում է առկա թերությունների մասին և տրամադրում եռօրյա ժամկետ դրանք շտկելու կամ փաստաթղթերը կրկին ներկայացնելու համար: Տվյալ դեպքում հայտը համարվում է մուտքագրված սկզբնական ներկայացման օրը:

 

4. ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԸ

 

26. Սույն հավելվածով սահմանված կարգով սոցիալական ծառայություն տրամադրելու գործունեությունը հավաստագրելու, հավաստագրումը մերժելու, հավաստագիրը վերաձևակերպելու, դրա գործողությունը կասեցնելու և դադարեցնելու վերաբերյալ եզրակացությունները տալու նպատակով նախարարությունում ստեղծվում են հավաստագրման հանձնաժողովներ:

27. Հավաստագրման հանձնաժողովի նախագահին և քարտուղարին նշանակում է նախարարը` հանձնաժողովի անդամների թվից:

28. Հավաստագրման հանձնաժողովի նախագահը`

1) ղեկավարում է հանձնաժողովի աշխատանքները.

2) հրավիրում և վարում է հանձնաժողովի նիստերը.

3) հետևում է սույն հավելվածի 26-րդ կետով նախատեսված եզրակացությունները սահմանված ժամկետում տրամադրելու ապահովմանը.

4) իրականացնում է սույն հավելվածով և սույն հավելվածի 31-րդ կետով նախատեսված աշխատակարգով սահմանված այլ գործառույթներ:

29. Հավաստագրման հանձնաժողովի քարտուղարը`

1) արձանագրում է հանձնաժողովի նիստերը.

2) իրականացնում է սույն հավելվածով և սույն հավելվածի 31-րդ կետով նախատեսված աշխատակարգով սահմանված այլ գործառույթներ:

30. Հավաստագրման հանձնաժողովներն ստեղծվում են մշտական հիմունքներով` ըստ սույն հավելվածի 8-րդ կետով նախատեսված սոցիալական ծառայությունների ուղղությունների (օրինակ` խնամքի տրամադրումը): Յուրաքանչյուր հավաստագրման հանձնաժողով կազմված է յոթ անդամից: Հավաստագրման հանձնաժողովները ձևավորվում են նախարարության աշխատակազմից, մասնավորապես, դրա համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների մասնագետներից:

31. Հավաստագրման հանձնաժողովների կազմն ու աշխատակարգը հաստատում է նախարարը:

32. Հավաստագրման հանձնաժողովները ձևավորելիս ապահովվում է սույն հավելվածի 8-րդ կետով նախատեսված` հավաստագրման ենթակա համապատասխան սոցիալական ծառայությունների ոլորտում գիտելիք ու փորձառություն ունեցող անդամների ներգրավումը:

33. Հավաստագրման հանձնաժողովը հավաստագրման հայտերը քննարկելիս, ըստ անհրաժեշտության և համապատասխան մասնագետների առկայության, հավաստագրման հայտի քննարկման գործընթացին կարող է ներգրավել համապատասխան սոցիալական ծառայության ոլորտի մասնագետի` հանձնաժողովի աշխատանքներին անհրաժեշտ մասնագիտական աջակցություն և խորհրդատվական կարծիք տրամադրելու նպատակով: Հայտի քննարկմանը մասնակցող մասնագետը ձայնի կամ քվեարկության իրավունք չունի:

34. Սույն հավելվածի 33-րդ կետով նախատեսված մասնագետների ներգրավումն ապահովելու նպատակով նախարարը սոցիալական աշխատանքի որակավորում տվող բարձրագույն ուսումնական հաստատություններին, ըստ անհրաժեշտության, առաջարկում է տրամադրել տեղեկություն համապատասխան սոցիալական ծառայության ոլորտում գիտական, մանկավարժական կամ երկարամյա մասնագիտական աշխատանքի փորձ ունեցող մասնագետների վերաբերյալ:

35. Հավաստագրման հանձնաժողովը`

1) տալիս է սույն հավելվածի 26-րդ կետով նախատեսված եզրակացությունները.

2) իրականացնում է համապատասխան սոցիալական ծառայության տրամադրման նվազագույն չափորոշիչներին` սույն հավելվածի 17-րդ կետով նախատեսված հայտի` ներառյալ դրանում ներկայացված տվյալների և ներկայացված փաստաթղթերի համապատասխանության ուսումնասիրություն.

3) հավաստագրման հայտի քննարկման գործընթացին, ըստ անհրաժեշտության, ներգրավում է համապատասխան մասնագետի.

4) սույն հավելվածի 24-րդ կետի համաձայն` տվյալ սոցիալական ծառայության տրամադրման նվազագույն չափորոշիչներին տարածքի համապատասխանությունն ստուգելու նպատակով այցելում է հավաստագրման ենթակա գործունեության իրականացման վայր (հասցե) և այցելության արդյունքներով կազմում համապատասխան արձանագրություն.

5) ներկայացնում է սույն հավելվածի 12-րդ կետով նախատեսված առաջարկությունը.

6) իրականացնում է սույն հավելվածով և սույն հավելվածի 31-րդ կետով նախատեսված աշխատակարգով սահմանված` սույն կետով նախատեսված լիազորություններից բխող այլ գործառույթներ:

36. Հավաստագրման հանձնաժողովի` սույն հավելվածի պահանջներին համապատասխան տրված եզրակացությունը պարտադիր է նախարարի կողմից սոցիալական ծառայություն տրամադրելու գործունեությունը հավաստագրելու, հավաստագրումը մերժելու, հավաստագիրը վերաձևակերպելու, դրա գործողությունը կասեցնելու և դադարեցնելու վերաբերյալ համապատասխան վարչական ակտն ընդունելու համար:

37. Նախարարը հայտը մուտքագրվելուց հետո եռօրյա ժամկետում դրա քննարկումը տեղեկատվական համակարգի միջոցով հանձնարարում է համապատասխան հավաստագրման հանձնաժողովին: Հայտի կարգավիճակը տեղեկատվական համակարգում փոխվում է «Ընդունված է ուսումնասիրության» կարգավիճակի:

38. Հավաստագրման հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է և համապատասխան որոշումներն ընդունում է նիստերի միջոցով, այդ թվում` առցանց: Նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում է հանձնաժողովի առնվազն հինգ անդամ:

39. Հավաստագրման հանձնաժողովի անդամը հանձնաժողովի կազմում չի կարող մասնակցել սույն հավելվածով սահմանված կարգով ներկայացված հայտի քննարկմանը, եթե սույն հավելվածի 3-րդ գլխով նախատեսված հայտատուի փոխկապակցված անձն է: Հանձնաժողովի անդամը և հայտատուն համարվում են փոխկապակցված, եթե հանձնաժողովի անդամը հանդիսանում է`

1) հայտատու անհատ ձեռնարկատիրոջ ամուսինը, զավակը կամ նրա ամուսնու զավակը, ծնողը, քույրը կամ եղբայրը.

2) հայտատու ոչ առևտրային կազմակերպության հիմնադիրը, անդամը, կոլեգիալ կառավարման մարմնի (խորհուրդ և այլն) կամ վերստուգող մարմնի անդամը կամ միանձնյա գործադիր մարմնի ղեկավարը.

3) հայտատու առևտրային կազմակերպության խորհրդի նախագահը, խորհրդի նախագահի տեղակալը, խորհրդի անդամը, միանձնյա գործադիր մարմնի ղեկավարը, նրա տեղակալը, գործադիր մարմնի գործառույթներ իրականացնող կոլեգիալ մարմնի նախագահը կամ անդամը.

4) հայտատու առևտրային կազմակերպության բաժնեմասերի կամ բաժնետոմսերի 20 և ավելի տոկոսը տնօրինող մասնակիցը.

5) օրենքով չարգելված այլ ձևով հայտատու կազմակերպության որոշումները կանխորոշելու հնարավորություն ունեցող անձը:

40. Հանձնաժողովի անդամը նախքան հանձնաժողովի նիստում հայտի քննարկումն էլեկտրոնային եղանակով ստորագրում է հայտատուի փոխկապակցված անձ չհանդիսանալու վերաբերյալ հայտարարություն, իսկ փոխկապակցված անձ հանդիսանալու դեպքում պարտավոր է նույն ժամկետում ինքնաբացարկ հայտնել: Այն դեպքում, երբ առկա է հավաստագրման հանձնաժողովի անդամի` հայտատուի փոխկապակցված անձ լինելու վերաբերյալ տեղեկություն, և հանձնաժողովի անդամն ինքնաբացարկ չի հայտնել, ապա հանձնաժողովի անդամին հայտատուի փոխկապակցված անձ ճանաչելու և համապատասխան հայտի քննարկումն առանց հանձնաժողովի անդամի իրականացնելու մասին որոշումն ընդունում է հավաստագրման հանձնաժողովը` նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ:

41. Նախքան սույն հավելվածի 40-րդ կետով նախատեսված որոշման կայացումը հավաստագրման հանձնաժողովը հանձնաժողովի համապատասխան անդամին հնարավորություն է տալիս բացատրություն ներկայացնելու հայտատուի փոխկապակցված անձ լինելու վերաբերյալ տեղեկության առնչությամբ: Հավաստագրման հանձնաժողովը կարող է նաև հետաձգել հանձնաժողովի նիստը` հանձնաժողովի անդամի` հայտատուի փոխկապակցված անձ լինելու վերաբերյալ տեղեկությունն ստուգելու նպատակով: Տվյալ դեպքում նիստը հետաձգվում է առավելագույնը երեք աշխատանքային օրով:

42. Հավաստագրման հանձնաժողովը հավաստագրի գործողության կասեցման կամ դադարեցման հարցի քննարկման մասին տեղեկատվական համակարգի միջոցով իրազեկում է հավաստագրված կազմակերպությանը` քննարկումից ոչ ուշ, քան հինգ օր առաջ` տեղեկացնելով քննարկման վայրի, օրվա ու ժամի մասին: Հարցի քննարկմանը հավաստագրված կազմակերպության ներկայացուցչի չմասնակցելը հիմք չէ հարցը չքննարկելու համար: Հավաստագրման հանձնաժողովն իրավասու է նաև պահանջել և ստանալ հավաստագրի գործողության կասեցման կամ դադարեցման հարցի հիմքում ընկած հանգամանքներին առնչվող փաստաթղթեր (տվյալներ), ինչպես նաև իրականացնել այլ գործողություններ` այդ հանգամանքները պարզելու ուղղությամբ:

43. Հավաստագրման հանձնաժողովի նիստերը, ներառյալ առցանց նիստերը, ենթակա են արձանագրման էլեկտրոնային եղանակով: Հավաստագրման հանձնաժողովի նիստերի արձանագրությունը հաստատվում է հանձնաժողովի նախագահի և քարտուղարի էլեկտրոնային ստորագրությամբ` սույն հավելվածի 44-րդ կետով նախատեսված առանձնահատկությունների հաշվառմամբ:

44. Եթե հավաստագրման հանձնաժողովի որևէ անդամ կայացված եզրակացության վերաբերյալ ունի հատուկ կարծիք, ապա հատուկ կարծիք ունենալու մասին նրա էլեկտրոնային ստորագրությամբ նշում է կատարվում արձանագրության մեջ: Հատուկ կարծիքն այն ներկայացրած անդամի էլեկտրոնային ստորագրությամբ կցվում է արձանագրությանը և համարվում է դրա անբաժանելի մաս:

45. Հավաստագրման հանձնաժողովի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ` հանձնաժողովի ներկա անդամների ձայների մեծամասնությամբ: Քվեարկության ժամանակ հավաստագրման հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Ձայնի և քվեարկության իրավունքի փոխանցումը հավաստագրման հանձնաժողովի մեկ անդամից մյուսին չի թույլատրվում: Քվեարկության արդյունքում ձայների հավասարության դեպքում որոշումը համարվում է ընդունված հօգուտ հայտատուի:

46. Միևնույն հայտով մեկից ավելի սոցիալական ծառայություն տրամադրելու գործունեության հավաստագրման համար դիմելու դեպքում համապատասխան հավաստագրման հանձնաժողովը հայցվող յուրաքանչյուր գործունեության վերաբերյալ ներկայացնում է հավաստագրելու կամ հավաստագրումը մերժելու մասին առանձին եզրակացություն:

47. Հավաստագրման հանձնաժողովի եզրակացությունը պարունակում է`

1) հավաստագրման հանձնաժողովի լրիվ անվանումը.

2) հավաստագրման հանձնաժողովի` սույն հավելվածի 26-րդ կետով նախատեսված համապատասխան եզրակացության անվանումը, դրա ընդունման օրը, ամիսը, տարին և համարը.

3) հայտատու կամ հավաստագրված կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, պետական գրանցման համարը (անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` պետական հաշվառման համարը), ՀՎՀՀ-ն, գտնվելու վայրի հասցեն (հայտատու անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` բնակության վայրի հասցեն).

4) քննարկման ենթակա հարցի նկարագրությունը.

5) քննարկման ենթակա հարցի վերաբերյալ ներկայացված տվյալները, փաստաթղթերը, ինչպես նաև հավաստագրման հանձնաժողովի կողմից ձեռնարկված գործողությունների արդյունքում ձեռք բերված լրացուցիչ տվյալները (փաստերը).

6) եզրակացության ընդունման հիմնավորումը` այն փաստական և իրավական հիմքերը, որոնց հիման վրա հավաստագրման հանձնաժողովը հանգել է այս կամ այն եզրահանգման.

7) ընդունված որոշման շարադրանքը` համապատասխան եզրակացությունը.

8) հավաստագրման հանձնաժողովի նախագահի և անդամների էլեկտրոնային ստորագրությունը:

48. Հավաստագրման հանձնաժողովի` սույն հավելվածի 47-րդ կետով սահմանված ձևով կազմված եզրակացությունը մուտքագրվում է տեղեկատվական համակարգ հանձնաժողովի քարտուղարի կողմից: Եզրակացությունը տեղեկատվական համակարգի միջոցով ներկայացվում է նախարարին` սույն հավելվածի 51-րդ կետով նախատեսված վարչական ակտի ընդունման նպատակով:

 

5. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐՈՒՄԸ ԵՎ ՀԱՎԱՍՏԱԳՐՈՒՄԸ ՄԵՐԺԵԼԸ

 

49. Սոցիալական ծառայություն տրամադրելու գործունեությունը հավաստագրվում է կամ հավաստագրումը մերժվում է հայտը տեղեկատվական համակարգի միջոցով մուտքագրելու օրվանից 30-օրյա ժամկետում:

50. Հավաստագրման հանձնաժողովը հայտը մուտքագրվելու օրվանից երկշաբաթյա ժամկետում տեղեկատվական համակարգի միջոցով նախարարին է ներկայացնում սոցիալական ծառայություն տրամադրելու գործունեությունը հավաստագրելու կամ հավաստագրումը մերժելու մասին եզրակացությունը:

51. Նախարարը հավաստագրման վերաբերյալ եզրակացությունն ստանալուց հետո մեկշաբաթյա ժամկետում ընդունում է սոցիալական ծառայություն տրամադրելու գործունեությունը հավաստագրելու կամ հավաստագրումը մերժելու մասին վարչական ակտ: Հայցվող յուրաքանչյուր գործունեության վերաբերյալ ընդունվում է առանձին վարչական ակտ` անկախ հայտատուի կողմից մեկ հայտով մեկից ավելի սոցիալական ծառայություն տրամադրելու գործունեության հավաստագրում հայցելու հանգամանքի:

52. Սոցիալական ծառայություն տրամադրելու գործունեության հավաստագրումը մերժվում է, եթե`

1) հայտը չի համապատասխանում սույն հավելվածի 17-րդ կետով նախատեսված պայմաններին ու պահանջներին կամ հայտատուն սահմանված ժամկետում չի վերացրել հայտի` սույն հավելվածի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացված թերությունները.

2) հայտով` ներառյալ դրանում ներառված տվյալներով և կից փաստաթղթերով, չի հիմնավորվում հայցվող գործունեության համապատասխանությունը համապատասխան սոցիալական ծառայության տրամադրման նվազագույն չափորոշիչներին.

3) հայտատուն ունի հարկերի և օրենսդրությամբ սահմանված պարտադիր այլ վճարների գծով պարտավորությունների մասով ժամկետանց պարտավորություն.

4) անհատ ձեռնարկատեր հայտատուի դեպքում` հայտը մուտքագրելու օրվա դրությամբ քաղաքացին դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել է անգործունակ, սահմանափակ գործունակ կամ սնանկ և ունի չմարված կամ չներված պարտավորություններ կամ սնանկության գործով պարտապան է և սնանկության գործի վարույթը չի ավարտվել.

5) կազմակերպություն հայտատուի դեպքում` հայտը մուտքագրելու օրվա դրությամբ կազմակերպությունը դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել է սնանկ և ունի չմարված կամ չներված պարտավորություններ կամ սնանկության գործով պարտապան է և սնանկության գործի վարույթը չի ավարտվել.

6) համապատասխան սոցիալական ծառայություն տրամադրելը նախատեսված չէ ոչ առևտրային կազմակերպություն հայտատուի կանոնադրությամբ.

7) նախքան սույն հավելվածի 51-րդ կետով նախատեսված վարչական ակտի կայացումը հայտատուի գործունեությունն օրենքով սահմանված կարգով դադարել կամ կասեցվել է:

53. Սույն հավելվածի 52-րդ կետի 7-րդ ենթակետով նախատեսված` հայտատուի գործունեությունը դադարելու վերաբերյալ տվյալն ինքնաշխատ, առցանց եղանակով ստուգվում է Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության տեղեկատվական համակարգից, իսկ գործունեության կասեցման վերաբերյալ տվյալը` Պետական եկամուտների կոմիտեի համապատասխան տվյալների շտեմարանից:

54. Սույն հավելվածի 51-րդ կետով նախատեսված` նախարարի վարչական ակտում, մասնավորապես, նշվում է`

1) հավաստագրման համար հայցվող` սոցիալական ծառայություն տրամադրելու գործունեությունը.

2) վարչական ակտի ընդունման հիմնավորումը` այն փաստական և իրավական հիմքերը, որոնցով ղեկավարվելով ակտն ընդունող մարմինը հանգել է համապատասխան հետևությունների.

3) վարչական ակտի եզրափակիչ մասը` սոցիալական ծառայություն տրամադրելու գործունեությունը հավաստագրելու կամ հավաստագրումը մերժելու մասին որոշումը.

4) այլ տեղեկություններ` համաձայն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի:

55. Նախարարի վարչական ակտի տվյալները տեղեկատվական համակարգ են մուտքագրվում նախարարության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման իրավասու աշխատողի կողմից` դրա կայացման օրվանից հետո եռօրյա ժամկետում:

56. Սույն հավելվածի 50-րդ կետով նախատեսված եզրակացությունները, ինչպես նաև նախարարի` սույն հավելվածի 51-րդ կետով նախատեսված վարչական ակտերը դրանց կայացման օրվանից հետո եռօրյա ժամկետում ուղարկվում են հայտատուներին տեղեկատվական համակարգի միջոցով:

57. Սույն հավելվածի 51-րդ կետով նախատեսված` սոցիալական ծառայություն տրամադրելու գործունեությունը հավաստագրելու կամ հավաստագրումը մերժելու մասին վարչական ակտերը հայտատուների կողմից կարող են բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով նախատեսված ժամկետներում: Բողոքը ներկայացվում է տեղեկատվական համակարգի միջոցով:

58. Սույն հավելվածի 57-րդ կետով նախատեսված բողոքները քննելու նպատակով նախարարը ստեղծում է երեք անդամից բաղկացած ժամանակավոր (ad hoc) հանձնաժողով` անդամների այլ կազմով: Ժամանակավոր հանձնաժողովը գործում է հավաստագրման հանձնաժողովի աշխատակարգով սահմանված կարգով այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ կիրառելի են ժամանակավոր հանձնաժողովի նկատմամբ:

 

6. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏԱԳԻՐԸ, ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ, ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄՆ ՈՒ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

59. Սոցիալական ծառայություն տրամադրելու գործունեության հավաստագիրը (այսուհետ` հավաստագիր) նախարարության կողմից տրվող, սահմանված ձևի` Ձև N 2, և վավերապայմաններով փաստաթուղթ է, որը հավաստում է սույն հավելվածով նախատեսված` սոցիալական ծառայություն տրամադրելու գործունեությունը հավաստագրված լինելու հանգամանքը: Կազմակերպության կողմից միաժամանակ մեկից ավելի գործունեություն հավաստագրելու դեպքում յուրաքանչյուր գործունեության համար տրամադրվում է առանձին հավաստագիր:

60. Հավաստագիրը տրվում է երեք տարով, եթե կազմակերպությունը տվյալ սոցիալական ծառայությունը տրամադրելու գործունեությունը հավաստագրում է առաջին անգամ, հինգ տարով` երկրորդ և հետագա անգամները հավաստագրելիս:

61. Հավաստագիրը չի կարող օտարվել, գրավադրվել կամ որևէ այլ կերպ փոխանցվել այլ անձի կամ կազմակերպության:

62. Հավաստագրի տրամադրման, ինչպես նաև սույն հավելվածով նախատեսված հիմքերով հավաստագրի վերաձևակերպման դեպքերում հավաստագրված կազմակերպությունից գումար չի գանձվում:

63. Հավաստագիրն ինքնաշխատ գեներացվում է տեղեկատվական համակարգի միջոցով և պարունակում է հետևյալ տեղեկությունները`

1) հավաստագիրը տվող մարմնի անվանումը.

2) հավաստագրի համարը.

3) հավաստագիրը տալու օրը, ամիսը, տարին.

4) հավաստագրված կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը.

5) կազմակերպության պետական գրանցման համարը (անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` պետական հաշվառման համարը).

6) սոցիալական ծառայություն տրամադրելու գործունեությունը` համաձայն սույն հավելվածի 8-րդ կետի.

7) սոցիալական ծառայություն տրամադրելու գործունեության իրականացման վայրը (հասցեն), իսկ տնային պայմաններում խնամքի դեպքում` սպասարկման տարածքը.

8) հավաստագրի գործողության ժամկետը:

64. Հավաստագիրը վավերացվում է նախարարի էլեկտրոնային ստորագրությամբ:

65. Հավաստագիրն ուժի մեջ է մտնում տեղեկատվական համակարգի միջոցով կազմակերպությանը դրա վերաբերյալ ծանուցելու և սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված` հավաստագրված անձանց ռեեստրում հավաստագրի տվյալները ներառելու օրվան հաջորդող օրը: Հավաստագիրը տեղեկատվական համակարգի միջոցով ուղարկվում է կազմակերպությանն ուժի մեջ մտնելուց հետո եռօրյա ժամկետում:

66. Սույն հավելվածի 12-րդ կետով նախատեսված դեպքում սոցիալական ծառայությունն առավելագույնը վեց ամիս ժամկետով այլ վայրում (հասցեում) տրամադրելու դեպքում հավաստագրի փոփոխություն չի կատարվում, նոր վայրի (հասցեի) վերաբերյալ տվյալները ներառվում են հավաստագրված անձանց ռեեստրում` որպես ժամանակավոր վայր (հասցե) և եռօրյա ժամկետում տեղեկատվական համակարգի միջոցով դրա մասին ծանուցվում է հավաստագրված կազմակերպությունը:

67. Հավաստագրի տրամադրումից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում նախարարության պաշտոնական կայքէջում հրապարակվում են հավաստագրված կազմակերպությունների, նրանց կողմից հավաստագրված` սոցիալական ծառայություն տրամադրելու գործունեության և հավաստագրի գործողության ժամկետի վերաբերյալ տվյալները: Նույն ժամկետում կատարվում են նաև հավաստագրի վերաձևակերպման դեպքում հավաստագրված կազմակերպության վերաբերյալ տվյալների փոփոխությունը, իսկ հավաստագրի գործողության կասեցման կամ դադարեցման դեպքում` համապատասխան նշումները:

68. Հավաստագրի գործողության ժամկետը լրանալուց վեց ամիս առաջ հավաստագրված կազմակերպությունը տեղեկատվական համակարգի միջոցով ծանուցվում է հավաստագրի ժամկետը լրանալու մասին: Ծանուցումից հետո մեկշաբաթյա ժամկետում կազմակերպությունը տեղեկատվական համակարգի միջոցով նախարարությանը հայտնում է համապատասխան սոցիալական ծառայությունը տրամադրելու գործունեությունը հավաստագրելու համար սույն հավելվածով սահմանված կարգով կրկին դիմելու (չդիմելու) մասին: Տվյալ դեպքում հավաստագրման հայտը պետք է ներկայացվի հավաստագրի գործողության ժամկետը լրանալուց ոչ շուտ, քան վեց ամիս և ոչ ուշ, քան երեք ամիս առաջ:

69. Սույն հավելվածի 68-րդ կետով սահմանված դեպքում նոր հավաստագրի գործողության ժամկետի սկիզբը հաշվարկվում է նախորդ հավաստագրի գործողության ժամկետը լրանալու օրվանից:

70. Հավաստագրված կազմակերպության վերակազմակերպման, այդ թվում` վերակազմավորման (կազմակերպաիրավական ձևի փոփոխման) կամ նրա անվանման կամ գտնվելու վայրի հասցեի փոփոխման դեպքում հավաստագրված կազմակերպությունը պարտավոր է այդ փոփոխությունները, «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքի համաձայն, կատարված համարվելու օրվանից հետո մեկշաբաթյա ժամկետում տեղեկատվական համակարգի միջոցով դիմել նախարարություն` սույն հավելվածով նախատեսված դեպքերում հավաստագրի վերաձևակերպում կատարելու նպատակով: Նշված տվյալներն ինքնաշխատ, առցանց եղանակով ստացվում են Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության տեղեկատվական համակարգից:

71. Հավաստագրված անհատ ձեռնարկատիրոջ անվան կամ բնակության վայրի հասցեի փոփոխման դեպքում անհատ ձեռնարկատերը պարտավոր է այդ փոփոխությունները, «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքի համաձայն, կատարված համարվելու օրվանից հետո մեկշաբաթյա ժամկետում տեղեկատվական համակարգի միջոցով դիմել նախարարություն` սույն հավելվածով նախատեսված դեպքերում հավաստագրի վերաձևակերպում կատարելու նպատակով: Նշված տվյալներն ինքնաշխատ, առցանց եղանակով ստուգվում են Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության տեղեկատվական համակարգից:

72. Այն դեպքերում, երբ հավաստագրված կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ վերաբերյալ սույն հավելվածի 70-71-րդ կետերով նախատեսված փոփոխությունների մասին նախարարությունը տեղեկանում է իր կողմից իրականացված վարչարարության ընթացքում կամ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և առողջապահական տեսչական մարմնի (այսուհետ` տեսչական մարմին) կողմից վերահսկողության իրականացման արդյունքում, ապա դրա մասին տեղեկանալուց հետո եռօրյա ժամկետում տեղեկատվական համակարգի միջոցով ծանուցում է համապատասխան կազմակերպությանը կամ անհատ ձեռնարկատիրոջը` համապատասխան փոփոխություններ կատարելու և, ըստ անհրաժեշտության, համապատասխան փաստաթղթերը ներկայացնելու անհրաժեշտության մասին` դրա համար տրամադրելով մեկշաբաթյա ժամկետ:

73. Հավաստագրված կազմակերպության վերակազմավորման (կազմակերպաիրավական ձևի փոփոխման) և անվանման փոփոխության, անհատ ձեռնարկատիրոջ անվան փոփոխության դեպքում հավաստագիրը ենթակա է վերաձևակերպման դրա մասին նախարարությանը դիմելուց հետո մեկշաբաթյա ժամկետում:

74. Հավաստագրի վերաձևակերպումը կատարվում է նախարարի վարչական ակտով` հավաստագրման հանձնաժողովի եզրակացության հիման վրա, բացառությամբ կազմակերպության անվանման կամ անհատ ձեռնարկատիրոջ անվան փոփոխության դեպքի: Հավաստագրման հանձնաժողովը հավաստագիրը վերաձևակերպելու վերաբերյալ եզրակացությունը տալիս է համապատասխան փոփոխություններ կատարելու համար դիմելու օրվանից եռօրյա ժամկետում: Կազմակերպության անվանման կամ անհատ ձեռնարկատիրոջ անվան փոփոխության դեպքում հավաստագրի վերաձևակերպումը կատարվում է առանց հավաստագրման հանձնաժողովի եզրակացության:

75. Վերաձևակերպված հավաստագիրը հավաստագրված կազմակերպությանն է ուղարկվում եռօրյա ժամկետում` տեղեկատվական համակարգի միջոցով:

76. Հավաստագրի վերաձևակերպումը կարող է մերժվել, եթե վերաձևակերպման համար հիմք հանդիսացած փաստաթղթերը (տվյալները) թերի են կամ չեն համապատասխանում օրենսդրությամբ սահմանված պահանջներին: Տվյալ դեպքում հավաստագրված կազմակերպությանը տրամադրվում է հնգօրյա ժամկետ նշված թերությունները վերացնելու և սույն հավելվածով սահմանված կարգով հավաստագրի վերաձևակերպման համար կրկին դիմելու համար:

77. Հավաստագրված կազմակերպության առանձնացման ձևով վերակազմակերպման ժամանակ այդ կազմակերպությունից առանձնացած իրավահաջորդին հավաստագիր տրվում է ընդհանուր հիմունքներով` սույն հավելվածով սահմանված կարգով:

78. Հավաստագրված կազմակերպության բաժանման ձևով վերակազմակերպման ժամանակ բաժանված կազմակերպություններին հավաստագիր տրվում է ընդհանուր հիմունքներով` սույն հավելվածով սահմանված կարգով:

79. Հավաստագրված կազմակերպության` այլ կազմակերպության հետ միաձուլվելու դեպքում նոր առաջացած կազմակերպությանը հավաստագիր տրվում է ընդհանուր հիմունքներով` սույն հավելվածով սահմանված կարգով:

80. Հավաստագրի գործողությունը կարող է կասեցվել`

1) սոցիալական աջակցության ոլորտի սոցիալական ծառայությունների նվազագույն չափորոշիչները չպահպանելու դեպքում.

2) հավաստագրված կազմակերպության դիմումի համաձայն.

3) հավաստագրված կազմակերպության վերակազմակերպման կամ նրա անվանման կամ գտնվելու վայրի հասցեի փոփոխման կամ հավաստագրված անհատ ձեռնարկատիրոջ անվան կամ բնակության վայրի հասցեի փոփոխման դեպքում փոփոխություններ կատարելու համար սահմանված ժամկետում նախարարություն չդիմելու դեպքում:

81. Հավաստագրի գործողությունը բոլոր դեպքերում կասեցվում է, եթե հավաստագրված կազմակերպությունը տեսչական մարմնի կողմից ստուգումների իրականացմանը խոչընդոտում է կամ պահանջվող փաստաթղթերը չի ներկայացնում: Տվյալ դեպքում հավաստագրի գործողությունը կասեցվում է մինչև համապատասխան խոչընդոտների վերացումը կամ պահանջվող փաստաթղթերի ներկայացումը, կասեցումը վերացվում է տեսչական մարմնի` տեղեկատվական համակարգի միջոցով ներկայացված միջնորդության հիման վրա:

82. Սույն հավելվածի 80-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված հիմքով հավաստագրի գործողությունը կասեցվում է հավաստագրված կազմակերպության սոցիալական աջակցության ոլորտի սոցիալական ծառայությունների նվազագույն չափորոշիչները չպահպանելու դեպքում, եթե առկա է Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 169.35-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտման (սոցիալական աջակցության ոլորտի սոցիալական ծառայությունների նվազագույն չափորոշիչները չպահպանելը) համար տեսչական մարմնի` վարչական տույժ կիրառելու մասին որոշում: Տվյալ դեպքում հավաստագրի գործողությունը կասեցվում է մինչև խախտման պատճառի վերացումը, կասեցումը վերացվում է տեսչական մարմնի` տեղեկատվական համակարգի միջոցով ներկայացված միջնորդության հիման վրա:

83. Սույն հավելվածի 80-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված հիմքով հավաստագրի գործողությունը կասեցվում է դիմումում նշված ժամկետով, բայց ոչ ավելի, քան հավաստագրի գործողության ժամկետի մնացած մասը:

84. Սույն հավելվածի 80-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված հիմքով հավաստագրի գործողությունը կասեցվում է մինչև համապատասխան փոփոխությունը կատարելու համար նախարարություն դիմելը:

85. Հավաստագրի գործողության կասեցման ընթացքում հավաստագրված կազմակերպությունն իրավունք չունի իրականացնել կասեցման որոշմամբ սահմանված` սոցիալական ծառայություն տրամադրելու գործունեությունը, բացառությամբ այն գործունեության (գործողությունների), որն ուղղված է հավաստագրի գործողության կասեցման պատճառները վերացնելուն, ինչպես նաև կասեցման մասին որոշմամբ նախատեսված անհետաձգելի միջոցառումներն իրականացնելուն:

86. Հավաստագրի գործողության կասեցման ընթացքում հավաստագրված կազմակերպության կողմից սույն հավելվածի 85-րդ կետով սահմանված` արգելված գործունեության իրականացումը համարվում է առանց հավաստագրի հավաստագրման ենթակա գործունեության իրականացում և առաջացնում է Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով նախատեսված պատասխանատվություն:

87. Հավաստագրի գործողությունը կասեցվում է նախարարի վարչական ակտով` հավաստագրման հանձնաժողովի եզրակացության հիման վրա, բացառությամբ սույն հավելվածի 80-րդ կետի 2-րդ ենթակետով և 81-րդ կետով նախատեսված դեպքերի` հավաստագրի գործողությունը ժամանակավորապես դադարեցնելու միջոցով: Սույն հավելվածի 80-րդ կետի 2-րդ ենթակետով և 81-րդ կետով նախատեսված դեպքերում հավաստագրման հանձնաժողովի եզրակացություն չի տրամադրվում:

88. Նախարարությունն ապահովում է տեսչական մարմնի հասանելիությունը սույն որոշման N 2 հավելվածով սահմանված` հավաստագրված անձանց ռեեստրին` տեսչական մարմնի կողմից իր վերահսկողական լիազորությունների իրականացման, ինչպես նաև սույն հավելվածի 81-82-րդ և 89-րդ կետերով նախատեսված տեղեկատվության ներկայացման նպատակով:

89. Տեղեկատվական համակարգում տեսչական մարմնի կողմից լրացման ենթակա են իր կողմից իրականացված ստուգումների, սոցիալական աջակցության ոլորտի սոցիալական ծառայությունների նվազագույն չափորոշիչները չպահպանելու, առանց հավաստագրվելու սոցիալական ծառայություններ մատուցելու վերաբերյալ գործերի քննության, ընդունված որոշումների վերաբերյալ տվյալները: Վարչական տույժ նշանակելու մասին որոշում ընդունելու դեպքում տեղեկատվական համակարգով լրացվում են նաև որոշմամբ հաստատված հանգամանքները, վարչական պատասխանատվություն նախատեսող հոդվածը, ինչպես նաև համապատասխան նվազագույն չափորոշիչը սահմանող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի նորմը (նորմերը):

90. Հավաստագրի գործողությունը դադարում է (դադարեցվում է)`

1) դրա գործողության ժամկետը լրանալու դեպքում.

2) հավաստագրված կազմակերպության դիմումի համաձայն.

3) կազմակերպության լուծարման կամ անհատ ձեռնարկատիրոջ գործունեությունը դադարելու կամ մահվան դեպքում կամ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ գործունեությունը կասեցվելու դեպքում.

4) հավաստագրման համար ներկայացված փաստաթղթերում հավաստագրի տրամադրման համար էական նշանակություն ունեցող կեղծ կամ ոչ հավաստի տեղեկություններ հայտնաբերվելու դեպքում.

5) հավաստագրված կազմակերպության բաժանման կամ միաձուլման կամ հավաստագրված կազմակերպության` այլ իրավաբանական անձի միանալու ձևով վերակազմակերպման դեպքերում:

91. Կազմակերպության լուծարման կամ անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարման վերաբերյալ տվյալն առցանց, ինքնաշխատ եղանակով ստուգվում է Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության տեղեկատվական համակարգից, գործունեության կասեցման վերաբերյալ տվյալը` Պետական եկամուտների կոմիտեի համապատասխան տվյալների շտեմարանից, իսկ անհատ ձեռնարկատեր ֆիզիկական անձի մահվան վերաբերյալ տվյալը` Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տվյալների շտեմարանից:

92. Սույն հավելվածի 90-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված հիմքով հավաստագրի գործողությունը կարող է դադարեցվել 6 ամսվա ընթացքում այն օրվանից, երբ նախարարությունն իմացել է հավաստագրման համար ներկայացված փաստաթղթերում հավաստագրի տրամադրման համար էական նշանակություն ունեցող կեղծ կամ ոչ հավաստի տեղեկությունների մասին:

93. Սույն հավելվածի 90-րդ կետի 5-րդ ենթակետով նախատեսված տվյալներն առցանց, ինքնաշխատ եղանակով ստուգվում են Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության տեղեկատվական համակարգից հավաստագրված կազմակերպության բաժանման կամ միաձուլման ձևով վերակազմակերպման դեպքերում` նոր ստեղծված իրավաբանական անձանց պետական գրանցման պահից, իսկ հավաստագրված կազմակերպության` այլ իրավաբանական անձի միանալու ձևով վերակազմակերպման դեպքում` հավաստագրված կազմակերպության գործունեությունը դադարելու վերաբերյալ պետական գրանցման պահից:

94. Հավաստագրի գործողությունը, բացառությամբ 90-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված դեպքի, դադարեցվում է նախարարի վարչական ակտով` հավաստագրման հանձնաժողովի եզրակացության հիման վրա` հավաստագիրն ուժը կորցրած ճանաչելու միջոցով: Ընդ որում` սույն հավելվածի 90-րդ կետի 3-րդ և 5-րդ ենթակետերով նախատեսված հիմքերով հավաստագրի գործողության դադարեցման հարցի քննությունն իրականացվում է նախարարության նախաձեռնությամբ` սույն հավելվածի 42-րդ կետով սահմանված կարգով:

95. Սույն հավելվածի 21-րդ կետով նախատեսված պայմանով ակտը չեղյալ է ճանաչվում նախարարի վարչական ակտով, եթե նույն կետով սահմանված ժամկետում դրանով սահմանված պայմանները չեն առաջացել:

96. Հավաստագրման հանձնաժողովը հավաստագրի գործողությունը կասեցնելու և դադարեցնելու վերաբերյալ եզրակացությունները տալիս է հավաստագրի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու համար հիմք հանդիսացած հանգամանքներն ի հայտ գալուց հետո տասնօրյա ժամկետում` սույն հավելվածի 4-րդ գլխով սահմանված կարգով:

97. Հավաստագրի գործողությունը կասեցնելու և դադարեցնելու մասին եզրակացությունները և համապատասխան վարչական ակտերը տեղեկատվական համակարգի միջոցով եռօրյա ժամկետում ուղարկվում են հավաստագրված կազմակերպությանը:

 

Ձև N 1

 

Լրացնում է հայտատուն

 

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և

սոցիալական հարցերի նախարարին

 

Հայտատու` ___________________________

կազմակերպության անվանումը,

անհատ ձեռնարկատիրոջ

անունը, ազգանունը

___________________________________

                                                    ՀՎՀՀ

                                      ___________________________________

                                         պետական գրանցման համարը

                                      (անհատ ձեռնարկատիրոջ դեպքում`

                                        պետական հաշվառման համարը)

                                      ___________________________________

                                            գտնվելու վայրի հասցեն

                                         (անհատ ձեռնարկատիրոջ դեպքում`

                                            բնակության վայրի հասցեն)

                                      ___________________________________

                                         հեռախոսահամար, էլ. փոստի հասցե,

                                              սոց. ցանցեր, կայքէջ

 

Հայտ

սոցիալական ծառայություն տրամադրելու գործունեությունը հավաստագրելու

 

Խնդրում եմ հավաստագրել ստորև նշված սոցիալական ծառայություն (սոցիալական ծառայություններ) տրամադրելու գործունեությունը:

 

Հայցվող սոցիալական ծառայություն տրամադրելու գործունեությունը.

____________________________________________________________________

          ցանկից ընտրել մեկ կամ մի քանի սոցիալական ծառայություն

 

Կից ներկայացնում եմ Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի փետրվարի 19-ի N 195-Ն որոշմամբ պահանջվող հետևյալ տվյալները և փաստաթղթերը`

ա. գործող և նախորդ հավաստագրի տվյալները` համարը և տրամադրման օրը, ամիսը, տարին.

____________________________________________________________________

          ստացվում է առցանց, ինքնաշխատ եղանակով կամ լրացվում է

                            հայտատուի կողմից

 

բ. հավաստագրման ենթակա սոցիալական ծառայություն տրամադրելու գործունեության իրականացման վայրը (հասցեն), իսկ տնային պայմաններում խնամքի դեպքում` սպասարկման տարածքը.

____________________________________________________________________

լրացվում է ամբողջական հասցեն, օգտագործման կամ սեփականության

իրավունքի պետական գրանցման տվյալն ստացվում է առցանց, ինքնաշխատ

եղանակով, իսկ անշարժ գույքի օգտագործման պայմանագիրը ներբեռնվում է

հայտատուի կողմից

 

գ. սոցիալական ծառայություն տրամադրելու համար նախատեսված հաստիքները և ըստ հաստիքների` աշխատողների թիվը.

____________________________________________________________________

լրացվում են հաստիքների անվանումները և ըստ հաստիքների` աշխատողների

թվաքանակը, ներբեռնվում են ինքնակենսագրականները

 

դ. որից` մասնագետները.

____________________________________________________________________

նշում է կատարվում մասնագետ լինելու վերաբերյալ և ներբեռնվում են

համապատասխան փաստաթղթերի լուսապատճենները

 

ե. բժշկական անձնակազմի վերաբերյալ տվյալները.

____________________________________________________________________

         լրացվում է յուրաքանչյուր բուժաշխատողի անունը, ազգանունը

 

զ. համապատասխան սոցիալական ծառայություն տրամադրելու գործունեության իրականացման վերաբերյալ հայտատուի` նախկինում ունեցած փորձի և գործունեության վերաբերյալ տեղեկություններ.

____________________________________________________________________

լրացվում է ազատ տեքստով և ներբեռնվում են համապատասխան փաստաթղթերի

լուսապատճենները

 

է. հավաստագրման ենթակա սոցիալական ծառայություն տրամադրելու գործունեությանն ուղղված` հայտատուի կողմից իրականացվող ծրագրի նկարագրությունը` ներառյալ կիրառվող մեթոդաբանությունը, ինչպես նաև մատուցվող ծառայությունների նկարագիրը.

____________________________________________________________________

                         լրացվում է ազատ տեքստով

 

ը. տեղեկություն հավաստագրման ենթակա տարածքում անվտանգության ապահովման վերաբերյալ.

____________________________________________________________________

         պայմանագրի առկայության դեպքում ներբեռնվում է պայմանագրի

լուսապատճենը (եթե ենթակա է ներկայացման), անվտանգությունը պահնորդի

հաստիքի միջոցով ապահովելու դեպքում համապատասխան հայտարարության

տեքստը գեներացվում է առցանց, ինքնաշխատ եղանակով

 

թ. պահպանիչ-հակահրդեհային ազդարարման համակարգը «112» արտակարգ իրավիճակների կանչերի օպերատիվ կառավարման գրասենյակին միացված լինելը.

____________________________________________________________________

ստացվում է առցանց, ինքնաշխատ եղանակով (եթե ենթակա է ներկայացման)

 

ժ. կանոնադրությունը.

____________________________________________________________________

                  ստացվում է առցանց, ինքնաշխատ եղանակով

 

ժա. համապատասխան անշարժ գույքի առկայությունն ապահովելու վերաբերյալ պարտավորագիրը (վերաբերելի լինելու դեպքում).

____________________________________________________________________

պարտավորագրի տեքստը գեներացվում է տեղեկատվական համակարգի միջոցով`

խմբագրման հնարավորությամբ

 

ժբ. այլ տվյալներ կամ փաստաթղթեր.

____________________________________________________________________

համապատասխան դաշտերում լրացվում են տվյալները և ներբեռնվում են

համապատասխան փաստաթղթերը

 

Սույնով տալիս եմ համաձայնությունս իմ տվյալները մշակելու վերաբերյալ:

 

Հայտը հաստատելուց առաջ

[] հավաստիացնում եմ, որ ներկայացված տվյալները ճիշտ են:

 

Հայտատու`

____________________________________________________

կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի կամ անհատ ձեռնարկատիրոջ

անուն, ազգանունը

 

Էլեկտրոնային ստորագրություն

 

Ձև N 2

 

ՀԱՎԱՍՏԱԳԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական

հարցերի նախարարություն

 

ՀԱՎԱՍՏԱԳԻՐ N ________

 

Տրված` _________________

ամիսը, օրը, տարին

 

Սույնով հավաստվում է, որ

_______________________________________________________________ -ը,

հավաստագրված կազմակերպության անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ

անունը, ազգանունը

 

Պետական գրանցման համար` _____________________________________________

(անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համար)

 

օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունք ունի իրականացնելու սոցիալական ծառայություն տրամադրելու հետևյալ գործունեությունը`

___________________________________________________________________:

 

Սոցիալական ծառայություն տրամադրելու գործունեության իրականացման վայրը (հասցեն)`

____________________________________________________________________

լրացվում է գործունեության իրականացման վայրը (հասցեն), իսկ տնային

պայմաններում խնամքի դեպքում` սպասարկման տարածքը

 

Հավաստագրի գործողության ժամկետը`

 

Սկիզբ` _____________________________

օրը, ամիսը, տարին

 

Ավարտ` ___________________________

օրը, ամիսը, տարին

 

Նախարար`

________________________________________ անուն, ազգանուն

էլեկտրոնային ստորագրություն

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2026 թվականի փետրվարի 19-ի

N 195-Ն որոշման

 

ՀԱՎԱՍՏԱԳՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՌԵԵՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. Սույն հավելվածով սահմանվում է սոցիալական ծառայություն տրամադրելու գործունեություն իրականացնելու համար հավաստագրված կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի (այսուհետ նաև` հավաստագրված անձինք) ռեեստրի վարման կարգը:

2. Ռեեստրի վարումը ներառում է հավաստագրված անձանց, սոցիալական ծառայություն տրամադրելու հավաստագրերի, հավաստագրված անձանց գործունեության վերաբերյալ ընթացիկ տեղեկությունների, օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացված ստուգումների, վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության, ընդունված որոշումների տվյալների, ինչպես նաև հավաստագրի վերաձևակերպման, հավաստագրի գործողության կասեցման, դադարեցման տվյալների (տեղեկությունների) գրանցումը:

3. Ռեեստրի վարումն իրականացվում է սոցիալական ծառայություն տրամադրելու գործունեության հավաստագրման տեղեկատվական համակարգի (այսուհետ` տեղեկատվական համակարգ) միջոցով: Ռեեստրը տեղեկատվական համակարգի բաղկացուցիչ մասն է:

4. Տեղեկատվական համակարգի միջոցով ռեեստրում առցանց, ինքնաշխատ, իրական ժամանակի ռեժիմով ներառվում են`

1) հավաստագրված անձանց տվյալները`

ա. կազմակերպության անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը,

բ. պետական գրանցման համարը (անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը) և հարկ վճարողի հաշվառման համարը,

գ. գտնվելու վայրի հասցեն (անհատ ձեռնարկատիրոջ բնակության վայրի հասցեն),

դ. կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի անունը, ազգանունը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը,

ե. հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն, կայքէջին և սոցիալական ցանցերին հղումները` առկայության դեպքում.

2) սոցիալական ծառայություն տրամադրելու գործունեության հավաստագրի (այսուհետ` հավաստագիր) տվյալները`

ա. հավաստագիրը տվող մարմնի անվանումը,

բ. հավաստագրի համարը,

գ. հավաստագիրը տալու օրը, ամիսը, տարին,

դ. հավաստագրված անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, կազմակերպության անվանումը,

ե. հավաստագրված անձի պետական գրանցման (անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` պետական հաշվառման) համարը,

զ. սոցիալական ծառայություն տրամադրելու գործունեությունը` համաձայն սույն որոշման N 1 հավելվածի 8-րդ կետի,

է. սոցիալական ծառայություն տրամադրելու գործունեության իրականացման վայրը (հասցեն), ներառյալ ժամանակավոր վայրը (հասցեն), իսկ տնային պայմաններում խնամքի դեպքում` սպասարկման տարածքը,

ը. հավաստագրի գործողության ժամկետը.

3) հավաստագրված անձանց գործունեության վերաբերյալ ընթացիկ տեղեկությունները`

ա. հավաստագրված սոցիալական ծառայություն տրամադրելու գործունեությանն ուղղված ծրագրի համառոտ նկարագիրը,

բ. կիրառվող մեթոդաբանության նկարագիրը,

գ. մատուցվող ծառայությունների ամփոփ նկարագիրը.

4) ստուգումների, վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վերաբերյալ տվյալները`

ա. օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացված ստուգումների` ներառյալ ստուգման ենթարկված անձանց, ստուգման արդյունքների տվյալները.

բ. վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի հարուցման օրը, ամիսը, տարին, վարչական պատասխանատվություն նախատեսող հոդվածը, գործի քննության արդյունքով կայացված որոշումը (գործը կարճելու կամ վարչական տույժ նշանակելու մասին որոշումը),

գ. վարչական տույժ նշանակելու մասին որոշման օրը, ամիսը, տարին, որոշմամբ հաստատված հանգամանքները, վարչական պատասխանատվություն նախատեսող հոդվածը, ինչպես նաև համապատասխան նվազագույն չափորոշիչը սահմանող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի նորմը (նորմերը).

5) հավաստագրի վերաձևակերպման, հավաստագրի գործողության կասեցման, դադարեցման վերաբերյալ տվյալները`

ա. հավաստագրի վերաձևակերպման հիմքը, կատարված փոփոխությունները, վերաձևակերպման օրը, ամիսը, տարին,

բ. հավաստագրի կասեցման հիմքը, կասեցման համար հիմք ծառայած հանգամանքների համառոտ շարադրանքը, հավաստագրի կասեցված լինելու ժամանակահատվածը,

գ. հավաստագրի դադարեցման հիմքը, դադարեցման համար հիմք ծառայած հանգամանքների համառոտ շարադրանքը, հավաստագրի դադարեցման օրը, ամիսը, տարին:

5. Սույն հավելվածի 4-րդ կետով նախատեսված տվյալների (տեղեկությունների) գրանցումն իրականացվում է` ըստ հավաստագրված անձանց:

6. Սույն հավելվածի 4-րդ կետի`

1) 1-ին ենթակետով նախատեսված տվյալները (տեղեկությունները) ստացվում են Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության տեղեկատվական համակարգից, բացառությամբ նույն կետի 1-ին ենթակետի «ե» պարբերությամբ նախատեսված տվյալների (տեղեկությունների), որոնք տեղեկատվական համակարգ են մուտքագրվում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ` նախարարություն) համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման իրավասու աշխատողի կողմից.

2) 2-3-րդ և 5-րդ ենթակետերով նախատեսված տվյալները (տեղեկությունները) տեղեկատվական համակարգ են մուտքագրվում նախարարության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման իրավասու աշխատողի կողմից.

3) 4-րդ ենթակետով նախատեսված տվյալները (տեղեկությունները) տեղեկատվական համակարգ են մուտքագրվում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և առողջապահական տեսչական մարմնի կողմից:

7. Սույն հավելվածի 4-րդ կետի 5-րդ ենթակետի «ա» պարբերությամբ նախատեսված դեպքում հավաստագրի վերաձևակերպումից հետո հավաստագրված անձի վերաբերյալ տվյալները (տեղեկությունները) գրանցվում են` ըստ փոփոխված տվյալների` նշում պարունակելով մինչև վերաձևակերպումը եղած տվյալների (տեղեկությունների) վերաբերյալ:

8. Հավաստագրի գործողության դադարեցումից հետո կազմակերպությունը համարվում է ռեեստրից հանված, իսկ սույն հավելվածով նախատեսված տվյալներն էլեկտրոնային եղանակով արխիվացվում են օրենսդրությամբ սահմանված կարգով:

9. Ռեեստրում պարունակվող տվյալները (տեղեկությունները) հավաստագրված անձանց տրամադրվում են տեղեկատվական համակարգի միջոցով կատարված հարցման հիման վրա:

10. Ռեեստրում պարունակվող տվյալները (տեղեկությունները) պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններին հասանելի են տեղեկատվական փոխգործելիության շրջանակներում: Այլ անձանց ու կազմակերպություններին այդ տվյալները (տեղեկությունները) տրամադրվում են օրենսդրությամբ սահմանված կարգով ու ժամկետներում:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 24 փետրվարի 2026 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.02.2026
N 195-Ն
Որոշում