ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
19 մարտի 2026 թվականի N 292-Ա
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող, Երևան, Նորք-Մարաշ, Գ. Հովսեփյան փողոց հարող տարածք հասցեում գտնվող` 417,659,847 ՀՀ դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով, 0,709 հա մակերեսով հողամասը (սեփականության վկայական` N 26112025-01-0412, այսուհետ` անշարժ գույք) ամրացնել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությանը:
2. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի միակողմանի ընդունման և հաշվառման աշխատանքները.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում նախաձեռնել օրենսդրությամբ սահմանված կարգով սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխությունը` նախատեսելով նպատակային նշանակությունը` անտառային, գործառնական նշանակությունը կամ հողատեսքը` անտառ:
3. Սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքն անորոշ ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (այսուհետ` կազմակերպություն)` կազմակերպության կանոնադրական գործառույթներին համապատասխան գործունեություն իրականացնելու համար:
4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում կազմակերպության հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)` դրանում նախատեսելով, որ`
1) անհատույց օգտագործման տրամադրված գույքը կամ դրա մասն օգտագործողի կողմից որևէ գույքային իրավունքով չի կարող տրամադրվել այլ անձի.
2) պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման կազմակերպության միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2026 թ. մարտի
Երևան