ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
26 մարտի 2026 թվականի N 346-Ն
ՎԵՐԵԼԱԿՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՆՈՐՄԵՐԸ, ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՀՐԱՀԱՆԳՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(1-ին մաս)
i
Ղեկավարվելով «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել վերելակների անվտանգ շահագործման տեխնիկական անվտանգության նորմերը, կանոնները և հրահանգները` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` 6 ամսվա ընթացքում, շահագործման մեջ գտնվող վերելակները շահագործող անձի կողմից պետք է համապատասխանեցվեն սույն որոշման պահանջներին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2026 թ. մարտի 26
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2026 թվականի մարտի 26-ի
N 346-Ն որոշման
ՆՈՐՄԵՐ, ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎ ՀՐԱՀԱՆԳՆԵՐ
ՎԵՐԵԼԱԿՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ
1. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ
1. Վերելակների անվտանգ շահագործման տեխնիկական անվտանգության նորմերը, կանոնները և հրահանգները (այսուհետ` կանոն) սահմանում են վերելակների, այդ թվում` սարքավորումների մոնտաժման, անվտանգ շահագործման, սպասարկման վերաբերյալ տեխնիկական անվտանգության պահանջներ, և սույն կանոնի գործողությունը տարածվում է բոլոր վերելակների վրա, եթե դրանք տեղադրված են հանրային նշանակության կառույցներում, այդ թվում` արտադրական շինություններում, բազմաբնակարանային շենքերում, ընդհանուր օգտագործման համար նախատեսված այլ վայրերում, բացառությամբ 250 կգ ու փոքր բեռնատարողությամբ վերելակների:
2. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
2. Սույն կանոնում կիրառված են հետևյալ հասկացությունները`
1) անվանական արագություն` վերելակի տեխնիկական տեղեկաթերթիկում ամրագրված խցիկի շարժման արագությունը, որով այն հաշվարկված է.
2) անվանական բեռնունակություն` վերելակի տեխնիկական տեղեկաթերթիկում ամրագրված բեռի ամենամեծ զանգվածը, որի փոխադրման համար նախատեսված է վերելակը.
3) անվտանգության էլեկտրական սարքավորում` վերելակի անվտանգ շահագործումն ապահովելու համար նախատեսված էլեկտրական սարքավորում.
4) անվտանգության շղթա` անվտանգության սարք պարունակող էլեկտրական շղթա.
5) անվտանգության սարք` վերելակից անվտանգ օգտվելն ապահովելու համար նախատեսված տեխնիկական սարք.
6) բազմաշերտ ապակի` ապակե արտադրատեսակ` կազմված 2 և ավելի շերտից, որոնք միմյանց միացված են մեկ կամ մի քանի միջանկյալ պլաստմասսայե պատվածքով միջնաշերտով.
7) բլոկային սրահ` բլոկների տեղադրման համար նախատեսված առանձին շինություն.
8) թմբուկավոր կարապիկ` կարապիկ, որի քարշող ճիգն ստեղծվում է ճկուն քարշող տարրերի թմբուկին կոշտ ամրացնելու և դրանց` թմբուկի հետ շփման հաշվին.
9) խառը կառավարում` կառավարման տեսակ, որի դեպքում վերելակի գործարկման հրահանգներ տրվում են ինչպես խցիկի ներսից, այնպես էլ` հարկերի հարթակներից.
10) խցիկ` բեռնակրող սարք, որը նախատեսված է մարդկանց (ուղևորների) տեղավորման համար.
11) խցիկի հատակի օգտակար մակերես` խցիկի հատակի մակերեսը, որը սահմանափակված է պատերի ներքին մակերևույթներով և խցիկի դռնով (դռներով)` հանած ծխնիավոր դռների մի փեղկի և բռնաձողի բացվելու ժամանակ գրաված մակերեսը.
12) կալուն (բաշմակ)` ուղղորդիչների նկատմամբ վերելակի հանգույցների դիրքն ապահովող սարք.
13) կառավարման համակարգ` վերելակի աշխատանքն ապահովող կառավարման սարքերի (հարմարանքների) համախումբ.
14) կառավարման հրահանգ` վերելակից օգտվող ուղևորի կամ սպասարկող անձնակազմի կողմից կառավարման համակարգին տրվող կամ այդ համակարգի կողմից ձևավորվող հրահանգ.
15) կառավարման շղթա` էլեկտրական շղթա, որը պարունակում է տարրեր, որոնց գործառութային նշանակությունն էլեկտրասարքավորումները կամ առանձին էլեկտրական սարքերը գործողության մեջ դնելը կամ դրանց պարամետրերը փոխելն է.
16) կառավարման ռեժիմ` կառավարման համակարգի միջոցով վերելակի աշխատանքային գործառույթների կատարման հնարավորությունների ամբողջականության ապահովումը.
17) կառավարման տեսակ` վերելակն իր նշանակությամբ օգտագործելու ժամանակ կառավարման հրահանգներ տալու եղանակների համատեղումը.
18) կարապիկ` վերելակի խցիկի շարժումն ապահովող քարշող ճիգի ստեղծման համար նախատեսված էլեկտրաշարժիչով էլեկտրամեխանիկական սարք.
19) կտրուկ արգելակմամբ որսիչներ` առաձգական տարրեր չունեցող որսիչներ.
20) հավաքական կառավարում` խառը կառավարում, որի դեպքում կառավարման մի հրահանգը տալուց (գրանցելուց) հետո կարող են տրվել (գրանցվել) նաև հաջորդական հրահանգներ, որոնք կատարվում են սահմանված ծրագրին համապատասխան.
21) հորան` շինություն, որում շարժվում են խցիկը և հակակշիռը.
22) ճկուն քարշող տարր` տարր (ճոպան, շղթա, փոկ), որից կախված է խցիկը (հակակշիռը), և որը նախատեսված է քարշի ճիգերը փոխանցելու համար.
23) մեքենայական սրահ` բոլոր կողմերից ցանկապատված տարածություն` լուսավորված դռնով, որում տեղադրված են շարժաբերը, ներանցման սարքվածքը, կառավարման կայանը և վերելակի այլ սարքեր.
24) էլեկտրաշարժիչի հոսանքի գլխավոր շղթա` էլեկտրական շղթա, որը պարունակում է էլեկտրաշարժիչին էլեկտրական էներգիա հաղորդելու տարրեր.
25) որսիչներ` անվտանգության հարմարանք, որը նախատեսված է խցիկը (հակակշիռը) կանգնեցնելու և ուղղորդիչների վրա պահելու համար` դրա աշխատանքային արագության մեծացման կամ քարշող տարրերի կտրվելու դեպքում.
26) սահուն արգելակման որսիչներ` որսիչներ, որոնք ունեն առաձգական տարր (զսպանակ և այլն), որի դեֆորմացիայով որոշվում է արգելակման մասի վրա ազդող ուժի մեծությունը.
27) վերելակ` պարբերական գործողության հաստատուն բեռնամբարձչային սարք` նախատեսված անշարժ ամրացված և հորիզոնականի նկատմամբ 15 o-ից ավելի անկյունային թեքությամբ ուղղորդիչով շարժվող խցիկում ուղևորներ կամ ուղևորներ և բեռներ փոխադրելու համար կամ միայն բեռներ փոխադրելու համար, եթե խցիկը մատչելի է մարդկանց` առանց որևէ դժվարության խցիկ մուտք գործելու համար, և եթե այն սարքավորված է ներսում գտնվող մարդու համար հասանելի կառավարման միջոցներով.
28) վերելակի սարքավորում` վերելակի կազմի մեջ մտնող առանձին սարքեր և մեխանիզմներ ու հանգույցներ.
29) ուժային շղթա` էլեկտրական շղթա, որը պարունակում է տարրեր` էլեկտրական էներգիայի փոխանցման, բաշխման և այլ արժեքներով հարաչափերի էլեկտրական էներգիայի կերպափոխման գործառութային նշանակությամբ.
30) փոկանիվով կամ շփման թմբուկով կարապիկ` կարապիկ, որի քարշող ճիգն ստեղծվում է քարշող տարրերի փոկանիվի կամ թմբուկի հետ շփման հաշվին:
3. ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՄԱՍԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
3. Վերելակների սարքավորումների տեղակայման համար նախատեսված շինարարական մասը պետք է համապատասխանի շենքերի (շինությունների) նախագծերում նախատեսված շինարարական նորմերին:
4. Վերելակների տեղակայման համար նախատեսված շինարարական մասերը պետք է համապատասխանեն հակահրդեհային անվտանգության ապահովման պահանջներին:
5. Վերելակների բաղկացուցիչ մասերի տեղադրման համար նախատեսված շենքերի ջեռուցման և օդափոխության սարքավորումների անհրաժեշտությունը ներկայացվում է շենքերի (շինությունների) նախագծման ժամանակ վերելակների շահագործման պայմաններին ներկայացվող` արտադրող կազմակերպության կողմից սահմանված պահանջներին համապատասխան:
4. ՀՈՐԱՆԸ
6. Վերելակների տեղադրման համար նախատեսված հորանները պատերով, հատակով և ծածկով կամ անվտանգության ապահովման համար անհրաժեշտ տարածությամբ պետք է անջատված լինեն դրանց կից հրապարակից և աստիճանից, որոնց վրա տեղադրված են սարքավորումներ կամ կարող են գտնվել մարդիկ:
7. Վերելակների խցիկները, հակակշիռները և խցիկը հավասարակշռող սարքավորումը պետք է տեղադրված լինեն միևնույն հորանում:
8. Լրիվ արգելափակված հորանի մեջ թույլատրվում է հետևյալ տարրերի առկայությունը`
1) հարկերի հարթակներում վերելակների հորանի դռների որմնանցքեր.
2) սարքավորումների սպասարկման և վթարային դռների որմնանցքեր, ինչպես նաև դիտանցքեր.
3) հրդեհի դեպքում գազերի և ծխի ելքի համար արտաթողման անցքեր.
4) օդանցքեր.
5) վերելակի աշխատանքի համար անհրաժեշտ անցքեր` տեղակայված վերելակների հորանի և մեքենայական կամ բլոկային սրահի միջև:
9. Մասամբ արգելափակված և մասամբ ոչ լրիվ (ցանցային և այլն) արգելափակված հորանների դեպքում հորանի լրիվ արգելափակման բարձրությունը մարդկանց համար հասանելի տեղերում պետք է լինի (N 1 նկար)`
1) հարկերի հարթակներում հորանի դռան կողմից` 3,5 մ-ից ոչ պակաս.
2) մյուս կողմերից` 2,5 մ-ից ոչ պակաս, եթե մինչև վերելակների շարժական մասերն ընկած տարածությունը չի գերազանցում 0,5 մ-ն:

Նկար N 1. Մինչև վերելակների շարժական տարրերն ընկած տարածությունը
A-ն մինչև վերելակի շարժական տարրերն ընկած տարածությունն է:
B-ն արգելափակման և միջհարկային ծածկերի ծայրերի, աստիճանների և հարթակների միջև ընկած տարածությունն է:
H(1)-ը հարկային հարթակի կողմից արգելափակման բարձրությունն է:
H(2)-ը մյուս կողմերից արգելափակման թույլտվությունն է:
10. Եթե մինչև վերելակների շարժական մասերն ընկած տարածությունը գերազանցում է 0,5 մ-ն, ապա 2,5 մ մեծությունը 2,0 մ տարածության վրա կարելի է հաջորդաբար փոքրացնել` մինչև 1,1 մ-ից ոչ պակաս բարձրության (N 2 նկար):
11. Արգելափակման և միջհարկային ծածկերի ծայրերի, աստիճանների և հարթակների միջև տարածությունը պետք է լինի 0,15 մ-ից ոչ ավելի:

Նկար N 2. Հորանի արգելափակման բարձրությունը` կախված մինչև
վերելակների շարժական մասերն ընկած տարածությունից
A-ն մինչև վերելակի շարժական մասերն ընկած տարածությունն է:
H-ն արգելափակման բարձրությունն է:
12. Հորանի լրիվ արգելափակումը պետք է դիմանա 300 Ն-ին հավասար բեռնվածությանը, որը պետք է հավասարաչափ բաշխված լինի 5 սմ2 մակերես ունեցող` շրջանաձև կամ քառակուսի մակերևույթի վրա ուղիղ անկյան տակ դրա ցանկացած կետում 15 մմ-ն չգերազանցող` կիրառվող առաձգական դեֆորմացիային: Այդ դեպքում մնացորդային դեֆորմացիա չի թույլատրվում:
13. Մարդկանց համար հասանելի տեղերում հորանի արգելափակման համար օգտագործվող հարթ կամ ձևավոր ապակյա պանելները պետք է պատրաստված լինեն բազմաշերտ ապակուց և ունենան սույն կանոնի 9-րդ կետին համապատասխան բարձրություն:
14. Վերելակների յուրաքանչյուր ուղղորդիչի տակ գետնախորշի հատակը, բացառությամբ կախովի ուղղորդիչների, պետք է հաշվարկված լինի ըստ որսիչների գործարկման պահին առաջացող ուժի և ուղղորդիչների զանգվածների գումարին համապատասխան բեռնվածության:
15. Խցիկի թափամեղմիչի հենարանների տակ գետնախորշի հատակը պետք է հաշվարկված լինի ստատիկ բեռնվածությանը համապատասխան որոշված հետևյալ բանաձևով`
4g(n)x(K+Q)(Ն),
որտեղ`
K-ն խցիկին կից կախվող կոնստրուկտորային տարրերի (հավասարակշռող ճոպանների և շղթաների, կախովի մալուխների մի մասը և այլն) և խցիկի զանգվածն է` հաշվարկված կիլոգրամով,
Q-ն անվանական բեռնունակությունն է (զանգվածը)` հաշվարկված կիլոգրամով,
g(n)-ն ազատ անկման արագացման մեծությունն է (9,81 մ/վ2):
16. Հակակշռի թափամեղմիչի հենարանների տակ կամ շարժական հավասարակշռող բեռի տարածքում գետնախորշի հատակը պետք է հաշվարկված լինի հակակշռի համար ստատիկ բեռնվածությանը համապատասխան որոշված հետևյալ բանաձևով`
4g(n)x(K+kQ)(Ն),
որտեղ`
K-ն խցիկին կից կախվող կոնստրուկտորային տարրերի (հավասարակշռող ճոպանների և շղթաների, կախովի մալուխի մի մասը և այլն) և խցիկի զանգվածն է` հաշվարկված կիլոգրամով,
Q-ն անվանական բեռնունակությունն է (զանգվածը)` հաշվարկված կիլոգրամով,
g(n)-ն ազատ անկման արագացման մեծությունն է (9,81 մ/վ2),
k-ն հակակշռով անվանական բեռնունակության հավասարակշռող գործակիցը կամ խցիկի հավասարակշռիչ սարքով խցիկի զանգվածի հավասարակշռման գործակիցն է:
17. Վերելակների գետնախորշերի տակ մարդկանց համար հասանելի տարածության (սրահների) առկայության դեպքում գետնախորշերի հիմքը պետք է հաշվարկված լինի 5000 Ն/մ2 -ից ոչ պակաս բեռնվածություն ընդունելու համար, իսկ հակակշիռը կամ խցիկի հավասարակշռիչ սարքը պետք է սարքավորված լինի որսիչներով:
18. Կախովի ուղղորդիչների ամրացման տեղերը պետք է հաշվարկված լինեն ուղղորդիչների զանգվածով ստեղծված` որսիչների գործարկման պահին առաջացած ուժերի գումարին համարժեք բեռնվածության համար:
19. Վերելակների հորանների դռների շեմերի բացվածքների և հարակից հարկերի հարթակների միջև 11 մ-ից ավելի տարածության և մի վերելակի խցիկից հարևան վերելակի խցիկն ուղևորների տեղափոխման անհնարինության դեպքում հորանում պետք է տեղադրվեն վթարային դռներ` այնպես, որպեսզի դռների շեմերի բացվածքների տարածությունն ըստ բարձրության չգերազանցի 11 մ-ն: Թույլատրվում է չտեղադրել վթարային դռներ այն դեպքերում, երբ բացակայում է վերելակի հորանին կից հարթակը (վթարային դռների տեղադրման տարածքում), որով հնարավոր է տարահանել մարդկանց:
20. Օդանցքերը պետք է փակված լինեն ցանցավանդակով, որի անցքերով չպետք է անցնի 21 մմ տրամագծով գնդիկը, դրան կցելով ցանցավանդակին ուղղահայաց 10 Ն բեռնվածություն: Ցանցավանդակի մեխանիկական ամրությունը պետք է բավարարի սույն կանոնի 12-րդ կետով նախատեսված պահանջները:
21. Ցանկացած հարկի հարթակում վերելակների հորանների ներքին մակերեսը հորանի դռան եզրից ներքև`
1) պետք է կազմի ուղղահայաց հարթ մակերես` անմիջապես միացած վերելակների հորանների դռների շեմի հետ, որի բարձրությունը պետք է լինի դռների հպման գոտու կեսից ոչ պակաս` ավելացրած 0,05 մ, իսկ լայնությունը` խցիկի բացվածքի լայնությունից ոչ պակաս` ավելացրած յուրաքանչյուր կողմից 0,25 մ.
2) չպետք է ունենա 5 մմ-ից ավելի ելուստ: 2 մմ-ից ավելի ելուստները պետք է ունենան 75 o-ից ոչ պակաս հորիզոնական թեքություն.
3) պետք է միջնակապով միանան մյուս դռան բացվածքին կամ շարունակվեն ներքև` կոշտ հարթ թեքվածքով դեպի հորիզոնական հարթություն` 60-ից ոչ պակաս անկյունով: Այդ թեքվածքի պրոյեկցիան հորիզոնական հարթության վրա պետք է լինի 20 մմ-ից ոչ պակաս:
22. Սպասարկող անձնակազմի համար հասանելի կողմից հակակշռի կամ խցիկի հավասարակշռիչ սարքի շարժման գոտին պետք է լինի արգելափակված գետնախորշի հատակի մակերևույթից 2,5 մ-ից ոչ պակաս բարձրությամբ: Գետնախորշի հատակի մակերևույթի և արգելափակի ներքևի մասի տարածությունը պետք է լինի 0,3 մ-ից ոչ ավելի:
23. Արգելափակի լայնությունը (անշարժ կամ հանովի) պետք է լինի հակակշռի լայնությունից ոչ պակաս` յուրաքանչյուր կողմից գումարած 0,1 մ:
24. Արգելափակի մեջ անցքերի առկայության դեպքում դրանք պետք է համապատասխանեն N 1 աղյուսակով սահմանված պահանջներին: Անցքերի «e» չափը տրված է N 3 նկարում:
Աղյուսակ N 1
._____________________________________________________________________.
|Անցքերի չափը, մմ |Անվտանգության հեռավորությունը, մմ |
|____________________|________________________________________________|
| |անցքերի ձևը |
| |________________________________________________|
| |ուղղանկյուն (ճեղք) | քառակուսի | շրջան |
|____________________|___________________|______________|_____________|
| e <= 4 | >= 2 | >= 2 | >= 2 |
|____________________|___________________|______________|_____________|
| 4 < e <= 6 | >= 10 | >= 5 | >= 5 |
|____________________|___________________|______________|_____________|
| 6 < e <= 8 | >= 20 | >= 15 | >= 15 |
|____________________|___________________|______________|_____________|
| 8 < e <= 10 | >= 80 | >= 25 | >= 20 |
|____________________|___________________|______________|_____________|
| 10 < e <= 12 | >= 100 | >= 80 | >= 80 |
|____________________|___________________|______________|_____________|
| 12 < e <= 20 | >= 120 | >= 120 | >= 120 |
|____________________|___________________|______________|_____________|
| 20 < e <= 30 | >= 850 | >= 120 | >= 120 |
|____________________|___________________|______________|_____________|
| 30 < e <= 40 | >= 850 | >= 200 | >= 200 |
|____________________|___________________|______________|_____________|
| 40 < e <= 120 | >= 850 | >= 850 | >= 850 |
._____________________________________________________________________.
>= 850-ի դեպքում, եթե ուղղանկյան երկարությունը <= 62 մմ է, ապա մեծ մատը կգործի ինչպես սևեռակ և անվտանգության հեռավորությունը կարելի կլինի փոքրացնել մինչև 200 մմ-ի:

Նկար N 3. Անցքերի «e» չափի պատկերները
25. Թույլատրվում է արգելափակ չտեղադրել հետևյալ դեպքերում`
1) եթե լրիվ սեղմված թափամեղմիչի վրա գտնվող հակակշռի ներքին կետի և գետնախորշի հատակի մակարդակի միջև տարածությունը 2,5 մ-ից ավելի չէ.
2) եթե անցման գոտում հակակշռին կցված են հակակշռող ճոպաններ կամ շղթաներ:
26. Հորանում կարող են գտնվել մի քանի վերելակներ: Այդ դեպքում տարբեր վերելակների շարժական մասերի միջև պետք է տեղադրված լինեն միջնորմներ: Միջնորմը պետք է սկսվի գետնախորշի հատակից կամ խցիկի, հակակշռի կամ խցիկի հավասարակշռիչ սարքի տեղաշարժման ներքին կետից և վերջանա 2,5 մ վերև ներքին հարկի հարթակի հատակի մակերևույթի մակարդակից:
27. Միջնորմը պետք է տեղադրվի հորանի ամբողջ բարձրությամբ, եթե մի վերելակի խցիկի տանիքի ծայրից մինչև կից վերելակի խցիկի, հակակշռի կամ խցիկի հավասարակշռիչ սարքի, խցիկի շարժվող մասերի միջև տարածությունը փոքր է 0,5 մ-ից:
28. Հորանի ամբողջ բարձրությամբ տեղադրված միջնորմի լայնությունը պետք է լինի շարժական մասի կամ դրա այն տարրերի լայնությունից ոչ պակաս` ավելացրած յուրաքանչյուր կողմից 0,1 մ, որոնք պետք է արգելափակված լինեն:
29. Միջնորմների մեջ անցքերի առկայության դեպքում դրանք պետք է համապատասխանեն N 1 աղյուսակով սահմանված պահանջներին:
30. Ճոպանատար անիվով կամ շփման թմբուկով կարապիկով սարքավորված վերելակների հորանի բարձրությունը պետք է լինի այնպիսին, որպեսզի լրիվ սեղմված թափամեղմիչի վրա գտնվող հակակշռի դեպքում միաժամանակ ապահովվեն`
1) ուղղորդիչներով (0,1+0,035v2) մ-ից ոչ պակաս տարածության վրա խցիկի տեղաշարժման հնարավորությունը.
2) սպասարկող անձնակազմի տեղավորման համար նախատեսված խցիկի տանիքի հարթակի մակերևույթի և խցիկի պրոյեկցիայում դիրքավորված հորանի ներքևի մասի ծածկի (ներառյալ հեծանները և ծածկի տակ տեղադրված կոնստրուկտիվ տարրերը) (0,1+0,035v2) մ-ից ոչ պակաս բացակը.
3) հորանի ծածկի ներքևի մասի և կալունի կամ հոլովակների ուղղորդիչների մասերի, ճոպաններին ամրացված միջնակապերի կամ ուղղագիծ տեղաշարժվող դռների մասերի միջև (0,1+0,035v2) մ-ից ոչ պակաս բացակը.
4) խցիկի վրա ազատ տարածությունը, որը բավարար լինի իր մի նիստով պառկած (0,5x0,6x0,8) մ-ից ոչ պակաս չափերով զուգահեռանիստի տեղադրման համար: Ուղիղ կախոցով վերելակների համար քարշող ճոպանները և դրանց ամրացումները կարող են գտնվել այդ տարածության մեջ` պայմանով, որ ճոպանները տեղավորված լինեն զուգահեռանիստի որևէ ուղղահայաց հարթությունից 0,15 մ-ից ոչ ավելի հեռավորության վրա:
31. Ճոպանատար անիվով կամ շփման թմբուկով կարապիկով սարքավորված լրիվ սեղմված թափամեղմիչի վրա գտնվող խցիկներով վերելակների դեպքում պետք է ապահովվի ուղղորդիչներով (0,1+0,035v2) մ-ից ոչ պակաս տարածության վրա հակակշռի տեղաշարժման հնարավորությունը: Ձգովի բլոկով հավասարակշռող ճոպաններով հանդերձված վերելակների համար, որոնք սարքավորված են ոստյունին հակառակ սարքերով (արգելակող կամ փակիչ սարքվածքով) 0,035v2 մեծությունը` բացակների հաշվարկների ժամանակ, թույլատրվում է փոխարինել բլոկի հնարավոր տեղաշարժման (կախված կիրառվող պաշարից), ավելացրած 1/500 խցիկի բարձրացման մեծությամբ, բայց 0,2 մ-ից ոչ պակաս` հաշվի առնելով ճոպանի առաձգականությունը:
32. Թմբուկով կամ աստղիկով կարապիկով սարքավորված վերելակների ուղղորդիչների բարձրությունը պետք է ապահովի 0,5 մ-ից ոչ պակաս տարածության վրա խցիկի տեղաշարժման հնարավորությունը` վերևի հարկի մակերևույթից մինչև վերևի թափամեղմիչը:
33. Թմբուկով կամ աստղիկով կարապիկով սարքավորված լրիվ սեղմված թափամեղմիչի վրա գտնվող վերելակների խցիկների դեպքում`
1) խցիկի տանիքի վրա սպասարկող անձնակազմի տեղավորման համար նախատեսված հարթակի մակարդակի և խցիկի պրոյեկցիայում դիրքավորված հորանի ծածկի ներքևի մասի (ներառյալ հեծանները և ծածկի տակ տեղադրված կոնստրուկտորային տարրերը) միջև բացակը պետք է լինի 1 մ-ից ոչ պակաս.
2) հորանի ծածկի ներքևի մասի և խցիկի տանիքի վրա տեղադրված սարքավորումների մանրակների միջև բացակը պետք է լինի 0,3 մ-ից ոչ պակաս, իսկ կալունների կամ հոլովակների ուղղորդիչների մասերի, ճոպանների ամրացումների, միջնակապերի կամ ուղղաձիգ տեղաշարժվող դռների միջև` 0,1 մ-ից ոչ պակաս.
3) խցիկի վերևի ազատ տարածությունը պետք է բավարար լինի իր մի նիստով պառկած (0,5x0,6x0,8) մ-ից ոչ պակաս չափերով զուգահեռանիստի տեղադրման համար: Ուղիղ կախոցով վերելակների համար քարշող ճոպանները և դրանց ամրացումները կարող են գտնվել այդ տարածության մեջ` այն պայմանով, որ ճոպանները տեղադրված լինեն զուգահեռանիստի որևէ ուղղաձիգ հարթությունից 0,15 մ-ից ոչ ավելի հեռավորության վրա:
34. Թմբուկով կամ աստղիկով կարապիկով լրիվ սեղմված թափամեղմիչների վրա գտնվող խցիկով վերելակների դեպքում խցիկների հավասարակշռող սարքերի ուղղորդիչների բարձրությունը պետք է ապահովի դրանց հետագա տեղաշարժը` 0,3 մ-ից ոչ պակաս:
35. Վերելակների հորանների ներքևի մասում պետք է նախատեսված լինեն գետնախորշեր: Գետնախորշը պետք է պաշտպանված լինի դրա մեջ գրունտային ջրերի և կեղտաջրերի թափվելուց:
36. Պետք է ապահովված լինի սպասարկող անձնակազմի անվտանգ մուտքը գետնախորշ: Մինչև 2,5 մ խորություն ունեցող գետնախորշը պետք է սարքավորված լինի մուտքի դռներով` սույն կանոնի 104-րդ կետով նախատեսված պահանջներին համապատասխան:
37. Դռան բացվածքից 0,9 մ-ից ավելի խորություն ունեցող գետնախորշը պետք է սարքավորված լինի մուտքի համար անշարժ հարմարանքով (աստիճան, բռնակ և այլն)` տեղադրված դռան բացվածքից հասանելի սահմաններում:
38. Լրիվ սեղմված թափամեղմիչի վրա խցիկը գտնվելու դեպքում`
1) գետնախորշում ազատ տարածությունը պետք է բավարար լինի իր մի նիստով պառկած (0,5x0,6x1,0) մ-ից ոչ պակաս զուգահեռանիստն ուղիղ անկյունով տեղադրելու համար.
2) գետնախորշի հատակից մինչև խցիկի ներքևի մասերը` բացակը պետք է լինի 0,5 մ-ից ոչ պակաս: Թույլատրվում է բացակի փոքրացումը` մինչև 0,1 մ գետնախորշի հատակի և կալունների, խցիկի շեմի տակի վահանների, խցիկի ուղղաձիգ շարժական դռների տարրերի, ինչպես նաև որսիչների և խցիկի կարկասի մանրակների միջև տեղադրված ուղղորդիչներից 0,2 մ-ի սահմաններում:
39. Վերելակների հորաններում պետք է տեղադրված լինեն անվտանգության էլեկտրական սարքավորումներ` սույն կանոնի 354-րդ կետով նախատեսված պահանջներին համապատասխան: Անվտանգության էլեկտրական սարքավորման դիրքը պետք է ապահովի դրա մատչելիությունը գետնախորշի մուտքի դուռը բացվելիս և գետնախորշի հատակից: Կախված գետնախորշի խորությունից` պետք է տեղադրվեն մեկ կամ երկու սարքավորում`
1) եթե գետնախորշի հատակից մինչև դրա մուտքի դռան շեմի տարածությունը պակաս է 1,55 մ-ից, ապա գետնախորշը պետք է սարքավորվի էլեկտրական անվտանգության մեկ սարքավորմամբ: Այդ դեպքում`
ա. գետնախորշի հատակից մինչև անվտանգության էլեկտրական սարքավորման կառավարման տարրի տարածությունը պետք է լինի 2,0 մ-ից ոչ ավելի,
բ. գետնախորշի մուտքի դռան շեմի մակերևույթից մինչև անվտանգության էլեկտրական սարքավորման կառավարման տարրի միջև ընկած տարածությունը պետք է լինի 0,45 մ-ից ոչ պակաս,
գ. գետնախորշի դռան բացվածքի գոտում շեմի ծայրային կետերից մինչև անվտանգության էլեկտրական սարքավորման կառավարման տարրն ընկած հորիզոնական տարածությունը պետք է լինի 0,75 մ-ից ոչ ավելի.
2) եթե գետնախորշի հատակից մինչև դրա մուտքի դռան շեմի տարածությունը 1,55 մ-ից ավելի է, ապա գետնախորշը պետք է սարքավորվի անվտանգության էլեկտրական 2 սարքավորմամբ: Այդ դեպքում`
ա. գետնախորշի մուտքի դռան շեմի մակերևույթից մինչև անվտանգության էլեկտրական սարքավորման կառավարման տարրն ընկած տարածությունը պետք է լինի 1,0 մ-ից ոչ պակաս,
բ. գետնախորշի դռան բացվածքի գոտում շեմի ծայրային կետերից մինչև անվտանգության էլեկտրական սարքավորման կառավարման տարրն ընկած հորիզոնական տարածությունը պետք է լինի 0,75 մ-ից ոչ պակաս,
գ. գետնախորշի հատակից մինչև անվտանգության էլեկտրական սարքավորման կառավարման տարրն ընկած տարածությունը պետք է լինի 1,2 մ-ից ոչ պակաս:
40. Չի թույլատրվում վերելակների հորաններում տեղադրել սարքավորումներ և անցկացնել վերելակներին չվերաբերող հաղորդակցուղիներ, բացառությամբ հակահրդեհային և պահպանության ազդանշանային, սպասարկող անձնակազմի, հորանի ջեռուցման և օդափոխության համար նախատեսված համակարգերի: Ջեռուցման սարքերի կառավարող և կարգավորող բոլոր հարմարանքները պետք է տեղավորվեն վերելակի հորանից դուրս:
41. Վերելակների հորանների լուսավորությունը պետք է համապատասխանի սույն կանոնի 373-րդ կետով նախատեսված պահանջներին: Հորանի լուսավորությունը պետք է միացվի հորանից կամ մեքենայական սրահից: Հորանում տեղադրված լուսավորության անջատիչը հորանի դռները բացվելիս պետք է լինի հասանելի: Դռան բացվածքի գոտում շեմի ծայրային կետերից մինչև անջատիչը կառավարող տարրն ընկած հորիզոնական տարածությունը պետք է լինի 0,75 մ-ից ոչ ավելի:
42. Վերելակների գետնախորշերում պետք է նախատեսված լինեն էլեկտրական վարդակներ` սույն կանոնի 372-րդ կետով նախատեսված պահանջներին համապատասխան:
43. Խցիկի հակակշռի և հորանի տարրերի միջև ընկած տարածությունը` տրված N 4 նկարում, պետք է ապահովի վերելակների ծառայության ամբողջ ժամկետի ընթացքում:

Նկար N 4. Խցիկի և հորանի տարրերի միջև ընկած տարածությունը
44. Վերելակների հորանների ներքին մակերևույթի և խցիկի շեմի, հորանի դռան բացվածքի երիզվածքի և խցիկի շարժական դռների մոտակա փեղկերի միջև հորիզոնական տարածությունը պետք է լինի 0,15 մ-ից ոչ ավելի: Թույլատրվում է այդ տարածությունն ավելացնել մինչև`
1) 0,2 մ` հորանի այն հատվածում, որի բարձրությունը չի գերազանցում 0,5 մ-ն.
2) 0,2 մ` բեռնատար վերելակների ամբողջ բարձրությամբ, սարքավորված ուղղաձիգ-շարժական դռներով:
45. Մեխանիկական փականով սարքավորված խցիկների համար, որոնք բացվում են միայն դռների բացման գոտում, նշված տարածությունը չի սահմանափակվում: Խցիկը պետք է տեղաշարժվի միայն խցիկի դռների փակված ժամանակ, բացառությամբ սույն կանոնի 124-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված դեպքերի:
46. Վերելակների խցիկի և հորանի դռների շեմերի միջև հորիզոնական տարածությունը պետք է լինի 0,035 մ-ից ոչ ավելի:
47. Վերելակների խցիկների դռների փեղկերի և հորանի դռան փեղկերի միջև հորիզոնական տարածությունը պետք է լինի 0,12 մ-ից ոչ ավելի:
48. Հորանի բացվող դռների և ծալովի դռների զուգակցման ժամանակ այդ դռների միջև ցանկացած բացակով չպետք է անցնի 0,15 մ տրամագծով գունդ (գլան):
49. Խցիկի տարրերի և հակակշռի կամ խցիկը հավասարակշռող սարքի միջև հորիզոնական տարածությունը պետք է լինի 0,05 մ-ից ոչ պակաս:
5. ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄԸ
50. Վերելակների սարքավորումները` կարապիկը, դրա հետ կապված մեխանիկական սարքերը, էլեկտրական սարքավորումները և բլոկները պետք է տեղադրվեն արտաքին ազդեցություններից հատուկ պաշտպանված սրահներում: Չի թույլատրվում կողմնակի մարդկանց մուտքն այդ սրահներ:
51. Վերելակների սարքավորումների տեղադրման սրահների հատակի մակարդակի վրա պետք է ապահովվի 50 լք-ից ոչ պակաս լուսավորություն:
52. Վերելակների սարքավորումների տեղադրման սրահների մուտքերում պետք է նախատեսել հորիզոնական հարթակներ: Եթե սարքավորումների տեղադրման սրահները և դրանց մուտքերի հարթակները գտնվում են 0,35 մ գերազանցող տարբեր հարթությունների վրա, ապա մի հարթությունից մյուս հարթություն անցնելու համար պետք է օգտագործվեն անշարժ ամրացված սանդուղքներ, որոնք պետք է բավարարեն հետևյալ պայմանները`
1) 1,5 մ-ից ավելի բարձրություն ունեցող սանդուղքները պետք է տեղադրվեն հորիզոնականի նկատմամբ 60 o-ից ոչ ավելի անկյան տակ.
2) սանդուղքի լայնությունը` լույսի անկման պրոյեկցիայով, պետք է լինի 0,35 մ-ից ոչ պակաս, իսկ աստիճանի լայնությունը` 25 մմ-ից ոչ պակաս: Ուղղաձիգ տեղադրված սանդուղքների դեպքում` աստիճանների և դրանց հետևի պատի միջև եղած հեռավորությունը պետք է լինի 0,15 մ-ից ոչ պակաս: Աստիճանները պետք է հաշվարկված լինեն 1500 Ն բեռնվածության համար.
3) 0,5 մ բարձրությունը գերազանցող սանդուղքները պետք է հանդերձված լինեն 0,9 մ-ից ոչ պակաս բարձրությամբ բազրիքով կամ ձեռքի բռնատեղերով.
4) սանդուղքի յուրաքանչյուր հատվածի բարձրությունը չպետք է գերազանցի 4 մ:
53. Սարքավորումների սրահներում դռան և անշարժ ամրացված սանդուղքի միջև պետք է լինի հորիզոնական հարթակ: Ընդ որում, դռան բացման սահմանագծից մինչև հարթակին հարող սանդուղքը պետք է մնա 500 մմ-ից ոչ պակաս տարածություն: Հարթակի մակերեսը պետք է լինի այնքան, որպեսզի հնարավոր լինի բացվող դռները լրիվ բացել:
54. Հարթակի 500 մմ-ից ավելի մակարդակի տարբերության դեպքում այն պետք է ունենա 900 մմ-ից ոչ պակաս բարձրությամբ բազրիք:
55. Չի թույլատրվում վերելակների սարքավորումների սրահներում դրանց հետ չկապված որևէ սարքավորման տեղադրում կամ որևէ ինժեներական հաղորդակցուղու անցկացում: Այդ մեքենայական սրահներում կարող են գտնվել միայն`
1) վերելակների մեխանիզմները և սպասարկման հարմարանքները.
2) ջեռուցման և օդափոխության, օդի լավորակման սարքերը (բացառությամբ շոգեգոլորշային ջեռուցման սարքերի).
3) հակահրդեհային և պահպանության ազդանշանային համակարգերը կամ դրանց տարրերը.
4) կրակմարիչները:
56. Սարքավորումների սրահներում պետք է տեղակայված լինեն վերելակների նորոգման համար անհրաժեշտ բեռնամբարձիչ միջոցներ, որոնց վրա կամ դրանց կողքին որևէ տեղ պետք է նշված լինի այդ միջոցների թույլատրելի բեռնունակությունը կամ դրանց թույլատրելի բեռնվածությունը: Թույլատրվում է սարքավորումների սրահներում կիրառել նորոգման աշխատանքների անվտանգ կատարումն ապահովող այլ բեռնամբարձիչ սարքեր:
57. Մեքենայական և բլոկային սրահները պետք է ունենան հոծ, բոլոր կողմերից և բարձրությամբ ծածկեր, պատեր, հատակ և տանիք:
58. Մեքենայական և բլոկային սրահների պատերը, հատակը և տանիքը պետք է բավարարեն սույն կանոնի 12-րդ կետով նախատեսված նորմերով պահանջվող պայմանները, ընդ որում, պետք է չունենան ողորկներ և փոշի առաջացնող պատվածք:
59. Մեքենայական և բլոկային սրահների դռներն իրենց փականների հետ միասին փակ վիճակում պետք է դիմանան 5 սմ2 մակերեսով քառակուսի կամ շրջանաձև հարթակի հավասարաչափ բաշխված 300 Ն բեռնվածությանը և, որը պետք է ուղիղ անկյան տակ ազդի դռան պանելի վրա` դրա ցանկացած կետում և 15 մմ չգերազանցող առաձգական դեֆորմացիայի չափով դրա դռների ցանկացած կողմից, ընդ որում, մնացորդային դեֆորմացիա չի թույլատրվում:
60. Մեքենայական սրահների մուտքի դռները պետք է լինեն հոծ և չպետք է ներս բացվեն: Դռան բացվածքի ընդհանուր չափերը չպետք է լինեն 0,8 մ-ից պակաս լայնությամբ և 1,8 մ-ից պակաս բարձրությամբ:
61. Սրահի ելանցքով մեքենայական սրահ մտնելն արգելվում է:
62. Բլոկային սրահի մուտքի դռները պետք է լինեն հոծ և չպետք է ներս բացվեն: Դռան բացվածքը պետք է լինի 0,6 մ-ից ոչ պակաս լայնությամբ և 1,4 մ-ից ոչ պակաս բարձրությամբ:
63. Թույլատրվում է մեքենայական սրահից դեպի բլոկային սրահ մտնելը ելանցքով:
64. Բլոկային սրահ մարդկանց մուտքը թույլատրելու համար մտոցի չափերը պետք է լինեն (0,8x0,8) մ-ից ոչ պակաս: Ելանցքի կափարիչը պետք է լինի կիպ ծածկված: Ելանցքի կափարիչը բացելու համար անհրաժեշտ ուժը չպետք է գերազանցի 150 Ն: Փակված վիճակում ելանցքի կափարիչն առանց առաձգական դեֆորմացիայի պետք է դիմանա դրա ցանկացած մասի (0,2x0,4) մ մակերեսին ուղղված 2000 Ն բեռնվածությանը: Ելանցքի կափարիչը չպետք է ներս բացվի, բացառությամբ այն դեպքերի, երբ դա կախված է շարժական սանդուղքի շարժումից:
65. Մեքենայական կամ բլոկային սրահներ նյութեր և սարքեր տանելու համար ելանցքի կափարիչը պետք է բացվի դեպի ներքև, ընդ որում, կափարիչը բացելու համար կիրառվող ուժը չպետք է գերազանցի 150 Ն: Կափարիչի ամրությունը պետք է համապատասխանի սույն կանոնի 64-րդ կետով նախատեսված պահանջներին:
66. Մեքենայական և բլոկային սրահների դռները և ելանցքը պետք է սարքավորված լինեն դրսից բանալիով բացվող փականներով, իսկ ներսից պետք է բացվեն առանց բանալու: Նյութերի մատուցման համար նախատեսված ելանցքի կափարիչը պետք է կողպել միայն ներսից:
67. Մեքենայական սրահի սարքավորումների սպասարկման գոտու բարձրությունը պետք է լինի 2 մ-ից ոչ պակաս, իսկ մեքենայական սրահից դեպի սարքավորումների սպասարկման գոտի տանող մուտքային մասերի բարձրությունը չպետք է լինի 1,8 մ-ից պակաս: Բարձրության մեծությունը հաշվարկվում է սրահի հատակից մինչև տանիքի շինարարական կոնստրուկցիաները:
68. Վերելակների կարապիկների մեքենայական սրահում գտնվելու դեպքում` վերելակների հորաններում թույլատրվում է տեղակայել ճոպանատար անիվներ, եթե դրանց սպասարկումը հնարավոր է մեքենայական սրահից:
69. Բլոկային սրահի բարձրությունը` հաշվարկված բլոկի սրահի հատակից մինչև տանիքի տարրերը, պետք է լինի 1,5 մ-ից ոչ պակաս, ընդ որում, բլոկների վրա ազատ տարածքի չափը պետք է լինի 0,3 մ-ից ոչ պակաս:
70. Մեքենայական սրահում մինչև կառավարման սարքերի տեղադրումը պետք է նախատեսված լինի սպասարկման համար անհրաժեշտ ազատ տարածք (հարթակ)` հետևյալ չափերով`
1) խորությունը (կառավարման վահանակների և պանելների արտաքին մասից չափված) պետք է լինի 0,75 մ-ից ոչ պակաս.
2) լայնությունը պետք է հավասար լինի տվյալ կառավարման վահանակի կամ պանելների լայնությանը, բայց 0,5 մ-ից ոչ պակաս:
71. Մեքենայական սրահում տեղակայված մեխանիկական սարքավորումների շարժական մասերը և վերելակների խցիկների ձեռքով տեղաշարժման համար պետք է նախատեսված լինի սպասարկման գոտի (ազատ տարածքի) (0,5x0,5) մ-ից ոչ պակաս:
72. Սույն կանոնի 70-րդ և 71-րդ կետերով նախատեսված սպասարկման գոտիներ տանող ճանապարհների լայնությունը պետք է լինի 0,5 մ-ից ոչ պակաս: Եթե այդ գոտիներում բացակայում են շարժական մասեր, ապա թույլատրվում է այդ լայնությունը փոքրացնել մինչև 0,4 մ:
73. Բլոկային սրահում կառավարման սարքերի տեղադրման դեպքում այդ սրահները պետք է համապատասխանեն սույն կանոնի 67-րդ, 70-րդ և 72-րդ կետերով սահմանված պահանջներին:
74. Եթե մեքենայական կամ բլոկային սրահների հատակներն ունեն մի քանի տարբեր մակարդակներ, ապա մի մակարդակից մյուս մակարդակն անցնելու համար պետք է տեղադրվեն անշարժ ամրացված սանդուղքներ` հորիզոնական հարթության նկատմամբ 60 o-ից ոչ ավելի թեքությամբ կամ պետք է ունենան անցումներ` 20 o-ից ոչ ավելի թեքությամբ թեք հարթակների տեսքով, եթե հատակների մակարդակների տարբերությունը չի անցնում 0,35 մ-ից:
75. Եթե մեքենայական կամ բլոկային սրահներում առկա է հատակների մակարդակների 0,5 մ-ից ավելի բարձրություն, ապա անցումների սանդուղքները կամ թեթևակի թեքություն ունեցող հարթակները պետք է սարքավորված լինեն բազրիքներով` 0,9 մ-ից ոչ պակաս բարձրությամբ:
76. Վերելակների հորանների տանիքների վրայի անցքերի շուրջը պետք է լինեն ծածկի սալիկի կամ հատակի մակարդակից 0,05 մ բարձրությամբ ելուստներ, ընդ որում, այդ անցքերի միջից անցնող շարժական մասերից մինչև անցքերի եզրերը պետք է լինի 0,01 մ-ից ոչ պակաս տարածություն:
77. Մեքենայական սրահի լուսավորությունը պետք է համապատասխանի սույն կանոնի 376-րդ կետով նախատեսված պահանջներին` 30 լք շիկացման լամպերի և 75 լք լյումինեսցենտային լամպերի դեպքում, և պետք է բավարարի սույն կանոնի 376-րդ կետով նախատեսված պահանջները:
78. Բլոկային սրահի լուսավորությունը պետք է համապատասխանի սույն կանոնի 377-րդ կետով նախատեսված պահանջներին:
79. Բլոկային սրահի լուսավորության համար նախատեսված անջատիչը պետք է տեղադրված լինի բլոկային սրահի մուտքից 0,75 մ-ից ոչ ավելի հեռավորության և հատակի մակարդակից 1,6 մ-ից ոչ ավելի բարձրության վրա: Մեքենայական սրահում պետք է լինի սնուցման վարդակ:
80. Բլոկային սրահում կառավարման սարքերի առկայության դեպքում պետք է ապահովվի սույն կանոնի 77-րդ կետով նախատեսված պահանջների կատարումը:
81. Բլոկային սրահում, մուտքերի մոտ պետք է տեղադրված լինի անվտանգության էլեկտրական սարքավորում, որը պետք է բավարարի սույն կանոնի 355-րդ կետով սահմանված պահանջները:
82. Չի թույլատրվում մեքենայական և բլոկային սրահների` շենքերի տանիք կամ այլ տարածքներ անցնելու համար որպես միջանկյալ տարածք օգտագործումը:
83. Վերելակների սարքավորումների տեղակայումն առանց մեքենայական սրահի պետք է իրականացվի սույն կանոնի 85-101-րդ կետերով նախատեսված պահանջներին համապատասխան:
84. Այն հորանների տարրերը, որոնց վրա տեղադրվում են սարքավորումներ, պետք է հաշվարկված լինեն վերելակների շահագործման և փորձարկման ժամանակ առաջացած բեռնվածությանը համապատասխան:
85. Հորանում տեղադրված սարքավորումների սպասարկման համար անհրաժեշտ բարձրությունը պետք է լինի 2,0 մ-ից ոչ պակաս, իսկ լուսավորության սարքավորումների սպասարկման համար նախատեսված անցման գոտիների բարձրությունը` 1,8 մ-ից ոչ պակաս, ընդ որում, այդ բարձրությունները չափվում են մոտեցումների և սպասարկման գոտիների հատակներից մինչև հորանի կոնստրուկցիայի ցցվածքները: Շարժաբերների շարժվող մասերի վերևում պետք է լինի ազատ տարածություն` 0,3 մ-ից ոչ պակաս բարձրությամբ: Այդ պահանջները չեն տարածվում այն շարժաբերների վրա, որոնք տեղադրված են հորանի տանիքի տակ:
86. Հորանի մեջ կառավարման սարքերի սպասարկման համար դրանց դիմաց պետք է նախատեսված լինի համապատասխան ազատ գոտի (տարածություն)`
1) 0,75 մ-ից ոչ պակաս խորությամբ` հաշվարկված վահանակների և պանելների արտաքին մակերևույթից.
2) վահանակների և պանելների լայնությամբ, բայց 0,5 մ-ից ոչ պակաս չափով:
87. Հորանում տեղադրված մեխանիկական սարքավորումների շարժական մասերի սպասարկման համար պետք է նախատեսվի սպասարկման ազատ հարթակ (0,5x0,6) մ-ից ոչ պակաս չափերով:
88. Խցիկի հարկադիր ոչ կառավարելի կանգի դեպքում` սպասարկող անձնակազմի համար պետք է նախատեսված լինի համապատասխան հնարավորություն` սպասարկման գոտուց ինքնուրույն հեռանալու համար:
89. Ուղևորների` խցիկից տարահանման համար, ինչպես նաև սույն կանոնի 91-րդ կետով ստուգման աշխատանքների կատարման համար նախատեսված սարքավորումների կառավարումը պետք է նախատեսված լինի հորանից դուրս:
90. Հորանում տեղադրված սարքավորումների (կարապիկ, դրա հետ փոխկապակցված էլեկտրական և մեխանիկական հարմարանքներ) սպասարկումը և ստուգումները կարելի է իրականացնել անշարժ խցիկի տանիքից: Այդ դեպքում պետք է կատարվեն հետևյալ պահանջները`
1) սպասարկումների կամ ստուգումների կատարման դեպքում պետք է բլոկավորվի խցիկի ոչ վերահսկելի կամ չկանխատեսված շարժումները: Այդ նպատակի համար թույլատրվում է կիրառել վերելակի որսիչներ.
2) բլոկավորման սարքերը գործողության մեջ դնելու նկատմամբ հսկողությունը պետք է իրականացվի անվտանգության էլեկտրական սարքավորումներով` սույն կանոնի 357-րդ կետով նախատեսված պահանջներին համապատասխան:
91. Հորանի գետնախորշում տեխնիկական սպասարկման և սարքավորումների ստուգման աշխատանքները պետք է կատարվեն հետևյալ պայմանների պահպանմամբ`
1) պետք է նախատեսված լինի խցիկի շարժումը կասեցնող հարմարանք: Խցիկը կանգնելուց հետո` գետնախորշի հատակի և խցիկի դուրս ցցված մասերի միջև եղած հեռավորությունը պետք է լինի 2 մ-ից ոչ պակաս.
2) բլոկավորման սարքերը գործողության մեջ դնելու նկատմամբ հսկողությունը պետք է իրականացվի անվտանգության էլեկտրական սարքավորումներով` սույն կանոնի 357-րդ կետով նախատեսված պահանջներին համապատասխան:
92. Եթե հնարավոր չէ սույն կանոնի 87-րդ և 89-րդ կետերով նախատեսված սարքավորումների սպասարկումը հորանում, ապա վերելակների հորաններում պետք է կիրառվի ստացիոնար հարթակ, ընդ որում, անշարժ հարթակն առանց մնացորդային դեֆորմացիայի պետք է պահի 2000 Ն մեծության ուժ` կիրառված դրա ցանկացած մասի (0,2x0,4) մ մակերեսի վրա:
93. Հարթակը պետք է ունենա համապատասխան բազրիք` սույն կանոնի 177-րդ կետով նախատեսված պահանջներին համապատասխան:
94. Հարթակի նկատմամբ հսկողությունը ելակետային (չաշխատող) վիճակում պետք է իրականացվի անվտանգության էլեկտրական սարքավորումների միջոցով:
95. Հարթակը պետք է սարքավորված լինի այն աշխատանքային վիճակի բերելու հարմարանքով: Այդ հարմարանքը գործողության մեջ դնելը պետք է կառավարվի հորանից դուրս:
96. Սարքավորումների տեղադրման գոտու լուսավորվածությունը պետք է համապատասխանի սույն կանոնի 378-րդ կետով նախատեսված պահանջներին: Հորանի ներսի սպասարկման գոտում պետք է տեղադրվեն լուսավորության անջատիչ և էլեկտրական վարդակ` ըստ սույն կանոնի 372-րդ կետի:
97. Հորանից դուրս դրվող վերելակի սարքավորումները պետք է տեղադրվեն պահարաններում, որոնց դռները չպետք է բացվեն դեպի ներս և պետք է ունենան բանալիով փական: Թույլատրվում է դռները բացել նաև առանց բանալու: Սարքավորումների սպասարկման համար պետք է նախատեսված լինեն սպասարկման գոտիներ` սույն կանոնի 88-րդ և 89-րդ կետերով նախատեսված պահանջներին համապատասխան:
98. Պահարանի լուսավորումը պետք է համապատասխանի սույն կանոնի 379-րդ կետով նախատեսված պահանջներին:
99. Սույն կանոնի 89-րդ կետով նախատեսված կառավարման սարքավորումները պետք է պաշտպանված լինեն չարտոնված մուտքերից և պետք է ապահովեն`
1) մեքենայական սրահից կատարվող կառավարման ռեժիմը` նախատեսված սույն կանոնի 307-րդ կետով.
2) խցիկի շարժման ուղղության և դրա դռների բացման գոտուն հասնելու կամ շարժաբերի աշխատանքի ընթացքին հետևելու վերաբերյալ ցուցանշումը:
100. Կառավարման սարքավորումների լուսավորությունը պետք է բավարարի սույն կանոնով նախատեսված լուսավորությանը վերաբերելի պահանջներին:
101. Կառավարման սարքավորումների դիմաց պետք է նախատեսված լինի ազատ հարթակ (0,5x0,6) մ մակերեսով և 20 մ-ից ոչ պակաս բարձրությամբ: Ուղևորների տարահանման համար պետք է նախատեսված լինի երկկողմանի կապ` ուղևորների և սպասարկող անձնակազմի միջև:
6. ՎԵՐԵԼԱԿՆԵՐԻ ՄԵԽԱՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ
102. Հորանի պատերի մեջ եղած բացվածքները, որոնց միջոցով անցում է կատարվում դեպի խցիկ, պետք է սարքավորված լինեն կիպ ծածկվող դռներով:
103. Վերելակների հորանների դռները պետք է բավարարեն տվյալ շենքի և շինության հակահրդեհային անվտանգության նորմերին և կանոններին:
104. Վերելակի հորանի դռները` իրենց փականքների հետ միասին, փակված վիճակում պետք է դիմանան 5 սմ2 մակերեսով շրջանաձև կամ քառակուսի մակերեսների վրա դռների ցանկացած մասում ազդող` հավասարաչափ բաշխված 300 Ն բեռնվածության, 15 մմ-ից ոչ ավելի առաձգական դեֆորմացիայով, ընդ որում, մնացորդային դեֆորմացիա կամ գործունեության որևէ շեղում չի թույլատրվում:
105. Յուրաքանչյուր հարկի նստեցման հարթակում հորանի դռների բացվածքի բարձրությունը պետք է լինի 2 մ-ից ոչ պակաս:
106. Հորանի դռների բացվածքի լայնությունը չպետք է գերազանցի խցիկի դռների բացվածքը:
107. Հորանի դռների բացվածքը պետք է սարքավորված լինի խցիկի բեռնվածությունից առաջացող լարվածությանը դիմացող շեմով:
108. Ավտոմատ տեղաշարժվող դռների արտաքին մակերևույթը չպետք է ունենա 0,003 մ-ից ավելի փոս ընկած հատվածներ կամ ելուստներ: 0,003 մ-ից պակաս փոս ընկած հատվածների և ելուստների եզրային մասերը դռների բացման ուղղությամբ պետք է կլորացված կամ տաշված լինեն:
109. Դռների պաշտպանակների համար թույլատրվում է օգտագործել բազմաշերտ ապակի: Այդ պահանջները չեն տարածվում սույն կանոնի 120-րդ կետում նշված թափանցիկ պանելների վրա:
110. Մեխանիկական շարժաբերմամբ ավտոմատ դռների փակումը կանխարգելակող ուժի մեծությունը չպետք է գերազանցի 150 Ն, բացառությամբ դռների տեղաշարժման տարածության առաջին երրորդ մասի:
111. Դռների փակման միջին արագության դեպքում հորանի դռների և դրանց կոշտ ամրացում ունեցող մեխանիկական մանրակների կինետիկ էներգիան չպետք է գերազանցի 10 Ջ:
112. Տեղաշարժվող դռների փակման միջին արագությունը հաշվարկվում է դրանց տեղաշարժման ամբողջ տարածության համար, չհաշված`
1) 0,025 մ փեղկերի ծայրային դիրքերը, եթե դռները կենտրոնական բացմամբ են.
2) 0,05 մ փեղկերի ծայրային դիրքերը, եթե դռները կողմնային բացմամբ են:
113. Նախատեսված հարմարանքը պետք է ավտոմատ միացնի փակվող դռների դարձափոխումը` նախքան դռների փեղկերի ներգործությունը դռան բացվածքի մեջ գտնվող արգելքների վրա:
114. Դարձափոխման հարմարանքները պետք է տեղադրվեն խցիկում: Թույլատրվում է այդ հարմարանքները տեղադրել հորանի դռների վրա:
115. Դռների յուրաքանչյուր տանող փեղկի ընթացքի վերջին 0,05 մ հատվածում դռները կարող են գտնվել այդ հարմարանքների ազդեցության ոլորտից դուրս:
116. Հորանի և խցիկի փոխկապակցված դռների միաժամանակյա գործարկման դեպքում սույն կանոնի 110-119-րդ կետերի պահանջները մնում են ուժի մեջ` դրանց միացյալ դռան մեխանիզմի համար: Դռների բացվածքում արգելքի առկայության և դարձափոխման անջատման դեպքերում` անջատված դարձումով դռների ընթացքի ժամանակ հորանի դռների կինետիկ էներգիան չպետք է գերազանցի 4 Ջ:
117. Ծալովի դռների բացումը կանխելու համար անհրաժեշտ ուժը չպետք է գերազանցի 150 Ն-ն: Գործադրված այդ ուժի չափը պետք է որոշել բացված դռների ժամանակ: Այդ դեպքում պանելների հարևան արտաքին եզրերի միջև եղած տարածությունը կամ պանելի արտաքին եզրի և դռան ճակատամուտքի միջև պետք է լինի (0,1x0,01) մ:
118. Ուղղաձիգ տեղաշարժվող դռները կարող են կիրառվել միայն բեռնատար վերելակներում, որոնցով մարդկանց տեղափոխումն արգելվում է: Այդ դեպքում`
1) դռան փեղկերը պետք է կախված լինեն 2-ից ոչ պակաս` անկախ կրող տարրերից.
2) կրող տարրերի ամրության պաշարի գործակիցը պետք է լինի 8-ից ոչ պակաս.
3) մետաղյա ճոպանները որպես կրող տարրեր օգտագործվելու դեպքում ճոպանի կորացման հոլովակի տրամագծի հարաբերությունը ճոպանի տրամագծին չպետք է լինի 25-ից պակաս.
4) ձեռքով բացվող-փակվող դռների փեղկերը պետք է լինեն հավասարակշռված.
5) տանող տարրերը պետք է պաշտպանված լինեն հոլովակների ակոսներից կամ աստղանիվներից դուրս ընկնելու հնարավորությունից:
119. Հորանի ավտոմատ բացվող դռների փակման ուժը չպետք է լինի 150 Ն-ից ոչ ավելի:
120. Հորանի` ձեռքով բացվող դռների դեպքում պետք է նախատեսված լինի խցիկի` տվյալ հարկում գտնվելու մասին տեղեկություններ ստանալու հետևյալ միջոցներից մեկը`
1) հորանի դռների վրա մեկ կամ մի քանի թափանցիկ պանելներով դիտանցքեր, որոնք պետք է բավարարեն նաև հետևյալ պայմանները`
ա. մեխանիկական ամրությունը պետք է համապատասխանի սույն կանոնի 104-րդ կետով նախատեսված պահանջներին,
բ. թափանցիկ մասի հաստությունը չպետք է լինի 0,006 մ-ից պակաս,
գ. թափանցիկ դիտանցքերի ընդհանուր մակերեսը հորանի մի դռան վրա պետք է լինի 0,015 մ2-ից ոչ պակաս,
դ. դիտանցքի թափանցիկ մասի լայնությունը պետք է լինի 0,06 մ-ից ոչ պակաս և 0,15 մ-ից ոչ ավելի: 0,08 մ լայնությամբ դիտանցքի ներքևի եզրը պետք է լինի 1,0 մ-ից ոչ պակաս բարձրության վրա` հաշվարկված տվյալ հարկի նստեցման հարթակի մակերևույթից.
2) պետք է ունենա տվյալ հարկում խցիկի գտնվելը ցույց տվող լուսային ազդանշան:
121. Դռները փակված վիճակում դռների փեղկերի միջև, դռների փեղկի և դռնային բացվածքի եզրի կամ փեղկերի և շեմի միջև բացակը պետք է լինի 0,006 մ-ից ոչ ավելի:
122. Հորիզոնական բացվող կամ ծալվող դռների վրա ցանկացած կետում տանող դռնային պանելի բացման ուղղությամբ ձեռքով (առանց գործիքի օգնության) 150 Ն ուժ կիրառելու դեպքում բացվածքները չպետք է գերազանցեն`
1) 0,03 մ-ն` կողքային բացվող դռների համար.
2) 0,045 մ-ն` կենտրոնից բացվող դռների համար:
123. Հորիզոնական տեղաշարժվող և ուղղաձիգ տեղաշարժվող հորանի դռները փակված վիճակում պետք է բավարարեն հետևյալ պահանջները`
1) հորիզոնական տեղաշարժվող դռների դեպքում փեղկերը պետք է ծածկեն դռան բացվածքի շրջակապի վերևից և կողային մասերից, ուղղաձիգ տեղաշարժվող դռները` բոլոր կողմերից 0,015 մ2-ից ոչ պակաս.
2) միակողմանի տեղաշարժվող դռների դեպքում` թույլատրվում է փեղկի թևի կողմից ոչ լրիվ ծածկել դռան բացվածքի շրջակապը.
3) հորիզոնական տեղաշարժվող` միակողմանի փակվող փեղկերով դռների մի փեղկի ծածկումը մյուսի կողմից պետք է լինի 0,015 մ-ից ոչ պակաս, իսկ դրանց միջև եղած բացվածքը` 0,006 մ-ից ոչ ավելի:
124. Հորանի դռները հարկի հարթակում պետք է ունենան ավտոմատ փականներ, որոնք պետք է փակեն դռները` նախքան խցիկի հեռացումը հարկի հարթակից` 0,2 մ տարածքով, ընդ որում, խցիկի շարժման արագությունը չպետք է գերազանցի 0,63 մ/վ-ն: Ավտոմատ փականը պետք է բացառի դռների բացվելը հորանի արտաքին մասից` բացի սույն կետի 6-րդ ենթակետով նախատեսված դեպքից.
1) հորանի և խցիկի ավտոմատ բացվող դռներով վերելակներում դռների բացումը թույլատրվում է, երբ խցիկի հատակի մակարդակի և տվյալ հարկի նստեցման հարթակի միջև եղած տարածությունը չի գերազանցում 0,2 մ-ն, այդ դեպքում խցիկի շարժման արագությունը չպետք է գերազանցի 0,63 մ/վ-ից.
2) բեռնատար վերելակներում թույլատրվում է խցիկը տվյալ հարկի մակարդակին հասցնելը կատարել բեռնաբարձման-բեռնաթափման աշխատանքները հորանի բացված դռների դեպքում, երբ խցիկի և տվյալ հարկի հարթակի մակերևույթի միջև եղած տարածությունը 0,2 մ-ի սահմաններում է, այդ դեպքում խցիկի շարժման արագությունը պետք է լինի 0,3 մ/վ-ից ոչ ավելի.
3) խցիկի ընթացքը պետք է հնարավոր լինի միայն հորանի դռների ավտոմատ փականների փակող տարրերի տեղաշարժումից հետո 0,007 մ-ից ոչ պակաս մեծությամբ փականի հակադարձ կողմը: Դռների ավտոմատ փակող փականները պետք է անմիջականորեն ներգործեն սույն կանոնի 339-րդ կետով նախատեսված անվտանգության էլեկտրական սարքավորումների վրա (N 5 նկար).

Նկար N 5. Հորանի դռան ավտոմատ փակող փականը
4) հորանի դռները փակված վիճակում` դրանց բացման ուղղությամբ 300 Ն ուժ գործադրելու դեպքում չպետք է բացվեն.
5) հորանի դռան փականի վրա պետք է տեղադրված լինի ցուցանակ, որտեղ պետք է նշված լինեն արտադրող կազմակերպության տվյալները և նույնականացման համարը.
6) հորանի դռները դրսից պետք է բացվեն միայն հատուկ բանալիով: Հորանի դուռն ավտոմատ բացվելուց հետո պետք է փակվի: Եթե հորանի դռների բացման գոտում խցիկը բացակայում է, պետք է փակվի ավտոմատ.
7) հարկի հարթակում ձեռքով փակվող հորանի դուռը, բացի ավտոմատ փականից, պետք է սարքավորված լինի նաև ոչ ավտոմատ փականով կամ դռները փակված վիճակում պահող հարմարանքով:
125. Հորանի յուրաքանչյուր դուռը հարկի հարթակում պետք է սարքավորված լինի դռների փակվածությունը հսկող անվտանգության էլեկտրական սարքավորմամբ` սույն կանոնի 340-րդ կետով նախատեսված պահանջներին համապատասխան:
126. Հորանի հորիզոնական ավտոմատ տեղաշարժվող դռների համար թույլատրվում է անվտանգության էլեկտրական սարքավորումը միավորել դռների փակվածությունը հսկող հարմարանքների հետ` այն պայմանով, որ դրա գործարկումը կապված լինի հորանի դռների փակման հետ:
127. Առանց փականի տեղաշարժվող դռների փեղկերի փակման հսկողության համար պետք է նախատեսվի անվտանգության էլեկտրական սարքավորում` սույն կանոնի 340-րդ կետով նախատեսված պահանջներին համապատասխան:
128. Սույն կանոնի 127-րդ կետի պահանջը չի տարածվում այն դռների վրա, որոնց փեղկերը փակված վիճակում կապակցված են չանջատվող կինեմատիկ կապով:
129. Բազմափեղկ շարժական դռներում, որոնք կազմված են մի քանի ճկուն կինեմատիկ կապված փեղկերից (օրինակ` ճոպանի, գոտու, շղթայի միջոցով) թույլատրվում է փակել միայն մեկ փեղկը` այն պայմանով, որ փեղկի միանգամյա փակումը կանխում է մյուս փեղկերի բացումը, և որ դրանք սարքավորված չեն բռնակներով:
130. Դռները պետք է սարքավորված լինեն ուղղորդիչներից դուրս գալը կանխող հարմարանքներով:
131. Հորիզոնական տեղաշարժվող դռները պետք է ունենան ուղղորդիչներ` վերևից և ներքևից:
132. Ուղղաձիգ տեղաշարժվող դռները պետք է ուղղորդիչներ ունենան երկու կողմից:
7. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԴՌՆԵՐԻՆ, ՎԹԱՐԱՅԻՆ ԴՌՆԵՐԻՆ, ՀՈՐԱՆԻ ԶՆՆՄԱՆ ԵԼԱՆՑՔԵՐԻՆ, ՄԻՋԱՆՑՔՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
133. Տեխնիկական սպասարկման դռները պետք է ունենան 1,8 մ-ից ոչ պակաս բարձրություն և 0,6 մ-ից ոչ պակաս լայնություն:
134. Վթարային դռները պետք է լինեն 1,8 մ-ից ոչ պակաս բարձրությամբ և 0,35 մ-ից ոչ պակաս լայնությամբ:
135. Հորանի զննման ելանցքերը պետք է ունենան 0,5 մ-ից ոչ ավելի բարձրություն և 0,5 մ-ից ոչ ավելի լայնություն:
136. Սարքավորումների տեխնիկական սպասարկման և վթարային դռները, ինչպես նաև զննման ելանցքերը պետք է բացվեն դեպի հորանի ներսը:
137. Սարքավորումների տեխնիկական սպասարկման և վթարային դռները, ինչպես նաև զննման ելանցքերը պետք է ունենան բանալիով բացվող փականներ: Այդ դռների և ելանցքերի կափարիչների փակումը թույլատրվում է առանց բանալու օգնության:
138. Սարքավորումների տեխնիկական սպասարկման և վթարային դռները պետք է բացվեն հորանի ներսի կողմից` առանց բանալու, եթե նույնիսկ դրանք կողպված են:
139. Տեխնիկական սպասարկման և վթարային դռները, ինչպես նաև զննման ելանցքերը պետք է լինեն հարթ, ունենան մեխանիկական ամրություն և համապատասխանեն տվյալ շենքի կամ շինության հակահրդեհային անվտանգության նորմերին:
140. Դռների և ելանցքերի փակվածության հսկողության համար պետք է նախատեսվի անվտանգության էլեկտրական սարքավորում` սույն կանոնի 341-րդ կետի պահանջներին համապատասխան:
---------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում