Սեղմել Esc փակելու համար:
ՎԵՐԵԼԱԿՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՏԵԽՆԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎԵՐԵԼԱԿՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՆՈՐՄԵՐԸ, ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ Հ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 մարտի 2026 թվականի N 346-Ն

 

ՎԵՐԵԼԱԿՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՆՈՐՄԵՐԸ, ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՀՐԱՀԱՆԳՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

8. ՈՒՂՂՈՐԴԻՉՆԵՐԸ

 

141. Խցիկը, հակակշիռը և խցիկի հավասարակշռիչ սարքը պետք է շարժվեն կոշտ պողպատյա ուղղորդիչներով:

142. Ուղղորդիչները, դրանց միացումները և ամրացումները պետք է հաշվարկված լինեն վերելակների աշխատանքային ռեժիմում և փորձարկումների ժամանակ առաջացող բեռնվածությունների համար: Նշված բեռնվածությունների դեպքում ուղղորդիչների ճկվածքի ազդեցությամբ չպետք է`

1) ուղղորդիչներից դուրս ընկնեն խցիկի, հակակշռի կամ խցիկի հավասարակշռիչ սարքի կալունները.

2) ինքնակամ բացվեն հորանի դռները.

3) խաթարվի անվտանգության համակարգի աշխատանքը:

143. Ուղղորդիչների ճկվածության հաշվարկային մեծությունը չպետք է գերազանցի`

1) 0,005 մ-ն` որսիչներով սարքավորված խցիկի, հակակշռի և խցիկի հավասարակշռիչ սարքի ուղղորդիչների երկու առանցքներից յուրաքանչյուրի համար.

2) 0,01 մ-ն` որսիչներով չսարքավորված խցիկի հակակշռի կամ խցիկի հավասարակշռիչ սարքի ուղղորդիչների 2 առանցքից յուրաքանչյուրի համար:

144. Խցիկի, հակակշռի կամ խցիկի հավասարակշռիչ սարքի ուղղորդիչների բարձրությունը պետք է լինի այնքան, որպեսզի խցիկի, հակակշռի կամ խցիկի հավասարակշռիչ սարքի աշխատանքային դիրքերի ծայրային սահմաններից դուրս տեղաշարժման դեպքում կալունները դուրս չգան ուղղորդիչներից:

145. Ուղղորդիչների միջանկյալ հատվածների ծայրերը միացման տեղերում պետք է ապահովված լինեն փոխադարձ շեղումներից:

146. Ուղղորդիչների ամրացումը պետք է ապահովի ուղղորդիչների կարգավորման հնարավորությունը` շենքի նստվածքների կամ բետոնի սեղմման, կամ ջերմային դեֆորմացիաների դեպքում:

 

9. ԿԱՐԱՊԻԿԸ

 

147. Վերելակներում կարող են կիրառվել հետևյալ կարապիկները`

1) ճոպանների կամ փոկերի օգտագործմամբ` ճոպանատար անիվով կամ շփման թմբուկով.

2) թմբուկային ճոպաններով.

3) աստղանիվային և շղթայով (շղթաներով):

148. Կարապիկը և դրա ամրացման տարրերը պետք է հաշվարկված լինեն վերելակների շահագործման և փորձարկումների ժամանակ առաջացող բեռնվածությունների համար, իսկ թմբուկավոր կամ աստղանիվով կարապիկը լրացուցիչ պետք է հաշվված լինի այն բեռնվածությունների համար, որոնք առաջանում են վերին թափամեղմիչի վրա խցիկի նստեցման ժամանակ:

149. Թույլատրվում է թմբուկավոր կամ աստղանիվով կարապիկ օգտագործել մինչև 0,63 մ/վ անվանական արագություն ունեցող վերելակներում:

150. Չի թույլատրվում թմբուկավոր կամ աստղանիվով կարապիկով վերելակներում հակակշռի օգտագործում, թույլատրվում է միայն խցիկի հավասարակշռիչ սարքի օգտագործում:

151. Ճոպանատար անիվով կամ շփման թմբուկով կարապիկներում պետք է ապահովված լինի քարշող (տանող) տարրերի (ճոպաններ, փոկեր) միացումը ճոպանատար անիվի կամ թմբուկի հետ, որոնք աշխատանքային ռեժիմում և փորձարկման ժամանակ պետք է ունենան շփման միջոցով ուժերի փոխանցման ունակություն:

152. Ճոպանատար անիվով կամ շփման թմբուկով կարապիկներում պետք է բացառվեն`

1) դատարկ խցիկի վեր բարձրանալը` թափամեղմիչի վրա նստեցված հակակշռի և վերելքի ուղղությամբ աշխատող շարժաբերի` սույն կանոնի 313-րդ կետով նախատեսված ժամանակահատվածը չգերազանցելու դեպքում.

2) հակակշռի վերաբարձրացումը, երբ խցիկը գտնվում է թափամեղմիչի վրա, և վայրէջքի ուղղությամբ աշխատող շարժաբերի` սույն կանոնի 313-րդ կետով նախատեսված ժամանակահատվածը չգերազանցելու դեպքում:

153. Ճոպանների, փոկերի, շղթաների շարժաբերման տարրերի (ճոպանիվ, թմբուկ, աստղանիվ) և արգելակման թմբուկի (սկավառակի) միջև պետք է լինի կինեմատիկ չանջատվող կապ:

154. Էլեկտրական շարժիչից պտտման պահի փոխանցման համար թույլատրվում է կիրառել փոկային փոխանցում: Փոկերի թիվը պետք է լինի 2-ից ոչ պակաս, և դրանց ձգվածության հսկողության համար պետք է նախատեսվի անվտանգության էլեկտրական սարքավորում` սույն կանոնի 338-րդ կետին համապատասխան:

155. Կարապիկի հասանելի պտտվող տարրերն են հոլովակները, ճոպանիվները, ճախարակային բլոկները, ատամնանիվները, աստղանիվները, փոկերը, շղթաների շարժիչի հոլովակները, շփման թմբուկները, շարժիչի լիսեռների դուրս ցցված հատվածները, որոնք պետք է լինեն արգելափակված` հանկարծակի հալումից:

156. Թույլատրվում է խցիկի ձեռքով տեղաշարժման ղեկանիվները, արգելակման թմբուկները և հարթ գլանային լիսեռները չարգելափակել: Այդ դեպքում դրանց չաշխատող մասերը պետք է ներկել դեղին գույնով:

157. Պետք է բացառվի վերելակների աշխատանքային ռեժիմում և դրանց փորձարկումների ժամանակ ճոպանիվների, փոկերի կամ շարժաբերմամբ շղթաների և ուղղորդիչների տարրերի դուրս գալը:

158. Վերելակների էլեկտրասնուցման անջատման դեպքում պետք է նախատեսված լինի վերելակների տեղաշարժման հնարավորություն`

1) խցիկի ձեռքով տեղաշարժման համար կարապիկը պետք է սարքավորված լինի ղեկանիվով: Այդ դեպքում խցիկի շարժման համար անհրաժեշտ ղեկանիվի վրա կիրառվող ուժը չպետք է գերազանցի 235 Ն-ն: Չի թույլատրվում անվաճաղերով կամ շուռտվիկային բեռնալծակով ղեկանիվների կիրառում.

2) հանովի ղեկանիվը պետք է պահվի վերելակի մեքենայական սրահում: Եթե մի մեքենայական սրահում կան հանովի ղեկանիվներով մի քանի կարապիկներ, ապա հանված ղեկանիվը պետք է ունենա տվյալ կարապիկին համապատասխան մակնշում (գունավորում): Անվտանգության էլեկտրական սարքավորումները, սույն կանոնի 352-րդ կետի պահանջներին համապատասխան, պետք է անջատեն անվտանգության համակարգի շղթան` ղեկանիվը կարապիկի վրա դնելու ժամանակ.

3) կարապիկի կամ անմիջապես ղեկանիվի վրա պետք է նշված լինի ղեկանիվի պտտման դեպքում խցիկի տեղաշարժման ուղղությունը.

4) խցիկի ղեկանիվով տեղաշարժման դեպքում պետք է նախատեսված լինի մեքենայական սրահից խցիկի դռների բացման գոտում գտնվելը դիտարկելու հնարավորություն:

159. Թմբուկավոր կարապիկի օգտագործման դեպքում պետք է կատարվեն նաև հետևյալ պահանջները`

1) թմբուկը պետք է ունենա ճոպանի տրամագծին համապատասխան ակոսներ` պտուտակային փորվածքով.

2) երբ խցիկը (հակակշիռը) գտնվում է լրիվ սեղմված թափամեղմիչների վրա, ամրացված յուրաքանչյուր ճոպանի համար թմբուկի վրա պետք է մնա 1,5 մ-ից ոչ պակաս պահուստային փաթույթ` չհաշված այն փաթույթները, որոնք գտնվում են թմբուկը սեղմող սարքի տակ.

3) թմբուկի վրա պետք է լինի միայն մեկ շերտ ճոպանի փաթեթվածք.

4) ճոպանի թեքվածության անկյունն ակոսների նկատմամբ պետք է լինի 40-ից ոչ ավելի.

5) թմբուկը պետք է ունենա անվապռունկ (ռեբորտ)` փաթաթված ճոպանի բարձունքի վրա` ճոպանի մեկ տրամագծից ոչ պակաս բարձրությունում: Թույլատրվում է ճոպանի ամրացման կողմից (կողմերից) անվապռունկ չնախատեսել:

160. Կարապիկը պետք է սարքավորված լինի ավտոմատ գործող նորմալ պարփակ մեխանիկական արգելակով, որի դեպքում`

1) արգելակման պահը պետք է ստեղծվի սեղմված զսպանակի կամ բեռի օգնությամբ.

2) արգելակը պետք է բաղկացած լինի 2 արգելակման համակարգից: Արգելակի բոլոր մեխանիկական տարրերը, այդ թվում` էլեկտրամագնիսի հրիչը, որոնք գործարկվել են արգելակման թմբուկի կամ սկավառակի վրա ուժեր գործադրելու գործընթացում, պետք է կրկնօրինակվեն.

3) արգելակման համակարգերից յուրաքանչյուրը պետք է ստեղծի այնպիսի արգելակման ուժ, որը բավարար լինի վերելակի անվանական բեռնունակությանը հավասար բեռնավորվածությամբ խցիկը կանգնեցնելու և պահելու համար.

4) չի թույլատրվում ժապավենային արգելակների կիրառում.

5) կարապիկը, որն ունի ձեռքով խցիկը տեղաշարժելու հարմարանք, սույն կանոնի 158-րդ կետի պահանջներին համապատասխան, պետք է ունենա նաև ձեռքով արգելակման սարք: Խցիկը ձեռքով տեղաշարժելու հարմարանքի վրա ներգործությունը վերացնելուց հետո արգելակման սարքի գործողությունը պետք է ավտոմատ կերպով վերականգնվի:

 

10. ԽՑԻԿԸ

 

161. Վերելակների խցիկները պետք է հաշվարկված լինեն ըստ դրանց աշխատանքային ռեժիմի և փորձարկման ժամանակ առաջացած բեռնունակության:

162. Խցիկը պետք է ունենա համատարած արգելափակված հոծ պատեր, հատակ, առաստաղ և օգտագործողների համար մուտքի բացվածքներ: Թույլատրվում են վթարային դռների և ելանցքերի համար բացվածքներ:

163. Խցիկի պատերը պետք է դիմանան շրջանաձև կամ քառակուսի 5 սմ2 մակերեսով հավասարաչափ բաշխված 300 Ն բեռնվածությանը, որն ազդում է խցիկի ներսից ուղիղ անկյան տակ 15 մմ-ն չգերազանցող առաձգական դեֆորմացիայով, ընդ որում, մնացորդային դեֆորմացիա չի թույլատրվում:

164. Խցիկի արգելափակման համար թույլատրվում է օգտագործել բազմաշերտ ապակի: Խցիկի ապակյա պատերը, որոնք տեղադրված են հատակի մակարդակից 1,1 մ ցածր, պետք է սարքավորված լինեն 0,9-1,1 մ բարձրության վրա տեղադրված բռնաձողով և ամրացված ապակուց անկախ: Բազրիքը պետք է դիմանա դրա ցանկացած կետում տարբեր ժամանակ կիրառված հորիզոնական ազդող 440 Ն և ուղղաձիգ ազդող 1270 Ն բեռնվածություններին:

165. Խցիկի առաստաղի ցանկացած մասի (0,2x0,4) մ մակերեսը պետք է դիմանա 2000 Ն կիրառված բեռնվածությանը` առանց մնացորդային դեֆորմացիայի:

166. Խցիկի առաստաղի վրա պետք է նախատեսված լինի 0,12 մ2-ից ոչ պակաս մակերեսով ազատ տարածություն` սպասարկող անձնակազմի համար: Տարածության նեղ կողմի չափը պետք է լինի 0,25 մ-ից ոչ պակաս:

167. Եթե խցիկի առաստաղի արտաքին կողից հորիզոնական հարթությունում ուղղահայաց (մինչև հորանի արգելափակումը) չափված բացակը գերազանցում է 0,3 մ-ն, ապա խցիկի առաստաղը բացակի կողմի եզրերից պետք է սարքավորված լինի բազրիքով` 0,9 մ-ից ոչ պակաս բարձրությամբ: Բացակը չափելու ժամանակ հորանի պատերում եղած (0,3x0,3) մ-ից (լայնություն և բարձրություն) պակաս չափերով բացակների դեպքում դա հաշվի չի առնվում:

168. Բռնաձողի կառուցվածքում պետք է լինի 0,1 մ բարձրությամբ ներքևից երեսապատված բազրիքի և բռնաձողի բարձրության կեսից տեղադրված միջնակապ: Բռնաձողը պետք է դիմանա յուրաքանչյուր կետում տարբեր ժամանակ կիրառված հորիզոնական ազդող 440 Ն և ուղղաձիգ ազդող 127 Ն բեռնվածություններին:

169. Հորանում տեղադրված սարքավորումների (հակակշիռ, անջատիչներ, ուղղորդիչների կալուններ և այլն) և ճաղաշարի արտաքին մասի միջև եղած հորիզոնական հարթությամբ չափված բացակը պետք է լինի 0,1 մ-ից ոչ պակաս:

170. Խցիկի առաստաղի եզրի և բազրիքի միջև տարածքը պետք է լինի 0,15 մ-ից ոչ ավելի:

171. Խցիկի առաստաղային ծածկի համար կիրառված ապակին պետք է լինի բազմաշերտ և պետք է դիմանա սույն կանոնի 165-րդ կետով նախատեսված բեռնվածությանը:

172. Խցիկի առաստաղի վրա պետք է նախատեսվեն`

1) կառավարման սարքեր` սույն կանոնի 309-րդ կետով նախատեսված պահանջներին համապատասխան.

2) վերելակի կանգի հարմարանք` սույն կանոնի 346-րդ կետով նախատեսված պահանջներին համապատասխան.

3) էլեկտրական վարդակ` սույն կանոնի 372-րդ կետով նախատեսված պահանջներին համապատասխան:

173. Խցիկի մուտքի շեմի տակ, դռան ամբողջ լայնությամբ, պետք է տեղադրվի ուղղաձիգ վահան` շեմի առջևի կողի երեսին համահավասար: Վահանի ուղղաձիգ մասը պետք է վերջանա շեղատով, որի թեքման անկյունը հորիզոնական հարթության նկատմամբ պետք է լինի 60 o-ից ոչ պակաս: Այդ շեղատի հորիզոնական պրոյեկցիան պետք է լինի 0,02 մ-ից ոչ պակաս: Վահանակի ուղղաձիգ մասի բարձրությունը, հաշվի առած խցիկի շեմի բարձրությունը, պետք է լինի 0,75 մ-ից ոչ պակաս: Մինչև 15 o անկյամբ թեք տեղադրված ուղղորդիչներով տեղաշարժվող վերելակի խցիկի համար նշված վահանը պետք է տեղադրված լինի խցիկի մուտքի կողմից հորանի պատերի ներսի մակերևույթին զուգահեռ:

174. Խցիկի բարձրությունը, չափված հատակից մինչև առաստաղային ծածկը, պետք է լինի 2 մ-ից ոչ պակաս: Խցիկի բարձրությունը հաշվարկելու ժամանակ առաստաղային ծածկի վրայի 0,05 մ-ից ոչ ավելի ելուստային տարրերը (լուսամփոփ, ցանց, շրջանակաձող և այլն) հաշվի չեն առնվում:

175. Խցիկի մուտքի բացվածքը պետք է լինի 2 մ-ից ոչ պակաս և հորանի բարձրությունից ոչ ցածր:

176. Խցիկի մուտքի բացվածքը պետք է ունենա դուռ:

177. Խցիկի դուռը պետք է լինի կիպ ծածկված: Ուղղահայաց տեղաշարժվող դռներում թույլատրվում է կիրառել ցանց կամ ծակոտված թիթեղ: Ցանցի բջջավանդակների կամ թիթեղի վրայի անցքերի մեծությունը չպետք է գերազանցի հորիզոնական ուղղությամբ 0,01 մ-ն և ուղղաձիգ ուղղությամբ 0,06 մ-ն:

178. Փեղկերի միջև, դռան բացվածքի ամրակապի և դռների փեղկերի միջև կամ փեղկերի և շեմի միջև բացակը` դռները փակված վիճակում, չպետք է գերազանցի 0,006 մ-ն:

179. Բացվող դռները չպետք է բացվեն դեպի դուրս:

180. Հորանի դռների` դիտանցքերով սարքավորման դեպքում խցիկի դռները նույնպես պետք է սարքավորված լինեն սույն կանոնի 120-րդ կետով նախատեսված պահանջներին համապատասխան դիտանցքերով: Խցիկը հարթակի մակարդակին գտնվելու դեպքում դիտանցքերը, սույն կանոնի 120-րդ կետով նախատեսված պահանջներին համապատասխան, պետք է դասավորված լինեն այնպես, որպեսզի տեսողական դիտարկման ժամանակ հորանի և խցիկի դիտանցքերը գտնվեն համապատասխանաբար իրար դիմաց:

181. Խցիկի դռները փակված վիճակում պետք է դիմանան շրջանաձև կամ քառակուսի 5 սմ2 մակերեսով հավասարաչափ բաշխված 300 Ն բեռնվածությանը, որը կարող է ազդել խցիկի ներսից դռան մակերեսի ցանկացած կետում կիրառված ուղիղ անկյան տակ, 15 մմ-ից ոչ ավելի առաձգական դեֆորմացիայի մեծությամբ, ընդ որում, բեռնվածության վերացման դեպքում մնացորդային դեֆորմացիա կամ գործունեության որևէ փոփոխություն չի թույլատրվում:

182. Խցիկի դռների արգելափակման համար կարելի է կիրառել փորձարկված բազմաշերտ ապակի:

183. Խցիկի ավտոմատ տեղաշարժվող դռների ներսի կողմի մակերևույթը չպետք է ունենա 0,003 մ-ից ավելի ելուստներ կամ ներս ընկած հատվածներ: 0,003 մ-ից ավելի ելուստների և փոս ընկած հատվածների եզրային մասերը դռների բացման ուղղությամբ պետք է կլորացված կամ հղկված լինեն: Սույն կետի պահանջները չեն տարածվում ուղղահայաց տեղաշարժվող, ցանցերով կամ ծակոտված թիթեղներով պատրաստված դռների վրա:

184. Հորիզոնական տեղաշարժվող ավտոմատ շարժաբերով դռները և ծալովի դռները պետք է համապատասխանեն սույն կանոնի 110-119-րդ կետերով նախատեսված պահանջներին:

185. Ուղղահայաց տեղաշարժվող դռները պետք է համապատասխանեն սույն կանոնի 110-119-րդ կետերով նախատեսված պահանջներին:

186. Խցիկի դռները պետք է սարքավորված լինեն սույն կանոնի 342-րդ կետի պահանջներին համապատասխան անվտանգության էլեկտրական սարքավորումներով, որոնք պետք է հսկեն դռների փակվածությունը և կանխարգելակեն բացված դռներով խցիկի տեղաշարժը, բացառությամբ սույն կանոնի 124-րդ կետի 1-2-րդ ենթակետերով նախատեսված դեպքերի:

187. Հորիզոնական տեղաշարժվող խցիկի դուռը ուղղակի կինեմատիկ կապված փեղկերից (օրինակ` լծակների համակարգով) բաղկացած լինելու դեպքում` անվտանգության էլեկտրական սարքավորումները թույլատրվում է տեղադրել`

1) միայն մի փեղկի (բազմափեղկ դռան առավել արագ շարժվող փեղկի) վրա.

2) փեղկերի ուղղակի կինեմատիկ կապված դռների շարժաբերի վրա:

188. Հորիզոնական տեղաշարժվող խցիկի դռները ոչ ուղղակի կինեմատիկ կապված փեղկերից (ճոպանի շղթայի, փոկի միջոցով) բաղկացած լինելու դեպքում` անվտանգության էլեկտրական սարքավորումը թույլատրվում է տեղադրել միայն տանող (քարշող) փեղկի վրա` այն պայմանով, որ տանող փեղկը դռան շարժաբերի հետ ունի ուղղակի կինեմատիկ կապ:

189. Խցիկի դուռը պետք է սարքավորված լինի ավտոմատ փականով` սույն կանոնի 46-րդ կետով նախատեսված դեպքում: Ավտոմատ փականը պետք է համապատասխանի սույն կանոնի 124-րդ կետով նախատեսված պահանջներին:

190. Դռների բացման գոտում գտնվող խցիկի դռների բացման համար անհրաժեշտ գործադրման ուժը չպետք է գերազանցի 300 Ն-ն:

191. Դռների շեմերը և ուղղորդիչները պետք է համապատասխանեն սույն կանոնի 107-րդ և 133-140-րդ կետերով նախատեսված պահանջներին:

192. Խցիկը վթարային ելանցքով սարքավորելիս` ելանցքի չափերը պետք է լինեն (0,35x0,5) մ-ից ոչ պակաս, ընդ որում, վթարային ելանցքը չպետք է բացվի դեպի խցիկի ներսը և պետք է լինի կիպ ծածկված և բաց վիճակում չպետք է դուրս գա խցիկի եզրաչափերից: Ելանցքը պետք է ունենա փական, որը պետք է բացվի խցիկի դրսի կողմից` առանց բանալու օգնության:

193. Թույլատրվում է խցիկը սարքավորել վթարային դռնով` հարևան վերելակի խցիկ մարդկանց տեղափոխելու համար, եթե ապահովված են հետևյալ պայմանները`

1) դուռը պետք է բացվի դեպի դուրս.

2) դռան փեղկը պետք է ունենա հոծ ծածկույթ.

3) խցիկների միջև եղած հեռավորությունը պետք է լինի 0,75 մ-ից ոչ ավելի.

4) խցիկների միջև եղած անցումում չպետք է տեղադրված լինեն քարշող (ձգող) ճոպաններ, ուղղաձիգ տեղադրված լարեր կամ մալուխներ.

5) խցիկների միջև եղած անցումը չպետք է հատի հակակշռի շարժման գոտին.

6) վթարային դուռը պետք է սարքավորված լինի փականով, որը պետք է առանց բանալու օգնության բացվի խցիկի դրսի կողմից, իսկ խցիկի ներսից պետք է բացվի բանալիով:

194. Վթարային դռան կամ ելանցքի փակվածության հսկողությունը պետք է իրականացվի անվտանգության էլեկտրական սարքավորումներով` սույն կանոնի 343-րդ կետով նախատեսված պահանջներին համապատասխան:

195. Չի թույլատրվում վթարային դուռը կամ վթարային ելանցքը փակվելուց հետո վերելակի ավտոմատ վերադարձ նորմալ աշխատանքային ռեժիմի:

196. Հոծ ծածկույթով դռներ ունեցող խցիկը պետք է ունենա խցիկի վերևի և ներքևի մասերում տեղադրված օդանցքեր: Խցիկի վերևում և ներքևի մասում գտնվող օդանցքերից յուրաքանչյուրի մակերեսը չպետք է փոքր լինի խցիկի հատակի օգտակար մակերեսի 1 տոկոսից: Օդանցքերը պետք է լինեն այնպիսի անցքերով, որպեսզի դրանց միջով խցիկի ներսից դեպի հորան հնարավոր չլինի անցկացնել 0,01 մ տրամագիծ ունեցող ձող:

197. Խցիկը պետք է սարքավորված լինի որսիչ-բռնիչներով, որոնք պետք է բավարարեն սույն կանոնի 208-219-րդ կետերով նախատեսված պահանջները:

198. Խցիկը պետք է ունենա կալուններ: Կալունների կառուցվածքը պետք է բացառի որսիչներից դուրս ընկնելը և խցիկի կամայական (ինքնակամ) նստեցումը որսիչների վրա, ինչպես նաև ուղղորդիչների նկատմամբ խցիկի հորիզոնական տեղաշարժումը:

199. Վերելակի խցիկում պետք է նշված լինեն հետևյալ տվյալները`

1) բեռնունակությունը (կգ).

2) տեղափոխվող մարդկանց թույլատրելի թիվը.

3) վերելակն արտադրող կազմակերպության անվանումը.

4) գործարանային թիվը և արտադրման տարեթիվը:

200. Վերելակի խցիկում` տեսանելի վայրում, պետք է ամրացված լինի վերելակի տեխնիկական անվտանգության փորձաքննության վերջին եզրակացության պատճենը:

 

11. ՀԱԿԱԿՇԻՌԸ ԵՎ ԽՑԻԿԻ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌԻՉ ՍԱՐՔԵՐԸ

 

201. Վերելակների հակակշիռները և խցիկի հավասարակշռիչ սարքերը պետք է հաշվարկված լինեն այնպիսի բեռնվածությունների համար, որոնք առաջանում են`

1) վերելակի աշխատանքային ռեժիմում.

2) հակակշիռը որսիչների (երբ հակակշիռը սարքավորված է որսիչներով) և թափամեղմիչի վրա նստեցնելիս.

3) խցիկի հավասարակշռիչ սարքերը որսիչների վրա նստեցնելիս (երբ խցիկի հավասարակշռիչ սարքերը սարքավորված են որսիչներով).

4) խցիկը որսիչների և թափամեղմիչի վրա նստեցնելիս:

202. Խցիկի հավասարակշռիչ սարքը և հակակշիռը որսիչների վրա նստեցնելուց առաջացող բեռնվածությունները որոշելիս` պետք է հաշվի առնել հակակշռի և խցիկի հավասարակշռիչ սարքերի արագությունը` սույն կանոնի 221-րդ կետով նախատեսված պահանջներին համապատասխան:

203. Թափամեղմիչի վրա նստեցնելիս` հակակշռի վրա ազդող բեռնվածությունը պետք է որոշվի` ելնելով հակակշռի շարժման արագությունից` սույն կանոնի 240-րդ կետով նախատեսված պահանջներին համապատասխան:

204. Որսիչների կամ թափամեղմիչների վրա հակակշռի կամ խցիկի հավասարակշռիչ սարքերի նստեցման դեպքում ազդող բեռնվածությունը պետք է որոշվի ըստ խցիկի տեղաշարժման արագության` սույն կանոնի 220-րդ և 240-րդ կետերին համապատասխան:

205. Հակակշռի կամ խցիկի հավասարակշռիչ սարքերի կառուցվածքը պետք է բացառի այդ կառուցվածքի կազմում եղած բեռների ինքնակամ տեղաշարժը` ինչպես հորիզոնական, այնպես էլ ուղղահայաց հարթություններով:

206. Հակակշիռը կամ խցիկի հավասարակշռիչ սարքերը պետք է սարքավորված լինեն կալուններով: Կալունների կառուցվածքը պետք է բացառի հակակշռի (հավասարակշռիչ սարքերի)` ուղղորդիչներից դուրս ընկնելը, հակակշռի (հավասարակշռիչ սարքերի) կամայական նստեցումը որսիչների վրա, ինչպես նաև պետք է սահմանափակի հակակշռի (խցիկի հավասարակշռիչ սարքի) հորիզոնական տեղաշարժն ուղղորդիչների նկատմամբ:

207. Հակակշիռը և խցիկի հավասարակշռիչ սարքերը պետք է սարքավորված լինեն որսիչներով` սույն կանոնի 17-րդ կետով նախատեսված դեպքում:

 

12. ՈՐՍԻՉՆԵՐԸ

 

208. Վերելակների որսիչներն իրենց գործարկմամբ արագության սահմանափակիչների գործողությամբ պետք է կանգնեցնեն և պահեն դեպի ներքև ընթացող խցիկները (հակակշիռը կամ խցիկի հավասարակշռիչ սարքերը):

209. Վեր ընթացող խցիկի արագությունը սույն կանոնի 220-րդ կետով նախատեսված մեծությունը գերազանցելու դեպքում թույլատրվում է կիրառել որսիչներ` խցիկի ընթացքը դանդաղեցնելու կամ խցիկը կանգնեցնելու համար:

210. Խցիկի որսիչները, հակակշռի և խցիկի հավասարակշռիչ սարքերի որսիչները պետք է գործարկվեն` յուրաքանչյուրն իր արագության սահմանափակիչի գործողությամբ:

211. Թույլատրվում է մինչև 1 մ/վ արագությամբ վերելակի հակակշռի կամ խցիկի հավասարակշռիչ սարքի որսիչները գործի դնել այնպիսի սարքավորման միջոցով, որը գործարկվում է քարշող տարրերի (ճոպանի) կտրվելու կամ թուլանալու դեպքում:

212. 1 մ/վ-ից ավելի անվանական արագություն ունեցող վերելակների խցիկները պետք է սարքավորված լինեն սահուն արգելակմամբ որսիչներով:

213. Թույլատրվում է կիրառել`

1) վերելակի արագությունը 1 մ/վ-ն չգերազանցելու դեպքում` կտրուկ արգելակմամբ որսիչներ, որոնք ունեն թափամեղմման տարրեր.

2) կտրուկ արգելակմամբ որսիչներ, եթե վերելակի անվանական արագությունը 0,063 մ/վ-ից ավելի չէ:

214. Խցիկը մեկից ավելի որսիչներով սարքավորված լինելու դեպքում` յուրաքանչյուր ուղղորդիչի բոլոր որսիչները պետք է լինեն սահուն արգելակման տիպի:

215. 1,0 մ/վ-ից առավել արագություն ունեցող վերելակներում հակակշիռը կամ խցիկի հավասարակշռիչ սարքը, սույն կանոնի 17-րդ կետով նախատեսված պահանջներին համապատասխան, պետք է սարքավորված լինի սահուն արգելակման որսիչներով:

216. Որսիչները պետք է ավտոմատ կերպով վերադառնան ելման դիրքերը և պետք է նորից պատրաստ լինեն աշխատելու համար` խցիկի, հակակշռի և խցիկի հավասարակշռիչ սարքերի վեր բարձրանալուց անմիջապես հետո, որոնք կանգնեցվել էին հենց իրենց` որսիչների գործողությամբ:

217. Որսիչների վրա խցիկի նստեցման ժամանակ խցիկի շարժման դանդաղեցման միջին մեծությունը պետք է լինի`

1) 9,81 մ/վ2` սահուն արգելակմամբ որսիչների համար.

2) 25 մ/վ2` կտրուկ արգելակմամբ որսիչների համար:

218. Խցիկի որսիչների գործարկման հսկողության համար պետք է նախատեսված լինեն անվտանգության էլեկտրական սարքավորումներ` սույն կանոնի 347-րդ կետով նախատեսված պահանջներին համապատասխան, որոնք անվտանգության էլեկտրական շղթան պետք է անջատեն որսիչների գործարկման պահին կամ մինչև որսիչների գործարկումը:

219. Որսիչները պետք է ունենան ցուցանակ, որի վրա պետք է նշված լինեն`

1) տվյալ որսիչն արտադրող կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը.

2) նույնականացման համարը:

 

13. ԱՐԱԳՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿԻՉԸ

 

220. Վերելակների խցիկների որսիչները գործարկման մեջ դնող արագության սահմանափակիչները պետք է աշխատեն, եթե ցած իջնող խցիկի արագությունը դրա անվանական արագությունից բարձր է 15 տոկոսով և կազմում է`

1) 0,8 մ/վ-ից ոչ ավելի` կտրուկ արգելակմամբ որսիչների համար.

2) 1,5 մ/վ-ից ոչ ավելի` սահուն արգելակմամբ և 1,0 մ/վ-ից ոչ ավելի` անվանական արագությամբ առաձգական տարր ունեցող կտրուկ արգելակմամբ որսիչների համար.

3) (1,25v+0,25v) մ/վ` 1,0 մ/վ անվանական արագությամբ սահուն արգելակմամբ որսիչների համար:

221. Հակակշռի որսիչները կամ խցիկի հավասարակշռիչ սարքերը գործողության մեջ դնող արագության սահմանափակիչը պետք է գործարկվի, եթե հակակշռի կամ խցիկի հավասարակշռիչ սարքի իջնելու արագությունը գերազանցում է անվանականի 15 տոկոսից ոչ պակաս և ոչ ավելի, քան խցիկի արագության սահմանափակիչի գործարկման համար սահմանված արագության վերին սահմանը 10 տոկոսով գերազանցող մեծությունը:

222. Ստուգումներ և փորձարկումներ կատարելու համար պետք է նախատեսվի խցիկի` սույն կանոնի 220-րդ կետում նշված արագությունից պակաս ընթացքի դեպքում արագության սահմանափակիչից որսիչները գործողության մեջ դրվելու հնարավորություն:

223. Սույն կանոնի 220-րդ և 221-րդ կետերում նշված խցիկի, հակակշռի կամ խցիկի հավասարակշռիչ սարքի շարժման արագությանը համապատասխանող պտտման հաճախականության դեպքում պետք է նախատեսված լինի արագության սահմանափակիչի գործարկման հնարավորություն:

224. Արագության սահմանափակիչը գործարկման մեջ դնող ճոպանի տրամագիծը պետք է լինի 0,006 մ-ից ոչ պակաս:

225. Ճոպանի արագության սահմանափակիչի ամրության պաշարի գործակիցը, որը որոշվել է ամբողջությամբ ճոպանի խզող ուժի և որսիչների գործողության մեջ դնելու ժամանակ դրա մեջ ծագող ուժի հարաբերությամբ, պետք է լինի 8-ից ոչ պակաս:

226. Բլոկի կամ անիվի տրամագծի հարաբերությունն արագության սահմանափակիչը գործողության մեջ դնելու ճոպանի կորացման տրամագծին պետք է լինի 30-ից ոչ պակաս:

227. Արագության սահմանափակիչը գործողության մեջ դնող ճոպանը պետք է ձգվի հատուկ ձգող հարմարանքով:

228. Արագության սահմանափակիչը գործողության մեջ դնող ճոպանի կտրվելը կամ չնախատեսված ձգումը պետք է հանգեցնի անվտանգության էլեկտրական սարքավորմամբ շարժաբերի կանգնեցմանը` սույն կանոնի 349-րդ կետով նախատեսված պահանջներին համապատասխան:

229. Միայն ճոպանի և աշխատանքային անիվի միջև` շփման հաշվին ստեղծվող ուժով գործարկվող արագության սահմանափակիչի համար պետք է նախատեսված լինի դրանց միջև բաշխման ուժի բավարար լինելու ստուգման հնարավորությունը խցիկի` սույն կանոնի 220-րդ կետով նախատեսված ցածր արագությամբ շարժվելու դեպքում` որսիչները գործողության մեջ դնելու համար:

230. Արագության սահմանափակիչի վրա պետք է նշված լինի որսիչների միացմանը համապատասխանող պտտման ուղղությունը:

231. Սույն կանոնի 344-րդ կետի պահանջներին համապատասխան անվտանգության էլեկտրական սարքավորումներով արագության սահմանափակիչը պետք է անջատի անվտանգության շղթան` մինչև դեպի ներքև շարժվող խցիկի արագության հասնելն այն պահին, որի ժամանակ գործողության մեջ է դրվում արագության սահմանափակիչը: Վերելակների 1,0 մ/վ-ից ոչ ավելի անվանական արագության դեպքում թույլատրվում է արագության սահմանափակիչի գործողության պահին այդ սարքավորմամբ անվտանգության շղթայի անջատումը:

232. Եթե որսիչները հանելուց հետո արագության սահմանափակիչն ավտոմատ կերպով չի վերադառնում ելակետային դիրք, ապա էլեկտրական անվտանգության սարքավորումը, համաձայն սույն կանոնի 345-րդ կետի, պետք է արգելակի վերելակի գործարկումը` մինչև արագության սահմանափակիչը ելակետային դիրքի բերելը:

233. Թույլատրվում է արագության սահմանափակիչի տեղադրումը հորանում` հետևյալ պայմանների կատարման դեպքում`

1) արագության սահմանափակիչը փորձարկման համար գործողության մեջ է դրվել սպասարկող անձնակազմի կողմից վերելակների հորանների դրսից մեխանիկական կամ էլեկտրական հեռակառավարմամբ, բացառությամբ մալուխայինի.

2) խցիկի, հակակշռի կամ խցիկի հավասարակշռիչ սարքի տեղաշարժման ժամանակ արագության սահմանափակիչը գործարկումից հետո վերադառնում է ելակետային դիրքի:

234. Արագության սահմանափակիչը պետք է ունենա պիտակ, որի վրա պետք է նշված լինեն հետևյալ տվյալները`

1) արագության սահմանափակիչ արտադրող կազմակերպության անվանումը.

2) նույնականացման համարը.

3) արագության սահմանափակիչի գործարկման արագությունը:

 

14. ԹԱՓԱՄԵՂՄԻՉՆԵՐԸ

 

235. Վերելակները պետք է սարքավորված լինեն խցիկի և հակակշռի տեղաշարժումը դեպի ներքև սահմանափակող թափամեղմիչներով: Թմբուկով կամ աստղիկով կարապիկով վերելակները պետք է լրացուցիչ սարքավորված լինեն վերելակների տեղաշարժումը դեպի վերև սահմանափակող թափամեղմիչներով:

236. Թույլատրվում է մինչև 0,3 մ/վ անվանական արագությամբ վերելակները սարքավորել կոշտ հենարաններով:

237. Էներգակուտակող թափամեղմիչների կիրառումը թույլատրվում է 1,0 մ/վ-ն չգերազանցող անվանական արագության դեպքում:

238. Առաձգական հակադարձ քայլով էներգակուտակող թափամեղմիչների կիրառումը թույլատրվում է 1,6 մ/վ-ն չգերազանցող անվանական արագության դեպքում:

239. Էներգացրող թափամեղմիչների կիրառումը թույլատրվում է վերելակների ցանկացած անվանական արագության դեպքում:

240. Թափամեղմիչները և կոշտ հենարանները պետք է հաշվարկված լինեն բեռնավորված խցիկի կամ հակակշռի վայրէջքի համար (բեռների զանգվածը 25 տոկոսով պետք է գերազանցի վերելակների անվանական բեռնունակությունը), որոնք շարժվում են`

1) վերելակների անվանական արագությունը 15 տոկոսով գերազանցող արագությամբ (բոլոր թափամեղմիչները և հենարանները, բացառությամբ լրիվ ընթացքով փոքրացված սուզակով (պլունժեր) հիդրավլիկ թափամեղմիչի).

2) վերելակների փոքրացված հաշվարկային արագությունը 15 տոկոսով գերազանցող արագությամբ (լրիվ ընթացքով փոքրացված սուզակով հիդրավլիկ թափամեղմիչը):

241. Գծային բնութագրերով էներգակուտակող թափամեղմիչների լրիվ քայլը, որը պետք է լինի 0,06 մմ-ից ոչ պակաս, որոշվում է 3-րդ բանաձևով`

 

                                                            (3)

                                             

որտեղ`

S-ն թափամեղմիչի լրիվ քայլն է (մ),

v-ն վերելակի խցիկի անվանական արագությունն է (մ/վ),

g(n)-ն ազատ անկման արագացումն է (9,81 մ/վ2):

242. Ոչ գծային բնութագրերով և առաձգական հակադարձ քայլով էներգակուտակող թափամեղմիչները պետք է բավարարեն հետևյալ պահանջները`

1) անվանական արագության 115 տոկոսին հավասար արագությամբ շարժվող անվանական բեռնվածությամբ խցիկի թափամեղմիչի վրա վայրէջքի ժամանակ դանդաղեցման միջին մեծությունը չպետք է գերազանցի 9,81 մ/վ2-ն.

2) 25,0 մ/վ2-ն գերազանցող արագացման ազդեցության ժամանակի դանդաղեցումը չպետք է լինի 0,04 վ-ից ավելի:

243. Գծային բնութագրերով էներգացրող թափամեղմիչների լրիվ քայլը որոշվում է 4-րդ բանաձևով`

 

                                                       (4)

 

որտեղ`

S-ն թափամեղմիչի լրիվ քայլն է (մ),

v-ն վերելակի խցիկի անվանական արագությունն է (մ/վ),

g(n)-ն ազատ անկման արագացումն է (9,81 մ/վ2):

244. Եթե վերին և ներքին հարկի հարթակներին վերելակի մոտեցման դանդաղեցումը հսկվում է համաձայն սույն կանոնի 300-րդ կետի, ապա անվանական արագության փոխարեն լրիվ ընթացքի հաշվարկման ժամանակ կարելի է օգտագործել խցիկի կամ հակակշռի թափամեղմիչին հպվելու արագությունը: Միաժամանակ այդպիսի թափամեղմիչների լրիվ ընթացքը պետք է լինի`

1) լրիվ ընթացքի 50 տոկոսից ոչ պակաս, եթե անվանական արագությունը կազմում է 4,0 մ/վ-ից ոչ ավելի, բայց 0,42 մ-ից ոչ պակաս.

2) լրիվ ընթացքի 33 տոկոսից ոչ պակաս, եթե անվանական արագությունը 4,0 մ/վ-ից ավելի է, բայց 0,54 մ-ից ոչ պակաս:

245. Էներգացրող թափամեղմիչները պետք է բավարարեն հետևյալ պահանջները`

1) անվանական արագության 115 տոկոսին հավասար արագությամբ անվանական բեռնվածությամբ խցիկի թափամեղմիչի վրա վայրէջքի ժամանակ ազատ անկման դանդաղեցման միջին մեծությունը չպետք է գերազանցի 9,81 մ/վ2-ն.

2) 25,0 մ/վ2-ն գերազանցող դանդաղեցման արագացման ազդեցության ժամանակը պետք է լինի 0,04 վ-ից ոչ ավելի:

246. Էներգացրող թափամեղմիչի ծանրաբեռնվածությունը հանելուց հետո այն ավտոմատ կերպով պետք է վերադառնա ելակետային դիրք: Թափամեղմիչի վերադարձը ելակետային դիրք պետք է հսկվի անվտանգության էլեկտրական սարքավորմամբ` համաձայն սույն կանոնի 353-րդ կետի: Հիդրավլիկ թափամեղմիչում պետք է նախատեսված լինի հեղուկի մակարդակը հսկելու հնարավորություն:

247. Խցիկը կամ հակակշիռը սույն կանոնի 213-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն որսիչներով սարքավորված լինելու դեպքում որսիչների մեղմիչային սարքավորումները կարող են օգտագործվել թափամեղմիչների փոխարեն` համաձայն սույն կանոնի 235-րդ կետի: Այդ դեպքում հորանի ներքևի մասում պետք է տեղադրվեն կոշտ հենարաններ, որոնք պետք է համագործակցեն խցիկի (հակակշռի) կարկասի հետ:

248. Թափամեղմիչները, բացառությամբ էներգակուտակող թափամեղմիչների, պետք է ունենան պիտակ` հետևյալ տվյալներով`

1) թափամեղմիչն արտադրող կազմակերպության անվանումը կամ ապրանքային նշանը, գտնվելու վայրը.

2) նույնականացման համարը:

 

15. ՁԳՈՂ ՏԱՐՐԵՐԸ ԵՎ ԿԱԽՈՑՆԵՐԸ

 

249. Խցիկը, հակակշիռը կամ խցիկի հավասարակշռիչ սարքը պետք է կախված լինեն պողպատյա լարային ճոպաններից կամ ձգող թիթեղավոր կամ հոլովակային շղթաներից: Թույլատրվում է այլ ձգող տարրերի կիրառումը` այն պայմանով, որ դրանք ապահովեն անվտանգության այնպիսի մակարդակ, այդ թվում` պողպատյա ճոպանների ամրության պաշարի գործակից, որը լինի ոչ ցածր` պողպատյա ճոպանների կամ շղթաների օգտագործման դեպքում:

250. Խցիկը հակակշռին միացնող ձգող տարրերը պետք է լինեն միևնույն կառուցվածքի, ունենան միևնույն չափերը և բնութագրերը:

251. Վերելակներում կիրառվող ձգող տարրերը պետք է ունենան դրա որակը հաստատող փաստաթուղթ: Չի թույլատրվում ձգող տարրերի սերտակցում:

252. Ձգող տարրերի թիվը պետք լինի 2-ից ոչ պակաս:

253. Բազմաճախարակային կախոցի մի ձգող տարրի բոլոր ճյուղերը հաշվվում են որպես մի ձգող տարր:

254. Շահագործման մեջ գտնվող պողպատյա ճոպանների խոտանման նորմերը պետք է տրված լինեն վերելակների շահագործման հրահանգներում:

 

16. ՃՈՊԱՆՆԵՐԸ

 

255. Պողպատյա լարային ձգող ճոպանների անվանական տրամագիծը պետք է լինի 0,008 մ-ից ոչ պակաս:

256. Փոկանիվների, բլոկների և թմբուկների տրամագծի ու ձգող ճոպանների անվանական տրամագծի հարաբերությունը պետք է լինի 40-ից ոչ պակաս:

257. Ձգող ճոպանների ամրության պաշարի գործակիցը, որը որոշվում է 5-րդ բանաձևով, պետք է լինի`

1) 12-ից ոչ պակաս` ճոպանատար փոկանիվով կամ շփման թմբուկով 3 և ավելի ճոպաններ ունեցող կարապիկների համար.

2) 16-ից ոչ պակաս` ճոպանատար փոկանիվով կամ շփման թմբուկով 3 ճոպանով կարապիկների համար.

3) 12-ից ոչ պակաս` թմբուկավոր կարապիկների համար:

 

                                                           (5)

 

որտեղ`

P-ն ճոպանի կտրման ուժն է,

S-ն ճոպանի վրա ազդող առավելագույն բեռնվածությունն է` անվանական բեռնվածությամբ խցիկի ներքևի հարկի հարթակում գտնվելու դեպքում:

258. Ճոպանների ծայրերի ամրակցումը դրանց խցիկին, հակակշռին կամ խցիկի հավասարակշռիչ սարքին կամ անշարժ ճյուղի կախոցի կետերին ամրացնելու ժամանակ պետք է դիմանան ճոպանի կտրման ուժին` 80 տոկոսից ոչ պակաս:

259. Ճոպանը թմբուկին պետք է ամրացվի սեպավորման միջոցով կամ օգտագործելով ոչ պակաս 2 սեղմաձող կամ անվտանգության համարժեք մակարդակ ապահովող այլ ցանկացած միջոց: Լրիվ սեղմված թափամեղմիչի կամ հենարանի վրա խցիկի գտնվելու ժամանակ թմբուկի վրա յուրաքանչյուր ճոպանից պետք է մնա մեկուկես պահուստային ճյուղերից ոչ պակաս` չհաշված սեղմաձողերի տակ գտնվող ճյուղերը:

260. Ձգող շղթաների ամրացման պաշարի գործակիցը պետք է լինի 10-ից ոչ պակաս: Ամրության պաշարի գործակիցը որոշվում է սույն կանոնի 257-րդ կետով նախատեսված բանաձևով:

261. Ձգող տարրերի միջև բեռնվածության բաշխումն ապահովելու համար`

1) առանձին ձգող տարրերի միջև ձգման տարբերությունը փոքրացնելու համար պետք է նախատեսվի ավտոմատ սարքավորում: Առանձին ձգող շղթաների միջև ձգման տարբերությունը փոքրացնելու համար` նշված սարքավորումը պետք է տեղադրվի ինչպես խցիկի կողմից, այնպես էլ հավասարակշռող բեռի կողմից.

2) առանձին ձգող տարրերի միջև ձգման տարբերությունը փոքրացնելու համար, որպես սարքավորում, թույլատրվում է կիրառել սեղմման զսպանակները.

3) անվտանգության էլեկտրական սարքավորումը, համաձայն սույն կանոնի 348-րդ կետի, պետք է անջատի անվտանգության շղթան` սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված սարքավորմամբ թույլատրվող մեծությունից ավելի ձգող տարրերի հարաբերական տեղաշարժման (թուլացման), ինչպես նաև մեկ, մի քանի ու բոլոր ձգող տարրերի կտրման դեպքերում:

262. Հավասարակշռող ճոպանների տեղաշարժումը պետք է բավարարի հետևյալ պայմանները`

1) պետք է կիրառվի բլոկով (բլոկներով) ձգող հարմարանք (հարմարանքներ).

2) ձգող հարմարանքի, բլոկի տրամագծի և հավասարակշռող ճոպանի տրամագծի հարաբերությունը պետք է լինի 30-ից ոչ պակաս.

3) պետք է ապահովվի ձգումը ծանրության ուժով և հսկվի, համաձայն սույն կանոնի 350-րդ կետի, անվտանգության էլեկտրական սարքավորմամբ:

263. Վերելակները, որոնց անվանական արագությունը գերազանցում է 3,5 մ/վ-ն, սույն կանոնի 262-րդ կետով նախատեսված պահանջներից բացի, պետք է սարքավորված լինեն հավասարակշռող ճոպանների ձգվածությունը սահմանափակող սարքավորումներով: Այդ սարքավորումների գործարկումը պետք է հանգեցնի անվտանգության էլեկտրական սարքավորմամբ անվտանգության շղթայի անջատմանը` համաձայն սույն կանոնի 350-րդ կետի:

264. Կողմնատար բլոկները և աստղիկները պետք է ունենան արգելափակում` հետևյալ իրավիճակները կանխարգելելու համար`

1) սպասարկող անձնակազմի վնասվածքներ ստանալը.

2) բլոկներից և աստղիկներից ձգող տարրեր ընկնելը.

3) բլոկների կամ աստղիկների և ձգող տարրերի միջև առարկաներ ընկնելը:

265. Արգելափակող կառուցվածքը պետք է նախատեսվի այնպես, որպեսզի առանց այն քանդելու հնարավոր լինի կատարել բլոկի և աստղիկների զննման աշխատանքներ:

266. Եթե արգելափակող կառուցվածքում կան ճեղքեր, ապա դրանք պետք է համապատասխանեն սույն կանոնի N 1 աղյուսակով նախատեսված պահանջներին:

 

17. ՎԵՐԵԼԱԿՆԵՐԻ ԷԼԵԿՏՐԱՍԱՐՔԱՎՈՐՈՒՄԸ

 

267. Վերելակի էլեկտրասարքավորումների ու էլեկտրահաղորդալարերի տեխնիկական բնութագրերը և դրանց կառուցվածքը պետք է համապատասխանեն վերելակի պարամետրերին` ըստ սնող ցանցի լարման ու հաճախականության, հոսանքային բեռնվածության, հուսալիության, ինչպես նաև դրա շահագործման, պահման և տեղափոխման պայմանների:

268. Վերելակները պետք է սարքավորված լինեն ձեռքի հաղորդակով (ներանցման սարք, ավտոմատ անջատիչ և ձեռքի հաղորդակով նմանատիպ սարքավորումներ), որը պետք է անջատի բոլոր էլեկտրական շղթաների էլեկտրասնուցումը, բացառությամբ սույն կանոնի 270-րդ կետով նախատեսված էլեկտրական շղթաների:

269. Սույն կանոնի 268-րդ կետով նախատեսված ձեռքի հաղորդակը (այսուհետ` հարմարանք) տեղադրվում է մեքենայական սրահում, իսկ մեքենայական սրահի բացակայության դեպքում`

1) կառավարման սարքավորումների պահարանում, եթե այդ պահարանը տեղադրված չէ հորանում.

2) վերելակների կառավարման սարքավորումների մոտ` սույն կանոնի 89-րդ կետով նախատեսված ուղևորների տարահանման ժամանակ կառավարման սարքերի պահարանի հորանում տեղադրված լինելու դեպքում:

270. Հարմարանքը չպետք է անջատի հետևյալ էլեկտրական շղթաները`

1) տեղադրված սարքավորումների շինությունների լուսավորության.

2) հորանի լուսավորության.

3) խցիկի լուսավորության.

4) խցիկի առաստաղի, տակի, գետնախորշի և մեքենայական սրահի շինություններում գտնվող` սույն կանոնի 372-րդ կետով նախատեսված վարդակների.

5) խցիկի օդափոխության.

6) խցիկից երկկողմանի խոսակցական կապի.

7) վթարային ազդանշանի.

8) խցիկից` սպասարկող անձնակազմի կանչի:

271. Սույն կանոնի 270-րդ կետի 1-4-րդ ենթակետերի դեպքում` նշված էլեկտրական շղթաների անջատման համար պետք է նախատեսված լինեն առանձին անջատիչներ:

272. Մի քանի վերելակների մեքենայական ընդհանուր սրահում յուրաքանչյուր վերելակի համար պետք է նախատեսված լինի խցիկի` լուսավորման շղթայի իր անջատիչը:

273. Հորանի լուսավորության էլեկտրական շղթայի անջատիչները պետք է գտնվեն հորանում կամ սույն կանոնի 268-րդ կետով նախատեսված հարմարանքի կողքին:

274. Խցիկի և դրա օդափոխության, խցիկից` սպասարկող անձնակազմի կանչի, խցիկից երկկողմանի խոսակցական կապի, վերանորոգման կապի, ինչպես նաև վարդակների սնման և վթարային ազդանշանի շղթաները թույլատրվում է միացնել սույն կանոնի 268-րդ կետով նախատեսված հարմարանքից հետո, եթե նախատեսված են ուժային և կառավարման շղթաների անջատման լրացուցիչ անջատիչներ: Այդ դեպքում սույն կանոնի 268-րդ կետով նախատեսված հարմարանքը չպետք է սարքավորված լինի հեռակառավարմամբ անջատվող շարժաբերով:

275. Ընդհանուր մեքենայական սրահում մի քանի վերելակների սարքավորումների տեղադրման դեպքում այդ սրահում պետք է նախատեսվի 2-ից ոչ պակաս սնող գծերի ներանցում:

276. Վերելակների էլեկտրասարքավորումները տարբեր շինություններում տեղադրելու դեպքում պետք է նախատեսված լինեն ոչ ինքնավերադարձող հարմարանքներ` վերելակներն այդ սրահներից յուրաքանչյուրում անջատելու համար:

277. Սույն կանոնի 268-րդ կետով նախատեսված հարմարանքը միացված լինելու դեպքում հարկի հարթակներից մեկի վրա թույլատրվում է տեղադրել անջատիչ` սնող ուժային շղթաների կամ կառավարման շղթաների հեռակառավարմամբ անջատման համար, և պետք է բացառվեն խցիկում գտնվող մարդկանց կողմից դրա անջատման հնարավորությունը և կողմնակի անձանց հասանելիությունն այդ հարմարանքին:

278. Ուժային էլեկտրական շղթաների լարումը պետք է լինի`

1) 660 Վ-ից ոչ ավելի` մեքենայական սրահում.

2) 415 Վ-ից ոչ ավելի` 50 Հց հաճախականությամբ փոփոխական հոսանքի, 440 Վ-ից ոչ ավելի` 60 Հց հաճախականությամբ փոփոխական հոսանքի և 460 Վ-ից ոչ ավելի` հաստատուն (ուղղված) հոսանքի համար` վերելակների խցիկներում, հորանում և նստեցման հարթակների վրա:

279. Կառավարման, լուսավորության, բացառությամբ շարժական լամպերի, և ազդանշանային շղթաների լարումները պետք է լինեն 24 Վ-ից ոչ ավելի:

280. Շարժական լամպերի լարումը պետք է լինի 42 Վ-ից ոչ ավելի: Լարումն իջեցնելու նպատակով ավտոտրանսֆորմատորների օգտագործում չի թույլատրվում: Շարժական լամպերը պետք է ունենան մեխանիկական ազդեցություններից պաշտպանության պատյան:

281. Կառավարման, վերանորոգման գործիքների միացման, լուսավորության և ազդանշանային շղթաների սնման համար թույլատրվում է օգտագործել խուլ հողակցված չեզոք հոսանքի աղբյուրի շղթայի ֆազեր և զրոյական հաղորդալարեր (ֆազային լարմամբ միացում):

282. Շղթաները, որոնց կազմի մեջ մտնում են անվտանգության էլեկտրական սարքավորումները, ֆազային լարում միացնելու դեպքում էլեկտրամագնիսական ապարատների (հպարկիչներ, գործարկիչներ, ռելե և այլն) փաթույթների արտանցիչների և զրոյական հաղորդալարերի միջև անվտանգության էլեկտրական սարքավորումների հպակներ չպետք է լինեն:

283. Ցածրացնող տրանսֆորմատորից փոփոխական հոսանքով անվտանգության էլեկտրական սարքավորում ունեցող շղթաների սնման դեպքում տրանսֆորմատորի երկրորդային փաթույթի ելքերից մեկը պետք է հողակցվի: Այդ շղթաներում էլեկտրամագնիսական սարքավորումների փաթույթների արտանցիչների և տրանսֆորմատորի հողակցված արտանցիչի միջև անվտանգության էլեկտրական սարքավորումների հպակներ չպետք է լինեն:

284. Իջեցնող տրանսֆորմատորից ուղղիչ սարքավորման միջոցով շղթաների սնման դեպքում, որոնց կազմի մեջ մտնում են անվտանգության էլեկտրական սարքավորումներ, ուղղիչ սարքավորման բևեռներից մեկը` ուղղված լարման ուղղության վրա, պետք է հողակցված լինի: Այդ դեպքում կառավարման շղթայի էլեկտրամագնիսական ապարատների փաթույթների արտանցիչների և հողակցված բևեռի միջև անվտանգության էլեկտրական սարքավորումների հպակներ չպետք է լինեն: Այդ դեպքում չի թույլատրվում իջեցնող տրանսֆորմատորի երկրորդային փաթույթի հողակցում:

285. Հողակցող (զրոյացնող) հաղորդիչներում ապահովիչների, հպակների և այլ անջատող տարրերի, այդ թվում` առանց հպակների, տեղակայում չի թույլատրվում:

286. Սույն կանոնի 268-րդ կետով նախատեսված հարմարանքների հոսանքատար մասերը, հորանում, սարքավորումների տեղադրման շինություններում տեղակայված անջատիչների էլեկտրական շղթաներն անջատող հեռակառավարմամբ անջատիչների հոսանքատար մասերը պետք է պաշտպանված լինեն պատահական հպումից, եթե դրանց լարումը մեծ է 42 Վ-ից` փոփոխական հոսանքի և 60 Վ-ից` հաստատուն հոսանքի համար:

287. Հողի կամ մետաղյա կառուցվածքների հետ անվտանգության էլեկտրական սարքավորումներ ունեցող էլեկտրական շղթայի միացման դեպքում (կարճ միացում) վերելակները պետք է կանգ առնեն: Նորմալ աշխատանքային ռեժիմին վերադառնալը չպետք է կատարվի ավտոմատ:

 

18. ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴԱԿԸ

 

288. Վերելակների էլեկտրահաղորդակները պետք է բավարարեն հետևյալ պահանջները`

1) արգելակի (էլեկտրամագնիսի և այլ) էլեկտրահաղորդակի հոսանքատար մասերի պատյանի վրա կարճ միացումը չպետք է հանգեցնի այդ էլեկտրահաղորդակի միացմանը և վերելակի կանգնման դեպքում մեխանիկական արգելակի հանմանը և չպետք է խանգարի էլեկտրաշարժիչի անջատումից հետո մեխանիկական արգելակի կիրառմանը.

2) 0,63 մ/վ-ից ավելի անվանական արագություն ունեցող վերելակների համար պետք է նախատեսված լինի 0,4 մ/վ-ից ոչ ավելի նվազեցված արագությամբ խցիկի շարժման հնարավորությունը` հաշվի առնելով սույն կանոնի 308-րդ կետով նախատեսված պահանջները:

289. Էլեկտրաշարժիչի ցանցից անմիջական սնվող փոփոխական հոսանքի էլեկտրահաղորդակի`

1) մեխանիկական արգելակի հանելը պետք է կատարվի էլեկտրաշարժիչի միացման հետ միաժամանակ կամ միացումից հետո.

2) էլեկտրաշարժիչի անջատումը պետք է ուղեկցվի մեխանիկական արգելակի կիրառմամբ.

3) էլեկտրաշարժիչի հոսանքի գլխավոր շղթան պետք է անջատվի երկու անկախ էլեկտրամագնիսական ապարատներով, որոնցից մեկը կարող է լինել ծայրային անջատիչ.

4) չշարժվող վերելակների դեպքում էլեկտրամագնիսական ապարատներից որևէ մեկը, եթե չի անջատել հոսանքի գլխավոր շղթայում հպակները, ապա պետք է դադարեցնի վերելակների շարժման ուղղության հաջորդ փոփոխությունից ոչ ուշ հետագա շարժման հնարավորությունը:

290. Փոփոխական հոսանքի հաղորդակը կարապիկի էլեկտրաշարժիչից սնման դեպքում կառավարող կերպափոխիչով պետք է բավարարի հետևյալ պահանջները`

1) մեխանիկական արգելակից պետք է հանվի միայն կարապիկի էլեկտրաշարժիչի հոսանքի այնպիսի մեծության դեպքում, որը կապահովի խցիկները պահելու համար անհրաժեշտ մոմենտը.

2) էլեկտրաշարժիչի անջատումը պետք է ուղեկցվի մեխանիկական արգելակի կիրառմամբ.

3) էլեկտրաշարժիչի հոսանքի գլխավոր շղթան պետք է ընդհատվի երկու անկախ էլեկտրամագնիսական սարքերով.

4) էլեկտրաշարժիչի անջատումը պետք է տեղի ունենա կերպափոխիչի անսարքության դեպքում`

ա. երբ կերպափոխիչն էներգիայի հոսքը բաց չի թողնում գործարկման, սահմանված արագության և արգելակման ժամանակ,

բ. երբ էներգիայի հոսքը դեպի էլեկտրաշարժիչ չի դադարում վերելակի կանգի ժամանակ:

291. Հաստատուն հոսանքի էլեկտրահաղորդակը, կարապիկի էլեկտրաշարժիչը կառավարող կերպափոխիչից սնման դեպքում պետք է բավարարի հետևյալ պահանջները`

1) մեխանիկական արգելակից հանելը պետք է տեղի ունենա միայն կարապիկի էլեկտրաշարժիչի հոսանքի այնպիսի մեծության դեպքում, որը կապահովի խցիկը պահելու համար անհրաժեշտ մոմենտը.

2) խցիկի յուրաքանչյուր կանգ պետք է ուղեկցվի դրա մեխանիկական արգելակի կիրառմամբ.

3) մեխանիկական արգելակի անսարքության դեպքում նստեցման հարթակի մակարդակի վրա խցիկը գտնվելու ժամանակ էլեկտրաշարժիչը և կերպափոխիչը պետք է մնան միացված վիճակում և ապահովեն վերելակի խցիկը պահելը նստեցման հարթակի մակարդակի վրա (էլեկտրական արգելակում).

4) խցիկի շարժման ժամանակ անվտանգության անջատիչները գործելու դեպքում պետք է ապահովվի էլեկտրաշարժիչի էլեկտրական արգելակումը.

5) մեխանիկական արգելակի անսարքության դեպքում պետք է նվազի էլեկտրաշարժիչի արագությունը, որի արդյունքում էլեկտրաշարժիչի մոմենտով պետք է ապահովվի խցիկի կանգը և դրա պահելը նստեցման (բեռնավորման) հարթակի մակարդակի վրա.

6) էլեկտրաշարժիչը սնող կերպափոխիչի հեռակառավարմամբ անջատումը (եթե այդպիսին նախատեսված է կառավարման համակարգում) պետք է հնարավոր լինի միայն մեխանիկական արգելակումից հետո.

7) էլեկտրաշարժիչի գրգռման շղթայի անջատման դեպքում պետք է ապահովվի դրա խարսխից լարման հանումը և մեխանիկական արգելակումը.

8) չի թույլատրվում էլեկտրաշարժիչի և փոխակերպիչի միջև ապահովիչների և անջատիչների միացում, եթե էլեկտրահաղորդակի համակարգով նախատեսվում է խցիկը պահելը նստեցման հարթակի մակարդակին` էլեկտրաշարժիչի մոմենտի օգնությամբ:

 

19. ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ

 

292. Վերելակներն ունենում են կառավարման համակարգեր:

293. Ավտոմատ դռներով վերելակի խցիկում կառավարման վահանակը պետք է սարքավորված լինի սեղմակոճակով, որի վրա կամ կողքին պետք է նշված լինի «Դռներ» մակագրությունը կամ համապատասխան գրաֆիկական խորհրդանիշը: «Դռներ» սեղմակոճակի սեղմումը պետք է հանգեցնի դռների բացմանը` հարկի հարթակի մակարդակի վրա խցիկն անշարժ գտնվելու դեպքում:

294. «Դռներ» սեղմակոճակի փոխարեն կարող է տեղակայվել «Արգելում» սեղմակոճակը, որը սեղմելը փոխում է հարկի հարթակի մակարդակի վրա խցիկն անշարժ գտնվելու դեպքում գրանցված հրահանգները և դռների փակման հրահանգը: Խցիկի շարժման ժամանակ «Արգելում» սեղմակոճակը սեղմելու դեպքում խցիկը պետք է կանգ առնի իր շարժման ուղղության վրա գտնվող մոտակա հարկի հարթակի վրա և բացի դռները:

295. Խցիկում չպետք է տեղադրվի «Կանգ» սեղմակոճակ:

296. Խցիկի գործարկումը և շարժումը պետք է անհնարին լինեն դրա դռների (կամ բազմափեղկ դռների դեպքում` փեղկերից մեկի) բաց լինելու դեպքում, բացառությամբ սույն կանոնի 124-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսվածների: Ուղևորներով խցիկի շարժումը հարկի հարթակից թույլատրվում է դռները փակվելուց 2 վ-ից ոչ պակաս ժամանակից հետո, եթե խցիկից հրահանգ չի եղել գրանցված:

297. Վերելակների կառավարման համակարգը պետք է բավարարի հետևյալ պահանջները`

1) վերելակների հոսանքազրկման ժամանակ կարապիկների էլեկտրաշարժիչի անջատման հետ միասին ավտոմատ կերպով պետք է անջատվի կառավարման շղթան: Այս դեպքում`

ա. էլեկտրասնուցումը վերականգնելուց հետո եզակի կառավարմամբ վերելակների խցիկների գործարկումը պետք է հնարավոր լինի միայն կառավարման նոր հրահանգ տրվելու դեպքում, իսկ խմբային կառավարմամբ վերելակների համար` կառավարման նոր հրահանգով կամ ավելի վաղ գրանցված հրահանգով,

բ. թույլատրվում է խցիկի ավտոմատ շարժումը դեպի հարկի հարթակներից մեկը, հորանում իր համապատասխան դիրքը վերականգնելու և կառավարման համակարգը «Ստուգաճշտված ուղերթ» վիճակի բերելու համար: Այդ ժամանակ «Արգելում» սեղմակոճակի գործողությունը, դրա առկայության դեպքում, բացառվում է,

գ. ձեռքով բացվող-փակվող խցիկով վերելակների` խցիկում ուղևորների առկայության դեպքում խցիկի գործարկումը թույլատրվում է միայն դրա ներսից կառավարման հրահանգ տրվելուց հետո: Եթե այդպիսի վերելակները սարքավորված չեն բեռնվածության (ուղևորների առկայություն) հսկողության սարքավորմամբ և կառավարման հրահանգը խցիկի ներսից տրված չէ 10 վ-ի ընթացքում, ապա թույլատրվում է ստուգաճշտված ուղերթի կատարումը,

դ. սույն ենթակետի «ա», «բ» և «գ» պարբերություններով թվարկված բոլոր դեպքերում խցիկի շարժումը պետք է հնարավոր լինի միայն խցիկի փակ դռների և հորանի փակ ու կողպված դռների դեպքում.

2) հավաքական կառավարման վերելակների դեպքում պետք է բացառվի խցիկի ներսից կամ հարկի հարթակից խցիկի ընթացքի դանդաղեցման կամ կանգի հնարավորությունն այն պահին, երբ խցիկը գտնվում է այդ հարթակից աշխատանքի դանդաղեցման ուղուց կարճ հեռավորության վրա.

3) էլեկտրաշարժիչի անմիջական անջատումը և մեխանիկական արգելակի կիրառումն ապահովելու համար նախատեսված ապարատների հպակները, ինչպես նաև անվտանգության սարքերի հպակները պետք է աշխատեն էլեկտրական շղթայի անջատման ժամանակ.

4) ինդուկտիվային կամ ունակային խանգարումները, որոնք ծագում են վերելակների աշխատանքի ժամանակ կամ ազդում են դրսից, չպետք է առաջացնեն անվտանգության էլեկտրական սարքավորումների խափանում:

298. Վերելակի կառավարման համակարգը, բացառությամբ հավաքական կառավարման վերելակների, խցիկի շարժումը սկսվելուց հետո մինչև տրված հրահանգի ավարտը ոչ մի նոր հրահանգ չպետք է կատարի` բացի «Կանգ» հրահանգից:

299. Անվանական 1,6 մ/վ և ավելի արագություն ունեցող վերելակների կառավարման համակարգը մինչև եզրային հարկի հարթակները պետք է ապահովի խցիկի աշխատանքը կրկնօրինակող գործողության նախնական դանդաղեցումը:

300. Սույն կանոնի 244-րդ կետով նախատեսված սուզակի փոքրացված ընթացքով թափամեղմիչներ ունեցող վերելակի կառավարման համակարգում պետք է նախատեսված լինի վերևի և ներքևի հարկերի հարթակներին մոտենալու դեպքում խցիկի շարժման արագությունը սահմանափակող հարմարանք: Այդ հարմարանքը պետք է նվազեցնի խցիկի շարժման արագությունը, եթե հարթակներին մոտենալու ժամանակ աշխատանքային և սույն կանոնի 299-րդ կետում նշված դանդաղեցումը չեն ապահովում արագության հաշվարկային իջեցումը:

301. Արագությունը սահմանափակող հարմարանքը պետք է`

1) գործի աշխատանքի դանդաղեցման սարքավորումից անկախ.

2) թափամեղմիչին հպվելու պահին իջեցնի խցիկի շարժման արագությունը` մինչև 6-րդ բանաձևով հաշվարկված մեծությունից ոչ ավելի.

 

                                                        (6)

 

որտեղ`

v(խ)-ն խցիկի թափամեղմիչին հպվելու արագությունն է (մ/վ),

v(թ)-ն արագությունն է, որի համար հաշվարկված է թափամեղմիչը (մ/վ).

3) իջնելու պահին ապահովի դանդաղեցման 9,81 մ/վ2-ից ոչ ավելի արագացում:

302. Խմբային կառավարման համակարգեր ունեցող վերելակների համար պետք է ապահովված լինեն`

1) մեկ կամ մի քանի վերելակներ անջատելու հնարավորությունը` առանց խմբի մեջ մտնող մնացած վերելակների նորմալ աշխատանքը խախտելու.

2) նորոգման նպատակով անջատված վերելակի բոլոր էլեկտրասարքավորումներից լարումը լրիվ հանելու հնարավորությունը: Եթե հնարավոր չէ լարումը հանել խմբի համար ընդհանուր սխեմայի տարրերից, որոնց հետ էլեկտրական կապ ունեն խմբի յուրաքանչյուր վերելակի մասերը, ապա 42 Վ-ից ավելի փոփոխական և 60 Վ-ից ավելի հաստատուն հոսանքների լարման տակ գտնվող հոսանքատար բաց մասերը պետք է պաշտպանված լինեն հպումներից և ունենան նախազգուշական մակագրություններ կամ պիտակներ:

 

---------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.03.2026
N 346-Ն
Որոշում