Սեղմել Esc փակելու համար:
ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԵՎ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՈՎ ՊԱՅՄԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 ապրիլի 2026 թվականի N 459-Ն

 

ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԵՎ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱԴԱՐՁԻ ԱՎԻԱՏՈՄՍԵՐԻ ՀԱՄԱՐ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածը և «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 9-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Մերձավոր Արևելքում ռազմական գործողություններով և անվտանգային իրավիճակով պայմանավորված` Հայաստանի Հանրապետություն վերադարձի ավիատոմսերի համար փոխհատուցում տրամադրելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` ապահովել փոխհատուցման հայտերի ուսումնասիրության գործընթացի կազմակերպումը` սահմանելով անհրաժեշտ հսկողական և ստուգողական մեխանիզմներ:

3. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից փոխհատուցման հայտերի ուսումնասիրության շրջանակներում անհրաժեշտ ստուգումներ իրականացնելու համար տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգից` առցանց ձևաչափով:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշմամբ հաստատված հավելվածի 9-րդ կետով սահմանված ժամկետում ապահովել հաստատված հայտերի հիման վրա փոխհատուցումների տրամադրումը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

6. Սույն որոշման գործողությունը տարածվում է 2026 թվականի փետրվարի 28-ից մարտի 25-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրով գնված ավիատոմսերի վրա:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2026 թ. ապրիլի 9

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2026 թվականի ապրիլի 9-ի

N 459-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԵՎ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱԴԱՐՁԻ ԱՎԻԱՏՈՄՍԵՐԻ ՀԱՄԱՐ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ

 

1. Սույն կարգով սահմանվում են Մերձավոր Արևելքում ռազմական գործողություններով և անվտանգային իրավիճակով պայմանավորված` Հայաստանի Հանրապետություն վերադարձի ավիատոմսերի համար փոխհատուցում տրամադրելու հետ կապված հարաբերությունները:

2. Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիներին, որոնց Հայաստանի Հանրապետություն վերադարձի ուղիղ կամ տարանցիկ չվերթերը չեղարկվել են Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների հետևանքով, և որոնք Հայաստանի Հանրապետություն վերադարձի համար ձեռք են բերել նոր ավիատոմսեր կամ կատարել են ավիատոմսերի վճարովի փոփոխություն, կառավարության կողմից տրամադրվում է մինչև 250.0 հազար դրամ փոխհատուցում` յուրաքանչյուր անձի համար:

3. Սույն կարգի 2-րդ կետում նշված անձանց կողմից 250.0 հազար դրամից պակաս արժեքով նոր ավիատոմսի գնման դեպքում փոխհատուցումը տրամադրվում է փաստացի վճարված գումարի չափով:

4. Սույն որոշման գործողությունը տարածվում է նաև ուսումնառության նպատակով Արաբական Միացյալ Էմիրություններ, Կատարի Պետություն, Քուվեյթի Պետություն, Իսրայելի Պետություն մեկնած` Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիների վրա, որոնք անվտանգային իրավիճակով պայմանավորված` 2026 թվականի փետրվարի 28-ից մարտի 25-ն ընկած ժամանակահատվածում վերադարձել են Հայաստանի Հանրապետություն:

5. Փոխհատուցումը ստանալու համար Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի (e-request.am) միջոցով անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել փոխհատուցման հայտ (այսուհետ` հայտ)` կցելով հետևյալ փաստաթղթերը`

1) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձը հաստատող վավեր փաստաթուղթ (անձնագիր կամ նույնականացման քարտ).

2) ընտանիքի` Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող անդամի (ծնող, ամուսին, երեխա, քույր, եղբայր) համար դիմելու դեպքում` ընտանեկան կապը հավաստող փաստաթղթերը (ծննդյան վկայական, ամուսնության վկայական և այլն) և Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձը հաստատող վավեր փաստաթուղթ (անձնագիր կամ նույնականացման քարտ).

3) այն ավիատոմսը, որով Հայաստանի Հանրապետություն նախատեսված թռիչքը չեղարկվել է կամ որը ենթարկվել է վճարովի փոփոխության.

4) թռիչքի չեղարկումների վերաբերյալ ծանուցումներ.

5) Հայաստանի Հանրապետություն վերադարձի նոր գնված կամ լրացուցիչ վճարով փոփոխված ավիատոմսը.

6) 5-րդ կետում նշված ծախսերի փաստացի կատարված վճարման ապացույցը (անդորրագիր).

7) բանկային հաշվեհամար (Հայաստանի Հանրապետության առևտրային բանկում).

8) գրավոր համաձայնություն` հայտի հետ կապված տեղեկությունների համապատասխանությունը ստուգելու, այդ թվում` Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններից և ավիաընկերություններից տեղեկություններ ստանալու եղանակով.

9) սույն կարգի 4-րդ կետում նշված անձինք` նաև համապատասխան ուսումնական հաստատությունում ուսանելը հավաստող փաստաթուղթ:

6. Հայտը ուսումնասիրվում է դրա ստացման պահից 15-օրյա ժամկետում: Հայտը բավարարվելու դեպքում նշվում է փոխհատուցման ենթակա գումարի չափը, իսկ մերժման դեպքում` մերժման պատճառը: Հայտի լրացուցիչ ուսումնասիրման անհրաժեշտության պարագայում նշյալ ժամկետը կարող է երկարաձգվել:

7. Փաստաթղթերի թերի լինելու կամ լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու անհրաժեշտության դեպքում դիմողին առաջարկվում է եռօրյա ժամկետում լրացնել դրանք:

8. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից հաստատված հայտերը եռօրյա ժամկետում փոխանցվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն` փոխհատուցման ենթակա գումարը հնգօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության քաղաքացու բանկային հաշվեհամարին փոխանցելու նպատակով:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 9 ապրիլի 2026 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
09.04.2026
N 459-Ն
Որոշում