Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ` 2026 ԹՎԱ ...

 

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

Քաղ. Երևան 1 ապրիլի 2026 թ.

 

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ` 2026 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի ԹԻՎ ԲԴԽ-27-Ո-24 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Սահմանադրական դատարանը` կազմով.

 

դատավորներ` Արման Դիլանյանի (նախագահող),

Արտակ Զեյնալյանի,

Երվանդ Խունդկարյանի,

Հովակիմ Հովակիմյանի,

Էդգար Շաթիրյանի (զեկուցող),

Սեդա Սաֆարյանի,

Արթուր Վաղարշյանի,

Վլադիմիր Վարդանյանի,

 

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

 

դիմողի` Հանրապետության նախագահի (այսուհետ նաև` Դիմող),

 

ներկայացուցիչ` Հանրապետության նախագահի աշխատակազմի իրավաբանական

վարչության պետի պարտականությունները կատարող, ներման և

քաղաքացիության բաժնի պետ Անի Մուրադյանի,

իրավաբանական վարչության մոնիթորինգի և վերլուծության

բաժնի պետ Անդրանիկ Ռաշիդյանի,

 

պատասխանողի`  Բարձրագույն դատական խորհրդի (այսուհետ նաև` Պատասխանող),

 

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետի, 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 22 և 86-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հանրապետության նախագահի դիմումի հիման վրա` Բարձրագույն դատական խորհրդի` 2026 թվականի մարտի 12-ի թիվ ԲԴԽ-27-Ո-24 որոշմամբ Հանրապետության նախագահին ներկայացված առաջարկության` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Ուսումնասիրելով դիմումը, կողմերի գրավոր բացատրությունները և գործում առկա այլ փաստաթղթերը, նյութերը` Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

Վարույթը Սահմանադրական դատարանում

1. Գործի քննության առիթը Հանրապետության նախագահի` 2026 թվականի մարտի 23-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է, որով Դիմողը խնդրել է.

«(...) որոշել Բարձրագույն դատական խորհրդի 2026 թվականի մարտի 12-ի ԲԴԽ-27-Ո-24 որոշմամբ Հանրապետության նախագահին ներկայացված առաջարկության` Սահմանադրության 1-ին հոդվածին և 50-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխանության հարցը»:

2. 2026 թվականի մարտի 25-ին ընդունվել է Սահմանադրական դատարանի ՍԴԱՈ-38 աշխատակարգային որոշումը` Սահմանադրական դատարանի դատավոր Դավիթ Խաչատուրյանի` սույն գործի քննությանը մասնակցելու անհնարինության մասին` «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով:

3. Սահմանադրական դատարանի` 2026 թվականի մարտի 25-ի ՍԴԱՈ-39 աշխատակարգային որոշմամբ գործն ընդունվել է քննության, գործի դատաքննությունը նշանակվել է 2026 թվականի մարտի 31-ին, որոշվել է գործի դատաքննությունն անցկացնել գրավոր ընթացակարգով:

 

Սահմանադրական վեճի նախապատմությունը

4. Բարձրագույն դատական խորհրդի` 2022 թվականի սեպտեմբերի 29-ի թիվ ԲԴԽ-92-Ո-293 որոշմամբ 2022 թվականի սեպտեմբերի 26-ին, 27-ին և 29-ին Բարձրագույն դատական խորհրդում կայացած հարցազրույցների արդյունքների ամփոփման նպատակով իրականացված քվեարկությունների արդյունքների հիման վրա կազմվել և հաստատվել է դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակը` քրեական և քաղաքացիական մասնագիտացման բաժիններով` համաձայն հավելվածի: Վերջինիս համաձայն` դատավորների թեկնածուների հավակնորդների քրեական մասնագիտացման բաժնի ցուցակում (10-րդ կետ) ներառվել է նաև Վազգեն Տիգրանի Սահակյանը:

5. Բարձրագույն դատական խորհրդի` 2023 թվականի հոկտեմբերի 10-ի թիվ ԲԴԽ-86-Ո-261 որոշմամբ կազմվել և հաստատվել է դատավորների թեկնածուների ցուցակը` քրեական, քաղաքացիական մասնագիտացման բաժիններով և հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի կոռուպցիոն հանցագործությունների քննության ենթաբաժնով` համաձայն հավելվածի: Վերջինիս համաձայն` դատավորների թեկնածուների քրեական մասնագիտացման բաժնի ցուցակում (11-րդ կետ) ներառվել է նաև Վազգեն Տիգրանի Սահակյանը:

6. Բարձրագույն դատական խորհրդի` 2026 թվականի մարտի 12-ի թիվ ԲԴԽ-27-Ո-24 որոշմամբ Հանրապետության նախագահին առաջարկվել է Վազգեն Տիգրանի Սահակյանի թեկնածությունը` Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քրեական մասնագիտացման դատավորի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար: Որոշումը կայացվել է դռնփակ դատական նիստում և նույն օրը թիվ ԲԴԽ-1-ԴԴ-765-26 գրությամբ ներկայացվել է Հանրապետության նախագահին:

Առաջարկությանը կից ներկայացվել է թեկնածուի անձնական գործը, ներառյալ` թեկնածուի վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությունը:

7. 2026 թվականի մարտի 16-ին Հանրապետության նախագահը, հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասը, իր առարկությամբ Բարձրագույն դատական խորհուրդ է վերադարձրել Բարձրագույն դատական խորհրդի` 2026 թվականի մարտի 12-ի թիվ ԲԴԽ-27-Ո-24 որոշմամբ ներկայացված առաջարկությունն այն հիմնավորմամբ, որ թեկնածուի բարեվարքության վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տրամադրած եզրակացությունում մատնանշված` դատավորի թեկնածուի գույքային դրության տվյալների արժանահավատությանն առնչվող ողջամիտ հարցադրումների և պարզաբանման կարիք ունեցող փաստ-հանգամանքների հիմնավորման կամ հերքման մասով Բարձրագույն դատական խորհրդի կարծիքի բացակայության պայմաններում հնարավոր չէ օբյեկտիվ և ամբողջական դիրքորոշում ձևավորել տվյալ թեկնածուի նշանակման հիմնավորվածության վերաբերյալ: Հանրապետության նախագահը նշել է, որ անհրաժեշտ է առանձնահատուկ ուշադրություն դարձնել վերոնշյալ եզրակացությանը` վերջինս դարձնելով Բարձրագույն դատական խորհրդի կողմից ըստ էության ուսումնասիրման և քննարկման առարկա, և դրա արդյունքների հիման վրա վերստին քննարկել տվյալ անձի թեկնածությունը կրկին ներկայացնելու նպատակահարմարությունը:

8. 2026 թվականի մարտի 20-ին Հանրապետության նախագահի աշխատակազմը ստացել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահի ստորագրությամբ 2026 թվականի մարտի 19-ի թիվ ԲԴԽ-1 ԴԴ/869-26 գրությունը, որով Հանրապետության նախագահի քննարկմանն է կրկին ներկայացվել Բարձրագույն դատական խորհրդի` 2026 թվականի մարտի 12-ի թիվ ԲԴԽ-27-Ո-24 որոշումը:

Հիշյալ գրության մեջ, մասնավորապես, նշված է. «Բարձրագույն դատական խորհրդի 2026 թվականի մարտի 19-ի նիստում քննարկվել է (...) առարկությունը (...) քննարկման արդյունքում Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրել է հետևյալը.

(...)

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն` դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակը կազմելու համար քվեարկությունն իրականացնելիս Բարձրագույն դատական խորհրդի անդամները հաշվի են առնում որակավորման գրավոր քննության և հարցազրույցի արդյունքները և հավակնորդի վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տրամադրած` բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունը:

Վերոգրյալ իրավանորմից ակնհայտ է, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տրամադրած բարեվարքության վերաբերյալ եզրակացությունը Բարձրագույն դատական խորհրդի համար ունի խորհրդատվական բնույթ և այն հաշվի է առնվում որակավորման գրավոր քննության ու հարցազրույցի արդյունքների հետ միասնության մեջ:

Տվյալ դեպքում Բարձրագույն դատական խորհրդի համար Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից տրված (...) եզրակացությունն ինքնին հիմք չի հանդիսացել Վազգեն Սահակյանին` դատավորների թեկնածուների ցուցակում չներառելու համար, ուստի վերջինս 2022 թվականի սեպտեմբերի 29-ի թիվ ԲԴԽ-92-Ո-293 որոշմամբ ներառվել է դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակում:

Ընդ որում, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից Վազգեն Սահակյանի վերաբերյալ (...) բարեվարքության եզրակացությունը տրվել է 2022 թվականին, որի 2-րդ պարբերության համաձայն` դրանում նշված տեղեկությունները ներկայացվում են բացառապես անձին` դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակում ընդգրկելու վերաբերյալ որոշում կայացնելու գործընթացում օգտագործելու նպատակով»:

 

Դիմողի դիրքորոշումները

9. Դիմողը նշում է, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի թիվ ԲԴԽ-1 ԴԴ/869-26 գրությունից պարզ չէ, թե ինչպիսի փաստական հանգամանքներ է հիմք ընդունել Բարձրագույն դատական խորհուրդը` ընդունելով իր որոշումը, որի պարագայում Հանրապետության նախագահի առարկությունում բարձրացված մտահոգությունները չեն փարատվել և ողջամտորեն չէին կարող փարատվել:

10. Վկայակոչելով Սահմանադրության և «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի համապատասխան կարգավորումները` Դիմողը, մասնավորապես, նշում է. «(...) վերոնշյալ նորմերի համադրված վերլուծությունից հետևում է, որ Հայաստանի Հանրապետությունում` որպես ժամանակակից իրավական պետությունում, պատճառաբանված պետք է լինեն պետական մարմինների իրավակիրառ բոլոր ակտերը: Իրավական ակտերի պատճառաբանվածությունը (հիմնավորվածությունը, փաստարկված լինելը) ճանաչվում է որպես իրավունքի ընդհանուր սկզբունք:

(...)

(...) Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր նախադեպային իրավունքում հաստատել է, որ պետական մարմինները չեն կարող սահմանափակվել միայն իրավական նորմերին հղումով և պարտավոր են ներկայացնել իրենց որոշումների փաստական հիմքերը (օրինակ` Al-Nashif v Bulgaria, C.G. and others v Bulgaria, Akcay and Others v. Russia): Թեև, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքում ձևավորված մոտեցումներն ուղղակիորեն կիրառելի չեն տվյալ սահմանադրաիրավական հարաբերությունների նկատմամբ, այնուամենայնիվ, ունեն ուղեցուցային նշանակություն և արտացոլում են իրավական պետության սկզբունքից բխող պատճառաբանվածության (հիմնավորվածության) պահանջը:

(...) Ակնհայտ է, որ վկայակոչված սահմանադրական նորմերն ուղղակիորեն տարածվում են Օրենսգրքի [»Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենք] 117-րդ հոդվածի 1-4-րդ մասերի վրա: Այսինքն, դատավորի պաշտոնում նշանակման գործընթացում Խորհրդի գործողությունները և դրանց արդյունքում ընդունվող որոշումները պետք է լինեն պատճառաբանված (հիմնավորված), վերաբերելի փաստական տվյալների վկայակոչմամբ:

Մինչդեռ, (...) Խորհուրդը սահմանափակվել է միայն իր լիազորությունը սահմանող իրավական նորմերի մեխանիկական հիշատակմամբ` առանց բացահայտելու`

. թե ինչպիսի փաստական հանգամանքներ են դրված 2026 թվականի մարտի 12-ի ԲԴԽ-27-Ո-24 որոշմամբ Հանրապետության նախագահին ներկայացված առաջարկության հիմքում,

. ինչ չափանիշներ են կիրառվել այն պայմաններում, որ թեկնածուի վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից տրամադրված եզրակացությունը եղել է (...),

. ինչպիսի փաստարկված հիմնավորումներ են դրվել Հանրապետության նախագահի առարկությունները չընդունվելու հիմքում»:

11. Դիմողը, բարձրացված հարցի համատեքստում վկայակոչելով Սահմանադրական դատարանի` 2023 թվականի հունիսի 2-ի ՍԴՈ-1691 որոշումը, վերաբերելի մեջբերումներ է արել նշված որոշումից, այդ թվում` «(...) Սահմանադրական դատարանը սույն գործի շրջանակներում հատուկ շեշտադրում է Հանրապետության նախագահի` Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված` համապատասխան ակտն առարկություններով Խորհրդին վերադարձնելու և այդ առարկությունները Խորհրդի կողմից չընդունվելու դեպքում Սահմանադրական դատարան դիմելու լիազորության արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու հնարավորությունը, որն առաջնահերթությամբ Խորհրդի որոշման համար հիմք ծառայած պատճառաբանությունների առկայությունն է: Այս կապակցությամբ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Խորհրդի հիշյալ որոշումների պատճառաբանվածությունը Հանրապետության նախագահի համար Խորհրդի որոշման առնչությամբ Սահմանադրական դատարան դիմելու և նման դիմումի անհրաժեշտության գնահատականի համար հիմք է»:

12. Դիմողը հատուկ արձանագրում է, որ դատավորների նշանակման գործընթացն անմիջական ազդեցություն ունի դատական համակարգի նկատմամբ հանրային վստահության ձևավորման վրա: Դատական իշխանության նկատմամբ վստահությունը հանդիսանում է արդարադատության իրականացման անբաժանելի պայման: Պատճառաբանված և թափանցիկ որոշումների բացակայությունը խաթարում է այդ վստահությունը և վտանգում դատական իշխանության լեգիտիմությունը:

13. Դիմողը վկայակոչում է նաև Սահմանադրական դատարանի` 2020 թվականի մարտի 31-ի ՍԴՈ-1518 որոշումը, որին համապատասխան` «Հանրապետության նախագահը, Սահմանադրության «Իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքը» վերտառությամբ 4-րդ հոդվածի ուժով գործառութային առումով դասվելով գործադիր իշխանությանը, այդուհանդերձ, ամբողջովին դուրս դրվեց գործադիր իշխանության ինստիտուցիոնալ համակարգից, և, ի տարբերություն գործառութային առումով գործադիր իշխանությանը պատկանող այլ անկախ կամ ինքնավար մարմինների, պետության գլուխն է և ունի այդ կարգավիճակին բնորոշ գործառույթներ և դրանցից ածանցվող լիազորություններ: Ըստ այդմ` Հանրապետության նախագահը` որպես պետության գլուխ (Սահմանադրության 123-րդ հոդվածի 1-ին մաս), հանրությանը և պետությանն ինտեգրող, ազգային միասնությունը խորհրդանշող սահմանադրական մարմինն է:

Ըստ էության, զերծ լինելով պետության ներքին և արտաքին քաղաքականության մշակմանը, ինչպես նաև կառավարմանը բովանդակային առումով մասնակցելու գործառույթից և չկրելով դրանց պատասխանատվությունը` Հանրապետության նախագահին սահմանադրորեն պատվիրակվել է լինել անաչառ և առաջնորդվել բացառապես համապետական և համազգային շահերով (Սահմանադրության 123-րդ հոդվածի 3-րդ մաս): Ըստ այդմ` Հանրապետության նախագահին սահմանադրորեն վերապահվել է վերկուսակցական արբիտրի դեր, որն իր լիազորությունների իրականացման ընթացքում չի կարող լինել որևէ կուսակցության անդամ (Սահմանադրության 124-րդ հոդվածի 5-րդ մաս): Միևնույն ժամանակ, վերկուսակցական (ապակուսակցական) արբիտրի դերը, որը հիմնված է թե՛ Հանրապետության նախագահի` որպես պետության գլխի ինտեգրող գործառույթի, թե՛ նրա անաչառության վրա, ենթադրում է Սահմանադրության պահպանմանը հետևելու գործառույթի իրականացում, ինչը ևս ուղղակիորեն ամրագրված է Սահմանադրությամբ (Սահմանադրության 123-րդ հոդվածի 2-րդ մաս): Բացի դրանից, Սահմանադրության պահպանմանը հետևելու գործառույթը, իր հերթին, ենթադրում է, որ Հանրապետության նախագահը պետք է ունենա զսպումների և հակակշիռների միջոցով այդ գործառույթն արդյունավետորեն իրականացնելու հնարավորություն, ուստի` նա պետք է ոչ միայն կարողանա կատարված փաստերից հետո գնահատել ենթադրյալ հակասահմանադրական գործողությունները (անգործությունը) կամ որոշումները, այլև պետք է կարողանա, նախևառաջ, կանխել դրանց ի հայտ գալը` օժտված լինելով կանխարգելիչ սահմանադրական վերահսկողության որոշակի լիազորություններով»:

14. Դիմողը գտնում է, որ Բարձրագույն դատական խորհրդի` 2026 թվականի մարտի 12-ի թիվ ԲԴԽ-27-Ո-24 որոշմամբ Հանրապետության նախագահին ներկայացված առաջարկությունն այնքանով, որքանով չի պարունակում փաստական և հիմնավոր պատճառաբանվածություն, հակասում է Սահմանադրությամբ ամրագրված իրավական պետության և պատշաճ վարչարարության սկզբունքներին:

 

Պատասխանողի դիրքորոշումները

15. Պատասխանողը, վկայակոչելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածի 8-րդ մասը, նշում է, որ հիշյալ իրավանորմից ակնհայտ է, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տրամադրած բարեվարքության վերաբերյալ եզրակացությունը Բարձրագույն դատական խորհրդի համար ունի խորհրդատվական բնույթ և հաշվի է առնվում որակավորման գրավոր քննության ու հարցազրույցի արդյունքների հետ միասնության մեջ:

16. Բարձրագույն դատական խորհրդի` 2022 թվականի սեպտեմբերի 29-ի թիվ ԲԴԽ-92-Ո-293 որոշմամբ Վազգեն Սահակյանը ներառվել է դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակում: Այդ առնչությամբ Պատասխանողը նշում է, որ Բարձրագույն դատական խորհրդի համար Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից Վազգեն Սահակյանի վերաբերյալ տրված բարեվարքության եզրակացությունը, ունենալով խորհրդատվական բնույթ, ինքնին հիմք չի հանդիսացել Վազգեն Սահակյանին դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակում չներառելու համար` հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ թեկնածուն գրավոր առարկել է նշված եզրակացության դեմ, ինչը պնդել է նաև հարցազրույցի փուլում` պատասխանելով Բարձրագույն դատական խորհրդի` եզրակացության վերաբերյալ հարցադրումներին: Որոշում կայացնելիս հաշվի են առնվել նաև թեկնածուի գրավոր քննության և հարցազրույցի փուլի արդյունքները, ինչպես նաև խորհրդակցական ձայնի իրավունքով հարցազրույցի փուլում հոգեբանի կողմից տրված` ի թիվս այլ հատկանիշների, բարեվարքության վերաբերյալ դրական որակում պարունակող հոգեբանական գնահատականը: Այսինքն` որոշումը կայացվել է ոչ թե վերը նշված փաստական տվյալները մեկը մյուսից անջատ, ինքնավար հետազոտման եղանակով, այլ դրանց համակցության մեջ գնահատելու արդյունքում:

17. Պատասխանողը հավելում է, որ Բարձրագույն դատական խորհրդի` 2023 թվականի հոկտեմբերի 10-ի թիվ ԲԴԽ-86-Ո-261 որոշմամբ, հիմք ընդունելով Արդարադատության ակադեմիայի ռեկտորի համապատասխան գրությունները, կազմվել և հաստատվել է դատավորների թեկնածուների ցուցակը, որի քրեական մասնագիտացման բաժնում ներառվել է նաև Վազգեն Սահակյանը:

18. Պատասխանողը նշում է. «(...) Խորհրդի 2026 թվականի մարտի 12-ի թիվ ԲԴԽ-27-Ո-24 որոշման կայացման հիմքում դրվել են ինչպես վերը նշված հանգամանքները, այնպես էլ այն հանգամանքը, որ Հանձնաժողովի կողմից Վազգեն Սահակյանի վերաբերյալ (...) եզրակացությունը տրամադրվել է դեռևս 4 տարի առաջ` 2022 թվականին, որի 2-րդ պարբերության համաձայն` դրանում նշված տեղեկությունները ներկայացվել են բացառապես անձին` դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակում ընդգրկելու վերաբերյալ որոշում կայացնելու գործընթացում օգտագործելու նպատակով, իսկ օրենսդիրը Խորհրդին չի օժտել դատավորի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար Հանրապետության նախագահին առաջարկություն ներկայացնելուց առաջ Հանձնաժողովից նոր եզրակացություն ստանալու գործիքակազմով և թեկնածուի համար նման պարտականություն ևս չի սահմանել:

Վերը նշված հանգամանքների ամբողջությունն է դրվել նաև Խորհրդի 2026 թվականի մարտի 19-ի` Նախագահի առարկությունը չընդունելու մասին որոշման կայացման հիմքում (...): Այսինքն` վկայակոչվել և մատնացույց են արվել որոշման կայացման (առաջարկության ներկայացման) համար հիմք ծառայած հանգամանքները, որոնք Խորհրդի գնահատմամբ բավարար են եղել որոշումը (առաջարկությունը) պատճառաբանված համարելու համար»:

19. Պատասխանողը վկայակոչում է Սահմանադրական դատարանի` 2023 թվականի հունիսի 2-ի ՍԴՈ-1691 որոշումը` Բարձրագույն դատական խորհրդի` Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 2-4-րդ կետերով ամրագրված լիազորություններն իրականացնելիս կայացվող որոշումների պատճառաբանվածության հարցի համատեքստում այն առումով, որ հիշյալ սահմանադրական լիազորությունների իրականացմամբ որոշումներ կայացնելիս Բարձրագույն դատական խորհուրդը, անշուշտ, պետք է ունենա համապատասխան որոշման պատճառաբանության խորությունը և ծավալը որոշելու հայեցողություն, որը, սակայն, պետք է իրականացվի դատավորների մասնագիտական առաջխաղացման և դրա վրա ազդող որոշումների համար հիմք ծառայող չափորոշիչների հիման վրա:

20. Ըստ Պատասխանողի` «Հիմք ընդունելով Խորհրդի կողմից գնահատված վերոգրյալ փաստական տվյալների համակցությունը և Սահմանադրությամբ ու օրենքով Խորհրդին վերապահված լիազորությունների իրականացման ընթացքում վերջինիս ունեցած հայեցողությունը` պետք է արձանագրել, որ Խորհրդի 2026 թվականի մարտի 12-ի որոշումը բավարար պատճառաբանված է, ուստի նշված որոշմամբ ներկայացված առաջարկությունը համապատասխանում է Սահմանադրությանը»:

 

Սահմանադրական վեճի քննության շրջանակը

21. Սույն գործով սահմանադրական վեճը հանգում է դատավորի թեկնածուի հավակնորդի բարեվարքության վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տրամադրած համապատասխան եզրակացության առկայության պայմաններում Բարձրագույն դատական խորհրդի կողմից համապատասխան անձի թեկնածությունը` դատավորի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար Հանրապետության նախագահին ներկայացված առաջարկության պատճառաբանվածության հարցին:

Այդ համատեքստում, հաշվի առնելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասի վերաբերելի կարգավորումները և հիմք ընդունելով Սահմանադրության 167-րդ հոդվածի 3-րդ մասով և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածով ամրագրված կարգավորումները` Սահմանադրական դատարանի գնահատմամբ` Բարձրագույն դատական խորհրդի կողմից Հանրապետության նախագահին ներկայացված համապատասխան առաջարկության` վերջինիս պատճառաբանվածության առումով, սահմանադրականության գնահատումը շրջանակային առումով չի կարող սահմանափակվել բացառապես Բարձրագույն դատական խորհրդի` 2026 թվականի մարտի 12-ի թիվ ԲԴԽ-27-Ո-24 որոշմամբ Հանրապետության նախագահին ներկայացված համապատասխան առաջարկությամբ` նկատի առնելով, որ առաջարկություն ներկայացնելուն նախորդող գործընթացը տվյալ դեպքում չի կարող դիտարկվել մեկուսի, քանզի դրա շրջանակներում ևս Բարձրագույն դատական խորհրդի կողմից ընդունվել են որոշումներ (մասնավորապես` Բարձրագույն դատական խորհրդում կայացած հարցազրույցների արդյունքների ամփոփման նպատակով իրականացված քվեարկությունների արդյունքների հիման վրա դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակը, այնուհետև` դատավորների թեկնածուների ցուցակը կազմելու և հաստատելու մասին), որպիսի պայմաններում Բարձրագույն դատական խորհրդի կողմից Հանրապետության նախագահին ներկայացված համապատասխան առաջարկության` վերջինիս պատճառաբանվածության առումով, սահմանադրականության ստուգումը պահանջում է համալիր մոտեցում` ամբողջ գործընթացի ընդգրկմամբ:

Սահմանադրական դատարանը շեշտում է, որ սույն սահմանադրական վեճի քննության ընթացքում Բարձրագույն դատական խորհրդի վերաբերելի որոշումների, ինչպես նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի` դատավորի թեկնածուի հավակնորդի բարեվարքության վերաբերյալ եզրակացության, նշված մարմինների գործողությունների օրինականությունը կամ իրավաչափությունը գնահատման ենթակա չեն. Սահմանադիրը Սահմանադրական դատարանին այդպիսի լիազորություն չի վերապահել: Հետևաբար` Սահմանադրական դատարանն անդրադառնալու է Բարձրագույն դատական խորհրդի կողմից Հանրապետության նախագահին ներկայացված համապատասխան առաջարկության` վերջինիս պատճառաբանվածության առումով, սահմանադրականության հարցին նախորդ պարբերությունում նշված մոտեցման շրջանակում:

 

Գործի շրջանակներում պարզման ենթակա հանգամանքը

22. Սույն գործով վիճարկվող առաջարկության` Սահմանադրությանը համապատասխանությունը գնահատելու համար Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ, մասնավորապես, ներքոնշյալ հարցադրմանը.

- արդյո՞ք դատավորի թեկնածուի հավակնորդի բարեվարքության վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից տրամադրված համապատասխան եզրակացության առկայության պայմաններում Բարձրագույն դատական խորհրդի` 2026 թվականի մարտի 12-ի թիվ ԲԴԽ-27-Ո-24 որոշմամբ Հանրապետության նախագահին ներկայացված առաջարկությունն այնքանով, որքանով չի պարունակում հիմնավոր պատճառաբանվածություն, համապատասխանում է Սահմանադրությանը:

23. Սույն սահմանադրական վեճի լուծմանը վերաբերելի Սահմանադրության հիմնական դրույթներն են`

23.1. «Պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան` օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա» (4-րդ հոդված).

23.2. «1. Հանրապետության նախագահը պետության գլուխն է:

2. Հանրապետության նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը:

(...)

4. Հանրապետության նախագահն իր գործառույթներն իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների միջոցով (123-րդ հոդվածի 1-ին, 2 և 4-րդ մասեր).

23.3. «Հանրապետության նախագահը Սահմանադրության (...) 166-րդ հոդվածի (...) 6-րդ (...) մասերով սահմանված դեպքերում կարող է համապատասխան ակտը եռօրյա ժամկետում իր առարկություններով վերադարձնել առաջարկություն ներկայացնող (...) մարմին: Եթե իրավասու մարմինը չի ընդունում այդ առարկությունը, ապա Հանրապետության նախագահը ստորագրում է համապատասխան ակտը կամ դիմում է Սահմանադրական դատարան» (139-րդ հոդվածի 2-րդ մաս).

23.4. «Առաջին ատյանի (...) դատարանների դատավորներին նշանակում է Հանրապետության նախագահը` Բարձրագույն դատական խորհրդի առաջարկությամբ» (166-րդ հոդվածի 6-րդ մաս).

23.5. «Բարձրագույն դատական խորհուրդն անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը» (173-րդ հոդված).

23.6. «1. Բարձրագույն դատական խորհուրդը`

1) կազմում և հաստատում է դատավորների թեկնածուների (...) ցուցակները.

2) Հանրապետության նախագահին առաջարկում է նշանակման ենթակա (...) դատավորների թեկնածուներին.» (175-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետեր).

 

Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները

24. Սահմանադրության 173-րդ հոդվածի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդն անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը:

Սահմանադրության 173-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ` Դատական օրենսգիրք) 79-րդ հոդվածի 1-ին մասի կարգավորումներից հետևում է, որ դատարանների և դատավորների անկախությունը երաշխավորվում է Բարձրագույն դատական խորհրդի` Սահմանադրությամբ և Դատական օրենսգրքով սահմանված լիազորություններն իրականացնելու միջոցով:

25. Բարձրագույն դատական խորհուրդն առանձնահատուկ կարգավիճակ ունեցող անկախ սահմանադրական մարմին է: Այդ առնչությամբ Սահմանադրական դատարանի 2021 թվականի հունիսի 10-ի ՍԴՈ-1598 որոշմամբ արձանագրված է. «(...) Բարձրագույն դատական խորհրդի կազմում հավասարապես ներկայացված են օրենսդիր և դատական իշխանությունների կողմից ընտրված անդամները, ինչով և շահեկանորեն ընդգծված է այս ատյանի ժողովրդավարական լեգիտիմությունը, որպես պետական իշխանության 2 ճյուղերի կողմից համատեղ ձևավորված ատյան, որի սահմանադրական լիազորությունների իրականացումը ապահովվում է պետական իշխանության նշված երկու ճյուղերի կողմից Բարձրագույն դատական խորհրդում ընտրված անդամների համաձայնությամբ» (4.8-րդ կետ):

26. Բարձրագույն դատական խորհրդի սահմանադրական լիազորություններն ամրագրված են Սահմանադրության 175-րդ հոդվածով: Ընդ որում` Սահմանադրության 175-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան` Բարձրագույն դատական խորհրդի այլ լիազորությունները սահմանված են Դատական օրենսգրքով:

Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը համապատասխանաբար կազմում և հաստատում է դատավորների թեկնածուների, ներառյալ առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակները և Հանրապետության նախագահին առաջարկում է նշանակման ենթակա, ներառյալ առաջխաղացման կարգով նշանակման ենթակա դատավորների թեկնածուներին:

Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով Բարձրագույն դատական խորհրդի լիազորությունն ամրագրող դրույթները փոխկապակցված են Սահմանադրության` «Դատավորների ընտրության և նշանակման կարգը» վերտառությամբ 166-րդ հոդվածի 6-րդ մասի հետ, որի համաձայն` առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների դատավորներին նշանակում է Հանրապետության նախագահը` Բարձրագույն դատական խորհրդի առաջարկությամբ:

27. Սահմանադրական վերոնշյալ կարգավորումներից հետևում է, որ առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների դատավորների նշանակման գործընթացն իրականացվում է սահմանադրական երկու մարմինների` Բարձրագույն դատական խորհրդի և Հանրապետության նախագահի մասնակցությամբ:

28. Սահմանադրության` «Հանրապետության նախագահի կարգավիճակը և գործառույթները» վերտառությամբ 123-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հանրապետության նախագահը պետության գլուխն է: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` Հանրապետության նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը, իսկ 4-րդ մասի համաձայն` Հանրապետության նախագահն իր գործառույթներն իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների միջոցով:

29. Սահմանադրական դատարանը, 2020 թվականի մարտի 31-ի ՍԴՈ-1518 որոշմամբ անդրադառնալով Հանրապետության նախագահի սահմանադրաիրավական կարգավիճակի առանձնահատկություններին, արձանագրել է. «Հանրապետության նախագահը, Սահմանադրության «Իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքը» վերտառությամբ 4-րդ հոդվածի ուժով գործառութային առումով դասվելով գործադիր իշխանությանը, այդուհանդերձ, ամբողջովին դուրս դրվեց գործադիր իշխանության ինստիտուցիոնալ համակարգից, և, ի տարբերություն գործառութային առումով գործադիր իշխանությանը պատկանող այլ անկախ կամ ինքնավար մարմինների, պետության գլուխն է և ունի այդ կարգավիճակին բնորոշ գործառույթներ և դրանցից ածանցվող լիազորություններ: Ըստ այդմ` Հանրապետության նախագահը` որպես պետության գլուխ (Սահմանադրության 123-րդ հոդվածի 1-ին մաս), հանրությանը և պետությանն ինտեգրող, ազգային միասնությունը խորհրդանշող սահմանադրական մարմինն է:

Ըստ էության, զերծ լինելով պետության ներքին և արտաքին քաղաքականության մշակմանը, ինչպես նաև կառավարմանը բովանդակային առումով մասնակցելու գործառույթից և չկրելով դրանց պատասխանատվությունը` Հանրապետության նախագահին սահմանադրորեն պատվիրակվել է լինել անաչառ և առաջնորդվել բացառապես համապետական և համազգային շահերով (Սահմանադրության 123-րդ հոդվածի 3-րդ մաս): Ըստ այդմ` Հանրապետության նախագահին սահմանադրորեն վերապահվել է վերկուսակցական արբիտրի դեր, որն իր լիազորությունների իրականացման ընթացքում չի կարող լինել որևէ կուսակցության անդամ (Սահմանադրության 124-րդ հոդվածի 5-րդ մաս): Միևնույն ժամանակ վերկուսակցական (ապակուսակցական) արբիտրի դերը, որը հիմնված է թե՛ Հանրապետության նախագահի` որպես պետության գլխի, ինտեգրող գործառույթի, թե՛ նրա անաչառության վրա, ենթադրում է Սահմանադրության պահպանմանը հետևելու գործառույթի իրականացում, ինչը ևս ուղղակիորեն ամրագրված է Սահմանադրությամբ (Սահմանադրության 123-րդ հոդվածի 2-րդ մաս): Բացի դրանից, Սահմանադրության պահպանմանը հետևելու գործառույթը, իր հերթին, ենթադրում է, որ Հանրապետության նախագահը պետք է ունենա զսպումների և հակակշիռների միջոցով այդ գործառույթն արդյունավետորեն իրականացնելու հնարավորություն, ուստի նա պետք է ոչ միայն կարողանա կատարված փաստերից հետո գնահատել ենթադրյալ հակասահմանադրական գործողությունները (անգործությունը) կամ որոշումները, այլև պետք է կարողանա, նախևառաջ, կանխել դրանց ի հայտ գալը` օժտված լինելով կանխարգելիչ սահմանադրական վերահսկողության որոշակի լիազորություններով» (4.1-ին կետ):

30. Սահմանադրական դատարանը, 2020 թվականի մարտի 31-ի ՍԴՈ-1518 որոշմամբ անդրադառնալով Հանրապետության նախագահի լիազորություններին ու դրանց դասակարգմանը, արձանագրել է. «(...) Հանրապետության նախագահի լիազորությունները, կախված սահմանադրորեն կանխորոշված նպատակներից, իրենց բնույթով ինչպես պարտադիր են, այնպես էլ հայեցողական: Հանրապետության նախագահի պարտադիր և հայեցողական լիազորությունները ինքնուրույն կամ ոչ ինքնուրույն (կաշկանդված) են: Ոչ ինքնուրույն լիազորություններն իրականացվում են կա՛մ Սահմանադրությամբ սահմանված նախադրյալների առկայությամբ, կա՛մ սահմանադրական այլ մարմնի (իրավասու սուբյեկտի) լիազորությունների իրականացման հիմքով» (4.2-րդ կետ):

31. Սահմանադրական դատարանը փաստում է, որ Հանրապետության նախագահի` Սահմանադրության պահպանմանը հետևելու սահմանադրական գործառույթի արդյունավետ իրացման շրջանակներում կենսական նշանակություն ունի կանխարգելիչ սահմանադրական վերահսկողություն նախաձեռնելու լիազորությունը նախատեսելը` Հանրապետության նախագահին այնպիսի վերահսկողական լիազորություններ վերապահելը, որոնք թույլ կտան բովանդակային առումով վերահսկողություն իրականացնելու միջոցով ապահովել իշխանությունների բաժանման և հավասարակշռման սահմանադրական կարգավորումների արդյունավետ իրացումը` Սահմանադրության 4-րդ հոդվածով ամրագրված սկզբունքին համահունչ: Սահմանադրության` «Հանրապետության նախագահի հրամանագրերը և կարգադրությունները» վերտառությամբ 139-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Հանրապետության նախագահը Սահմանադրության 166-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքում կարող է համապատասխան ակտը եռօրյա ժամկետում իր առարկություններով վերադարձնել առաջարկություն ներկայացնող մարմին: Եթե իրավասու մարմինը չի ընդունում այդ առարկությունը, ապա Հանրապետության նախագահը ստորագրում է համապատասխան ակտը կամ դիմում է Սահմանադրական դատարան: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` եթե Հանրապետության նախագահը չի կատարում Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջները, ապա համապատասխան ակտն ուժի մեջ է մտնում իրավունքի ուժով:

32. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասով Հանրապետության նախագահին վերապահված է կանխարգելիչ սահմանադրական վերահսկողություն նախաձեռնելու լիազորություն: Իրավասու մարմնի առաջարկության սահմանադրականությունը հնարավոր է գնահատել բացառապես Հանրապետության նախագահի` Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին համապատասխան` Սահմանադրական դատարան դիմելու դեպքում:

33. Սահմանադրության 166-րդ հոդվածի 6-րդ մասով ամրագրված կարգավորման ուժով` Հանրապետության նախագահը նշանակում է առաջին ատյանի դատարանների դատավորներին` Բարձրագույն դատական խորհրդի առաջարկությամբ, իսկ Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասով Հանրապետության նախագահին վերապահված է լիազորություն` համապատասխան ակտը եռօրյա ժամկետում իր առարկություններով վերադարձնել առաջարկություն ներկայացնող մարմին, և եթե իրավասու մարմինը չի ընդունում այդ առարկությունը, ապա Հանրապետության նախագահն ունի այլընտրանք` (1) ստորագրելու համապատասխան ակտը կամ (2) դիմելու Սահմանադրական դատարան:

Սահմանադրության 139-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` եթե Հանրապետության նախագահը չի կատարում նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջները, այսինքն` ձեռնպահ է մնում Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասում նշված որևէ գործողությունից, ապա համապատասխան ակտն ուժի մեջ է մտնում իրավունքի ուժով:

34. Դատական օրենսգրքի` «Դատավորի նշանակման կարգը» վերտառությամբ 117-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` Հանրապետության նախագահի կողմից Բարձրագույն դատական խորհրդի առաջարկությունն առարկություններով վերադարձվելու դեպքում Բարձրագույն դատական խորհուրդը պարտավոր է նիստ հրավիրել: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Հանրապետության նախագահի առարկությունը չընդունելու հարցը քննարկում և որոշում է կայացնում խորհրդակցական սենյակում` բաց քվեարկությամբ: Եթե Բարձրագույն դատական խորհուրդը չի ընդունում Հանրապետության նախագահի առարկությունը, ապա Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում ընդունում է ներկայացված թեկնածուին նշանակելու վերաբերյալ հրամանագիր կամ դիմում է Սահմանադրական դատարան:

35. Բարձրագույն դատական խորհրդի` 2020 թվականի հոկտեմբերի 22-ի` «Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի աշխատակարգը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-68-Ն-15 որոշման (այսուհետ` Որոշում) 1-ին հավելվածի 53-րդ կետի համաձայն` Բարձրագույն դատական խորհրդի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ` բացառությամբ Դատական օրենսգրքով սահմանված դեպքերի: Բաց քվեարկությունն իրականացվում է ձեռք բարձրացնելու միջոցով: Բաց քվեարկության ընթացքում ձայները հաշվում է նիստը նախագահողը:

Որոշման 1-ին հավելվածի 55-րդ կետի համաձայն` Բարձրագույն դատական խորհրդի որոշումները ձևակերպվում են առանձին ակտի ձևով` բացառությամբ արձանագրային որոշումների*, որոնք արտացոլվում են խորհրդի նիստի արձանագրության մեջ:

 

____________________________

*Որոշման 1-ին հավելվածի 57-րդ կետի համաձայն` արձանագրային որոշումներ են Բարձրագույն դատական խորհրդի գործունեության կազմակերպչական հարցերի վերաբերյալ որոշումները, եթե դրանք առանձին ակտի ձևով չեն ընդունվում:

 

Որոշման 1-ին հավելվածի 56-րդ կետի համաձայն` առանձին ակտի ձևով կազմված որոշումները ստորագրում է նիստը նախագահողը:

Որոշման 1-ին հավելվածի 73-րդ կետի համաձայն` Հանրապետության նախագահի կողմից Բարձրագույն դատական խորհրդի` դատավորի թափուր տեղի համար նշանակելու վերաբերյալ առաջարկությունն առարկություններով վերադարձվելու դեպքում խորհուրդը 5-օրյա ժամկետում նիստ է հրավիրում` Հանրապետության նախագահի առարկությունը քննարկելու օրակարգով և բաց քվեարկությամբ կայացնում որոշում:

36. Վերոնշյալ իրավակարգավորումներից հետևում է, որ Բարձրագույն դատական խորհրդի համապատասխան առաջարկությունը Հանրապետության նախագահի կողմից առարկություններով վերադարձվելու դեպքում խորհուրդը սահմանված ժամկետում պետք է նիստ հրավիրի, որը պետք է եզրափակվի համապատասխան առարկության փաստական և իրավական հիմքերի վերաբերյալ հիմնավորված դիրքորոշումներ պարունակող որոշմամբ:

37. Այդ առնչությամբ Պատասխանողի` սույն թվականի մարտի 27-ին Սահմանադրական դատարան մուտքագրված գրավոր բացատրության (թիվ ԲԴԽ-1 Ե-2262, 27 մարտի 2026 թ., Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պարտականությունները կատարող Է. Հովհաննիսյանի ստորագրությամբ) համաձայն` «Խորհուրդը 2026 թվականի մարտի 19-ի նիստում քննարկել է Նախագահի կողմից առարկությամբ ներկայացված նկատառումները և խորհրդակցական սենյակում` բաց քվեարկությամբ որոշել է Նախագահի առարկությունը չընդունել և Խորհրդի 2026 թվականի մարտի 12-ի (...) թիվ ԲԴԽ-27-Ո-24 որոշումը կրկին ներկայացնել Նախագահի քննարկմանը»:

Սույն թվականի մարտի 31-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պարտականությունները կատարող Է. Հովհաննիսյանի ստորագրությամբ 2026 թվականի մարտի 31-ի թիվ ԲԴԽ-1 Ե-2323 ի լրումն գրությունը, որով Սահմանադրական դատարանին են տրամադրվել Բարձրագույն դատական խորհրդի` 2026 թվականի մարտի 12-ի և 19-ի նիստերի արձանագրությունների քաղվածքները և դրանց վերաբերյալ խորհրդակցական սենյակում բաց քվեարկության արձանագրությունների պատճենները:

Բարձրագույն դատական խորհրդի` 2026 թվականի մարտի 19-ի նիստի արձանագրության քաղվածքի համաձայն` «Խորհուրդն արձանագրային որոշում կայացրեց` Հանրապետության նախագահի կողմից 2026 թվականի մարտի 16-ի գրությամբ Բարձրագույն դատական խորհրդի 2026 թվականի մարտի 12-ի (...) թիվ ԲԴԽ-27-Ո-24 որոշման վերաբերյալ ներկայացված առարկությունը չընդունել և Բարձրագույն դատական խորհրդի 2026 թվականի մարտի 12-ի թիվ ԲԴԽ-27-Ո-24 որոշումը կրկին ներկայացնել Հանրապետության նախագահի քննարկմանը»:

Համաձայն գործի նյութերի` 2026 թվականի մարտի 20-ին Հանրապետության նախագահի աշխատակազմը ստացել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահի ստորագրությամբ 2026 թվականի մարտի 19-ի թիվ ԲԴԽ-1 ԴԴ/869-26 գրությունը, որով Հանրապետության նախագահի քննարկմանն է կրկին ներկայացվել Բարձրագույն դատական խորհրդի` 2026 թվականի մարտի 12-ի թիվ ԲԴԽ-27-Ո-24 որոշումը:

38. Անդրադառնալով Բարձրագույն դատական խորհրդի համապատասխան առաջարկության պատճառաբանվածության հարցին` Սահմանադրական դատարանը փաստում է.

Դատական օրենսգրքի` «Հարցազրույցի անցկացումը» վերտառությամբ 108-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն` դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակը կազմելու համար քվեարկությունն իրականացնելիս Բարձրագույն դատական խորհրդի անդամները հաշվի են առնում որակավորման գրավոր քննության և հարցազրույցի արդյունքները և հավակնորդի վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տրամադրած` բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունը:

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի` «Հանձնաժողովի գործառույթները» վերտառությամբ 23-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն` Հանձնաժողովի գործառույթներից է օրենքով սահմանված դեպքերում ու կարգով դատավորների թեկնածուների հավակնորդների բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացություններ ներկայացնելը, որոնք ենթակա չեն հրապարակման:

Վերոնշյալ իրավակարգավորումների համակարգային մեկնաբանման արդյունքներով Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դատավորների թեկնածուների հավակնորդների բարեվարքության վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից տրամադրված եզրակացությունն ունի խորհրդատվական բնույթ, ինչը նշանակում է, որ թեև վերջինս չի կաշկանդում Բարձրագույն դատական խորհրդին համապատասխան որոշում(ներ) կայացնելիս, սակայն հաշվի է առնվում որակավորման գրավոր քննության և հարցազրույցի արդյունքների հետ միասին` համակցության մեջ: Մասնավորապես` դատավորի թեկնածուի հավակնորդի բարեվարքության վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից տրամադրված համապատասխան եզրակացությունը, ինքնին, արգելք չէ դատավորի թեկնածությունն առաջարկելու համար, սակայն հաշվի առնելով, որ առաջին ատյանի դատարանի դատավորի նշանակման գործընթացին (լայն առումով), Բարձրագույն դատական խորհրդից բացի, մասնակցում է նաև Հանրապետության նախագահը, վերջինիս Սահմանադրության 166-րդ հոդվածի 6-րդ մասով ամրագրված լիազորության պատշաճ իրականացման համար անհրաժեշտ է համապատասխան հիմքերի առկայություն, տվյալ դեպքում` դատավորի թեկնածուի հավակնորդի բարեվարքության վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից համապատասխան եզրակացության առկայության պայմաններում` Բարձրագույն դատական խորհրդի կողմից դատավորի թեկնածությունն առաջարկելու հիմքում ընկած պատճառաբանված որոշման առկայությունը:

39. Սահմանադրական դատարանը, 2023 թվականի հունիսի 2-ի ՍԴՈ-1691 որոշմամբ անդրադառնալով Բարձրագույն դատական խորհրդի` Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 2-4-րդ կետերով ամրագրված լիազորությունների իրականացմամբ կայացված որոշումների պատճառաբանվածության հարցին, նշել է. «Սահմանադրական դատարանն ընդգծում է, որ Խորհրդի` Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 2-4-րդ կետերով նախատեսված լիազորություններն իրականացնելիս կայացվող որոշումների պատճառաբանվածության պահանջն առանձնակի կարևորվում է այդ որոշումների բողոքարկման սահմանափակման պայմաններում: Հիշյալ սահմանադրական լիազորությունների իրականացմամբ որոշումներ կայացնելիս Խորհուրդը, անշուշտ, պետք է ունենա համապատասխան որոշման պատճառաբանության խորությունը և ծավալը որոշելու հայեցողություն, որը, սակայն պետք է իրականացվի դատավորների մասնագիտական առաջխաղացման և դրա վրա ազդող որոշումների համար հիմք ծառայող չափորոշիչների հիման վրա: Նշվածը կնպաստի դատավորների, դատարանների նախագահների և Վճռաբեկ դատարանի պալատների նախագահների թեկնածուների ընտրության, դատավորների առաջխաղացման, վերջնարդյունքում` դատավորների, դատարանների նախագահների և Վճռաբեկ դատարանի պալատների նախագահների նշանակման/ընտրության գործընթացներում հանրային հաշվետվողականության ապահովմանը և կամայականությունների բացառմանը:

Սահմանադրական դատարանը Խորհրդի կողմից նշված լիազորությունների իրականացման շրջանակներում ընդունված և դատավորների կամ դատավորների թեկնածուների մասնագիտական առաջխաղացման վրա ազդեցություն ունեցող որոշումների պատճառաբանվածության անհրաժեշտության համատեքստում անհրաժեշտ է համարում նշել, որ Խորհրդի` քննության առանցքում գտնվող սահմանադրական երեք լիազորությունները վերաբերում են իրավական գործընթացների, որոնցում որոշիչ դերակատարություն ունեն նաև Հանրապետության նախագահը (Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 2-3-րդ կետեր) և Ազգային ժողովը (Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետ): Այդ երկու սահմանադրական մարմինների որոշումների համար Խորհրդի որոշումներում պատճառաբանությունն անհրաժեշտ է տեղեկացված որոշում կայացնելու համար, քանի որ, թեպետ այս մարմինները սահմանափակված չեն ներկայացված դատավորների կամ թեկնածուների ընտրության հարցերի համար անհրաժեշտ այլ թույլատրելի աղբյուրներից տեղեկատվություն ստանալ, Խորհրդի հեղինակավոր դիրքորոշումը չի կարող փոխարինվել այլ մարմինների կողմից տրամադրված պատճառաբանություններով:

Ավելին, Սահմանադրական դատարանը սույն գործի շրջանակներում հատուկ շեշտադրում է Հանրապետության նախագահի` Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված` համապատասխան ակտն առարկություններով Խորհրդին վերադարձնելու և այդ առարկությունները Խորհրդի կողմից չընդունվելու դեպքում Սահմանադրական դատարան դիմելու լիազորության արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու հնարավորությունը, որն առաջնահերթությամբ Խորհրդի որոշման համար հիմք ծառայած պատճառաբանությունների առկայությունն է: Այս կապակցությամբ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Խորհրդի հիշյալ որոշումների պատճառաբանվածությունը Հանրապետության նախագահի համար Խորհրդի որոշման առնչությամբ Սահմանադրական դատարան դիմելու և նման դիմումի անհրաժեշտության գնահատականի համար հիմք է (...):

Մյուս կողմից` օբյեկտիվ չափորոշիչների հիման վրա խնդրո առարկա լիազորությունների իրականացման արդյունքում Խորհրդի որոշումների պատճառաբանվածությունը կոչված է համոզելու, որ դատավորի կամ թեկնածուի մասնագիտական առաջխաղացման վերաբերյալ կայացված որոշման հիմքում ընկած են ոչ թե անհատական կամ խմբային մոտեցումներ ու շահեր կամ տվյալ դատավորի կամ թեկնածուի անձի նկատմամբ սուբյեկտիվ և քողարկված վերաբերմունքը, այլ` Խորհրդի սահմանադրական առաքելության շրջանակին համատեղելի նպատակային նկատառումներ (տես` mutatis mutandis, 2022 թվականի փետրվարի 1-ի ՍԴՈ-1628 որոշում, կետ 5.3)»:

40. Վերահաստատելով Սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները` Սահմանադրական դատարանը փաստում է, որ դատավորի թեկնածուի հավակնորդի բարեվարքության վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից տրամադրված համապատասխան եզրակացության առկայության պայմաններում Բարձրագույն դատական խորհրդի կողմից Հանրապետության նախագահին ներկայացվող համապատասխան առաջարկության պատճառաբանվածությունն ու հիմնավորվածությունն անհրաժեշտ են.

ա. սահմանադրական մարմնի կողմից հիմնավոր որոշում կայացնելու համար,

բ. դատավորի նշանակման գործընթացն առավել թափանցիկ դարձնելու, դատավորի բարձր կարգավիճակին և առաքելությանը համապատասխան` վերջինիս և դատական իշխանության հեղինակությունն ապահովելու և, ըստ այդմ` արդարադատության համակարգի նկատմամբ հանրային վստահությունն ամրապնդելու համար,

գ. Հանրապետության նախագահի առարկությունները Բարձրագույն դատական խորհրդի կողմից չընդունվելու դեպքում Սահմանադրական դատարան դիմելու լիազորության արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու համար:

41. Դատավորի թեկնածուի հավակնորդի բարեվարքության վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի համապատասխան եզրակացության առկայության պայմաններում Բարձրագույն դատական խորհրդի համապատասխան որոշմամբ ներկայացվող առաջարկությունը պետք է պարունակի ոչ միայն իրավական և փաստական հիմքեր, այլև որակավորման գրավոր քննության և հարցազրույցի արդյունքների հետ համակցության մեջ վերոնշյալ եզրակացությանը նվազ նշանակություն տալու, դրանով իսկ` այդ եզրակացությամբ վերհանված փաստերը հաղթահարելու վերաբերյալ հիմնավորումներն ու պատճառաբանությունները, իսկ ներկայացված առաջարկությունը Հանրապետության նախագահի կողմից առարկությամբ վերադարձնելու պայմաններում այդ առարկությունը պետք է հաղթահարվի դրա փաստական և իրավական հիմքերի վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի փաստարկված դիրքորոշումների համադրված վերլուծություն բովանդակող համապատասխան որոշմամբ:

42. Պատճառաբանված որոշումն ինչպես իրավասու մարմիններին, այնպես էլ անաչառ դիտորդին պետք է հնարավորություն ընձեռի` վստահելու Բարձրագույն դատական խորհրդի առաջարկության լեգիտիմությանը` հիմք ընդունելով սահմանադրահեն այն գաղափարը, որ դատավորի նշանակման գործընթացում իրավասու մարմինների միջև առաջ եկած հարցերը չստվերեն դատավորի անբիծ հեղինակությունը, պատիվն ու արժանապատվությունը` դրանով իսկ հանգեցնելով տվյալ դատավորի և, ըստ այդմ` դատական իշխանության նկատմամբ հանրային վստահության նվազեցմանը: Հանրության շրջանում պետք է համոզմունք ձևավորվի, որ դատավորի թեկնածուն արժանի է դատավորի բարձր կարգավիճակին և համապատասխան առաքելությունը ստանձնելուն. հակառակ մոտեցման պայմաններում կստվերվի արդարադատության լեգիտիմությունը:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 167-րդ հոդվածի 1-ին մասով, 168-րդ հոդվածով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-5-րդ մասերով, ինչպես նաև հիմք ընդունելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 86-րդ հոդվածները` Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. Բարձրագույն դատական խորհրդի` 2026 թվականի մարտի 12-ի թիվ ԲԴԽ-27-Ո-24 որոշմամբ Հանրապետության նախագահին ներկայացված առաջարկությունը ճանաչել Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին հակասող:

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

    Նախագահող                              Ա. Դիլանյան

 

1 ապրիլի 2026 թվականի

ՍԴՈ-1823

 

Հրապարակվել է ՍԴ պաշտոնական կայքէջում (concourt.am)` 2 ապրիլի 2026 թվական:

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
01.04.2026
N ՍԴՈ-1823
Որոշում