Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 81-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ ՊԱՇՏՈՆԱԿ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 ապրիլի 2026 թվականի N 47

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 81-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ուսումնասիրելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովին «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքում «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» կուսակցությունների դաշինքի ձևավորման նպատակով օգտահաշիվ ստանալու համար լիազորված անձ Գոհար Գագիկի Մելոյանի (այսուհետ` դիմումատու) դիմումը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 3-րդ մասով, «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը

 

ՊԱՐԶԵՑ.

 

1. Դիմումատուի իրավական դիրքորոշումը և ներկայացված պահանջը.

Դիմումատուի դիմումում նշված է. «2026 թվականի ապրիլի 6-ին Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի քանի պատգամավորներ շրջանառության մեջ են դրել ««Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագիծը, որը հաջորդ իսկ օրը` 2026 թվականի ապրիլի 7-ին, քննարկվել և երկու ընթերցմամբ ընդունվել է Ազգային ժողովի կողմից: Սահմանադրական օրենքը նույն օրը ստորագրվել է Հանրապետության նախագահի կողմից և անմիջապես ուժի մեջ մտել: Սահմանադրական օրենքի համաձայն` «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 81-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրվել է, որ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել անձնանուն, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների անվանումներ կամ դրանց շփոթելու աստիճան նման անվանումներ և (կամ) դրանց հոլովաձևեր:

Վերոգրյալ փոփոխությունների ընդունումն Ազգային ժողովի ընտրություններից երկու ամիս առաջ հակասում է 2002 թվականի հոկտեմբերի 18-19-ին Վենետիկի հանձնաժողովի կողմից իր 52-րդ լիագումար նիստում ընդունված` Ընտրական հարցերում օրինակելի վարքագծի վերաբերյալ կանոնագրքին, համաձայն որի` արգելվում է ընտրություններից առաջ մեկ տարվա ժամանակահատվածում ընտրական օրենսգրքի հիմնարար տարրերի վերանայումը: Ընդգծենք, որ այս փոփոխությունը մեր Դաշինքի տեսանկյունից բովանդակային ու թիրախային է, քանի որ մենք արդեն իսկ ընդունել և հրապարակել ենք մեր Դաշինքի անվանումը, այսինքն` «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» կուսակցությունների դաշինք» անվանումը կայացած փաստի, իրողության և իրավահարաբերությունների արձանագրում է:

Հիշատակված նախագծի շրջանառության մեջ դրվելուց մի քանի օր առաջ` 2026 թվականի մարտի 31-ին, «Ուժեղ Հայաստան», «Նոր դարաշրջան» և «Միավորված հայեր» կուսակցությունները հուշագիր էին ստորագրել և ստեղծել «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքը: Հայտնում եմ նաև, որ նախագծի շրջանառության մեջ դրվելու նախորդ օրը` ապրիլի 5-ին, ես, հանդիսանալով «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքի ձևավորման նպատակով օգտահաշիվ ստանալու համար լիազորված անձ, դիմել եմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին և ապրիլի 8-ին, ստացել այդ օգտահաշիվը:

Իրավամեկնաբանման կանոններով, վերոնկարագրյալ փոփոխությունն ազդում է այդ օրենքի ընդունումից հետո քաղաքական ուժերի կողմից անձնանունների կիրառման նկատմամբ, և ՉԻ ԿԱՐՈՂ ՏԱՐԱԾՎԵԼ ՄԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԻ ՆԿԱՏՄԱՄԲ:

Ելնելով այն հանգամանքից, որ 2026 թվականի ապրիլի 13-ից 23-ը Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը պետք է իրենց մասնակցության դիմումները և կից փաստաթղթերը ներկայացնեն Կենտրոնական ընտրական հանձնաժողով, իսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն անկախ իրավակիրառ մարմինն է` խնդրում ենք տալ պաշտոնական պարզաբանում` հաստատելով, որ մեր պարագայում «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինք» անվանման կիրառումը խնդրահարույց չի կարող համարվել և արդեն իսկ ծագած իրավահարաբերություն էր, մինչև «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 81-րդ հոդվածի 2-րդ մասի փոփոխությունը:

Միևնույն ժամանակ, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նորմատիվ իրավական ակտի գործողությունը տարածվում է դրա ուժի մեջ մտնելուց հետո գործող հարաբերությունների վրա, եթե այլ բան նախատեսված չէ Սահմանադրությամբ, օրենքով կամ տվյալ նորմատիվ իրավական ակտով:

Տվյալ դեպքում ես օգտահաշիվ ստանալու դիմումը ներկայացրել եմ (իրավահարաբերությունը սկսել է գործել) նշված փոփոխություններն ընդունվելուց 2 օր առաջ, իսկ Սահմանադրությամբ, օրենքով կամ տվյալ նորմատիվ իրավական ակտով նախատեսված չէ որևէ կարգավորում, որից բխի, որ օրենսդրական նոր պահանջը տարածվում է նաև դրա ուժի մեջ մտնելուց առաջ գործող հարաբերությունների վրա:

Կարծում եմ` մեր ճշմարտացիության մասին է վկայող հանգամանք է նաև այն, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մեզ տրամադրել է մեր հայցած անվանմամբ օգտահաշիվը:

Ելնելով վերոգրյալից` ակնկալում ենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից տրվելիք պաշտոնական պարզաբանումը կհավաստի, որ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 81-րդ հոդվածի 2-րդ մասի նոր խմբագրությունը չի արգելում, որ սահմանադրական օրենքի փոփոխություններից առաջ օգտահաշիվ ստանալու համար դիմած կուսակցությունների դաշինքների անվանումները ներառեն անձնանուններ:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` պաշտոնական պարզաբանումը տրվում է դիմումն ստանալուն հաջորդող ոչ ուշ, քան 15 աշխատանքային օրվա ընթացքում: Պաշտոնական պարզաբանումը կարող է երկարաձգվել ևս 15 աշխատանքային օրով` այդ մասին իրազեկելով պաշտոնական պարզաբանում պահանջող անձին:

Խնդրում ենք սույն դիմումի հիման վրա պաշտոնական պարզաբանումը տալ հնարավորինս սեղմ ժամկետում, որպեսզի ապահովվի ողջամիտ հնարավորություն «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված ժամկետի մեկնարկին փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով հանձնելու:»:

2. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պատճառաբանությունները, հիմնավորումները և եզրահանգումը.

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն.

«Նորմատիվ իրավական ակտի պաշտոնական պարզաբանումը նորմատիվ իրավական ակտի դրույթների իմաստի պարզմանն ուղղված գործընթաց է` դրանց ոչ բավարար հստակության, տարաբնույթ ընկալման, ինչպես նաև նորմատիվ իրավական ակտի կիրառման բնագավառում ծագած հարցերի պարզման անհրաժեշտության դեպքերում:»:

Դիմումատուն հայցում է պաշտոնական պարզաբանում, որը կհավաստի, որ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 81-րդ հոդվածի 2-րդ մասի նոր խմբագրությունը չի արգելում, որ սահմանադրական օրենքի փոփոխություններից առաջ օգտահաշիվ ստանալու համար դիմած կուսակցությունների դաշինքների անվանումները ներառեն անձնանուններ:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Նորմատիվ իրավական ակտի գործողությունը տարածվում է դրա ուժի մեջ մտնելուց հետո գործող հարաբերությունների վրա, եթե այլ բան նախատեսված չէ Սահմանադրությամբ, օրենքով կամ տվյալ նորմատիվ իրավական ակտով:»:

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի (այսուհետ նաև` Ընտրական օրենսգիրք) 81-րդ հոդվածի 2-րդ մասը փոփոխվել և լրացվել է 2026 թվականի ապրիլի 7-ի ««Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-95-Ն սահմանադրական օրենքի 3-րդ հոդվածով:

Նշված իրավակարգավորումների համաձայն` կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել անձնանուն, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների անվանումներ կամ դրանց շփոթելու աստիճան նման անվանումներ և (կամ) դրանց հոլովաձևեր: Կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել վիրավորական կամ զրպարտչական բնույթի բառեր կամ այլ արտահայտություններ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գտնում է, որ Ընտրական օրենսգրքի 81-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթները որևէ կարգավորում չեն նախատեսում կուսակցությունների դաշինքի կողմից օգտահաշիվ ստանալու վերաբերյալ:

«Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի համաձայն` Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու օրենքով սահմանված կարգով առաջադրելու բացառիկ իրավունք ունեն կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները:

Պատգամավորի թեկնածու առաջադրելու իրավունքը կարգավորված է Ընտրական օրենսգրքի 81-րդ հոդվածով, որի համաձայն`

«1. Ազգային ժողովի պատգամավորի թեկնածուներ առաջադրելու իրավունք ունեն կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները:

Պատգամավորի թեկնածուն կարող է առաջադրվել միայն մեկ կուսակցության ընտրական ցուցակով:

2. Կուսակցությունների դաշինքները կարող են կազմավորվել առնվազն երկու կուսակցության կողմից: Կուսակցությունը կարող է ընդգրկվել միայն մեկ դաշինքի կազմում:

Կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել անձնանուն, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների անվանումներ կամ դրանց շփոթելու աստիճան նման անվանումներ և (կամ) դրանց հոլովաձևեր: Կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել վիրավորական կամ զրպարտչական բնույթի բառեր կամ այլ արտահայտություններ:

3. Կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունը չի կարող ինքնուրույն մասնակցել ընտրություններին:

4. Կուսակցությունների դաշինքում ընդգրկվելու որոշումն ընդունվում է կուսակցության մշտական գործող ղեկավար մարմնի որոշմամբ:»:

Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրելու իրենց բացառիկ իրավունքը կուսակցությունները և կուսակցությունների դաշինքներն իրացնում են Ընտրական օրենսգրքի 84-րդ հոդվածի համաձայն` Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու մասին դիմումը` կից փաստաթղթերով, Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելով: Մասնավորապես, Ընտրական օրենսգրքի 84-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն.

«1. Կուսակցություններն Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու մասին դիմումը ներկայացնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողով` իրենց մշտական գործող ղեկավար մարմնի որոշման հիման վրա, իսկ դիմումը ստորագրում է կուսակցության ղեկավարը: Կուսակցությունների դաշինքներն Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու մասին դիմումը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնում են դաշինքի անդամ կուսակցությունների մշտական գործող ղեկավար մարմինների որոշումների հիման վրա, իսկ դիմումը ստորագրում են դաշինքի անդամ կուսակցությունների ղեկավարները:

2. Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու մասին կուսակցության (կուսակցությունների դաշինքի) դիմումին կից ներկայացվում են`

1) կուսակցության կանոնադրությունը (դաշինքում ընդգրկված կուսակցությունների կանոնադրությունները).

2) կուսակցության համագումարի և մշտապես գործող ղեկավար մարմնի որոշումները (դաշինքի անդամ կուսակցությունների համագումարների և մշտապես գործող ղեկավար մարմինների որոշումները)` ընտրական ցուցակները հաստատելու և առաջադրելու վերաբերյալ.

3) ընտրական ցուցակը.

4) ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուների գրավոր հայտարարությունները` պատգամավորի թեկնածու գրանցվելու համաձայնության մասին.

5) կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցություններից յուրաքանչյուրի ներկայացրած ընտրական ցուցակը.

6) կուսակցությունների դեպքում` նվազագույն աշխատավարձի 7.500-ապատիկի չափով, իսկ կուսակցությունների դաշինքի դեպքում` նվազագույն աշխատավարձի 15.000-ապատիկի չափով ընտրական գրավի մուծման անդորրագիրը.

7) տեղեկանք` ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուների` վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու և վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին.

8) հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող փաստաթղթի պատճենը կամ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից տրված տեղեկանքը.

9) ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուների` անձը հաստատող փաստաթղթերի պատճենները:»:

Վերը նշված իրավակարգավորումների վերլուծությունը թույլ է տալիս եզրակացնելու, որ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու կապակցությամբ` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և կուսակցության, կուսակցությունների դաշինքի միջև իրավահարաբերություններ չեն կարող առաջանալ մինչև կուսակցության, կուսակցությունների դաշինքի կողմից օրենքով սահմանված կարգով և ժամկետներում Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու մասին դիմումը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելը: Միայն այդպիսի դիմումի առկայության պայմաններում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրավասու անդրադառնալու դիմում ներկայացրած սուբյեկտի իրավասուբյեկտության հարցին: Նշված դիրքորոշումը վերաբերելի է հատկապես կուսակցությունների դաշինքին, որի իրավասուբյեկտության հարցին հնարավոր է լինում անդրադառնալ միայն ընտրական գործընթացների շրջանակներում:

Ընտրական օրենսգրքի 103-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի համաձայն`

«3. Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունները գրանցման համար փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացնում քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 55, և ոչ ուշ, քան 45 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն:

4. Ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակների գրանցումը կատարվում է քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 45, և ոչ ուշ, քան 35 օր առաջ` մինչև 18.00-ն:»:

Ազգային ժողովի 2026 թվականի ընտրությունների անցկացման օրը հունիսի 7-ն է, և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2026 թվականի փետրվարի 9-ի N 15-Ա որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցի 11-րդ կետի համաձայն` կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները գրանցման համար փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնում են 2026 թվականի ապրիլի 13-ից 23-ը` մինչև ժամը 18:00-ն, իսկ 15-րդ կետի համաձայն` կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցումը կատարվում է 2026 թվականի ապրիլի 23-ից մայիսի 3-ը` մինչև ժամը 18:00-ն: Ընտրական գործընթացի վերը նշված փուլում Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ուսումնասիրում և գնահատում է ընտրություններին մասնակցելու համար Ընտրական օրենսգրքով կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) առաջադրմանն ու գրանցմանը ներկայացվող պահանջների պահպանումը:

Դիմումում վկայակոչված` Ընտրական օրենսգրքի 81-րդ հոդվածի 2-րդ մասի վերաբերյալ փոփոխությունն ու լրացումն ուժի մեջ է մտել 2026 թվականի ապրիլի 7-ին, ուստի, ողջամտորեն կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) առաջադրման փուլում` 2026 թվականի ապրիլի 13-ից 23-ը, կուսակցություններն (կուսակցությունների դաշինքները), իսկ գրանցման փուլում` 2026 թվականի ապրիլի 23-ից մայիսի 3-ը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասով, պարտավոր են առաջնորդվել այդ պահի դրությամբ գործող օրենքով:

Միևնույն ժամանակ, հարկ է նկատել, որ Ընտրական օրենսգրքի 8.1-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում գրանցվելիս կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները), մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուները, կազմակերպությունները, զանգվածային լրատվության միջոցները Կենտրոնական ընտրական հանձնաժողովից ստանում են օգտահաշիվ, որի միջոցով կարող են իրականացնել Ընտրական օրենսգրքով և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումներով սահմանված գրանցումները:

Ընտրական օրենսգրքի 84-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն.

«Ընտրություններին մասնակցելու դիմում ներկայացնելու համար կուսակցության (կուսակցությունների դաշինքի) էլեկտրոնային եղանակով ընտրական ցուցակի ձևավորման նպատակով Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին) տրամադրում է օգտահաշիվ:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքում կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի ձևավորման նպատակով օգտահաշիվ ստանալու, էլեկտրոնային եղանակով ընտրական ցուցակ ձևավորելու կարգը և օգտահաշիվ ստանալու նպատակով դիմումի էլեկտրոնային ձևաթուղթը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: (...)»:

Օգտահաշիվն Ընտրական օրենսգրքով նախատեսված այն գործիքն է, որի միջոցով ընտրություններին մասնակցելու մտադրություն ունեցող կուսակցությունը, կուսակցությունների դաշինքն էլեկտրոնային եղանակով ձևավորում է իր ընտրական ցուցակը, որը կուսակցության, կուսակցությունների դաշինքի Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու մասին դիմումին կից ներկայացվող պարտադիր փաստաթղթերից է:

Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի ձևավորման նպատակով օգտահաշիվ ստանալու և էլեկտրոնային եղանակով ընտրական ցուցակ ձևավորելու կարգը սահմանված է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2026 թվականի հունվարի 31-ի N 3-Ա որոշման 1-ին կետով սահմանված հավելվածով (այսուհետ` Կարգ): Կարգով սահմանվում են օգտահաշիվ ստանալու վերաբերյալ դիմումի ներկայացման կարգը, ժամկետները, ինչպես նաև օգտահաշվի կիրառմամբ իրականացվող հնարավոր գործողությունները: Մասնավորապես, օգտահաշվի կիրառմամբ` մինչև կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի գրանցումը, օգտահաշիվ ստացած սուբյեկտը կարողանում է Էլեկտրոնային եղանակով ձևավորել կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակը, իսկ կուսակցությունների դաշինքի դեպքում` նաև կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունների ընտրական ցուցակները, փոփոխություններ կատարել այդ ցուցակներում, հետո ներբեռնել և տպել, ներկայացնել արտաքին գովազդային վահանակներում քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր տեղադրելու հայտը: Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակը գրանցելուց հետո օգտահաշվի կիրառմամբ հնարավոր է ներկայացնել կուսակցության, կուսակցության դաշինքում ընդգրկված կուսակցությունների, ինչպես նաև ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուների գույքի և եկամուտների հայտարարագրերը:

Թեև Կարգը վերաբերվում է կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի ձևավորման նպատակով օգտահաշիվ ստանալուն, այնուամենայնիվ, մինչև կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների կողմից առաջադրման փուլում ներկայացված դիմումի (կից փաստաթղթերով) ուսումնասիրությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի անդրադառնում ընտրություններում կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների առաջադրմանն ու գրանցմանը ներկայացվող պահանջների պահպանման հարցին: Դա է վկայում նաև, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2026 թվականի հունվարի 31-ի N 3-Ա որոշմամբ սահմանված ձևին համապատասխան ներկայացված` օգտահաշիվ ստանալու նպատակով դիմումի մերժման հիմքեր նախատեսված չեն: Բացառված չէ, որ դիմում ներկայացվի կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակն էլեկտրոնային եղանակով ձևավորելու համար օգտահաշիվ ստանալու մասին, սակայն այդ կուսակցությունը, կուսակցությունների դաշինքը չներկայացնի ընտրություններին մասնակցելու մասին դիմումը կամ հանդես գա այնպիսի ձևաչափով, որը կտարբերվի օգտահաշիվ հայցելու փուլում նախատեսված ձևաչափից: Այսինքն, օգտահաշիվ ստանալն ինքնին չի պարտավորեցնում ներկայացնել ընտրություններին մասնակցելու մասին դիմում կամ կատարել օգտահաշվի կիրառմամբ իրականացվող գործողություններ:

Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ քանի դեռ համապատասխան ընտրական հանձնաժողովը չի անդրադառնում ընտրություններում մասնակցելու համար կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակը գրանցելուն, կուսակցությունների դաշինքի իրավասուբյեկտության հարցը քննարկման առարկա չի կարող հանդիսանալ: 2026 թվականի ապրիլի 7-ի դրությամբ Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների շրջանակներում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որևէ կուսակցությունների դաշինքի իրավասուբյեկտության հարցի` ներառյալ կուսակցությունների դաշինքի անվանման խնդրի, չի անդրադարձել և այդ ժամանակահատվածի համար չունի այդպիսի լիազորություն:

Կարգի 9-րդ կետի համաձայն` «Օգտահաշիվ ստանալուց հետո կուսակցությունը (կուսակցությունների դաշինքը) Հանձնաժողովի պաշտոնական կայքի «Ընտրական ցուցակների առցանց մուտքագրման համակարգ»-ի (այսուհետ` Համակարգ) միջոցով ներմուծում է ընտրական ցուցակում ընդգրկվող անձանց տվյալները` ձևավորելով կուսակցության, կուսակցությունների դաշինքի (այդ թվում` դաշինքում ընդգրկված կուսակցությունների) ընտրական ցուցակի (ցուցակների) էլեկտրոնային տարբերակը (այսուհետ` էլեկտրոնային ընտրական ցուցակ):»:

Նույնանման իրավակարգավորումներ են նախատեսված նաև ընտրական գործընթացներում ներգրավվելու մտադրություն ունեցող այլ սուբյեկտների կողմից օգտահաշիվ ստանալու համար: Օրինակ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2022 թվականի հունվարի 21-ի N 3-Ն որոշման 1-ին կետով սահմանված` դիտորդների և այցելուների հավատարմագրման և հավատարմագրման համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու կարգի 14-րդ կետի համաձայն` ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակ հետապնդող Հայաստանի Հանրապետության հասարակական կազմակերպություններին և հիմնադրամներին «ԶԼՄ ներկայացուցիչների և դիտորդների տվյալների առցանց ներկայացման համակարգ» մուտք գործելու և հավատարմագրման ներկայացվող անձանց տվյալները մուտքագրելու համար տրամադրվում է օգտահաշիվ: Ինչպես կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), այնպես էլ Հայաստանի Հանրապետության հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների դեպքում ևս օգտահաշիվ ստանալու փուլում իրավասուբյեկտությանը որևէ անդրադարձ չի կատարվում, և հետագայում Հայաստանի Հանրապետության հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների կողմից` իրենց դիտորդներին հավատարմագրելու վերաբերյալ դիմումը` կից փաստաթղթերով ներկայացնելուց հետո` Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ուսումնասիրում է ներկայացրած փաստաթղթերի փաթեթը և Ընտրական օրենսգրքով սահմանված հիմքերի առկայության դեպքում` իրավասու է մերժել հասարակական կազմակերպության կամ հիմնադրամի հավատարմագրման մասին դիմումը:

Վերը նշված իրավակարգավորումների վերլուծությամբ փաստվում է, որ օգտահաշիվ ստանալու վերաբերյալ դիմում ներկայացնելու կապակցությամբ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի միջև ծագած հարաբերությունն ընդամենը միտված է ապահովել ընտրություններին մասնակցելու մտադրություն ունեցող սուբյեկտի` էլեկտրոնային եղանակով ընտրական ցուցակ ձևավորելու և այլ գործողություններ կատարելու հնարավորությունը: Նշվածի մասին է վկայում նաև դիմումատուի պնդումն առ այն, որ դիմումատուն, «հանդիսանալով «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքի ձևավորման նպատակով օգտահաշիվ ստանալու համար լիազորված անձ», դիմել և 2026 թվականի ապրիլի 8-ին ստացել է օգտահաշիվ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 31.01.2026թ. N 3-Ա որոշմամբ սահմանված կարգով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքի «Ընտրական ցուցակների առցանց մուտքագրման համակարգի» միջոցով ընտրական ցուցակն էլեկտրոնային եղանակով ձևավորելու համար:

Հիմք ընդունելով վերոգրյալը, Ընտրական օրենսգրքի 81-րդ հոդվածի 2-րդ մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը

 

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է.

 

Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների շրջանակներում կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) առաջադրման և գրանցման նկատմամբ կիրառվում են ««Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքը` 2026 թվականի ապրիլի 7-ի »»Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-95-Ն սահմանադրական օրենքով նախատեսված փոփոխությունները և լրացումները:

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական

    հանձնաժողովի նախագահ                   Վ. Հովակիմյան

 

2026 թվականի ապրիլի 22

ք. Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 22 ապրիլի 2026 թվական:

 

 

pin
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
22.04.2026
N 47
Պաշտոնական պարզաբանում