Սեղմել Esc փակելու համար:
«ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 ապրիլի 2026 թվականի N 563-Լ

 

«ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (Պ-1302-01.04.2026-ՏՀ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2026 թ. ապրիլի

Երևան

 

«ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ (Պ-1302-01.04.2026-ՏՀ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ ստորև ներկայացնում է իր դիտարկումներն ու առաջարկությունները:

1. «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքով (այսուհետ` օրենք) սահմանված պետական աջակցության տրամադրման գործընթացի լավարկման կապակցությամբ մեծածավալ փոփոխություններ մշակելու և հետագայում դրանք համախմբած փոփոխությունների միասնական փաթեթով ներկայացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված` առաջարկում ենք այս փուլում օրենքում չկատարել նախագծով ներկայացված ծավալով փոփոխությունները:

Մասնավորապես` առաջարկում ենք նախագծից հանել 2-րդ հոդվածի 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերը, 5-րդ, 7-րդ, 8-րդ և 11-րդ հոդվածները` դրանք հետագայում համակարգային փոփոխությունների համատեքստում քննարկելու և անդրադառնալու նպատակով:

2. Նախագծի 3-րդ հոդվածի համաձայն` օրենքի 5-րդ հոդվածը նոր խմբագրությամբ շարադրելու կապակցությամբ հայտնում ենք հետևյալը.

1) նախատեսվում է օրենքի կարգավորումներից հանել վերապատրաստման նպատակով տրամադրվող պետական աջակցությանն առնչվող կարգավորումները: Բարձր տեխնոլոգիաների ոլորտում կրթական բաղադրիչի ներառմանն ուղղված միջոցառումների խթանման համատեքստում առաջարկում ենք վերապատրաստման մասով օրենքում փոփոխություններ չկատարել.

2) նոր խմբագրությամբ շարադրված 2-րդ մասի համաձայն`

«2. Բարձր տեխնոլոգիաների ոլորտի կազմակերպություններին կամ անհատ ձեռնարկատերերին (այսուհետ` նաև տնտեսավարող սուբյեկտ), աշխատանքային միգրանտներին կամ այլ սուբյեկտներին պետական աջակցությունը տրամադրվում է սույն օրենքով:»: Այսինքն` 2-րդ մասը լրացվում է «աշխատանքային միգրանտներին» արտահայտությամբ:

Հաշվի առնելով, որ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն` պետական աջակցություն է համարվում բարձր տեխնոլոգիաների ոլորտի կազմակերպություններին կամ անհատ ձեռնարկատերերին կամ այլ սուբյեկտներին ՀՀ պետական բյուջեից նույն օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի համաձայն տրամադրվող գումարը` առաջարկում ենք վերոնշյալ մասից հանել «, աշխատանքային միգրանտներին» բառերը.

3) նոր խմբագրությամբ շարադրվող 5-րդ մասի 2-րդ կետով սահմանվում է, որ նույն մասին համապատասխան աշխատանքային միգրանտին տրամադրվող պետական աջակցության գումարների մասով գործատու հանդիսացող տնտեսավարող սուբյեկտի, ինչպես նաև վարձու աշխատող աշխատանքային միգրանտի համար հարկային պարտավորություն չի առաջանում: Վերոնշյալի առնչությամբ հայտնում ենք, որ հարկային պարտավորությունների առաջացման հետ կապված հարցերը կարգավորվում են ՀՀ հարկային օրենսգրքով, ուստի առաջարկում ենք նախագծի 3-րդ հոդվածով փոփոխվող օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի 2-րդ նախադասությունը փոխարինել ՀՀ հարկային օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետի վերջին նախադասության ձևակերպմամբ, հետևյալ բովանդակությամբ`

«2) տնտեսավարող սուբյեկտը պետական աջակցության գումարը ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում այն փոխանցում է աշխատանքային միգրանտին` որպես լիազոր մարմնի կողմից աշխատանքային միգրանտի համար (օգտին) կատարվող վճարում:».

4) նոր խմբագրությամբ շարադրվող 4-րդ և 5-րդ մասերի համաձայն` պետական աջակցությունը տրամադրվում է տվյալ աշխատողի համար հաշվարկված և հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի գումարի նկատմամբ 60 տոկոսի հաշվարկմամբ: Այսինքն` առաջարկվում է փոխել պետական աջակցության գումարի հաշվարկման բազան` սահմանելով, որ պետական աջակցության գումարի չափը հաշվարկվում է վարձու աշխատողի բոլոր եկամուտների մասով հաշվարկված եկամտային հարկի գումարի նկատմամբ: Հարկ է նկատել, որ գործող օրենսդրությամբ հաշվարկը կատարվում է` հիմք ընդունելով աշխատողի աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների կամ քաղաքացիական իրավական պայմանագրով աշխատանքի վարձատրության գծով հաշվարկված եկամտային հարկի գումարը:

Նախագծի ընդունման հիմնավորման համաձայն` առաջարկության նպատակը, մասնավորապես, այն է, որ Պետական եկամուտների կոմիտեի տվյալների բազայում աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների համար հաշվարկված եկամտային հարկը առանձին չի հաշվառվում, ինչով պայմանավորված` առաջանում են դժվարություններ հարթակի կողմից Պետական եկամուտների կոմիտեի տվյալների շտեմարանից հարցումներ կատարելիս:

Վերոգրյալի կապակցությամբ նախ հայտնում ենք, որ ներկայացված հիմնավորումից պարզ չէ խնդրի բովանդակությունը, քանի որ աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների, ինչպես նաև քաղաքացիական իրավական պայմանագրով աշխատանքի վարձատրության մասով հարկային գործակալների կողմից հարկային մարմին է ներկայացվում անձնավորված տեղեկատվություն:

Բացի այդ, առաջարկությունը նշանակում է, որ օրինակ` ֆիզիկական անձի կողմից իր գործատուին վարձակալությամբ գույք հանձնելու դեպքում այդ վարձակալության գումարների մասով հաշվարկված եկամտային հարկը նույնպես հանդիսանալու է պետական աջակցության չափի հաշվարկման հիմք, ինչը խնդրահարույց է: Ընդ որում` հարկ է նկատել, որ վարձակալական վճարների մասով հաշվարկված եկամտային հարկի գումարի մասով անձնավորված տեղեկատվություն հարկային մարմին ներկայացվում է տարեկան` մինչև հաշվետու հարկային տարվան հաջորդող հարկային տարվա մարտի 1-ը ներառյալ, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուր եռամսյակ աջակցության չափը որոշելը հնարավոր չի լինելու:

Հաշվի առնելով բարձր տեխնոլոգիաների ոլորտի առաջնահերթությունները և ՀՀ-ում գիտահետազոտական և փորձարարական մշակումների (R&D) աշխատանքների զարգացումը` առաջարկում ենք օրենքի 5-րդ հոդվածում նախատեսել, որ`

«Օրենքով սահմանված պետական աջակցության տրամադրման ժամանակ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 150-րդ հոդվածի 1.1-ին մասով հարկային արտոնությունից օգտվող վարձու աշխատողների մասով աջակցության չափի հաշվարկման հիմքում աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների գծով հաշվետու ժամանակաշրջանում հաշվարկված եկամտային հարկի գումարի փոխարեն կիրառվում է նույն ժամանակաշրջանի աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների 20 տոկոսին համարժեք մեծությունը:»:

Միաժամանակ, տարընկալումից խուսափելու նպատակով, առաջարկում ենք նոր խմբագրությամբ շարադրվող 6-րդ մասը շարադրել հետևյալ ձևակերպմամբ`

«6. Սույն հոդվածով սահմանված պետական աջակցության տրամադրման համար հիմք հանդիսացող աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների հաշվարկման, փոփոխության, ինչպես նաև աշխատանքային միգրանտին պետական աջակցության գումարները չփոխանցելու ռիսկը կրում է տնտեսավարող սուբյեկտը:».

5) նոր խմբագրությամբ շարադրվող 7-րդ մասի համաձայն`

«7. Պետական աջակցություն ստացած նոր աշխատողի կամ աշխատանքային միգրանտի համար հաշվարկված եկամտային հարկի չափի փոփոխման դեպքում ավել վճարված գումարը տնտեսավարող սուբյեկտի կողմից ենթակա է վերադարձման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, բացառությամբ այն դեպքի, երբ աշխատանքային միգրանտին ավել վճարված պետական աջակցության գումարի հաշվարկման հիմքում ի հայտ եկած հանգամանքը պայմանավորված է լիազոր մարմնի կողմից պետական աջակցության գումարի չափի սխալ հաշվարկմամբ:»:

Միաժամանակ նախագծի ընդունման հիմնավորման 1-ին կետում վերոնշյալ դրույթի անհրաժեշտությանն անդրադարձ չկա: Միայն նշվել է, որ օրենքի կիրարկման ընթացքում ի հայտ եկած մի շարք խնդիրների վերացման և հստակեցման նպատակով բարելավվում է բարձր տեխնոլոգիաների ոլորտում պետական աջակցության տրամադրման գործիքակազմը:

Այս առումով հայտնում ենք, որ պարզ չէ, թե ինչ վերլուծությունների կամ դիտարկումների հիման վրա է առաջարկվել սահմանել դրույթ` համաձայն որի լիազոր մարմնի կողմից պետական աջակցության գումարի չափի սխալ հաշվարկման դեպքում աշխատանքային միգրանտին վճարված գումարները վերադարձման ենթակա չեն:

Հաշվի առնելով վերոգրյալը` առաջարկում ենք վերոնշյալ 7-րդ մասով նախատեսված կարգավորումն ամբողջությամբ հանել նախագծից` հաշվի առնելով հանրային միջոցների անարդյունավետ ծախսերի բացառման սկզբունքը: Հետևաբար անհրաժեշտ կլինի հանել 8-րդ մասը ևս.

6) նոր խմբագրությամբ շարադրվող 10-րդ մասով սահմանվում է, որ նույն հոդվածի 4-րդ մասով (նոր աշխատողի մասով) սահմանված աջակցությունը տրամադրվում է հարկման ընդհանուր համակարգում և շրջանառության հարկի համակարգում գործող կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին` 2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2031 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար: Ընդ որում` շրջանառության հարկի համակարգում գործող կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերն աջակցությունից օգտվելն սկսելու օրացուցային տարվան հաջորդող երրորդ օրացուցային տարին լրանալուց հետո կարող է շարունակել օգտվել աջակցությունից, եթե գործում է հարկման ընդհանուր համակարգում: Նշվածի հետ կապված առաջարկում ենք համարժեք կարգավորումներ նախատեսել նաև նույն հոդվածի 5-րդ մասով (միգրանտի համար) սահմանված աջակցության համար:

Ելնելով նշվածից` առաջարկում ենք 10-րդ մասում «4-րդ մասում» բառերը փոխարինել «4-րդ և 5-րդ մասերում» բառերով: Այնուհետև հիշյալ կարգավորումը վերաբերելի կլինի նաև վերապատրաստման դեպքում պետական աջակցության տրամադրման կարգավորումներին:

3. Առաջարկում ենք նախագծի 4-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասից հանել վերջին նախադասությունը` դրանց ևս հետագայում անդրադառնալու նպատակով: Նույն հոդվածի 5-րդ մասում առաջարկում ենք «ստացողի,» բառից հետո լրացնել «իսկ աշխատանքային միգրանտի դեպքում` միջնորդի,» բառերը` հաշվի առնելով, որ պայմանագիրը կնքվելու է ոչ թե աշխատանքային միգրանտների հետ, այլ միջնորդ տնտեսավարող սուբյեկտի հետ` կարգավորելով նաև միջնորդի և լիազոր մարմնի հարաբերությունները:

4. Առաջարկում ենք նախագծից հանել 6-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 4-րդ մասերը` նկատի ունենալով, որ դադարեցման հիմքերին կանդրադառնաք համակարգային փոփոխությունների ժամանակ, իսկ մյուս կետերն արդեն իսկ կարգավորված են օրենքում:

5. Առաջարկում ենք նախագծից հանել 10-րդ հոդվածի 2-րդ կետը` մոնիթորինգի անցկացման հարաբերությունները հետագայում կարգավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված:

6. Վերոնշյալ առաջարկությունների ներկայացման համատեքստում անհրաժեշտ է նախագծի 12-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Հոդված 12. Եզրափակիչ և անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2026 թվականի հունվարի 1-ից սկսվող հաշվետու ժամանակաշրջանների վրա:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո տնտեսավարող սուբյեկտը կարող է դիմել պետական աջակցության համար 2025 թվականի հունվարի 1-ից հետո բարձր տեխնոլոգիաների ոլորտ մուտք գործած նոր աշխատողի համար, եթե տվյալ նոր աշխատողի նախկին գործատու տնտեսավարող սուբյեկտն իր մասով չի ստացել պետական աջակցություն:»:

7. Առաջարկվում է փաթեթից հանել «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» օրենքի նախագիծը:

Ամփոփելով վերոշարադրյալը` Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է օրենքների նախագծերի փաթեթը լրամշակել ներկայացված դիտարկումների և առաջարկությունների հիման վրա:

 

_______________

ԻՐՏԵԿ - Ընդունող մարմնի կայքէջում (www.e-gov.am) պաշտոնական հրապարակման ամսաթիվ տրված չէ («Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք, հոդ. 23, մաս 7):

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.04.2026
N 563-Լ
Որոշում