Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՉՀԱՍՏԱՏՎԱԾ ՎԱՐԿԱՅԻՆ ԳԻԾ ՏՐԱՄԱԴՐԵ ...

 

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

Քաղ. Երևան 28 ապրիլի 2026 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՉՀԱՍՏԱՏՎԱԾ ՎԱՐԿԱՅԻՆ ԳԻԾ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԹԻՎ CAM 1029 ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Սահմանադրական դատարանը` կազմով.

 

նախագահող` Արման Դիլանյանի (զեկուցող),

դատավորներ` Արտակ Զեյնալյանի,

Դավիթ Խաչատուրյանի,

Երվանդ Խունդկարյանի,

Հովակիմ Հովակիմյանի,

Էդգար Շաթիրյանի,

Սեդա Սաֆարյանի,

Արթուր Վաղարշյանի,

Վլադիմիր Վարդանյանի,

 

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

 

Կառավարության ներկայացուցիչ` Տարածքային կառավարման և

ենթակառուցվածքների նախարարության ջրային

կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանի,

 

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի, 40 և 74-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև չհաստատված վարկային գիծ տրամադրելու մասին թիվ CAM 1029 շրջանակային համաձայնագրում» ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Կառավարությունն իր` 2026 թվականի փետրվարի 19-ի N 175-Ա որոշմամբ հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև չհաստատված վարկային գիծ տրամադրելու մասին թիվ CAM 1029 շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Կառավարության օրենսդրական նախաձեռնությանը և որոշել է դրանում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով դիմել Սահմանադրական դատարան:

Գործի քննության առիթը Կառավարության` 2026 թվականի փետրվարի 23-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

«Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև չհաստատված վարկային գիծ տրամադրելու մասին թիվ CAM 1029 շրջանակային համաձայնագրում (այսուհետ նաև` Շրջանակային համաձայնագիր) ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը դատաքննության նախապատրաստելու ընթացքում հայտնաբերվել են մի շարք թերություններ ինչպես համաձայնագրի անգլերեն բնօրինակ տեքստում, այնպես էլ հայերեն թարգմանված պաշտոնական տեքստում:

Վերոհիշյալ թերությունների մասով պատրաստվել և դիմողի ներկայացուցչին են ուղարկվել հայտնաբերված թերությունները վերացնելու պահանջի վերաբերյալ Սահմանադրական դատարանի նախագահի համապատասխան գրությունները:

18.04.2026 թ. Սահմանադրական դատարան է մուտքագրվել Կառավարության ներկայացուցչի գրությունը` կից Շրջանակային համաձայնագրի շտկված բնօրինակը և հայերեն պաշտոնական թարգմանությունը:

Ուսումնասիրելով Շրջանակային համաձայնագիրը, հետազոտելով սույն գործով Կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը` Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Շրջանակային համաձայնագիրը ստորագրվել է 2025 թվականի դեկտեմբերի 18-ին և 19-ին` ՀՀ Սյունիքի մարզում ոռոգման ենթակառուցվածքների բարելավման, ինչպես նաև «Հայաստանում ջրային ռեսուրսների և գյուղատնտեսության ոլորտի համալիր զարգացում»/WAIDA (որը ներառում է նաև Ջրային և ոռոգման ծառայությունների բարելավման ծրագիրը»/WISE) ջրային ծրագրի իրականացման համար վարկային միջոցների տրամադրման նպատակով:

Շրջանակային համաձայնագրի 5.3-րդ կետի համաձայն` որպես իրականացնող մարմին է նշանակվել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ջրային կոմիտեն:

2. Շրջանակային համաձայնագիրն ունի 10 հավելված. Հավելված 1. «Ծրագրի նկարագրությունը», Հավելված 2. «Սահմանումները և մեկնաբանությունը», Հավելված 3. «Նախապայմանները», Հավելված 4. «Վարկի հասանելիության ձևը», Հավելված 5. «Վարկի շրջանակներում մասհանումների ձևը», Հավելված 6. «Տեղեկություններ, որոնք կարող են հրապարակվել Ֆրանսիայի Կառավարության կայքում և Վարկատուի կայքում», Հավելված 7. «Բնապահպանական և սոցիալական այն փաստաթղթերի ոչ սպառիչ ցանկը, որոնց բացահայտումը Վարկառուն թույլատրում է ԲՍ բողոքների կառավարման մեխանիզմի ընթացակարգի շրջանակներում», Հավելված 8. «Կենսաբազմազանության վերաբերյալ տվյալների փոխանակում», Հավելված 9. «ԶՖԳ-ի բարեվարքության մասին հայտարարությունը», Հավելված 10. «Բնապահպանական և սոցիալական հանձնառությունների պլան»:

Ըստ Շրջանակային համաձայնագրի 18.10-րդ կետի` Շրջանակային համաձայնագրին կից ներկայացվող հավելվածները, Գնումների ուղեցույցը և Շրջանակային համաձայնագրի փաստաթղթի ներածական դրույթները Շրջանակային համաձայնագրի մասն են կազմում և ունեն նույն իրավաբանական ուժը, ինչպես նաև Շրջանակային համաձայնագրի շրջանակներում Վարկի հաստատումները ենթակա չեն ՀՀ խորհրդարանի (Ազգային ժողովի) կողմից վավերացման և Հայաստանի Հանրապետության անունից կստորագրվեն ՀՀ ֆինանսների նախարարի կողմից:

3. Շրջանակային համաձայնագրի 1-ին հավելվածի համաձայն` Ծրագրի նպատակն է ազգային մակարդակով բարելավել ջրային ռեսուրսների կառավարման կայունությունն ու արդյունավետությունը ոռոգման, խմելու ջրի մատակարարման և սանիտարական մաքրման համար` կլիմայի փոփոխության համատեքստում, ոռոգման ոլորտի վերականգնման հիման վրա աջակցել Սյունիքի տարածքի ներառական և համապարփակ զարգացմանը և ամրապնդել դրա դիմակայունությունը, խրախուսել գյուղական վայրերում արժանապատիվ աշխատատեղերի պահպանումը և ամրապնդել Հայաստանի պարենային անվտանգությունն ու ինքնիշխանությունը:

Ծրագիրն ունի երկու հիմնական բաղադրիչ`

Առաջին բաղադրիչը («WISE», ազգային մակարդակով, համաֆինանսավորված Համաշխարհային բանկի առաջնորդությամբ) նվիրված է ոռոգման ենթակառուցվածքի և խմելու ջրի հասանելիության ոլորտում ներդրումներին` ծրագրային մոտեցման կիրառմամբ, և ոլորտի ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդմանը.

Երկրորդ բաղադրիչը (տեղական մակարդակով)` փորձնական հիմունքներով, Սյունիքի մարզի ներառական և համապարփակ զարգացման համար, որը ներառում է ներդրումներ ոռոգման համակարգերի վերականգնման ու արդիականացման մեջ` փուլային մոտեցման կիրառմամբ, ինչպես նաև աջակցություն տեխնիկական օժանդակության և ներդրումային դրամաշնորհների ձևով` ջրային ռեսուրսների կառավարումը բարելավելու և դիմակայուն, կայուն և ներառական գյուղատնտեսություն զարգացնելու նպատակով:

4. Ըստ Շրջանակային համաձայնագրի 1-ին հավելվածի` «WAIDA» ծրագրի ընդհանուր արժեքը գնահատվում է մոտ 200 միլիոն եվրո, որը ֆինանսավորվում է հետևյալ կերպ.

«WISE» բաղադրիչում «ներդրումների» համար` ԶՖԳ-ից մինչև 70 միլիոն եվրո պետական երաշխավորությամբ տրամադրվող վարկի միջոցով` երկու տրանշով (30 միլիոն եվրո` 1-ին տրանշի համար, որը սույն դրամաշնորհի խնդրո առարկան է, և առավելագույնը 40 միլիոն եվրո երկրորդ տրանշի համար, որը նախատեսվում է տրամադրել 2027 թվականին), և Համաշխարհային բանկի կողմից տրամադրվող 80 միլիոն ԱՄՆ դոլար վարկի միջոցով (առաջատար) և Հայաստանի Հանրապետությունից 31 միլիոն ԱՄՆ դոլարի համարժեք ֆինանսավորում,

Սյունիքի բաղադրիչի «ներդրումների» համար` ԶՖԳ-ից մինչև 30 միլիոն եվրո պետական երաշխավորությամբ տրամադրվող վարկի միջոցով` մեկ տրանշով, որը ներառված է ներկայիս հատկացման շրջանակում,

Երկու բաղադրիչների տեխնիկական աջակցության ծրագրի համար` 12 միլիոն եվրո` պատվիրակված դրամաշնորհի միջոցով: Դրանք կլինեն Եվրոպական միության Հարևանության ներդրումային հարթակի (Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության (DG NEAR)) կողմից պատվիրակված միջոցներ:

ԶՖԳ-ի` պետական երաշխավորությամբ տրամադրվող վարկային ֆինանսավորումը` ընդհանուր առավելագույնը 100 միլիոն եվրոյի չափով, կտրամադրվի երեք տրանշից բաղկացած Բազմատրանշ վարկային գծի ձևով:

Այնուամենայնիվ` համաձայն քննության առարկա Շրջանակային համաձայնագրի 5.2-րդ կետի` Շրջանակային համաձայնագրով սահմանված դրույթները որևէ դեպքում չեն համարվում ԶՖԳ-ի կողմից Հայաստանի Հանրապետությանը որևէ Վարկ տրամադրելու պարտավորություն:

5. Վարկերի ընդհանուր գումարը, որը կարող է շնորհվել Շրջանակային համաձայնագրի շրջանակներում, չի կարող գերազանցել հարյուր միլիոն եվրոն (100.000.000 եվրո), Սյունիքի բաղադրիչի ֆինանսավորման համար առաջին Վարկի գումարի առավելագույն չափը կազմում է երեսուն միլիոն եվրո (30.000.000 եվրո), «WISE» բաղադրիչի ֆինանսավորման համար առաջին տրանշի համար երկրորդ Վարկի գումարի առավելագույն չափը կազմում է երեսուն միլիոն եվրո (30.000.000 եվրո), «WISE» բաղադրիչի ֆինանսավորման համար երկրորդ տրանշի համար երրորդ Վարկի առավելագույն գումարի չափը կազմում է քառասուն միլիոն եվրո (40.000.000 եվրո), իսկ Շրջանակային համաձայնագրի շրջանակներում տրամադրվող Վարկերի թիվը չի կարող գերազանցել երեքը (3):

6. Համաձայն Շրջանակային համաձայնագրի 20.1-ին կետի` Շրջանակային համաձայնագիրը կարգավորվում է Ֆրանսիայի իրավունքով, իսկ 20.2-րդ կետի համաձայն` Շրջանակային համաձայնագրից բխող կամ դրա հետ կապված ցանկացած վեճ ուղարկվում է արբիտրաժի և վերջնականապես կարգավորվում է դրա միջոցով` արբիտրաժային վարույթն սկսվելու օրվա դրությամբ կիրառելի` Առևտրի միջազգային պալատի հաշտարարության և արբիտրաժային կանոնների համաձայն, այդ Կանոններին համապատասխան նշանակված մեկ կամ մի քանի արբիտրների կողմից: Արբիտրաժի վայրը Փարիզն է, իսկ արբիտրաժի լեզուն` անգլերենը:

Շրջանակային համաձայնագրի 20.2-րդ կետով նաև սահմանվում է, որ Կողմերը բացահայտ համաձայնում են, որ Շրջանակային համաձայնագիրն ՈՒժի մեջ մտնելու ամսաթվից Հայաստանի Հանրապետությունն անդառնալիորեն հրաժարվում է անձեռնմխելիության բոլոր իրավունքներից` կապված իրավազորության կամ կատարման հետ, որոնց վրա նա հակառակ դեպքում կարող էր հիմնվել:

7. Շրջանակային համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է հետևյալ պարտավորությունները.

7.1. ԶԳՖ-ի կողմից Ֆինանսական պայմանների վերաբերյալ առաջարկ ստանալու դեպքում ընդունել այդ ֆինանսական պայմանները` Ֆինանսական պայմանների վերաբերյալ առաջարկի վրա դնելով ստորագրությունն ու նշելով ամսաթիվը (կետ 4.1, պարբերություն 3),

7.2. Վարկի շրջանակներում փոխառված ամբողջ գումարն օգտագործել բացառապես Ծրագրի բաղադրիչի Թույլատրելի ծախսերը ֆինանսավորելու համար` առանց Հարկերի, Ծրագրի բաղադրիչի նկարագրությանը և Վարկի հաստատման հավելվածում ներկայացված Ֆինանսավորման պլանին համապատասխան (կետ 5.3, պարբերություն 1),

7.3. Ստորագրման ամսաթվից ոչ ուշ Վարկատուին տրամադրել Շրջանակային համաձայնագրի 3-Ա հավելվածի (Նախապայմանները) I մասով (Շրջանակային համաձայնագիրն ստորագրելու նախապայմանները) սահմանված բոլոր փաստաթղթերը` Վարկատուին բավարարող ձևով և բովանդակությամբ (կետ 5.5, (ա)),

7.4. Վարկ տրամադրելու վերաբերյալ հայտ ներկայացվելուց հետո և Վարկի հաստատման ստորագրման ամսաթվին հաստատել, որ Շրջանակային համաձայնագրի 13-րդ կետում (Շրջանակային համաձայնագրի և յուրաքանչյուր Վարկի շրջանակներում արվող հավաստիացումները և երաշխիքները) սահմանված բոլոր հավաստիացումները ճշգրիտ են (կետ 5.5, (գ)),

7.5. Մասհանման հայտ չներկայացնել Վարկատուին` Շրջանակային համաձայնագրի 5.5 (դ) կետում սահմանված դեպքերում (կետ 5.5 (դ)),

7.6. երաշխավորել, որ Իրականացնող մարմինը Մասհանման իր հայտերը միաժամանակ կուղարկի ինչպես ԶՖԳ-ին, այնպես էլ Համաշխարհային բանկին, և կապահովի, որ հայցվող գումարները հաշվարկվեն «WISE» բաղադրիչի ֆինանսավորման համար նախատեսված Վարկի ֆինանսավորման մասով յուրաքանչյուր Համաֆինանսավորողի բաժնի համամասնության հիմքով (հղում` 1-ին հավելվածի (Ծրագրի նկարագրությունը) «Արժեքը և ֆինանսավորումը» բաժնին) (կետ 5.5, (զ)(i)),

7.7. երաշխավորել, որ Իրականացնող մարմինը Համաֆինանսավորողներին (ԶՖԳ և Համաշխարհային բանկ) կտրամադրի համապատասխան փաստաթղթեր` կապված նրանց համապատասխան ֆինանսավորման համաձայնագրերի հետ, և յուրաքանչյուր Մասհանման հայտի համար պատճենը կուղարկի մյուս Համաֆինանսավորողին (կետ 5.5, (զ)(ii)),

7.8. ապահովել, որ Իրականացնող մարմինը տեղեկացվի, որ յուրաքանչյուր հատկացումից առաջ յուրաքանչյուր Համաֆինանսավորող մյուսին էլեկտրոնային փոստով հաստատի, որ իր վարկային համաձայնագրով սահմանված նախապայմանները կատարվել են, և որ ոչինչ չի խոչընդոտում հատկացման կատարումը (կետ 5.5, (զ)(iii)),

7.9. ապահովել Շրջանակային համաձայնագրի 6.2-րդ կետով սահմանված մասհանման հայտին ներկայացվող պահանջների կատարումը (կետ 6.2),

7.10. ապահովել, որ Իրականացնող մարմինը բացի և վարի հաշիվ(ներ) յուրաքանչյուր Ծրագրի բաղադրիչի անվանմամբ (Ծրագրի բաղադրիչի հաշիվ), Հայաստանի կենտրոնական բանկում (Հաշվի բանկ)` միայն Մասհանման միջոցների ստացման և յուրաքանչյուր Ծրագրի բաղադրիչի Թույլատրելի ծախսերի վճարման նպատակով (կետ 6.4.1, պարբերություն 1),

7.11. ապահովել, որ Իրականացնող մարմինը հրաժարվի և ապահովի, որ Հաշվի բանկը հրաժարվի այդ կողմի կողմից յուրաքանչյուր Ծրագրի բաղադրիչի հաշվի և Հաշվի բանկում Իրականացնող մարմնի անվամբ բացված ցանկացած այլ հաշվի կամ Իրականացնող մարմնի ցանկացած այլ պարտքի նկատմամբ հաշվանցման ցանկացած իրավունքից (կետ 6.4.1, պարբերություն 2),

7.12. ապահովել, որ Իրականացնող մարմինը Շրջանակային համաձայնագրի 6.4.5-րդ կետով սահմանված ժամկետներում ուղղակիորեն և Համաֆինանսավորողի միջոցով Վարկատուին տրամադրի հիշյալ կետով սահմանված փաստաթղթերը (կետ 6.4.5),

7.13. Ծրագրի բաղադրիչի որևէ Թույլատրելի ծախս եվրոյից բացի այլ արժույթով արտահայտված լինելու դեպքում ապահովել, որ Իրականացնող մարմինը հաշիվ-վավերագրի գումարը փոխարկի եվրոյով համարժեք գումարի` օգտագործելով Հայաստանի կենտրոնական բանկի կողմից կիրառվող համապատասխան արժույթի փոխարժեքը (կետ 6.4.6),

7.14. համաձայնել և ապահովել, որ Իրականացնող մարմինը համաձայնի, որ Կանխավճարների տեսքով վճարված բոլոր ֆինանսական միջոցներն ամբողջությամբ օգտագործվեն Ծրագրի բաղադրիչի Թույլատրելի ծախսերը վճարելու համար ոչ ուշ, քան մինչև Վարկի հաստատման մեջ նշված վերջնաժամկետը (կետ 6.4.7),

7.15. համաձայնել, որ Մասհանման ժամանակահատվածում յուրաքանչյուր Ծրագրի բաղադրիչի հաշիվն աուդիտի ենթարկվի Համաֆինանսավորողի վարկային համաձայնագրի և Ծրագրի գործառնական ձեռնարկի դրույթներին համապատասխան, որոնք կիրականացվեն Հայաստանի Հանրապետության կամ Իրականացնող մարմնի կողմից նշանակված անկախ և հեղինակավոր աուդիտորական ընկերության կողմից` պայմանով, որ Համաֆինանսավորողը չառարկի աուդիտի առաքելության տեխնիկական առաջադրանքի վերաբերյալ, և պայմանով, որ Համաֆինանսավորողը չառարկի նշանակված աուդիտորական ընկերության վերաբերյալ, ինչպես նաև վճարել աուդիտորական բոլոր ծախսերը` աուդիտի հաշվետվությունները տրամադրելով Վարկատուին Համաֆինանսավորողի միջոցով (կետ 6.4.8),

7.16. Վարկատուին մարել Շրջանակային համաձայնագրի 6.4.9-րդ կետով սահմանված գումարները Վարկատուից այդպիսի ծանուցում ստանալու օրվանից հետո քսան (20) օրացուցային օրվա ընթացքում (կետ 6.4.9, պարբերություն 2),

7.17. հանձնարարել Իրականացնող մարմնին պահպանել յուրաքանչյուր Ծրագրի բաղադրիչի հաշվի և Կանխավճարների օգտագործման հետ կապված փաստաթղթային ապացույցները և այլ փաստաթղթեր` վերջնական Կանխավճարի Մասհանման ամսաթվից տասը (10) տարի ժամկետով, ինչպես նաև այդ փաստաթղթային ապացույցները և մյուս փաստաթղթերը տրամադրել Վարկատուին կամ Վարկատուի կողմից նշանակված ցանկացած աուդիտորական ընկերության` Վարկատուի պահանջով (կետ 6.4.10),

7.18. Մասհանման (Մասհանումների) համար հաշվեգրված տոկոսագումարը վճարել յուրաքանչյուր Վճարման ամսաթվի, իսկ համապատասխան Վճարման ամսաթվին Տոկոսների հաշվարկման համապատասխան ժամանակահատվածի համար վճարման ենթակա տոկոսագումարը հավասար է Հայաստանի Հանրապետության կողմից յուրաքանչյուր Մասհանման համար Մայր գումարի չմարված մնացորդի մասով վճարման ենթակա տոկոսագումարին, որը հաշվարկվում է Շրջանակային համաձայնագրի 7.2-րդ կետով սահմանված կարգով (կետ 7.2),

7.19. Վարկատուին վճարման ենթակա` Ֆինանսական փաստաթղթով նախատեսված որևէ գումար (մայր գումարի մարում, Կանխավճարի փոխհատուցում, ցանկացած տեսակի վճար կամ չնախատեսված ծախս` բացառությամբ չվճարված ժամկետանց տոկոսների) դրա վճարման ամսաթվին չվճարելու դեպքում վճարել ժամկետանց գումարի մասով օրենսդրությամբ թույլատրված չափով հաշվեգրված տոկոս` մարման ամսաթվից մինչև փաստացի վճարման ամսաթիվը ներառող ժամանակահատվածի համար (ինչպես արբիտրաժային որոշում կայացվելուց առաջ, այնպես էլ հետո, եթե առկա է այդպիսի որոշում)` Տոկոսի հաշվարկման ընթացիկ ժամանակահատվածի (պարտավորությունների չկատարման դեպքում հաշվարկվող տոկոս) նկատմամբ կիրառելի Տոկոսադրույքով, որին գումարվում է երեք ամբողջ հինգ տոկոս (3.5%) (ժամկետանց վճարման դեպքում հաշվարկվող տոկոս) (կետ 7.3, (ա)),

7.20. վճարել սահմանված ժամկետում չվճարված տոկոսագումարների նկատմամբ օրենքով թույլատրված չափով հաշվարկված տոկոսները` Տոկոսի հաշվարկման ընթացիկ ժամանակահատվածի (պարտավորությունների չկատարման դեպքում հաշվարկվող տոկոս) նկատմամբ կիրառելի Տոկոսադրույքով, որին գումարվում է երեք ամբողջ հինգ տոկոս (3.5%) (ժամկետանց վճարման դեպքում հաշվարկվող տոկոս) այնքանով, որքանով այդ Տոկոսը ենթակա է եղել վճարման առնվազն մեկ (1) տարվա ընթացքում, և վճարել Շրջանակային համաձայնագրի 7.3-րդ կետով (Ժամկետանց վճարման և պարտավորությունների չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսը) սահմանված ցանկացած չմարված տոկոս Վարկատուի կողմից ներկայացված պահանջից անմիջապես հետո կամ չմարված գումարի վճարման ժամկետին հաջորդող յուրաքանչյուր Վճարման ամսաթվի (կետ 7.3, (բ)),

7.21. ընդունել և համաձայնել, որ եթե տեղի ունենա Հրապարակված դրույքաչափի փոխարինման դեպք, և Շրջանակային համաձայնագրի տնտեսական հավասարակշռությունը պահպանելու նպատակով, Վարկատուն կարող է Հրապարակված դրույքաչափը փոխարինել մեկ այլ դրույքաչափով (Փոխարինող բազային դրույքաչափ), որը կարող է ներառել ճշգրտման թույլատրելի սահմանաչափ` Կողմերի միջև տնտեսական արժեքի փոխանցումից (առկայության դեպքում) խուսափելու համար (Ճշգրտման թույլատրելի սահմանաչափ), և Վարկատուն կորոշի այն ամսաթիվը, որից սկսած` Փոխարինող բազային դրույքաչափով և առկայության դեպքում` Ճշգրտման թույլատրելի սահմանաչափով կփոխարինվի Հրապարակված դրույքաչափը, ինչպես նաև որոշում կկայացնի Հրապարակված դրույքաչափը Փոխարինող բազային դրույքաչափով փոխարինելու արդյունքում Շրջանակային համաձայնագրի ցանկացած այլ փոփոխության անհրաժեշտության վերաբերյալ (կետ 8.2.2),

7.22. Վարկի հաստատման ստորագրման ամսաթվից հետո վեց (6) ամիսը լրանալու ամսաթվից սկսած` Վարկատուին վճարել տարեկան զրո ամբողջ հինգ տոկոս (0.5%) կոմիսիոն վճար, որը ենթակա է վճարման` յուրաքանչյուր Վճարման ամսաթվի այնքան ժամանակ, քանի դեռ Հասանելի վարկը զրոյից մեծ է, Մասհանման ժամանակահատվածի վերջին օրվան հաջորդող Վճարման ամսաթվին, Հասանելի վարկն ամբողջությամբ չեղարկելու դեպքում` այդ չեղարկման փաստացի ամսաթվին հաջորդող Վճարման ամսաթվին և Հասանելի բոլոր վարկերն ամբողջությամբ չեղարկվելու դեպքում` այդ չեղարկման փաստացի ամսաթվին (կետ 9.1, պարբերություններ 1 և 4),

7.23. ոչ ուշ, քան Վարկի հաստատման ստորագրման ամսաթվից հետո տասնհինգ (15) օրվա ընթացքում և մինչև Վարկի առաջին Մասհանումը Վարկատուին վճարել զրո ամբողջ հինգ տոկոս (0.5%) գնահատման վճար, որը հաշվարկվում է յուրաքանչյուր Վարկի առավելագույն գումարի նկատմամբ (կետ 9.2),

7.24. Արտոնյալ ժամկետը լրանալուց հետո Վարկատուին վճարել յուրաքանչյուր Վարկի մայր գումարը` մի քանի վճարումներով, որոնք սահմանված են Վարկի հաստատման մեջ և ենթակա են վճարման յուրաքանչյուր Վճարման ամսաթվի, ընդ որում` վերջին վճարման ամսաթիվը ոչ ուշ, քան 2048 թվականի դեկտեմբերի 31-ն է (կետ 10, պարբերություն 1),

7.25. մինչև Արտոնյալ ժամկետի ավարտը չկատարել Վարկի` կանխավճարի ձևով ամբողջական կամ դրա որևէ մասի վճարում (կետ 11.1, պարբերություն 1),

7.26. անհապաղ Կանխավճարի ձևով վճարել Վարկը կամ Վարկերն ամբողջությամբ կամ դրա կամ դրանց մի մասը Շրջանակային համաձայնագրի 11.2-րդ կետում շարադրված իրադարձություններից որևէ մեկի մասին Վարկատուից ծանուցում ստանալուց հետո (կետ 11.2),

7.27. կանխավճարի ձևով չվճարել կամ չեղարկել Վարկն ամբողջությամբ կամ դրա որևէ մաս` բացառությամբ Ֆինանսական փաստաթղթերով հստակ նախատեսված ժամկետների և կարգի (կետ 11.5, (բ)),

7.28. Ֆինանսական փաստաթղթով նախատեսված ցանկացած կանխավճար կատարել կանխավճարի ձևով վճարված գումարի նկատմամբ հաշվեգրված տոկոսների, չմարված վճարների և Շրջանակային համաձայնագրի 12.3-րդ կետում (Կանխավճարի մասով փոխհատուցումը) նշված Կանխավճարի փոխհատուցման գումարի հետ միասին (կետ 11.5, (գ)),

7.29. ուղղակիորեն վճարել կամ կիրառելիության դեպքում Վարկատուին հատուցել Վարկատուի կողմից կատարված կանխավճարի հետ կապված բոլոր ծախսերի և ծախքերի (ներառյալ իրավաբանական վճարները) գումարը, որոնք Վարկատուն կրել է` կապված այն Ֆինանսական փաստաթղթերի շուրջ բանակցելու, դրանք պատրաստելու և ստորագրելու հետ, որի կողմ է Վարկատուն, կամ կապված Ֆինանսական փաստաթղթում նշված ցանկացած այլ փաստաթղթի (այդ թվում` ցանկացած իրավաբանական կարծիքի) հետ (կետ 12.1.1),

7.30. Ֆինանսական փաստաթղթերից որևէ մեկում փոփոխություն կատարելու պահանջի դեպքում, որի կողմ է Վարկատուն, Վարկատուին հատուցել բոլոր այն ծախսերը (ներառյալ իրավաբանական վճարները), որոնք ողջամտորեն կրել են այդպիսի անհրաժեշտությանն արձագանքելու, այն գնահատելու, դրա շուրջ բանակցելու կամ այդ պահանջին համապատասխանելու համար (կետ 12.1.2),

7.31. Վարկատուին հատուցել բոլոր այն ծախսերն ու ծախքերը (ներառյալ իրավաբանական վճարները), որոնք այն կրել է իր իրավունքներից ցանկացածի իրականացման կամ պահպանման համար, որը սահմանված է այն Ֆինանսական փաստաթղթով, որի կողմ է Վարկատուն (կետ 12.1.3),

7.32. ուղղակիորեն վճարել կամ կիրառելիության դեպքում Վարկատուին հատուցել վերջինիս կողմից կատարված կանխավճարի հետ կապված բոլոր ծախսերի և ծախքերի (ներառյալ իրավաբանական վճարները) գումարը` կապված Փարիզից Հայաստանի Հանրապետությանը կամ նրա հաշվին Վարկատուի հետ համաձայնեցված որևէ վայր ֆինանսական միջոցների փոխանցման, ինչպես նաև Վարկի շրջանակներում վճարման ենթակա բոլոր գումարների մարման հետ կապված փոխանցման համար գանձվող միջնորդավճարների և ծախքի հետ (կետ 12.1.4),

7.33. Շրջանակային համաձայնագրի 11.3-րդ կետի (Վարկառուի կողմից Վարկի չեղարկումը) և (կամ) 11.4-րդ կետի (Վարկատուի կողմից Վարկի չեղարկումը) «ա», «բ» և «գ» պարբերությունների պայմաններին համապատասխան Վարկն ամբողջությամբ կամ մասամբ չեղարկվելու դեպքում վճարել չեղարկման համար փոխհատուցման գումարը, որը հաշվարկվում է Վարկի չեղարկված գումարի երկու ամբողջ հինգ տոկոսի (2.5%) չափով, և յուրաքանչյուր այդպիսի փոխհատուցում վճարել Վարկի ամբողջական կամ դրա մի մասի չեղարկմանն անմիջապես հաջորդող Վճարման ամսաթվին (կետ 12.2),

7.34. Հաշվի առնելով Շրջանակային համաձայնագրի 11.1-ին կետին (Կամավոր կանխավճարը) կամ 11.2-րդ կետին (Պարտադիր կանխավճարը) համապատասխան Վարկն ամբողջությամբ կամ դրա որևէ մաս կանխավճարի ձևով վճարելու հետևանքով Վարկատուի կրած ցանկացած կորուստ` Վարկատուին վճարել փոխհատուցում, որը հավասար է Կանխավճարի փոխհատուցման և Վարկատուի կողմից կանխավճարի ձևով վճարված գումարի հետ կապված տոկոսադրույքի հեջավորման սվոփի գործարքների ընդհատման հետևանքով առաջացած ցանկացած ծախսի հանրագումարին (կետ 12.3),

7.35. ուղղակիորեն վճարել կամ կիրառելիության դեպքում Վարկատուին կողմից կանխավճարի կատարման դեպքում հատուցել Վարկատուի ցանկացած Ֆինանսական փաստաթղթի և այն Ֆինանսական փաստաթղթի ցանկացած հնարավոր փոփոխության հետ կապված բոլոր պետական տուրքերը, գրանցման և համանման այլ հարկերի ծախսերը, որի կողմ է Վարկատուն (կետ 12.4.1),

7.36. երաշխավորել, որ այն Ֆինանսական փաստաթղթերի համաձայն Վարկատուին արվող բոլոր վճարումները, որոնց կողմ է Վարկատուն, զերծ կլինեն Պահվող հարկերից, և օրենքով Պահվող հարկի պահանջ նախատեսվելու դեպքում ցանկացած այդպիսի վճարման գումար վերահաշվարկել այնպիսի գումարի նկատմամբ, որի արդյունքում Վարկատուն կստանա վճարմանը համարժեք այն գումարը, որը կվճարվեր, եթե չպահանջվեր Պահվող որևէ հարկ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հաշվին Վարկատուին հատուցել բոլոր այն ծախքերը և (կամ) Հարկերը, որոնք վճարվել են Վարկատուի կողմից (եթե կիրառելի է)` բացառությամբ Ֆրանսիայում վճարման ենթակա որևէ Հարկի (կետ 12.4.2),

7.37. Վարկատուի կողմից պահանջ ներկայացվելուց հետո հինգ (5) Բանկային օրվա ընթացքում Վարկատուին վճարել Վարկատուի կողմից կատարված բոլոր այն Լրացուցիչ ծախսերը, որոնք առաջացել են որևէ նոր օրենք կամ կարգավորում ուժի մեջ մտնելու, որևէ փոփոխության կամ որևէ գործող օրենքի կամ կարգավորման մեկնաբանման կամ կիրառման հետ կապված որևէ փոփոխության կամ Վարկի հաստատման ստորագրման ամսաթվից հետո ուժի մեջ մտած որևէ օրենքի կամ կարգավորման համապատասխանություն ապահովելու անհրաժեշտության արդյունքում (կետ 12.5, պարբերություն 1),

7.38. ապահովել Շրջանակային համաձայնագրի 12.6-րդ կետով սահմանված` արժույթի մասով փոխհատուցմանը ներկայացվող պահանջների կատարումը (կետ 12.6),

7.39. Շրջանակային համաձայնագրի 12-րդ կետի (Լրացուցիչ վճարումներ կատարելու պարտավորությունները) համաձայն Վարկատուին վճարման ենթակա ցանկացած փոխհատուցում կամ հատուցում վճարել վճարման համապատասխան փոխհատուցման կամ հատուցման անհրաժեշտություն առաջացրած հանգամանքներին անմիջապես հաջորդող Վճարման ամսաթվին, և չնայած վերոնշյալին` Շրջանակային համաձայնագրի 12.3-րդ կետին (Կանխավճարի մասով փոխհատուցումը) համապատասխան` կանխավճարի առնչությամբ վճարման ենթակա ցանկացած փոխհատուցում վճարել համապատասխան կանխավճարի ամսաթվին (կետ 12.7),

7.40. Բացառությամբ Շրջանակային համաձայնագրի 13.10-րդ (Ծրագրի փաստաթղթերը), 13.11-րդ (Ծրագրի թույլտվությունները) և 13.14-րդ (Ֆինանսական միջոցների օրինական ծագումը) կետերի համաձայն արված հավաստիացումների և երաշխիքների` Շրջանակային համաձայնագրի 13-րդ կետով (Շրջանակային համաձայնագրի և յուրաքանչյուր Վարկի շրջանակներում արվող հավաստիացումները և երաշխիքները) սահմանված բոլոր հավաստիացումները և երաշխիքները հօգուտ Վարկատուի անել և տալ Վարկի հաստատման ստորագրման ամսաթվին (կետ 13, պարբերություն 1),

7.41. երաշխավորել, որ Հայաստանի Հանրապետության դատարանների և արբիտրաժային տրիբունալների կողմից կճանաչվի և կկիրարկվի Ֆրանսիայի իրավունքի` որպես Ֆինանսական փաստաթղթերը կարգավորող իրավունքի ընտրությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում ճանաչել և կատարել Ֆինանսական փաստաթղթերի առնչությամբ ֆրանսիական դատարանի կողմից կայացված ցանկացած վճիռ կամ արբիտրաժային տրիբունալի որոշում (կետ 13.7),

7.42. հավաստիացնել և երաշխավորել, որ Ծրագրի իրականացման համար ներդրված կամ ներդրվելիք` Վարկի միջոցներից բացի բոլոր մյուս ֆինանսական միջոցները, եթե առկա են, ամբողջությամբ տրամադրված են պետական բյուջեից, Ծրագիրը (մասնավորապես` Վարկի շրջանակներում ֆինանսավորվող որևէ պայմանագրի վերաբերյալ բանակցությունները, դրա շնորհումը և կատարումը) չի առաջացրել որևէ Արգելված գործելակերպ, Հայաստանի Հանրապետությունը չի կատարել որևէ գործողություն կամ չի մասնակցել որևէ գործողության, որը հակասում է փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին կիրառելի օրենքին, և ըստ իր ունեցած տեղեկությունների` ինքը չի տրամադրել ուղղակի կամ անուղղակի նյութական աջակցություն կամ այլ ռեսուրսներ որևէ անձի կամ կազմակերպության, որը կատարում է, փորձում է կատարել, պաշտպանում է ահաբեկչական գործողությունների կատարումը, նպաստում կամ մասնակցում է դրանց, կամ կատարել է, փորձել է կատարել, պաշտպանել է ահաբեկչական գործողությունների կատարումը, նպաստել կամ մասնակցել է դրանց (կետ 13.14),

7.43. հավաստիացնել և երաշխավորել, որ որևէ դեպք կամ հանգամանք, որը հավանական է, որ Էական բացասական ազդեցություն կունենա, տեղի չի ունեցել կամ հավանական չէ, որ տեղի ունենա (կետ 13.15, պարբերություն 1),

7.44. համապատասխանել և ապահովել, որ Իրականացնող մարմինը համապատասխանի բոլոր հարցերում բոլոր օրենքներին ու կարգավորումներին, որոնք տարածվում են իր և (կամ) Ծրագրի վրա, մասնավորապես` շրջակա միջավայրի պաշտպանության, անվտանգության մասին և աշխատանքային կիրառելի բոլոր օրենքներին, ինչպես նաև Արգելված գործելակերպերի կանխարգելմանն ու պայքարին, և Ծրագրի փաստաթղթերով սահմանված իր բոլոր պարտավորություններին (կետ 14.1),

7.45. անհապաղ ձեռք բերել կիրառելի իրավունքով կամ կարգավորմամբ պահանջվող ցանկացած Թույլտվություն, պահպանել դրան համապատասխանությունը և ձեռնարկել բոլոր գործողությունները, որոնք անհրաժեշտ են այն լիակատար ուժի և գործողության մեջ պահելու համար, և ապահովել, որ Իրականացնող մարմինն անհապաղ ձեռք բերի կիրառելի իրավունքով կամ կարգավորմամբ պահանջվող ցանկացած Թույլտվություն, պահպանի դրան համապատասխանությունը և ձեռնարկի բոլոր գործողությունները, որոնք անհրաժեշտ են այն լիակատար ուժի և գործողության մեջ պահելու համար, որպեսզի կարողանա կատարել Ֆինանսական փաստաթղթերով և Ծրագրի փաստաթղթերով սահմանված իր պարտավորությունները և ապահովել դրանց օրինականությունը, վավերությունը, կատարման ենթակա լինելն ու ընդունելիությունը որպես Ֆինանսական փաստաթղթերի կամ Ծրագրի փաստաթղթերի ապացույց (կետ 14.2),

7.46. կատարել և ապահովել, որ Իրականացնող մարմինն իրականացնի Ծրագիրը` լայնորեն ընդունված անվտանգության սկզբունքներին և գործող տեխնիկական չափանիշներին համապատասխան, և պահպանի իր ակտիվները և Ծրագրի ակտիվները լավ աշխատանքային պայմաններում` կիրառելի բոլոր օրենքներին և կարգավորումներին համապատասխան, և օգտագործի այդ ակտիվներն իրենց նպատակին և կիրառելի բոլոր օրենքներին ու կարգավորումներին համապատասխան (կետ 14.4),

7.47. Ծրագրի կամ դրա որևէ մասի իրականացման նպատակով կնքված և Վարկային գծով ֆինանսավորվող պայմանագրերի գնման, շնորհման և կատարման հետ կապված` պահպանել և իրականացնել Գնումների կիրառելի ընթացակարգերի դրույթները, երաշխավորել, որ Իրականացնող մարմինը կպահպանի և կիրականացնի Գնումների կիրառելի ընթացակարգերը, ինչպես նաև ձեռնարկել բոլոր գործողություններն ու քայլերը, որոնք անհրաժեշտ են Գնումների կիրառելի ընթացակարգերի արդյունավետ իրականացման համար (կետ 14.5, պարբերություններ 1 և 2),

7.48. հետագա վերանայման ենթակա պայմանագրերի դեպքում աուդիտի տեխնիկական առաջադրանքը ներկայացնել Վարկատուին` վերջինիս հավանությունը ստանալու համար, համաձայն Շրջանակային համաձայնագրի «Վերահսկողությունը. աուդիտը» կետի (կետ 14.5, պարբերություն 10),

7.49. բացահայտ թույլատրել Վարկատուին` բացահայտելու փորձագետներին (ինչպես սահմանված է Բնապահպանական և սոցիալական բողոքների կառավարման մեխանիզմի կանոնակարգում) և համապատասխանության վերանայման և (կամ) հաշտեցման գործընթացներում ներգրավված կողմերին բնապահպանական և սոցիալական բողոքին ընթացք տալու համար անհրաժեշտ բնապահպանական և սոցիալական հարցերի վերաբերյալ Ծրագրի փաստաթղթերը, այդ թվում` 7-րդ հավելվածում (Բնապահպանական և սոցիալական այն փաստաթղթերի ոչ սպառիչ ցանկը, որոնց հրապարակումը Վարկառուն թույլատրում է ԲՍ-ի բողոքների կառավարման մեխանիզմի կանոնակարգի առնչությամբ) թվարկված փաստաթղթերը, սակայն չսահմանափակվելով դրանցով (կետ 14.6.2, պարբերություն «բ»),

7.50. կենսաբազմազանության վերաբերյալ տվյալների փոխանակումը խթանելու նպատակով և կենսաբազմազանության վերաբերյալ գիտելիքների և դրանց փոխանակման հետ կապված միջազգային թիրախներին համապատասխան` փոխանակել կամ ապահովել, որ Հայաստանի Հանրապետության` երրորդ կողմ հանդիսացող կապալառուները փոխանակեն Ծրագրի իրականացման առնչությամբ ստացված` կենսաբազմազանության վերաբերյալ տվյալները (ինչպես չմշակված, այնպես էլ մշակված) Կենսաբազմազանության տեղեկատվական գլոբալ կենտրոնի (ԿՏԳԿ[GBIF]) համաշխարհային տվյալների բազայի հետ` դրանց հրապարակումը հնարավոր դարձնելու համար (կետ 14.6.3, պարբերություն 1),

7.51. Շրջանակային համաձայնագրի 14.6.3-րդ կետի 1-ին պարբերությունում շարադրված նպատակով ձեռնարկել համապատասխան բոլոր միջոցները Հայաստանի Հանրապետության` երրորդ կողմ հանդիսացող կապալառուների նկատմամբ, որպեսզի նրանք թույլ տան ԿՏԳԿ-ի համաշխարհային տվյալների շտեմարանում փոխանակվել կենսաբազմազանության վերաբերյալ մշակված տվյալներով, որոնց նկատմամբ նրանք կարող են ունենալ մտավոր սեփականության իրավունքներ` անկախ կրիչի տեսակից (կետ 14.6.3, պարբերություն 2),

7.52. չփոփոխել կամ չձևափոխել Ֆինանսավորման որևէ պլան` առանց Վարկատուի նախնական գրավոր համաձայնության, և ֆինանսավորել Ֆինանսավորման պլանով չնախատեսված ցանկացած լրացուցիչ ծախս այն պայմաններով, որոնք ապահովում են Վարկի (Վարկերի) մարումը (կետ 14.7),

7.53. ապահովել, որ Ֆինանսական փաստաթղթերով սահմանված` Վարկատուի պահանջները մշտապես առնվազն ըստ pari passu սկզբունքի դասակարգվեն Հայաստանի Հանրապետության մյուս ներկա և ապագա չապահովված և ոչ առաջնահերթ պարտավորությունների հետ, որևէ այլ վարկատուի չտրամադրել առաջնահերթություն կամ երաշխիքներ` բացառությամբ այն դեպքերի, երբ նույն առաջնահերթությունը կամ երաշխիքները տրամադրվում են Հայաստանի Հանրապետության կողմից հօգուտ Վարկատուի` վերջինիս կողմից այդպիսի պահանջ ներկայացվելու դեպքում (կետ 14.8),

7.54. Վարկատուի կողմից այլ բանի շուրջ գրավոր համաձայնության չգալու դեպքում փոփոխություններ կատարել Ապահովագրական պոլիսներում, որ Վարկատուին ներառի որպես որևէ ապահովագրական փոխհատուցման միակ շահառու` մինչև Ֆինանսական փաստաթղթերի համաձայն վճարման ենթակա բոլոր գումարների ամբողջական մարումը և Վարկատուին զիջել Մատակարարի երաշխիքների օգուտը (կետ 14.9),

7.55. ապահովել, որ Իրականացնող մարմինը բացի, վարի և ֆինանսավորի յուրաքանչյուր Ծրագրի բաղադրիչի հաշիվը` համաձայն Համաֆինանսավորողի վարկային համաձայնագրի և Շրջանակային համաձայնագրի պայմանների (կետ 14.10),

7.56. լիազորել Վարկատուին և նրա ներկայացուցիչներին` իրականացնելու ստուգումներ, որոնց նպատակը կլինի գնահատել Ծրագրի յուրաքանչյուր բաղադրիչի իրականացումն ու գործողությունները, ինչպես նաև Ծրագրի բաղադրիչի ազդեցությունն ու նպատակների իրագործումը, այդպիսի ստուգումներ իրականացնելիս համագործակցել և Վարկատուին և նրա ներկայացուցիչներին տրամադրել ողջամիտ ամբողջ աջակցությունը և բոլոր տեղեկությունները, Վարկատուին փոխհատուցել տարեկան մեկ ստուգման հետ կապված Վարկատուի կրած բոլոր ծախսերը և ապահովել, որ Իրականացնող մարմինը պահպանի և Վարկատուի կողմից իրականացվող ստուգումների համար հասանելի դարձնի Ծրագրի յուրաքանչյուր բաղադրիչի Թույլատրելի ծախսերի վերաբերյալ բոլոր փաստաթղթերը` Ֆինանսական միջոցների մասհանման վերջնաժամկետից հետո տասը (10) տարվա ընթացքում (կետ 14.11),

7.57. Ծրագրի բաղադրիչի գնահատումն իրականացնել Շրջանակային համաձայնագրի 14.12-րդ կետով սահմանված կարգով (կետ 14.12),

7.58. ապահովել, որ Ծրագրի որևէ միջոց կամ տնտեսական ռեսուրս ուղղակիորեն կամ անուղղակիորեն հասանելի չդարձվի կամ չօգտագործվի հօգուտ որևէ անձի, խմբի կամ մարմնի, որը ներառված է Ֆինանսական պատժամիջոցների որևէ ցանկում, ինչպես նաև չֆինանսավորել, ձեռք չբերել կամ չտրամադրել որևէ այնպիսի մատակարարում կամ չմիջամտել այնպիսի ոլորտներում, որոնք ենթակա են Էմբարգոյի Միավորված ազգերի կազմակերպության, Եվրոպական միության կամ Ֆրանսիայի կողմից (կետ 14.13),

7.59. ապահովել, որ Իրականացնող մարմինը կատարի Շրջանակային համաձայնագրի 14.14-րդ կետով սահմանված պահանջները (կետ 14.14),

7.60. Վարկատուին տրամադրել այնպիսի տեղեկություններ, որոնք Վարկատուն կարող է ողջամտորեն պահանջել` կապված Վարկառուի արտաքին և ներքին պարտքերի, ինչպես նաև որևէ երաշխավորված վարկի կարգավիճակի հետ (կետ 15.1),

7.61. ընթացքի վերաբերյալ հաշվետվությունը Վարկատուին տրամադրել Շրջանակային համաձայնագրի 15.2-րդ կետով սահմանված կարգով (կետ 15.2),

7.62. անհապաղ տեղեկացնել Վարկատուին Համաֆինանսավորողի կողմից ցանկացած չեղարկման (ամբողջությամբ կամ մասամբ) կամ կանխավճարի մասին (կետ 15.3),

7.63. Վարկատուին և Համաֆինանսավորողին տրամադրել Շրջանակային համաձայնագրի 15.4-րդ կետով սահմանված տեղեկությունները (կետ 15.4),

7.64. Վարկառուի կողմից Վարկատուին կատարվելիք ցանկացած վճար կատարել վճարման ենթակա ամսաթվին, մինչև ոչ ուշ, քան ժամը 11:00-ը (Փարիզի ժամանակով) Շրջանակային համաձայնագրի 17.6-րդ կետում նշված բանկային հաշվին (կետ 17.6, (բ)),

7.65. որևէ ձևով չզիջել կամ չփոխանցել Ֆինանսական փաստաթղթով սահմանված Հայաստանի Հանրապետության բոլոր իրավունքներն ու պարտավորությունները կամ դրանցից որևէ մեկը` առանց Վարկատուի նախնական գրավոր համաձայնության (կետ 18.2, պարբերություն 1),

7.66. ապահովել Շրջանակային համաձայնագրի 18.3-րդ կետով սահմանված` գաղտնիությանն ու տեղեկությունների բացահայտմանը ներկայացվող պահանջների կատարումը (կետ 18.3),

7.67. Հայաստանի Հանրապետության կողմից տրամադրվող բոլոր փաստաթղթերի նկատմամբ կիրառել Շրջանակային համաձայնագրի 3-րդ հավելվածում շարադրված պայմանները` որպես նախապայմաններ (Հավելված 3, նախաբան),

7.68. ապահովել Շրջանակային համաձայնագրի 3-րդ հավելվածի I և II մասերով սահմանված` Շրջանակային համաձայնագրի ստորագրման և յուրաքանչյուր Վարկի հաստատման ստորագրման նախապայմանների կատարումը (Հավելված 3, մասեր I և II),

7.69. ապահովել Շրջանակային համաձայնագրի 3-րդ հավելվածի III մասով սահմանված` Վարկի շրջանակներում առաջին մասհանմանը ներկայացվող նախապայմանների կատարումը (Հավելված 3, մաս III):

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով` Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև չհաստատված վարկային գիծ տրամադրելու մասին թիվ CAM 1029 շրջանակային համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

    Նախագահող                              Ա. Դիլանյան

 

28 ապրիլի 2026 թվականի

ՍԴՈ-1825

 

Հրապարակվել է ՍԴ պաշտոնական կայքէջում (concourt.am)` 30 ապրիլի 2026 թվական:

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
28.04.2026
N ՍԴՈ-1825
Որոշում