Սեղմել Esc փակելու համար:
ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

01.07.2023 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2001 թվականի ապրիլի 18-ին

 

ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում հրդեհային անվտանգության ապահովման իրավական, տնտեսական և կազմակերպական հիմունքները:

 

ԳԼՈՒԽ 1.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

 

Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, քաղաքացիների հարաբերությունները հրդեհային անվտանգության ապահովման բնագավառում:

 

Հոդված 2. Օրենքի նպատակները

 

Սույն օրենքի նպատակներն են`

ա) հրդեհային անվտանգության ապահովման բնագավառում պետական քաղաքականության մշակման և իրականացման հիմնական ուղղությունների սահմանումը.

բ) հրդեհային անվտանգության ապահովման բնագավառում կարգավորման սկզբունքների և դրանց իրականացման մեխանիզմների սահմանումը.

գ) Հայաստանի Հանրապետության բնակչությանը որակյալ և հուսալի հրդեհային պահպանությամբ ապահովումը:

 

Հոդված 3. Հիմնական հասկացությունները

 

Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

ա) հրդեհային անվտանգություն` հրդեհներից անձի, գույքի, հասարակության և պետության պաշտպանվածություն.

բ) հրդեհ` չվերահսկվող այրում, որը բարոյական, ֆիզիկական, գույքային վնաս է հասցնում անձին, հասարակության և պետության շահերին, վտանգում է մարդու առողջությունը և կյանքը.

գ) հրդեհային անվտանգության պահանջներ` Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված` հրդեհային անվտանգության ապահովման ուղղությամբ սոցիալական և տեխնիկական բնույթի հատուկ պայմաններ.

դ) հրդեհաշիջման (հրդեհի մարման) հետ կապված վթարային-փրկարարական աշխատանքներ` հրդեհի ժամանակ մարդկանց, գույքը փրկելու, տուժողներին առաջին բժշկական օգնություն ցույց տալու ուղղությամբ հրդեհային պահպանության մարտական գործողություններ.

ե) հրդեհային պահպանություն` հրդեհների կանխարգելման, հրդեհաշիջման, ինչպես նաև դրանց հետ կապված վթարային-փրկարարական աշխատանքներ անցկացնելու նպատակով սահմանված կարգով ստեղծված պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների ուժերի և միջոցների, այդ թվում` հակահրդեհային միջոցների ամբողջություն.

զ) հրդեհային անվտանգության միջոցներ` հրդեհային անվտանգության ապահովմանը, այդ թվում` հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների կատարմանն ուղղված գործողություններ.

է) հրդեհատեխնիկական արտադրանք` հրդեհային անվտանգության ապահովման համար նախատեսված հատուկ տեխնիկական, գիտատեխնիկական և մտավոր արտադրանք, այդ թվում` հրդեհային տեխնիկա և սարքավորում, հրդեհային հանդերձանք, կրակմարիչ, հրապահպան և հրակայուն նյութեր, հատուկ կապի և կառավարման միջոցներ, համակարգչային ծրագրեր, տեղեկությունների բանկ, ինչպես նաև հրդեհների կանխարգելման և հրդեհաշիջման այլ միջոցներ.

ը) հրդեհային անվտանգության ապահովման համակարգ` հրդեհների դեմ պայքարի համար նախատեսված ուժերի և միջոցների, ինչպես նաև իրավական, կազմակերպական, տնտեսական, սոցիալական և գիտատեխնիկական միջոցառումների ամբողջություն:

 

Հոդված 4. Հայաստանի Հանրապետությունում հրդեհային անվտանգության ապահովումը

 

Բնակչության, բնակավայրերի և օբյեկտների հրդեհային անվտանգությունն ապահովվում է`

ա) պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, պաշտոնատար անձանց և քաղաքացիների կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված, ինչպես նաև նորմատիվ փաստաթղթերով նախատեսված հրդեհային անվտանգության պահանջների պարտադիր կատարմամբ.

բ) հրդեհների առաջացումը կանխարգելող և դրանց մարմանը նպաստող համապետական և տեղական նպատակային ծրագրերի մշակմամբ ու իրագործմամբ:

 

Հոդված 5. Հրդեհային անվտանգության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը

 

Հրդեհային անվտանգության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից, սույն օրենքից, այլ օրենքներից և իրավական ակտերից:

 

Հոդված 6. Հրդեհային անվտանգության ապահովման մարմինների համակարգը

 

Հրդեհային անվտանգության ապահովման մարմինների համակարգն են կազմում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը, կազմակերպությունները, որոնք մասնակցում են հրդեհային անվտանգության ապահովմանը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(6-րդ հոդ. փոփ. 09.07.20 ՀՕ-370-Ն օրենք)

 

i
Հոդված 7. Պետական կառավարումը և վերահսկողությունը հրդեհային անվտանգության ապահովման բնագավառում

 

1. Պետական հակահրդեհային ծառայությունն ընդգրկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի համակարգում:

2. Հրդեհային անվտանգության ապահովման ոլորտում վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա համապատասխան տեսչական մարմինը:

(7-րդ հոդ. փոփ. 03.07.02 ՀՕ-395-Ն, 20.05.05 ՀՕ-108-Ն, խմբ. 09.07.20 ՀՕ-370-Ն օրենքներ)

 

Հոդված 8. Հակահրդեհային նորմատիվ փաստաթղթերը

 

Հակահրդեհային նորմատիվ փաստաթղթերը (տեխնիկական կանոնակարգերը), ինչպես նաև հրդեհային անվտանգության պահանջները սահմանող ստանդարտները պարտադիր են բնակավայրերի, շենքերի և շինությունների նախագծման, կառուցման և շահագործման, հիմնանորոգման և վերակառուցման, ինչպես նաև սարքավորումների արտադրության և շահագործման ժամանակ:

Հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերը նախապես համաձայնեցվում են պետական հրդեհային հսկողության մարմինների հետ:

Հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերով չսահմանված` հրդեհային անվտանգության ապահովման առանձին լուծումներ պահանջող հարցերի վերաբերյալ եզրակացություններ է տալիս հրդեհային անվտանգության ապահովման ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը (այսուհետ` տեսչական մարմին):

(8-րդ հոդ. փոփ. 09.07.20 ՀՕ-370-Ն օրենք)

 

Հոդված 9. Հրդեհների կանխարգելման հանրապետական և տեղական ծրագրերը

 

Հրդեհների առաջացումը կանխարգելող և դրանց մարմանը նպաստող հանրապետական և տեղական նպատակային ծրագրերը մշակում ու իրականացնում են պետական կառավարման մարմինները` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի (այսուհետ` լիազորված մարմին) ներկայացրած հակահրդեհային իրավիճակի վերլուծության արդյունքների և համապատասխան առաջարկությունների հիման վրա: Տեղական նպատակային ծրագրերը համաձայնեցվում են տեղական ինքնակառավարման մարմինների հետ:

 

i
Հոդված 10. Հրդեհների և դրանց հետևանքների պետական հաշվառումը

 

1. Հրդեհների և դրանց հետևանքների պետական միասնական հաշվառումը կատարում է տեսչական մարմինը` այդ ոլորտում լիազորված մարմնի հետ համաձայնեցված: Հրդեհների և դրանց հետևանքների պետական միասնական հաշվառման կանոնները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(10-րդ հոդ. խմբ. 09.07.20 ՀՕ-370-Ն օրենք)

 

ԳԼՈՒԽ 2.
ՀՐԴԵՀԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 11. Հրդեհային պահպանության խնդիրները

 

Հրդեհային պահպանության հիմնական խնդիրներն են`

ա) հրդեհների կանխարգելման կազմակերպումը.

բ) հրդեհաշիջումը:

Հրդեհային պահպանությունն այլ խնդիրներ կարող է իրականացնել միայն օրենքով նախատեսված դեպքերում:

 

Հոդված 12. Հրդեհային պահպանության համակարգը

 

Հրդեհային պահպանության համակարգում ներառվում են`

ա) պետական հակահրդեհային ծառայությունը.

բ) գերատեսչական հրդեհային պահպանությունը.

բ.1) տեսչական մարմին.

գ) հրդեհային պահպանության հասարակական կազմավորումները:

(12-րդ հոդ. փոփ. 20.05.05 ՀՕ-108-Ն, 09.07.20 ՀՕ-370-Ն օրենքներ)

 

i
Հոդված 13. Պետական և տեսչական մարմինը հակահրդեհային ծառայությունը

 

Պետական հակահրդեհային ծառայությունն իր ուժերով ու միջոցներով կազմակերպում և ապահովում է հրդեհաշիջում ու վթարային-փրկարարական աշխատանքներ, սահմանված կարգով մշակում է բնակավայրերի և օբյեկտների հրդեհականխարգելիչ միջոցառումներ:

Հրդեհային պահպանության մարտական և ծառայողական կանոնագրքերը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հրդեհային անվտանգության ապահովման բնագավառում լիազորված մարմինն իրականացնում է պետական հակահրդեհային ծառայության ընդհանուր ղեկավարում:

Լիազորված մարմնի պետական հակահրդեհային ծառայության և տեսչական մարմնի աշխատակիցները կրում են տարբերանշաններ և համազգեստ` սահմանված Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

Տեսչական մարմինն իրականացնում է պետական վերահսկողություն հակահրդեհային նորմատիվ փաստաթղթերի պահանջների պահպանման նկատմամբ, օրենքով սահմանված կարգով կատարում է ստուգումներ, կիրառում է վարչական պատասխանատվության միջոցներ: Տեսչական մարմնի տված կարգադրագրերի, եզրակացությունների և կայացվող որոշումների ձևերը սահմանում է տեսչական մարմնի ղեկավարը: Հրդեհների և տեխնիկական անվտանգության վերաբերյալ գործերով դեպքի վայրի պահպանությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը:

(13-րդ հոդ. փոփ. 20.05.05 ՀՕ-108-Ն, 01.03.18 ՀՕ-135-Ն, 09.07.20 ՀՕ-370-Ն, 16.12.22 ՀՕ-485-Ն օրենքներ)

 

Հոդված 14. Հրդեհային պահպանության համակարգի ֆինանսավորումը և նյութատեխնիկական ապահովումը

 

Բնակավայրերն սպասարկող պետական հակահրդեհային ծառայության ստորաբաժանումների անձնակազմի դրամական բավարարումը, հրդեհային տեխնիկայի, սարքավորումների, վառելիքի, հրդեհաշիջման միջոցների, մարտական հագուստի, հանդերձանքի ձեռքբերման, շահագործման, անձնակազմի ուսուցման, ինչպես նաև այլ ծախսեր իրականացվում են պետական բյուջեից:

Կազմակերպությունները պահպանող գերատեսչական հրդեհային պահպանության ստորաբաժանումները պահպանելու, դրանք բնակելի տարածքներով ապահովելու և մյուս ծախսերն իրականացնում են համապատասխան կազմակերպությունները:

 

Հոդված 15. Հրդեհային պահպանության գույքը

 

Հրդեհային պահպանության գույքը հրդեհային պահպանության համակարգի վրա դրված խնդիրների կատարման համար անհրաժեշտ գույքն է, որի ցանկը սահմանում է պետական հակահրդեհային ծառայությունը:

Հրդեհային պահպանության մարմինների գույքը, անկախ նրա պատկանելությունից, կարող է օգտագործվել միայն ըստ տվյալ գույքի նպատակային նշանակության:

Նշված գույքի ոչ նպատակային օգտագործումն արտակարգ իրավիճակներում կարող են թույլատրել հրդեհային հսկողության մարմինները:

 

Հոդված 16. Պետական հակահրդեհային ծառայության ռազմականացված ստորաբաժանումները

 

Բնակավայրերը պահպանող պետական հակահրդեհային ծառայության ռազմականացված ստորաբաժանումներն ստեղծում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` պետական կառավարման համապատասխան տարածքային մարմինների ներկայացմամբ:

Կազմակերպությունները պահպանող պետական հակահրդեհային ծառայության ռազմականացված ստորաբաժանումներն ստեղծում է լիազորված մարմինը` այդ կազմակերպությունների ներկայացմամբ: Նշված ստորաբաժանումների անձնակազմի թվաքանակը որոշվում է պայմանագրային կարգով` ելնելով լիազորված մարմնի հաստատած նորմատիվներից:

 

Հոդված 17. Պետական հակահրդեհային ծառայության ոչ ռազմականացված ստորաբաժանումները

 

Բնակավայրերը պահպանող պետական հակահրդեհային ծառայության ոչ ռազմականացված ստորաբաժանումներն ստեղծվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Կազմակերպությունները պահպանող հակահրդեհային ծառայության ոչ ռազմականացված ստորաբաժանումներն ստեղծվում են պայմանագրային հիմունքներով` օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված 18. Գերատեսչական հակահրդեհային ծառայությունը

 

Պետական կառավարման մարմինները և կազմակերպությունները հրդեհային անվտանգության ապահովման նպատակով կարող են ստեղծել գերատեսչական հակահրդեհային ծառայության ստորաբաժանումներ:

Գերատեսչական հակահրդեհային ծառայության ստորաբաժանումները, որոնք ունեն արտագնա հրդեհային տեխնիկա, հաշվառվում են լիազորված մարմնի պետական հակահրդեհային ծառայությունում և օրենսդրությամբ սահմանված կարգով ներգրավվում են հրդեհաշիջման ու վթարային-փրկարարական աշխատանքներում:

Հրդեհաշիջման կազմակերպման և անձնակազմի պատրաստականության հարցերում գերատեսչական հակահրդեհային ծառայության ստորաբաժանումները ղեկավարվում են պետական հակահրդեհային ծառայության գործունեությունը կանոնակարգող նորմատիվ ակտերով:

 

Հոդված 19. Հրդեհային պահպանության հասարակական կազմավորումները

 

Հրդեհային պահպանության հասարակական կազմավորումները կարող են ստեղծվել օրենսդրությամբ սահմանված կարգով և աջակցել պետական կառավարման մարմիններին, կազմակերպություններին, քաղաքացիներին բնակավայրերում, ինչպես նաև օբյեկտներում` հրդեհների կանխման և հրդեհաշիջման գործում:

 

Հոդված 20.

Պետական հրդեհային հսկողությունը և վերահսկողությունը

 

1. Պետական հրդեհային հսկողությունը և վերահսկողությունն իրականացնում է տեսչական մարմինը` հրդեհային անվտանգության ոլորտին առնչվող նորմատիվ իրավական ակտերի և փաստաթղթերի (այդ թվում` նորմատիվատեխնիկական) պահանջների կատարումն ապահովելու, դրանց խախտումները կանխելու կամ բացահայտելու, ինչպես նաև հետևանքները վերացնելու նպատակով:

2. Տեսչական մարմինը պետական կառավարման, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, ինչպես նաև պաշտոնատար անձանց և քաղաքացիների կողմից հրդեհային անվտանգության ոլորտին առնչվող նորմատիվ իրավական ակտերի և փաստաթղթերի (այդ թվում` նորմատիվատեխնիկական) պահանջների կատարման նկատմամբ պետական հրդեհային հսկողություն և վերահսկողություն իրականացնելիս լիազորված է`

1) առաջարկություններ ներկայացնելու պետական կառավարման, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններ` հրդեհային անվտանգության միջոցառումների անցկացման վերաբերյալ.

2) հրդեհային անվտանգության ոլորտին առնչվող նորմատիվ իրավական ակտերի և փաստաթղթերի (այդ թվում` նորմատիվատեխնիկական) պահանջների կատարման և խախտումների կանխարգելման ուղղությամբ հսկողություն և վերահսկողություն իրականացնելու նպատակով անցկացնելու տարածքների, շենքերի, կառույցների, շինությունների և այլ օբյեկտների հետազոտություններ, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով ստուգումներ.

3) մասնակցելու շինարարության համար հրապարակների (ճանապարհների) ընտրության (տեղաբաշխման), ինչպես նաև ավարտված շինարարության (վերակառուցված) օբյեկտների շահագործումն ընդունող հանձնաժողովների աշխատանքներին.

4) հրդեհային անվտանգության ոլորտին առնչվող նորմատիվ իրավական ակտերի և փաստաթղթերի (այդ թվում` նորմատիվատեխնիկական) պահանջների բացակայության դեպքում հրդեհային անվտանգության պահանջների կատարման ուղղությամբ շենքերի, շինությունների շինարարության, վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման համար մշակելու և առաջարկելու լրացուցիչ հակահրդեհային միջոցառումներ.

5) հրդեհային անվտանգության պահանջները կատարելու համար կազմակերպությունների ղեկավարներին, պաշտոնատար անձանց և քաղաքացիներին տալու կատարման համար պարտադիր կարգադրագրեր` հրդեհային անվտանգության ոլորտին առնչվող նորմատիվ իրավական ակտերի և փաստաթղթերի (այդ թվում` նորմատիվատեխնիկական) պահանջների խախտումները վերացնելու, ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) հրդեհային անվտանգությունն ապահովելու, ապրանքներն արտադրությունից հանելու, դրանց թողարկումն արգելելու և իրացումը դադարեցնելու մասին.

6) հրդեհային անվտանգության ոլորտին առնչվող նորմատիվ իրավական ակտերի և փաստաթղթերի (այդ թվում` նորմատիվատեխնիկական) պահանջների այն խախտումների դեպքում, որոնք անմիջականորեն և ուղղակի սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման և մարդկանց անվտանգության համար`

ա. ամբողջովին կամ մասնակիորեն դադարեցնելու կազմակերպությունների, արտադրական տեղամասերի, առանձին ագրեգատների աշխատանքը,

բ. ամբողջովին կամ մասնակիորեն դադարեցնելու շենքերի, շինությունների շինարարության, վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման աշխատանքները,

գ. ամբողջովին կամ մասնակիորեն դադարեցնելու շենքերի, շինությունների և այլ օբյեկտների շահագործումը.

7) սույն հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով սահմանված լիազորությունների իրականացումն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված` տեսչական մարմնի ղեկավարի կողմից ընդունվող վարչական ակտի հիման վրա կապարակնքելու (կնքելու) առանձին ագրեգատ, շենք, շինություն կամ այլ օբյեկտ.

8) հրդեհային անվտանգության պահանջների և կանոնների խախտման համար օրենսդրությամբ սահմանված կարգով կիրառելու պատասխանատվության միջոցներ:

3. Հրդեհային անվտանգության գծով կատարման համար պարտադիր, ինչպես նաև հրդեհատեխնիկական արտադրանքի մշակման, թողարկման և շահագործման կարգը սահմանող նորմատիվ իրավական ակտերի և փաստաթղթերի մշակումն իրականացնում է համապատասխան ոլորտի քաղաքականությունը մշակող պետական կառավարման համակարգի մարմինը:

4. Պաշտպանության նախարարության և Ազգային անվտանգության ծառայության օբյեկտներում պետական հրդեհային հսկողությունն իրականացնում են համապատասխանաբար այդ մարմինները:

5. Դիվանագիտական և հյուպատոսական մարմինների օբյեկտներում պետական հրդեհային հսկողությունն իրականացնում են նշված հիմնարկների պաշտոնական ներկայացուցիչները կամ բացառապես վերջիններիս գրավոր պահանջի հիման վրա` տեսչական մարմինը:

6. Տեսչական մարմնի կողմից իր լիազորությունների շրջանակում կայացվող որոշումները, ցուցումները, կարգադրությունները և այլ իրավական ակտերի պահանջները պարտադիր են պետական կառավարման, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց համար:

7. Տեսչական մարմնի ղեկավարի ցուցումները և կարգադրությունները պարտադիր են տեսչական մարմնի ստորաբաժանումների պաշտոնատար անձանց համար` նրանց կողմից պետական հրդեհային հսկողություն և վերահսկողություն իրականացվելու ժամանակ: Այդ դեպքում այլ պաշտոնատար անձանց միջամտությունը նրանց գործունեությանը չի թույլատրվում:

8. Տեսչական մարմնի տված կարգադրագրերի, եզրակացությունների և կայացվող որոշումների` դրանցով սահմանված ժամկետում չկատարման դեպքում այն ստուգվող սուբյեկտի կողմից, որի սնանկ ճանաչվելու մասին վճիռն օրինական ուժի մեջ է մտել, կամ սկսվել է լուծարման գործընթաց, և միաժամանակ` տրված կարգադրագրերի, եզրակացությունների և կայացվող որոշումների չկատարման արդյունքով առկա է քաղաքացիների կյանքին, առողջությանն սպառնացող անմիջական վտանգ կամ բնական կամ տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակի առաջացման վտանգ, տեսչական մարմինը կարգադրագրերի, եզրակացությունների և կայացվող որոշումների չկատարման փաստն արձանագրելուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, դիմում է լիազորված մարմին` ներկայացնելով առաջարկություն տեսչական մարմնի իրականացրած վերահսկողական գործողությունների արդյունքով արձանագրված և սահմանված ժամկետում չվերացված խախտումները վերացնելու վերաբերյալ:

9. Լիազորված մարմինը սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված առաջարկությունն ստանալուց հետո` հինգ աշխատանքային օրվա ընթացքում, տեսչական մարմին ներկայացնում է տեղեկություն` տեսչական մարմնի իրականացրած վերահսկողական գործողությունների արդյունքով արձանագրված և սահմանված ժամկետում չվերացված խախտումներն իր կողմից վերացնելու նպատակով համապատասխան գործողությունների, դրանց կատարման համար անհրաժեշտ ժամկետների, ինչպես նաև համապատասխան գործողությունների կատարման նախնական ծախսերի հաշվարկի վերաբերյալ:

10. Լիազորված մարմինը սույն հոդվածի 9-րդ մասով սահմանված գործողությունների կատարման ավարտից հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, տեսչական մարմին ներկայացնում է տեղեկություն կատարված գործողությունների արդյունքների վերաբերյալ, իսկ ստուգվող սուբյեկտին ներկայացնում է արձանագրված խախտումների վերացման արդյունքով կատարված ֆինանսական ծախսերի փոխհատուցման պահանջ:

11. Սույն հոդվածի 10-րդ մասով նախատեսված փոխհատուցման պահանջն ստուգվող սուբյեկտի կողմից այն ստանալուց հետո` մեկամսյա ժամկետում, չկատարվելու դեպքում գանձումն իրականացվում է դատական կարգով:

(20-րդ հոդ. խմբ. 03.05.23 ՀՕ-165-Ն, լրաց. 24.05.23 ՀՕ-188-Ն օրենքներ)

 

Հոդված 20.1 

Տեսչական մարմնի` որոշակի գործողություններ կատարելուն պարտադրող կամ որոշակի գործողություններից ձեռնպահ մնալուն հարկադրող վարչական ակտերը և դրանց կատարումը

 

1. Հրդեհների առաջացման և մարդկանց անվտանգության համար անմիջականորեն և ուղղակի սպառնալիք ստեղծող իրադրությունները վերացնելուն ուղղված` սույն օրենքով սահմանված իր լիազորությունների (գործառույթների) արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով տեսչական մարմինն իրավասու է կայացնելու որոշակի գործողություններ կատարելուն պարտադրող կամ որոշակի գործողություններից ձեռնպահ մնալուն հարկադրող հետևյալ վարչական ակտերը (այսուհետ` սահմանափակող ակտ).

1) որոշում.

2) կարգադրագիր:

2. Սահմանափակող ակտը բովանդակում է`

1) տեսչական մարմնի լրիվ անվանումը.

2) սահմանափակող ակտի հասցեատիրոջ անունը, ազգանունը, իրավաբանական անձի դեպքում` լրիվ անվանումը.

3) սահմանափակող ակտի ընդունման տարին, ամիսը, ամսաթիվը և համարը.

4) սահմանափակող ակտով լուծվող հարցի նկարագրությունը.

5) սահմանափակող ակտի ընդունման իրավական հիմքը.

6) պարտադիր կատարման կամ ձեռնպահ մնալու ենթակա գործողությունների շարադրանքը.

7) սահմանափակող ակտի կատարման ժամկետը.

8) սահմանափակող ակտի գործողության ժամկետը.

9) սահմանափակող ակտն ընդունող պաշտոնատար անձի պաշտոնը, անունը, ազգանունը և ստորագրությունը (ձեռագիր կամ էլեկտրոնային).

10) սահմանափակող ակտի բողոքարկման ժամկետը և մարմինը, ներառյալ` դատարանը, որին կարող է այդ ակտը բողոքարկվել.

11) տեսչական մարմնի պաշտոնական կնիքը, եթե սահմանափակող ակտն ստորագրվել է ձեռագիր:

3. Սահմանափակող ակտը պարտադիր է դրա հասցեատերերի համար և ենթակա է կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում, իսկ սահմանված ժամկետում կամովին չկատարվելու դեպքում այն ենթակա է հարկադիր կատարման` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

4. Սահմանափակող ակտն ուժի մեջ մտնելու օրվանից ենթակա է կատարման ոչ ուշ, քան դրանով սահմանված ժամկետում, և վերադասության կարգով դրա բողոքարկումը չի կասեցնում դրա գործողությունը կամ կատարումը:

5. Սահմանափակող ակտը ներկայացվում է հարկադիր կատարման դրանում նշված ժամկետում չկատարվելու դեպքում այդ ժամկետը լրանալուց հետո` մեկամսյա ժամկետում:

6. Սահմանափակող ակտը հարկադիր կատարման ներկայացնելիս տեսչական մարմինը դրան կից ներկայացնում է այն հասցեատիրոջը հանձնելը կամ այլ կերպ պատշաճ ծանուցելը հավաստող ապացույցը և կատարման վերաբերյալ գրություն, որում նշվում են`

1) սահմանափակող ակտը հարկադիր կատարման ներկայացնելու տարին, ամիսը և ամսաթիվը.

2) սահմանափակող ակտի հիման վրա կատարման ենթակա գործողությունները կամ այն գործողությունները, որոնց կատարումից սահմանափակող ակտի հասցեատեր անձը պետք է ձեռնպահ մնա.

3) սահմանափակող ակտի ընդունման տարին, ամիսը, ամսաթիվը և համարը.

4) սահմանափակող ակտի հասցեատիրոջ անունը, ազգանունը, հայրանունը (առկայության դեպքում), իրավաբանական անձի դեպքում` լրիվ անվանումը, նրանց բնակության (գտնվելու վայրի) հասցեները, անձի անձնագրային տվյալները կամ հանրային ծառայությունների համարանիշը, իրավաբանական անձի` հարկ վճարողի հաշվառման համարը և պետական գրանցման կամ պետական հաշվառման համարը:

7. Սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված հարկադիր կատարման վերաբերյալ գրությունը և օրենքով նախատեսված այլ փաստաթղթեր կարող են հարկադիր կատարումն ապահովող ծառայություն ուղարկվել, և հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից փաստաթղթերը կարող են ստացվել օրենսդրությամբ սահմանված էլեկտրոնային եղանակով:

8. Սահմանափակող ակտը հարկադիր կատարման ներկայացնելը դրա հասցեատիրոջը չի ազատում սահմանափակող ակտի պահանջը չկատարելու համար նախատեսված պատասխանատվությունից:

(20.1-րդ հոդ. լրաց. 03.05.23 ՀՕ-165-Ն օրենք)

 

Հոդված 21. Հրդեհաշիջումը

 

Հրդեհաշիջումն իրենից ներկայացնում է մարտական գործողություններ, որոնք ուղղված են մարդկանց, գույքը փրկելուն, ինչպես նաև հրդեհները վերացնելուն:

Հրդեհաշիջման ժամանակ հակահրդեհային ծառայության աշխատակիցները կարող են անցկացնել անհրաժեշտ գործողություններ` մարդկանց անվտանգությունն ապահովելու, գույքը փրկելու ուղղությամբ, այդ թվում`

ա) օրվա ցանկացած ժամին մուտք գործել կազմակերպություններ, ինչպես նաև քաղաքացիների բնակելի տներ ու այլ շինություններ, որտեղ տարածվել կամ կարող է տարածվել հրդեհը, անհրաժեշտության դեպքում` բացել փակ դռները և պատուհանները, ինչպես նաև պատնեշող կառույցները` մարդկանց փրկելու և հրդեհաշիջման նպատակով.

բ) ժամանակավորապես սահմանափակել կամ արգելել տրանսպորտի երթևեկությունը և հետիոտնի անցուդարձը փողոցներով ու ճանապարհներով, ինչպես նաև քաղաքացիների մուտքը տեղանքի առանձին հատվածներ կամ օբյեկտներ, պարտավորեցնել քաղաքացիներին լքելու հրդեհաշիջման և վթարային-փրկարարական աշխատանքների տեղամասը.

գ) հրդեհաշիջման և վթարային-փրկարարական աշխատանքների կատարման ժամանակ, ծառայողական նպատակներով, սահմանված կարգով անարգել օգտվել կազմակերպությունների, ինչպես նաև քաղաքացիների կապի, տրանսպորտի միջոցներից (բացառությամբ հատուկ նշանակության, դիվանագիտական, հյուպատոսական, օտարերկրյա պետությունների ներկայացուցիչներին, միջազգային կազմակերպություններին պատկանող տրանսպորտային միջոցների), ջրի աղբյուրներից` վնասների փոխհատուցման պայմանով.

դ) հրդեհի վայր մեկնելիս օգտվել բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներով երթևեկության փաստաթղթեր արտահերթ ձեռք բերելու և հյուրանոցում ծառայողական վկայականով տեղավորվելու իրավունքից:

Հրդեհաշիջման ղեկավարին ենթարկվում են հրդեհի վայրում գտնվող հրդեհային պահպանության բոլոր ուժերն ու միջոցները: Պաշտոնատար անձինք և քաղաքացիները չեն կարող միջամտել նրա գործողություններին կամ չկատարել հրդեհաշիջմանը վերաբերող նրա կարգադրությունները:

Հրդեհաշիջման ղեկավարի` իր իրավասության շրջանակներում ներկայացրած պահանջները պարտադիր են կատարման բոլոր այն պաշտոնատար անձանց և քաղաքացիների համար, որոնց դրանք ուղղված են: Ղեկավարն իրավասու է անել կատարման համար պարտադիր կարգադրություններ հրդեհի գոտում գտնվող օբյեկտների, առանձին արտադրությունների, տեղամասերի, ագրեգատների աշխատանքի դադարեցման և սարքավորումների անջատման վերաբերյալ, հրդեհաշիջումը կազմակերպելու նպատակով հրդեհված օբյեկտի պաշտոնատար անձանցից ստանալ անհրաժեշտ տեղեկություններ վտանգավոր նյութերի առկայության և այլ առանձնահատկությունների վերաբերյալ:

Հրդեհաշիջման կազմակերպման և կատարման հիմնական դրույթները սահմանվում են հրդեհային պահպանության մարտական կանոնագրքով:

Հակահրդեհային ծառայության աշխատակիցները, օրենսդրությամբ սահմանված կարգով, պատասխանատվություն են կրում հրդեհաշիջման ժամանակ թույլ տրված սխալների, ինչպես նաև իրենց պարտականությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար:

 

Հոդված 22. Հակահրդեհային ծառայության և տեսչական մարմնի պաշտոնատար անձանց գործողությունների բողոքարկումը

 

Հակահրդեհային ծառայության և տեսչական մարմնի պաշտոնատար անձանց գործողությունները հրդեհային անվտանգության բնագավառում կարող են բողոքարկվել օրենսդրությամբ սահմանված կարգով:

Բողոքարկումը չի կասեցնում դրանց կատարումը:

(22-րդ հոդ. փոփ. 20.05.05 ՀՕ-108-Ն, 09.07.20 ՀՕ-370-Ն օրենքներ)

 

i
Հոդված 23. Պետական հակահրդեհային ծառայության աշխատակիցների և աշխատողների սոցիալական ապահովությունը

 

Պետական հակահրդեհային ծառայության ռազմականացված ստորաբաժանումների աշխատակիցների սոցիալական ապահովության հարցերը կարգավորվում են «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ իրավական ակտերով:

(23-րդ հոդ. փոփ. 20.05.05 ՀՕ-108-Ն, 09.07.20 ՀՕ-370-Ն օրենքներ)

 

ԳԼՈՒԽ 3.
ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

i
Հոդված 24. Հրդեհային անվտանգության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները

 

Հրդեհային անվտանգության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորություններն են`

ա) հրդեհային անվտանգության ուղղությամբ պետական քաղաքականության իրականացումը.

բ) հանրապետական նպատակային ծրագրերի հաստատումը և ֆինանսավորումը.

գ) հրդեհային անվտանգության, այդ թվում` հրդեհային պահպանության ապահովման ծախսերի մասով պետական բյուջեի պլանավորումը և կատարումը.

դ) պետական բյուջեի միջոցների հաշվին պահվող հրդեհային պահպանության կառավարման մարմինների, ստորաբաժանումների, հրդեհատեխնիկական գիտահետազոտական հիմնարկների և հրդեհատեխնիկական ուսումնական հաստատությունների ստեղծումը, վերակազմակերպումը և լուծարումը.

ե) հրդեհային անվտանգության ապահովման սոցիալական և տնտեսական խթանման իրականացման, այդ թվում` հրդեհատեխնիկական արտադրանքի արտադրության և գնման, ինչպես նաև հրդեհների դեմ պայքարում բնակչության մասնակցության ընդհանուր սկզբունքների սահմանումը.

զ) պետական բյուջեի միջոցների հաշվին պահվող հրդեհային պահպանության թվաքանակի սահմանումը.

է) այն կազմակերպությունների ցանկի սահմանումը (այդ թվում` պետական բյուջեի միջոցների հաշվին պահվող), որոնցում, համաձայն նորմերի, ստեղծվում է հրդեհային պահպանություն.

ը) պետական կարիքների համար հրդեհատեխնիկական արտադրանքի անվանացուցակի, թողարկման և մատակարարման ծավալի սահմանումը.

թ) հրդեհային պահպանության տարբերանշանների և համազգեստի սահմանումը:

 

i
Հոդված 25. Հրդեհային անվտանգության բնագավառում պետական կառավարման մարմինների լիազորությունները

 

Հրդեհային անվտանգության բնագավառում պետական կառավարման մարմինների լիազորություններն են`

ա) հրդեհային անվտանգության ապահովման բնագավառի նորմատիվ իրավական կարգավորումը, իրավական ակտերի մշակումը և պետական միջոցառումների իրականացումը.

բ) հրդեհային պահպանության ծառայությունների ստեղծումը և նրանց գործունեության կազմակերպումը.

գ) նպատակային ծրագրերի մշակումը և կատարման կազմակերպումը.

դ) հրդեհային անվտանգության ապահովման ուղղությամբ պետական հրդեհային հսկողության և այլ հսկողական գործառույթների իրականացումը.

i

ե) իրենց իրավասության սահմաններում հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի և հրդեհային անվտանգության վերաբերյալ այլ ակտերի մշակման կազմակերպումը և հաստատումը.

զ) հրդեհային անվտանգության ապահովման միջոցառումների մշակումը և իրականացումը.

է) գիտության և տեխնիկայի զարգացման կազմակերպումը, գիտական հետազոտությունների և մշակումների համակարգումը.

ը) տեղեկատվության, ինչպես նաև հրդեհների և դրանց հետևանքների վիճակագրական հաշվառման ապահովումը.

թ) հակահրդեհային քարոզչությունը և քաղաքացիների` հրդեհային անվտանգության միջոցառումների ուսուցումը.

ժ) հրդեհային պահպանության համար կադրերի պատրաստման, վերապատրաստման և որակավորման բարձրացման կազմակերպումը.

ժա) հրդեհատեխնիկական արտադրանքի արտադրությունը.

ժբ) հրդեհաշիջումը և դրա հետ կապված վթարային-փրկարարական աշխատանքների կատարումը.

ժգ) հակահրդեհային իրավիճակի վատթարացման դեպքում անհրաժեշտ ռեժիմի ապահովումը:

 

Հոդված 26. Հրդեհային անվտանգության բնագավառում տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները

 

1. Հրդեհային անվտանգության բնագավառում տեղական ինքնակառավարման մարմինների` պետության պատվիրակած լիազորություններն են`

ա) հրդեհների կանխման և հնարավոր հետևանքների նվազեցման ուղղությամբ միջոցների ձեռնարկումը.

բ) հրդեհային անվտանգության միջոցառումների կատարման, կազմակերպման և իրականացման աշխատանքներին աջակցելն ու օգնելը:

2. Հրդեհային անվտանգության բնագավառում տեղական ինքնակառավարման մարմինների կամավոր լիազորություններն են`

ա) հրդեհային անվտանգության ապահովման միջոցների ու կանոնների ուսուցումը բնակիչներին և նրանց ընդգրկումը հրդեհների կանխման ու հրդեհաշիջման աշխատանքներում.

բ) հրդեհային պահպանության հասարակական միավորումների գործունեությանն աջակցելը.

գ) հրդեհային անվտանգության ապահովման նկատմամբ հասարակական վերահսկողության կազմակերպումը.

դ) հակահրդեհային իրավիճակի վատթարացման դեպքում անհրաժեշտ ռեժիմի ապահովումը:

 

ԳԼՈՒԽ 4.
ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԵՎ ՕԲՅԵԿՏՆԵՐՈՒՄ

 

Հոդված 27. Բնակավայրերի և օբյեկտների հրդեհային անվտանգության ապահովման ընդհանուր պահանջները

 

Բնակավայրերը և օբյեկտները պետք է ապահովված լինեն հրդեհային պահպանությամբ, ինչպես նաև հակահրդեհային ջրամատակարարմամբ, շենքերին և շինություններին հարող մշտական գործող ճանապարհներով, կապի միջոցներով` համաձայն հակահրդեհային նորմատիվ փաստաթղթերի:

Շենքերի, շինությունների, կազմակերպությունների ծավալահատակագծային ու կառուցվածքային լուծումները, ինչպես նաև դրանց միջև անջրպետները պետք է ապահովեն մարդկանց անվտանգությունը և հրդեհների մարումը:

Բնակավայրերի բնակելի տարածքի սահմաններում պոտենցիալ վտանգավոր (հրդեհների աղետային զարգացման առումով) պահեստների և շինությունների, ինչպես նաև այրվող գազերով և հեղուկներով տարանցիկ խողովակաշարերի տեղաբաշխումն իրականացվում է նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի պահանջներին համապատասխան: Նշված օբյեկտների համար շինարարական հրապարակներն ընտրում են պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները` ելնելով հրդեհապայթունավտանգավորության փորձաքննության արդյունքներից:

 

Հոդված 28. Նորմատիվ փաստաթղթերի հրդեհային անվտանգության պահանջների կատարումն օբյեկտների նախագծման, շինարարության և շահագործման հանձնման ընթացքում

 

Օբյեկտների, այդ թվում` շենքերի և շինությունների նախագծման և շինարարության ընթացքում պետք է կատարվեն նորմատիվ փաստաթղթերով նախատեսված հրդեհային անվտանգության պահանջները: Շինարարությամբ, վերակառուցմամբ և տեխնիկական վերազինմամբ ավարտված օբյեկտները, այդ թվում` շենքերը և շինությունները, չեն կարող շահագործման հանձնվել, եթե այնտեղ չեն կատարվել նախագծով նախատեսված հակահրդեհային նորմատիվ փաստաթղթերի պահանջները:

Բնակելի, հասարակական, արտադրական շենքերի ու շինությունների, դրանց մասերի կամ համալիրների կառուցման, վերակառուցման, վերականգնման, ուժեղացման (ներառյալ` քանդման), արդիականացման նախագծերը համաձայնեցվում են պետական հրդեհային հսկողության մարմինների հետ:

 

Հոդված 29. Հրդեհային անվտանգության բնագավառում տեղեկատվության ապահովումը

 

Հրդեհային անվտանգության բնագավառում տեղեկատվության ապահովումն իրականացվում է հրդեհային անվտանգության ապահովման համակարգում այնպիսի հատուկ տեղեկատվության համակարգեր և տվյալների բանկեր (այսուհետ` տեղեկատվության համակարգ) ստեղծելու և օգտագործելու միջոցով, որոնք անհրաժեշտ են առաջադրված խնդիրների կատարման համար:

Հրդեհային անվտանգության մասին տեղեկությունները տեղեկատվության համակարգերում մտցնելու հիմքը և կարգը, ինչպես նաև դրանց հետ պաշտոնատար անձանց և քաղաքացիների ծանոթացման պայմաններն ու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հայաստանի Հանրապետության հիդրոօդերևութաբանության լիազորված մարմինները և մյուս պետական մարմինները պարտավոր են անմիջապես և անհատույց կարգով տեղեկացնել պետական հակահրդեհային ծառայությանը և տեսչական մարմնին հրդեհային անվտանգության համար անբարենպաստ դեպքերի և կանխագուշակումների մասին:

Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները պետք է տեղեկացնեն բնակչությանը հրդեհային անվտանգության ապահովման ուղղությամբ իրենց ընդունած որոշումների մասին և աջակցեն հրդեհատեխնիկական գիտելիքների տարածմանը:

(29-րդ հոդ. փոփ. 09.07.20 ՀՕ-370-Ն օրենք)

 

ԳԼՈՒԽ 5.
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

 

Հոդված 30. Կազմակերպությունների իրավունքները և պարտականությունները հրդեհային անվտանգության ապահովման բնագավառում

 

1. Կազմակերպություններն իրավունք ունեն`

ա) սահմանված կարգով ստեղծել, վերակազմակերպել և լուծարել հրդեհային պահպանության այն ստորաբաժանումները, որոնք պահվում են սեփական միջոցների հաշվին, այդ թվում` պետական հակահրդեհային ծառայության հետ պայմանագրի համաձայն.

բ) առաջարկություններ ներկայացնել պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններ` հրդեհային անվտանգության ապահովման ուղղությամբ.

գ) աշխատանքներ տանել ծագած հրդեհի հանգամանքներն ու պատճառները պարզելու ուղղությամբ.

դ) տեղեկություններ ստանալ հրդեհային անվտանգության հարցերով, այդ թվում` հրդեհային պահպանության կառավարման մարմիններից և ստորաբաժանումներից:

2. Կազմակերպությունները պարտավոր են`

ա) կատարել հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջները, ինչպես նաև կատարել հրդեհային պահպանության մարմինների պաշտոնատար անձանց կարգադրությունները, որոշումները և այլ օրինական պահանջները.

բ) մշակել և իրագործել միջոցառումներ` հրդեհային անվտանգության ապահովման ուղղությամբ.

գ) կոլեկտիվ պայմանագրերում (համաձայնագրերում) ներառել հրդեհային անվտանգության հարցերը.

դ) սարքին վիճակում պահել հակահրդեհային համակարգերը և միջոցները, այդ թվում` հրդեհաշիջման առաջնային միջոցները, արգելել դրանց ոչ նպատակային օգտագործումը.

ե) հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների համաձայն, սահմանված կարգով, ստեղծել հրդեհային պահպանության ղեկավարման մարմիններ և ստորաբաժանումներ, այդ թվում` պետական հակահրդեհային ծառայության հետ կնքված պայմանագրերով.

զ) աջակցել հրդեհային պահպանությանը` հրդեհաշիջման, հրդեհների ծագման պատճառների և պայմանների բացահայտման, ինչպես նաև հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերը խախտած և հրդեհների առաջացման մեջ մեղավոր անձանց հայտնաբերման ուղղությամբ տարվող աշխատանքներում.

է) կազմակերպության տարածքում հրդեհաշիջման ժամանակ, սահմանված կարգով, հրդեհաշիջմանը մասնակցած անձանց տրամադրել անհրաժեշտ ուժեր և միջոցներ, վառելիքաքսուքային նյութեր, ինչպես նաև սննդամթերք և հանգստյան վայր` փոխհատուցման պայմանով.

ը) իրենց ծառայողական պարտականությունները կատարող հրդեհային պահպանության պաշտոնատար անձանց ապահովել կազմակերպության տարածք, շենքեր, շինություններ և այլ օբյեկտներ մուտք գործելու հնարավորությամբ.

թ) տեսչական մարմնի պաշտոնատար անձանց պահանջով ներկայացնել տեղեկություններ և փաստաթղթեր կազմակերպության հրդեհային անվտանգության վիճակի, այդ թվում` իրենց արտադրանքի հրդեհային վտանգավորության, ինչպես նաև նախկինում իրենց տարածքում տեղի ունեցած հրդեհների և դրանց հետևանքների մասին.

ժ) հրդեհային պահպանության մարմիններին անհապաղ տեղյակ պահել ծագած հրդեհների, հակահրդեհային համակարգերում կամ միջոցներում տեղ գտած անսարքությունների, ճանապարհների և անցուղիների վիճակի փոփոխման մասին:

(30-րդ հոդ. փոփ. 20.05.05 ՀՕ-108-Ն, 09.07.20 ՀՕ-370-Ն օրենքներ)

 

Հոդված 31. Քաղաքացիների իրավունքները և պարտականությունները հրդեհային անվտանգության ապահովման բնագավառում

 

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք իրավունք ունեն`

ա) պաշտպանել իրենց կյանքը, առողջությունը և գույքը հրդեհներից.

բ) օրենքով սահմանված կարգով ստանալ հրդեհի հետևանքով առողջությանը և գույքին պատճառված վնասի հատուցում կամ ապահովագրական հատուցում.

գ) պետական հրդեհային հսկողության մարմիններից ստանալ անհրաժեշտ բացատրություններ և խորհրդատվություն` հրդեհային անվտանգության վերաբերյալ.

դ) իրենց մասնակցությունը ցուցաբերել հրդեհային անվտանգության ապահովման բնագավառում, այդ թվում` հրդեհային պահպանության հասարակական միավորումների միջոցով.

ե) աջակցել հրդեհի առաջացման պատճառների բացահայտմանը:

2. Հրդեհային անվտանգության ապահովման բնագավառում քաղաքացիները պարտավոր են`

ա) կատարել հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջները.

բ) հրդեհը հայտնաբերելու դեպքում հայտնել այդ մասին հրդեհային պահպանության մարմիններին և, առանց իրենց համար զգալի վտանգի ու առանց այլ կարևոր պարտականությունների խանգարման, հնարավոր միջոցներ ձեռնարկել մարդկանց, գույքը փրկելու և հրդեհը մարելու համար.

գ) հնարավորություն տալ պետական հրդեհային հսկողության մարմինների պաշտոնատար անձանց, օրենքով սահմանված կարգով, հետազոտելու բնակելի և օժանդակ շինությունները:

 

ԳԼՈՒԽ 6.
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 32. Պատասխանատվությունը սույն օրենքը խախտելու համար

 

Սույն օրենքի խախտումն առաջացնում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված 33. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
15 մայիսի 2001 թ.
ՀՕ-176

 

 

pin
ՀՀ 18.04.2001
N ՀՕ-176 օրենք