ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
14 մայիսի 2026 թվականի N 647-Ն
ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական տուրքի մասին» օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետը, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. 2026 թվականի հոկտեմբերի 18-30-ը Երևանում կայանալիք` «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի (այսուհետ` կոնվենցիա) կողմերի 17-րդ միջազգային համաժողովին (այսուհետ` COP17 համաժողով) մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանող օտարերկրյա քաղաքացիներին, որոնց համար գործում է վիզային ռեժիմ, ազատել Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա (մինչև 21 օր) տրամադրելու համար նախատեսված պետական տուրքի վճարումից:
2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` սույն որոշման 1-ին կետում նշված օտարերկրյա քաղաքացիների վերաբերյալ տեղեկատվությունը կոնվենցիայի քարտուղարությունից ստացվելուն պես` անհապաղ փոխանցել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայություն:
3. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին` մինչև 2026 թվականի նոյեմբերի 20-ը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել հաշվետվություն սույն որոշման 1-ին կետում նշված պետական տուրքի չափի մասին:
4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` սույն որոշման 3-րդ կետում նշված հաշվետվությունը ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն` Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեով նախատեսված` Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից այդ հաշվետվության մեջ նշված գումարի չափով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը սույն որոշման 1-ին կետում նշված պետական տուրքի վճարումից ազատված անձանց մուտքի վիզաների համար նախատեսված պետական տուրքի գումարների փոխարեն Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելու նպատակով գումար հատկացնելու վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Մ. Գրիգորյան
2026 թ. մայիսի 14
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 14 մայիսի 2026 թվական: