Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ ՏՈՆԵՐԻ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐԻ ՄԱՍԻՆ» Օ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ ՏՈՆԵՐԻ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 մայիսի 2026 թվականի N 717-Լ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-1340-22.04.2026-ՊԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                  Մ. Գրիգորյան

 

2026 թ. մայիսի

Երևան

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-1340-22.04.2026-ՊԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ ստորև ներկայացնում է իր դիտարկումներն ու առաջարկությունները:

1. Նախագծի 1-ին հոդվածի համաձայն` Ամանոր և Սուրբ ծննդյան տոները նշվում են դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը: Այս առումով առաջարկում ենք «հունվարի 2-ը» բառերից հետո լրացնել «ներառյալ» բառը` տարընկալումներից խուսափելու նպատակով:

2. Նախագծի 10-րդ հոդվածի համաձայն` «Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր` նշվում է ապրիլի վերջին շաբաթ օրը: Մայիսի 1-ը երկուշաբթի լինելու դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրը նշվում է ապրիլի վերջին կիրակի օրը»:

Միաժամանակ գործող Օրենքի 4.1-ին հոդվածի համաձայն` «Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր` նշվում է ապրիլի վերջին շաբաթ օրը: Մայիսի 1-ը շաբաթ օրվա հետ համընկնելու դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրը նշվում է ապրիլի վերջին կիրակի օրը:»:

Այս առումով հիմնավորման մեջ չի ներկայացվել, թե ինչ իրավական կամ գործնական խնդիր է առաջացնում գործող կարգավորումը և ինչ նպատակ է հետապնդում առաջարկվող փոփոխությունը: Հաշվի առնելով վերոգրյալը` առաջարկվում է պահպանել գործող կարգավորումը:

Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ նման կարգավորման պարագայում, օրինակ` հաջորդող` 2027 թվականին ապրիլի վերջին շաբաթ օրը ապրիլի 24-ն է` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, ուստի, նախատեսված կարգավորումն առաջարկում ենք վերանայել և սահմանել որևէ հստակ օր` որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր` հետագայում այսպիսի (հիշատակի և տոն օրերի) համընկնումներից խուսափելու համար:

3. Նախագծի 11-րդ հոդվածում առաջարկում ենք «Հայ կինոյի օր` նշվում է ապրիլի 13-ին» բառերը փոխարինել «Հայ կինոյի օր` նշվում է ապրիլի 16-ին» բառերով:

4. Նախագծի 15-րդ հոդվածի վերնագրում և տեքստում «Երկրապահաշխարհազորայինի» բառերը անհրաժեշտ է փոխարինել «Երկրապահի» բառով, քանի որ «աշխարհազորային» եզրույթը օրենսդրորեն ամրագրված չէ:

5. Նախագծի 22-րդ հոդվածի համաձայն` «Խորհրդային տարիներին բռնադատվածների հիշատակի օր` նշվում է հունիսի 14-ին:»: Արդյունքում, նոր խմբագրությամբ լրացվում է «խորհրդային տարիներին» ձևակերպումը: Հարկ է նկատել, որ «Բռնադատվածների մասին» օրենքի 1-ին հոդվածն արդեն իսկ սահմանում է անձանց այն շրջանակը, որոնք կարող են համարվել բռնադատված: Ուստի, Նախագծում կոնկրետ ժամանակաշրջանի մասին նշում կատարելու անհրաժեշտությունը բացակայում է, հետևաբար առաջարկում ենք նոր խմբագրությամբ լրացվող ձևակերպումները հանել:

6. Նախագծի 29-րդ հոդվածի վերաբերյալ հայտնում ենք, որ «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի 18-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի N 822-Ն որոշման համաձայն` Երևանի օրը նշվում է հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը:

Երևանի օրը նշելու ամսվա և օրվա ընտրությունն ունի ոչ միայն պատմական, այլ նաև խորհրդանշական կարևոր նշանակություն: «Էրեբունի-Երևան»-ի առաջին պաշտոնական տոնակատարությունը` մայրաքաղաքի հիմնադրման 2750-րդ տարեդարձը, անց է կացվել 1968 թվականի հոկտեմբերին: Հոբելյանական հանդիսությունները տևել են մոտ մեկ շաբաթ: Միջոցառումները շատ էին, բազմազան ու բովանդակալից. Հրատարակվել են Երևանի պատմությունը ներկայացնող նոր գրքեր, էկրան բարձրացել Երևանի առօրյան արտացոլող նոր ֆիլմեր, բացվել ցուցահանդեսներ, ստեղծվել Երևանի մասին նոր երգեր, թողարկվել բազմապիսի հոբելյանական հուշանվերներ, որոնք այժմ էլ հիշեցնում են այդ շքեղ տոնակատարության մասին:

Քաղաքի հրապարակներում, պողոտաներում, այգիներում, պուրակներում ու փողոցներում պատրաստված բեմահարթակների վրա մի քանի օր շարունակվել են արվեստի խմբերի համերգները, երգի ու ցնծության հանդեսները: Ավանդական դարձած այս տոնը տարեցտարի դարձել է ավելի բազմաբնույթ, ավելի ժողովրդական:

Էրեբունիի հիմնադրման 2750-ամյակը անցկացվել է հոկտեմբերի սկզբին, և հետո այդ ժամանակահատվածը դարձել է ավանդական: Բայց ընտրությունը նաև գործնական ու մշակութային հիմքեր ունի հոկտեմբերի երկրորդ շաբաթը Երևանում համարվում է ամենահարմար «քաղաքային տոնի եղանակը»` մեղմ աշուն, լի փողոցներ, մշակութային ակտիվ շրջան: Ավանդաբար այս տոնը դարձել է ոչ միայն քաղաքի, այլև ամբողջ երկրի սիրելի միջոցառումը, որը համախմբում է հազարավոր մարդկանց` հիշեցնելով, որ Երևանը ոչ միայն պատմություն ունի, այլև զգացողություն է` սեր, հիշողություն և մշտապես նոր ծնվող էներգիա: Տոնի առթիվ քաղաքում կազմակերպվում են մի շարք փառատոներ, երաժշտական միջոցառումներ և տոնական համերգներ:

Նկատի ունենալով վերոգրյալը` հայտնում ենք, որ Երևանի օրվա վերաբերյալ կարգավորումներն անհրաժեշտ է թողնել անփոփոխ: Բացի այդ, օրենքում ամրագրելու դեպքում` առաջարկում ենք նախատեսել կարգավորումներ, որոնք հնարավորություն կտան, անհրաժեշտության դեպքում, ավագանու որոշմամբ Երևանի օրը տեղափոխելու մեկ այլ օր:

7. Նախագծի 26-րդ հոդվածի համաձայն սահմանվում է Նավասարդը, ըստ այդմ` «Նավասարդ` ազգային ավանդույթների, մշակույթի և համայն աշխարհի հայերի միասնության օր` նշվում է օգոստոսի 11-ին:»: Ազգային տոնացույցի օրերից Նավասարդի ամրագրումը Նախագծում կարող է հանգեցնել Օրենքի կարգավորման շրջանակի ընդլայնման, քանի որ հայկական ազգային և մշակութային տոնացույցում առկա են բազմաթիվ այլ ավանդական և ինքնության տեսանկյունից կարևոր օրեր ևս: Հետևաբար, մեկ առանձին օրվա օրենսդրական ամրագրումը կարող է հիմք ստեղծել նույնաբնույթ մյուս օրերը ևս օրենքում ներառելու անհրաժեշտության, ինչը դուրս կգա օրենքի կարգավորման առարկայի ընդհանուր տրամաբանությունից: Ուստի, առաջարկում ենք Նախագծի կարգավորման առարկայից հանել քննարկվող դրույթը:

8. Նախագծով 37-րդ հոդվածով առաջարկվում է Հայ Առաքելական Եկեղեցու կողմից նշվող հինգ տաղավար տոներին հաջորդող մեռելոց-հիշատակի օրերը սահմանել ոչ աշխատանքային օրեր: Նախաձեռնությունը միտված է ազգային-եկեղեցական ավանդույթների պահպանմանը և հասարակական համերաշխության ամրապնդմանը: Միաժամանակ, հարկ ենք համարում արձանագրել, որ ոչ աշխատանքային օրերի ավելացումը կարող է ունենալ մակրոտնտեսական, հարկաբյուջետային, արտադրողականության և գործարար միջավայրի վրա ազդեցություններ: Նախագծին կից ներկայացված հիմնավորումներում նման ազդեցությունների քանակական գնահատում առկա չէ, ինչի պայմաններում նախաձեռնության ընդունումը կարող է առաջացնել տնտեսական ակտիվության նվազման, հարկային եկամուտների հնարավոր կորստի, պետական և մասնավոր հատվածների լրացուցիչ ծախսերի, ինչպես նաև աշխատաժամանակի արդյունավետության նվազման ռիսկեր:

Միաժամանակ, կարևոր ենք համարում ընդգծել, որ միջազգային փորձը ևս միակարծիք չէ ոչ աշխատանքային օրերի ավելացման հարցում` ընդգծելով, որ արդյունքը կախված է երկրի տնտեսական կառուցվածքից, արտադրողականության մակարդակից, աշխատանքի շուկայի առանձնահատկություններից, հանրային հատվածի չափից և այլն: Մասնավորապես, Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի գրադարանի 2024 թվականի հետազոտությունն ընդգծում է, որ լրացուցիչ բանկային արձակուրդի ընդհանուր տնտեսական ազդեցությունը դժվար է ճշգրիտ չափել, սակայն այն ծախս է տնտեսության համար: 2022 թվականի ազդեցության գնահատմամբ` մեկ լրացուցիչ բանկային արձակուրդի` ՀՆԱ-ի վրա ունեցած ծախսը գնահատվել է շուրջ 2.4 մլրդ ֆունտ, միևնույն ժամանակ, փաստաթղթում ընդգծվում է, որ արտադրանքի կորուստը որոշ ոլորտներում կարող է մասամբ փոխհատուցվել մանրածախ առևտրի, հյուրանոցային և զբոսաշրջային ոլորտների աճով(1):

 

__________________

1) Annalise Murray, Cost of a bank holiday, Research Briefing, House of Commons Library, 18, September 2024, Number 5775, https://researchbriefings.files.parliament.uk/documents/SN05775/SN05775.pdf

 

Դանիայի պարագայում նկատվել է հակառակ միտումը. չեղարկվել է մեկ հանրային տոն` աշխատուժի առաջարկը, ՀՆԱ-ն և հարկաբյուջետային եկամուտները մեծացնելու նպատակով: Ընդ որում` ԱՄՀ-ի ուսումնասիրությամբ, Դանիայի դեպքում աշխատուժի առաջարկի ակնկալվող աճը գնահատվել է մոտ 0.14-0.34%(2):

 

__________________

2) Minasyan, Gohar. Cancellation of Public Holiday in Denmark. IMF selected Issues Paper (SIP/2023/053). Washington, D. C.: International Monetary Fund, https://www.imf.org/-/media/files/publications/selected-issues-papers/2023/ english/sipea2023053.pdf

 

Գերմանիայի վերաբերյալ կատարված ուսումնասիրությունը ևս ընդգծում է, որ մեկ հանրային տոնի տարեկան ՀՆԱ-ի վրա ազդեցությունը կարող է լինել մոտ 0.055- 0.28%` կախված այն հանգամանքից, թե տնտեսության որ հատվածներն է այն ընդգրկում(3):

 

__________________

3) Brull, E. (2026). Holy days, lost days? (ZEW Discussion Paper No. 25-056). ZEW - Leibniz Centre for European Economic Research. https://www.zew.de/fileadmin/FTP/dp/dp25056.pdf

 

Դիտարկված միջազգային փորձը ցույց է տալիս, որ միջազգային լավագույն մոտեցումը ոչ թե ոչ աշխատանքային օրերի մեխանիկական ավելացումն է, այլ նախնական ազդեցության գնահատումը, ոլորտային վերլուծությունը, պետական և մասնավոր հատվածների ծախսերի հաշվարկը և այլընտրանքային լուծումների դիտարկումը:

Եթե Նախագծի նպատակը սոցիալական բարեկեցության, հանգստի, ընտանեկան կյանքի և աշխատանք-կյանք հավասարակշռության բարելավումն է, ապա կարող են դիտարկվել պակաս ծախսատար և ավելի թիրախային լուծումներ, մասնավորապես`

Մեռելոց-հիշատակի օրերը կարող են պահպանվել որպես հիշատակի օրեր` առանց համընդհանուր ոչ աշխատանքային կարգավիճակի: Սա թույլ կտա պահպանել մշակութային և հասարակական նշանակությունը` առանց տարեկան արդյունավետ աշխատաժամանակի կրճատման:

Կարելի է կիրառել աշխատանքային օրերի տեղափոխման մեխանիզմ` այնպես, որ լրացուցիչ հանգստյան օրերը չավելացնեն տարվա ընդհանուր ոչ աշխատանքային օրերի թիվը: Գործող օրենքն արդեն նախատեսում է, որ տոների և հիշատակի օրերի հետ կապված Կառավարությունը կարող է աշխատանքային օրերը տեղափոխել:

Նույն դիտարկումը վերաբերում է Նախագծի 39-րդ հոդվածին, որի նոր խմբագրության պարագայում կարգավորումն ստացվում է, որ Կառավարության որոշմամբ կարող են սահմանել ոչ աշխատանքային օրեր, առանց աշխատանքային օրերի տեղափոխման, միաժամանակ, դրույթը լրացվում է հետևյալ ձևակերպումներով` «բայց ոչ ի հաշիվ հաջորդող կամ նախորդող հանգստյան օրերի»: Նախ, պարզաբանման կարիք ունի «ի հաշիվ» ձևակերպումը, որովհետև եթե նկատի է առնվում հանգստյան օրն աշխատանքային համարելու հնարավորությունը, ապա այդպես պետք է նշել: Բացի այդ, վերահաստատելով արձանագրումն առ այն, որ ոչ աշխատանքային օրերի ավելացումը կարող է ունենալ մակրոտնտեսական, հարկաբյուջետային, արտադրողականության և գործարար միջավայրի վրա ազդեցություններ, հարկ է հատուկ ընդգծել, որ Կառավարության որոշումներով կարող են սահմանվել նաև պետության համար կարևոր նշանակություն ունեցող առանձին օրերի հետ կապված կազմակերպական կամ աշխատանքային ռեժիմի առանձնահատկություններ (օրինակ` միջազգային կամ պետական նշանակության միջոցառումների, օրինակ վերջերս` Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի անցկացման օրերի կապակցությամբ), որոնք իրենց բնույթով չեն նույնացվում օրենքով սահմանված տոների կամ հիշատակի օրերի ինստիտուտի հետ: Հետևաբար, առաջարկվում է Նախագծից հանել քննարկվող կարգավորումը:

9. Նախագծի 40-րդ հոդվածի համաձայն` Ազգային փոքրամասնություններին պատկանող` Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կարող են նշել իրենց ազգային տոները և հիշատակի օրերը, եթե դրանք չեն հակասում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը: Հայաստանի Հանրապետության կառավարությունը, ազգային փոքրամասնությունների առաջարկով, որոշում է ազգային փոքրամասնությունների համար ոչ աշխատանքային օրերը: Նման խմբագրության արդյունքում, կարգավորումը լրացվում է նոր նախադասությամբ: Այս առումով, առաջարկում ենք վերանայել «որոշում է» ձևակերպումը` պահպանելով ոչ աշխատանքային օրերի քանակը չավելացնելու և աշխատանքային օրերի տեղափոխման գործող իրավական մեխանիզմի տրամաբանությունը:

Ամփոփելով վերոգրյալը, Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է Նախագծով նախատեսվող կարգավորումները վերանայել նշված դիտարկումների և առաջարկությունների համատեքստում:

 

_______________

ԻՐՏԵԿ - Ընդունող մարմնի կայքէջում (www.e-gov.am) պաշտոնական հրապարակման ամսաթիվ տրված չէ («Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք, հոդ. 23, մաս 7):

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.05.2026
N 717-Ա
Որոշում