ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
21 մայիսի 2026 թվականի N 706-Ն
ԼԱԲՈՐԱՏՈՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել լաբորատոր գործունեություն իրականացնող կազմակերպությունների ռեեստրի ձևավորման և վարման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 6 ամիս հետո:
3. Լաբորատոր-ախտորոշիչ գործունեության տեսակի լիցենզիա ունեցող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունները սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, իսկ լաբորատոր-ախտորոշիչ գործունեության տեսակի լիցենզիա չունեցող կազմակերպությունները համապատասխան լիցենզիան ստանալուց հետո 3 ամսվա ընթացքում լաբորատոր գործունեություն իրականացնող կազմակերպությունների ռեեստր են մուտքագրում սույն որոշման հավելվածով հաստատվող կարգի 6-րդ կետի 4-րդ և 9-րդ ենթակետերով սահմանված տեղեկատվությունը:
4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կազմում գործող լաբորատոր-ախտորոշիչ գործունեության տեսակի լիցենզիա ունեցող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունները սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 3 ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման համակարգի լիազոր մարմին են ներկայացնում սույն որոշման հավելվածով հաստատվող կարգի 11-րդ կետով սահմանված տեղեկատվությունը:
5. «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 3 ամսվա ընթացքում լաբորատոր գործունեություն իրականացնող կազմակերպությունների ռեեստր է մուտքագրում սույն որոշման հավելվածով հաստատվող կարգի 6-րդ կետի 7-րդ և 8-րդ ենթակետերով սահմանված տեղեկատվությունը:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Մ. Գրիգորյան
2026 թ. մայիսի 21
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2026 թվականի մայիսի 21-ի
N 706-Ն որոշման
ԿԱՐԳ
ԼԱԲՈՐԱՏՈՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՎԱՐՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում լաբորատոր գործունեություն իրականացնող կազմակերպությունների (այսուհետ` կազմակերպություն) ռեեստրի (այսուհետ` ռեեստր) ձևավորման և վարման հետ կապված հարաբերությունները:
2. Սույն կարգում կիրառված հասկացությունները գործածվում են «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքով սահմանված հասկացությունների իմաստով:
3. Ռեեստրը ձևավորվում և վարվում է առցանց միասնական էլեկտրոնային տվյալների շտեմարանի միջոցով, իսկ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կազմում գործող կազմակերպությունների մասով` թղթային եղանակով:
4. Ռեեստրի ձևավորման և վարման նպատակներն են`
1) կազմակերպությունների լաբորատոր կարողությունների վերաբերյալ միասնական համապարփակ տեղեկատվության հավաքագրումը, տեղեկատվության հասանելիության ապահովումը.
2) արտակարգ իրավիճակներում կազմակերպությունների հնարավորությունների գնահատումը և արագ արձագանքման կազմակերպումը.
3) կազմակերպությունների համագործակցության, տեղեկատվության փոխանակման բարելավումը:
5. Ռեեստրում առկա տեղեկատվությունը հասանելի է Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման համակարգի լիազոր մարմնին (այսուհետ` լիազոր մարմին), այդ թվում` «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (այսուհետ` պետական կազմակերպություն), կազմակերպություններին և ֆիզիկական անձանց: Ռեեստրում առկա տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կազմում գործող կազմակերպությունների մասով հասանելի է լիազոր մարմնի և պետական կազմակերպության այն աշխատակիցներին, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ունեն պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվություն և որոնց աշխատանքային պարտականություններից է բխում ռեեստրի տեղեկատվությանն առնչվելը:
2. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ
6. Ռեեստրը ներառում է հետևյալ տեղեկատվությունը`
1) կազմակերպության լրիվ անվանումը, գտնվելու վայրի հասցեն, անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` անունը, ազգանունը, գործունեության իրականացման վայրի հասցեն.
2) կազմակերպության հարկ վճարողի հաշվառման համարը.
3) կազմակերպության մասնաճյուղերի լրիվ անվանումները, գտնվելու վայրի հասցեները` առկայության դեպքում.
4) կազմակերպության կոնտակտային տվյալները, պաշտոնական ինտերնետային կայքէջի հղումը, իրականացվող հետազոտությունների ցանկը.
5) կազմակերպության լիցենզիայի համարը, վավերականության ժամկետը.
6) կազմակերպության բժշկական օգնության և սպասարկման լաբորատոր ախտորոշիչ գործունեության տեսակները.
7) կազմակերպության բժշկական օգնության և սպասարկման մակարդակները` առկայության դեպքում.
8) կազմակերպությունում որակի կառավարման համակարգի ներդրման վերաբերյալ լիազոր մարմնի ղեկավարի հրամանի համարը, ընդունման ամսաթիվը, կամ
9) կազմակերպության հավատարմագրման փաստը հավաստող հավատարմագրման վկայագրերի կամ սերտիֆիկացման փաստը հավաստող համապատասխանության սերտիֆիկատների վավերապայմանները` հավատարմագրման վկայագրի կամ համապատասխանության սերտիֆիկատի համարը, վավերականության ժամկետը, ում կողմից է տրված:
7. Ռեեստրի ձևավորումն իրականացվում է երկու եղանակով` տեղեկատվության մուտքագրման և տեղեկատվության ինքնաշխատ լրացման:
8. Սույն կարգի 6-րդ կետով սահմանված տեղեկատվությունը ռեեստրում լրացվում է ինքնաշխատ եղանակով` օրենսդրությամբ սահմանված կարգով տեղեկատվության սկզբնաղբյուր հանդիսացող բազաներից` բացառությամբ 4-րդ և 7-9-րդ ենթակետերով սահմանված տեղեկատվության: Սույն կարգի 6-րդ կետի 4-րդ և 9-րդ ենթակետերով սահմանված տեղեկատվությունը ռեեստր մուտքագրվում է կազմակերպությունների, իսկ սույն կարգի 6-րդ կետի 7-րդ և 8-րդ ենթակետերով սահմանված տեղեկատվությունը պետական կազմակերպության կողմից:
9. Կազմակերպությունների կողմից սույն կարգի 6-րդ կետի 4-րդ և 9-րդ ենթակետերով սահմանված տեղեկատվությունը, պետական կազմակերպության կողմից սույն կարգի 6-րդ կետի 7-րդ և 8-րդ ենթակետերով սահմանված տեղեկատվությունը ռեեստր մուտքագրելուց հետո, մուտքագրված տեղեկատվության փոփոխության անհրաժեշտության դեպքում, կազմակերպությունները և պետական կազմակերպությունը 5 աշխատանքային օրվա ընթացքում փոփոխում են իրենց կողմից ռեեստր մուտքագրված տեղեկատվությունը:
10. Կազմակերպությունների կողմից սույն կարգի 6-րդ կետի 4-րդ և 9-րդ ենթակետերով սահմանված տեղեկատվությունը ռեեստր մուտքագրելուց հետո, ինչպես նաև իրենց կողմից ռեեստր մուտքագրված տեղեկատվությունում փոփոխություն կատարելուց հետո կազմակերպությունները 5 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին էլեկտրոնային տարբերակով ծանուցում են լիազոր մարմնին:
3. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ
11. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կազմում գործող կազմակերպությունները լիազոր մարմնին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով թղթային տարբերակով ներկայացնում են հետևյալ տեղեկատվությունը`
1) կազմակերպության լրիվ անվանումը, գտնվելու վայրի հասցեն.
2) կազմակերպության հարկ վճարողի հաշվառման համարը.
3) կազմակերպության կոնտակտային տվյալները, իրականացվող հետազոտությունների ցանկը.
4) կազմակերպության լիցենզիայի համարը, վավերականության ժամկետը.
5) կազմակերպության բժշկական օգնության և սպասարկման լաբորատոր ախտորոշիչ գործունեության տեսակները.
6) կազմակերպության բժշկական օգնության և սպասարկման մակարդակները` առկայության դեպքում.
7) կազմակերպությունում որակի կառավարման համակարգի ներդրման վերաբերյալ լիազոր մարմնի ղեկավարի հրամանի համարը, ընդունման ամսաթիվը կամ հավատարմագրման փաստը հավաստող հավատարմագրման վկայագրերի կամ սերտիֆիկացման փաստը հավաստող համապատասխանության սերտիֆիկատների վավերապայմանները` հավատարմագրման վկայագրի կամ համապատասխանության սերտիֆիկատի համարը, վավերականության ժամկետը, ում կողմից է տրված:
12. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կազմում գործող կազմակերպությունների կողմից սույն կարգի 11-րդ կետով սահմանված տեղեկատվությունը լիազոր մարմնին ներկայացնելուց հետո, ներկայացված տեղեկատվության փոփոխության դեպքում, 5 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով թղթային տարբերակով ծանուցում են լիազոր մարմնին:
4. ՌԵԵՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
13. Ռեեստրի վարումն իրականացնում է լիազոր մարմինը` պետական կազմակերպության միջոցով: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կազմում գործող կազմակերպությունների ռեեստրի վարումն իրականացվում է պետական կազմակերպության գլխավոր տնօրենի կողմից նշանակված` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվություն ունեցող աշխատակցի կողմից:
14. Սույն կարգի 10-րդ և 12-րդ կետերով սահմանված կարգով ծանուցվելու, 11-րդ կետով սահմանված տեղեկատվությունը լիազոր մարմին ներկայացնելու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմինը` պետական կազմակերպության կամ պետական կազմակերպության գլխավոր տնօրենի կողմից նշանակված` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվություն ունեցող աշխատակցի միջոցով ստուգում է կազմակերպությունների կողմից ռեեստր մուտքագրված, ինչպես նաև լիազոր մարմին ներկայացված տեղեկատվությունը:
15. Սխալ, ոչ ամբողջական տեղեկատվության հայտնաբերման դեպքում լիազոր մարմինը 5 աշխատանքային օրվա ընթացքում կազմակերպությանը էլեկտրոնային, իսկ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կազմում գործող կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով թղթային տարբերակով ծանուցում է սխալների շտկման և տեղեկատվության համալրման համար:
16. Սույն կարգի 15-րդ կետով սահմանված կարգով ծանուցվելու պահից 5 աշխատանքային օրվա ընթացքում կազմակերպությունը ռեեստր է մուտքագրում, իսկ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կազմում գործող կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով թղթային տարբերակով լիազոր մարմին է ներկայացնում ճշգրտված տեղեկատվությունը:
Պաշտոնական հրապարակման օրը` 21 մայիսի 2026 թվական: