Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 1392-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 մայիսի 2026 թվականի N 714-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 1392-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(3-րդ մաս)

 

7. ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՆՐԱՆ ԱՄՐԱՑՎԱԾ ԳՈՒՅՔԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

140. Կրթահամալիրի սեփականությունը ձևավորվում է կրթահամալիրի հիմնադրման ժամանակ և հետագայում հիմնադրի կողմից սեփականության իրավունքով նրան հանձնվող, ինչպես նաև կրթահամալիրի գործունեության ընթացքում արտադրված և ձեռք բերված գույքից: Կրթահամալիրին կարող է ամրացվել գույք` համայնքի կամ պետության սեփականությունից` վերջինիս հետ կնքված գույքի կառավարման իրավունքի հիմքով: Կրթահամալիրն իրավունք ունի տնօրինել իրեն ամրացված գույքը` բացառապես իր կանոնադրական նպատակներին համապատասխան, առանց սեփականության իրավունքի փոխանցման: Գույքը չի կարող օգտագործվել առևտրային նպատակներով` բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի և չափերի: Ամրացված գույքը կարող է ներառել`

1) ուսումնական մասնաշենքեր, որոնք նախատեսված են հանրակրթական, նախադպրոցական, արտադպրոցական և մասնագիտական կրթության համար` ներառյալ դասարաններ, լսարաններ, փորձարարական և ստեղծագործական սրահներ.

2) համայնքային կենտրոնի ենթակառուցվածքներ, որոնք հնարավորություն են տալիս կրթահամալիրի` համայնքային զարգացման կենտրոնի գործառույթների իրականացմանը.

3) մարզադահլիճներ և հանդիսությունների դահլիճներ, որոնք ծառայում են կրթական, մշակութային, հանրային և համայնքային միջոցառումներին.

4) գրադարաններ, լաբորատորիաներ և գիտահետազոտական կենտրոններ` ներառյալ գիտական, տեխնոլոգիական և տեղեկատվական լաբորատորիաներ.

5) տրանսպորտային միջոցներ, որոնք ապահովում են սովորողների, աշխատողների տեղափոխումը և համայնքային միջոցառումների մասնակցության կազմակերպումը.

6) տեխնիկական միջոցներ, համակարգչային սարքավորումներ, հեռահաղորդակցման և աուդիովիզուալ տեխնիկա, որոնք անհրաժեշտ են կրթական, մշակութային, տեխնոլոգիական և ոչ ֆորմալ կրթության ծրագրերի իրականացման համար.

7) բացօթյա տարածքներ, այգիներ, խաղահրապարակներ և հանգստի գոտիներ, որոնք օգտագործվում են կրթական, մանկական, մարզական և համայնքային նպատակներով.

8) ջերմոցներ և այգեգործական հատվածներ, որոնք օգտագործվում են ոչ միայն ուսումնական, այլև համայնքային և ստեղծագործական նախագծերի իրականացման համար:

141. Կրթահամալիրն իրավունք ունի օրենքին, հիմնադրի որոշումներին և (կամ) իր կանոնադրությանը համապատասխան` իր հայեցողությամբ տիրապետել, տնօրինել և օգտագործել սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը: Կրթահամալիրի սեփականության իրավունքով պատկանող գույքի նկատմամբ հիմնադիրը չունի իրավունքներ` բացառությամբ պետական կազմակերպության լուծարումից հետո մնացած գույքի:

142. Կրթահամալիրն իրավունք ունի իրեն ամրացված գույքը պետության անունից` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի պահանջներին համապատասխան հանձնելու վարձակալության:

143. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի համաձայն` կրթահամալիրին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված տարածքների վարձակալությունից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե մուտքագրված միջոցներից կրթահամալիրի կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմնի միջոցով փոխանցված միջոցները կրթահամալիրը, որպես լրացուցիչ հատկացում, կարող է օգտագործել բացառապես իր կանոնադրական նպատակներով:

144. Կրթահամալիրի գործունեության ընթացքում առաջացած շահույթն օգտագործվում է սույն կանոնադրությամբ նախատեսված նպատակների իրագործման համար` Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 2-ի N 1579-Ն որոշմամբ սահմանված կարգին համապատասխան:

145. Կրթահամալիրի ֆինանսական միջոցները գոյանում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից:

146. Կրթահամալիրը կարող է իրականացնել ֆինանսատնտեսական գործունեություն, որն ուղղված է կրթական միջավայրի բարելավմանը, նոր ծրագրերի իրականացմանը և կրթական գործընթացի շարունակական զարգացմանը` հնարավորություն ստեղծելով համայնքի և քաղաքացիների մասնակցությամբ ձևավորելու ժամանակակից կրթական ծառայություններ` բավարարելով տարբեր տարիքային և սոցիալական խմբերի կրթական պահանջները:

147. Ֆինանսատնտեսական գործունեությունը ներառում է`

1) հատուկ կրթական ծրագրերի իրականացում համայնքի պատվերով (օրինակ` մասնագիտացված խմբակներ, շարունակական կրթություն մեծահասակների համար).

2) վճարովի խմբակների կազմակերպում` երաժշտություն, գեղարվեստ, թատրոն, տեխնոլոգիա, տեղեկատվական տեխնոլոգիաներ, լեզուներ, շախմատ, սպորտային ուղղություններ.

3) ամառային կամ ձմեռային կրթական ճամբարների կազմակերպում.

4) առցանց դասընթացների կամ հեռավար ուսուցման ծրագրերի իրականացում` քաղաքացիների պահանջարկից ելնելով.

5) հասարակական, մշակութային միջոցառումների կազմակերպում` տոնական համերգներ, ցուցահանդեսներ, գրական-թատերական հանդիպումներ.

6) կրթահամալիրի տարածքում գործող ռեսուրս-կենտրոնների կամ արհեստանոցների ծառայությունների մատուցում (օրինակ` կարի, մասնագիտական որևէ ուղղության, տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոններ).

7) բազմալեզու կրթական ծրագրերի տրամադրում` որպես համայնքի զարգացման ռազմավարության բաղադրիչ:

148. Ֆինանսատնտեսական գործունեությունն իրականացվում է թափանցիկության և հաշվետվողականության սկզբունքով: Համայնքի պատվերով իրականացվող ծրագրերի համար կրթահամալիրը կազմում է ֆինանսական և աշխատանքային հաշվետվություններ, որոնք հասանելի են համայնքին և շահագրգիռ կողմերին:

149. Կրթահամալիրը կարող է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած մրցութային կարգով և ուղիղ դրամաշնորհի ձևով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ստանալ լրացուցիչ ֆինանսավորում:

150. Կրթահամալիրի ֆինանսավորման լրացուցիչ աղբյուրներն են`

1) օրենքով կամ հիմնադրի սահմանած ձեռնարկատիրական գործունեությունից ստացված միջոցները.

2) բարեգործական, նպատակային ներդրումները, Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա կազմակերպությունների ու քաղաքացիների նվիրաբերություններն ու նվիրատվությունները.

3) համայնքի բյուջեից հատկացված միջոցներ` պատվերով ծառայությունների իրականացման նպատակով.

4) քաղաքացիների կողմից վճարվող գումարներ` հավելյալ կամ ընտրությամբ կրթական, մշակութային, սպորտային ծրագրերին մասնակցելու համար:

151. Կրթահամալիրի գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են հիմնադիրը, կրթության պետական կառավարման լիազորված մարմինը, ինչպես նաև օրենքով նախատեսված պետական կառավարման այլ մարմիններ: Կրթահամալիրում կրթության բնագավառի օրենսդրության պահպանման նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնում է հանրակրթության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը` օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում:

 

8. ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

152. Կրթահամալիրը վերակազմակերպվում և լուծարվում է օրենսդրությամբ սահմանված կարգով:

153. Կրթահամալիրը կարող է վերակազմակերպվել հարյուր տոկոս պետական մասնակցությամբ ընկերության կամ հիմնադրամի:

154. Կրթահամալիրի լուծարման դեպքում կրթահամալիրի պարտատերերի պահանջները բավարարելուց հետո դրամական միջոցները փոխանցվում են պետական բյուջե, իսկ այլ գույքը սեփականության իրավունքով փոխանցվում է Հայաստանի Հանրապետությանը` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության` բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:»:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 21 մայիսի 2026 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.05.2026
N 714-Ն
Որոշում