ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
27 մայիսի 2026 թվականի N 736-Ա
ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետը և 30-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող` Հայաստանի Հանրապետության մարզ Սյունիք, համայնք Գորիս, Գորիս քաղաք, Օրբելյանների փողոց 5/1 պոլիկլինիկա հասցեում գտնվող` 2369,16 քառ. մետր մակերեսով պոլիկլինիկայի շենքը, 20,2 քառ. մետր մակերեսով տարածքը, 36,7 քառ. մետր մակերեսով ավտոտնակը, 95,9 քառ. մետր մակերեսով ավտոտնակը, 16,5 քառ. մետր մակերեսով ավտոտնակը, 16,5 քառ. մետր մակերեսով ավտոտնակը և դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0,34214 հա և 0,0156 հա հողամասերը (սեփականության իրավունքի գրանցման վկայական N 29072024-09-0036, այսուհետ` անշարժ գույք) անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Գորիսի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը (գրանցման համարը` 222.120.00770, այսուհետ` ընկերություն):
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ընկերության հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)` դրանում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման ընկերության միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Մ. Գրիգորյան
2026 թ. մայիսի
Երևան