ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ
| Քաղ. Երևան |
26 մայիսի 2026 թ. |
«ՍՏՈՐՋՐՅԱ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՅՈՒՆԵՍԿՕ-Ի 2001 ԹՎԱԿԱՆԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Սահմանադրական դատարանը` կազմով.
դատավորներ` Արման Դիլանյանի (նախագահող),
Արտակ Զեյնալյանի,
Դավիթ Խաչատուրյանի,
Երվանդ Խունդկարյանի,
Հովակիմ Հովակիմյանի (զեկուցող),
Էդգար Շաթիրյանի,
Սեդա Սաֆարյանի,
Արթուր Վաղարշյանի,
Վլադիմիր Վարդանյանի,
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`
Կառավարության ներկայացուցիչ` Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի
նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի,
համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի, 40 և 74-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց ««Ստորջրյա մշակութային ժառանգության պաշտպանության մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2001 թվականի կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Կառավարությունն իր` 2026 թվականի մարտի 19-ի N 312-Ա որոշմամբ հավանություն է տվել «Ստորջրյա մշակութային ժառանգության պաշտպանության մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2001 թվականի կոնվենցիան վավերացնելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Կառավարության օրենսդրական նախաձեռնությանը և որոշել է նշված կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով դիմել Սահմանադրական դատարան:
Գործի քննության առիթը Կառավարության` 2026 թվականի մարտի 20-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:
Ուսումնասիրելով վերոնշյալ կոնվենցիան, հետազոտելով սույն գործով Կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը` Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. «Ստորջրյա մշակութային ժառանգության պաշտպանության մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2001 թվականի կոնվենցիան (այսուհետ` Կոնվենցիա) ընդունվել է 2001 թվականի նոյեմբերի 2-ին Փարիզում` ստորջրյա մշակութային ժառանգության պաշտպանության ապահովման և ամրապնդման նպատակով:
2. «Ստորջրյա մշակութային ժառանգություն» նշանակում է մարդկային գոյության բոլոր այն հետքերը, որոնք ունեն մշակութային, պատմական կամ հնագիտական բնույթ, և որոնք առնվազն 100 տարվա ընթացքում պարբերաբար կամ անընդհատ մասամբ կամ ամբողջությամբ գտնվել են ջրի տակ (հոդված 1, կետ 1):
3. Կոնվենցիայի անբաժանելի մաս է կազմում «Ստորջրյա մշակութային ժառանգությանն ուղղված գործողության վերաբերյալ կանոնները» վերտառությամբ Հավելվածը:
4. Կոնվենցիայով Հայաստանի Հանրապետությունը, փոխադարձության հիման վրա, ստանձնում է մի շարք պարտավորություններ, մասնավորապես`
4.1. ստորջրյա մշակութային ժառանգության պաշտպանության ոլորտում համագործակցել այն պետությունների հետ, որոնք համաձայնել են, որ սույն Կոնվենցիան պարտադիր է իրենց համար, և որոնց համար սույն Կոնվենցիան գործում է (այսուհետ` Կողմ պետություններ) (հոդված 2, կետ 2),
4.2. պահպանել ստորջրյա մշակութային ժառանգությունն ի շահ մարդկության` Կոնվենցիայի դրույթների համաձայն (հոդված 2, կետ 3),
4.3. Կոնվենցիային և միջազգային իրավունքին համապատասխան` առանձին կամ մյուս Կողմ պետությունների հետ, ըստ անհրաժեշտության, ձեռնարկել բոլոր համապատասխան միջոցները, որոնք անհրաժեշտ են ստորջրյա մշակութային ժառանգության պաշտպանության համար` այդ նպատակով Հայաստանի Հանրապետության տրամադրության տակ գտնվող լավագույն իրագործելի միջոցների օգտագործմամբ և Հայաստանի Հանրապետության կարողություններին համապատասխան (հոդված 2, կետ 4),
4.4. երաշխավորել, որ դուրս բերված ստորջրյա մշակութային ժառանգությունն ի պահ կհանձնվի, կպահվի և կկառավարվի այնպես, որ ապահովվի դրա երկարաժամկետ պահպանումը (հոդված 2, կետ 6),
4.5. ստորջրյա մշակութային ժառանգությունը չշահագործել առևտրային նպատակով (հոդված 2, կետ 7),
4.6. ապահովել, որ ծովային ջրերում գտնվող բոլոր մասունքների նկատմամբ ցուցաբերվի պատշաճ հարգանք (հոդված 2, կետ 9),
4.7. օգտագործել Հայաստանի Հանրապետության տրամադրության տակ գտնվող լավագույն իրագործելի միջոցները` կանխելու կամ մեղմելու ցանկացած վնասակար ազդեցություն, որը կարող է առաջանալ Հայաստանի Հանրապետության իրավազորության ներքո իրականացվող գործողություններից` պատահականորեն ազդելով ստորջրյա մշակութային ժառանգության վրա (հոդված 5),
4.8. պատասխանատվություն կրել բացառիկ տնտեսական գոտում և մայրցամաքային շելֆում ստորջրյա մշակութային ժառանգության պաշտպանության համար` համաձայն Կոնվենցիայի (հոդված 9, կետ 1, պարբերություն 1),
4.9. որպես Համակարգող պետություն` իրականացնել Խորհրդակցություն տրամադրող պետությունների, այդ թվում` Համակարգող Հայաստանի Հանրապետության կողմից համաձայնեցված պաշտպանության միջոցառումներ, եթե Խորհրդակցություն տրամադրող պետությունները, այդ թվում` Համակարգող Հայաստանի Հանրապետությունը, չեն համաձայնել, որ այդ միջոցառումներն իրականացնի մեկ այլ Կողմ պետություն, ինչպես նաև տրամադրել բոլոր անհրաժեշտ թույլտվությունները նման համաձայնեցված միջոցառումների համար` համաձայն Կանոնների, եթե Խորհրդակցություն տրամադրող պետությունները, որոնց թվում է նաև Համակարգող Հայաստանի Հանրապետությունը, չեն համաձայնում, որ այդ թույլտվությունները տրամադրի մեկ այլ Կողմ պետություն (հոդված 10, կետ 5, ենթակետեր «ա և բ»),
4.10. պատասխանատվություն կրել, Շրջանում գտնվող ստորջրյա մշակութային ժառանգությունը պաշտպանելու համար` Կոնվենցիային և «Ծովային իրավունքի մասին» Միավորված ազգերի կազմակերպության կոնվենցիայի 149-րդ հոդվածին համապատասխան, իսկ երբ Հայաստանի Հանրապետության որևէ քաղաքացի կամ Հայաստանի Հանրապետության դրոշը կրող որևէ նավ հայտնաբերի Շրջանում գտնվող ստորջրյա մշակութային ժառանգություն կամ մտադիր լինի իրականացնել դրան ուղղված գործողություններ, ապա պահանջել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին կամ նավապետը Հայաստանի Հանրապետությանը հաղորդի նման հայտնաբերման կամ գործողության մասին (հոդված 11, կետ 1),
4.11. ծանուցել Միջազգային ծովի հատակի մարմնի գլխավոր տնօրենին և գլխավոր քարտուղարին Կոնվենցիայի 11-րդ հոդվածի 1-ին կետով նշված հայտնաբերման կամ գործողության մասին, որ հաղորդվել է Հայաստանի Հանրապետությանը (հոդված 11, կետ 2),
4.12. ապահովել, որ ինքնիշխան անձեռնմխելիությամբ օժտված, ոչ առևտրային նպատակներով գործող Հայաստանի Հանրապետության ռազմանավերի և այլ պետական նավերի կամ ռազմական օդանավերի շահագործումը կամ շահագործման հնարավորությունները չխաթարող համապատասխան միջոցների ընդունմամբ դրանք, որքանով դա ողջամիտ և իրագործելի է, համապատասխանեն Կոնվենցիայի 9-րդ, 10-րդ, 11-րդ և 12-րդ հոդվածների դրույթներին (հոդված 13),
4.13. ձեռնարկել միջոցներ` կանխելու ապօրինի արտահանված և (կամ) դուրս բերված ստորջրյա մշակութային ժառանգության` Հայաստանի Հանրապետություն մուտք գործելը, առուվաճառքը կամ տիրապետումն այն դեպքում, երբ դուրսբերումը հակասում է Կոնվենցիային (հոդված 14),
4.14. ձեռնարկել բոլոր իրագործելի միջոցները` ապահովելու համար, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և Հայաստանի Հանրապետության դրոշը կրող նավերը Կոնվենցիային չհամապատասխանող եղանակով չզբաղվեն ստորջրյա մշակութային ժառանգության դեմ ուղղված որևէ գործողությամբ (հոդված 16),
4.15. կիրառել պատասխանատվության միջոցներ` Կոնվենցիան իրականացնելու համար ձեռնարկված միջոցները խախտելու համար, ինչպես նաև ապահովել, որ խախտումների համար կիրառվող պատասխանատվության միջոցները լինեն համարժեք խստության, որ արդյունավետորեն ապահովեն Կոնվենցիայի դրույթներին համապատասխանությունը և կանխեն խախտումները` անկախ դրանց կատարման վայրից, ինչպես նաև զրկեն խախտողներին իրենց ապօրինի գործողություններից բխող որևէ օգուտից (հոդված 17, կետեր 1 և 2),
4.16. համագործակցել մյուս Կողմ պետությունների հետ` ապահովելու Կոնվենցիայի 17-րդ հոդվածի համաձայն կիրառված պատասխանատվության միջոցների իրականացումը (հոդված 17, կետ 3),
4.17. ծանուցել, Գլխավոր տնօրենին և ցանկացած այլ պետությանը, որն ունի ստուգելի, հատկապես` մշակութային, պատմական կամ հնագիտական կապ տվյալ ստորջրյա մշակութային ժառանգության հետ, Կոնվենցիայի համաձայն Հայաստանի Հանրապետության կողմից իրականացված` ստորջրյա մշակութային ժառանգության ցանկացած բռնագրավման մասին (հոդված 18, կետ 3),
4.18. ստորջրյա մշակութային ժառանգությունը բռնագրավելու դեպքում ապահովել, որ դրա տնօրինումը ծառայի հօգուտ հանրային շահի` հաշվի առնելով պահում և հետազոտություն իրականացնելու անհրաժեշտությունը, ցրված հավաքածուները կրկին որպես մեկ ամբողջություն հավաքելու անհրաժեշտությունը, հանրային մատչելիության, ցուցադրության և կրթության ապահովման անհրաժեշտությունը, ինչպես նաև ցանկացած պետության շահերը, որը տվյալ ստորջրյա մշակութային ժառանգության նկատմամբ ունի ստուգելի, հատկապես` մշակութային, պատմական կամ հնագիտական կապ (հոդված 18, կետ 4),
4.19. համագործակցել և փոխադարձ օգնություն ցույց տալ Կողմ պետություններին` Կոնվենցիայի շրջանակներում ստորջրյա մշակութային ժառանգության պաշտպանության և կառավարման ոլորտում, այդ թվում` համագործակցել, եթե դա իրագործելի է, տվյալ ժառանգության քննության, պեղումների, փաստաթղթավորման, պահման, ուսումնասիրության և հանրահռչակման ոլորտներում (հոդված 19, կետ 1),
4.20. փոխանակել տեղեկություններ մյուս Կողմ պետությունների հետ ստորջրյա մշակութային ժառանգության վերաբերյալ, այդ թվում` ժառանգության հայտնաբերման, ժառանգության գտնվելու վայրի, Կոնվենցիային հակասող եղանակով կամ այլ կերպ միջազգային իրավունքի խախտմամբ պեղված կամ դուրս բերված ժառանգության, վերաբերելի գիտական մեթոդաբանության ու տեխնոլոգիաների, ինչպես նաև տվյալ ժառանգությանն առնչվող իրավական զարգացումների վերաբերյալ` այնքանով, որքանով դա համապատասխանում է Կոնվենցիայի նպատակներին (հոդված 19, կետ 2),
4.21. Հայաստանի Հանրապետության և մյուս Կողմ պետությունների միջև կամ ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Կողմ պետությունների միջև փոխանակվող այն տեղեկությունները, որոնք վերաբերում են ստորջրյա մշակութային ժառանգության հայտնաբերմանը կամ գտնվելու վայրին` այնքանով, որքանով դա համապատասխանում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, պահել գաղտնի և վերապահել Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին այնքան ժամանակ, քանի դեռ այդ տեղեկությունների բացահայտումը կարող է վտանգել կամ այլ կերպ սպառնալ տվյալ ստորջրյա մշակութային ժառանգության պահպանությանը (հոդված 19, կետ 3),
4.22. ձեռնարկել, բոլոր իրագործելի միջոցները` տարածելու տեղեկություններ, այդ թվում` համապատասխան միջազգային տվյալների բազաների միջոցով, եթե հնարավոր է, այն ստորջրյա մշակութային ժառանգության մասին, որը պեղվել կամ դուրս է բերվել Կոնվենցիային հակասող եղանակով կամ այլ կերպ միջազգային իրավունքի խախտմամբ (հոդված 19, կետ 4),
4.23. ձեռնարկել, բոլոր իրագործելի միջոցները` բարձրացնելու հանրային իրազեկության աստիճանը ստորջրյա մշակութային ժառանգության արժեքի և նշանակության, ինչպես նաև Կոնվենցիայի շրջանակներում դրա պահպանության կարևորության վերաբերյալ (հոդված 20),
4.24. համագործակցել մյուս Կողմ պետությունների հետ ստորջրյա հնագիտության, ստորջրյա մշակութային ժառանգության պահպանության համար տեխնիկական միջոցների կիրառման ոլորտում վերապատրաստման, ինչպես նաև համաձայնեցված պայմաններով ստորջրյա մշակութային ժառանգությանը վերաբերող տեխնոլոգիաների փոխանցման ապահովման հարցում (հոդված 21),
4.25. ստեղծել իրավասու մարմիններ կամ անհրաժեշտության դեպքում ուժեղացնել արդեն գոյություն ունեցողները` նպատակ ունենալով նախատեսել ստորջրյա մշակութային ժառանգության գույքացուցակի ստեղծումը, պահպանումն ու թարմացումը, ստորջրյա մշակութային ժառանգության արդյունավետ պաշտպանությունը, պահումը, հանրահռչակումը և կառավարումը, ինչպես նաև հետազոտությունն և կրթումը` Կոնվենցիայի պատշաճ իրականացումն ապահովելու նպատակով, ինչպես նաև Գլխավոր տնօրենին հաղորդել ստորջրյա մշակութային ժառանգության հետ կապված Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների անուններն ու հասցեները (հոդված 22),
5. Սահմանադրական դատարանը գտնում է, որ Կոնվենցիայով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են Սահմանադրության 13-րդ հոդվածով ամրագրված` միջազգային իրավունքի հիման վրա` բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերությունների հաստատմանն ուղղված արտաքին քաղաքականության իրականացման նպատակներին:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով` Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. «Ստորջրյա մշակութային ժառանգության պաշտպանության մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2001 թվականի կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:
2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող Ա. Դիլանյան
26 մայիսի 2026 թվականի
ՍԴՈ-1829
Հրապարակվել է ՍԴ պաշտոնական կայքէջում (concourt.am)` 27 մայիսի 2026 թվական: