Սեղմել Esc փակելու համար:
ՖԻԹՆԵՍ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻՆ ԵՎ ՄԱՐԶԱՍՐԱՀՆԵՐԻՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՖԻԹՆԵՍ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻՆ ԵՎ ՄԱՐԶԱՍՐԱՀՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 հունիսի 2026 թվականի N 806-Ն

 

ՖԻԹՆԵՍ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻՆ ԵՎ ՄԱՐԶԱՍՐԱՀՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետի «դ.18»-րդ ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ֆիթնես կենտրոններին և մարզասրահներին ներկայացվող չափորոշիչները` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշման հավելվածի 10-րդ կետի 5-րդ ենթակետով նախատեսված պայմանագիրը գործող ֆիթնես կենտրոնները կամ մարզասրահները պետք է կնքեն սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` մեկ ամիս ժամկետում, իսկ նոր բացվող ֆիթնես կենտրոնները կամ մարզասրահները` բացվելուց հետո մեկ ամիս ժամկետում, որը կարող է երկարաձգվել մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամիս տևողությամբ ժամկետի ավարտը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից մեկ տարի հետո:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                  Մ. Գրիգորյան

 

2026 թ. հունիսի 5

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2026 թվականի հունիսի 4-ի

N 806-Ն որոշման

 

ՖԻԹՆԵՍ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻՆ ԵՎ ՄԱՐԶԱՍՐԱՀՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ

 

ԳԼՈՒԽ 1
ՖԻԹՆԵՍ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻՆ ԵՎ ՄԱՐԶԱՍՐԱՀՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Ֆիթնես կենտրոններին և մարզասրահներին ներկայացվող չափորոշիչների սահմանման նպատակն է նպաստել Հայաստանի Հանրապետության բնակչության առողջության ամրապնդմանը, զարգացնել մարզաառողջարարական ոլորտը, կազմակերպել Հայաստանի Հանրապետության բնակչության ակտիվ ժամանցը, պայքարել մարդկանց վնասակար սովորությունների դեմ և կանխել մարդկանց հիվանդությունների զարգացումը:

2. Ֆիթնես կենտրոններին և մարզասրահներին ներկայացվող չափորոշիչների սահմանման անհրաժեշտությունը պայմանավորված է ֆիթնես կենտրոններում կամ մարզասրահներում իրականացվող մարզաառողջարարական գործունեության ժամանակ մարզվողների առողջության համար հնարավորինս նվազագույն ռիսկայնության ապահովման պահանջով:

3. Ֆիթնես կենտրոններին և մարզասրահներին ներկայացվող չափորոշիչները սահմանվում են անձի առողջության ամրապնդմանն ու մարմնի բարեձևությանը նպատակաուղղված` ֆիթնեսի տեսակ համարվող մարզական գործունեության համար` շեյփինգ, աերոբիկա, ջրային աերոբիկա, զումբա, ուժային վարժություններ, մարզասարքերով վարժություններ, մարզաառողջարարական լող, ինչպես նաև մարզական այլ գործունեության համար` յոգա, պիլատես, բոդիֆլեքս, ստրետչինգ և այլն:

 

ԳԼՈՒԽ 2
ՖԻԹՆԵՍ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻՆ ԵՎ ՄԱՐԶԱՍՐԱՀՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ

 

4. Ֆիթնես կենտրոնը կամ մարզասրահը պետք է ունենա ցուցանակ` Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը համապատասխան:

5. Ֆիթնես կենտրոններում կամ մարզասրահներում տեղադրված մարզասարքերը, ինչպես նաև մարզագույքը պետք է լինեն սերտիֆիկացված` արտադրողի կողմից իր նպատակին համապատասխանության փորձաքննության անցած, չպետք է լինեն ինքնաշեն:

6. Ֆիթնես կենտրոններում կամ մարզասրահներում բոդիֆլեքս պարապելու համար սրահի բարձրությունը պետք է լինի առնվազն 3 մետր:

7. Ծանրաձողերով մարզումների համար ֆիթնես կենտրոնում կամ մարզասրահում պետք է առկա լինի մասնագիտացված ծածկույթ:

8. Եթե ֆիթնես կենտրոնում կամ մարզասրահում իրականացվող պարապմունքը ներառում է գետնին պառկած կամ նստած դիրքերում վարժություններ, ապա մարզման սրահի հատակին պետք է առկա լինի հատուկ` սպորտային մարզումների համար մասնագիտացված փափուկ ծածկույթ` գորգ: Թույլատրելի է, որ հատակի մասնագիտացված փափուկ ծածկույթը զբաղեցնի մարզման սրահի հատակի միայն մի մասը: Մասնագիտացված փափուկ ծածկույթի` գորգի բացակայության դեպքում հատակին նստած կամ պառկած դիրքերով վարժություններ չեն կատարվում:

9. Ֆիթնես կենտրոններում կարող է առկա լինել լողավազան, որը կարող է օգտագործվել մարզական լողի, սինքրոն լողի, ջրագնդակի, ջրացատկի համար: Ջրային աերոբիկան կարող է իրականացվել մարզաառողջարարական տիպի լողավազանում: Ջրային մարզագոտիների սպասարկումը պետք է իրականացվի Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը համապատասխան:

10. Ֆիթնես կենտրոնը կամ մարզասրահը պետք է ապահովված լինեն`

1) սանհանգույցով և ջրամատակարարմամբ, այդ թվում` խմելու ջրով` Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը համապատասխան.

2) բնական կամ արհեստական լուսավորությամբ` Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը համապատասխան.

3) օդափոխելու հնարավորություններով` բնական համակարգերով կամ Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը համապատասխան.

4) միկրոկլիմայի կարգավորման հնարավորությամբ` Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը համապատասխան.

5) պարապմունքն անցկացնող մարզչի կամ պարապողի կարծիքով ծագած անհրաժեշտության դեպքում հասանելի բժշկական ծառայությամբ, Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը համապատասխան, պետք է առկա լինի ֆիթնես կենտրոնի կամ մարզասրահի և որևէ` բժշկական ծառայություն մատուցող կազմակերպության միջև կնքված պայմանագիր` ֆիթնես կենտրոնում կամ մարզասրահում մարզման ժամանակ առողջական խնդիրներ ծագելու դեպքում բժշկական օգնություն և համապատասխան ծառայություններ մատուցելու մասին:

11. Ֆիթնես կենտրոնների կամ մարզասրահների տարածքները, գույքը և սարքավորումները պետք է ախտահանվեն Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը համապատասխան:

12. Ֆիթնես կենտրոնի կամ մարզասրահի մարզիչները պետք է ունենան ֆիթնես կենտրոնի կամ մարզասրահի մարզիչ աշխատելու համար հավաստագիր, որը պետք է ստացած լինեն Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 5 հունիսի 2026 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.06.2026
N 806-Ն
Որոշում