ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
11 հունիսի 2026 թվականի N 825-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1936-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի առաջին պարբերության «զ» կետով նախատեսված արտոնությունների կիրառման ժամկետների, ավիափոխադրողի, չվերթների հաճախականության պահանջների և չսպասարկվող ուղղության վերաբերյալ և այլ անհրաժեշտ տեղեկատվության հրապարակման կարգը հաստատելու մասին» N 1936-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«3. Չվերթերի հաճախականության նվազագույն պահանջներն են` ավիափոխադրողները չվերթի մեկնարկի օրվանից IATA ամառային և IATA ձմեռային ժամանակահատվածում իրականացնում են առնվազն 40 չվերթ: Նշված քանակից նվազեցվում են անհաղթահարելի ուժի հետևանքով չիրականացված չվերթերը:».
2) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«4. Ավիափոխադրողներին տրամադրված արտոնությունների վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակվում է «Ավիացիայի մասին» օրենքով սահմանված Հայաստանի Հանրապետությունում ավիացիայի (բացառությամբ ռազմականի) բնագավառի քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարության (այսուհետ` լիազոր մարմին) կայքում:».
3) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«5. Օրենքով 36 ամսով տրված արտոնության ժամկետը մինչև երկու անգամ ներառյալ 24 ամսով երկարաձգելու հարցը պետք է քննարկվի լիազոր մարմնի կողմից` հիմք ընդունելով տվյալ ուղղությամբ մեկնող ուղևորներին տրամադրվող արտոնության արդյունքում ուղևորահոսքի ցուցանիշը, ինչպես նաև տնտեսության վրա նշված ցուցանիշի ունեցած ազդեցության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության եզրակացությունը:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2026 թ. հունիսի 11
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 11 հունիսի 2026 թվական: